• am
  • ru
  • en
Версия для печати
23.02.2017

ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ

   

Վարդան Աթոյան
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրենի տեղակալ, ՀՊՏՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.

Հանրային քաղաքականության հետազոտական հաստատությունների կամ, ինչպես առավել ընդունված է անվանել՝ ուղեղային կենտրոնների (ՈւԿ) ուսումնասիրության կարևորագույն հարցերից է վերջիններիս տիպաբանության խնդիրը: Ակնհայտ է, որ այս խնդրի հաջող իրագործումը կապված է մի շարք դժվարությունների հետ, որոնք պայմանավորված են աշխարհում գործող շուրջ 7000 ՈւԿ-ների մասնագիտացման ուղղությունները, նրանց առջև դրված առաջնահերթ նպատակները, կառուցվածքային, իրավական կարգավիճակը, թողարկվող մտավոր արտադրանքի տեսակները, ֆինանսավորման աղբյուրները և կազմակերպությունում ընդգրկված փորձագետ-վերլուծաբանների որակավորման տարբերությունները, ինչպես նաև տարբեր երկրներում տեղական քաղաքական մշակույթի և քաղաքական որոշումների կայացման գործընթացում ձևավորված ավանդույթների առանձնահատկությունները հաշվի առնելու բարդությամբ: Բացի այդ, վերջին տասնամյակներում ամբողջ աշխարհում ՈւԿ-ների թե՛ քանակական, թե՛ տեսակների բազմազանության պարբերական ավելացումն էլ ավելի է դժվարացնում ՈւԿ-ների համապափակ և համընդգրկուն տիպաբանության մշակումը:

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ համապատասխան մասնագիտական գրականությունում և ՈւԿ ոլորտի ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողների աշխատանքներում կարելի է հանդիպել ՈւԿ-ների տիպաբանության տարաբնույթ, սակայն, միաժամանակ՝ ոչ համապարփակ մոտեցումներ: Այս աշխատանքով բնավ խնդիր չի դրվում պատասխանել արտերկրի քաղաքագիտական դիսկուրսում հնչող բոլոր հարցերին, այլ առաջին անգամ հայրենական գիտական պարբերականում փորձել հնարավորին չափ ամբողջացնել տարբեր հետազոտողների կողմից մշակված մոտեցումները, ներկայացնել մեր տեսակետը և մասնագիտական քննարկումը տարածել նաև Հայաստանի քաղաքագիտական շրջանակներում:

Հարկ է նշել, որ, ընդհանուր առմամբ, ըստ հետազոտվող թեմաների մասշտաբի ընդգրկման՝ ՈւԿ-ները մասնագիտացված են լինում ինչպես գլոբալ հիմնախնդիրների, այնպես էլ՝ տարածաշրջանային խնդիրներում կամ ունենում են նեղ մասնագիտացված, ոլորտային ուղղվածություն: Ըստ քաղաքական, գաղափարախոսական կողմնորոշման, հատկապես Արևմուտքում, ՈւԿ-ները կարող են լինել գաղափարայնացված (որևէ քաղաքական գաղափարախոսության կամ քաղաքական հոսանքին հարող), ինչպես, օրինակ, ամերիկյան «Ժառանգություն» հիմնադրամը՝ որպես պահպանողական գաղափարախոսության թևում գործող հաստատություն, կամ Կատոնի ինստիտուտը՝ որպես լիբերտարիստական քաղաքական կողմնորոշում ունեցող կազմակերպություն: Մյուս կողմից, կարող են լինել նաև քաղաքականապես անկախ ՈւԿ-ներ, ինչպես, օրինակ, Բրուքինգսի ինստիտուտը:

Հատկանշական է, որ քաղաքագիտական գրականության մեջ առավել հաճախ կիրառվում է ՈւԿ-ների տիպաբանության իրականացման երկու հիմնական սկզբունք՝ ինստիտուցիոնալ և ըստ գործունեության ուղղությունների: Առաջին սկզբունքի համաձայն՝ հիմք են ընդունվում ՈւԿ-ների ինստիտուցիոնալ հատկանիշները՝ իրավական կարգավիճակ, ֆինանսավորման ձևաչափեր ու աղբյուրներ և այլն: Երկրորդ սկզբունքի համաձայն՝ ՈւԿ գործունեության ուղղությունները (առաքելությունը, ռազմավարական նպատակներն ու ոլորտային ուղղվածությունը):

ՈւԿ-ների ուսումնասիրությանը նվիրված աշխատանքներից պարզ է դառնում, որ դրանցում առավել տարածված և ընդունելի է համարվում ամերիկացի հետազոտողներ Է.Ռիչի և Ք.Ուիվերի առաջարկած մոտեցումը, որոնք առանձնացնում են ՈւԿ-ների երեք հիմնական տեսակ.

- ակադեմիական ՈւԿ-ներ, որոնք ստացել են «համալսարաններ առանց ուսանողների» պայմանական անվանումը,

- պայմանագրային հետազոտական հաստատություններ,

- քաղաքական գաղափարախոսություն որդեգրած, դրանք քարոզող և շահապաշտպան հաստատություններ [1, с. 71]:

Վերոնշյալ տեսակի հաստատությունները տարբերվում են իրենց առջև դրված խնդիրներով, արտադրանքով, ֆինանսավորման աղբյուրներով, ինչպես նաև աշխատակիցների կազմով և որակավորմամբ: Այսպես, «համալսարաններ առանց ուսանողների» տեսակին համապատասխանող ՈւԿ-ների (ինչպիսիք են Բրուքինգսի ինստիտուտը կամ Ռասել Սեյջի հիմնադրամը) աշխատակիցներն առավելապես համալսարանների պրոֆեսորական կազմի գիտական աստիճան ունեցող մասնագետներ են, ինչն էլ հիմք է հանդիսացել նման կազմակերպություններն անվանակոչելու «համալսարան առանց ուսանողների»: Նման հաստատությունների ներկայացուցիչներն իրենց աշխատանքում մեծ նշանակություն են տալիս ակադեմիական շրջանակներում ընդունված նորմերին և գիտական օբյեկտիվությանը: ՈւԿ-ների մյուս տեսակների համեմատ՝ օբյեկտիվության առավել մեծ չափաբաժնի պահպանմանը մեծապես նպաստում է ֆինանսավորման աղբյուրների բազմազանությունը, ինչը բնորոշ է հատկապես նման կազմակերպություններին: Վերջիններիս ֆինանսական հոսքերի գերակշիռ մասը ստացվում է մասնավոր հիմնադրամներից և նվիրատվություններից: Օրինակի համար նշենք, որ 2015թ. Բրուքինգսի ինստիտուտի տարեկան բյուջեի (ավելի քան $95 մլն) եկամտային մասի շուրջ 86%-ը ձևավորվել է նվիրատվություններից և դրամաշնորհներից, իսկ 10%-ը՝ նպատակային հիմնադրամի կողմից ստացված միջոցներից [2, pp. 42-43]:

Ի տարբերություն «համալսարաններ առանց ուսանողների» տեսակի հաստատությունների՝ պայմանագրային ՈւԿ-ները (օրինակ` ՌԷՆԴ կորպորացիան և Ուրբան ինստիտուտը) գործում են առավելապես պետական հաստատություններից կամ մասնավոր ընկերություններից ստացված պատվերների հիման վրա, հետևաբար ֆինանսական միջոցները ևս գոյանում են այդ պայմանագրերից: Այսպես, ՌԷՆԴ կորպորացիայի 2015թ. բյուջեի եկամտային մասը կազմել է շուրջ $310 մլն, որից շուրջ $309 մլն-ն ստացվել է պայմանագրերից և դրամաշնորհներից, այդ թվում՝ ավելի քան 80%-ը՝ ԱՄՆ կառավարությունից [3]: Հաշվի առնելով գործունեության պայմանագրային բնույթը՝ վերջիններիս հետազոտությունների օրակարգը ևս առավելապես թելադրվում է պատվիրատուների կողմից, ինչը որոշակիորեն սահմանափակում է փորձագետների ստեղծագործական ազատությունը և սեփական նախասիրությամբ հետազոտական թեմաների ընտրությունը:

Երրորդ՝ գաղափարայնացված, քարոզչական կամ շահապաշտպան բնույթի ՈւԿ-ները մեծապես քաղաքականացված են: Վերջիններս ձգտում են արձագանքել քաղաքական առաջնորդների ընթացիկ պահանջներին և ազդեցություն գործել նրանց ու քաղաքական գործընթացի մեջ ներգրավված այլ դերակատարների վրա [4]: Նման ՈւԿ-ների հրապարակումները հաճախ թելադրված են իրենց գաղափարական և քաղաքական նախապատվություններով և ակադեմիական օբյեկտիվությամբ զիջում են վերոնշյալ երկու տեսակի կազմակերպություններին: Նման կազմակերպությունների համար հիմնական դոնոր են հանդիսանում անհատ գաղափարակիցները, քաղաքական համակիրները և նրանց գաղափարախոսությունը կիսող այլ հաստատությունները: Այսպես, 2015թ. «Ժառանգություն» հիմնադրամի $99,5 մլն կազմող բյուջեի շուրջ 75%-ը կամ շուրջ $74,5 մլն գոյացել է անհատների նվիրատվություններից [5, p. 49], որոնք, կարելի է ենթադրել, առավելապես ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմնակիցներն են:

Հարկ է, սակայն, ընդգծել, որ վերոնշյալ տիպաբանությունն առավելապես բնորոշ և ընդգծված է արևմտյան (հատկապես ԱՄՆ) քաղաքական մշակույթի երկրներում: Մյուս կողմից, նույնիսկ ԱՄՆ-ում վերոնշյալ տիպաբանությանն ամբողջովին համընկնող կենտրոնները շատ չեն, և հաճախ կարելի է հանդիպել, այսպես կոչված՝ «հիբրիդային» տիպի հաստատությունների, որոնք միաժամանակ օժտված են ներկայացված մի քանի տեսակների հատկանիշներով:

ՈւԿ դաշտի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ աշխարհի բազմաթիվ այլ տարածաշրջաններում գործող ՈւԿ-ների տիպաբանությունը հաճախ էականորեն տարբերվում է: Այս համատեքստում հարկ է հիշատակել Ն.Մեդուշևսկու մոտեցումը, որն առանձնացնում է ՈւԿ-ների հետևյալ գործառնական մոդելները.

- Ամերիկյան մոդել, որտեղ առկա է բաժանում ոչ միայն կառավարականի և ոչ կառավարականի, այլ նաև կառավարական կենտրոնները բազմազանեցված են իշխանությունների տարանջատման մեխանիզմին համապատասխան:

- Եվրոպական մոդել, որտեղ ՈւԿ-ները գործառնում են տվյալ երկրի քաղաքական համակարգում գոյություն ունեցող ուժերի հարաբերակցությանը համապատասխան: Մասնավորապես, ամեն իրական գոյություն ունեցող քաղաքական ուժ (օրինակ` կուսակցությունները) տիրապետում է սեփական վերլուծական կառույցի՝ ՈւԿ-ի:

- Ասիական մոդել, որտեղ գոյություն ունեն անաչառ ՈւԿ-ներ, սակայն մեծ մասամբ ՈւԿ-ները գործում են կառավարության կամ անվտանգության կառույցներին առընթեր, ինչն անհրաժեշտ է բնակչության նկատմամբ տեղեկատվական գերակայության հասնելու և միջազգային գործընթացների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար [6, с. 46-47]:

Մեր դիտարկմամբ, սակայն, միայն որոշակի վերապահումով հնարավոր է նկարագրել եվրոպական միասնական, այսպես կոչված՝ «եվրոպական մոդելի» ՈւԿ և դրա բնորոշիչ հատկությունները: Եվրոպական յուրաքանչյուր առանձին վերցրած երկրում ՈւԿ գործառնությունը, դերակատարությունը, ազդեցությունն ու տիպաբանությունը որոշակիորեն, իսկ որոշ դեպքերում՝ էականորեն տարբերվում են: Այսպես, իտալացի հետազոտողների գնահատմամբ՝ միայն Իտալիայում կարելի է հանդիպել չորս տեսակի ՈւԿ.

1. Կուսակցապատկան ՈւԿ-ներ, որոնք կապված են քաղաքական համակարգին և ունեն անկախության ցածր աստիճան:

2. Անկախության էական մակարդակ ունեցող քաղաքական և ինտելեկտուալ քննարկումներին նշանակալիորեն օժանդակող ՈւԿ-ներ: Դրանց նպատակն է երկարաժամկետ ժամանակահատվածում ազդել երկրի քաղաքական մշակույթի ձևավորման, իսկ միջնաժամկետ ժամանակահատվածում՝ քաղաքական քննարկումների վրա: Նման ՈւԿ-ները հազվադեպ են իրականացնում քաղաքականության արհեստավարժ վերլուծություններ:

3. ՈւԿ-ներ, որոնք մասնագիտացված են քաղաքականության գնահատման և ազդեցության չափման խնդիրներում:

4. Քաղաքականության ակումբներ (Policy Clubs), որոնք առավել մեծ չափով համախոհ քաղաքական գործիչների և ինտելեկտուալների հանդիպումների և համաժողովների համար նախատեսված հաստատություններ են, քան մշատական հիմունքներով գործող և ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպություններ [7, p. 90]:

Եվրոպական այլ երկրների ՈւԿ-ների տիպաբանության քննարկումը և գործառնության տարբերությունները կարելի է շարունակել, սակայն, ներկայացվող նյութը չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով՝ սահմանափակվենք միայն իտալական օրինակով: Այնուամենայնիվ, նշենք, որ չնայած տարբեր երկրներում ՈւԿ-ների գործունեության և ռազմավարական նպատակների միջև առկա տարբերություններին՝ ՈւԿ տիպաբանության քարտեզագրման համատեքստում անհրաժեշտ է գնահատել Ն.Մեդուշևսկու մշակումը, որը փորձել է ընդհանրացնել բոլոր տիպերը միասնական «մոդելներում», ինչը լավ հիմք է ծառայում նշված մոդելների հետագա լրամշակման համար:

Վերոնշյալ թեմայի շրջանակներում հետաքրքրական է հետազոտող Հ.Ուլրիխի փորձն ընդհանրացնել Եվրամիության (ԵՄ) տարածքում գործող ՈւԿ-ների համար: Նրա դիտարկմամբ, ԵՄ ՈւԿ-ներն ունեն թե՛ նմանություններ, թե՛ տարբերություններ: Վերջինս արտահայտվում է տարբեր ՈւԿ-ների գործառնության մեթոդներով, չափերով, ֆինանսավորման աղբյուրներով, թիրախային լսարանով և քաղաքական միջավայրով, որում վերջիններս գործառնում են: Հետազոտողը ԵՄ ՈւԿ-ները բաժանում է չորս տեսակի.

1. ԵՄ ներքին ՈւԿ-ներ. քաղաքական խորհրդատուների խումբ (The Group of Policy Advisors), որն առավել հայտնի է իր ֆրանսիական անվանումով՝ Cellule de Prospective: Գործում է Եվրոպական հանձնաժողովին առընթեր և կապված է արտաքին հետազոտական հաստատություններին և ընկերակցություններին:

2. Բրյուսելում տեղակայված ԵՄ ՈւԿ-ներ. Բրյուսելում տեղակայված ՈւԿ-ները ԵՄ անդամ երկրների իրենց գործընկերների համեմատ ունեն երկու հիմնական տարբերություն: Առաջին՝ նրանց տեղաբաշխվածությունը ԵՄ սրտում հնարավորություն է տալիս հաճախակի մուտք ունենալ ԵՄ այցելող անդամ երկրների պաշտոնյաների մոտ: Երկրորդ՝ նրանց անկախությունը որևէ անդամ երկրի կառավարությունից թույլ է տալիս համեմատաբար անձեռնմխելի լինել ազգային քաղաքականության օրակարգերից, ինչը կարող է ԵՄ մակարդակին բարձրացնել դրանց օբյեկտիվությունը:

3. ԵՄ կողմնորոշմամբ անդամ երկրների ՈւԿ-ներ. այս տեսակն ընդգրկում է ԵՄ անդամ երկրների տեղական քաղաքական համակարգի բնույթով պայմանավորված՝ ԵՄ կողմնորոշումով տարբեր խնդիրներում մասնագիտացված և գործառնության առանձնահատուկ մեթոդներով ՈւԿ-ներ:

4. Համալսարանում տեղակայված եվրոպական հետազոտական հաստատություններ. համալսարաններում տեղակայված եվրոպական հետազոտական կենտրոնները չնայած փորձում են պաշտպանել իրենց հետազոտական անկախությունը, սակայն հաճախ նաև համագործակցում են միմյանց հետ՝ ներգրավվելով որոշակի հետազոտական նախագծերում [8, p. 53]:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված՝ «Ասիական մոդելին», ապա այստեղ նույնպես, չնայած ՈւԿ-ների միջև առկա որոշ նմանություններին, տիպաբանությունը տարբեր երկրներում և տարածաշրջաններում էականորեն տարբերվում է: Այսպես, բավական բարդ է պատկերացնել, մի կողմից՝ Հեռավոր Արևելքի երկրներում (օրինակ, Ճապոնիա, Չինաստան) գործող ՈւԿ-ների, մյուս կողմից՝ Կենտրոնական Ասիայի կամ Մերձավոր Արևելքի (օրինակ, Իսրայելի) ՈւԿ-ների միասնական մոդել: Եթե Ճապոնիայում առավել տարածված են պայմանագրային ՈւԿ-ները, ապա Չինաստանի ՈւԿ-ներն առավել հաճախ բաժանում են երեք տեսակի՝ պաշտոնական, կիսապաշտոնական և քաղաքացիական (կամ անկախ): Առաջին տեսակին են դասվում կառավարության ենթակայության տակ գործող ՈւԿ-ները, ինչպիսին է, օրինակ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտաքին գործերի նախարարությանն առընթեր Չինաստանի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտը: Կիսապաշտոնական ՈւԿ-ների մեջ են մտնում հանրային, առավելապես ակադեմիական բնույթի ինստիտուտները: Որպես օրինակ կարելի է նշել Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտը: Քաղաքացիական ՈւԿ-ներին են դասվում համալսարանական և մասնավոր կենտրոնները, որոնցից է, օրինակ, Շենսիի մանկավարժական համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտը: Հարկ է ընդգծել, որ ՉԺՀ դեպքում առավել ազդեցիկ են ՈւԿ-ների առաջին երկու տիպերը [9]: Մյուս կողմից, ի տարբերություն Չինաստանի ՈւԿ-ների՝ իսրայելական ՈւԿ-ներն առավելապես զբաղված են անվտանգության ոլորտում հետազոտությունների անցկացման ուղղությամբ և մեծ մասամբ ֆինանսավորվում են նվիրատվությունների (հաճախ արտերկրից) հաշվին [10]:

ՈւԿ-ների տիպաբանության թեմայի քննարկման համատեքստում հետաքրքրական է նաև ռուսաստանցի հետազոտող Ա.Սիտնիկովի մշակած բավական համապարփակ տիպաբանությունը, որի համաձայն՝ ՈւԿ-ները բաժանվում են հետևյալ սկզբունքով.

- ըստ գործունեության տեսակների (գործառույթների)՝ վերլուծություն և հետազոտություն իրականացնող ՈւԿ-ներ, կրթական ծառայություններ մատուցող ՈւԿ-ներ, տարբեր խնդիրների վերաբերյալ քննարկումներ (սեմինարներ, համաժողովներ, կլոր սեղաններ և այլն) կազմակերպող ՈւԿ-ներ, միջնորդային գործառույթներ իրականացնող ՈւԿ-ներ և բազմաոլորտ ՈւԿ-ներ,

- ըստ գործունեության ոլորտների (ուղղությունների)՝ քաղաքական հիմնախնդիրներով զբաղվող ՈւԿ-ներ (ժողովրդավարացում և ժողովրդավարություն, կոռուպցիայի կանխարգելում), տնտեսական հիմնախնդիրներով զբաղվող ՈւԿ-ներ (տնտեսական զարգացում, ներդրումների ներգրավում, ճգնաժամերի կանխարգելում), բնապահպանական հիմնախնդիրներով զբաղվող ՈւԿ-ներ (շրջակա միջավայրի պաշտպանություն), սոցիալական հիմնախնդիրներով զբաղվող ՈւԿ-ներ (հանրային անվտանգություն, պայքար աղքատության դեմ), իրավական հարցերով զբաղվող ՈւԿ-ներ (օրենսդրական բարեփոխումներ, իրավական ինստիտուտների հիմնում և զարգացում) և այլ (բազմոլորտ),

- ըստ իրավական կարգավիճակի՝ հասարակական կազմակերպություններ (ոչ կուսակցական, ոչ կոմերցիոն հասարակական կազմակերպություններ, ոչ կառավարական կազմակերպություններ), հանրային կազմակերպություններ, որոնց հիմնադիրները հանդիսանում են իշխանական, կուսակցական կամ գործարար կառույցները, կրթական հաստատությունները, իշխանական կառույցների դեպարտամենտները, կոմերցիոն կազմակերպությունները, խորհրդատվական (քոնսալթինգային) կազմակերպությունները, ընտրական տեխնոլոգիաների կենտրոնները և այլն,

- ըստ անկախության մակարդակի՝ իշխանական մարմինների համար աշխատող (դաշնային, տարածաշրջանային, տեղական), քաղաքական կուսակցությունների, գործարար կառույցների համար աշխատող, անկախ կենտրոններ [11, с. 187]:

Ոլորտի մեկ այլ հետազոտող՝ Դ.Զայցևը, համադրելով մի շարք հետազոտողների, այդ թվում՝ Է.Ռիչի, Ք.Ուիվերի, Ջ.ՄաքԳանի, Դ.Էյբելսոնի մոտեցումները, խմբավորել և մշակել է ՈւԿ-ների սեփական տիպաբանությունը [12, с. 53-56]:

Ըստ Զայցևի, առաջին տիպին են պատկանում, այսպես կոչված՝ «հիմնարար հետազոտությունների» կենտրոնները, որոնք կողմնորոշված են գիտական հետազոտությունների իրականացման ուղղությամբ և բավարարում են, առաջին հերթին, սեփական հետազոտական հետաքրքրությունը: Նման տեսակի վերլուծական կենտրոնների հետազոտություններն ու մշակումներն իրենց ձևաչափով, ծավալով և ոճով «հիմնարար» են, քանի որ պատմականորեն առավել մոտիկ են ավանդական ակադեմիական կառույցներին: Միաժամանակ, նման կենտրոնների մշակումներն առավել կիրառական են, քան ավանդական ակադեմիական կազմակերպությունների գիտական հետազոտությունները: Այս տեսակի կազմակերպությունների գործունեությունը չի սահմանափակվում հետազոտությունների անցկացմամբ: Դրանք զբաղվում են, առաջին հերթին, քաղաքական վերնախավի լուսավորությամբ, կրթությամբ և գաղափարների գեներացմամբ: Վերջիններիս վերլուծական արտադրանքը ներկայացվում է «բազմահատոր հաշվետվությունների», գրքերի, մենագրությունների, գիտական հոդվածների տեսքով, որոնք ներկայացվում են գիտաժողովների, գիտական և փորձագիտական սեմինարների ընթացքում: Նման հետազոտական կառույցների կարգավիճակը մեծապես պայմանավորված է աշխատակիցների՝ ակադեմիական ոլորտից եկածների, գիտնականների կազմով: Կախված կազմակերպական ինքնուրույնությունից՝ այս կենտրոնները բաժանվում են երկու տիպի՝ քաղաքական հետազոտությունների ինստիտուտների և ակադեմիական (համալսարանական) կենտրոնների: Քաղաքական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպական առումով ինքնուրույն հաստատություններ են, սակայն հաճախ ունեն անուղղակի կապ ակադեմիական ինստիտուտների և ուղղակի կապ փորձագիտական հանրույթի (քաղաքական դաշտի արհեստավարժ հետազոտողների հանրության) հետ: Այդ պատճառով քաղաքական հետազոտությունների ինստիտուտների կառուցվածքը, որպես կանոն, կառուցված է ըստ «գիտելիքների ոլորտների»` քաղաքագիտական, սոցիալական, կորպորատիվ հետազոտություններ: Ընդգծված օբյեկտիվությունը և գիտական սկզբունքներին հետևելը թույլ չի տալիս նման կենտրոններին մշտապես հետևել որևէ գաղափարախոսական կողմնորոշման: Դրանով պայմանավորված՝ տարբեր իրավիճակներում քաղաքական հետազոտությունների ինտիտուտների ներկայացուցիչները կիսում են այս կամ այն «գաղափարախոսության» կողմնակիցների կարծիքները կամ քննարկվող հարցի վերաբերյալ մշակում են սեփական միջինացված դիրքորոշումը: Այսինքն՝ քաղաքական հետազոտությունների ինստիտուտներն, ըստ Դ.Զայցևի, պահպանում են կենտրոնամետ դիրքեր: Օրինակ, ԱՄՆ քաղաքական հետազոտությունների ամենահին ինստիտուտները, ինչպիսիք են Քարնեգի հիմնադրամը, Միջազգային հարաբերությունների խորհուրդը, Բրուքինգսի ինստիտուտը, դասվում են կենտրոնամետ հաստատությունների շարքին: Քաղաքական հետազոտությունների ինստիտուտները գործում են հիմնականում ինստիտուցիոնալ նպատակային հիմնադրամների (endowment), դրամաշնորհների և մասնավոր հանգանակությունների միջոցով: Ակադեմիական և համալսարանական կենտրոնները գործում են ակադեմիական կառույցներին կից, ինչպիսիք են խոշոր համալսարաններն ու գիտությունների ակադեմիաները: Վերջիններս ունեն ինքնուրույնության բավարար մակարդակ և այլ վերլուծական կենտրոնների հետ հավասար մասնակցում են հանրային քաղաքականությանը: Այնուամենայնիվ, իրենց վերադաս կազմակերպության հետ կապը որոշում է այս ենթատեսակին պատկանող կազմակերպությունների քաղաքական կողմնորոշումը: Նման կազմակերպությունների գործունեության համար ֆինանսական միջոցները հիմնականում ստացվում են պետությունից կամ վերադաս կազմակերպությունից: Բացի այդ, բազմաթիվ առաջատար համալսարաններ, հատկապես ԱՄՆ-ում (և դրանց կից վերլուծական կենտրոնները) ունեն իրենց նպատակային հիմնադրամները:

Երկրորդ տեսակին են պատկանում պայմանագրի հիման վրա գործող կենտրոնները, որոնք կողմնորոշված են կիրառական հետազոտությունների և վերլուծությունների իրականացման ուղղությամբ և եկամուտ ստանալու նպատակով պայմանագրին համապատասխան մշակում են երաշխավորություններ: Այս հաստատությունների գործունեությունը կենտրոնացած է պատվիրատուների համար քաղաքական վերլուծության, խորհրդատվության և պլանավորման վրա: Կախված ֆինանսավորման հիմնական աղբյուրից և գլխավոր պատվիրատուից՝ Դ.Զայցևն առանձնացնում է պայմանագրային կենտրոնների երկու ենթատեսակ՝ կենտրոններ, որոնք աշխատում են պետական պատվերի համար և կենտրոններ, որոնք աշխատում են «բաց շուկայում»: Առաջին ենթատեսակի կենտրոնների հիմնական պատվիրատուն և ֆինանսական աղբյուրը պետական կազմակերպություններն են: Նման կենտրոնները հաճախ ստեղծվում են պետական հաստատություններին կից, սակայն, բավականաչափ ինքնուրույնություն ունեն պետությունից: Երկրորդ ենթատեսակին են պատկանում այն կազմակերպությունները, որոնք չեն կողմնորոշվում կոնկրետ պատվիրատուի ուղղությամբ և ունեն տարաբնույթ պատվիրատուներ, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածից և/կամ ունեն ֆինանսավորման մասնավոր աղբյուրներ՝ դրամաշնորհներ, նվիրատվություններ և առաջարկում են սեփական վերլուծական արտադրանքը «բաց շուկայում»: Ֆինանսական աղբյուրների բազմազանեցումը թույլ է տալիս վերջիններիս պահպանել համեմատական չեզոքություն:

ՈւԿ-ների երրորդ տեսակին են պատկանում, այսպես կոչված՝ հանրային շահերի ազդեցության կենտրոնները: Վերջիններս կողմնորոշված են կիրառական բնույթի հետազոտություններ իրականացնելու ուղղությամբ և առաջարկում են հանրային նշանակության ու սոցիալ-քաղաքական խնդիրների լուծումներ: Այս կենտրոնների գործունեությունը չի սահմանափակվում քաղաքական վերլուծությամբ, դրանք ակտիվորեն մշակում և առաջ են մղում երաշխավորություններ, զբաղվում են որոշակի քաղաքական և սոցիալական խմբերի շահերի առաջմղմամբ, քաղաքացիների լուսավորությամբ ու կրթությամբ և համեմատաբար առավել շատ են ազդում հանրային քաղաքականության վրա: Դրանց վերլուծական արտադրանքն առավել կոնկրետ է, ոչ ծավալուն, իսկ դրանց հանրայնացմանն ու տարածմանը շատ ավելի երկար ժամանակ է հատկացվում, քան պատրաստմանը, քանի որ նման հաստատություններն առավել կենտրոնացած են PR-ի, հատուկ ակցիաների և իրադարձությունների կազմակերպման ուղղությամբ: Ազդեցության կենտրոնների յուրահատուկ արտադրանքն են ուսուցման բազմապիսի դասընթացների ծրագրերը, կրթաթոշակներն ու դրամաշնորհները, որոնք տրվում են այս կենտրոնների գաղափարներն առաջ մղող մարդկանց և նախագծերին: Նման կենտրոնների աշխատակիցները հաճախ ունեն քաղաքական և հասարակական գործունեության փորձառություն:

Կախված սոցիալ-քաղաքական կողմնորոշումից՝ Դ.Զայցևն ազդեցության կենտրոնները բաժանել է գաղափարախոսական (կուսակցական) և քաղաքացիական կենտրոնների: Գաղափարախոսական (կուսակցական) կենտրոններն ունեն որոշակի գաղափարախոսական ուղղվածություն: Դրանք հաճախ կիսում են այն քաղաքական կուսակցության գաղափարախոսությունը, որի հետ կապված են և/կամ գործում են որևիցե քաղաքական կուսակցությանը կից: Առավել պատկերավոր օրինակներից է Գերմանիայի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը, որը գործում է Քրիստոնեա-ժողովրդավարական միությանը կից, և Հանս Շիդելի հիմնադրամը, որը գործում է Քրիստոնեա-սոցիալական միությանը կից: Այս համատեքստում պետք է շեշտել, որ Գերմանիան կուսակցապատկան ՈւԿ-ների ամենազարգացած համակարգ ունեցող երկրներից է: Նման հաստատությունները գործում են հովանավորների՝ քաղաքական կուսակցությունների, անհատների և կորպորացիաների միջոցների հաշվին:

Հավելենք, որ կուսակցապատկան ՈւԿ աշխատակազմը հաճախ համալրվում է ներկա կամ նախկին կուսակցական պաշտոնյաներով, քաղաքական գործիչներով և կուսակցության անդամներով: Վերջիններիս օրակարգի վրա մեծապես ազդում են կուսակցության պահանջները [13, p. 7]: Բացի այդ, կուսակցապատկան ՈւԿ-ները մեծ դեր են խաղում քաղաքական սոցիալիզացիայի տեսանկյունից: Վերջիններս փորձում են քաղաքական կյանք ներգրավել քաղաքականության նկատմամբ անտարբեր քաղաքացիներին և աջակցության համախմբման նպատակով փոխակերպում են կուսակցության ծրագրահենքը (պլատֆորմ) [14, с. 22]:

Ի տարբերություն վերջիններիս՝ քաղաքացիական կենտրոններն իրականացնում են հանրության շահերից բխող կիրառական հետազոտություններ և մշակումներ: Նման կենտրոնների ղեկավար մարմինը հաճախ ունենում է կոլեգիալ ղեկավարման բնույթ կամ կենտրոնի ղեկավարը որոշվում է ընտրության միջոցով: Ֆինանսական միջոցները գոյանում են անդամավճարներից, հիմնադրամների դրամաշնորհներից և մասնավոր նվիրատվություններից:

ՈւԿ-ների տիպաբանության ուսումնասիրության համատեքստում ներկայացնենք նաև Մ.Գորնու մշակած աղյուսակի համառոտ տարբերակը, որում ամփոփվում են հետազոտողի առանձնացրած չորս տեսակի ՈւԿ-ներն ու դրանց առանձնահատկությունները [15] (տե՛ս Աղյուսակ 1):

ՈւԿ-ների տիպաբանության իրականացման բավական յուրահատուկ մոտեցում է առաջարկում Ա.Սունգուրովը, որը ՈւԿ-ները տեսակավորում է ըստ իշխանական որոշումների ընդունման գործընթացի վրա ունեցած ուղղակի և անուղղակի ազդեցության: Ըստ հետազոտողի, որոշ ՈւԿ-ներ ուղղակիորեն նպատակաուղղված են հանրային քաղաքականության այս կամ այն կողմի բարելավմանը (advocacy-oriented groups): Վերջիններս քննադատում են առկա քաղաքականությունը, տալիս են երաշխավորություններ իրավիճակի բարելավման և լուծմանը հասնելու տարբեր գործիքների վերաբերյալ՝ ազդելով որոշում ընդունող պատասխանատու անձանց վրա: Նման ՈւԿ-ները կարելի է անվանել բարեփոխիչ, այսինքն՝ նպատակաուղղված կոնկրետ ոլորտներում այս կամ այն բարեփոխման իրականացմանը: Մյուս ՈւԿ-ները կողմնորոշված են կրթության ուղղությամբ (educated-oriented groups). դրանք քաղաքականության և որոշում կայացնողների վրա ազդում են անուղղակիորեն՝ համաժողովների և սեմինարների կազմակերպման, գրքերի և հոդվածների հրատարակման և ԶԼՄ-ի հետ փոխգործակցության միջոցով: Դրանց գործունեությունն ուղղված չէ կոնկրետ լուծումների հասնելուն, այլ ավելի շուտ՝ հանրային քննարկումների օրակարգի հստակեցման և ապագա առաջնորդների շրջանում որոշակի պատկերացումների ձևավորման վրա [16, с. 100-101]:

Ոլորտի մեկ այլ հայտնի տեսաբան Դ.Սթոունն ՈւԿ-ները բաժանում է հինգ տեսակի.

1. գործարար կառույցներին առընթեր,

2. կառավարության կողմից ստեղծված կամ պետական հովանավորության ներքո գործող,

3. կուսակցապատկան,

4. քաղաքացիական հասարակության անկախ ՈւԿ, որը հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն,

5. քաղաքականության հետազոտության ինստիտուտ, որը գտնվում է համալսարանում կամ գործում է համալսարանին առընթեր [17, pp. 4-5]:

Իր հերթին, Փենսիլվանիայի համալսարանի «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» ծրագրի ղեկավար, ՈւԿ-ների հայտնի մասնագետ Ջ.ՄաքԳանի կողմից 2016թ. ՈւԿ-ների վարկանիշավորման զեկույցում տեղ է գտել ՈւԿ-ների հետևյալ տիպաբանությունը.

- ինքնավար և անկախ, ինչы ենթադրում է նշանակալի ազատություն շահերի որևիցե խմբից կամ դոնորից և անկախություն իր գործունեության մեջ,

- քվազի անկախ. кառավարությունից անկախ, սակայն հիմնական ֆինանսավորողից և ՈւԿ գործունեության վրա նշանակալի ազդեցություն ունեցող շահերի որևէ խմբից, դոնորից կամ պայմանագրային գործակալության կողմից վերահսկվող,

- կառավարությանն առընթեր. кառավարությանը կից կամ որպես կառուցվածքային ստորաբաժանում գործող ՈւԿ,

- քվազի կառավարական. բացառապես պետական դրամաշնորհներով և պայմանագրերով ֆինանսավորվող, բայց պաշտոնապես կառավարության կառուցվածքի մեջ չմտնող,

- համալսարանին կից. քաղաքականության հետազոտությունների համալսարանական կենտրոն,

- քաղաքական կուսակցությանը կից. պաշտոնապես քաղաքական կուսակցությանը կից գործող կենտրոն,

- կորպորատիվ (շահույթ հետապնդող). որևիցե կորպորացիային առընթեր կամ պարզապես շահույթ հետապնդելու նպատակ ունեցող քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոն [18, p. 7]:

Ամփոփելով ՈւԿ-ների ուսումնասիրությամբ զբաղվող տարբեր հետազոտողների կարծիքները՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել նաև «Բրիտանիկա» համացանցային հանրագիտարանում տեղ գտած տիպաբանությունը, որը, մեր կարծիքով, ՈւԿ-ների տիպաբանության ակադեմիական նկարագրության լավագույն օրինակներից է: Ըստ հանրագիտարանում տեղ գտած բացատրության՝ գոյություն ունи ՈւԿ-ների առնվազն չորս տեսակ: Առաջինը գաղափարայնացված կենտրոններն են (ideolodical tanks), որոնք ունեն հստակ քաղաքական կամ, առավել լայն իմաստով, գաղափարախոսական փիլիսոփակայական հենարան: Դրանք նմանվում են շահապաշտպան կենտրոներին (advocacy tanks), որոնք հիմնադրվել են խնդիրների հետազոտության ու լուծման նպատակով և օրենսդիրներին իրենց որոշումներն ընդունելու ուղղությամբ լոբբինգ են իրականացնում: Վերջիններիս օրինակներն ընդգրկում են Մեծ Բրիտանիայի Պահպանողական և Լեյբորիստական կուսակցությունների համար տնտեսական և քաղաքական ոլորտին առնչվող գաղափարներ մատակարարող, ինչպես նաև Գերմանիայի կուսակցություններին կից գործող ՈւԿ-ները: Հաջորդ տեսակը մասնագիտացված կենտրոններն են (specialist tank): Այս տեսակի մեջ են մտնում այն կենտրոնները, որոնք ունեն թեմատիկ ուղղվածություն: Առավել տարածված ուղղություններից է արտաքին և հանրային քաղաքականությունը, սակայն որոշ ՈւԿ-ներ մասնագիտացված են այնպիսի ուղղություններում, որոնցից է շրջակա միջավայրի պաշտպանությունը: Երրորդ տեսակը ներառում է ոչ թե ազգային, այլ տարածաշրջանային կամ վերազգային մակարդակում գործող կենտրոնները, որոնցից են ԵՄ հարաբերություններին առնչվող Բրյուսելում տեղակայված ՈւԿ-ները: Վերջին՝ չորրորդ տեսակն են, այսպես կոչված՝ «ուղեղային և գործող կենտրոնները» (think and do tanks), որոնք, բացի ավանդական հետազոտական գործունեությունից, ակտիվություն են դրսևորում նաև գործնական հարթությունում, ինչպես, օրինակ, բարեգործական նախագծերի ֆինանսավորումն է: Այս տեսակի ՈւԿ-ները որոշակի նմանություն ունեն ոչ կառավարական կազմակերպություններին [19]:

Ինչ վերաբերում է Հայաստանի ՈւԿ ոլորտին, ապա պետք է նշել, որ մեր ուսումնասիրությունների համաձայն [20]՝ չնայած գործող ավելի քան վեց տասնյակ հաստատություններին, որոնք ավելի կամ պակաս չափով կարող են դասվել ՈւԿ-ների շարքին, այդ թվում` մոտ երկու տասնյակ կայացած ՈւԿ-ների առկայության, ցավոք, այս ոլորտն, ընդհանուր առմամբ, դեռևս գտնվում է ձևավորման փուլում: Վերջին հանգամանքով պայմանավորված՝ Հայաստանում հանրային քաղաքականության հետազոտական կենտրոնների տեսակները ևս բավական սահմանափակ են: Այնուամենայնիվ, հիմք ընդունելով ինստիտուցիոնալ բնորոշիչները՝ Հայաստանում առկա են երեք հստակ ընդգծված տեսակի ՈւԿ-ներ՝ պետական, համալսարանական և ոչ կառավարական (անկախ): Ամենատարածված տեսակը ոչ կառավարական (անկախ) ՈւԿ-ներն են, որոնք կազմում են Հայաստանում գործող ՈւԿ-ների 79%-ը, պետականներն ու համալսարանականները համապաստասխանաբար՝ 9% և 12%:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ քաղաքագիտական շրջանակներում ՈւԿ-ների տիպաբանության վերաբերյալ միասնական մոտեցումներ դեռևս չեն ձևավորվել: Այս հանգամանքն առավելապես կապված է տարբեր երկրներում հանրային քաղաքականության մշակութային առանձնահատկությունների, ձևավորված ավանդույթների, ոլորտի կայացվածության մակարդակի հետ, ինչը բավական դժվարացնում է համապարփակ տիպաբանության մշակման աշխատանքները: Մյուս կողմից, ի տարբերություն գործառնական մոտեցման՝ առավել համապարփակ է ՈւԿ-ների ինստիտուցիոնալ բնորոշիչների հիման վրա իրականացվող տիպաբանությունը, որի դեպքում հիմք են ընդունվում, առաջին հերթին, հաստատության իրավական կարգավիճակը, ենթակայությունը, անկախության մակարդակը, ֆինանսավորման ձևաչափերն ու աղբյուրները:

Դեկտեմբեր, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Рич Э., Уивер К., Пропагандисты и аналитики: «мозговые центры» и политизация экспертов // Pro et contra. Том 8, № 2. М. 2003, с. 64-89.

2. Brookings Annual Report 2015. URL: https://www.brookings.edu/wp-content/uploads/2016/07/2015-annual-report.pdf

3. RAND Corporation Financial Statements, 2015. URL: http://www.rand.org/pubs/corporate_pubs/CP665.html

4. Աթոյան Վ., Ազգային անվտանգության հիմնախնդիրներ. դասախոսություններ // Եր., «Տնտեսագետ» հրատ., 2014:

5. The Heritage Foundation Annual Report 2015. URL: https://thf-membership.s3.amazonaws.com/2015_AnnualReport.pdf

6. Медушевский Н.А., Экспертное сообщество в политической сфере в конце XX – начале XXI века // Дис. на соиск. уч. ст. канд. пол. наук. по спец. 23.00.02 - «Политические институты, процессы технологии», М., 2011.

7. Lucarelli S., Radaelli C. Italy: think tanks an the political system // Think tank traditions: Policy research and the politics of ideas, edited by Stone D. and Denham A., Manchester University Press, Manchester and New York, 2004, pp. 89-104.

8. Ullrich H. European Union think tanks: generating ideas, analysis and debate // Think tank traditions: Policy research and the politics of ideas, edited by Stone D. and Denham A., Manchester University Press, Manchester and New York, 2004, pp. 51-68.

9. Աթոյան Վ., Մովսիսյան Շ., Չինաստանի ուղեղային կենտրոնները // «Տնտեսագետ» հրատ., «Ամբերդ» մատենաշար N 29, Եր., 2016:

10. Աթոյան Վ., Թադևոսյան Ռ., Իսրայելի ուղեղային կենտրոնները հանրային քաղաքականությունում // «21-րդ ԴԱՐ», N 6 (70), 2016, էջ 70-84:

11. Ситников А.П., Фабрики мысли и независимые центры социально-политической деятельности: классификация и анализ // Вестник московского государственного областного университета, N 4, 2009, с. 186-192.

12. Зайцев Д.Г., Аналитические центры как субъекты политического процесса // Дис. на соиск. уч. ст. канд. пол. наук., 23.00.02 – Политические институты, этнополитическая конфликтология, национальные и политические процессы и технологии, М., 2009.

13. McGann J., Weaver K. Think Tanks and Civil Societies: Catalysts for Ideas and Action // Transaction Publication, New Brunswick, 2000.

14. Иванов Д.Ю., Формирование политической аналитики негосударственных аналитических центров в современной России // Дис. на соис. уч. ст. канд. пол. н., специальность 23.00.02 – Политические институты, процессы и технологии, Санкт-Петербург, 2013.

15. Горный М.Б., Фабрики мысли и центры публичной политики в конце XX – начале XXI веков // URL: http://www.civisbook.ru/files/File/Gornyi_fabriki.pdf

16. Сунгуров А.Ю., Как возникают политические инновации: «фабрики мысли» и другие институты-медиаторы // М., Политическая энциклопедия, 2015.

17. Stone D. Think Tanks and Policy Advice in Countries in Transition // Asian Development Bank Institutes symposium: How to Strengthen Policy Oriented Research and Training in Vietnam, 2005.

18. McGann James. 2015 Global Go to Think Tank Index Report (2016). URL: http://repository.upenn.edu/cgi/viewcontent.cgi?article=1009&context=think_tanks

19. Encyclopedia Britannica. URL: https://www.britannica.com/topic/think-tank

20. Атоян В., Индустрия «мозговых центров» в Армении // «Проблемы национальной стратегии», N 4 (37), 2016, с. 158-176.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր