
ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ, Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար
ԱՄՆ հայությունը Սփյուռքի հայ համայնքների մեջ կարևորվում է առաջին հերթին իր ներուժով։ Նրա թվաքանակը կազմում է մոտավորապես 1.2 միլիոն, ինչը նշանակում է, որ քանակապես այն երկրորդն է Ռուսաստանի հայ համայնքից հետո։ Հայերը ԱՄՆ-ում կենտրոնացած են Կալիֆորնիայում (Լոս Անջելես), Մասաչուսեթսում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում։ Հայկական համայնքներ կան նաև Բոստոնում, Ֆրեզնոյում և այլ բնակավայրերում։
Սակայն ԱՄՆ հայ համայնքի ներուժը կարևորվում է ոչ միայն քանակական, այլև, թերևս, առաջին հերթին որակական չափորոշիչներով։ Այն կարևորություն է ներկայացնում հիմնականում երեք տեսանկյունից՝ գիտական, տնտեսական և քաղաքական, ինչը, թերևս, պայմանավորված է հենց այդ երկրի որակական հատկանիշներով։
Զգալի ներուժի և առավելության հետ մեկտեղ, ԱՄՆ հայ համայնքը զերծ չէ նաև մարտահրավերներից։ Որպես վերջինիս հիմնական խնդիրներ կարելի է առանձնացնել երկփեղկվածությունը, քաղաքական մարգինալացման և ուծացման վտանգները։
Երկփեղկվածություն
Բացի հայկական սփյուռքին բնորոշ բազմաշերտությունից՝ կուսակցական, դավանանքային և այլ հիմքերով, ԱՄՆ հայ համայնքն աչքի է ընկնում բազմաշերտությամբ նաև մեկ այլ առումով։ Ամերիկահայությունը բաղկացած է ինչպես ավանդական հայկական սփյուռքի ներկայացուցիչներից, այնպես էլ հետխորհրդային տարիներին Հայաստանից արտագաղթածներից։ Ավելի խորությամբ դիտարկելով համայնքի շերտավորվածությունը՝ կարող ենք նրանում առանձնացնել երեք խմբեր.
1. Առաջին խումբը կազմում են դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում հայտնված հայության ներկայացուցիչները կամ նրանց սերունդները։ Այս խումբը հայտնվել է ԱՄՆ-ում հիմնականում համիդյան կոտորածների և Հայոց ցեղասպանության հետևանքով։
2. Երկրորդ խումբը կազմում են 20-րդ դարի կեսերից սկիզբ առած՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից դեպի արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ հայկական սփյուռքի ժողովրդագրական տեղաշարժի հետևանքով այդ երկրում հայտնված հայերը և նրանց սերունդները։ Այս խումբն իր հերթին բաժանվում է լիբանանահայերի, սիրիահայերի, իրանահայերի, պոլսահայերի, եգիպտահայերի և այլն։ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից հայերի գաղթը դեպի արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, շարունակվում է առ այսօր։
3. Երրորդ խումբը կազմում են հետխորհրդային շրջանում Հայաստանից ԱՄՆ արտագաղթած հայերը։
Թե որքան է հիշյալ խմբերի քանակական հարաբերակցությունը, դժվար է ճշգրտորեն ասել, քանի որ դրա առնչությամբ չկա ճշգրիտ վիճակագրություն։ Այնուամենայնիվ, համաձայն ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի՝ Հայաստանից արտագաղթածները կազմում են ԱՄՆ հայ համայնքի մոտ 20%-ը1։
Հատկապես երրորդ շերտը՝ Հայաստանից արտագաղթած հայությունն է որոշակիորեն տարբերվում մյուսներից։ Եթե առաջին և երկրորդ շերտերն ավելի մոտ են միմյանց և միասին կազմում են ԱՄՆ հայ համայնքի արևմտահայ զանգվածը, ապա երրորդ շերտը, որոշակիորեն առանձնանալով առաջին երկուսից, կազմում է համայնքի արևելահայ շերտը։
Այս շերտավորվածությունը ենթադրում է որոշակի քաղաքակրթական և այլ տարբերություններ համայնքը կազմող խմբերի միջև։ Տարբեր են վերջիններիս՝ ԱՄՆ-ում հայտնվելու դրդապատճառները, նրանց խնդիրները և այլն։ Օրինակ, եթե արևմտահայ հատվածը, հատկապես նրա հին շերտը, ԱՄՆ-ում է հայտնվել ցեղասպանության ու հայկական ջարդերի հետևանքով, հետևաբար նաև՝ հայրենազրկվածի կարգավիճակով և ունի հայրենիք վերադառնալու երազանք, ապա արևելահայ հատվածն այստեղ հայտնվել է հիմնականում սոցիալ-տնտեսական դրդապատճառներով։ Կամ եթե արևմտահայ հատվածը մտահոգ է արևմտահայերենի պահպանման հիմնախնդիրներով և ձգտում է պահպանել ու ամրապնդել արևմտահայերենով հայկական դպրոցների ցանցը, ապա արևելահայ հատվածը տիրապետում է արևելահայերենին և ստեղծում է արևելահայերենով հայկական դպրոցների ցանց։ Այս երևույթը երբեմն առաջացնում է «շահերի բախում» ամերիկահայ համայնքի երկու շերտերի միջև և պատճառ դառնում անառողջ մրցակցության։
Այս շերտավորվածությունը երբեմն հասնում է անգամ երկփեղկվածության աստիճանի՝ ավանդական սփյուռք և նորօրյա սփյուռք տարաբաժանման հիմքով։ Հետևաբար, ԱՄՆ հայ համայնքի այս երկու շերտերի փոխադարձ ինտեգրման խնդիրն այսօր օրակարգային է։
Այնուամենայնիվ, կան ավանդական սփյուռքի մեջ նոր սփյուռքի ինտեգրման որոշակի մեխանիզմներ և այդպիսի ինտեգրման որոշակի դրսևորումներ։ Օրինակ.
1. Նոր սփյուռքի ներկայացուցիչ երիտասարդները, ավարտելով իրենց ուսումն ԱՄՆ-ում, ընդգրկվում են լոբբիստական կառույցների գործունեության մեջ և անգամ զբաղեցնում առաջավոր դիրքեր։
2. Հայկական լոբբիստական կառույցներն իրենց կողմից նախաձեռնված կրթական ծրագրերում2 ներառում են ոչ միայն ավանդական, այլև նոր սփյուռքի ներկայացուցիչ հայերին։
3. Համազգային նշանակության միջոցառումներին՝ ՀՀ և ԼՂՀ անկախության օրեր, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր և այլն, միասնաբար մասնակցում են ինչպես ավանդական, այնպես էլ նոր սփյուռքի ներկայացուցիչները։
Մարգինալացման վտանգ
Այս խնդիրն ունի քաղաքական բնույթ և պայմանականորեն անվանվում է քաղաքական մարգինալացում3։ Ունենալով զգալի մարդկային, կազմակերպական, ֆինանսական և այլ ներուժ՝ հայ համայնքը գործնականում սահմանափակել է իր գործունեության դաշտը, հետևաբար՝ նաև ազդեցության հնարավորությունները։ Խնդիրը կապված է հայ համայնքի քաղաքական առաջնահերթությունների հետ։
Վերջինս իր գլխավոր խնդիրը համարում է Հայոց ցեղասպանության միջազգային (տվյալ պարագայում՝ ԱՄՆ-ի կողմից) ճանաչումն ու դատապարտումը։ Մյուս խնդիրները, ինչպիսիք են ԼՂ հակամարտության կարգավորման, հայ-ամերիկյան հարաբերությունների և այլն, կարևորվելով հանդերձ, այնուամենայնիվ, ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդրի համեմատ ունեն երկրորդական նշանակություն։ Ցեղասպանության հիշողությունն այնպիսի կարևոր տեղ ունի ԱՄՆ հայության կյանքում, որ, մասնագետների դիտարկմամբ, հանդիսանում է ազգակերտման հիմնական գործոն վերջինիս համար, այլ կերպ ասած՝ ամերիկահայ ինքնության հենասյունը։
Այս երևույթը, ունենալով դրական որոշակի կողմ ազգային ինքնության (էթնիկ հիշողության) պահպանման առումով, հղի է նաև բացասական հետևանքներով՝ ի մասնավորի նրա, որ նեղացնում է համայնքի քաղաքական գործունեության շրջանակները և մատնում նրան մարգինալացման։ Դրա լավագույն ապացույցը հայկական լոբբիստական կազմակերպությունների գրեթե զրոյական դերն էր ԱՄՆ վերջին երկու նախագահական ընտրություններում 2012 և 2016 թվականներին։
2012թ. ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունները որոշեցին չպաշտպանել նախագահ Բարաք Օբամային, որին աջակցում էին նախորդ՝ 2008թ. նախագահական ընտրություններում, քանի որ վերջինս դրժել էլ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ հայ համայնքին տված խոստումը։ Նախագահի մյուս թեկնածուն՝ Միթ Ռոմնին, հայ համայնքին չէր խոստացել ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հետևաբար, հայկական լոբբին որոշեց չաջակցել նաև նրան։
Գրեթե նույն սցենարը կրկնվեց նաև վերջին՝ 2016թ. նախագահական ընտրություններում։ Դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս հրաժարվել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հուսախաբ անելով հայ համայնքին4։ Հանրապետական թեկնածուն չէր տվել նման խոստում։ Հետևաբար, այս անգամ էլ հայկական լոբբիստական կազմակերպությունները որոշեցին չաջակցել նախագահի թեկնածուներից որևէ մեկին՝ հայ համայնքի յուրաքանչյուր ներկայացուցչի հայեցողությանը թողնելով թեկնածուներից որևէ մեկին ձայն տալու հարցը։
Ճիշտ է, հետագայում՝ ընտրություններից հետո հայկական լոբբիստական կազմակերպությունները շնորհավորեցին նախագահ ընտրված Դոնալդ Թրամփին և պատրաստակամություն հայտնեցին համագործակցել վերջինիս հետ, սակայն դա, թերևս, ուշացած քայլ էր։
Մինչդեռ, եթե հայկական լոբբիստական կազմակերպությունները, բացի Հայոց ցեղասպանության խնդրից, նախընտրական փուլում բարձրացնեին նաև Արցախյան խնդիրը, հայ-ամերիկյան տնտեսական և այլ հարաբերությունների զարգացման և խորացման հարցը, սիրիահայության հիմնահարցը, Հայաստանին ամերիկյան տնտեսական օգնության ծավալների մեծացման, ՀՀ և ԼՂՀ ապաշրջափակման հարցերը՝ փորձելով դրանց առնչությամբ պարզել նախագահներից յուրաքանչյուրի մոտեցումը, փոխզիջման եզրեր գտնել նրանց հետ և աջակցության դիմաց ստանալ խոստումներ այդ հիմնահարցերի դրական լուծման առնչությամբ, ապա՝ ա) նախ՝ իրենք չէին հայտնվի լուսանցքում, քանի որ կվերածվեին եթե ոչ վճռորոշ, ապա գոնե լուրջ գործոնի ամերիկյան ընտրապայքարում, բ) ավելի մեծ չափով նպաստած կլինեին ազգային հիմնախնդիրների լուծմանը։
Ի վերջո, չպետք է մոռանալ, որ լոբբիստական գործունեության հնարավորություններն անսահմանափակ չեն։ Դրանց սահմանն այն կետն է, երբ լոբբիզմի հետապնդած նպատակները հակասության մեջ են մտնում տվյալ պետության ազգային շահերի հետ։ Իսկ այդ դեպքում դժվար է ակնկալել դրական արդյունք, որքան էլ պատկառելի լինեն այդ նպատակով ծախսված միջոցներն ու գործադրված ջանքերը։ Վկան՝ ԱՄՆ հայ համայնքի ապարդյուն ջանքերն են՝ հասնելու այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը։ Մինչդեռ կարելի է ջանքերն ու միջոցներն ուղղել այլ խնդիրների կարգավորմանը, մասնավորապես՝ այն խնդիրների, որոնց իրականացումը համընկնում է ԱՄՆ ազգային շահերին կամ գոնե հակասության մեջ չի մտնում վերջիններիս հետ, իսկ այդ երկրի ազգային շահերին հակասող նպատակների իրականացումը թողնել ավելի հարմար ժամանակների, երբ կվերանան այդպիսի հակասությունները։
Ինքնության խնդիրներ
Հաջորդ մարտահրավերը ԱՄՆ հայ համայնքի համար ուծացման սպառնալիքն է։ Չնայած այս երկրում գործող հայկական դպրոցների (թե՛ կիրակնօրյա, թե՛ ամենօրյա) լայն ցանցին, Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների, հայագիտական կենտրոնների, հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային և մարզական կառույցների գործունեությանը, ազգային ինքնության բաղադրիչների (լեզու, մշակույթ, պատմական հիշողություն և այլն) կորստի դեմ պայքարը տալիս է ոչ բավարար արդյունք։ Լեզվի առնչությամբ նշենք, որ հատկապես դասական սփյուռքի մոտ հայախոսությունը կայուն նահանջ է ապրում։ Իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ հայկական վարժարաններում աշակերտները դժվարանում են խոսել հայերեն։ ԱՄՆ հայության շրջանում լայն տարածում ունեն նաև խառնամուսնությունները, ինչը դասվում է հայկական սփյուռքի (գուցե բոլոր սփյուռքների) հիմնական մարտահրավերների թվին։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ հայ համայնքում ինքնության մարտահրավերները պայմանավորված են երկու գործոնով.
1. Աշխարհիկ քրիստոնեական միջավայրով, ինչը մեծացնում է ամերիկյան հասարակության մեջ վերջինիս ինտեգրման հնարավորությունները5;
2. Ինքնության ընտրության հնարավորությամբ, երբ յուրաքանչյուր անհատի է վերապահված իր ինքնությունն ընտրելու իրավունքը6։
Ամերիկահայության շրջանում ուծացման առաջին փուլը, թերևս, ինքնության փոխակերպումն է, երբ ամերիկաբնակ հայը վերածվում է հայկական արմատներով ամերիկացու։ Այդ երևույթն առավել ցայտուն դրսևորվում է Հայոց ցեղասպանության հիշողության առնչությամբ։ Ազգագրագետ Հ.Մարությանը գտնում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային և այլ նյութերի թվայնացումն ու ի պահ հանձնումը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի ինստիտուտին վկայում են ամերիկահայության շրջանում ինքնության հենց այս փոխակերպման մասին։ Ըստ ազգագրագետի՝ դա վկայում է այն մասին, որ հայ համայնքն իր ինքնության հենասյունը հանդիսացող պատմական այդ դրվագը համարում է Ամերիկայի պատմության մի մասը և, ըստ այդմ էլ՝ իր ինքնությունը համարում է ամերիկյան ինքնության մի մաս։
Այդ երևույթի մասին է ուղղակիորեն վկայում նաև ԱՄՆ հայկական լոբբիի (Հայ դատի հանձնախումբ) ջանքերով Հայոց ցեղասպանության ուսուցման ընդգրկումը Կալիֆորնիա նահանգի դպրոցական ծրագրերում։ Հայոց ցեղասպանությունն ընդգրկվելու է կրթական ծրագրերում որպես Ամերիկայի պատմության մի մաս, ինչը խոսում է այն մասին, որ ամերիկահայ ինքնությունն էլ ներհյուսված է ամերիկյան ինքնության մեջ և կազմում է նրա մի մասը։
Այս երևույթն իր արտահայտությունը գտնում է նաև ամերիկահայ համայնքի ինքնընկալումներում։ Տարբեր առիթներով խոսելով իրենք իրենց մասին՝ վերջիններս կիրառում են «հայկական ծագմամբ ամերիկացիներ» արտահայտությունը։ Օրինակ՝ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կողմից արված հայտարարության մեջ նշվում է. «Իբրեւ հայկական ծագումով ամերիկացիներ (ընդգծումը հեղինակինն է- Վ.Հ.)՝ հպարտ ներգաղթեալներու համայնք, որոնցմէ շատերը Սուրիոյ, Իրաքի, Իրանի եւ այս հրամանագրի մէջ նշուած այլ երկիրներու արմատներ ունեցող Հայոց ցեղասպանութիւնը վերապրածներու ընտանիքներէն են, մենք...»7։
Այս երևույթը, հայ ինքնության պահպանման տեսակետից բացասական լինելով հանդերձ, ունի դրական կողմ այն առումով, որ վկայում է ԱՄՆ հասարակության մեջ հայ համայնքի լիարժեք ինտեգրվածության մասին, ինչը մեծացնում է վերջինիս ներուժը։ Ինտեգրվածության այլընտրանքը գետտոյացումն է, որը հանգեցնում է ինքնամեկուսացման և գործունեության հնարավորությունների առավելագույն սահմանափակման։ Մինչդեռ ինտեգրվելով ամերիկյան հասարակության մեջ՝ հայ համայնքն ավելի մեծ հնարավորություններով կարող է աշխատել ազգային խնդիրների լուծման ուղղությամբ։ Խնդիրն ինտեգրումը ազգային ինքնության պահպանման հետ զուգակցելու, այն է՝ «ինտեգրում, բայց ոչ ձուլում» կարգախոսի իրականացման արդյունավետ եղանակների մշակման ու կիրառման մեջ է։
1 Այս դիտարկումը Սուրեն Սարգսյանն արել է «Նորավանք» ԳԿՀ սեմինարի ժամանակ։ Տե՛ս Թրամփի վարչակազմը և Հայաստանը, http://noravank.am/arm/seminar/detail.php?ELEMENT_ID=15414
2 Օրինակ, պրակտիկա ԱՄՆ պետական կառույցներում՝ Կոնգրեսում և այլն։
3 Լուսանցքայնացում, երկրորդական գործոնի վերածում։
4 Նախկինում՝ սենատոր եղած ժամանակ, ինչպես նաև 2008թ. նախագահական ընտրությունների նախնական փուլում, նա հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու ջատագովի դիրքերից։
5 Ինչն առկա չէ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների պարագայում, որտեղ գերիշխող իսլամական միջավայրը որոշակի պատնեշ է ստեղծում հայ համայնքների և տեղի հասարակությունների միջև։
6 Ի տարբերություն էթնիկ և կրոնական հիմքով բնակչության շերտավորման վրա հիմնված Մերձավոր և Միջին Արևելքի երկրների, որտեղ անհատն ի ծնե համարվում է այս կամ այն կրոնական համայնքին պատկանող (համայնքի ներկայացուցիչ)։
7 Ամերիկայի Հայ դատի յանձնախումբին յայտարարութիւնը՝ Թրամփի ներգաղթային քաղաքականութեան վերաբերեալ հրամանագիրին վերաբերեալ, Գանձասար, Փետրուար Ա, 2017։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]