• am
  • ru
  • en
Версия для печати
01.08.2013

ՀԱՊԿ-Ը ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

EnglishРуский

   

«Տարածաշրջանային անվտանգություն» կլոր սեղանի (26.06.2013) ժամանակ կարդացված ելույթի հիման վրա

Սևակ Սարուխանյան

«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ.

2013թ. հունիսի 26-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում տեղի ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Ն. Բորդյուժայի և ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի համակարգող Ի.Ն. Պանարինի հանդիպումը Հայաստանի փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։ Քննարկված հարցերի շրջանակում անդրադարձ կատարվեց նաև հաղորդակցային անվտանգության խնդրին։

Մասնավորապես նշվեց, որ ՀԱՊԿ-ն այսօր չունի անդամ երկրների համար կենսական նշանակություն ունեցող և երրորդ երկրների տարածքով անցնող հաղորդակցային ենթակառուցվածքի պաշտպանության գործառույթ, սակայն, ըստ Ն.Բորդյուժայի, նման գործառույթի առաջացումը բացառել պետք չէ։

Սա կարևոր զարգացում կարող է արձանագրել ՀԱՊԿ-ի համար, քանի որ նման գործառույթ այսօր իրականացնում է ՆԱՏՕ-ն, որը ռազմական հնարավորությունների առումով պատրաստ է պաշտպանել այն հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքները, որոնց կայուն գործունեությունից է կախված ՆԱՏՕ անդամ երկրների անվտանգությունը։ Խոսքն, առաջին հերթին, միջազգային էներգետիկ միջանցքների մասին է, որոնց գործունեության խաթարման դեպքում կարող է լուրջ հարված հասցվել միջազգային, այդ թվում նաև ՆԱՏՕ անդամ երկրների անվտանգությանը։ Խոսքն, առաջին հերթին, Հորմուզի և Սուեզի ջրանցքների մասին է, որոնք տեսականորեն կարող են «փակվել», համապատասխանաբար, Իրանի և Եգիպտոսի կողմից, սակայն նման բան տեղի չի ունենում՝ հաշվի առնելով ԱՄՆ և ՆԱՏՕ ենթադրելի հակազդեցության անխուսափելիությունը։

ՀԱՊԿ-ի համար երրորդ երկրների տարածքով անցնող հաղորդակցությունների անվտանգության ապահովումը նույնպես կարևոր խնդիր է, որը, սակայն, մինչև օրս արժանի լուծում չի ստացել։ Հիմնականում այն պատճառով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները, բացի Հայաստանից, չունեն երրորդ երկրների տարածքով անցնող հաղորդակցությունների անվտանգության ապահովման կենսական անհրաժեշտություն. Ռուսաստանը և Ղազախստանը խոշոր ծավալների հասնող էներգակիրներ են արտահանում, Ղրղզստանը և Բելառուսը չմիջնորդավորված մուտք ունեն դեպի, համապատասխանաբար, Ղազախստան և Ռուսաստան և կախված չեն միջազգային միջանցքների գործունեությունից։ Ինչը չի կարելի ասել Հայաստանի Հանրապետության մասին, որը ՀԱՊԿ այլ երկրների հետ չունի ընդհանուր սահման և ռազմավարական նշանակություն ունեցող բնական գազը Ռուսաստանից ներկրում է Վրաստանի տարածքով։ Հենց ապակայունությունը Վրաստանում 1990-ականներին դարձավ Հայաստանի էներգետիկ անվտանգության հիմնական մարտահրավերը, քանի որ փաստացի քաղաքացիական պատերազմի և ներքին հակամարտությունների պատճառով Թբիլիսին կորցրեց սեփական տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների անվտանգության ապահովման հնարավորությունը։

Ակնհայտ է, որ վերջին տասնամյակի ընթացքում ներքաղաքական իրավիճակը Վրաստանում կայունացել է, իսկ հայ-վրացական հարաբերությունները զարգանում են բավական դրական համապատկերում։ Այս առումով նաև ողջունելի է այն, որ Թբիլիսին երբեք Հյուսիս-Հարավ գազատարի գործունեությունը չի պայմանավորել Մոսկվայի հետ իր հարաբերություններով։ Սակայն Վրաստանից Հայաստան մտնող գազատարը ինչպես եղել է ռիսկային, այդպիսին էլ մնում է մինչ օրս։ Գազատարի ռիսկայնությունը հիմնականում պայմանավորված է մի շարք հանգամանքներով.

1. Վրաստանով անցնող գազատարը կարող է դառնալ դիվերսիաների զոհ, ինչպես 90-ականների սկզբին՝ ղարաբաղյան պատերազմի տարիներին։ Ցավոք, մինչ օրս չկա ամփոփ հետազոտություն այն մասին, թե կոնկրետ քանի անգամ, ում կողմից և որ հատվածներում է 90-ականներին պայթեցվել գազատարը, սակայն մենք մամուլում գտել ենք առնվազն երեք պայթյունների մասին հրապարակումներ՝ իրականացված 1993թ.։ Դրանք ակնհայտորեն նպատակ են ունեցել հարված հասցնել Հայաստանի Հանրապետությանը և ազդել վերջինիս մարտունակության վրա։ Բացառված չէ, որ նման փորձեր կիրականացվեն նաև ապագայում՝ հաշվի առնելով ադրբեջանա-հայկական ռազմական բախման տեսական հնարավորությունները։ Նշենք, որ ներկայումս Վրաստանը կայուն և զարգացող պետություն է դարձել, սակայն դժվար թե Թբիլիսին կարողանա գազատարի հսկում իրականացնել դրա ողջ երկայնքով։ Նաև այն պատճառով, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ Վրաստանի էներգետիկ անվտանգությունը կախված չէ այդ գազատարից։ Նշենք, որ ՀԱՊԿ-ի կողմից ռազմավարական հաղորդակցությունների անվտանգության պաշտպանության որոշման ընդունումը կարող է գազատարի անվտանգության մակարդակի բարձրացման և դրա պաշտպանության լուրջ խթան հանդիսանալ Վրաստանի համար։

2. ԵՄ-ի հետ Հայաստանի և Վրաստանի Ասոցիացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանն ու Վրաստանը գնալու են էներգետիկ համակարգի ազատականացման ուղղությամբ։ Իհարկե, այս քաղաքականությունը կարող է դանդաղ ընթանալ, սակայն ակնհայտ է, որ և՛ Երևանը, և՛ Թբիլիսին վաղ թե ուշ կմիանան ԵՄ էներգետիկ քաղաքականության «երրորդ փաթեթին», որը ենթադրում է «երրորդ կողմերի» բացարձակ ազատ մուտք սեփական էներգետիկ համակարգ։ Այս առումով ակնհայտորեն մեծանալու է Վրաստանի կառավարության կողմից Հյուսիս-Հարավ գազատարի սեփականաշնորհման հնարավորությունը, ինչից Թբիլիսին խուսափում էր վերջին տարիներին։ Հիշեցնենք, որ գազատարը գնելու ցանկության մասին հայտարարություն է արել Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը, ինչը, եթե հաջողվի, կարող է լուրջ հարված հասցնել ՀՀ էներգետիկ անվտանգությանը։

Առաջանում է հետագայում «էներգետիկ շանտաժի» իրականացման հնարավորություն, ինչին դիմագրավել տնտեսական և իրավական միջոցներով դժվար է, մանավանդ որ Բաքուն չի ստորագրելու Ասոցիացման մասին համաձայնագիրը և պարտավոր չի լինելու իր քայլերը համաձայնեցնել Բրյուսելի հետ։ Սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, և Երևանը պետք է փորձի ԵՄ-ի հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել Հյուսիս-Հարավ գազատարի ապագայի վերաբերյալ, և այս համաձայնության ձեռքբերումն ավելի հեշտ կլինի, եթե ՀԱՊԿ-ը ռազմավարական հաղորդակցությունների պաշտպանության մասին որոշում ընդունի։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանն ունի երկու այլ կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության խնդիր։ Խոսքը Իրան-Հայաստան գազատարի և Մեծամորի ատոմակայանի մասին է։ Սակայն այս երկու կառույցները չեն անցնում երրորդ երկրների տարածքով, ինչը նվազեցնում է դրանց խոցելիությունը և հնարավորություն է տալիս ապահովել դրանց անվտանգությունն ազգային միջոցներով։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ՀԱՊԿ հնարավոր որոշումը ռազմավարական նշանակության հաղորդակցությունների պաշտպանության մասին միայն Հայաստանի Հանրապետությանը չէ, որ ձեռնտու է. այդ որոշումը լուրջ խթան կհանդիսանա ՀԱՊԿ իրական միջազգային ռազմաքաղաքական դաշինքի վերածման գործում և դրական ազդեցություն կունենա միջազգային անվտանգության ողջ համակարգի վրա։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 8, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր