• am
  • ru
  • en
Версия для печати
29.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

EnglishРуский

   

Աննա Ժամակոչյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ, ավագ փորձագետ

Լիլիթ Հակոբյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Միջմշակութային հետազոտություններն աշխարհում վերջին տասնամյակներին շատ տարածված են դարձել։ Դրանք ձգտում են մեկ ընդհանուր մեթոդաբանության միջոցով ուսումնասիրել աշխարհի տարբեր երկրներ, համեմատել դրանք և որոշել աշխարհի քաղաքակրթական գոտիները, դրանց սահմանները, մերձավորությունն ու հեռավորությունները։ Այսպիսի մեթոդաբանությունների շարքին է պատկանում Երուսաղեմի Եբրայական համալսարանի հետազոտող Շալոմ Շվարցի բազային արժեքների տեսությունը, որը վերջին 20 տարիների ընթացքում բազմաթիվ հետազոտությունների հիմք է հանդիսացել։ Այս մոտեցման մեջ Շվարցն առաջ է քաշել այն միտքը, որ բազային արժեքների հիմքում ընկած են համընդհանուր մարդկային պահանջմունքներ1, և որ հասարակությունների ներսում ուսումնասիրելով բազային արժեքները՝ կարելի է երկրների միջև մշակութային ընդհանրությունների, մերձավորության կամ հեռավորության պատկեր ստանալ։ Շվարցի առանձնացրած տասը բազային արժեքներն են.

• Իշխանություն (Power), սոցիալական կարգավիճակ, իշխանություն մարդկանց և ռեսուրսների նկատմամբ) արժեքի հիմքում ընկած է սոցիալական վերահսկողություն ունենալու նպատակը։

• Ձեռքբերում (Achievement) արժեքի հիմքում ընկած նպատակը անձնային հաջողությունն է, սոցիալական ստանդարտների համապատասխան կոմպետենտության ապահովումը։

• Հեդոնիզմ (Hedonism) արժեքի հիմքում ընկած նպատակը հաճույքը կամ հուզական բավարարվածությունն է։

• Ստիմուլյացիա (Stimulation, խթանում) արժեքի հիմքում ընկած է օրգանիզմի օպտիմալ ակտիվությունն ապահովելու համար նորարարության, փոփոխության բնական-ֆիզիոլոգիական պահանջմունքը։

• Ինքնուրույնություն (Self-Direction) արժեքի դրդապատճառային հիմքն է կազմում վարքի ձևերի, մտածողության և ստեղծագործ ակտիվության ինքնուրույնությունը։

• Ունիվերսալիզմ (Universalism) արժեքի մոտիվացիոն հիմքն են կազմում հասկացումը, հանդուրժողականությունը, մարդկանց և բնության պահպանման ցանկությունը։

• Կամեցողություն (Benevolence) արժեքի հիմքում ընկած է հարազատների բարօրության պահպանումը և ավելացումը։

• Ավանդականություն (Tradition) արժեքի հիմքում ընկած է մշակութային և կրոնական սովորույթների նկատմամբ հարգանքն ու դրանց պահպանումը։

• Կոմֆորմություն (Conformity) արժեքի հիմքում ընկած է սոցիալական սպասումներին հակասող կամ ուրիշներին վնասող գործողությունների զսպումը։

• Անվտանգություն (Security) արժեքի հիմքում ընկած է հասարակության, հարաբերությունների և սեփական անձի անվտանգության և կայունության ապահովումը։

Խմբավորելով և վերլուծելով նշված արժեքների միջին տվյալները՝ Շվարցն առանձնացնում է 7 մշակութային կողմնորոշումներ, որոնցով կազմում է հասարակությունների մշակութային պրոֆիլները և համեմատում դրանք։ Այս 7 մշակութային կողմնորոշումները միմյանց նկատմամբ հակադարձ համեմատական են, և ըստ էության, մեկ առանցքի հակադիր բևեռներ են։ Այսպես, «պատկանելության» (համայնքայնության իմաստով) հակառակ բևեռներն են կազմում «աֆեկտիվ ինքնուրույնությունն» ու «ինտելեկտուալ ինքնուրույնությունը» (վերջիններս կազմում են «ինքնուրույնության» առանձին ինքնաբավ կողմերը)։ «Հիերարխիա» արժեքային կողմնորոշման հակառակ բևեռում է «հավասարությունը», իսկ «ներդաշնակությանը»՝ «վարպետությունը» (տե՛ս Պատկեր 1

Բազմաթիվ երկրներում այս մեթոդաբանությամբ պարբերաբար հետազոտություններ են կատարվում և ազգային մշակույթների համեմատական վերլուծություններ իրականացվում։ Հայաստանում 2010-2011թթ. հետազոտությունն իրականացրել է ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնը, ինչը հնարավորություն է տալիս դիտարկել մեր մշակութային կողմնորոշումներն այլ երկրների համեմատ և տեսնել նրանց նկատմամբ Հայաստանի հասարակության դիրքավորումը։ Հայաստանում կատարված լայնամասշտաբ հետազոտության արդյունքները մշակման փուլում են և շուտով հեղինակների կողմից կներկայացվեն հանրությանը։ Սակայն մինչ աշխատանքների հրատարակումը հետազոտական թիմի ղեկավար, ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանը սիրահոժար ներկայացրել է որոշ արդյունքներ «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցած սեմինարի ժամանակ։

Համաձայն այս հետազոտության արդյունքների, Հայաստանը նշված առանցքներից ավելի մոտ է գտնվում «պատկանելության» և «հիերարխիայի» բևեռներին և գտնվում է «ներդաշնակություն-վարպետություն» առանցքի գրեթե կենտրոնում։ Այս դրությունը նշանակում է, որ Հայաստանի մշակութային հատկանիշներում առավել մեծ տեղ ունեն «սոցիալական կարգի, ենթակայության, ավանդույթների հանդեպ ակնածանքի, հեղինակության, համեստության» արժեքները՝ «լայնախոհության (այլակարծության հանդեպ հանդուրժողության), հետաքրքրասիրության, հաճույքի և բուռն կյանքի» արժեքների համեմատ։ Հայաստանի հասարակությունը գտնվում է «բնության հետ միասնության, աշխարհին խաղաղության» և «հավակնությունների ու խիզախության» արժեքային բևեռների մեջտեղում։ Հետազոտությանը մասնակցած երկրներից Հայաստանին ամենից մոտ է գտնվում Վրաստանը, առավել մոտ են նաև հունական Կիպրոսը, Բոսնիա-Հերցեգովինան, Ֆիլիպիններն ու Բոլիվիան։

Վերոնշյալ առանցքների նկատմամբ երկրների ազգային մշակույթները քարտեզագրելու միջոցով Շվարցն իր մենագրությունում (2008թ.) առանձնացնում է նաև աշխարհի 8 առանձին մշակութային տարածաշրջաններ (տե՛ս Պատկեր 2), որոնք արտահայտում են աշխարհագրական մերձավորությունը, պատմությունը, լեզուն և այլ գործոններ։

Հայաստանն իր մշակութային տեղակայմամբ գտնվում է «Ուղղափառ Արևելյան Եվրոպայի» մշակութային տարածաշրջանում, որում ներառված են նաև Բոսնիա-Հերցեգովինան, Բուլղարիան, Մակեդոնիան, Ռուսաստանը, Սերբիան, Վրաստանը, Ուկրաինան։ Ընդհանուր առմամբ, այս մշակութային տարածաշրջանն ամենից մոտ է «Բողոքական/կաթոլիկ Արևելակենտրոնական և Բալթյան Եվրոպային», ինչպես նաև առավել մոտ է «Լատինաամերիկյան» ու «Հարավային և Հարավարևելյան Ասիայի» մշակութային գոտիներին։

Շ.Շվարցն իր մենագրությունում համեմատությունների միջոցով նկարագրում է վերոնշյալ մշակութային գոտիները, ինչպես նաև դրանցից դուրս մնացած կամ բացառություն կազմած որոշ երկրներ։ Ըստ նրա, «Ուղղափառ Արևելյան Եվրոպայի», ինչպես նաև «Բողոքական/կաթոլիկ Արևելակենտրոնական և Բալթյան Եվրոպայի»3 տարածաշրջաններում «պատկանելության» և «հիերարխիայի» կողմնորոշումներն ավելի ցածր ցուցանիշ ունեն՝ «Մահմեդական Միջին Արևելքի և Հարավային Աֆրիկայի» մշակութային գոտու համեմատ, սակայն ցուցանիշն ավելի բարձր է, քան ունի «Արևմտյան Եվրոպական» գոտին։ «Ուղղափառ Արևելյան Եվրոպայի» տարածաշրջանը, իրեն առավել մոտ գտնվող «Բողոքական/կաթոլիկ Արևելակենտրոնական և Բալթյան Եվրոպայի» համեմատ, ավելի հեռու է «ներդաշնակության» և «ինտելեկտուալ ինքնուրույնության» առանցքներից և ավելի մոտ է «հիերարխիային»։ Վերջիններս այսպիսով իրենց մշակութային պրոֆիլով շատ ավելի մոտ են «Արևմտյան Եվրոպային», քան «Ուղղափառ Արևելյան Եվրոպայի» երկրները։ Շվարցը դա պայմանավորում է նրանց միջև պատմական և առևտրային կապերի ավելի մեծ ուժգնությամբ, կաթոլիկ և բողոքական կրոններով և կոմունիստական կարգերի պակաս տևական ազդեցությամբ։ Դրան հակառակ, «Ուղղափառ Արևելյան Եվրոպայի» (այդ թվում՝ բալկանյան) երկրներն ավելի թույլ կապեր են ունեցել Արևմտյան Եվրոպայի հետ, ինչպես նաև պատմականորեն կապված են եղել Օսմանյան կայսրությանը, խորապես ներգրավված են եղել կոմունիզմի մեջ և դավանում են առավել պահպանողական, ներխմբային կողմնորոշում ունեցող ուղղափառություն։ Հիմնվելով Զեմովի (Zemov, 1961,1971) այս նկարագրությունների վրա՝ Շվարցն այդ գործոններով է բացատրում «Ուղղափառ Արևելյան Եվրոպայի» երկրների շրջանում մշակութային «հավասարության» և «ինտելեկտուալ ինքնուրույնության» համեմատական ցածր և «հիերարխիայի» համեմատական բարձր աստիճանը։

Այս հետազոտություններն, իհարկե, ունեն արժեքավոր նշանակություն, հատկապես ժամանակի տարբեր կտրվածքներում՝ մշակութային դինամիկայի դիտարկման տեսանկյունից։ Գլոբալիզացիայի և մշակույթների փոխազդեցության մասին խոսելիս Շվարցը նշում է, որ մշակույթների արագ փոփոխման մասին տարածված կարծիքները թյուր են. «Կասկած չկա, երկրները միմյանց նման են դառնում հագնվելու ոճերով, երաժշտական ճաշակներով, օգտագործվող սննդով։ Այս չափանիշներով երկրների միմյանց նմանվելը դեռ չի վկայում մշակույթի այլ կարևոր կողմերի, առաջին հերթին՝ արժեքային կողմնորոշումների ընդօրինակման մասին։ Հետազոտությունները վկայում են, որ երկրների միջև մշակութային արժեքների տարբերությունները կայուն են, երկրների հարաբերական դիրքերը՝ քաղաքակրթական գոտիները, դրանց սահմանները, մերձավորությունն ու հեռավորությունները փոփոխվում են շատ դանդաղ»4։ Սոնա և Արփինե Մանուսյաններն իրենց հոդվածում հայաստանյան օրինակների վրա ցույց են տալիս Շվարցի այս մոտեցման հիմնավորվածությունը՝ նշելով, որ հաճախ ընդունող մշակույթը նորամուծություններին արձագանքում է «խորամանկությամբ», տվյալ արժեքի զուտ արտաքին կողմը վերցնելով և գործարկելով ավանդական կողմնորոշումները պահպանելու համար5։

Շվարցի տեսությունն արժեքավոր է նրանով, որ մշակութային արժեքային կողմնորոշումները դիտարկում է սոցիալական պրակտիկաների հետ փոխազդեցության մեջ։ Ըստ նրա, մշակութային կողմնորոշումներն ընկած են հասարակության կառուցվածքների հիմքում, որոնք սոցիալական ինստիտուտները հիմնող առաջնորդների համար ծառայում են որպես իրենց գործունեության նպատակ և հիմնավորում։ Տարբեր սոցիալական ինստիտուտներ հասարակության ներսում հենվում են առավելապես իրենց գործառնության հետ կապված արժեքների վրա։ Շվարցը որպես օրինակ բերում է հիերարխիան բանակի համար, պատկանելությունը՝ ընտանիքի, վարպետությունը՝ շուկայի և ինտելեկտուալ ինքնուրույնությունը՝ գիտության համար։ Միաժամանակ, սոցիալական ինստիտուտների գործունեությունն, իր հերթին, փոխադարձաբար ազդում է մշակութային արժեքների վրա։ Որևէ սոցիալական ինստիտուտի հաջողությունը խթանում ու ամրապնդում է իր գործունեության միջոցներին համանման արժեքներ։ Եվ հակառակը, տվյալ սոցիալական ինստիտուտի ձախողումը հանգեցնում է վերջինիս հետ կապված արժեքների լեգիտիմության կորստին և արդարացնում այլընտրանքների որոնումը։

Հետևաբար, ցանկացած երկրում գերակա արժեքների ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս ոչ միայն բնութագրել տվյալ մշակույթը, այլև ցուցանիշ են այդ հասարակության մեջ առկա սոցիալական ինստիտուտների երկարամյա հաջող կամ անհաջող գործառնության։

1 Ш. Шварц, Культурные ценностные ориентации: природа и следствия национальных различий //Психология. Журнал Высшей школы экономики, 2008. Т. 5, № 2. С. 37–67.

2 Պատկերները՝ Շ.Շվարցի 2008թ. հետազոտություններից, տե՛ս http://www.hse.ru/data/2011/04/24/1210752636/37-67.pdf, http://blogs.helsinki.fi/valuesandmorality/files/2009/09/Schwartz-Monograph-Cultural-Value-Orientations.pdf

3 2008թ. տվյալներով, ուսումնասիրված երկրներից այս խմբում են ներառվել Խորվաթիան, Չեխիան, Էստոնիան, Լատվիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան և Սլովակիան։

4 տե՛ս http://www.hse.ru/data/2011/04/24/1210752636/37-67.pdf

5 Ս.Մանուսյան, Ա.Մանուսյան, «Արժեքներն այսօր. մշակութային ինքնություն և սոցիալական փոփոխություններ», «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ դար», N 4, 2012, էջ 45-61։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 7, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր