Ռուսաստանը նախապատրաստվում է 2008-ին

Այսօրվա աշխարհակարգի տրամաբանությունը՝ առավել քան նախկինում, թելադրում է, որպեսզի ինքնիշխան պետության քաղաքականությունը համարժեք լինի իրեն նետված մարտահրավերներին։ Այս առումով դիտարկման արժանի է Ռուսաստանի 2005թ. ռազմավարությունը, որը կարծես թե արձագանք էր նախորդ տարիներին կրած անհաջողությունների։ Վերջիններիս շարքում պետք է առանձնացնել հեղաշրջումները Վրաստանում և Ուկրաինայում. հայտնի է, որ դրանց հետևանքով այդ երկրները վարում են ընդգծված հակառուսաստանյան քաղաքականություն։ Ավելին, 2008-ին նախատեսված նախագահական ընտրությունների համատեքստում ինքը` Ռուսաստանը, ապահովագրված չէ նման «հեղափոխական» զարգացումներից։
«Գունավոր հեղափոխությունները», մասնավորապես, ի հայտ բերեցին արևմտյան մանիպուլյացիոն տեխնոլոգիաների գերազանցությունը և Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականությունում (ելնելով այս եզրի լայն մեկնաբանությունից) տեղ գտած լուրջ թերացումները։ Նման տեխնոլոգիաներին դիմակայելու համար ռուսական կողմը ոչ միայն չունի քարոզչություն իրագործող արդյունավետ միջոցներ, այլև հստակեցված չէ նման քարոզչության գաղափարական հենքը:
Ներկայիս զարգացումները վկայում են այն մասին, որ Ռուսաստանի քաղաքական ընտրանին կարծես թե ըմբռնել է տեղեկատվական քաղաքականության կարևորությունը և փորձում է շտկել այդ ոլորտում տիրող անմխիթար իրադրությունը։
Փոփոխություններ տեղեկատվական դաշտում
Վերջին մի քանի տարում գլոբալ տեղեկատվական դաշտում կտրուկ աճել է Ռուսաստանը և Պուտինի վարչակազմը փնովող նյութերի քանակը։ Այդ երկիրը և նրա ժողովուրդը ներկայացվում են ամենամռայլ գույներով, իսկ «ԿԳԲ գնդապետ» Պուտինը` որպես ֆաշիստ և Ստալինի հետևորդ։ Նման հրապարակումների անգամ հպանցիկ վերլուծությունը խոսում է այն մասին, որ ՌԴ ներկայիս իշխանությունների քաղաքական գիծը չի համապատասխանում, մասնավորապես, ԱՄՆ շահերին, և այդ պատճառով Ռուսաստանի դեմ վարվում է լայնածավալ տեղեկատվական պատերազմ։ Ինչպես գրում է ԱՄՆ «Պաշտպանական ինֆորմացիայի կենտրոնի» ռուսաստանյան ծրագրերի տնօրեն Ն.Զլոբինը, «Երբևիցե ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ ընտրանու վերաբերմունքը դեպի Ռուսաստանը չէր փոխվել այնքան կտրուկ, ինչպես դա տեղի ունեցավ 2004թ.-ին... այդ ընտրանու ճնշող մեծամասնությունը համոզված է, որ Մոսկվան կայսերական նկրտումներ ունի, որոնք արտահայտվում են առնվազն նախկին ԽՍՀՄ տարածքում...»։ Հատկանշական է, որ ոչ միայն օտարերկրյա, այլև ՌԴ ԶԼՄ մի մասը հաճախ հանդես է գալիս ռուսաստանյան ազգային շահերի դեմ (տեղեկատվական պատերազմների եզրաբանությունում դա կոչվում է «պատերազմ սեփական ժողովրդի դեմ»)։
Իրադրությունը շտկելու նպատակով ռուսաստանյան իշխանությունները 2005-ին իրար հետևից հիմնեցին 3 հեռուստակայան։ Դրանցից առաջինը` անգլերեն սփռվող «Russia Today»-ը, պետական լրատվական հեռուստակայան է և նախատեսված է արտասահմանում Ռուսաստանի կերպարը (իմիջը) լավագույնս ներկայացնելու համար։ Կայանի տնօրենն է 24-ամյա Մարգարիտա Սիմոնյանը, իսկ բյուջեն կազմում է մոտ $30 մլն։ Երկրորդը` Պաշտպանության նախարարության հիմնադրած ռազմահայրենասիրական «Զվեզդա»-ն է, որի խնդիրն է ռուսաստանյան հանրության մոտ գովազդել իր գրավչությունը կորցրած երկրի զինված ուժերը։ Երրորդը «Սպաս» հեռուստակայանն է, որի աշխատանքներին մասնակցում են ազգային կողմնորոշում ունեցող անվանի քաղաքագետներ Նատալյա Նառոչնիցկայան և Ալեքսանդր Դուգինը։ Այս կայանի խնդիրները գաղափարախոսական-հոգևոր բնույթի են. բնորոշ է, որ «Սպասը» ֆինանսավորում է հայտնի բանկիր և արդյունաբերող Գենադի Լիսակը, որը նաև մոլեռանդ ուղղափառ է։ Վերջին հանգամանքը պատահական չէ, քանի որ նոր ձևավորվող ռուսական գաղափարախոսությունում ուղղափառությունը մեծ դերակատարում ունի։
Վերոհիշյալ քայլերը կատարելով՝ Կրեմլը փորձում է բարձրացնել իր մրցունակությունը տեղեկատվական դաշտում։ Առայժմ վաղ է խոսել արդյունքների մասին, քանի որ հիշյալ հեռուստակայանները դեռ նոր են սկսում իրենց գործունեությունը։ Նկատենք նաև, որ տեղեկատվության ոլորտում ամերիկյան գերակայության դեմ փորձում է պայքարել ոչ միայն Ռուսաստանը. նույնանման նպատակներ հետապնդող հեռուստակայաններ են հիմնել նաև Ֆրանսիան և Վենեսուելան։
Հասարակական կազմակերպությունները վերահսկելու փորձ
Հայտնի է, որ «հեղափոխական» գաղափարախոսության կրողների դերում հանդես են գալիս տարաբնույթ հասարակական կազմակերպություններ։ ՀԿ-ներն այսօր կարևոր դերակատարում ունեն մարդու և հանրության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։ ՄԱԿ տվյալներով՝ աշխարհում գործում են մոտ 27 հազար միջազգային ՀԿ, որոնց նշանակությունը ներկայիս «բաց սահմանների» պարագայում դժվար է գերագնահատել։ Ակնհայտ է նաև, որ ՀԿ-ների գործունեությունը միշտ չէ, որ կրում է կառուցողական բնույթ։
Վերջերս Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց (370 կողմ և ընդամենը 18 դեմ) «Հասարակական միությունների մասին» և «Շահույթ չհետապնդող կազմակերպությունների մասին» օրենքների փոփոխությունները։ Խնդրի հրատապության մասին է խոսում այն փաստը, որ Ռուսաստանում գործում են 400.000-ից 600.000 ՀԿ, որոնց մի զգալի մասին, համաձայն ԶԼՄ-ում բերված տվյալների, ֆինանսավորում են օտար, գլխավորապես արևմտյան երկրները (որոշակի տոկոս են կազմում նաև, այսպես կոչված, «մահմեդական ՀԿ-ները»)։ Օրենքների փոփոխման արդյունքում իշխանությունները կստանան լայն իրավասություններ՝ վերահսկելու ՀԿ-ների ֆինանսական և քաղաքական գործունեությունը։ Օրենքների հնարավոր փոփոխությունները ենթադրում են, որ այսուհետ անգամ միջազգային կազմակերպության կարգավիճակ ունեցող ՀԿ-ները պետք է վերագրանցվեն (այդ գործառույթը պետք է խստանա)՝ որպես ռուսաստանյան իրավաբանական անձ, իսկ ՌԴ-ում մշտապես չբնակվող օտարերկրացիները ՀԿ հիմնադրելու իրավունք չունեն։ Օրինագծի հեղինակները, ինչպես նաև ինքը` Պուտինը, տարբեր ամբիոններից հնչեցրին, թե որոշ ՀԿ-ներ այլ տերությունների համար գործիք են հանդիսանում՝ Ռուսաստանում իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։
Ռուսաստանյան իշխանությունների կողմից ՀԿ-ների նկատմամբ վերաբերմունքի կոշտացումը նկատվում է վաղուց։ Նախորդ տարիներին իրավապահ մարմինները հետաքննություններ էին ձեռնարկել դրանցից մի քանիսի նկատմամբ. մասնավորապես՝ ԶԼՄ-ում լայնորեն արծարծվում էին «Բրիթիշ կոնսուլ» և «Խաղաղության կորպուս» կազմակերպությունների անունները, որոնցից վերջինը մեղադրվում էր նաև հետախուզական գործունեության մեջ։ Հատկանշական է, որ ՀԿ-ների նոր օրենքի առիթով ընթացող բանավեճերից մեկում ՖՍԲ տնօրեն Պատրուշևը մեղադրեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), որը «սկսել է իրագործել ծրագրեր՝ ուղղված պետական համակարգի փոփոխման և ռուսաստանյան տեղեկատվական դաշտի վրա վերահսկում սահմանելու ուղղությամբ»։
Որոշ ՀԿ-ներ այսօր իրոք վերածվել են միջազգային քաղաքականության կարևոր գործոնների։ Մինչդեռ դրանց մի մասի վարկն այսօր ավելի քան ցածր է։ Օրինակ, «Դեմոկրատիայի ազգային հիմնադրամը» (NED), որը «նեոկոնսերվատորների» շտաբ-կայաններից մեկն է, մեղադրվում է 2002-ին Վենեսուելայում հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ, իսկ հանրահայտ Freedom House-ի ղեկավար, նախկինում ԿՀՎ տնօրեն Ջեյմս Վուլսին շարունակաբար կոչ է անում սկսել 4-րդ Համաշխարհային պատերազմ «իսլամոֆաշիզմի» դեմ։ Նման օրինակները կարելի է շարունակել, բայց այսօր արդեն ակնհայտ է, որ շատ ՀԿ-ներ հիշեցնում են հատուկ առաջադրանքներ կատարող ջոկատներ կամ աղանդավորական խմբեր։
Պետդումայում ընդունված ՀԿ-ների մասին օրենքի նախագիծը լայն միջազգային արձագանք է ստացել։ Այն դարձել է ոչ միայն համաշխարհային ԶԼՄ քննարկման նյութ, այլև բանակցությունների թեմա Պուտին–Բուշ վերջին հանդիպման ժամանակ։ Օրինագծի դեմ բողոքում են նաև ՌԴ-ում տեղակայված արևմտյան ՀԿ-ները. դրանցից մի քանիսը, օրինակ` «Ֆորդի հիմնադրամը» և հանրահայտ «Մարդու իրավունքների վերահսկում» (Human Rights Watch) կազմակերպությունը հայտարարեցին, որ փակելու են իրենց գրասենյակները Ռուսաստանում։ Ճնշումները ստիպեցին գործադիր իշխանություններին վերանայել օրինագիծը. այդ կապակցությամբ նախագահ Պուտինն արտահայտվեց այն ոգով, թե անհրաժեշտ է, որպեսզի հաշվի առնվեն «եվրոպական գործընկերների և Ռուսաստանի ՀԿ-ների ներկայացուցիչների» մոտեցումները։
Անկախ նրանից, թե ինչով կավարտվեն նախագծի հետ կապված բանավեճերը, ակնհայտ է, որ ռուսաստանյան իշխանությունները սկսել են գնահատել ՀԿ-ների դերն ու կարևորությունը։ Նրանք փորձում են ոչ միայն սահմանափակել անցանկալի ՀԿ-ների գործունեությունը, այլև ստեղծել «իրենց» ՀԿ-ները և օգտագործել դրանք սեփական խնդիրները լուծելու համար՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում. մասնավորապես, 2006թ. պետբյուջեից մոտ $18 մլն է տրամադրվելու այլ երկրներում «ժողովրդավարությունը ամրապնդելու» նպատակով։ Անշուշտ, այդ գումարը չի կարող համեմատվել Արևմուտքի կողմից ՀԿ-ներին տրամադրված հսկայական միջոցների հետ, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է յուրացնել ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաները։
Սակայն ներքին դաշտում իշխանությունների կատարած ջանքերն ապարդյուն կանցնեն, եթե չլուծվի այսօրվա Ռուսաստանի կարևորագույն հիմնահարցը` պուտինյան քաղաքական գծի շարունակականության ապահովումը։
Իրավահաջորդի խնդիրը
Ինչպես հայտնի է, վերջերս նախագահ Պուտինը կադրային նոր փոփոխություններ կատարեց. նա իր աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդևին (որին քաղաքական ընտրանու շրջանակներում երբեմն «վեզիր» են անվանում) նշանակեց վարչապետի առաջին տեղակալ, իսկ նրա տեղը Կրեմլում զբաղեցրեց Տյումենի նահանգապետ Սերգեյ Սոբյանինը։ Մեկ այլ հրամանագրով Սերգեյ Իվանովը, պահպանելով պաշտպանության նախարարի իր բարձր կարգավիճակը, նույնպես նշանակվեց վարչապետի առաջին տեղակալ։
Կատարված փոփոխությունները լայն քննարկումների առիթ հանդիսացան։ Համաձայն մեկնաբանների՝ նշանակումներն ընդգծեցին այն անձանց անունները, որոնք (առաջին հերթին նկատի ունենալով Մեդվեդևին) հնարավոր է, որ 2008-ին փոխարինեն Պուտինին։ Անշուշտ, Մեդվեդևը և Իվանովը պատկանում են Պուտինի «նեղ շրջապատին» (որին պատկանում է, ի դեպ, նաև Մեդվեդևի համակուրսեցի Դմիտրի Կոզակը) և կարող են հանդես գալ որպես հնարավոր իրավահաջորդ։ Թվում է, թե նախագահ դառնալու ավելի մեծ հնարավորություններ ունի Ս.Իվանովը. նա առայժմ միակ պաշտոնյան է, որը, բացի Պուտինից, հայտարարություններ է անում ռազմավարական խնդիրների շուրջ։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Պուտինի անսպասելի որոշումներ ընդունելու կարողությունը (հիշենք վարչապետ Ֆրադկովի նշանակումը), առայժմ դժվար է կանխատեսել, թե ում նա մատնացույց կանի 2008-ին։ Նկատենք նաև, որ նախագահի թիմը, ելնելով իր իսկ շահերից, կփորձի նրան այս կամ այն կարգավիճակով «պահել» քաղաքական բարձրագույն կառավարման համակարգում։ Օրինակ, չի կարելի բացառել, որ Պուտինին կարող է առաջարկվել Պետխորհրդի նախագահի պաշտոնը, իհարկե, նախապես օրենսդրական փոփոխությունների միջոցով էապես ընդլայնելով այդ մարմնի իրավասությունները։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]