• am
  • ru
  • en
Версия для печати
11.01.2016

ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ՓՈՐՁ

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ

Ժամանակակից գլոբալացվող աշխարհում, երբ ուժգնանում են միգրացիոն հոսքերը, սփյուռք ունենալը դադարում է լինել առանձին երկրների «մենաշնորհը»։ Աստիճանաբար ավելի է մեծանում այն երկրների թիվը, որոնք ակտիվ աշխատանք են տանում արտերկրի իրենց հայրենակիցների հետ՝ փորձելով, մի կողմից, լուծել վերջիններիս խնդիրները, մյուս կողմից՝ ծառայեցնել նրանց հնարավորություններն իրենց պետական շահերին։

Բացի համեմատաբար փոքր և սահմանափակ ռեսուրսներ ունեցող պետություններից, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանը, Իսրայելը կամ Հունաստանը, սփյուռքի հետ աշխատանքին ավելի մեծ տեղ են հատկացնում այնպիսի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային տերություններ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Լեհաստանը։

Յուրաքանչյուր երկրի պարագայում սփյուռքի հետ աշխատանքը կրում է անհատական բնույթ՝ պայմանավորված տվյալ պետության հնարավորություններով, միջազգային կշռով, նրա ունեցած խնդիրներով ու մարտահրավերներով և բազմաթիվ այլ գործոններով։ Այլոց փորձի ուսումնասիրությունը կարևոր է սփյուռքի հետ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Այդ կերպ հնարավոր է ուրիշների փորձից փոխառել բազմաթիվ օգտակար տարրեր։ Խոսքը վերաբերում է ոչ թե այլոց փորձի արհեստական տեղայնացմանը, այլ դրա հաշվառմամբ սեփական հայեցակարգի ու գործողությունների համալիրի կառուցմանը, այլ կերպ ասած՝ այլոց փորձի հարմարեցմանը սեփական առանձնահատկություններին։

Մեզանում հայրենիք-սփյուռք հարաբերություններին առնչվող համեմատական վերլուծությունները կենտրոնանում են հիմնականում իսրայելական, երբեմն էլ՝ թուրքական փորձի դիտարկման վրա։ Հրեական փորձը կարևորվում է Իսրայելի՝ որպես Հայաստանի հետ համեմատելի երկրի հանգամանքով, իսկ թուրքականը՝ այդ երկրի և Հայաստանի միջև ներկայիս բարդ հարաբերություններով ու հակասություններով։ Մինչդեռ սփյուռքի հետ աշխատանքի այլ երկրների փորձը (Ռուսաստան, Չինաստան, Իրան, Լեհաստան և այլն) հիմնականում անտեսվում է, կամ դրան տրվում է երկրորդական նշանակություն, ինչը կարելի է համարել սփյուռքագիտության ոլորտում մեզանում առկա բացերից մեկը։

2015թ. նոյեմբերի 5-6-ը Մոսկվայում տեղի ունեցավ Արտերկրում բնակվող հայրենակիցների 5-րդ համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցեցին նաև Ռուսաստանի բարձրագույն աշխարհիկ և հոգևոր իշխանությունների ներկայացուցիչները։ Այն պատեհ առիթ է ուշադրությունը հրավիրելու սփյուռքի հետ աշխատանքի ռուսական փորձի վրա և որոշակի համեմատութուններ անցկացնելու հայկականի հետ։

Ռուսական սփյուռքի ընդհանուր բնութագիրը

Ներկայումս աշխարհի 97 երկրում ապրում է մոտ 30 մլն ռուս։ Այս թվաքանակով ռուսական սփյուռքը աշխարհի խոշորագույն սփյուռքերի քառյակի մեջ է։ Անդրադառնալով ռուսական սփյուռքի ընդհանուր բնութագրին՝ հարկ է կենտրոնանալ երեք խնդրի՝ նրա ձևավորման առանձնահատկությունների, կառուցվածքի և կազմակերպական կառույցների վրա։

Ռուսական սփյուռքի ձևավորումը սկսում է 19-րդ դարի վերջից և մեծ թափ ստանում 20-րդ դարում։ Այս գործընթացի վրա էական ազդեցություն է ունեցել երեք խոշոր հանգամանք, որոնք էլ կարելի է դիտել որպես ռուսական սփյուռքի ձևավորման ալիքներ։ Այդ գործոններն են.

1. 1917-1920թթ. քաղաքացիական պատերազմի և դրան հաջորդած քաղաքական բռնաճնշումների հետևանքով միլիոնավոր մարդկանց, այդ թվում նաև ազնվականության (արքայական տոհմի, իշխանական տոհմերի), մտավորականության և զինվորականության հեռացումը երկրից։

2. Խորհրդային Միության փլուզումը 1991թ., որի հետևանքով մոտ 25 մլն էթնիկ ռուսներ հայտնվեցին ռուսական պետության սահմաններից դուրս1։ Հետխորհրդային երկրներում բնակվող ռուսների այս հատվածը կամ մերձավոր սփյուռքը ներկայումս կազմում է ընդհանուր ռուսական սփյուռքի առյուծի բաժինը։ Հենց այս հանգամանքը նկատի ուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ ԽՍՀՄ փլուզումը համարում էր հումանիտար աղետ, որի հետևանքով «ռուս ժողովուրդը դարձավ աշխարհի ամենամեծ մասնատված ժողովուրդը»։

Նորանկախ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական ճգնաժամը 1990-2000-ական թթ., որի հետևանքով նույնպես մեծ քանակությամբ ռուսներ, որոնց թվում՝ գիտության, արվեստի, տնտեսության և այլ ոլորտների կարող ուժեր, բռնեցին գաղթի ճանապարհը՝ հայտնվելով Արևմուտքի զարգացած երկրներում։

Համեմատություն անցկացնելով հայկական սփյուռքի հետ՝ կարող ենք ասել, որ ձևավորման հանգամանքների տեսանկյունից ռուսական և հայկական սփյուռքերի միջև կան ինչպես ընդհանրություններ, այնպես էլ տարբերություններ։ Ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ սփյուռքի ձևավորման վրա ազդեցություն է ունեցել արտագաղթը։ Խոսքը վերաբերում է ինչպես 20-րդ դարի սկզբին քաղաքական բռնաճնշումների հետևանքով մարդկային հոծ զանգվածների հեռանալուն իրենց երկրներից, այնպես էլ նույն դարի վերջին սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական ճգնաժամի հետևանք հանդիսացող արտագաղթին։

Ինչ վերաբերում է տարբերություններին, ապա եթե հայկական սփյուռքի ձևավորումը մեծ հաշվով կապվում է Հայոց ցեղասպանության, իսկ ավելի կոնկրետ՝ Լոզանի պայմանագրի ստորագրման (1923թ. հուլիսի 24) հետ, ապա ժամանակակից ռուսական սփյուռքի ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել խորհրդային կայսրության փլուզումը։ Այսինքն՝ մի դեպքում սփյուռքը ձևավորվել է ցեղասպանության2, իսկ մյուսում՝ կայսրության փլուզման արդյունքում։

Ինչ վերաբերում է կառուցվածքային հարցերին, ապա ռուսական սփյուռքի շերտավորվածությունն առկա է հիմնականում երկու հիմքով՝ տարածքային և էթնիկ։ Տարածքայինը, որը բնորոշ է բոլոր սփյուռքերին, վերաբերում է նրա սփռվածությանն ըստ տարածաշրջանների և առանձին երկրների։

Շերտավորվածության առումով ռուսական սփյուռքի կարևոր առանձնահատկությունը, թերևս, նրա բազմէթնիկությունն է։ Ինչպես Ռուսաստանն է բազմէթնիկ երկիր, այնպես էլ ռուսական սփյուռքը։ Բանն այն է, որ վերջինս ներառում է ոչ միայն էթնիկ ռուսներին, այլև Ռուսաստանի տարածքի հատկապես բնիկ ժողովուրդների (օրինակ՝ թաթարների) այն ներկայացուցիչներին, որոնք ապրում են երկրի սահմաններից դուրս։ Ռուսական պետությունը լուրջ ջանքեր է գործադրում արտերկրում համախմբելու նաև վերջիններիս։ Դրա վառ արտահայտությունը Ռուսաստանի իշխանությունների գործուն աջակցությամբ Թաթարների համաշխարհային կոնգրեսի3 և Թաթարների եվրոպական դաշինքի4 հիմնադրումն էր։

Ռուսական սփյուռքի շերտավորվածությունն արտացոլվում է նաև նրա կազմակերպական կառույցների բնույթով։ Տարածքային հիմքով շերտավորվածությունը կազմակերպական կառույցների մեջ արտահայտվում է տարածաշրջանային և առանձին երկրների մակարդակով ռուսական համայնքները միավորող հաստատությունների գործունեությամբ։ Էթնիկ հիմքով շերտավորվածության մասին նշեցինք Թաթարների համաշխարհային կոնգրեսի օրինակով։

Այնուամենայնիվ, ռուսական սփյուռքը՝ որպես աշխարհի գերտերություններից մեկը հանդիսացող պետության մարդկային ռեսուրս, չի կարող չունենալ նաև իր համասփյուռքյան կառույցները։ Կարելի է առանձնացնել երեք այդպիսի հաստատություն.

1. Ռուս Ուղղափառ եկեղեցին։

2. Ռուսաստանյան հայրենակիցների համաշխարհային համակարգող խորհուրդը։

3. Արտերկրում բնակվող հայրենակիցների համաշխարհային կոնգրեսը։

Վերջինս ավելի շատ խորհրդակցական հարթակ է, որտեղ պարբերաբար հավաքվում են ռուսական սփյուռքի ամենատարբեր հատվածների ներկայացուցիչները և Ռուսաստանի իշխանությունների, հոգևոր ու հասարակական-քաղաքական շրջանակների հետ քննարկում համազգային նշանակության հարցեր։ Արտերկրում բնակվող հայրենակիցների առաջին համաշխարհային կոնգրեսը գումարվել է 2001թ.։ Այս տարի՝ նոյեմբերի 5-6-ը, ինչպես արդեն նշվեց վերը, անցկացվեց 5-րդ համաշխարհային կոնգրեսը։

Ռուսական համասփյուռքյան կառույցների դիտարկումը ցույց է տալիս, որ դրանցում կան ինչպես ավանդական՝ դարեր շարունակ գործող, այնպես էլ ժամանակակից՝ նորագույն շրջանում հիմնադրված, ինչպես հոգևոր-եկեղեցական, այնպես էլ աշխարհիկ հաստատություններ։ Ավանդական և միաժամանակ հոգևոր կառույցը Ռուս Ուղղափառ եկեղեցին է։ Ինչ վերաբերում է վերը հիշատակված կառույցներից մյուս երկուսին, ապա վերջիններս ժամանակագրական առումով նորագույն են, իսկ իրենց բնույթով՝ աշխարհիկ։

Սփյուռքի դերը Ռուսաստանի համար

Թե՛ պատմության ընթացքում, թե՛ ժամանակակից փուլում ռուսական սփյուռքն իր որոշակի դերն է ունեցել հայրենիքի համար։ Խոսքն արտերկրից հայրենի պետությանը սատար կանգնելու, նրա խնդիրների լուծմանը նպաստելու մասին է։ Պատմական կտրվածքով այդ աջակցությունը դրսևորվել է, օրինակ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին արտերկրում բնակվող ռուսների բերած նպաստով հաղթանակի կերտման գործին։

Հարկ է նշել, որ ռուսական սփյուռքի աջակցությունը հայրենիքին հիմնականում կրել է քաղաքական բնույթ, այսինքն՝ դրսևորվել է քաղաքական բնագավառում։ Խոսքը վերաբերում է հիմնականում Ռուսաստանի արտաքին քաղաքականությանն աջակցմանը կամ միջազգային ասպարեզում վերջինիս ռազմավարական շահերի սպասարկմանը։

Արդի փուլում սփյուռքի աջակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը դրսևորվել է ռազմավարական նշանակություն ունեցող հետևյալ հիմնական հարցերում.

1. Ղրիմի հարցում լայն կոնսոլիդացիա՝ Ռուսաստանի քաղաքականությունը պաշտպանելու նպատակով։

2. Պայքար Ռուսաստանի մեկուսացման հաղթահարման համար, որը դրսևորվում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցների դեմ պայքարով։

3. Պայքար տեղեկատվական ասպարեզում՝ ընդդեմ հակառուսական քարոզչության։

Հատկապես երրորդ խնդիրը ռուսական սփյուռքը կարողանում է հաջողությամբ իրականացնել՝ շնորհիվ արտերկրում գործող շուրջ 3000 ռուսալեզու լրատվամիջոցների, որոնք իրենց թիկունքում զգում են հայրենի պետության աջակցությունը։

Ռուսաստանի քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ

Սկզբում ներկայացնենք այն պետական կառույցները, որոնք կոչված են իրականացնելու հարաբերությունները սփյուռքի հետ։ Թեև Ռուսաստանում գոյություն չունի սփյուռքի հետ հարաբերությունների առանձին նախարարություն՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ 2008-ից գործում է Սփյուռքի նախարարությունը, այնուամենայնիվ, այնտեղ էլ այդ հարցը լուծվում է պետական ամենաբարձր մակարդակով։

Սփյուռքի հետ հարաբերությունները Ռուսաստանն իրականացնում է երկու պետական հաստատությունների՝ Արտաքին գործերի նախարարության և Արտասահմանի հայրենակիցների գործերով կառավարական հանձնաժողովի5 միջոցով։ Վերջինս նույնպես ղեկավարում է արտաքին գործերի նախարարը։ Կոմիտեի հիմնական նպատակներն են՝ արտերկրի հայրենակիցների համախմբումը, նրանց խնդիրների լուծումը, նրանց և հայրենիքի միջև հարաբերությունների զարգացումն ու խորացումը և այլն։

Բացի վերոնշյալ հաստատություններից, Ռուսաստանում սփյուռքի հետ հարաբերություններն իրականացնում են նաև տարբեր կարգավիճակ ունեցող մեծ թվով այլ կառույցներ։ Նրանց հիմնական խնդիրն է տարբեր բնագավառներում և խնդիրներում ֆինանսական, իրավական, տեղեկատվական և այլ բնույթի աջակցություն ցույց տալ արտասահմանյան հայրենակիցներին։ Օրինակ՝ «Ռոսսոտռուդնիչեստվո»6 դաշնային գործակալությունը, որը հիմնադրվել է 2008թ., Հայրենակիցների իրավունքների պաշտպանության և աջակցման հիմնադրամը7, որը հիմնադրվել է 2012թ., Արտասահմանյան ռուսալեզու մամուլի հետ համագործակցության հիմնադրամը8, որը հիմնադրվել է 2014թ.։

Փաստորեն, Ռուսաստանում գործում է սփյուռքի հետ հարաբերություններն ապահովող կառույցների լայն ցանց, որն ունի գործառութային հիմքով ներքին տարբերակվածության բավական բարձր աստիճան։ Համընդհանուր գործառույթներ իրականացնող հաստատությունների կողքին, որոնք զբաղվում են սփյուռքի հետ կապված գրեթե բոլոր խնդիրներով, գործում են առանձին ուղղություններով մասնագիտացած ավելի փոքր կառույցներ։

Սփյուռքի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության ռազմավարական խնդիրներն են.

1. Աջակցությունն արտերկրի հայրենակիցների ազգային ինքնության պահպանմանը, որպեսզի վերջիններս չվերածվեն Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի բառերով՝ «ռուսական արմատներով» ֆրանսիացիների, գերմանացիների և ամերիկացիների9։

2. Աշխարհի թեժ կետերում նրանց ֆիզիկական անվտանգության ապահովումը։

3. Նրանց իրավունքների պաշտպանությունը՝ խտրականության, այլամերժության, անհանդուրժողականության դեպքերում, ինչն արդիական է հատկապես Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում, որտեղ հետխորհրդային շրջանում տեղ գտած ազգայնականությունը հաճախ դրսևորվում է հակառուսականության ձևով։

4. Աջակցությունը կամավոր հայրենադարձությանը։

Այս խնդիրների լուծումն իրականացվում է ամենատարբեր եղանակներով, ինչպիսիք են դրամաշնորհների տրամադրումն արտերկրի ռուսական կազմակերպություններին, արտերկրում ռուսական դպրոցների, այլ կրթական հաստատությունների, ռուսալեզու լրատվամիջոցների հիմնումը և դրանց աջակցությունը, տարբեր գիտաժողովների, մշակութային, մարզական, երիտասարդական և այլ միջոցառումների կազմակերպումը և այլն։

Հետևություններ Հայաստանի համար

Ակնհայտ է, որ Հայաստանը ֆինանսական, կազմակերպչական և այլ հնարավորությունների առումով համեմատելի չէ Ռուսաստանի հետ։ Հետևաբար, այն Սփյուռքի հետ գործակցության հարցում չի կարող օգտվել այն հսկայական «զինանոցից», որն ունի վերջինս։ Սակայն այդ «զինանոցում» կան որոշ «գործիքներ», որոնց փոխառումն իրատեսական է և կարող է նպաստել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը։ Այդպիսի գործիքներից կառանձնացնեինք հետևյալ երեքը.

1. Դեպի հայրենիք երիտասարդության այցելությունների կազմակերպումը մրցութային հիմունքներով։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ռուսաստանը պարբերաբար կազմակերպում են սփյուռքի ներկայացուցիչ երիտասարդների ու պատանիների այցելություններ հայրենիք՝ հայրենաճանաչության, փոխադարձ շփումների խրախուսման և այլ նպատակներով։ Ռուսաստանի պարագայում նմանատիպ այցելությունների կազմակերպումն իրականացվում է մրցութային հիմունքներով, այն է՝ կազմակերպվում են ռուսագիտության (ռուսաց լեզվի, պատմության, մշակույթի, գրականության և այլն) ոլորտում մրցույթներ, որոնց արդյունքում հաղթող ճանաչվածների համար որպես խրախուսում կազմակերպվում են այցելություն և էքսկուրսիա հայրենիք։ Կարծում ենք՝ այս փորձի փոխառումը Հայաստանի համար և՛ իրատեսական է, և՛ օգտակար։ Միևնույն է, հնարավոր չէ միաժամանակ կազմակերպել բոլոր սփյուռքահայ երիտասարդների ու պատանիների այցելությունը և շրջագայությունը Հայաստան։ Հետևաբար, նպատակահարմար կլինի ընտրությունն իրականացնել մրցութային հիմունքներով՝ հայագիտության ոլորտում։ Այս կերպ նախ կխթանվի սփյուռքահայ երիտասարդների ու պատանիների կողմից հայրենաճանաչությունը։ Բացի այդ, վերջիններս հայրենիք այցելության կգան ոչ թե զրոյական գիտելիքներով վերջինիս մասին, որպեսզի այստեղ զրոյից սկսվի նրանց հայրենաճանաչությունը, այլ արդեն գիտելիքների որոշակի պաշարով։ Այլ կերպ ասած՝ Սփյուռքում հայրենաճանաչության նախնական փուլը լուրջ հիմք կհանդիսանա հայրենիքում այդ ոլորտի գիտելիքներն էապես հարստացնելու համար և զգալիորեն կբարձրացնի դեպի Հայաստան կազմակերպվող շրջագայությունների արդյունավետությունը։

2. Սփյուռքի թանգարանի հիմնումը։ Ռուսաստանը, բացի արտերկրում բնակվող իր հայրենակիցների հայրենադարձությունից, վարում է նաև մշակութային արժեքների հայրենադարձության քաղաքականություն, որի հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ արտերկրում դրանց գոյությունը վտանգված է։ Այդ նպատակով Ալ. Սոլժենիցինի անվան Ռուսական արտասահմանի տան10 շրջանակներում նախատեսվում է ստեղծել Ռուսական արտասահմանի թանգարան, որտեղ նախատեսվում է հավաքել արտերկրի հայրենակիցներին առնչվող արժեքները՝ սկսած նրանց կողմից ստեղծված արվեստի գործերից (գեղանկարներ, քանդակներ և այլն) մինչև նշանավոր մշակութային և հասարակական-քաղաքական գործիչների կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթերը։ Կարծում ենք՝ իրատեսական և օգտակար է ռուսական օրինակով ստեղծել նաև հայկական սփյուռքի թանգարան։ Այն ոչ միայն կնպաստի արտերկրում վտանգի տակ գտնվող հայկական մշակութային արժեքների հայրենադարձությանը, այլև լուրջ խթան կդառնա Հայաստանում սփյուռքագիտության զարգացման համար։

3. Միջնաժամկետ ծրագրերի մշակում և իրականացում։ Ռուսաստանը սփյուռքի հետ աշխատանքներն իրականացնում է միջնաժամկետ ծրագրերի միջոցով։ Դրանք միջանկյալ օղակ են սփյուռքի նկատմամբ ռազմավարական քաղաքականության և առօրյա գործողությունների միջև։ Հայտնի է այդպիսի երկու ծրագիր։ Առաջինը երկամյա է, իրականացվել է 2013-2014թթ.11։ Երկրորդը եռամյա է՝ նախատեսված 2015-2017թթ. համար12, որի իրականացումն ընթացքի մեջ է։ Կարծում ենք՝ Սփյուռքի հետ աշխատանքներն ավելի պրագմատիկ և կոնկրետ հիմքերի վրա դնելու տեսակետից Հայաստանի համար նույնպես օգտակար կլիներ մինչև 5 տարի ժամկետով միջնաժամկետ աշխատանքային ծրագրերի մշակումն ու իրականացումը։

1 Բացի միգրացիոն հոսքերից, սփյուռքի ձևավորման կարևորագույն գործոն է համարվում նաև կայսրությունների փլուզումը, որոնցից անջատված տարածքների վրա ձևավորվում են նոր պետություններ, իսկ այդ տարածքներում բնակվող նախկին կայսրության տիտղոսակիր ազգի ներկայացուցիչները հայտնվում են էթնիկ փոքրամասնության կարգավիճակում։ Մոտավորապես այդպես է ձևավորվել նաև թուրքական սփյուռքը Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում՝ Օսմանյան կայսրության կործանման հետևանքով։

2 Ցեղասպանության հետևանքով մարդկանց հոծ զանգվածների հայտնվելն իրենց երկրից դուրս միգրացիա անվանելը, կարծում ենք, ճիշտ չէ։

3 http://tatar-congress.org/ru/

4 Տե՛ս http://tatar-congress.org/ru/category/europa/

5 http://government.ru/department/156/events/

6 http://rs.gov.ru/

7 http://pravfond.ru/

8 http://warp.pro/p2.html

9 Слово Святейшего Патриарха Кирилла на V Всемирном конгрессе соотечественников, проживающих за рубежом, http://www.patriarchia.ru/db/text/4265245.html

10 Մշակութային հաստատություն է։

11 http://government.ru/media/files/41d47765c97cffa0b7e1.pdf

12 http://government.ru/media/files/ZXiQGZwhcwc.pdf


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր