Նկատառումներ Ֆրանսիայում մահմեդական ընդվզումների վերաբերյալ

Արդեն տևական ժամանակ է, ինչ Ֆրանսիայում և հարակից երկրներում շարունակվում են մահմեդականների զանգվածային անկարգությունները: Չնայած նրան, որ ֆրանսիական իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել, անկարգությունները (որոնք ներառել են նաև Բելգիան, Գերմանիան) շարունակվում են։ Կատարվածը դեռ երկար է իրեն զգալ տալու. զուտ տնտեսական առումով ֆրանսիացիները կրել են միլիարդանոց վնասներ, եվրոն անկում է ապրում, անբարենպաստ են նաև քաղաքական կանխատեսումները։ Իրադարձությունները տալիս են որոշակի պատկերացումներ, թե ինչ կարող է տեղի ունենալ Եվրոպայում, երբ մահմեդական տարրը կազմի բնակչության 20-30%-ը։ Այս առումով ուշագրավ է արձակագիր Ելենա Չուդինովայի «Փարիզի Աստվածամոր մզկիթը» կոչվող ուտոպիական երկը, որտեղ դեպքերը զարգանում են 2048 թվականին. Եվրամիությունը վերանվանվել է Եվրաիսլամի, իսկ իսլամ չընդունած և փոքրամասնություն կազմող ֆրանսիացիները բնակվում են գետտոներում։
Եվրոպայում կատարվածն ունի իր օբյեկտիվ պատճառները։ Մահմեդական տարրի հայտնվելը Եվրոպայում պայմանավորված էր Էժան աշխատուժի պահանջարկով։ Արդյունքում այսօր Ֆրանսիայում մահմեդական համայնքն իր թվաքանակով գրավում է երկրորդ տեղը կաթոլիկներից հետո և գերազանցում է բողոքականներին, իսկ մահմեդականների ընդհանուր թիվն այդ երկրում պաշտոնական տվյալներով կազմում է մոտ 5 մլն (որոնցից 800 հազարը Ալժիրից են, 1մլն` Մարոկոյից և Թունիսից, 350 հազարը թուրք են և այլն)։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մահմեդականների թվաքանակը հասնում է մինչև 10 մլն-ի։ Երկրում գործում են մոտ 1500 մզկիթ և 2000 իսլամական կազմակերպություններ, որոնց դերը մեծ է ոչ միայն մահմեդական համայնքներում։ Իսլամի քարոզչությունը հանգեցնում է նրան, որ քրիստոնյա ֆրանսիացիներն անգամ հավատափոխ են լինում։
Հայտնի է, որ մահմեդականները ներկայացնում են հասարակության անապահով շերտը, որտեղ սոցիալական լարվածությունն ավանդաբար բարձր է։ Սակայն, բացի սոցիալական գործոններից, առկա է նաև միջէթնիկական թշնամանքը։ Չպետք է իդեալականացնել նաև բուն ֆրանսիական հանրությունը, որի մի մասի մոտ ռասայական խտրականությունը և կրոնական անհանդուրժողությունը բավական սուր են արտահայտված (այդ երկրում տարածում է գտել նաև հակասեմիտիզմը)։ Սակայն վերջին շաբաթներին տեղի ունեցածը դժվար է որակել որպես միայն սոցիալական անապահովությամբ, կրոնական ու էթնիկական անհանդուրժողությամբ պայմանավորված տարերային ապստամբություն։
Եվրոպական մահմեդականների ներկայիս գործելաձևը վկայում է, որ «անկարգություններն» իրագործվում են միջազգային ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ մեթոդներով. հրձիգ խմբերն արագ տեղաշարժվում են, կիրառում պարտիզանական «ծակոցային» մարտավարություն, գործողությունների վերաբերյալ հրահանգները ստանում են Ինտերնետի միջոցով, կազմակերպչական հիմունքները ցանցային են և այլն։
Մահմեդական հանցագործ տարրն անցյալում էլ ունեցել է ընդհարումներ ոստիկանության հետ, սակայն նախկինում ընդհարումները երբևիցե չէին հանգեցրել զանգվածային գործողությունների և դրանցից բխող քաղաքական ու տնտեսական ծանր հետևանքների։ Այս ամենը թույլ է տալիս մտածելու, թե չի կարելի բացառել, որ այսօր Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում կատարվող իրադարձությունները կարող են հրահրված լինել կամ էլ արդեն ընթացքում ուղղորդվել այլ ուժերի կողմից։
* * *
Ցանկացած քաղաքական իրադարձություն վերլուծելու պարագայում նպատակահարմար է առանձնացնել այն դերակատարներին, որոնք կարող են կամ որոնց ինչ-որ նկատառումներով ձեռնտու է իրագործել այս կամ այն գործողությունը։ Այս տեսանկյուններից որպես մահմեդական երիտասարդության ընդվզման կազմակերպիչներ կամ դրա ընթացքում նրանց աջակիցներ և ուղղորդողներ՝ առաջին հերթին կարող են հանդիսանալ միջազգային իսլամական ահաբեկչական կենտրոնները, որոնք, անկասկած, ունեն իրենց կառույցները եվրոպական համայնքներում:
Ընդունված է համարել, որ իսլամական ծայրահեղականների գործողությունների հիմնական նպատակը «անհավատ» Արևմուտքի (հատկապես ԱՄՆ-ի) և «սատանայական» Իսրայելի դեմ պայքարն ու համաշխարհային խալիֆաթի ստեղծումն է։ Այդ առումներով Ֆրանսիան գուցե և կարող է իսլամիստների համար թիրախ հանդիսանալ, և քննարկվող իրադարձությունները կարելի է գնահատել որպես իսլամիստների կողմից «ուժի և հնարավորությունների ցուցադրում»։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն դժգոհությունները, որոնք ծագել էին մահմեդական համայնքում՝ ֆրանսիական դպրոցներում գլխաշորեր (հեջաբներ) կրելու արգելքի կապակցությամբ։ Սակայն թվում է, թե Իրաքի խնդրում Ֆրանսիայի անհամաձայնությունն ամերիկյան քաղաքականության հետ կարծես ինչ-որ չափով (բայց ոչ ամբողջովին) ապահովագրել էր Ֆրանսիային ահաբեկիչների հարվածներից։ Կարելի է ընդունել, որ խռովություն իրագործողները կազմակերպված իսլամական ծայրահեղականներն են։ Այլ խնդիր է, թե ովքեր են փորձում զարգացնել արդեն իսկ ընթացող անկարգությունները։
Մահմեդականների խռովության աջակիցներ և ուղղորդողներ կարող են հանդիսանալ այն տերությունների հատուկ ծառայությունները, որոնք պայքարում են գլոբալ ահաբեկչության դեմ և իրենց գործառույթների առանձնահատկությունից ելնելով՝ կարող են ազդեցության լծակներ ունենալ ահաբեկչական կառույցներում:
Նման կարողություններ ունեցող տերությունների շարքում, նաև վրեժխնդրական մոտիվների առումով, կարելի է առանձնացնել Թուրքիան։ Ֆրանսիան այդ երկրին ԵՄ ընդունելու հիմնական ընդդիմադիրներից է, իսկ անկարգությունների կապակցությամբ վարչապետ Էրդողանի վերջերս արած հայտարարությունը մահմեդական գործոնի թերագնահատման վերաբերյալ կարելի է մեկնաբանել որպես կշտամբանք ֆրանսիական իշխանություններին։ Սակայն լրատվական հոսքերից հետևում է, որ անկարգությունները կատարում են ոչ թե թուրքերը (որոնք ավանդաբար կապված են Թուրքիայի անվտանգության մարմինների հետ), այլ Հյուսիսային Աֆրիկայի երկրների արաբները։
Ֆրանսիական իրադարձությունների համատեքստում առանձնակի ուշադրության են արժանի ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի հատուկ ծառայությունները։ Դրանք հաճախ գործում են համատեղ և, անշուշտ, ունեն անհրաժեշտ կարողություններ ու կարծես` նաև դրդապատճառներ։ Հայտնի է, որ Ֆրանսիան արևմտյան այն տերությունն է, որը, լինելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, գլոբալ «հակաահաբեկչական պատերազմի» և Իրաքի հիմնախնդրի հարթությունում շարունակաբար հակադրվում է ԱՄՆ և նրա մերձավոր դաշնակիցների` Մեծ Բրիտանիայի և Իսրայելի քաղաքականությանը։ Համաձայն ֆրանսիական մոտեցումների, ահաբեկչության դեմ պայքարը միայն ուժային մեթոդներով քաղաքական հեռանկար չունի։ Ֆրանսիան նաև եվրակենտրոն և ոչ ատլանտյան ԵՄ-ի հիմնական գաղափարախոսն է։ Այս համատեքստում կարելի է որպես վարկած ընդունել, թե ԱՄՆ-ին ձեռնտու կլիներ զրկել Ֆրանսիային հիմնավորումներից՝ ուղղված ամերիկյան գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության դեմ. այս համատեքստում զանգվածային անկարգությունները կարծես թե նպաստավոր են ամերիկյան կողմի համար։ Վերը բերված նկատառումների հարթությունում ուշագրավ է թվում հետևյալ տեղեկատվությունը։
Համաձայն ամերիկյան «Հուման Րայթս Վաչ» հայտնի իրավապաշտպան կազմակերպության տվյալների, ԱՄՆ հատուկ կառույցները ստեղծել են գաղտնի բանտերի ցանց Արևելյան Եվրոպայում, մասնավորապես՝ Լեհաստանում և Ռումինիայում, որտեղ ամերիկացիները հարցաքննում են ձերբակալված ահաբեկիչներին (նման երկրների շարքում բերվում է նաև Ադրբեջանի անունը)։ Հրապարակված տեղեկությունները հիմնված են Աֆղանստանից Եվրոպա հատուկ չվերթներով կատարված ինքնաթիռների թռիչքային փաստաթղթերի վերլուծության վրա։ Հատկանշական է, որ ամերիկյան իշխանությունները փաստորեն ո՛չ ժխտում, ո՛չ էլ հաստատում են այդ մեղադրանքները, իսկ եվրոպացիների մերժողական հայտարարություններն առայժմ մերկապարանոց են և այդ իսկ պատճառով համոզիչ չեն թվում։
Հատկանշական է, որ վերոհիշյալ հաղորդագրություններին զուգահեռ, ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին կոչ է արել Սենատին՝ թույլատրել հատուկ ծառայություններին ահաբեկիչներին հարցաքննելիս կիրառել կտտանքներ։ Չեյնիի հայտարարությունը կարելի է գնահատել իբրև փորձ՝ լեգիտիմացնելու այն, ինչն իրականում արդեն կատարվում է ահաբեկիչ բանտարկյալների հետ. փաստագրական տվյալները վերջիններիս կտտանքների ենթարկելու մասին իրաքյան բանտերում և Գուանտանամոյի համակենտրոնացման ճամբարում ավելի քան շատ են։ Հիշենք նաև, որ ամերիկացիներն ի սկզբանե անում են ամեն ինչ, որպեսզի ձերբակալված ահաբեկիչներին տեղակայեն ԱՄՆ սահմաններից դուրս (օրինակ` նույն Գուանտանամոյում), այսինքն՝ այնտեղ, ուր չեն գործում ամերիկյան իրավական նորմերը։ Այսպիսով, կարելի է փաստել, որ ձերբակալված ահաբեկիչներին ենթարկում են ֆիզիկական և հոգեբանական կտտանքների, ինչը սկզբունքորեն թույլ է տալիս ոչ միայն կորզել անհրաժեշտ տեղեկատվությունը, այլև «կոտրել» և հավաքագրել հարցաքննվողին։
Վերոհիշյալ փաստերը թույլ են տալիս մտածելու, որ ԱՄՆ և նրա դաշնակիցների հատուկ ծառայությունները ի զորու են ոչ միայն պայքարել ահաբեկիչների դեմ, այլև նրանց հավաքագրել և օգտագործել հատուկ, այդ թվում նաև Ֆրանսիայի դեմ ուղղված գործողություններում։ Նման մոտեցումը համապատասխանում է հատուկ ծառայությունների գործելակերպի տրամաբանությանը։ Համաձայն մի շարք վերլուծաբանական վարկածների, երկակի տեխնոլոգիայի արդյունք էր նաև 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը՝ իր հայտնի հետևանքներով, ժամանակին նման մեթոդներ էին կիրառում ցարական «օխրանկան» և խորհրդային ԿԳԲ-ն, հայտնի են բրիտանական և իսրայելական ծառայությունների բազմաթիվ սադրիչ գործողությունները։ Ընդհանրապես պետք է փաստել, որ ցանկացած քաղաքական հնչողություն ունեցող խոշոր իրադարձությունում այս կամ այն չափով պետք է որ իրենց «ներդրումն» ունենան հատուկ ծառայությունները։
Բոլոր պարագաներում, ովքեր էլ որ լինեն Եվրոպան համակած անկարգությունների կազմակերպիչները և սատարողները, կարելի է փաստել՝ նրանք հասել են իրենց նպատակին. ֆրանսիական իշխանությունները, նրանց քաղաքական ռազմավարությունը ահաբեկչության խնդրի նկատմամբ այսօր վարկաբեկված են, իսկ այդ երկրի գրավչությունը էապես նվազել է։ Եվրոպայի առաջատարի նկատմամբ թերահավատությունը տարածվում է ԵՄ և, ընդհանրապես, ի լրումն՝ Եվրասահմանադրության տապալման, համաեվրոպական գաղափարների վրա։ Այս ամենը պետք է որ ավելի «փափկացնի» Ֆրանսիայի կողմից որդեգրված հակաատլանտյան քաղաքականությունը։
Միևնույն ժամանակ, այս ամենն առիթ է հանդիսանում լրացուցիչ խորհելու Եվրոպայի ապագա ժողովրդագրական փոփոխությունների մասին, ինչը կանդրադառնա ոչ միայն ԵՄ, այլև նրա «նոր» հարևանների ազգային անվտանգության վրա։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]