• am
  • ru
  • en
Версия для печати
26.12.2016

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

   

Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան

18.12.2016

Ի տարբերություն ճշգրիտ գիտությունների` դիվանագիտությունը չունի խիստ սահմանված օրենքներ, կանոններ և բանաձևեր։ Սակայն կատարյալ մոլորություն կլիներ հետևել որոշ վերլուծաբանների այն անհիմն վարկածներին, թե դիվանագիտությունը արվեստ և գիտություն չէ, այլ միջազգային իրավունքի սուբյեկտի պարտադիր ինստիտուտ կամ մեխանիզմ, որի միջոցով պետությունը հարաբերվում է այլ պետությունների հետ, և դիվանագիտությունը, հիմնականում, լոկ բանակցային գործիք է միջազգային հարաբերություններում։

Դիվանագիտության զինանոցում գոյություն ունեն հսկայական թվով չգրված օրենքներ, որոնց անտեսումը կամ, ավելի վատ, չգիտությունը կարող են մեծապես վնասել երկրի արտաքին քաղաքականության շահերին և հետաքրքրություններին։

Այդուհանդերձ, դիվանագիտության մեջ հատուկ նշանակություն ունեն դեպքերի և քաղաքական զարգացումների կանխատեսումը, ծրագրավորումը և, հատկապես, գուշակումը։ Եվ այստեղ սխալվելը կարող է խիստ թանկ նստել երկրի վրա, անգամ պատճառ դառնալ պատերազմերի և ազգային աղետների։ Պատմությանը հայտնի են բազմաթիվ նման դեպքեր, ինչպես օրինակ, ոչ հեռավոր անցյալում խաղարկված Աֆղանական և Իրաքյան պատերազմները։

Սխալ կանխատեսման ամենաթարմ և հետաքրքիր օրինակը ԱՄՆ-ի նախագահի վերջին ընտրությունների ժամանակ տեղի ունեցած քաղաքական կոնֆուզն (ամոթահարությունը) էր, երբ բոլոր պետությունները, կամ գրեթե բոլոր պետությունները, իրենց լիդերներով հանդերձ գուշակեցին Հիլարի Քլինթոնի ջախջախիչ հաղթանակը Դոնալդ Թրամպի նկատմամբ (Հայաստանը բացառություն չկազմեց)։ Եթե դրան ավելացնելու լինենք աշխարհի ուժեղների բացասական, անգամ քաղաքական էթիկայի ոտնահարման և Թրամպին անձնական վիրավորանքներ հասցնելու հակադիվանագիտական օրինակները, ապա կարող ենք ասել, որ գործ ունենք ևս մեկ չգրված դիվանագիտական օրենքի աններելի ոտնահարման հետ։

Այնպես որ, բացի կանխատեսման վտանգավորությունից, հարկ է նաև խուսափել այլ երկրի քաղաքական գործչին քննադատելու, մանավանդ նրան պախարակելու ու պարսավելու գայթակղությունից։ Դա վտանգավոր է և հղի անկանխատեսելի հետևանքներով։

Կասկածից դուրս է, այլ երկրի քաղաքական գործչին փնովելը, քննադատելը և նրա մասին չարախոսելը ոչ մի կերպ չի տեղավորվում դիվանագիտական էթիկայի և քաղաքական մշակույթի շրջանակներում։

Իսկ կանխատեսու՞մը։ Իհարկե, քաղաքական կանխատեսումից ամբողջովին հրաժարվելը կլիներ դիվանագիտական պուրիտանիզմ (մաքրակրոնություն)։ Ո՞րն է ելքը։

Մեր կարծիքով, դիվանագիտական գործունեության ընթացքում նախընտրելի է ոչ թե կանխատեսումը, այլ նախազգուշացումը անհնարինի և հնարավորի մասին։ Իսկ քանի որ քաղաքականությունը բաղկացած է հնարավորի և անհնարինի բաղադրյալներից, ապա դիվանագիտության խնդիրն է օտարել անհնարինի սեգմենտները և ուրվագծել հնարավորի սահմաններն ու հավանական հեռանկարները։

http://www.diplomat.am/publ/authors/arman_navasardyan/1/40-1-0-1614


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր