
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԻՋԱՆՑՔԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ (SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)

Արմեն Մանվելյան
Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ, պ.գ.թ.:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը ռազմաքաղաքական նոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում, ինչն արտահայտվում է Իրանի հետ կապված էներգետիկ և տրանսպորտային ծրագրերի նկատմամբ հետաքրքրության վերականգնմամբ: Եթե նախկինում Հյուսիս-Հարավ կոչվող ծրագիրը պատժամիջոցների հետևանքով թվում էր անիրականանալի, ապա այսօր տարածաշրջանում սկսվում է նոր մրցակցություն, որի նպատակն է այդ միջանցքում կարևոր տեղ զբաղեցնել, ինչը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական դիվիդենտներ կբերի հիմնական խաղացողներին:
Հյուսիս-Հարավ միջանցքի իրականացման գործընթացում կարևոր տեղ է զբաղեցնում էներգետիկ միջանցքի կառուցման, հատկապես էլեկտրաէներգիայի տարանցման հարցը, ինչը ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանի պետությունների համար:
Սկսվում է նոր մրցակցություն, որտեղ միմյանց են բախվում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի շահերը: Հստակ է, որ վերջինս այս ծրագրում իր ակտիվացումը դիտարկում է նաև Հայաստանին մեկուսացնելու իր քաղաքականության շրջանակներում:
Ակտիվություն Հյուսիս-Հարավ էներգամիջանցքում
Վերջին մեկ տարվա ընթացքում թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանն ակտիվացրել են հարաբերություններն Իրանի և Ռուսաստանի հետ՝ անցկացնելով մի շարք համատեղ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում և կնքվում են պայմանագրեր՝ եռակողմ կամ քառակողմ ձևաչափով գործընթացին մասնակցելու համար: Այսպես, 2015թ. հոկտեմբերի 30-ին Մոսկվայում հանդիպեցին Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները, որոնք քննարկեցին էլեկտրաէներգիայի փոխանակման հիմնախնդիրները1: 2015թ. դեկտեմբերի 23-ին Երևանում կայացավ քառակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի («Ռուսական ցանցեր» ընկերության, ՌԴ էներգետիկայի նախարարության ներկայացուցչի), Վրաստանի և Իրանի էներգետիկայի նախարարների մասնակցությամբ: Հանդիպման արդյունքում կնքվեց փոխհամաձայնության հուշագիր, որով կողմերը հայտարարեցին էլեկտրաէներգիայի փոխանակման շուրջ քննարկումներ սկսելու մասին2:
Ձևավորվող նոր մրցակցությունում իր դիրքերն ամրապնդելու համար 2016թ. փետրվարին Իլհամ Ալիևն այցելեց Թեհրան, որտեղ, ըստ Բաքվի տվյալների, քննարկվեց 2016թ. ընթացքում ավարտին հասցնել Աստարա (Ադրբեջան) – Աստարա (Իրան) երկաթգիծը և սկսել համագործակցություն էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրերով, ինչպես նաև համաձայնագիր ստորագրվեց Արաքս գետի վրա «Հուդաֆերին» և «Գազ Գալասի» կոչվող հիդրոկայանների կառուցման և համատեղ շահագործման շուրջ3: Սա, թերևս, կողմերի առայժմ միակ գործնական համաձայնագիրն էր, որը կնքվել է նրանց միջև:
Ապրիլի 7-ին Բաքվում հանդիպեցին Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները, քննարկվեցին Հյուսիս-Հարավ միջանցքի ծրագրի իրականացման շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու հարցերը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Մի քանի օր անց` ապրիլի 13-ին, Երևանում հավաքվեցին չորս պետությունների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները։ Քննարկման հիմնական թեման էր էներգետիկ համագործակցությունը և հատկապես Հյուսիս-Հարավ էլեկտրահաղորդման համակարգի հիմնումը, ինչի շուրջ համագործակցությունն արդեն իսկ ընթանում է ոչ միայն քառակողմ, այլև երկկողմ ձևաչափերով` Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան4։
Երևանյան հանդիպումը, ի տարբերություն Բաքվի եռակողմ հանդիպման, աչքի ընկավ գործնականությամբ, մասնավորապես՝ բանակցությունների վերջում կողմերը ստորագրեցին Հյուսիս-Հարավ էներգետիկ համագործակցության ճանապարհային քարտեզը, հանդիպման արձանագրությունը և փոխըմբռնման հուշագիր։
Այս հանդիպումների ժամանակ կողմերը քննարկել են այն պայմանները, որոնք կնպաստեն չորս պետությունների էներգետիկ համակարգերի միավորմանը, փոխադարձ հոսքերի կարգավորմանը և կառավարմանը, ինչպես նաև արդյունավետության, անվտանգության և հուսալիության հարցեր։ Հանդիպման ժամանակ դիտարկվել է նաև ստեղծված համակարգող խորհրդի գործունեությունը, նախանշվել են դրա հետագա քայլերը։
Նշենք, որ ըստ ճանապարհային քարտեզի՝ նախատեսվում է 2018թ. շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կվ լարման բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչը հնարավորություն կտա Հայաստանին սինքրոնացնել իր էներեգետիկ ցանցի գործունեությունը Վրաստանի համակարգի հետ և ապահովել մինչև 350 մվտ հզորության էլեկտրաէներգիայի փոխանակումն առաջին շրջանում՝ մինչև 2021թ. 700 մվտ հասցնելու հնարավորությամբ։ Զուգահեռաբար, արդեն 2018թ. նախատեսվում է շահագործման հանձնել նաև Հայաստան-Իրան 400 կվ լարման բարձրավոլտ 3-րդ գիծը, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը մինչև 1200 մվտ5:
Հայաստան-Ադրբեջան մրցակցությունը և դրա ռազմավարական հեռանկարները (SWOT վերլուծություն)6
SWOT-ը ռազմավարական վերլուծության մեթոդոլոգիա է, որը վեր է հանում տվյալ գործընթացում առկա ուժեղ և թույլ կողմերը (strengths and weaknesses), հնարավորություններն ու վտանգները (opportunities and threats), որոնք գնահատվում են համապատասխանաբար ներքին և արտաքին միջավայրի ուսումնասիրությամբ: Նշենք, որ SWOT ծրագիրը որոշումների կայացման և ռազմավարական պլանավորման մեթոդոլոգիա է:
Նշված մեթոդոլոգիայով ներքին և արտաքին միջավայրերի վերլուծության նպատակն է վերհանել որոշակի ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը, գնահատել տվյալ ծրագրում պետության ներուժը և ընդգծել թույլ կողմերը, նպաստել պետության հնարավորությունների ընդլայնմանը և սպառնալիքների չեզոքացմանը, ինչպես նաև գնահատել արտաքին միջավայրում պետության մրցակցային հնարավորությունները և ընդգծել շահերը:
Մեթոդոլոգիայի աշխատեցման քայլերը.
- արտաքին և ներքին միջավայրի վերլուծություն,
- SWOT մատրիցայի ռազմավարությունների վերլուծություն և համապատասխան վերլուծական նյութի պատրաստում,
- գործողությունների ծրագրերի մշակում:
Եվ այսպես, որպես առաջին քայլ պետք է նախանշենք ստեղծված իրավիճակը և արտաքին ու ներքին միջավայրի վերլուծությունը:
Այս վերլուծության համար հարկավոր է ուշադրություն դարձնել տնտեսական, քաղաքական, սոցիալ-մշակութային, տեխնոլոգիական խնդիրների վրա, որոնք առկա են ներքին և արտաքին միջավայրերում:
Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի համար տվյալ ծրագրի իրականացման համար կարևոր է համագործակցությունն Իրանի և Ռուսաստանի հետ, ինչպես նաև Վրաստանի ներգրավվածությունը նախագծում: Եթե այս խնդիրները դիտարկենք առանձին-առանձին, ապա կունենանք հետևյալ պատկերը.
Հայաստան- արտաքին միջավայր.
- տնտեսական գործոն` էներգետիկ ներգրավվածություն և այդ հարցում համագործակցության փորձ թե՛ Իրանի և թե՛ Ռուսաստանի, ինչպես նաև Վրաստանի հետ,
- քաղաքական` ռազմավարական-դաշնակցային և ռազմավարական-գործընկերային (քաղաքական) հարաբերություններ համապատասխանաբար Ռուսաստանի և Իրանի, ինչպես նաև բարիդրացիական հարաբերություններ Վրաստանի հետ,
- սոցիալ-մշակութային` վերջին 200 տարում ձևավորված և ամրապնդված մշակութային հարաբերություններ Ռուսաստանի և նոր ձևավորվող, բայց պատմական երկարատև փորձ ունեցող հարաբերություններ Իրանի հետ, ավանդական հարաբերություններ Վրաստանի հետ,
- տեխնոլոգիական` էլեկտրաէներգիայի փոխանակման և տարանցման համակարգերի ու բարձրավոլտ էներգետիկ ցանցերի կառավարման հմտություններ, փորձ և համապատասխան տեխնոլոգիաներ (դեռ ԽՍՀՄ տարիներին ՀԽՍՀ-ն հանդիսանում էր տարածաշրջանում էլեկտրաէներգիայի բաշխման և տարանցման հիմնական կենտրոնը):
Ադրբեջան-արտաքին միջավայր.
- տնտեսական գործոն` էլեկտրաէներգիայի տարանցման հարցում նոր ձևավորվող հարաբերություններ Ռուսաստանի և Իրանի հետ, մրցակցային կողմերի հետ հատկապես նավթի և գազի արտահանման շուկաներում ու տարանցման հարցում,
- քաղաքական` ռազմավարական գործընկերային և գործընկերային (տնտեսական) հարաբերություններ համապատասխանաբար Ռուսաստանի և Իրանի հետ,
- սոցիալ-մշակութային` կրոնական և սոցիալ-մշակութային ընդհանրություն Իրանի (խորքային հակասություններ շիա իսլամի տարածման հարցում) և մշակութային որոշակի հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ ձևավորված հատկապես ԽՍՀՄ գոյության տարիներին,
- տեխնոլոգիական` էլեկտրաէներգիայի փոխանակման հարցում աշխատանքային ոչ մեծ փորձ, համապատասխան կադրերի բացակայություն, սակայն ֆինանսական նախընտրելի հնարավորություններով:
Վերլուծության այս մասի իրականացման համար հարկավոր է ներգրավել համապատասխան փորձագետներ նյութերի հավաքագրման, հետազոտության իրականացման և առաջադրանքների բաշխման համար, SWOT մատրիցայի յուրաքանչյուր դաշտում զուգորդությունների դիտարկում, առանձնացում և վերլուծություն:
Արտաքին և ներքին միջավայրում առկա և ձևավորվող իրավիճակի դինամիկան ու փոփոխությունները հնարավոր է հասկանալ միայն այս սկզբունքների հաշվառման, համեմատական վերլուծության և շարժման դինամիկան հասկանալու դեպքում, իսկ դրա համար հարկավոր է առանձին-առանձին վեր հանել դրանք թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի դեպքում:
Ծրագրի իրականացման վրա ազդող հիմնական գործոնները
SWOT մատրիցայի ստեղծման նպատակն է` առաջնահերթ խնդիրների դուրսբերումը և դասակարգումը։ Այն թույլ է տալիս նաև գնահատել, թե արդյոք ռազմավարության մեջ արդյունավետ են կիրառվում ուժեղ կողմերը, մրցակցային առավելությունները և հնարավորությունները, արդյոք ուժեղ կողմերն օգտագործում են հնարավորություններն առավել մեծացնելու համար, որոնք են թույլ կողմերը, և ինչ փոփոխություններ պետք է իրականացնել սպառնալիքները չեզոքացնելու համար:
SWOT վերլուծությունում առկա չորս կողմերի գնահատումից հետո պետք է հասկանալ, թե ինչպես են դրանք միմյանց լրացնում և, ասենք, ինչպես է հնարավոր չեզոքացնել կամ նվազեցնել թույլ կողմերն ու սպառնալիքները, և հակառակը՝ հզորացնել ուժեղ կողմերը և հնարավորությունները։ Այս համեմատությունը հնարավորություն կտա իրականացնել՝
- գործող ռազմավարությունների վերագնահատում, համապատասխան ուղղությունների մշակում,
- ռազմավարական պլանավորման մոդելի ներառում և արտաքին ու ներքին միջավայրի վերլուծություն,
- մրցակցային միջավայրի գնահատում` ռազմավարության և մարտավարությունների մշակում արտաքին միջավայրի զարգացման տարբեր սցենարների կառուցման միջոցով:
Վերը նշված աղյուսակներից դատելով՝ Հյուսիս-Հարավ էներգամիջանցքի շուրջ ընթացող բանակցություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Վրաստանը, որը միաժամանակ և՛ թուլացնում, և՛ ուժեղացնում է ծրագիրն ու նրա մասնակիցներին, հիմնական խնդիրն այն է, թե ինչպես օգտագործել այդ գործոնը Հայաստանի դիրքերի ամրապնդման համար:
Վրաստանի դուրսմղում ծրագրից, ինչն առկա է Ադրբեջանի հետ համագործակցության դեպքում, թուլացնում է այդ նախագծի տարածաշրջանային նշանակությունը:
Թե՛ Իրանը և թե՛ Ռուսաստանը տվյալ ծրագրի իրականացումը դիտարկում են նաև աշխարհաքաղաքական ազդեցության տարածման հարթությունում ևս, հետևաբար՝ առանց Վրաստանի վերջիններիս համար այն դառնում է ոչ լիարժեք:
Միայն Հայաստանի հետ համագործակցությամբ վրացական գործոնը սկսում է աշխատել:
Հայաստանը ձեռք է բերում տարածաշրջանային-ռազմավարական նշանակություն Իրանի ու Ռուսաստանի համար՝ Հյուսիս-Հարավ էներգամիջանցքին ռազմավարական-տարածաշրջանային նշանակություն տալու, հատկապես Վրաստանի հետ խորքային համագործակցության առումով:
Ամփոփոմ
Կատարված SWOT վերլուծությունն ամբողջական չէ, սակայն նույնիսկ այս դիտարկման արդյունքում կարելի է նկատել կողմերի տնտեսական և քաղաքական շահերն ու ռազմավարական հեռանկարները ծրագրի իրականացման համար։ Թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը պայքարում են ծրագրում առանցքային տեղ զբաղեցնելու համար, սակայն վերջինների ուժեղ ու թույլ կողմերի հաշվառմամբ կարելի է նկատել, որ իրականության մեջ ծրագրի հիմնական կողմ հանդիսացող Ռուսաստանը և Իրանը հավասարապես պետք է շահագրգռված լինեն թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի հետ աշխատելու առումով։ Սակայն՝
- ծրագրում Վրաստանի ներգրավման քաղաքականության պայմաններում Հայաստանի դերը դառնում է նախընտրելի, ինչը հնարավորություն է տալիս պնդել, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ այն կարելի է կոչել հիմնական,
- Հայաստանը պետք է շեշտադրի էներգետիկ համագործակցության իր հարուստ փորձը թե՛ Ռուսաստանի և թե՛ Իրանի հետ հարաբերություններում, ինչն աննախադեպ է տարածաշրջանում,
- ներքին քաղաքական-տնտեսական կայունությունը նույնպես Հայաստանի առավելություններից մեկն է,
- էլեկտրաէներգիայի հոսքերի փոխանցման, տարանցման ու բաշխման գործընթացի կառավարման փորձը և համապատասխան տեխնոլոգիանների առկայությունը նույնպես այն առավելություններից են, ինչը շեշտում է Հայաստանի դերը։
SWOT վերլուծության համար պետք է իրականացնել շարունակական ուսումնասիրություն, ինչը հնարավորություն կտա շեշտել սկսված մրցակցության մեջ Հայաստանի ռազմավարական և մարտավարական առավելությունները, մրցակցի թույլ կողմերը և վտանգները, ինչը հիմք կհանդիսանա համապատասխան քաղաքականության մշակման համար։
1 Россия, Азербайджан и Иран планируют синхронизировать энергосистемы, http://pcsu.ru/%D1
2 Քառակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի մասնակցությամբ, http://www.minenergy.am/article/520 23.12.2015
3 Баку и Тегеран наращивают энергообмен — СМИ, http://eurasnews.ru/turtsiya
4 Երևանում հանդիպել են ՀՀ, ՌԴ, Իրանի և Վրաստանի էներգետիկայի նախարարները, http://www.verelq.am/hy/node/7430
5 Նույն տեղում։
6 SWOT վերլուծություն իրականացնելիս հեղինակն օգտվել է պ.գ.թ. Դ.Մանասյանի մշակումներից։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ[21.05.2020]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ[25.12.2018]
- ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ[23.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ[08.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ[18.09.2018]
- ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[06.07.2018]
- «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ[25.05.2018]
- ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[07.05.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[15.12.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)[03.11.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)[27.07.2017]