• am
  • ru
  • en
Версия для печати
03.04.2017

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ

Руский

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ, Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար

Որպես Մերձավոր և Միջին Արևելքի հայկական սփյուռքի հենասյուներ ներկայում հանդես են գալիս Լիբանանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի հայ համայնքները1։ Մյուս հայ համայնքները թե՛ թվաքանակով և թե՛ կազմակերպչական հաստատությունների քանակով էապես զիջում են վերջիններիս՝ դիտարկվելով հիմնականում որպես տեղային նշանակության ընդհանրություններ։

Թվարկված չորս համայնքներն էլ ներկայում գտնվում են սպառվելու վտանգի առջև։ Չնայած սիրիական կառավարական բանակի կողմից Հալեպի ազատագրումից հետո ինչպես տեղի ազգային իշխանությունները, այնպես էլ տարածաշրջանային և համազգային հայկական կառույցները ձեռնամուխ են եղել տեղի հայ համայնքի վերականգնմանը, այնուամենայնիվ, դեռևս լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ կան։ Նախ՝ համայնքն արդեն իսկ հսկայական կորուստներ է կրել սիրիական ճգնաժամի հետևանքով։ Նախքան քաղաքի ազատագրումը տեղի հայ համայնքի թվաքանակն ամենալավատեսական հաշվարկներով կազմում էր մոտ 10 հազ.։ Բացի այդ, պատերազմը Սիրիայում դեռևս ավարտված չէ։ ԻՊ խմբավորումները գտնվում են Իդլիբում՝ Հալեպից ընդամենը 60 կմ հեռավորության վրա։ Սիրիական կառավարական զորքերն ազատագրել են Հալեպ քաղաքը, բայց ոչ Հալեպի նահանգը։ Իսկ վերջնական խաղաղության հաստատման հեռանկարները դեռևս անորոշ են։ Հետևաբար, Լիբանանի, Իրանի և Թուրքիայի հայ համայնքների կողքին Սիրիայի հայ համայնքը, որն անասելի զրկանքների գնով կարողացավ պահպանել իր վերջին բեկորները կործանումից, ներկայում միայն վերապահումով կարելի է համարել Մերձավոր և Միջին Արևելքի հայկական սփյուռքի հենասյուն։

Մյուս երկրներում թեև դրությունը համեմատաբար կայուն է (համենայնդեպս համեմատելի չէ Սիրիայում տիրող իրավիճակի հետ), այնուամենայնիվ, հաշվի առնելով ինչպես անցյալի փորձը, այնպես էլ զարգացումների ընթացքն ու հնարավոր սցենարները, կարելի է ասել, որ բացառված չէ ոչ հեռավոր ապագայում իրավիճակի ապակայունացումն այդ երկրներում նույնպես։

Ներկայում միայն փխրուն խաղաղություն է տիրում Լիբանանում։ Վերջինս, լինելով փոքր երկիր, այնուամենայնիվ, բնորոշվում է էթնիկ և կրոնական բազմազանությամբ։ Այստեղ բախվում են թե՛ տարածաշրջանային տերությունների, թե՛ գերտերությունների շահերը, ինչը, զուգակցվելով գրեթե մշտական անկայուն միջավայրի հետ, ցանկացած պահի կարող է պատերազմական իրավիճակի առաջացման պատճառ դառնալ2։ Հետևաբար, նոր անհանգիստ իրավիճակի առաջացումը Լիբանանում լիովին հավանական է՝ կապված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով պայմանավորված հնարավոր ճգնաժամի առաջացման հետ։

Իրանի պարագայում կարելի է ասել, որ թեև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում սառույցը նախագահ Բարաք Օբամայի օրոք զգալիորեն հալվեց՝ կապված Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015թ. նոյեմբերի 24-ին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, սակայն ճգնաժամն այդ երկու երկրների միջև դեռևս հեռու է հաղթահարված լինելուց։ Չմոռանանք, որ 1979-ից ցայսօր չկան դիվանագիտական հարաբերություններ ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Եվ ապագայում էլ չի բացառվում հարաբերությունների սրումն այդ երկու երկրների միջև, ինչի միտումները ներկայում երևում են։ ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո Իրան-ԱՄՆ հարաբերություններն արդեն իսկ կրկին սրվելու միտում են ցուցաբերում՝ պայմանավորված այս անգամ արդեն ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքականության հետ։ Նախ՝ նոր նախագահ Դոնալդ Թրամփի ընդգծված իսրայելամետ քաղաքականությունը չի կարող համապատասխան արձագանք չգտնել Իրանում, և երկրորդ՝ վերջինիս հրթիռային փորձարկումներից հետո ԱՄՆ նոր վարչակազմը գնաց Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերականգնելու ճանապարհով, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը չբացառեց Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Այսպիսով, ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններից հետո ամերիկա-իրանյան հարաբերությունները միտում ունեն վերադառնալու Իրանում նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք (2005-2013թթ.) եղած հարաբերությունների մակարդակին, երբ երկու երկրները երբեմն գտնվում էին պատերազմի (զինված բախման) շեմին։ Իրանում նույնպես հերթական նախագահական ընտրություններից հետո կարող են կրկին իշխանության ղեկին չափավորներին կամ բարեփոխիչներին փոխարինել կոշտ գծի կողմնակից պահպանողականները և գնալ առճակատման ԱՄՆ-ի հետ։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրում ավանդաբար առկա հայատյացությանն ու ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հալածանքներին վերջին տարիներին գումարվում են Թուրքիայի ներքին կյանքն ապակայունացնող այնպիսի գործոններ, ինչպիսիք են.

- քրդական հարցի սրումը, որը բավական հրատապ է դարձել հատկապես սիրիական ճգնաժամի համատեքստում,

- պայքարն աշխարհիկության և իսլամիզմի միջև, որի ամենացայտուն դրսևորումը 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձն էր,

- հաճախակիացած ահաբեկչական գործողությունները,

- Թուրքիայի ներգրավումը մերձավորարևելյան, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամում,

- Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացումը և դրա հետևանքով առաջացած տնտեսական անկումը,

- նախագահ Էրդողանի՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու ավտորիտար նկրտումները,

- 2016թ. հուլիսյան հեղաշրջման փորձից հետո երկրում ծայր առած քաղաքական բռնաճնշումները՝ պետական պաշտոնյաների, ուժային կառույցների աշխատակիցների, ընդդիմադիր քաղաքական գործիչների3, լրագրողների ձերբակալություններն ու բանտարկությունները, ընդդիմադիր «Զաման» պարբերականի փակումը։

Բացի վերոնշյալ հանգամանքներից, պատմությանը հայտնի է, որ թուրքական իշխանությունները սովորություն ունեն օգտագործել միջազգային անկայուն իրավիճակներն ազգային և կրոնական փոքրամասնությունների հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Դրա լավագույն օրինակը Հայոց ցեղասպանության իրագործումն էր Առաջին աշխարհամարտի տարիներին։ Ներկայում էլ, եթե վերոհիշյալ գործոնների ազդեցությամբ Թուրքիայում և տարածաշրջանում ստեղծվի անկայուն իրավիճակ, չի բացառվում, որ թուրքական իշխանություններն առիթը բաց չեն թողնի հերթական անգամ հաշվեհարդար տեսնելու իրենց կողմից անբարեհույս համարվող հայկական տարրի հետ։

Հպանցիկ նշենք, որ, բացի ավանդական հայ համայնքից, Թուրքիայում են գտնվում նաև մեծ քանակությամբ աշխատանքային միգրանտներ Հայաստանի Հանրապետությունից, որոնք չունեն այդ երկրի քաղաքացիություն և որոնց կեցությունն այդ երկրում հաճախ անօրինական է։ Անկայուն իրավիճակի առաջացման պարագայում հայության այս շերտը նույնպես կարող է դառնալ թուրքական իշխանությունների և ոչ իշխանական հետադեմ տարրերի բռնության և ցասման թիրախ, ինչի մասին սպառնալիք արդեն իսկ պաշտոնական մակարդակով հնչել է դեռևս 2010թ. Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, ներկայում նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից։

Ֆորսմաժորային իրավիճակներից բխող՝ Լիբանանի, Իրանի և Թուրքիայի հայ համայնքներին հասցվելիք հարվածի դեպքում վերջիններս կամ ամբողջությամբ կկազմալուծվեն, կամ այնքան կթուլանան, որ նրանց գոյությունը կկրի գրեթե խորհրդանշական բնույթ, ինչպես, օրինակ, Եգիպտոսի հայ համայնքի պարագայում, որը, նախկինում լինելով հայկական սփյուռքի ծաղկուն համայնքներից մեկը, 20-րդ դարի կեսերից աստիճանաբար թուլացավ՝ կորցնելով իր երբեմնի դերը։

Մերձավոր և Միջին Արևելքի հայկական սփյուռքի գլխավոր համայնքներին հասցվելիք հնարավոր հարվածը և դրա հետևանքով վերջիններիս կազմալուծումն ընդհանրապես կարող են կասկածի տակ դնել այդ տարածաշրջանում հայկական սփյուռքի գոյությունը։ Իսկ դա ծանր հարված կլինի նաև ողջ Սփյուռքի համար, քանի որ, նախ՝ այդ տարածաշրջանի հայ համայնքներն են հանդիսանում արևմտահայ քաղաքակրթության (քաղաքակրթական կոդի կամ գենի) անմիջական կրողները4, և, բացի այդ, դրանք հանդիսանում են սփյուռքաստեղծ համայնքներ5, քանի որ ներկայում Սփյուռքի շատ առաջնորդներ (համազգային կառույցների ղեկավարներ, խմբագիրներ և այլն) դուրս են եկել այդ տարածաշրջանից, այդ տարածաշրջանում են ժամանակին ստեղծվել Սփյուռքի համազգային շատ կազմակերպություններ6, ներկայում էլ շատ համազգային կառույցներ գտնվում են այնտեղ7։

Ցավոք, ստեղծված իրավիճակում դժվար է քիչ թե շատ արդյունավետ դեղատոմս առաջարկել Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների փրկության համար։ Մինչ օրս կիրառվել են այնպիսի ավանդական քայլեր, ինչպիսիք են.

- հայ համայնքների տղամարդկանցից զինված խմբերի կազմավորումը և հայկական թաղերի պաշտպանությունը նրանց հանձնելը (ինչպես լիբանանյան քաղաքացիական պատերազմի, այնպես էլ սիրիական ճգնաժամի ժամանակ),

- շտապ օգնության և վերականգնումի մարմնի գործունեությունը,

- Հայրենիքից և Սփյուռքի այլ համայնքներից ու համազգային կազմակերպություններից տրամադրված նյութական օժանդակությունը՝ սնունդ, հագուստ, դեղորայք և այլն։

Ավանդական այս եղանակները, կարևոր լինելով հանդերձ, այնուամենայնիվ, միայն մասնակիորեն են կարողացել փրկել իրավիճակը՝ ընդհանուր առմամբ ի զորու չլինելով կանխել համայնքների եթե ոչ կազմալուծումը, ապա էական թուլացումը։

Առանձնապես մեծ հույսեր չպետք է կապել նաև միջազգային խաղաղապահ առաքելությունների կազմում հայկական զինուժի ներգրավման հետ, քանի որ՝ ա) դրանք տեղակայված են ոչ բոլոր հայաշատ երկրներում (այսօր միայն Լիբանանում կան հայկական խաղաղապահ ուժեր), բ) նրանց անմիջական գործառույթների մեջ չի մտնում հայ համայնքների պաշտպանությունը։ Հայկական խաղաղապահ ուժերի ներկայությունը լավագույն դեպքում կարող է հոգեբանական նշանակություն ունենալ հայ համայնքների համար։

Հիշյալ հանգամանքներում լավագույնը, ինչ կարող են անել Հայաստանն ու Սփյուռքը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված հայության բեկորներին դեպի Հայաստան արագ և անվտանգ ուղղորդումն է՝ Արամ Ա կաթողիկոսի «Եթե գաղթ, ապա միայն Հայաստան» ձևակերպման տրամաբանությանը համապատասխան։ Այլ կերպ ասած՝ հայրենադարձություն, ինչը ենթադրում է փոխկապակցված քայլերի հաջորդականություն՝ ճգնաժամային իրավիճակների կանխատեսումից մինչև հայրենադարձների ինտեգրացիա հայաստանյան հասարակության մեջ։

1 Լիբանանի հայ համայնքի թվաքանակը 70-80 հազ. է, Իրանինը՝ 80 հազ., Թուրքիայինը՝ 80 հազ.։ Սիրիահայության թվաքանակը նախքան 2011թ. սիրիական ճգնաժամը կազմում էր մոտ 70 հազ.։ Ներկայում, համաձայն ՀՀ Սփյուռքի նախարարության տվյալների, այն կազմում է մոտ 25 հազ.։

2 Տե՛ս, օրինակ, Իրան Հըզպալլայի միջոցով «պատգամ» կ'ուղարկէ Իսրայէլին եւ Թրամփին, Նոր օր, 2017թ., փետրվարի 23, թիվ 8։

3 Մասնավորապես, հիշատակելի է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սալահեդդին Դեմիրթաշի, Ֆիգեն Յուքսեքդաղի և 9 ակտիվ գործիչների (Միլի մեջլիսի պատգամավորներ) ձերբակալությունը։

4 Հետևաբար, նրանց կազմալուծումը մեծ կորուստ կլինի արևմտահայ քաղաքակրթության շարունակականության ապահովման տեսանկյունից։

5 Տե՛ս, օրինակ, Ատանալեան Գ., Սուրիոյ միջազգային տագնապը եւ սուրիահայութեան հերոսական պայքարը, Գանձասար, Փետրուար Բ, 2017, էջ 8-9։

6 ՀԲԸՄ-ն (1906թ.), Համազգային հայ կրթական և մշակութային միությունը (1928թ.) և այլն։

7 Որպես այդպիսի ամենանշանավոր կառույց կարելի է վկայակոչել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Առանձնակի հիշատակման արժանի է նաև Սփյուռքի միակ բուհը՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր