• am
  • ru
  • en
Версия для печати
27.01.2016

ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Руский

   

Վարդան Աթոյան
Տ.գ.թ., դոցենտ, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, «Նորավանք» ԳԿՀ փորձագետ։

Մեր օրերի արագընթաց քաղաքական գործընթացներում աստիճանաբար մեծանում է հանրային քաղաքականության հատուկ ինստիտուտների դերը, որոնք իրականացնում են հետազոտական և խորհրդատվական գործունեություն, գնահատականներ են տալիս, կատարում կանխատեսումներ, ինչպես նաև ակնկալվող սոցիալական, քաղաքական և տնտեսական գործընթացների զարգացման սցենարային մշակումներ։ Այդօրինակ ինստիտուտները, որոնք ընդունված է անվանել «ուղեղային կենտրոններ» (ՈւԿ), քաղաքական գործընթացի հիմնական դերակատարներին ապահովում են մտավոր, վերլուծական արտադրանքով և դրանով իսկ բարձրացնում ընդունվող քաղաքական որոշումների արդյունավետությունը։ Ավելացնենք, որ 21-րդ դարում ՈւԿ-ները շատ երկրների համար ոչ միայն նորարարական գաղափարներ արտադրողներ, այլ նաև փափուկ ուժի, ազգային շահերի առաջմղման և հանրային քաղաքականության վրա ազդեցության արդյունավետ գործիք են հանդիսանում։

Վերջին տասնամյակները նշանավորվեցին ողջ աշխարհում ՈւԿ-ների թվաքանակի շարունակական աճով։ Կարևոր է նշել, որ շատ երկրներում նման վերլուծաբանական կառույցների ստեղծումը և զարգացումը սկզբնական փուլում խթանում էր պետությունն ինքը, ինչը պայմանավորված էր արտաքին քաղաքական, ռազմաստրատեգիական և հասարակության սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրների լուծման գործում մտավոր ներուժի կենտրոնացման անհրաժեշտությամբ։

Թեև նման գործառույթներ իրականացնող կառույցներ գործում էին նաև շատ ավելի վաղ, բայց ՈւԿ-ների ստեղծման հիմնական փուլը պետք է համարել «Սառը պատերազմի» ժամանակները, այն է՝ մի կողմից սոցիալիստական բլոկի (ԽՍՀՄ գլխավորությամբ), և մյուս կողմից՝ ԱՄՆ-ի (իր դաշնակիցների հետ միասին) միջև գլոբալ գաղափարախոսական և քաղաքական դիմակայության շրջանը։ Հենց այս ժամանակ ի հայտ եկան այսօր լայնորեն հայտնի արևմտյան շատ ՈւԿ-ներ, ինչպիսին է, օրինակ, RAND Corporation-ը։

ԱՄՆ-ում, որն ընդունված է համարել արդի ՈւԿ-ների հայրենիքը, ինչպես նաև Արևմուտքի այլ երկրներում, նման ինստիտուտներն օբյեկտիվ պատճառներով (քաղաքական համակարգի, քաղաքական որոշումների մշակման և ընդունման գործընթացի տարբերություն և այլն) ստեղծվել են շատ ավելի վաղ, քան հետխորհրդային տարածքի երկրներում և, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետություններում։ ԵԱՏՄ երկրներում ՈւԿ-ներ՝ իրենց այսօրվա ընկալմամբ, սկսեցին ի հայտ գալ և զարգանալ անցած հարյուրամյակի 90-ական թթ. սկզբից։ Սակայն այդ պահին, չնայած մի շարք կայացած, բավական նշանավոր և հեղինակավոր ՈւԿ-ների առկայության փաստին (Միջազգային գործերի ռուսաստանյան խորհուրդ, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Կովկասի ինստիտուտ և այլն), որոնք թողարկում են բարձրորակ մտավոր արտադրանք, ՈւԿ ոլորտն առհասարակ ԵԱՏՄ երկրներում կայացման փուլում է գտնվում։

Բացի այդ, ՈւԿ-ների թվաքանակը ԵԱՏՄ երկրներում նույնպես բավարար չէ. հենվելով աշխարհի ՈւԿ-ների լայնորեն հայտնի ամենամյա գլոբալ վարկանիշի վրա, որն իրականացվում է Փենսիլվանիայի համալսարանի «Ուղեղային կենտրոնները և քաղաքացիական հասարակությունը» ծրագրի շրջանակում՝ ծրագրի տնօրեն, ՈւԿ-ների ուսումնասիրման գծով հայտնի փորձագետ Ջեյմս ՄաքԳանի ղեկավարությամբ, ԵԱՏՄ մասնակից երկրներում գործում է 163 նման կառույց։

Ստորև ներկայացված աղյուսակում, որը պատրաստվել է 2014թ. վերոնշյալ զեկույցի (հրապարակվել է 2015թ. հունվարին) հիման վրա, հավաքվել են տվյալներ ԵԱՏՄ երկրների ՈւԿ-ների թվաքանակի մասին1։

Աղյուսակ 1



Չենք խորանա սույն վարկանիշի կազմման համար կիրառված մեթոդաբանության մանրամասներում (թե ինչպես են որոշվում աշխարհի լավագույն ՈւԿ-ները, ինչի վերաբերյալ առանց այդ էլ բավական շատ է քննադատությունը փորձագիտական շրջանակներում), միայն նշենք, որ, որքան էլ տարօրինակ է, Հայաստանի որոշ հայտնի ՈւԿ-ներ, ինչպիսին է, օրինակ, «Նորավանք» ԳԿՀ-ն, անգամ նշված չեն այդ զեկույցում։ Այս համատեքստում ծագում է նաև ԵԱՏՄ անդամ երկրների ՈւԿ-ների գործունեության մասին տեղեկատվության հավաքման և վերլուծության սեփական մեթոդաբանություն մշակելու անհրաժեշտության, ինչպես նաև գլոբալ վարկանիշի սեփական համակարգի ներդրման հարցը։

Բացի այդ, հիշյալ զեկույցում նշված հայաստանյան ՈւԿ-ների թվաքանակի փաստը նույնպես կարելի է կասկածի տակ առնել։ 2015թ., օրինակ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և «Նորավանք» ԳԿՀ համատեղ նախագծի («Տարածաշրջանի հետազոտական կենտրոնները» անվանմամբ) շրջանակում «Ամբերդ» կենտրոնի փորձագետները հետազոտել են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող ՈւԿ-ները։ Հետազոտության արդյունքում՝ միայն համալսարանների կառույցներում գործում էր 29 հետազոտական, վերլուծաբանական կազմակերպություն, որոնցից շատերը լիովին կարող են բնութագրվել որպես ՈւԿ2։

Վերն ասվածի համատեքստում հարկ է նշել, որ չնայած տնտեսական ինտեգրման աճին, ինչպես նաև դաշինքի երկրների միջև քաղաքական, ռազմավարական համագործակցությանը, սույն գործընթացը չի տարածվում որոշ այլ ոլորտների, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ երկրների փորձագիտա-վերլուծաբանական կառույցների փոխգործակցության աշխուժացման վրա։

Ակնհայտ է, որ առայժմ ԵԱՏՄ երկրների ՈւԿ-ների միջև համագործակցությունը բավական թույլ է և սահմանափակ։ Ընդհանուր առմամբ, վատ են հաստատված փորձագետների միջև երկկողմանի և բազմակողմանի կապերն ու շփումները։ Բավարար չէ նաև այն հարթակների թիվը, որոնցում ՈւԿ-ների ներկայացուցիչները կարող են հանդիպել և քննարկել օրախնդիր հարցեր։ Արդյունքում՝ ՈւԿ-ները քիչ բան գիտեն ԵԱՏՄ-ում այլ վերլուծաբանական կառույցների գործունեության մասին։ Սակայն, հանուն արդարության պետք է նշել, որ առանձին կազմակերպություններ այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարում են. մասնավորապես, գործում են այնպիսի ձևաչափեր, ինչպիսին են Եվրասիական փորձագիտական ակումբը, Ռուս-ղազախական փորձագիտական IQ-ակումբը և այլն։ Այս համատեքստում կարելի է առանձնացնել նաև Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի գործունեությունը. հիմնադրամի կազմակերպած գիտակրթական ծրագրերը և միջոցառումները արդյունավետ այն սակավաթիվ հարթակներից են, որտեղ հանդիպում են ԵԱՏՄ երկրների և հետխորհրդային տարածքի այլ պետությունների տարբեր ՈւԿ-ների երիտասարդ ներկայացուցիչները։ Սակայն հարկ է նաև փաստել, որ այդ հարթակները բավարար չեն, և անհրաժեշտ է ստեղծել ավելի թիրախային ձևաչափեր փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների մշտական հանդիպումների համար։

Ակնհայտ է նաև, որ ԵԱՏՄ երկրների առջև ծառացած մարտահրավերները և խնդիրները հիմնականում նման են միմյանց։ Այս համատեքստում ծագում է ոլորտում փոխգործակցության գործընթացի խթանման և աշխուժացման կարևորության հարցը։ Փորձագիտական հանրույթի ջանքերի միատեղումը և ԵԱՏՄ երկրների ՈւԿ-ների մտավոր ներուժի սիներգիան կարող են օգնել մեր օրերի ընդհանուր մարտահրավերներին ավելի համարժեք և արդյունավետ պատասխաններ մշակելուն, և ցանկալի կլիներ ունենալ ավելի շատ համատեղ նախագծեր և ավելի հաճախակի փոխգործակցություն ԵԱՏՄ երկրների ՈւԿ-ների փորձագետների միջև։

Վերջում, ամփոփելով վերն ասվածը, կարելի է առաջարկել ցանցային համագործակցություն հաստատել, ստեղծել պրոֆիլային ՈւԿ-ների դաշինքներ և ասոցիացիաներ։ Որպես երկարաժամկետ և համակարգային համագործակցության առաջին քայլ ցանկալի է կազմակերպել ԵԱՏՄ երկրների ՈւԿ-ների գլոբալ համաժողով, որտեղ կքննարկվեն վերոնշյալ բոլոր հարցերը, կհաստատվեն մասնագիտական կապեր, կնշվեն հետագա գործընկերության ուղիները, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների ՈւԿ-ների ինստիտուցիոնալացված ասոցիացիայի ստեղծման հնարավորությունը։

1 2014 Global Go To Think Tank Index Report. Think Tanks and Civil Societies Program. University of Pennsylvania, p. 55. URL: http://repository.upenn.edu/cgi/viewcontent.cgi?article=1008&context=think_tanks

2 Վ.Աթոյան, Ս.Օհանյան, Ա.Մալքջյան, Շ.Մովսիսյան, Հայաստանի բուհական վերլուծական կենտրոնները, Եր., 2015, 58 էջ URL: http://media.asue.am/upload/Amberd_27.pdf


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր