
ՍՓՅՈՒՌՔԻ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Վահրամ Հովյան«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ
Սփյուռքի ինքնակազմակերպման գործում կենսական անհրաժեշտություն են կազմակերպական կառույցները, որոնց միջոցով է վերջինս որպես կենդանի օրգանիզմ իրականացնում իր գործունեությունը։ Այս տեսակետից որպես ամբողջ Սփյուռքի ինքնակազմակերպման ինստիտուտ կարևորագույն նշանակություն ունի համազգային կազմակերպության ձևավորումը` ի տարբերություն համայնքային կառույցների, որոնք հանդիսանում են Սփյուռքի առանձին համայնքների ինքնակազմակերպման ինստիտուտներ։
Խնդիրը, բացի Սփյուռքի ինքնակազմակերպումից, կարևոր է նաև Հայաստանի (և ոչ միայն) հետ հարաբերություններում ամբողջ Սփյուռքը ներկայացնելու, նրա ներքին հատվածականությունը (քաղաքական, դավանական և այլ հիմքերով) հաղթահարելու, հայության ներուժը համախմբելու, այդ ներուժն առավել համակարգված ու արդյունավետ օգտագործելու, Հայրենիք-Սփյուռք համագործակցության առավել արդյունավետ ուղիներ մշակելու տեսանկյուններից։ Առանց համազգային կազմակերպության ձևավորման ներկայումս Սփյուռքի որևէ կառույց չի կարող հավակնել ներկայացնել ամբողջ Սփյուռքը, հետևաբար, Հայաստանի (և ոչ միայն) հետ հարաբերություններում չի կարող ունենալ համայն Սփյուռքի անունից խոսելու օրինական և բարոյական իրավունք։ Իսկ հատվածականության հաղթահարման տեսանկյունից համասփյուռքյան կառույցի առկայությունը հնարավորություն կստեղծի, որպեսզի այդ հատվածականությունը վերածվի բազմազանության, որը, զուգակցված միասնականության ոգու հետ, կդառնա Սփյուռքի հզորության և հարստության հիմքը։
Համազգային կառույցի առկայությունը, միաժամանակ, չի նշանակում մյուս կառույցների (կուսակցական, հոգևոր-եկեղեցական, բարեգործական և այլն) գործունեության դադարեցում։ Համազգային կառույցի գործունեությանը զուգահեռ՝ այդ կառույցները կարող են շարունակել իրենց մասնավոր գործունեությունը, ինչը կարող է առողջ մրցակցության հիմք դառնալ նրանց միջև` զարգացնելով և մեծացնելով վերջիններիս և դրանով իսկ՝ համասփյուռքյան ներուժը։ Իսկ համազգային նշանակության հարցերում, միևնույն է, Սփյուռքի բոլոր հատվածները համասփյուռքյան կառույցի ձևաչափով կդրսևորեն իրենց միասնականությունը և համագործակցությունը։
Սփյուռքում համազգային կառույցի ձևավորման խնդիրը հայ հասարակական-քաղաքական շրջանակներում առկա է գրեթե մեկ հարյուրամյակ` հայկական Սփյուռքի ձևավորումից1 ի վեր։ Դեռևս Առաջին աշխարհամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին բռնագաղթած արևմտահայերի կողմից հրավիրված Արևմտահայոց համագումարները կարելի է դիտել որպես Սփյուռքի համազգային կառույցի նախատիպ։ Այդ համագումարներում քննարկվում էին բռնագաղթի ենթարկված արևմտահայությանն առնչվող ամենատարբեր խնդիրներ` սկսած նրանց դրությունը թեթևացնելու նպատակով օգնության կազմակերպումից, վերջացրած նրանց հայրենիք վերադառնալու խնդրով։
Հետագայում` 1920-ական թթ., սփյուռքահայ հասարակական-քաղաքական շրջանակներում շրջանառվել է հայկական ավանդական երեք կուսակցությունների` ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի և ՍԴՀԿ-ի համաձուլման միջոցով Սփյուռքի համազգային կազմակերպության ստեղծման գաղափարը։ Սփյուռքում շրջանառության մեջ է դրվել նաև Համահայկական կոնգրեսի հրավիրման գաղափարը։ Այս գաղափարները, սակայն, լինելով խիստ ընդհանրական, զուրկ են եղել բովանդակային կոնկրետությունից, ինչն էլ, հայկական Սփյուռքում առկա ներքին տարաձայնությունների հետ միասին, խոչընդոտ է հանդիսացել դրանց իրագործման ճանապարհին։
1980-ական թթ. ազգային վերազարթոնքը Հայաստանում, վերջինիս անկախացումը 1991թ., սփյուռքահայ կառույցների գործունեության ծավալումը Հայաստանում, Արցախի ազատագրումը նոր հորիզոններ բացեցին Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների որակն ու մակարդակն էլ ավելի բարձրացնելու համար։ Խնդիր դրվեց ընդլայնել և խորացնել Հայաստան-Սփյուռք համագործակցությունը։ Իսկ այս պայմաններում չէր կարող կրկին օրակարգային չդառնալ համասփյուռքյան կառույցի ստեղծման խնդիրը, որը պետք է ներկայացնի համայն Սփյուռքը հայրենիքի հետ հարաբերություններում։
Հարկ է նշել, որ Սփյուռքում միշտ էլ գործել են մի շարք կառույցներ, որոնք պայմանականորեն կարելի է համարել համազգային կազմակերպություններ։ Այդ կառույցներն են ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը, Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները, ՀԲԸՄ-ն և այլն։ Վերջիններս առանցքային դեր ունեն ինչպես Սփյուռքի ինքնակազմակերպման, այնպես էլ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների կերտման գործում։ Սակայն թվարկված կառույցները համազգային են այնքանով, որքանով նրանց գործունեությունը տարածվում է աշխարհագրական առումով ավելի լայն շրջանակների հայության վրա։ Մինչդեռ գործունեության տարածական ընդգրկումը համազգային կառույցի բնութագրման չափորոշիչներից միայն մեկն է։ Դրանից բացի, կան նաև այլ բնութագրիչներ, որոնք, ցավո՛ք, առկա չեն վերը թվարկված համազգային կառույցներում։ Այդ բնութագրիչների մասին կխոսվի ստորև։
Հարկ է նշել, որ ներկայումս գործող Համաշխարհային հայկական կոնգրես, և Արևմտահայոց համագումար կազմակերպություններն անվանապես համապատասխանում են համազգային կառույցի բնութագրին։ Գործնականում, սակայն, նրանք դեռևս մեծ ճանապարհ ունեն անցնելու իրական համազգային կամ համասփյուռքյան կառույցի վերածվելու համար։
Հետևաբար, ցավով պետք է արձանագրել, որ հակառակ Սփյուռքի տևական գոյությանը, համասփյուռքյան կառույցի ձևավորման և գործառնության հարցը դեռևս սպասում է իր լուծմանը։
Համազգային կառույցի սկզբունքները
Սփյուռքում համազգային կառույցի ձևավորումը և գործունեությունը պետք է հիմնված լինեն որոշակի սկզբունքների վրա։ Կարծում ենք, համասփյուռքյան կառույցի գործունեության հիմքում պետք է ընկած լինեն հետևյալ հիմնարար սկզբունքները.
1. Ներկայացուցչականություն։ Այս սկզբունքը ենթադրում է համազգային կառույցի գործունեության մեջ Սփյուռքի բոլոր հատվածների ներկայացվածություն։ Աշխարհագրական առումով այն ենթադրում է հայկական Սփյուռքի բոլոր համայնքների մասնակցություն համազգային կառույցի գործունեության մեջ։ Կազմակերպական առումով այս սկզբունքը ենթադրում է սփյուռքյան կազմակերպությունների առավելագույն լայն ընդգրկվածություն համազգային կառույցի գործունեության մեջ։ Նվազագույնը Սփյուռքում գործող ամենանշանավոր կառույցները պետք է ներկայացված լինեն այնտեղ։ Դավանական առումով համազգային կառույցի գործունեության մեջ ընդգրկված պետք է լինեն հայության երեք դավանանքային շերտերն էլ` հայ առաքելականները, կաթողիկեները և ավետարանականները։ Կուսակցական տեսանկյունից համազգային կառույցի գործունեության մեջ պետք է ընդգրկվեն Սփյուռքում գործող հայկական երեք ավանդական կուսակցական շերտերն էլ` դաշնակցականները, հնչակյանները և ռամկավարները։
2. Վերկուսակցականություն։ Հայտնի է, որ Սփյուռքում գործող հայկական ավանդական երեք կուսակցությունների` ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի և ՌԱԿ-ի միջև որոշակի մրցակցություն, եթե չասենք՝ պայքար կա, որը դրսևորվում է թե՛ գաղափարական տարաձայնություններով, թե՛ Սփյուռքում իրենց ազդեցության ոլորտն ընդլայնելու համար պայքարով և թե՛ կոնկրետ այս կամ այն խնդրի շուրջ ունեցած հակասություններով2։ Մրցակցությունն ինքնին դրական երևույթ է, եթե կուսակցությունները համազգային նշանակության հարցերում կարողանան պահպանել ազգային միասնության ոգին և գործեն համատեղ։ Համազգային նշանակություն ունեցող հարցերում միասնաբար գործելու լավագույն հարթակի հավակնություն ունի համասփյուռքյան կառույցը։
3. Վերդավանականություն։ Այն, ինչ ասվեց կուսակցությունների մասին, վերաբերում է նաև Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներին։ Բացի այդ, դավանական տարբերությունների կողքին կրոնական` քրիստոնեական, և ազգային ընդհանրությունների շեշտադրումն ու առաջմղումը լուրջ հիմք են կրոնական հանդուրժողականության հաստատման համար։ Ինչպես կուսակցությունների, այնպես էլ հարանվանությունների պարագայում, համահայկական կառույցն այն տեղն է, որտեղ ազգային ընդհանրությունը ստվերում է բոլոր կարգի, տվյալ պարագայում` դավանական կամ հարանվանական տարբերությունները` հիմք հանդիսանալով Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների համագործակցության համար։
Միասին դիտարկելով վերկուսակցականության և վերդավանականության սկզբունքները` կարող ենք ասել, որ խոսքը վերաբերում է սոցիալ-քաղաքական և կրոնադավանական գաղափարախոսություններից վեր կանգնելու մասին, երբ գործ ունենք համազգային խնդիրների լուծման հետ։ Այլ կերպ ասած` համազգային խնդիրների լուծման գործում գաղափարական տարաձայնությունները` սոցիալ-քաղաքական և կրոնադավանաբանական հիմքերով, պետք է երկրորդական պլան մղվեն կամ անգամ անտեսվեն` իրենց տեղը զիջելով ազգայինի սկզբունքին։ Սույն երևույթը նպատակահարմար չէ անվանել վերգաղափարականություն կամ ապագաղափարականություն, քանի որ ազգայնականությունը նույնպես գաղափարախոսություն է, իսկ ազգայինի ջատագովությունը` գաղափարականություն։
4. Գործունեության ոլորտների համընդգրկունություն։ Սույն սկզբունքը ենթադրում է, որ համազգային կառույցը չպետք է սահմանափակվի գործունեության մեկ կամ մի քանի ոլորտներով։ Նրա գործունեության մեջ պետք է ընդգրկված լինեն հայության համար հրատապ հանդիսացող հասարակական կյանքի եթե ոչ բոլոր, ապա գոնե հնարավորինս շատ բնագավառներ` քաղաքական, հոգևոր, մշակութային, գիտական, կրթական, բարեգործական և այլն։ Իհարկե, հայ ավանդական կուսակցությունները, ինչպես նաև Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներն իրենց ենթակա կառույցների միջոցով, բացի քաղաքական և հոգևոր-եկեղեցական ոլորտներից, գործունեություն են իրականացնում նաև գիտակրթական, բարեգործական, մշակութային, մարզական և այլ ոլորտներում, սակայն դա բավարար չէ նրանց գործունեությունը համընդգրկուն որակելու համար։
5. Գործունեության աշխարհագրական համընդգրկունություն։ Այս սկզբունքը նշանակում է, որ համազգային կառույցի գործունեությունը պետք է ծավալվի ողջ հայկական Սփյուռքի, այսինքն` աշխարհի բոլոր երկրների հայ համայնքների վրա։ Այլապես համազգային կառույցի գործունեության տարածական սահմանափակումը մեկ երկրի կամ տարածաշրջանի հայ համայնքների շրջանակներում կզրկի նրան իր համազգային կամ համասփյուռքյան նկարագրից։ Գործունեության աշխարհագրական համընդգրկունությունն ապահովելու համար համազգային կառույցը, բացի կենտրոնական գրասենյակից, մասնաճյուղեր պետք է ունենա ամբողջ աշխարհում։ Այդ կերպ Սփյուռքի համազգային կազմակերպությունը կունենա ցանցային կառույցի բնույթ` սփռված մոլորակի այն բոլոր երկրներում, որտեղ կան հայ համայնքներ։
6. Անկախություն աշխարհի ուժային կենտրոններից։ Իրապես ազգային կառույց լինելու և ազգային շահերին ծառայելու նպատակով համազգային կառույցը պետք է զերծ լինի աշխարհի որևէ գերտերության կամ ուժային կենտրոնի ազդեցությունից։ Ասվածը բնավ չի նշանակում, որ համազգային կառույցը չպետք է համագործակցի կամ շփումների մեջ մտնի աշխարհի գերտերությունների հետ։ Ընդհակառակը, իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով այն, բնականաբար, կարող է համագործակցել աշխարհի տարբեր երկրների, միջազգային կառույցների և քաղաքական այլ սուբյեկտների հետ։
Խոսքն ավելի շուտ վերաբերում է աշխարհի այս կամ այն գերտերության կողմից ստեղծված լինելու և իր գործունեության մեջ նրա կողմից ուղղորդվելու մասին։ Սույն հանգամանքը ոչ միայն վտանգավոր է աշխարհի այս կամ այն ուժային կենտրոնի ձեռքում գործիք դառնալու և նրա շահերին (որոնք կարող են չհամընկնել կամ, ավելին` հակասել Սփյուռքի, Հայաստանի և հայության շահերին) ծառայելու տեսանկյունից, այլև հղի է պառակտիչ ազդեցությամբ, քանի որ նախ` Սփյուռքում հայերն ապրում են տարբեր երկրներում, այդ թվում նաև տարբեր գերտերություններում (ԱՄՆ-ում, Ռուսաստանում, ԵՄ երկրներում) և, բացի այդ, նրանք կարող են ունենալ տարբեր մոտեցումներ աշխարհաքաղաքական խնդիրների վերաբերյալ և տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշումներ։
Ուժային կենտրոնների ազդեցությունից Սփյուռքի համազգային կառույցը զերծ պահելու տեսանկյունից նպատակահարմար է, որ այն ստեղծվի և նրա կենտրոնական գրասենյակը գտնվի աշխարհի որևէ չեզոք երկրում, օրինակ` Շվեյցարիայում, թեև սույն հանգամանքն ինքնին չի երաշխավորում համազգային կառույցի անկախությունը։
Այսպիսով, վերոհիշյալ վեց սկզբունքների հիման վրա համազգային կառույցի ձևավորումը կարող է տեղի ունենալ երկու եղանակով։ Առաջինը` ներկայումս անվանականորեն համազգային կառույց լինելու հավակնություն ունեցող կազմակերպությունները` Համաշխարհային հայկական կոնգրեսը և Արևմտահայոց համագումարը, կարող են որդեգրել վերոհիշյալ սկզբունքները՝ որպես իրենց գործունեության հիմք և դրանով իրապես վերածվել համասփյուռքյան կառույցի։
Երկրորդ ուղին նոր կառույցի ստեղծումն է, որի գործունեության հիմքում ի սկզբանե դրված կլինեն թվարկված վեց սկզբունքները։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հիման վրա նման կառույցի ստեղծման գաղափար հնչեց Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի կողմից։ Առաջարկվեց 2015թ. հիշյալ հանձնաժողովը վերանվանել «Համահայկական խորհուրդ», որը կդառնա համահայկական հրատապ խնդիրների քննարկման մշտական հարթակ։
Կազմակերպական կառուցվածքը
Սփյուռքի համազգային կառույցը պետք է ունենա իր կազմակերպական կառուցվածքը՝ նախագահ, խորհուրդ և գործադիր մարմին, որոնք էլ շարունակաբար և անմիջականորեն կիրականացնեն կառույցի կառավարումը և գործունեությունը։
Այնուամենայնիվ, համազգային կառույցի գլխավոր կազմակերպական մարմինը, ինչպես բնորոշ է խոշոր կառույցներին ընդհանրապես, պետք է լինի նրա համագումարը, որը պետք է հրավիրվի մի քանի տարին մեկ։ Համագումարի գլխավոր խնդիրներն են` ամրագրել կառույցի գործունեության ռազմավարական նպատակներն ու դրանց հասնելու միջոցները, տալ կառույցի միջնաժամկետ (համագումարների միջև ընկած ժամանակահատվածը) գործունեության ամփոփումը կամ գնահատականը, ուրվագծել հետագա միջնաժամկետ գործունեության ուղենիշները (հստակեցնել մարտավարական նպատակները և դրանց հասնելու ուղիները` տարբեր ծրագրեր, միջոցառումներ և այլն), ընտրել կառույցի նախագահ, խորհուրդ և գործադիր մարմին։
Համազգային կազմակերպության կառուցվածքում, հատկապես գործադիր մարմնում, իրենց ուրույն և կարևոր տեղը պետք է ունենան հայության համար հրատապ համարվող հասարակական կյանքի ոլորտներին վերաբերող մասնագիտական հանձնաժողովները` քաղաքական, տնտեսական, բարեգործական, կրթական, մշակութային, մարզական և այլն, որոնք պետք է ուենան իրենց նախագահները և անդամները։ Այս հանձնաժողովները մշտապես պետք է հետևեն իրենց ոլորտներում առկա և առաջացող խնդիրներին, տեղի ունեցող փոփոխություններին և հանդես գան տարբեր խնդիրների լուծման և տարբեր նպատակների իրականացման գործնական առաջարկություններով։ Այս հանձնաժողովների գործունեության շնորհիվ համազգային կազմակերպության կառուցվածքային օղակները` նախագահը, խորհուրդը և գործադիր մարմինը.
• մշտապես իրազեկված կլինեն հայության համար հրատապ բնագավառներում տեղի ունեցող իրադարձությունների և տիրող իրավիճակի մասին,
• կկարողանան ժամանակին և արդյունավետորեն արձագանքել առաջացող մարտահրավերներին և անգամ կանխել դրանք,
• կկարողանան ճիշտ և արդյունավետ որոշումներ կայացնել ու ծրագրեր կազմել տարբեր նպատակային խնդիրների լուծման ասպարեզում և այլն։
Այս ամենի արդյունքում էլ համազգային կառույցը կդառնա Սփյուռքի իշխանությունը, քանի որ նրան բնորոշ կլինեն կառավարական, ներկայացուցչական, օրենսդրական և այլ գործառույթներ։ Իսկ նման կառույցի առկայության պարագայում.
• էապես կբարձրանա Սփյուռքի ինքնակազմակերպման աստիճանը,
• կաճեն նրա գործունեության նպատակամետությունն ու արդյունավետությունը,
• ավելի դյուրին և հստակ կլինեն Սփյուռքի հարաբերություններն ինչպես մայր հայրենիքի, այնպես էլ այլ երկրների և կազմակերպությունների հետ։
1 Թեև դեռևս IV դարից սկսած հայերի պարբերական բռնագաղթերի հետևանքով հայկական գաղթօջախներ աշխարհի տարբեր անկյուններում ձևավորվել են շատ վաղուց, այնուամենայնիվ, ներկայումս գիտական շրջանակներում ընդունված է այն տեսակետը, որ հայկական Սփյուռքը հանդիսանում է Հայոց ցեղասպանության հետևանք։ Ավելի կոնկրետ՝ հայկական Սփյուռքի առաջացումը վերագրվում է 1923թ. հունիսի 24-ին ստորագրված Լոզանի պայմանագրին, որով Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած Անտանտի երկրները «թաղեցին» Հայկական հարցը` խորտակելով Ցեղասպանության ընթացքում հայրենազրկված արևմտահայության հայրենիք վերադառնալու հույսերը։
2 Օրինակ` խորհրդային տարիներին Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և դիրքորոշման, հայրենադարձության և այլ հարցերում:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]