
ՀՀ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
Աննա Ժամակոչյան«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին ներգրավված է ինտեգրման աշխարհաքաղաքական գործընթացներում։ 2010 թվականից ՀՀ-ն մասնակցում էր ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացին, իսկ 2013թ. ՀՀ նախագահը հայտարարեց ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի կազմավորած Մաքսային միությանն (իսկ հետագայում՝ նաև Եվրասիական միությանը) անդամակցելու ՀՀ պատրաստակամության մասին։ Նման իրավիճակում ներհանրային քննարկումները կարևոր են սեփական զարգացման տեսլականի վերաբերյալ մեր պատկերացումները հասկանալու և ճշգրտելու, երկրի ապագայի առնվազն հիմնական ուղղությունների և հիմնարար արժեքների շուրջ հասարակական դաշինք ու պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Հաշվի առնելով հայկական Սփյուռքի գործոնը՝ ներհայաստանյան քննարկումներից բացի, կարևոր են նաև ՀՀ ապագա դիրքի և դերի մասին հայության տարբեր հատվածների տեսակետներն ու դիրքորոշումները։ Սփյուռք-Հայաստան երկխոսության, Հայաստանի ապագայի և քաղաքական հարցերի շուրջ եղած քննարկումներին Սփյուռքի ներգրավվածության ուսումնասիրությունն ակտուալ խնդիր է։ Այս հոդվածում կներկայացնենք Սփյուռքի 18 ԶԼՄ-ի1 ուսումնասիրության2 տվյալների հիման վրա մեր կատարած ընդհանուր դիտարկումները։
ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ Սփյուռքի մեդիա-դիսկուրսում նկատում ենք, որ ՀՀ ինտեգրման գործընթացների մասին քննարկումները հիմնականում հիմնվում են հայաստանյան մեդիա-տարածքում հնչած կարծիքների և մեկնաբանությունների վրա։
Մաքսային, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը սփյուռքյան լրատվամիջոցներում քննվել է ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերով՝ ՀՀ ազգային շահերի, ՀՀ տնտեսական, էներգետիկ ոլորտների և անվտանգության հարցերի վրա ազդեցության տեսանկյուններից։ Հարկ է նշել, որ Սփյուռքի ԶԼՄ-ում Հայաստանի քաղաքական-տնտեսական զարգացումներին նվիրված նյութերում բավական փոքր մաս են կազմում փորձագիտական բնույթի վերլուծությունները։ Ներկայացված հոդվածներն ավելի հաճախ կրում են զուտ նկարագրողական, երբեմն էլ՝ ուղղակի հուզական բնույթ։
Նկատենք, որ անկախ ՀՀ որդեգրած ինտեգրման քաղաքականությանը կողմ կամ դեմ լինելու հանգամանքից, «Մաքսային միությունը»՝ որպես իդեոլոգեմ, մեդիա-տեքստերում, որպես կանոն, կառուցվում է ոչ իբրև հավասարազոր անդամների միավորում հանդիսացող միության գաղափար, այլ ուղղակիորեն ասոցացվում է Ռուսաստանի, երբեմն նույնիսկ ՌԴ նախագահի անձի հետ։ Մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը կողմ և դեմ արտահայտված խմբերի դիսկուրսն առավել հստակ դրսևորվել է մի քանի առանցքային թեմաների՝ ՀՀ և ԼՂՀ անվտանգության, Հայաստանի սոցիալ-տնտեսական դրության/զարգացման (ներառյալ՝ էներգետիկ հարցերի), ՀՀ ինքնիշխանության կորստի մտահոգության շուրջ։
Ընդհանուր առմամբ, ՄՄ-ին անդամակցության որոշումը Սփյուռքի մեդիա-դիսկուրսում դիտարկվում է ոչ այնքան դրական հեռանկարների, որքան չանդամակցության դեպքում առաջ եկող բացասական հետևանքների կասեցման տեսանկյունից։ Այս դրությունը հատկապես ակնառու է ՀՀ և ԼՂՀ «անվտանգության» գաղափարականացված և արժեքայնացված հասկացության դեպքում։ ՀՀ-ի կողմից ՄՄ/ԵՏՄ-ին ինտեգրման գործընթացից հիմնականում ակնկալվում է status quo-ի պահպանում և՛ անվտանգության, և՛ տնտեսական-էներգետիկ ոլորտներում։ Հետևաբար, աշխարհաքաղաքական այսպիսի կուրսի որդեգրումը Հայաստանի համար հաճախ դիտարկվում է իբրև «չարյաց փոքրագույն» տարբերակ։
Ռուսաստանի մեդիա-կերպարը հիմնականում համապատասխանում է «անխուսափելի դաշնակցին», որի հետ Հայաստանի փոխհարաբերությունները խիստ ասիմետրիկ են, և որն իր լծակները հեշտությամբ կբանեցնի՝ ցանկալի արդյունքի հասնելու նպատակով։ Հատկանշական է, որ խաղի կանոնները և սուբյեկտների այսպիսի հարաբերակցությունը փոփոխության ենթակա չեն համարվում։ Հետևաբար, Հայաստանի ռազմաքաղաքական և տնտեսական ապագան դիտարկվում է՝ ելնելով ստեղծված դրությունից և ավելի շատ կապվում է ՌԴ-ի ու նրա կողմից ձեռնարկված նախագծերի հետ։ Իսկ ԵՄ-ի հետ գործընկերությունը դիտարկվում է կամ ոչ իրատեսական-պատրանքային, կամ էլ զուտ մշակութային, քաղաքակրթական, իրավական, սոցիալական, արժեքային զարգացումների տիրույթներում՝ դուրս թողնելով ռազմականը։
Եթե ելնենք ոչ միայն մեր հետազոտած թեմայի վերաբերյալ հոդվածներից, այլև մեդիայի ընդհանուր լուսաբանումից, ապա կարող ենք նշել, որ Սփյուռքի օրակարգը, ձևավորված լինելով Ցեղասպանության հարցի շուրջ, ավանդական Սփյուռքի մեդիայում շարունակում է արտացոլել հենց այս հիմնախնդիրը և հարակից հարցերը: Հիմնականում Թուրքիայի հետ հարաբերություններն են, որ տեղայնացվում են Հայաստան-Սփյուռք ապագայի հեռանկարներում: Հետևաբար, գերակշռող վերլուծական անդրադարձերը հենց այս՝ հայ-թուրքական հարաբերությունների և հնարավոր զարգացումների թեմայով են: Արդյունքում՝ հայաստանյան մյուս՝ ներքաղաքական խնդիրների կամ էլ այլ արտաքին մարտահրավերների հանդեպ Սփյուռքն առավելապես հեռվից դիտարկողի դերում է:
Այդպիսով, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կարծես մնում են Ցեղասպանության, կորսված հայրենիքի, հայկական ավանդական մշակույթի, գենետիկ հիշողության «կաղապար» դարձող շրջանակներում: Միմյանց դիտարկելու այս կառուցվածքները չեն նպաստում հարաբերությունների արդիականացմանը և փոփոխությունները տեսնելուն, որ տեղի են ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի տարբեր հատվածներում։ Միաժամանակ թույլ չեն տալիս ժամանակին շոշափել հասունացող ակտուալ հարցերը և ընդհանուր դիսկուրսիվ դաշտ կառուցել դրանց շուրջ։ Գուցե հենց նույն խնդրի մասին է հուշում այն, որ հետազոտության ընթացքում ընդհանուր առմամբ հաճախ առաջանում էր արխիվային նյութի հետ աշխատանքի զգացողություն։ Այսպես, մոսկովյան «Ноев Ковчег»-ը կիրառում է մեդիա-լեզու, որտեղ առատ է «ուժի» հանդեպ անվերապահ ակնածանքը, առասպելականացված հերոսացումները և «պետք է»-ներով բանաձևումները։ Իսկ ավանդական Սփյուռքի մեդիայում, հատկապես մշակութային և համայնքային ուղղվածության լրատվամիջոցներում, կարող ենք արխիվային նյութի տպավորությանը հանգել, քանի որ անցյալին ուղղված հղումներում ներկայի և անցյալի համատեքստերը հաճախ տարբերակված չեն. պատմությունը չի ներկայացվում իր տեղի և ժամանակի մեջ։ Արդյունքում՝ բազմաթիվ հարցերի շուրջ սփյուռքյան տեսակետները (նաև Հայաստանի ապագայի հեռանկարները) հիմնավորվում են առասպելականացված պատկերացումներով և մնում են զուտ հուզականության տիրույթում: Թերևս, սա ընդհանուր՝ «առասպելական» մտածողության դրսևորումն է, որի ականատեսն ենք լինում նաև Հայաստանում։ Այս առումով ուսումնասիրված մեդիայում ամենից տարբերվողները «Asbarez»-ն է, «Մասիս» շաբաթաթերթը և «Ալիք»-ը, որոնցում առավելապես նորմ է «ռացիոնալ» քաղաքական լեզուն հատկապես ՀՀ ինտեգրման թեմայի առնչությամբ։
Ինչ վերաբերում է ՀՀ ինտեգրման քաղաքականության մասին մեր կողմից հարցված Սփյուռքի 20 փորձագետների կարծիքներին, ապա փորձագետների մեծ մասի համար ցանկալի է համարվում ՀՀ-ի կողմից «խոր համագործակցությունը» և «ոչ լիարժեք անդամակցությունը» թե՛ ՄՄ/ԵՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ։
Հատկանշական է, որ փորձագիտական կարծիքներում ևս նկատելի է արտահայտված դիրքորոշումների և փորձագետների բնակության երկրի միջև կապը։ Մասնավորապես, իրենց կարծիքներով առանձնանում էին ռուսաստանաբնակ/ՌԴ քաղաքացի հայ փորձագետները։ Ելնելով դրանից՝ որոշ հարցեր դիտարկվել են փորձագետների՝ բնակության երկրի հետ ունեցած առնչությամբ։ Օրինակ, ՄՄ/ԵՏՄ-ին անդամակցության հեռանկարում ՀՀ ապագայի գնահատականներում ակնհայտ էր փորձագետների պատկերացումների տարբերակվածությունն ըստ հիմնական բնակության երկրի խմբերի։ Այսպես՝ ընդհանուր մեծամասնության գնահատականներով՝ ՄՄ/ԵՏՄ-ին անդամակցությունից հետո քիչ կամ անհավանական են համարվում Հայաստանի կայուն զարգացած, Սփյուռքի համար բնակության և ներդրումների առումով գրավիչ երկիր դառնալու և ԼՂՀ հարցը հայանպաստ կարգավորելու հնարավորությունները։ Այս դեպքում շատ ավելի նվազ են գնահատվում տարածաշրջանում ազդեցիկ պետություն դառնալու շանսերը, և ճիշտ հակառակը՝ համարվում է, որ մեծ հավանականությամբ երկիրը կմնա միևնույն սոցիալ–քաղաքական իրադրության մեջ։ Մինչդեռ ռուսաստանաբնակ փորձագետներից քչերն են կիսում նշված տեսլականը։ Նրանց ակնկալիքները ՄՄ/ԵՏՄ-ին անդամակցությունից հիմնականում շատ ավելի լավատեսական են։ ՄՄ/ԵՏՄ-ին անդամակցությունից հետո սպասվող ապագա Հայաստանը, ըստ նրանց, ունի հնարավորություններ դառնալու կայուն զարգացած, Սփյուռքի համար բնակության և ներդրումների առումով գրավիչ պետություն, շանսեր ունի հայանպաստ ձևով կարգավորելու ԼՂՀ հարցը, քիչ հավանականությամբ, սակայն սպասվում են նաև սոցիալ-քաղաքական փոփոխություններ։
ՀՀ ինտեգրման գործընթացներին Արևմուտքում գործող Սփյուռքի հանրային գործիչների և փորձագետների հավասարակշռված մոտեցումների մասին են վկայում ոչ միայն մեր հետազոտության տվյալները, այլև նրանց հանրային հրապարակումները։ Ինչպես, օրինակ, 2014թ. հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի ստորագրումից հետո www.TheCaliforniaCourier.com-ի խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը3։ Այստեղ նա ՌԴ-ի հետ ՀՀ հարաբերությունները դիտարկում է եղած «աշխարհառազմավարական և տնտեսական շահերի» ու «իրողությունների» համատեքստում՝ նշելով, որ առկա են «ԵՏՄ-ին Հայաստանի միանալու անհերքելի պատճառներ»։ Այնուհետև նա ավելացնում է. «սակայն ոչ ոք չպետք է եզրակացնի, որ Երևանը պետք է մնա բացառապես Ռուսաստանի տնտեսական գոտում»: Միաժամանակ, Արևմուտքին կոչ է անում հարկային արտոնություններով և այլ խթաններով աջակցել ՀՀ-ին՝ նվազեցնելու իր կախվածությունը Ռուսաստանից. «...ավելի լավ կլինի, եթե արևմտյան երկրները «մտրակի» փոխարեն «քաղցրահաց» օգտագործեն` ուղղորդելով Հայաստանին ավելի հավասարակշռված հարաբերությունների Արևելքի և Արևմուտքի միջև»։
Այսպիսով, ՄՄ/ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ Սփյուռքի մեդիա-դիսկուրսի մի հատվածի ուսումնասիրությունից և առանձին փորձագետների/համայնքային գործիչների հարցումների արդյունքներից հետևում է, որ ՀՀ սոցիալ–տնտեսական վիճակի բարելավման տեսանկյունից Սփյուռքի սպասելիքները մեծ չեն։ Ընդհանուր առմամբ, համարվում է, որ անդամակցությունը կնպաստի status quo-ի պահպանմանը Հայաստանում և տարածաշրջանում, կբարձրացնի ՀՀ անվտանգությունը, ինչը, սակայն, չի ենթադրում էական դրական տեղաշարժ ԼՂՀ հակամարտության վերջնական հայանպաստ լուծման խնդրում։
1 Դիտարկվել են «Ալիք», «Լույս», «Արաքս» շաբաթաթերթ, «Ազդակ», «Արձագանգ», «Gibrahayer» (Armenian-Cypriots) շաբաթաթերթ, «Ազատ օր», «Գանձասար» շաբաթաթերթ, «Եվրոպական անկախ ամսագիր «Օրեր», «Ախալցխայի տեղեկատվական կայք», «Հորիզոն» շաբաթաթերթ, «Ноев Ковчег», «Еркрамас», «Analitikaua.net», «Nouvelles d’Arménie», «Հայրենիք», «Մասիս» շաբաթաթերթ», «Asbarez» լրատվամիջոցները։
2 Ուսումնասիրությունը ներառում է 2013թ. սեպտեմբեր-դեկտեմբերի ընթացքում սփյուռքյան 18 լրատվամիջոցների թեմատիկ հոդվածների քանակական բովանդակային վերլուծությունը, 2014թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին որակական բովանդակային վեր-լուծությունը և Սփյուռքում գործող 20 հայ փորձագետների հետ հեռակա հարցումների արդյունքները։ Այն գրքի տեսքով լույս կտեսնի 2014թ. դեկտեմբերին։ Ուսումնասիրության դաշտային աշխատանքները և առաջնային վերլուծությունն իրականացրել են «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետներ Արփի Մանուսյանը, Դիանա Գալստյանը և Լիլիթ Հակոբյանը։
3 Հոդվածը թարգմանաբար տե՛ս http://www.azatutyun.am/content/blog/26638208.html
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11-12, 2014
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՊՐՈՊԱԳԱՆԴԱ, ԱԳԻՏԱՑԻԱ, ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ ԵՎ ՀԱՄՈԶՈՒՄ[16.07.2015]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[29.07.2013]
- ԶԼՄ ԼՍԱՐԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[20.05.2013]
- ՀՀ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐՆ ԸՍՏ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ[22.03.2012]
- ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԵԴԻԱՏԵՔՍՏԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴ[19.05.2011]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԻՆՖՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ[17.03.2011]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ[05.11.2009]