
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս 1)

Արմեն Մանվելյան
Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ, պ.գ.թ.
Էներեգետիկ գործոնի դերն արդի միջազգային հարաբերություններում ռազմավարական նշանակություն է ձեռք բերում՝ պայմանավորված դրանից արտահանող և ներկրող պետությունների կախվածության մեծացումից։ Եթե ներմուծող պետության համար կարևոր է էներգահումքի ներմուծման բազմազանեցումը (թե՛ աղբյուրների, թե՛ ճանապարհների), ապա արտահանողի համար կարևոր է շուկաների բազմազանեցումը` սպառման մեկ շուկայից կախվածությունը կրճատելու համար։ Այս պետությունների արտաքին քաղաքականության համար կարևոր է նաև էներգետիկ շուկաների զարգացման դինամիկան, որն էական ազդեցություն և որոշակի ուղղություն է թելադրում իրենց արտաքին քաղաքական առաջնահերթությունները որոշելու համար։
Հետևաբար, ռազմավարական նշանակություն է ստանում համաշխարհային էներգետիկ շուկաների զարգացման դինամիկան և միտումները հասկանալու և վերլուծելու գործընթացը, ինչը հնարավորություն է տալիս մշակել համապատասխան քաղաքականություն հնարավոր ճգնաժամերից ու նոր մարտահրավերներից խուսափելու համար: Իսկ այդ դինամիկան վերլուծելու և համապատասխան միտումները հասկանալու համար հարկավոր է դիտարկել նավթի և գազի գործոնի ազդեցությունը միջպետական հարաբերությունների վրա, հատկապես արդյունահանող և սպառող հարաբերություններում, որը վճռական է էներգակիրների գնի ձևավորման առումով:
Միջազգային էներգետիկ շուկաներ. Պետությունների կախվածությունն այդ շուկաներից պայմանավորված է էներգետիկ գործոնի շարունակական աճով և դրա ազդեցությամբ տնտեսական ու քաղաքական համակարգերի վրա։ Տնտեսական աճը և դրա կայուն գործունեությունը պետության համար վճռական են, իսկ դրա ապահովման համար հարկավոր է կազմակերպել էներգամատակարարումների վստահելի համակարգ: Սա նշանակում է, որ պետությունների կախվածությունը համաշխարհային էներգետիկ շուկաներից շարունակաբար աճելու է, հետևաբար՝ դրանց ազդեցությունն էլ մեծանալու է ոչ միայն առանձին վերցրած պետության, այլ ընդհանրապես համաշխարհային գլոբալ քաղաքականության վրա։
Հասկանալի է, որ այդ ազդեցությունը տարբեր կերպ է դրսևորվում տարբեր պետություններում՝ պայմանավորված այնտեղ էներգետիկ գործոնի ազդեցության աճով, ներքին ռեսուրսների, ժամանակակից տեխնոլոգիաների, կառավարման գիտահեն համակարգերի առկայությամբ, ինչպես նաև վերականգնողական էներգետիկայի գրագետ օգտագործմամբ։
Սակայն էներգետիկ շուկան ամբողջության մեջ դիտարկել անհնար է, քանի որ այն բաղկացած է առանձին բաղադրիչներից` նավթի, գազի, ածուխի, միջուկային ու, այսպես կոչված, վերականգնողական բաղադրիչներից, որոնք գործում են առանձին-առանձին և զարգացման ու փոփոխման իրենց ուրույն դինամիկան ունեն: Այս շուկայում առայժմ ամենամեծ փայաբաժինն ունի նավթի շուկան, որը թեև վերջին տասնամյակում դիրքերն էապես կորցրել է, բայց միևնույն է, շարունակում է մնալ ամենակրիտիկականն ու ազդեցիկը էներգետիկ միտումները հասկանալու համար:
Նավթի շուկայում տեղի ունեցող փոփոխություններն ազդում են ինչպես արտահանող, այնպես էլ ներմուծող պետությունների վրա։ Եվ այս առումով լրջագույն պայքար է ընթանում այդ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելու համար։ Այդ պայքարի մեջ ներգրավված են թե՛ ամենախոշոր արդյունահանողներից Սաուդյան Արաբիան՝ որպես նավթի պաշարներով ամենամեծ ու ազդեցիկ պետություն, թե՛ ԱՄՆ-ը՝ որպես նավթի ամենախոշոր սպառողներից մեկը։ Եթե առաջինն այդ պայքարում ցանկանում է բարձրացնել նավթի գները՝ ավելացնելով նաև սեփական եկամուտներն ու հեղինակությունն այդ շուկայում, ապա երկրորդը ցանկանում է նվազեցնել այն՝ նույնպես սեփական ազդեցությունը մեծացնելու և այդ շուկայում վճռական դիրք ձեռք բերելու նկատառումով։
Հենց այս պայքարն է, որը կարևորում է նշված երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկան և դրան տալիս այն տրամաբանությունը, ինչն ազդում է երկու պետությունների փոխհարաբերությունների վրա։ Նկարագրված իրավիճակը բնորոշ է նաև նավթի ու գազի արդյունահանմամբ ու սպառմամբ զբաղվում մյուս պետությունների դեպքում։ Պետք է նկատել, որ նավթ արտահանող և սպառող պետություններն իրենց շահերի պաշտպանության համար ստեղծել են տարբեր կազմակերպություններ` OPEC (organization of the petroleum export countries) և IEA (international energy agency): Այսինքն՝ միջեպատական հարաբերությունները սպառող և արդյունահանող պետությունների միջև ընթանում են թե՛ առանձին պետությունների միջև հարաբերությունների տեսքով և թե՛ միջազգային կառույցների օգնությամբ, որոնք ներկայացնում են այս կամ այն խմբի շահերը:
Այս առումով բավական լուրջ պայքար է ընթանում հատկապես նավթի համաշխարհային շուկան վերահսկելու համար։ Այդ պայքարում առավելություն են ստանում հիմնականում այն պետությունները, որոնք իրենց տնտեսությունը կառուցում են ոչ միայն նավթի կամ գազի արդյունահանման վրա, այլև շեշտադրում են նաև տեխնոլոգիական առավելությունը, ինչը վճռական է դառնում այդ վառելիքի արդյունահանման առումով։ Նշված առավելությունը նկատելի է հատկապես այն դեպքում, երբ համեմատում ենք նավթի արդյունահանման ծավալները տարբեր պետություններում։ Օրինակ, ԱՄՆ-ը, տիրապետելով համաշխարհային նավթի պաշարների ընդամենը 3.2%-ին, արդյունահանում է նույնքան նավթ, որքան Սաուդյան Արաբիան, որը վերահսկում է նավթի պաշարների մոտ 15.7%-ը1։
Նույն իրավիճակն է նաև նավթի համաշխարհային շուկայում, որտեղ գերիշխում են նավթ արդյունահանող, այսպես կոչված, ոչ OPEC պետությունները՝ ապահովելով այդ շուկայում սպառվող նավթի 60%-ը։ Սա՝ այն դեպքում, երբ այդ պետությունները միասին տիրապետում են նավթի համաշխարհային պաշարների ընդամենը 23%-ին, իսկ OPEC անդամ պետությունները միասին վերահսկում են նավթի ապացուցված պաշարների 77%-ը, սակայն նրանց բաժին է ընկնում նավթի շուկայի ընդամենը 40%-ը2:
Այսինքն՝ նավթի հսկայական պաշարները դեռ չեն երաշխավորում առավելություն նավթի համաշխարհային շուկայում: Այս իրավիաճակը փոփոխվել է ժամանակի ընթացում։ Նշենք, որ անցած դարի 60-70-ականներին OPEC-ը վճռական ազդեցություն ուներ այդ շուկայում, ինչը նրանց համար կարևոր հաղթաթուղթ էր իրենց արտաքին քաղաքականության մեջ: Հիշենք 1973թ. հայտնի էմբարգոն, որը նավթ արդյունահանող պետությունների համար արտաքին քաղաքականության կարևորագույն գործոն դարձավ: Այստեղ կարևոր է շեշտել, որ այդ էմբարգոն 11-րդն էր, սակայն ամենահաջողվածը: Այսինքն՝ նավթ արդյունահանող պետություններն անցած դարի 60-70 թվականներին ունենալով վճռական ազդեցություն նավթի միջազգային շուկայում՝ այն բազմիցս օգտագործում էին որպես զենք իրենց արտաքին քաղաքականության մեջ Արևմուտքի դեմ պայքարում:
Սակայն իրավիճակն անցած մի քանի տասնամյակներում էապես փոխվել է, և ոչ OPEC պետություններն այսօր գերիշխում են նավթի համաշխարհային շուկայումը (մոտ 60%), ինչը նվազեցնում է նավթ արտահանող պետությունների հնարավորությունները և թուլացնում նրանց ազդեցությունն էներգետիկ շուկայում: Այսինքն՝ նրանք, եթե ողջ ամբողջությամբ, ապա մասամբ կորցրել են նավթային գործոնն իրենց արտաքին քաղաքականության մեջ օգտագործելու հնարավորությունը և ստիպված են նոր տիպի հարաբերություններ կառուցել նավթ սպառող պետությունների հետ:
Այդ պետությունները զարգացած պետությունների հետ էներգետիկ շուկայի համար ընթացող մրցակցությունում տանուլ են տալիս և նույնիսկ չեն կարողանում վերահսկողություն հաստատել իրենց համար ավանդական նավթի շուկայում։ Իսկ նավթի արդյունահանումը և արտահանումն այդ տիպի երկրների համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ դա նրանց արտահանման հիմնական, իսկ շատ դեպքերում՝ նաև միակ ապրանքն է, հետևաբար վերահսկողությունը նավթի շուկայում վերջիններիս համար նաև անվտանգային նշանակության խնդիր է։
Կորցնելով ավանդական ազդեցությունը նավթի շուկայում՝ վերջիններս կորցնում են նաև իրենց ռազմավարական-անվտանգային նշանակությունը թե՛ համաշխարհային էներեգետիկ բաղադրիչում և թե՛ Արևմուտքի կողմից կառուցվող անվտանգային ճարտարապետության համակարգում: Վերջին տարիներին Միջին և Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմները հենց նշված փոփոխությունների հետևանքն են, սա մատնանշում է նավթով ու գազով հարուստ այս տարածաշրջանի ռազմավարական նշանակության նվազման մասին: Այլևս չկա նախկին հետաքրքրությունն այդ տարածաշրջանի նկատմամբ, հատկապես միջազգային անվտանգային բաղադրիչում վճռական նշանակություն ունեցող պետությունների կողմից խաղաղության պահպանման գործում:
Նավթային գործոնն ազդում է ոչ միայն նավթ արտահանող և սպառող պետությունների միջև հարաբերությունների, այլև հենց նավթ արդյունահանող երկրների միջպետական հարաբերությունների վրա։ Այսպես, OPEC անդամ պետությունների արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է նավթի գնի վրա ազդեցության իրականացումը, ինչը հնարավոր է միայն այդ կազմակերպության բոլոր անդամների համաձայնեցված և միասնական գործողությունների արդյունքում։ Իսկ դա երկարատև բանակցությունների հետևանք է, ինչն իրականացվում է բարդ ու բազմակողմ հանդիպումների արդյունքում միայն։
Նմանատիպ բանակցություններ վարվում են ոչ միայն OPEC անդամ պետությունների, այլև ոչ OPEC անդամ պետությունների միջև։ Այսպես, նավթի գնի բարձրացումը խթանելու համար կազմակերպության անդամ պետությունները, հիմնականում Սաուդյան Արաբիան, բանակցում են նաև Ռուսաստանի ու նավթ արդյունահանող մյուս պետությունների հետ նույնպես, որպեսզի վերջիններս միանան, ասենք, նավթի արդյունահանման կրճատման գործընթացին։ Այս բանակցությունները և դրանց արդյունքում գրանցված հաջողությունն էլ հենց շատ դեպքերում կանխորոշում են Ռուսաստան-Սաուդյան Արաբիա միջպետական հարաբերությունների որակը և տրամաբանությունը։
Այսինքն՝ նավթային շուկայում ազդեցության պահպանման համար առկա են միջպետական բազմակողմանի և բարդ հարաբերություններ, ինչն էլ ձևավորում է այդ պետությունների արտաքին քաղաքականության օրակարգը և վճռական նշանակություն ունենում միջազգային հարաբերություններում էներգետիկ գործոնի դերի գնահատման առումով:
(Շարունակելի)
1 BP Statistical Review ofWorld Energy (June 2016), https://www.bp.com/content/dam/bp/pdf/energy-economics/statistical-review-2016/bp-statistical-review-of-world-energy-2016-full-report.pdf
2 Rasoul Sorkabi, The first oil shock, vol. 12, No 3, 2015, http://www.geoexpro.com/articles/2015/06/the-first-oil-shock
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ[21.05.2020]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ[25.12.2018]
- ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ[23.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ[08.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ[18.09.2018]
- ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[06.07.2018]
- «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ[25.05.2018]
- ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[07.05.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[15.12.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)[03.11.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)[27.07.2017]