• am
  • ru
  • en
Версия для печати
27.11.2014

ԴԱՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԳՈՐԾՈՆ

   

Արման Նավասարդյան
Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան

Ժողովրդական դիվանագիտությունը քաղաքագիտության ոլորտ մտավ 1970 թվականների վերջերին ամերիկացիների շնորհիվ, երբ Մերֆիի հանձնաժողովը, որն իրագործում էր ԱՄՆ արտաքին քաղաքականության քարոզչությունը, հումանիտար փոխանակումները և գաղափարախոսության պաշտպանությունը, հանդես եկավ այդ ոլորտների հիմնավոր վերակառուցման առաջարկով: Առաջարկն ստացավ public diplomacy անվանումը` ազդարարելով արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի ծնունդը1: Ժողովրդական դիվանագիտությունը, որը կրում է նաև բաց, հասարակական կամ «մեգաֆոնային» դիվանագիտություն անվանումը, առաջին հերթին այլ երկրների հասարակության վրա ներգործելու հուսալի խողովակ է, իր պետության հեղինակության բարձրացման և նրա մասին ճշգրիտ տեղեկություններ հաղորդելու միջոց: Զուգահեռաբար, ժողովրդական դիվանագիտությունը գաղափարախոսական կարևորագույն մեխանիզմ է սեփական երկրի հասարակական լայն զանգվածների կարծիքի ձևավորման և նրանց ակտիվ, նպատակամղված մանիպուլյացիայի համար: Երևան գալով գլոբալիզացիայի և ինֆորմացիոն հեղափոխության պայմաններում` ժողովրդավարական դիվանագիտությունն արագորեն ներառում է հասարակության լայն զանգվածներ, պետական, միջազգային և հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվական միջոցներ, ոչ կառավարական կազմակերպություններ, քաղաքագետների, գիտության, կրթության և մշակույթի գործիչների: Այս ամենի հետևանքով ժողովրդավարական դիվանագիտությունը դառնում է պրոֆեսիոնալ դիվանագիտության անքակտելի մասը, արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների առանցքային գործոնը: Ժողովրդական դիվանագիտությունը դեմոկրատիայի ծնունդ է, համաշխարհային զարգացման, ռազմաքաղաքական, տնտեսական և մշակութային ինտեգրացիայի, ժողովուրդների մերձեցման, մարդկանց կրթական և գիտակցական մակարդակի բարձրացման հետևանք: Ժողովրդական դիվանագիտությունը դասական դիվանագիտության հասունության վկայությունն է, նրա որակական զարգացման բարձրագույն աստիճանը: Այն, որ դիվանագիտության այս համեմատաբար երիտասարդ ճյուղը մեծապես կարող է օգտկար լինել դասական դիվանագիտության խնդիրների իրագործմանը` կասկածից վեր է: Սակայն ժողովրդական դիվանագիտությունը բարդ և բազմաշերտ երևույթ է, և պահանջում է զգուշավոր մոտեցում նրա ընձեռած հնարավորություններից օգտվելու, ինչպես նաև արտաքին քաղաքականության և գաղափարախոսական խնդիրների լուծման գործընթացում վրիպումներից խուսափելու համար: Արդեն ասվեց, որ ժողովրդական դիվանագիտությունը պայմանավորված է դեմոկրատիայով: Ավտորիտար կամ ամբողջատիրական երկրներում դժվար է պատկերացնել ժողովրդավարական դիվանագիտության առակայությունը, հատկապես այն երկրներում, որոնք նոր են դարձել միջազգային իրավունքի սուբյեկտներ: Իսկ ամբողջատիրական համակարգերը, որոնք արտաքին աշխարհից մեկուսացված են «երկաթե վարագույրով», ի վիճակի չլինելով ազդելու օտար երկրների ժողովրդական զանգվածների, հասարակական ինստիտուտների և ԶԼՄ-ի վրա, հետապնդում են ապակողմնորոշելու և ապատեղեկացնելու նպատակ: Ստալինյան ռեժիմի տարիներին, օրինակ, արտասահմանյան երկրների ժողովուրդներին միանգամայն այլ լույսով էր ներկայացվում սովետների «ազատ ու երջանիկ» կյանքը: Ժողովրդական դիվանագիտության «վտանգավոր» կողմերից մեկն այն է, որ նրա շրջանակներում գոյություն ունի քաղաքական ապատեղեկատվության հնարավորություն, որից հաճախ են օգտվում դասական դիվանագիտության ինստիտուտները` կառավարությունները, արտգործնախարարությունները, դեսպանությունները, միջազգային կազմակերպությունները և այլն: Օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները, գլոբալ կոմունիկացիաները, լրատվական միջոցները, հեռուստատեսությունը, համացանցը, հասարակական, կրոնական և այլ բազմաթիվ կազմակերպություններն ու կառույցները` պրոֆեսիոնալ դիվանագետները հանդես են գալիս տեղեկատվական պատերազմների կազմակերպիչների և իրագործողների դերում: Այդ է վկայում հետմիաբևեռ աշխարհում այսօր տիրող քաղաքական բարդ իրադրությունը, հատկապես Ուկրաինայում, Մեծ Մերձավոր Արևելքում, Կովկասում և այլ տարածաշրջաններում: Ավելին` ժողովրդավարական դիվանագիտության ընձեռած հնարավորություններն օգտագործվում են ահաբեկչության, ռասիզմի գաղափարախոսության, թմրանյութերի տարածման և այլ վտանգավոր նպատակներով: Արդեն ասվեց, որ ժողովրդավարական դիվանագիտությունն ուղիղ համեմատական է դեմոկրատիայի հետ: Եթե բռնապետական համակարգն անարդյունավետ է օգտագործում ժողովրդավարական դիվանագիտության հնարավորություններն արտաքին հարաբերություններում, այն առավել ևս ի վիճակի չէ այդ ուղղությամբ հասնելու հաջողության ներքին քաղաքականության ոլորտում: Վերցնենք ժողովրդավարական դիվանագիտության ամենակարևոր և փորձված ինստիտուտներից մեկը` պառլամենտը: Դեռ հին հույներն էին հասկացել պառլամենտի կարևորությունը դիվանագիտական հարաբերություններում և այդ պատճառով նրա միջոցով էին լուծում իրենց արտաքին քաղաքականության շատ հարցեր` դեսպանների նշանակում և հետկանչում, քաղաքական և ֆինանսական հաշվետվություն, միջպետական պայմանագրերի ստորագրում ու հաստատում և այլն: Այսօր էլ շատ երկրներ (ԱՄՆ` Կոնգրես, Անգլիա` Պառլամենտ` Ռուսաստան` Դումա) կարևորում են պառլամենտական դիվանագիտությունը` որպես պետության դիվանագիտության վերահսկողության, հաշվետվության փորձված ու արդյունավետ մեխանիզմ: ՀՀ-ում ժողովրդավարական դիվանագիտության այդ կարևորագույն ինստիտուտը, դժբախտաբար, անտեսված է:

Եվ վերջինը` դասական դիվանագիտության և ժողովրդական դիվանագիտության փոխկապակցվածության մասին: Մի շարք հեղինակներ` Է.Սատոու, Հ.Նիկոլսոն, Ու.Զերտման, Մ.Բերման և ուրիշներ, այն կարծիքն են հայտնում, որ դիվանագիտությունը հասնում է իր նպատակին և արդյունավետ է, եթե գործում է գաղտնապահության պայմաններում: Մենք միանգամայն համամիտ ենք այս տեսակետի հետ, որ, բանականաբար, ջրբաժան է անցկացնում դասական դիվանագիտության ու ժողովրդավարական դիվանագիտության միջև, որի հիմնական պայմանը թափանցիկությունն ու հրապարակայունությունն է: Մենք պարզապես հանդես ենք գալիս ոչ թե դիվանագիտական և բանակցային գործընթացներին հասու լինելու և գաղտնիքներին տեղեկանալու դիրքերից, այլ պահանջում ենք ծանոթություն արդյունքների և վերջնական փաստաթղթերի հետ: Այլ կերպ ասած՝ առաջարկում ենք իմանալ, թե ինչ է արվում երկրի դիվանագիտության ոլորտում, այլ ոչ թե ինչպես է արվում, որը միանգամայն օրինական պահանջ է հարկատուների կողմից: Իսկ երբ պետության արտգործնախարարությունը հրաժարվում է այս տրամաբանական հարցին պատասխանել` ծագում է երկու կարծիք. ա) դիվանագիտական ծառայությունն ի վիճակի չէ կատարել իր վրա դրված պարտականությունները, բ) դիվանագիտական ծառայությունն իր անկարողությունը փորձում է թաքցնել գաղտնապահության քողի տակ, որն արհեստածին է և շինծու:

1Зонова Т.В., Дипломатия, Модели, формы, методы, изд. Аспeкт Пресс, Москва, 2013, с. 170.

Սեպտեմբեր, 2014թ.

«21-րդ ԴԱՐ» N 6, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր