• am
  • ru
  • en
Версия для печати
25.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ

Руский

   


Արմեն Մանվելյան
, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, էներգետիկ աշխարհաքաղաքականության և անվտանգության մասնագետ

1. Հարավային Կովկասում ձևավորված էներգետիկ անվտանգության համակարգերը. ընդհանրություններ և տարբերություններ

Հետխորհրդային շրջանում Հարավային Կովկասում ձևավորվել է էներգետիկ անվտանգության երկու համակարգ, որոնք ստեղծվել են տարբեր խնդիրների լուծման համար։ Մի համակարգը կարելի է կոչել տարածաշրջանային, որտեղ ընդգրկված են Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև մասամբ Թուրքիան, որի հիմնական նպատակն է ադրբեջանական էներգակիրների արտահանումը դեպի Արևմուտք, երկրորդ համակարգ լուծում է շատ ավելի տեղային խնդիր՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության համակարգի պահպանումը։

Թե՛ Ռուսաստան-Հայաստան և թե՛ հետագայում կառուցված Իրան-Հայաստան գազատարները նախատեսված են ՀՀ-ում և Արցախում էներգետիկ անվտանգության համակարգի մակարդակի բարձրացման համար։ Նույն խնդրի լուծմանն են ուղղված նաև Մեծամորի ատոմակայանը և կառուցված ու կառուցվող ջերմա- և հիդրոկայանները։

Համագործակցությունը վերը նշված երկու համակարգերի միջև համարյա հավասար էր զրոի, քանի որ ի սկզբանե տարբեր նպատակ էր հետապնդում. առաջին դեպքում մաս կազմել էներգակիրների տարանցման գործընթացին և այսպիսով ապահովել նաև սեփական էներգանվտանգության համակարգը, երկրորդ դեպքում, դուրս լինելով տարանցիկ ուղիներից՝ վերածվել էներգասպառման կարևոր բաղկացուցչի և ապահովել սեփական էներգետիկ անվտանգության համակարգի մակարդակը՝ խուսափելու համար էնեգաճգնաժամներից։

Ինչպես ցույց տվեց վրաց-ռուսական հակամարտությունը, էներգանվտանգության հայկական համակարգը բավական կենսունակ է, և որոշակի թերությունների վերացման դեպքում այն կարող է լինել բավական կայուն։ Հնգօրյա այդ կոնֆլիկտի ժամանակ հիմնական խնդիրն առաջացավ բենզինի մատակարարման հարցում, սակայն այդ հարցը կարճ ժամանակ անց հնարավոր եղավ լուծել՝ բենզինի և դիզվառելիքի մատակարարումներ կազմակերպելով Իրանի Իսլամական Հանրապետությունից։

2. Էներգետիկ աշխարհաքաղաքական շահերը և Կովկաս-կասպյան տարածաշրջանում մեծ տերությունների դերակատարությունը

Էներգանվտանգության նշված համակարգերի ձևավորումը պայմանավորված էր ոչ միայն առկա հակամարտություններով, ինչն անհնար էր դարձնում ՀՀ համագործակցությունը էներգակիրներով հարուստ Ադրբեջանի հետ, այլև մեծ տերությունների շահերով, որոնք ԽՍՀՄ քայքայումից հետո ակտիվորեն ներգրավվեցին տարածաշրջանում ընթացող գործընթացների մեջ։

Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի համար տարածաշրջանը հետաքրքիր էր որպես տրասնպորտային միջանցք առաջին հերթին դեպի Կենտրոնական Ասիա, որն իր աշխարհագրական դիրքով աշխարհառազմավարական նշանակություն ունի վերջինիս համար։ Պակաս կարևոր չէր նաև էներգակիրների առկայությունն այդ տարածաշրջանում։

Հետագայում էներգակիրների գների կտրուկ բարձրացման շրջանում առաջնային դարձավ նաև էներգետիկ բաղկացուցիչը, և տարածաշրջանը սկսեց դիտարկվել որպես դեպի Արևմուտք Ադրբեջանի և ապա՝ Կենտրոնական Ասիայի էներգակիրների արտահանման կարևորագույն ուղի։

Ռուսաստանի համար Հարավային Կովկասը նախ դիտարկվում է որպես անվտանգության կարևորագույն տարածք, որտեղ արևմտյան տերությունների ակտիվությունը գնահատում է որպես սպառնալիք իր շահերին։ Ռուսաստանը նույն կերպ անվտանգության կարևոր բաղկացուցիչ էր դիտարկում նաև Կասպից ծովի ավազանը։

Կովկաս-կասպյան տարածաշրջանի նկատմամբ իր քաղաքականությունը մշակելիս ԱՄՆ-ը առաջին հերթին շարժվում էր էներգետիկ աշխարհաքաղաքականության հայտնի սկզբունքով՝ վերահսկել էներգակիրների ոչ միայն արդյունահանման, այլև դրանց տարանցման ուղիները1։

Տարածաշրջանի նկամամբ ԱՄՆ և Ռուսաստանի մոտեցումների այս տարբերությունները և հակադրություններն ուղղակիորեն ազդում և իրենց հակասությունների մեջ են ներքաշում տարածաշրջանի պետություններին, որոնք շատ դեպքերում հայտնվում են տարբեր ճամբարներում, ինչը խանգարում է նաև հետագա համագործակցությանը։

3. Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը և էներգակիրների ցածր գների ազդեցությունը տարածաշրջանի էներգետիկ և անվտանգային դինամիկայի վրա

Հարավային Կովկասում ընթացող փոփոխությունները պայմանավորված են Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող խորքային ճգնաժամով, որը նախ և առաջ արտահայտվում է Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմներով և դրա շուրջ մեծ տերությունների միջև ծավալվող նոր մրցակցությամբ:

Սակայն էներգետիկ անվտանգության համակարգում առկա փափոխությունները արտահայտվում են երկու երևույթով` միջազգային սակարաններում նավթի գների անկմամբ և Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմամբ:

Ի դեպ, այս երկու գործընթացը կարելի է գնահատել որպես նույն գործողության երկու տարբեր կողմ, որոնք միմյանց հետ կապված են և նպատակ են հետապնդում արմատական փոփոխություն իրականացնել նավթի համաշխարհային շուկայում: Սա էլ իր հերթին էականորնե ազդում է ոչ միայն էներգետիկ անվտանգության գլոբալ, այլև տեղային համակարգերի վրա:

Այս փոփոխությունները հատկապես էական ազդեցություն են գործում Հարավային Կովկասի հանրապետությունների վրա, երբ էներգետիկ համաշխարհային շուկայում նկատելի է դառնում Իրանի դերակատարության աճը, որի ազդեցությունը տարածաշրջանի պետությունների էներգետիկ անվտանգության համակարգերի վրա դեռևս մինչև վերջ ուսումնասիրված և գնահատված չէ:

Իրանի մուտքը Հարավային Կովկասի էներգետիկ շուկա, եթե, իհարկե, այն ճիշտ գնահատվի և օգտագործվի, կարող է էականորեն փոխել այդ դաշտը՝ այն հավասարակշռելով և բարձրացնելով էներգակիրներ սպառող պետությունների դերակատարությունն ու նվազեցնելով նրանց կախվածությունն էներգակիրներ ներկրող հիմնական պետություններից:

4. Էներգետիկ համագործակցության ոլորտում նոր ձևաչափերի ձևավորման օրինաչափությունները

Վերը նշված փոփոխությունները հուշում է, որ էներգակիրներ սպառող պետությունները պետք է մշակեն համագործակցության նոր ձևաչափ, որը կհամապատասխանի և համահունչ կլինի էներգետիկ համաշխարհային շուկայում առկա նոր մարտահրավերներին, որոնք կարելի է ձևակերպել հետևյալ հիմնական ուղղություններով. առաջին հերթին էներգետիկ աշխարհառազմավարական կենտրոնների տեղաշարժով, ինչն արտահայտվում է Մեծ Մերձավոր Արևելքի նշանակության անկմամբ՝ որպես նավթի հիմնական մատակարարի և գնագոյացման քաղաքականության վրա ազդող կարևորագույն տարածաշրջանի:

Բացի այդ, էներգետիկ մատակարարումների հարցում նոր տեխնոլոգիաների կիրառումը, այսպես կոչված վերականգնողական էներգետիկայի զարգացումը, էականորեն ազդում է էներգետիկ հումքի դասական մատակարար պետությունների վարքագծի վրա՝ նվազեցնելով նրանց նշանակությունը որպես էներգետիկ շուկայի հիմնական խաղացողների:

Հիբրիդային և էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների արտադրության կտրուկ աճը և այդ տեխնոլոգիանների էժանացումը սկսում են արմատապես փոխել նաև այդ շուկան՝ շարունակաբար նվազեցնելով նավթ արդյունահանող պետությունների կշիռը մեքենաշինության համաշխարհային շուկայում:

5. Էներգակիրներ սպառող և էներգակիրներ արտահանող պետությունների շահերի բախման օրինաչափության և համագործակցության անհրաժեշտության մասին

Գործուն և արդյունավետ էներգետիկ անվտանգության համակարգերն անհրաժեշտ են ինչպես էներգակիրներ արդյունահանող, այնպես էլ սպառող պետություններին: Եթե առաջինների համար կարևոր են էներգակիրների արտահանման կայունությունը և շուկաների բազմազանությունը, ապա երկրորդների համար էական է ներմուծման նոր աղբյուրների և տարանցիկ ուղիների բազմազանեցումը:

Կարևոր է նաև նոր տեխնոլոգիաների միջոցով էներգատար արտադրությունում էներգակիրների սպառման ծավալների նվազեցումը և առկա միջոցների ավելի արդյունավետ օգտագործումը բարձրացնելու հարցը:

Միջազգային հարաբերություններում արդյունահանող և սպառող պետությունների միջև առկա ու խորացող հակասություններն արտահայտվել են նաև տարբեր միջազգային կառույցների ստեղծմամբ, ինչպես, օրինակ, ՕՊԵԿ-ի (The Organization of the Petroleum Exporting Countries (OPEC)2 և Միջազգային էներգետիկ գործակալության (The International Energy Agency(IEA)3: Եթե առաջինը ստեղծվեց նավթ արտահանող պետությունների շահերի պաշտպանության համար, ապա երկրորդը 1973թ. հայտնի էմբարգոյից հետո նպատակ է հետապնդում պաշտպանել էներգակիրներ սպառող պետությունների շահերը:

Արտահանող և սպառող պետությունների միջև ձևավորված հակասությունները և ընթացող հակամարտությունը հաճախ դառնում են վճռական և էականորեն ազդում միջպետական և միջազգային հարաբերությունների վրա: Վերը նշված կառույցներն էներգակիրների բաշխման և այդ բնագավառում նոր տեխնոլոգիաների ստեղծման հարցում ձեռք են բերել կարևոր խաղացողի նշանակություն: Այդ կազմակերպությունների անդամ պետությունների շահերի ընդհանրությունը միջազգային անվտանգության և էներգետիկ անվտանգության հարցերում ստիպում է համատեղել սեփական ջանքերը՝ ստեղծված իրավիճակում առավելագույն օգուտը ստանալու մղումով:

Միջազգային էներգետիկ շուկայում վերջին երկու տարիներին տեղի ունեցող փոփոխությունները մեկ անգամ ևս փաստում են, որ էներգակիրներ արտահանող պետությունները սկսում են կորցնել կարևոր խաղացողի իրենց կարգավիճակը և այն զիջում են նոր տեխնոլոգիաների տիրապետող, սակայն էներգակիրներով աղքատ պետություններին, վերջիններիս նշանակությունը էներգետիկ շուկայում շարունակ աճում է՝ փոխելով միջազգային էներգետիկ շուկայի ընդհանուր պատկերը:

6. Հայաստան-Վրաստան էներգետիկ համագործակցության հեռանկարները և դրանց կարևորությունը տարածաշրջանում ռազմավարական էներգետիկ հավասարակշռության ձևավորման համար

Վերը նշված փոփոխություններն ազդում է նաև մեր տարածաշրջանի վրա, և համեմատելով Հարավային Կովկասում էներգակիրներ սպառող հիմնական պետությունների՝ Վրաստանի և Հայաստանի շահերը էներգետիկ բնագավառում, նկատելի են այն ընդհանրությունները, որոնք հնարավորություն են տալիս կառուցել միասնական մոտեցումներ էներգետիկ անվտանգության հարցում, որոնք հետագայում կարող են հիմք հանդիսանալ ընդհանուր քաղաքականության մշակմանն այդ բնագավառում:

Առաջին նկատելի ընդհանրությունն էներգակիրներ սպառող պետությունների կարգավիճակն է, ինչը նշանակում է, որ էներգետիկ անվտանգության կայուն և ճգնաժամերի դեպքում աշխատող համակարգ ստեղծելու համար երկու պետություններն էլ կարիք ունեն հետևյալ առաջնահերթությունների. առաջին հերթին էներգակիրների ներմուծման աղբյուրների բազմազանեցման, երկրորդ հերթին՝ էներգակիրների ուղիների բազմազանեցման և, վերջապես, պետության ներսում էներգետիկ նոր հզորությունների թողարկման:

Եթե համեմատենք իրավիճակը պետությունների էներգետիկ ոլորտում ձևավորվող ընդհանրությունների առումով, ապա նկատելի է առանձին վերցրած մեկ պետության գերիշխանությունն այդ բնագավառում. Հայաստանի դեպքում դա Ռուսաստանն է, Վրաստանի դեպքում՝ Ադրբեջանը: Նման իրավիճակը խորքային կախվածություն է ստեղծում այդ պետություններից՝ ազդելով ոչ միայն էներգետիկ քաղաքականության, այլև ընդհանրապես պետության անվտանգային համակարգի վրա, ստիպելով վերջիններիս ամեն անգամ հաշվի առնել այդ պետության շահերն իրենց քաղաքականության մեջ:

Նկատելի է նաև, որ երկու պետություններն էլ էներգետիկ կարողությունների հզորացման համար կարիք ունեն էլեկտրաէներգիայի գեներացման նոր հզորությունների շահագործման, որի ամենամատչելի և արդյունավետ ձևերից է նոր ջերմակայանների կառուցումը, ինչը, սակայն, միաժամանակ նշանակում է գազի մատակարարող հիմնական պետություններից կախվածության մեծացում:

7. Էներգակիրներ արտահանող պետությունների թելադրանքից ազատվելու անհրաժեշտության և համագործակցության ձևերի մասին

Վրաստան-Հայաստան էներգետիկ համագործակցության նոր ժամանակաշրջան է սկսվում, որի հիմնաքարը, կարելի է ասել, դրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ4: Համաձայն այդ հուշագրի՝ կողմերը սկսում են էլեկտրահաղորդակցման նոր համակարգի կառուցումը, ինչը հնարավորություն կտա միմյանց կապել չորս պետությունների էներգահամակարգերը:

Այս ծրագրի իրականացումը նպաստավոր պայման է ստեղծում, որ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգահամակարգերն իրար հետ աշխատեն սինքրոն ռեժիմով, ինչն իր հերթին նպաստում է, որ իրականացվեն ներդրումներ էներգետիկ ոլորտի հզորացման և թողունակության բարձրացման համար:

Այս ներդրումների արդյունքում արդեն 2018թ. շահագործման պետք է հանձնվի Հայաստանից Վրաստան և Իրան մինչև 400 կվտ լարման էլեկտրահաղորդագիծ: Այս ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի փոխհոսքերի հզորությունը մինչև 2021թ. դեպի Վրաստան հասցնել 700 մվտ-ի, իսկ դեպի Իրան՝ մինչև 1200 մվտ-ի:

Նշված ծրագրերի իրականացման արդյունքում կստեղծվի հյուսիս-հարավ էներգամիջանցք, ինչն իր հերթին հնարավորություն կտա միաժամանակ աշխատել ԵԱՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ: Չորս պետությունների էներգահամակարգերի միջև համագործակցության ընդլայնումը հնարավորություն է տալիս ձևավորել տարածաշրջանային էլեկտրաէներգիայի շուկա:

Այս ծրագրի իրականացումը տարածաշրջանում աննախադեպ է թե՛ մասշտաբով և թե՛ հատկապես իր հեռանկարով: Սինքրոն աշխատող համակարգերը հնարավորություն կտան նաև էականորեն փոխել էլեկտրաէներգիայի գնագոյացման համակարգը և նույնիսկ նպաստել դրա կայունացմանն ու հնարավոր կորուստների նվազմանը:

Սա հնարավորություն կտա եռապատկել, նույնիսկ քառապատկել գազի ներմուծումն Իրանի Իսլամական Հանրապետությունից, ինչն իր հերթին կնպաստի ՀՀ-ում գեներացնող նոր հզորությունների շահագործմանը:

Ընդհանրապես, Իրանի դերի վերագնահատում պետք է տեղի ունենա՝ որպես տարածաշրջանի էներգետիկ մատակարարման համակարգում Ռուսաստանին և Ադրբեջանին այլընտրանք: Նոր խաղացողի մուտքը և այս հարցում բանիմաց քաղաքականության իրականացումը հնարավորություն կտան վերջինիս հետ իրականացնել ռազմավարական նշանակության ծրագրեր:

8. Ամփոփում (երկկողմ համագործակցության չօգտագործված հնարավորությունները)

Մեծ Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական իրավիճակը` անվտանգային դինամիկայի նվազումը և էներգետիկ շուկայում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունը, հուշում է, որ տարածաշրջանի պետությունները պետք է մշակեն առկա մարտահրավերներին դիմակայելու նոր քաղաքականություն, ինչը հնարավորություն կտա դիմակայել և կայուն պահել անվտանգության համակարգն ընդհանրապես և էներգետիկ համակարգերը՝ մասնավորապես:

Հնարավոր ճգնաժամերի պայմաններում միշտ էլ ամենախոցելին լինում են էներգետիկ համակարգերը, հետևաբար՝ դրանց անվտանգության մակարդակի բարձրացումն առաջնային է ցանկացած պետության համար: Իսկ էներգակիրների ներմուծումից կախում ունեցող այնպիսի պետությունների համար, ինչպիսին են Վրաստանը և Հայաստանը, այս խնդիրներն առավել ևս կարևոր են:

Հետխորհրդային շրջանում Վրաստան-Հայաստան հարաբերություններում էներգետիկ գործոնը միշտ էլ կարևոր տեղ է զբաղեցրել, սակայն, միաժամանակ, չի մշակվել համակարգված քաղաքականություն այս ոլորտում, ինչը հնարավորություն կտա նվազեցել կախումն էներգակիրների ներմուծման պետություններից և դիմակայել առկա մարտահրավերներին:

Կատարվող փոփոխություններն էներգետիկ համաշխարհային շուկայում ընդհանրապես և տարածաշրջանում՝ մասնավորապես, համապատասխան քաղաքական կամքի առկայության պայմաններում լավ հնարավորություն են ստեղծում ընդհանուր շահերին համահունչ քաղաքականության մշակման և իրականացման համար:

1 Malvin A. Conant, Farn Racine Gold, The Geopolitics of Energy. Westview press. Boulder, Colorado. 1978.

2 The Organization of the Petroleum Exporting Countries (OPEC), http://www.opec.org/opec_web/en/

3 The International Energy Agency(IEA), http://www.iea.org/

4 Քառակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի մասնակցությամբ, 23.12.2015, - See more at: http://www.minenergy.am/article/520#sthash.QW7vK4le.dpuf


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր