Պայքարն աշխարհի կառավարման համար և ամերիկյան հասարակությունը

Միավորված Ազգերի Կազմակերպության բարեփոխումների հիմնահարցն արդի միջազգային հարաբերությունների ամենակարևոր և, միաժամանակ, ամենախնդրահարույց իրողություններից է:
Վերջինս հատկապես հրատապ է դարձել այն պահից, երբ Միացյալ Նահանգներն սկսեց իրականացնել «ազատության և ժողովրդավարության զարգացմանը, համաշխարհային անվտանգության ամրապնդմանն ու պաշտպանությանն» ուղղված միանձնյա գործողություններ, որոնց ամենավառ և մարտահրավեր նետող դրսևորումն էր Իրաք ամերիկյան բանակի ներխուժումը:
Փաստորեն, դրանով բախվում են համաշխարհային նոր համակարգի վերաբերյալ երկու իրարամերժ պատկերացումներ. «միաբևե՞ռ», այսինքն` ամերիկյան, թե՞ «բազմաբևեռ» կառավարում կամ, ավելի ճիշտ, հավաքական պատասխանատվություն, որի կողմնակիցներն են, բացի ԱՄՆ-ից և իր մերձավոր դաշնակից երկրներից, կարելի է ասել` մնացած բոլոր պետությունները:
Այստեղից էլ Միացյալ Նահանգների` ՄԱԿ-ի հետ հաշվի չնստելու ձգտումը, որն արտահայտվեց նաև այնպիսի փաստով, ինչպիսին էր, օրինակ, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ նշանակելը մի անձնավորության, որն անթաքույց արհամարհում է այդ կազմակերպությունը:
Անշուշտ, նախագահ Ջ.Բուշի վարչակազմի քաղաքականությունը ՄԱԿ-ի հանդեպ ավելի զգուշավոր բնույթ ընդունեց նրանից հետո, երբ Եվրամիության առաջատարներ Գերմանիան և Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, իսլամական աշխարհը ներկայացնող մի շարք պետություններ կոշտ կերպով ընդդիմացան Միացյալ Նահանգների կողմից միջազգային իրավունքի նորմերի խախտումով Իրաք ներխուժելուն:
Սակայն, չնայած դրան, ԱՄՆ-ը շարունակում է իրականացնել իր համաշխարհային առաջնորդության ամրապնդմանն ու միանձնյա կառավարմանն ուղղված քաղաքականությունը, որի էական մասն է կազմում ՄԱԿ հեղինակազրկումը կամ էլ վերջինիս որպես գործիք օգտագործելը, ինչը, ամենայն հավանականությամբ, ավելի դյուրին խնդիր է դարձել Եվրամիության ներսում ծագած հարցերի պատճառով:
Այս խնդրում Միացյալ Նահանգներն ակտիվորեն օգտագործում է այնպիսի հզոր զինանոց, ինչպիսին են ամերիկյան հսկողության տակ գտնվող զանգվածային լրատվության միջոցները, որպեսզի համոզի համաշխարհային հանրությանը, որ ՄԱԿ-ն իր դարն ապրել է, թույլ և անշարժունակ, բյուրոկրատացած և կոռումպացված կազմակերպություն է:
Վաշինգտոնն այն իրականացնում է մեծ հաջողությամբ, ուստի գրեթե որպես անակնկալ է գնահատվում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից ստեղծված «Բարձր մակարդակի խմբի» վերջերս հրապարակած փորձագիտական եզրակացությունը, որը, նշելով այս միջազգային կազմակերպության գործունեության մեջ տեղ գտած բազմաթիվ թերություններ, այնուամենայնիվ, գտնում է, որ «Միավորված Ազգերի Կազմակերպության հաջողությունները` աշխարհում խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգների վերացման գործում, շատ ավելի նշանակալից են, քան դա ընդունված է համարել»:
Նշենք, որ այս խմբի անդամներ են չորս նախկին վարչապետեր, համաշխարհային հանրության շրջանակներում չափազանց բարձր վարկանիշ ունեցող Միջազգային ճգնաժամային հանձնաժողովի նախագահը, տարբեր երկրների նախկին արտգործնախարարներ և բարձրաստիճան դիվանագետներ և, ինչը կարևոր է ընդգծել, Ջ.Բուշ-ավագի նախագահության օրոք ազգային անվտանգության գծով խորհրդական, գեներալ Բ.Սքոուքրոֆթը:
ՄԱԿ-ն, այսպիսով, օգտագործելով իր համար հասանելի հնարավորությունները, փորձում է դիմադրել և պայքարում է իր դերի կարևորման ու այնպիսի բարեփոխումների իրականացման համար, որոնք կնպաստեն կոլեկտիվ կառավարման համակարգի ձևավորմանը:
Պայքարն աստիճանաբար ավելի ու ավելի թեժ բնույթ է ստանում, ուստի ժամանակի լրջագույն հարցերից է այն, թե ինչպիսին կլինի համաշխարհային կառավարման համակարգը կամ, ավելի ընդհանրական ձևակերպմամբ, ինչ տեսք կունենա նոր իրողություններին համապատասխանող աշխարհակարգը:
Այս առումով շատ կարևոր են այն գործընթացները, որոնք ներկայումս տեղի են ունենում Միացյալ Նահանգների հասարակության ներսում, քանի որ ամերիկյան քաղաքացիների կողմնորոշումից է զգալիորեն կախված ամերիկյան ներկայիս վարչակազմի քաղաքական գիծը:
Հասարակության տրամադրությունների և միտումների վերլուծության տեսանկյունից հետաքրքիր է, որ ամերիկյան ինտելեկտուալների շրջանակից միայն հիմա է դուրս գալիս և հասարակական լայն շրջանակների քննարկման ու քննադատության առարկա դառնում Միացյալ Նահանգների՝ 1990-ականներից սկսած մղվածությունը` աշխարհում հզորագույն իր ռազմական ուժն օգտագործել «կանխարգելիչ ռազմական միջամտություն» անվան տակ:
Մեկը մյուսի հետևից հրապարակվում են իրաքյան պատերազմը և Միացյալ Նահանգների քաղաքականությունը քննադատող հոդվածներ: Հասարակ ամերիկացիները, որոնք սովորաբար իրենց չեն ծանրաբեռնում նման հարցերով, սկսում են գիտակցել, որ Իրաքում և Միջին Արևելքում իրավիճակը զարգանում է շատ վտանգավոր ուղղությամբ:
Բացի այդ, մինչ օրս Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության դեմ քննադատական կարծիքներ խիզախում էին հայտնել միայն եզակի ինտելեկտուալներ, ինչը կտրուկ կերպով փոխվել է ներկայումս:
Դա իր արտահայտությունն է գտնում մի շարք կենտրոնական թերթերում և ամսագրերում հրապարակվող հոդվածներում և իրար հետևից լույս տեսնող մենագրություններում, որոնք մեղադրում են նախագահ Բուշի վարչակազմը երկակի կամ բազմակի ստանդարտներ կիրառելու համար. օրինակ, նշվում է, որ ամերիկյան կառավարությունը, միաժամանակ, հսկայական ճնշում է բանեցնում Իրանի վրա` ձգտելով կանխել այս երկրում միջուկային զենքի ստեղծումը, պայմանագիր է կնքում միջուկայն ծրագրերում Հնդկաստանին օժանդակելու վերաբերյալ, քանի որ այս երկիրն անհրաժեշտ է ԱՄՆ-ին` որպես դաշնակից Միջին Արևելքում ծավալվող իրադարձություններում և, այդ ամենին զուգընթաց, շատ զգուշավոր քաղաքականություն է վարում միջուկային զենք արդեն իսկ ձեռք բերած Հյուսիսային Կորեայի նկատմամբ:
Հասկանալի է, որ ստեղծված պայմաններում, երբ Իրաքը շարունակում է անկառավարելի մնալ, իսկ դիմադրությունն աստիճանաբար ավելի ու ավելի լուրջ բնույթ է կրում, նախագահ Բուշը, որը շարունակում է պնդել, թե «Ամերիկան չի փոխելու իր ուղին և ազատություն է շնորհելու Իրաքին», քննադատվում է նույնիսկ այն վերլուծաբանների և քաղաքականության մեջ լուրջ հեղինակություն ունեցող մարդկանց կողմից, որոնք մինչև պատերազմի սկիզբը գտնում էին, որ «կանխարգելիչ ռազմավարությունը ճիշտ է» և «լիակատար մարդասիրական ինտերվենցիան արդարացված է»:
Եթե այս ամենին գումարենք ավերիչ «Կատրինա» փոթորկի հետևանքները և այն քննադատությունը, որին ենթարկվեց նախագահ Բուշի վարչակազմը` ոչ համարժեք գործողությունների համար, ապա հասկանալի կդառնան վերջերս հրապարակված հարցախույզի արդյունքները, որոնք նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի կառավարման ընթացքում առաջին անգամ գրանցել են, թե նրա գործունեությունն ունի թվով ավելի քիչ կողմնակիցներ (42,2%), քան հակառակորդներ (53%):
Այս արդյունքներին անմիջապես արձագանքեց Զ.Բժեզինսկին` «Լոս Անջելես Թայմսում» հրապարակելով մի հոդված, որը սկսում է Առնոլդ Թոյնբիի հայտնի խոսքերով. «Ցանկացած կայսրության կործանման պատճառ, վերջին հաշվով, դառնում են նրա առաջնորդների ինքնասպանական գործողությունները»:
Զ.Բժեզինսկին, որի կարծիքները միշտ էլ որոշիչ դեր են խաղացել ամերիկյան արտաքին քաղաքականության և հասարակական կարծիքի ձևավորման մեջ, Միացյալ Նահանգների վերջին շրջանի անհաջողությունները կապում է «երկրի բարձրագույն ղեկավարների նեղ շրջանակի» որոշումների և գործունեության հետ: Սակայն, մեր տեսակետից, հարցը միայն սուբյեկտիվ պատճառներով անհնար է պարզաբանել:
Բանն այն է, որ ամերիկյան հասարակությունն այս վերջին տարիների ընթացքում ինքն է շատ փոխվել: Այն աստիճանաբար դառնում է, ինչպես նշում են իրենք՝ ամերիկացիները, «ամենառազմականացվածը ժողովրդավարական հասարակությունների մեջ»:
Մի շարք հայտնի քաղաքական վերլուծաբաններ մեղադրում են ամերիկյան ռազմական ղեկավարությանը` երկրի ավելի ու ավելի միլիտարիզացված դառնալու համար:
Սա, անշուշտ, ճիշտ է, սակայն հարցի միայն մի կողմն է:
Սառը պատերազմի ավարտից և «չարի կայսրության» կործանումից հետո գոյացավ գաղափարական վակուում (երկբևեռ աշխարհի կառուցվածքը ինքնըստինքյան թելադրում է աշխարհայեցողության մանիքեական սկզբունքով ձևավորում, որը հիմնված է Աստծո և Սատանայի, Բարու և Չարի անվերջ ու անզիջում պայքարի գաղափարի վրա, ինչից բխում է, որ «ով Աստծո հետ չէ, նա Սատանայի ծառան է»: Բնականաբար, յուրաքանչյուր կողմն իրեն է հայտարարում Աստված: Այստեղից` Ռոնալդ Ռեյգանի հայտնի «չարի կայսրություն» ձևակերպումը, որը սառըպատերազմյան ժամանակաշրջանի դիցաքաղաքական մտածողության կարևորագույն տարրերից էր). շատ ամերիկացիների մոտ տպավորություն ստեղծվեց, որ բոլոր էական խնդիրները լուծվել են, ազատությունը հաղթանակել է, իսկ ժողովրդավարության դրոշակակիր Ամերիկան արագորեն կապահովի վերջինիս տարածումն ամբողջ աշխարհում:
Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ «ժողովրդավարության տարածողի» դերում հանդես գալու համար անհրաժեշտ է այնպիսի դիցա-գաղափարական համակարգ, որն իր բոլոր դիցույթներով և ծեսերով ամրապնդի այս ֆունկցիան, իսկ դրա համար նորից պետք է դիմել հնագույն միֆոլոգեմի` Բարու և Չարի պայքարի մարմնավորում հանդիսացող առասպելական հերոսների որոնմանը: Հասկանալի է, որ Չարի դեմ պայքարը հասարակ քաղաքացիներից պահանջում է` մերվել իրենց իրավունքների որոշ, աստիճանաբար ավելի ու ավելի լուրջ բնույթ ստացող սահմանափակումների հետ: Հասկանալի է նաև, որ Չարի դեմ պայքարելու համար պետք է շատ լավ զինված լինել: Կասկածից վեր է, որ հենց գեներալներն են, որ գիտեն, թե ինչպես է պետք պայքարել այդ Չարի դեմ և, իհարկե, նրանց է հայտնի Չարի կոնկրետ տեղը և այլ նման պարզ ու հասկանալի բաներ:
Սկզբում` Ս.Հանտինգտոնի «քաղաքակրթությունների բախման» տեսությունը, ապա` սեպտեմբերի 11-ի իրադարձությունները թվում էր, թե լրացրին վերը նշված գաղափարական բացը: Սակայն իրաքյան պատերազմի իրողությունները, Գուանտանամոյի և Աբու Գրեյբի ցնցող պատկերները շատ արագ դրդեցին ամերիկյան հասարակությանը նահանջել դեպի սովորական ամերիկացու համար ավանդաբար «խաղաղ նավահանգստի» դեր կատարող «շառից հեռու» մտածելակերպը` իզոլյացիոնիզմը:
Այս վերջինը, անշուշտ, դեռ միտում է, բայց մի բան պարզ է` «ահաբեկչության դեմ պատերազմն» այն միֆոլոգեմը չէ, իսկ «Ուսամա բեն Լադեն» կամ «ալ-Կաիդա» պայմանական անվանումներով Չարի մարմնավորումները չեն կարող փոխարինել մարդկանց գիտակցության մեջ «չարի կայսրություն» դիցույթը, ուստի երկրի և հասարակության միլիտարիզացման, ժողովրդավարության և մարդու իրավունքների նվազման, երկակի ստանդարտների կիրառման համար դրանք իրական արդարացումներ չեն կարող լինել:
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ թեև ԱՄՆ-ը զգալիորեն զիջում է Եվրամիությանն իր արտահանման և ներկրման ցուցանիշներով, իսկ Չինաստանին` տնտեսության զարգացման աճի տեմպերով, այն շարունակում է մնալ չափազանց հարուստ և հզոր պետություն` աննախադեպ դինամիկ և ճկուն տնտեսությամբ և բարձր տեխնոլոգիաներ արտադրելու բացառիկ ունակությամբ:
Անշուշտ, բոլոր կայսրությունները ժամանակին փլուզվում` պատմություն են դառնում: Եվ դա տեղի է ունենում նաև այն պատճառով, որ նրանք շատ հաճախ հաշվի չեն առնում բնության կարևորագույն սկզբունքներից մեկը` ազդեցությունն առաջացնում է հակազդեցություն, ուժի կիրառումը` պատասխան ուժ: Ընդ որում, հակազդեցությունը գալիս է այն կողմից, ուր ուղղված է ազդեցության վեկտորը: Սա նշանակում է, որ ԱՄՆ վերջին տարիների քաղաքական վեկտորները դեպի ներս` քաղաքացիների իրավունքները և ազատությունները սահմանափակող, և դեպի դուրս` այլ երկրների և հասարակությունների իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարող, կյանքի են կոչել հակառակ ուղղությամբ գործող փոխազդեցություններ:
Սակայն կարելի է ենթադրել, որ «կղզիական» մտածելակերպը, որը միշտ էլ եղել է ամերիկացիների առավելությունը, այժմ էլ թույլ կտա օվկիանոսն օգտագործել որպես «բուֆեր»` նոր դիցաքաղաքականություն ձևավորելու նպատակով ժամանակ շահելու համար:
Իսկ աշխարհում միակ գերիշխող ուժի գոյության պայմաններում, որքան էլ դա բարդ և խնդրահարույց լինի, բնականորեն իրականացվելու է միաբևեռ կառավարում: Հարցն այն է, թե կլինեն արդյոք ամերիկյան հասարակության առաջնորդներն այնքան իմաստուն, որ այդ կառավարումն ավելի քողարկված և ճկուն ձևով իրականացնեն:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՇԽԱՐՀ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ[10.03.2008]
- 2007-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[11.02.2008]
- ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[10.01.2008]
- ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ[26.11.2007]
- ԱՄՆ–ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ[12.11.2007]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ[27.09.2007]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ[03.09.2007]
- «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[02.07.2007]
- ԱՄՆ միջինարևելյան քաղաքականության նոր երանգներ[31.05.2007]
- «Երեք ծովերի համակարգ» նախագծի շուրջ[26.04.2007]
- Հարավային Կովկասի ինտեգրման հեռանկարների շուրջ[22.03.2007]