• am
  • ru
  • en
Версия для печати
10.01.2008

ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

Руский

   

Դավիթ Հովհաննիսյան

Kosovo (medium) Մոտենում է բալկանյան հանգույցը քանդելու հերթական փորձի վերջին փուլը, որը կապված է դեռեւս պաշտոնապես Սերբիայի կազմի մեջ մտնող Կոսովոյի անկախության հռչակման հետ: Այս խնդրի լուծմամբ կամբողջականանա հայտնի «Ազատության սահմաններ» ծրագրի բալկանյան մասը, որի շնորհիվ, համաձայն ծրագրի հեղինակների մտահղացման, ի վերջո կձեւավորվի միացյալ Եվրոպան` հյուսիսատլանտյան անվտանգության համակարգի հենարանը:

Հարկ է նշել, սակայն, որ Կոսովոն միայն ֆորմալ կապ ունի Սերբիայի հետ, քանի որ այս նախկին հարավսլավական ինքնավարությունում արդեն վաղուց հաստատվել է ՄԱԿ-ի կառավարման համակարգը, իսկ անվտանգությունն ապահովում են միջազգային ուժերը: Կոսովոյի բնակչության 90 տոկոսը ալբանացիներ են, եւ միայն Սերբիային սահմանակցող 3 հյուսիսային շրջաններում բնակչության մեծամասնությունը կազմում են սերբերը: Ինքնավարության այս մասում գտնվող Միտրովիցա քաղաքը բաժանված է երկու մասերի` հյուսիսայինում ապրում են սերբերը, հարավայինում` ալբանացիները:

Կոսովոյի տարածքում կան եւս սերբերով բնակված մի քանի անկլավներ, որոնց ճակատագիրը, անկախ նրանից` կհռչակվի Կոսովոյի անկախությունը, թե ոչ, կարելի է որոշված համարել, քանի որ սերբ բնակչությունն այդ մասերից հեռանում է` վստահ չլինելով, որ իր անվտանգությունը կպաշտպանվի:

Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ ձեւավորվել է երկու իրար հակասող մոտեցում, որոնցից առաջինը Սերբիայինն է, որը պահանջում է հարցին լուծում տալ միայն իր տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման շրջանակներում, ինչում նրան սատարում է Ռուսաստանը, իսկ երկրորդը` Կոսովոյի ալբանացիներինը, որոնց ներկայիս փաստացի առաջնորդ եւ ընտրություններում հաղթած Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Հաշիմ Տաչին պատրաստ էր արդեն 2007թ. հուլիսին հայտարարել Կոսովոյի անկախությունը, ինչը թե՛ այն ժամանակ, թե՛ ներկայումս աջակցություն է ստանում Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից:

Սույն թվի դեկտեմբերի 10-ին միջազգային միջնորդական խումբը (որը բաղկացած է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության եւ Եվրոպական միության ներկայացուցիչներից) հերթական անգամ զեկուցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այն մասին, որ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններն անհաջողությամբ պսակվեցին, քանի որ կողմերի դիրքորոշումները հնարավոր չեղավ մոտեցնել իրար:

Հարկ է նշել, որ Բելգրադը, ինչպես վկայում է Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը, պատրաստ է տալ Կոսովոյին «գերլայն ինքնավարություն»` ամեն ինչ, բացի միջազգային կազմակերպություններին անդամակցելուց, ինչը, սերբերի տեսակետից, հակասում է տարածքային ամբողջականության սկզբունքին: Ալբանացիներին իրավունք է վերապահվում ունենալ բոլոր պետական խորհրդանիշները` դրոշ, զինանշան, հիմն, Բելգրադի իշխանություններն իրավունք չեն ունենա միջամտելու Կոսովոյի ներքին գործերին եւ այլն:

Սակայն ալբանացիներն այս առաջարկներն անընդունելի են համարում: Նրանց նախագահ Ֆաթմիր Սեյդիուն հայտարարել է, թե «անկախությունը մեր ռազմավարության սկիզբն ու վերջն է»:

Եվրամիությունն, իր հերթին, շտապեցնում է կոսովյան ալբանացիների ղեկավարներին պատրաստել իրենց անկախ պետության սահմանադրության տեքստը` անկախություն հայտարարելուց անմիջապես հետո ընդունելու համար:

Այս դիրքորոշումն ամբողջովին համընկնում է Վաշինգտոնի մոտեցման հետ: Միացյալ Նահանգներն այս հարցում, անշուշտ, ընկալվում է որպես կոսովյան ալբանացիների հիմնական հովանավոր, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջորջ Բուշ-կրտսերի նախագահությունը որակվում է իբրեւ ամերիկյան արտաքին քաղաքականության պարտությունների ժամանակաշրջան, ապա հասկանալի է, որ Կոսովոյի անկախության հարցում հանրապետական վարչակազմը ոչ միայն չի կարող ընդունել որեւէ փոխզիջումային տարբերակ, այլեւ շահագրգռված է հարցը լուծել մինչեւ 2008թ. նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները:

Հաշվի առնելով այս ամենը` «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում Սերբիայի արտաքին գործերի նախարար Վուկ Երեմիչը, փաստորեն, հաստատեց, որ եթե կոսովցիներն անկախություն հայտարարեն, ապա սերբերի միակ հնարավորությունը կմնա փորձել կամ Կոսովոյից անջատել եւ Սերբիային միացնել սահմանամերձ սերբաբնակ երեք շրջանները, կամ էլ նրանց համար Կոսովոյի կազմում ինքնավարություն ստանալ:

Փաստորեն, ինչպես նշում են Կոսովոյում աշխատող ՄԱԿ-ի պաշտոնյաները, անկախություն ստանալու խնդիրը լուծված է համարվում, եւ ներկայումս հարցը միայն այն է, թե տեխնիկապես ինչպես այն կիրականացվի` ՄԱԿ-ի որոշման հիման վրա՞, թե՞ տեղական իշխանությունների միակողմանի հռչակման միջոցով:

Սակայն կան մի շարք հարցեր, որ հուզում են շահագրգիռ կողմերին. ի՞նչ հետեւանքներ կունենա Կոսովոյի անկախության հռչակումը բալկանյան տարածաշրջանի համար, ի՞նչ թափ կստանան անխուսափելի թվացող բախումներն ալբանացիների եւ սերբերի միջեւ, ի՞նչը կգերադասի Սերբիան` արագացնել Եվրամիության կազմի մեջ մտնելու գործընթա՞ցը, թե՞ փորձել բոլոր միջոցներով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը:

Նշված հարցերի պատասխանները քիչ թե շատ հստակությամբ պարզ են: Բայց կա մի հարց, որի քննարկումներն աստիճանաբար ավելի ու ավելի նյարդային մթնոլորտ են ստեղծում Վաշինգտոնում, Մոսկվայում, Բրյուսելում, Թբիլիսիում, Սուխումում եւ մնացած բոլոր երկրներում, որտեղ վախ կամ հույս կա, թե Կոսովոյի անկախություն ձեռք բերելու գործընթացը կարող է նախադեպ ճանաչվել:

Որքանով կարելի է դատել այս հիմնահարցի հետ կապված ռուսաստանյան պաշտոնյաների ծառայողական տեղաշարժերից եւ մամուլում հրապարակված պաշտոնական եւ կիսապաշտոնական գնահատականներից` Մոսկվայում այնպիսի մոտեցում է ձեւավորվել, թե ցանկացած լուծում բխում է Մոսկվայի շահերից: Եթե Կոսովոն շարունակի մնալ Սերբիայի կազմում, ապա դա կգնահատվի որպես Մոսկվայի դիվանագիտական ջանքերի արդյունք եւ նրա աճած ազդեցության հետեւանք: Հակառակ դեպքում Մոսկվան հնարավորություն է ստանում սպառնալ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչմամբ բոլոր նրանց, ում այդ հեռանկարը կարող է սարսափեցնել (նշենք, ի դեպ, որ կոսովցիներն ամերիկացիների խնդրանքով հետաձգել են անկախության հռչակումը մինչեւ 2008թ. փետրվար կամ մարտ ամիսները, որի պատճառը, ենթադրաբար, Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններն են):

Մոսկվայի դիվանագիտական մարտավարությունը բխում է ՌԴ նախագահ Վ.Պուտինի արտահայտած դիրքորոշումից. «Մենք կընդունենք այն լուծումը, որին համաձայն լինեն ե՛ւ Բելգրադը, ե՛ւ Պրիշտինան»: Ինքնին հասկանալի է, որ տվյալ պայմաններում նման դիրքորոշումն ուղղված է հարցի լուծման հետաձգմանը, ինչը չի կարող բավարարել շահագրգիռ մյուս երկրներին:

Մյուս կողմից` ոչ ոք վստահ չէ, թե ինչ դիրքորոշում կզբաղեցնի Ռուսաստանն այն դեպքում, եթե Կոսովոյի անկախության ճանաչման հարցը մտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ռուսաստանը կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը, ինչը ոչինչ չի տա, քանի որ այդ դեպքում Միացյալ Նահանգներն ու Եվրամիության բոլոր պետությունները (բացի, թերեւս, Իսպանիայից, որի համար այս նախադեպը, հաշվի առնելով բասկերի վաղուց արդեն անկախանալու համար ներկայացրած հայտը, խիստ անցանկալի է) եւ նրանց արբանյակ երկրները մեկը մյուսի հետեւից կճանաչեն այն: Ռուսաստանը կարող է եւ ուղղակի չմասնակցել քվեարկությանը, ինչը նրանից սպասում են կոսովյան ալբանացիների հովանավորները, սակայն սա արդեն առանձին սակարկության առարկա է: Համենայնդեպս, այն փաստարկը, որ Ռուսաստանի համար Կոսովոյի անկախության ճանաչումը խիստ անցանկալի նախադեպ է, արդեն կորցրել է իր իմաստը, քանի որ Մոսկվան ներկայումս առիթ չունի անհանգստանալու իր կազմում գտնվող որեւէ ինքնավարության անկախության ձգտումների արտահայտություններից: Ընդհակառակը, այս նախադեպը լրացուցիչ լծակներ է տալիս Կրեմլին` Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ իր հարաբերություններում:

Այդ դեպքում ինչո՞ւ է Մոսկվան համառորեն պնդում բանակցությունների շարունակման վրա, այն բանակցությունների, որոնք, համաձայն հենց ռուս մասնագետների կարծիքի, ոչինչ չեն կարող տալ եւ իրական արդունք սպասելը դրանցից անիմաստ է:

Պատճառներից առաջինն այն է, որ Կրեմլում այս հարցի շուրջ երկար ժամանակ համաձայնություն չկար: Ռուսական քաղաքական գործիչների մի մասի համար այս հիմնահարցը ներկայանում էր որպես Բալկաններ վերադառնալու հնարավորություն, որը կարող է իրողություն դառնալ, եթե Ռուսաստանը, սատարելով իր դաշնակից Սերբիային, կարողանա կանխել Կոսովոյի անկախության հասնելուն ուղղված գործընթացը եւ պաշտպանել Սերբիայի տարածքային ամբողջականությունը, այսինքն` այն սկզբունքը, որն ընդամենը մի քանի տարի առաջ չափազանց էական նշանակություն ուներ Ռուսաստանի համար, քանի որ առկա էր Չեչնիայի խնդիրը: Սակայն մի քանի գործոնների ազդեցության տակ այս տեսակետի կողմնակիցների դիրքերը թուլացան: Լուծելով իր ինքնավարությունների հետ կապված խնդիրները` Մոսկվան այլեւս ազատ է տարածքային ամբողջականության սկզբունքի մեկնաբանություններում: Բացի այդ, Սերբիայում կան ազդեցիկ ուժեր, որոնց համար ամենից նախընտրելին Եվրամիության կազմի մեջ մտնելն է, այսինքն` նրանք առանձնապես շահագրգռված չեն Ռուսաստանին որպես իրենց միակ դաշնակից գնահատելու մեջ: Ավելին, նրանց շատ ձեռնտու կլինի, եթե Մոսկվան ատամներով չպաշտպանի սերբերի շահերը: Այդ դեպքում նրանք երկու քավության նոխազ կունենան. առաջինը` Հարավսլավիայի նախկին նախագահ Միլոշեւիչը, որի քաղաքականության պատճառով Կոսովոն հնարավորություն ստացավ անջատվելու Սերբիայից, իսկ երկրորդը` բալկանյան իր միակ դաշնակցին դավաճանած Ռուսաստանը:

Երկրորդ պատճառն այն է, թե Մոսկվայի շահերից բխում է, որ Միացյալ Նահանգները ճանաչի Կոսովոյի անկախությունը` խախտելով միջազգային իրավունքի նորմերը, ինչը տեղի կունենա, եթե հակառակ Ռուսաստանի վետոյի, այսինքն` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման բացակայության պայմաններում, Վաշինգտոնը ճանաչի Կոսովոյի անկախությունը: Այս հանգամանքը Մոսկվային ազատ մանեւրելու հնարավորություններ կտա իր կենսական շահերի գոտիներում: Մյուս կողմից` այս ամենը երկու պետությունների միջեւ ընթացող բանակցային գործընթացում սեղանի վրա եղած խնդիրների լուծման համար շատ թանկարժեք փաստարկ կարող է դառնալ. այլ խոսքերով` Մոսկվան, զիջելով այս հարցում, կարող է շահել իր համար շատ ավելի կարեւոր խնդիրներում, որոնք կապված են ոչ միայն նախկին խորհրդային հանրապետություններում իր դիրքերի ամրապնդման, այլ նաեւ Ռուսաստանի ռազմական եւ էներգետիկ քաղաքականության հետ:

Սերբիան այս հարցում ունի մի քանի լծակներ, որոնք կարող է օգտագործել` ձգտելով կասեցնել կոսովյան ալբանացիների անկախացման գործընթացը: Առաջինն արդեն վերը նշվել է. սերբերը կարող են խրախուսել Կոսովոյում բնակվող սերբերին անջատվել եւ միանալ Սերբիային, ինչը, բնականաբար, կզուգորդվի նոր բախումներով, սակայն մեծ հավանականություն կա, որ հաջողությամբ կպսակվի:

Երկրորդ հնարավորությունը կապված է Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմում գտնվող Սերբական հանրապետության անկախացման գործընթացի խրախուսման հետ: Այս երկրորդ լծակի օգտագործումը սերբերին կարող է նոր խնդիրների առջեւ կանգնեցնել եւ հանգեցնել մեկուսացման, ինչին Սերբիայի բնակչությունը կտրականապես դեմ է: Սակայն այս հանգամանքն օգտագործելով` սերբական իշխանությունները հավանաբար կձգտեն արագացնել Եվրամիության կազմի մեջ իրենց երկրի ընդգրկվելու ընթացքը: Սա այն մրցանակն է, որը խոստացվել է սերբերին «լավ վարքի» համար:

Միացյալ Նահանգները Կոսովոյի անկախացմամբ ձեռք է բերում Բալկաններում իր ամենանվիրյալ եւ վստահելի դաշնակցին: Այս իրավիճակը կարելի է համեմատել Իրաքի քրդերի դիրքորոշման հետ, որոնք այս երկրում հանդիսանում են Վաշինգտոնի գուցեեւ միակ իրական դաշնակիցները: Ամերիկացիներն արդեն իսկ ձեռք են բերել Կոսովոյում ռազմական օդանավակայան, մի քանի այլ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ, ինչը թույլ է տալիս նրանց իրականացնել եվրոպական քաղաքականության հետ ուղղակիորեն չկապակցված քայլեր:

Այն, որ Կոսովոյի անկախություն ձեռք բերելու դեպքում շատ բան է փոխվելու մյուս հակամարտությունների հետ կապված մոտեցումներում` փաստ է, որքան էլ որ տարբեր արեւմտյան երիտասարդ դիվանագետներ հայտարարեն, թե Կոսովոյի դեպքն ունիկալ է: Իրականում ոչ մի ունիկալություն էլ չկա, տարբերվում են միայն հակամարտություններում ուղղակիորեն չընդգրկված ուժերի դասավորվածությունը եւ հարաբերակցությունը: Սա նշանակում է, որ կոսովյան նախադեպի ազդեցությունները կախված են լինելու այդքան չսիրված եւ փնովված Realpolitik-ից:

Իսկ մեր գործը, այսինքն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված բանակցությունները, պետք է շարունակվեն նոր պայմաններում, այսինքն` հայկական երկու կողմերը պետք է ակտիվորեն օգտագործեն այս նոր հանգամանքը եւ պնդեն, որպեսզի մյուս շահագրգիռ կողմերը նույնպես հաշվի առնեն այն: ԼՂՀ-ն շատ ավելի լուրջ հիմքեր ունի միջազգայնորեն ճանաչվելու, քան Կոսովոն, քանի որ վաղուց արդեն անկախ եւ կայացած պետություն է:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր