• am
  • ru
  • en
Версия для печати
02.03.2006

Գլոբալ հակամարտությունը և «ծաղրանկարային պատերազմը»

Руский

   

Դավիթ Հովհաննիսյան

17-րդ դարի վերջին Լյուդովիկոս 14-րդի Ֆրանսիան պատերազմ հայտարարեց Հոլանդիային` օգտագործելով այն առիթը, որ հոլանդացիները հատուկ մեդալ էին պատրաստել, որի երեսին պատկերված էր, թե ինչպես է Հոլանդիան, որը մարմնավորում էր Նավեի որդի Հեսուն, կանգնեցնում արեգակը (հիշեցնենք, որ Լյուդովիկոս 14-րդին ժամանակակիցները անվանում էին «Արեգակ արքա»):

Երբեմն պետությունները պատերազմել են նույնիսկ ֆուտբոլի պատճառով, սակայն հիմնականում այդ թվացող պատճառները միայն առիթ են եղել, որոնցով փորձ է կատարվել թաքցնել կոնֆլիկտի իրական էությունը:

Ներկայումս Մուհամադ մարգարեի ծաղրանկարների հրապարակումների պատճառով տեղի ունեցող ցույցերն ու բռնությունները, անշուշտ, հնարավոր է բացատրել հենց ծաղրանկարների հրապարակմամբ, սակայն այդ կերպ վարվելով` հնարավոր չէ ստանալ մի շարք հարցերի պարզաբանում:

Իրադարձությունները ծավալվեցին հետևյալ կերպ. 2005թ. սեպտեմբերին մի դանիական ոչ շատ հայտնի թերթ հրապարակեց իսլամի հիմնադիր Մուհամադ մարգարեի կերպարի մոտիվներով կատարված 12 ծաղրանկար, հոկտեմբերին «ալ-Ֆաջր» (եգիպտական արտասանությամբ` «ալ-Ֆագր») թերթն արտատպեց այդ ծաղրանկարները, ինչը որևէ հետևանք այն ժամանակ չունեցավ, դեկտեմբերի 6-ին մի խումբ դանիացի մահմեդականներ ներկայացրին այդ ծաղրանկարներին նվիրված 47 էջանոց թղթապանակը Մեքքայում կայացած Իսլամական կոնֆերանս կազմակերպության գագաթաժողովի մասնակիցների ուշադրությանը: Նշենք, որ գագաթաժողովը նվիրված էր ահաբեկչության, ինչպես նաև սուննի և շիա մուսուլմանների միջև ծայրահեղ լարվածության հասած հարաբերությունների հարցերին, սակայն քննարկումները հիմնականում ծավալվեցին ծաղրանկարների խնդրի շուրջ: ԻԿԿ-ը շատ խիստ կերպով դատապարտեց ծաղրանկարների հրապարակումը, սակայն դա էլ բավարար չեղավ, որպեսզի ամբողջ աշխարհում անմիջապես սկսվեն բողոքի ցույցեր և հարձակումներ եվրոպական դեսպանատների վրա: Պահանջվեց ևս երկու ամիս, որպեսզի հավատացյալների կրքերը բավական չափով բորբոքվեն:

Հունվարի վերջից մի շարք մուսուլմանական և ոչ մուսուլմանական երկրներում սկսվեցին զանգվածային ցույցեր: Մուսուլմանական երկրներում` Ինդոնեզիայում, Իրանում, Աֆղանստանում, Պաղեստինում, Սիրիայում, Լիբանանում և այլուր, այդ ցույցերը զուգորդվեցին եվրոպական դեսպանատների վրա հարձակումներով: Բախումների ընթացքում եղան մարդկային զոհեր: Իսլամական աշխարհով տարածվեցին դանիական, նորվեգական և մի շարք այլ եվրոպական երկրների արտադրությունը բոյկոտելու կոչեր: Երկուստեք հետ կանչվեցին դեսպաններ, փակվեցին դեսպանատներ: Պետությունների ղեկավարների մակարդակով մեկը մյուսին հաջորդեցին շատ կոշտ հայտարարություններ, որոնցից ամենակտրուկը Իրանի նախագահ Ահմադինեժադի ելույթներն էին:

Լարվածության վերջին դրսևորումները վերհիշել են տալիս Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություն» ստեղծագործության հրապարակմանը հետևած այաթոլլա Խոմեյնիի որոշումը, համաձայն որի` գրողը մեղադրվեց անհավատության համար և դատապարտվեց մահվան: Ծաղրանկարների հեղինակին էլ դատապարտեցին տալիբները և 100կգ ոսկի խոստացան մահապատիժն ի կատար ածող իսլամի մարտիկին: Բացի այդ, նրանք հայտարարեցին, որ Աֆղանստանում սպանված յուրաքանչյուր դանիացու, նորվեգացու կամ ֆրանսիացու համար կվճարեն 5 կգ ոսկի:

Միաժամանակ, մուսուլմանական աշխարհում հնչում են և այլ ձայներ: Մի հորդանանյան թերթ արտատպեց 12 հրապարակված ծաղրանկարներից երեքը` բացատրելով իր որոշումը հետևյալ կերպ. հրապարակվածը ընդամենը ծաղրանկարներ են, որոնք կարող են վիրավորական լինել, սակայն դրանց հրապարակումն արժանի չէ այն աղմուկին, որը բարձրացել է այդ փաստի շուրջ: Իրական անհավատները նրանք են, ովքեր կազմակերպել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունը, ովքեր ներկայումս գրոհում են եվրոպական դեսպանությունները և այլն:

Ծաղրանկարների պատճառով Իսլամական աշխարհ–Եվրոպա հարաբերությունների ուրվագծվող հակամարտությունը կարելի է դիտարկել մի քանի հարթություններում:

Առաջին հարթությունը կապված է Ս.Հանտինգտոնի «Քաղաքակրթությունների բախման» տեսության հետ, որի տերմինաբանությունից էլ անմիջապես սկսեցին օգտվել իրադարձությունները մեկնաբանող վերլուծաբանները` նշելով, որ տեղի է ունենում այն, ինչի մասին արդեն վաղուց խոսվում է և ինչը հստակորեն ակներև դարձավ հատկապես սեպտեմբերի 11-ից և Իրաք ամերիկյան բանակի ներխուժելուց հետո1:

Սակայն ծաղրանկարների հրապարակումը, որը ներկայումս ձևակերպվում է իբրև երկու իրար հակադրվող քաղաքակրթությունների կարևոր արժեքների սկզբունքային հակասություն (մամուլի ազատություն ընդդեմ կրոնական սրբությունների), շատ հարմար առիթ էր վերահաստատելու երկու տարբեր աշխարհների հակամարտության բուն էությունը: Ուստի իր էությամբ աննշան մի առիթ օգտագործվեց նրա համար, որ հայտարարվի երկու քաղաքակրթությունների արժեքային բախման մասին` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մուսուլմանների միայն չնչին մասն է մասնակցում բռնություններին, իսկ եվրոպացիների մեծամասնությունը շատ լավ ըմբռնում է հավատացյալների վիրավորվածության էականությունը:

Այս ամենի մասին վկայում է թե՛ այն փաստը, որ, օրինակ` Ինդոնեզիայի բազմամիլիոն մուսուլմանական բնակչության միայն 300 ծայրահեղականները մասնակցեցին դանիական դեսպանության վրա կատարված հարձակմանը և թե՛ այն հայտարարությունները, որոնցով հանդես եկան բազմաթիվ եվրոպական քաղաքական, հասարակական և կրոնական գործիչներ` խոսելով հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու անընդունելիության մասին:

Բայց առիթը ստեղծվել է, և ահա համաշխարհային ԶԼՄ-ը հայտարարում են, որ իրար դեմ են դուրս եկել Եվրոպան (և շատ հատկանշական է, որ ո՛չ թե Արևմուտքը, ինչպես դա սովորաբար ձևակերպվում է, այլ հե՛նց Եվրոպան)` իր ազատական ու ժողովրդավարական արժեքներով և իսլամական աշխարհը` իր կրոնական արժեհամակարգով:

Ծաղրանկարների հրապարակման պատճառով ալեկոծված կրքերից և աստիճանաբար ավելի ու ավելի կազմակերպված բնույթ ստացող բախումներից ու ցույցերից փորձ են կատարում շահել տարբեր կողմեր:

Անհրաժեշտ է նշել, որ այն օրերին, երբ սկսվեցին բողոքի առաջին դրսևորումները, Իրանի միջուկային թղթապանակը ՄԱԿ Անվտանգության խորհուրդ ուղարկելու հարցը քննարկվեց ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդում, որը որոշում կայացրեց` քննարկման եզրակացություններն ուղարկել Անվտանգության խորհուրդ, ինչը նշանակում էր, որ ՄԱԿ-ը Իրանի միջուկային ծրագրի քննարկումը կարող է կազմակերպել մարտի ընթացքում:

Դա, իր հերթին, նշանակում էր, որ մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ է մնում, որպեսզի կողմերը փորձեն դիվանագիտական միջոցներով հասնել խնդրահարույց հարցի լուծմանը:

Հասկանալի է, որ ներկայիս միջազգային քաղաքականության ամենաբարդ և վտանգավոր հիմնահարցը Միացյալ Նահանգների և Իրանի չկարգավորված հարաբերություններն են, ինչը պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական գործոնով կամ հակադարձ տնտեսական և քաղաքական շահերով, այլև սկզբունքային գաղափարական հակասություններով, որոնց հիմքում ընկած է Իրանի կողմից ԱՄՆ-ը` որպես միակ կառավարման բևեռ չընդունելը:

Իրանը կողմնակից է բոլոր այն գլոբալիզացիոն ծրագրերին, որոնք ուղղված են ամերիկյանի դեմ կամ, առնվազն, մրցակցության մեջ են մտնում վերջինիս հետ: Անշուշտ, Իրանի Իսլամական Հանրապետության համար առաջնահերթ նշանակություն ունի իսլամական գլոբալիզացիոն ծրագիրը, որն առաջ մղելու համար անհրաժեշտ է նախ` ապահովել իսլամական աշխարհի միասնությունը, ինչը մինչ այժմ անհնար է եղել (և, մեր տեսակետից, այդպիսին է նաև այսօր): Մյուս կողմից` Իրանին անհրաժեշտ է ձեռք բերել իրական ռազմաքաղաքական հզորություն, ինչն, այդ երկրի տեսակետից, ենթադրում է ռազմամիջուկային տեխնոլոգիաներ ունենալը: Իրենց այս ցանկությունն իրանական ղեկավարները հիմնավորում են նրանով, որ Իսրայելը, որն ընկալվում է որպես իսլամական աշխարհի և, մասնավորապես, Իրանի առաջին թշնամի` խախտելով բոլոր միջազգային օրենքները և կանոնները, վաղուց արդեն ձեռք է բերել միջուկային զենք: Իրանին խրախուսում է նաև Հյուսիսային Կորեայի օրինակը, որն արդեն ունի միջուկային զենք և այդ պատճառով Միացյալ Նահանգներն ու մյուս մեծ տերություննները շատ զգուշավոր քաղաքականություն են վարում այդ երկրի հետ:

ԱՄՆ-ը ակնհայտորեն Իրանի հանդեպ բարդույթ ունի, ինչը բացատրվում է ոչ միայն պատմական այն հիշողություններով, որոնք գալիս են իսլամական հեղափոխությանը հետևած իրադարձություններից. Իրանը էներգակիրների կարևորագույն արտադրողներից է, ընդ որում` այդ էներգակիրները մատակարարվում են Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցներին` Չինաստանին և Եվրամիության երկրներին, ինչը լրացուցիչ պրոբլեմներ է ստեղծում Վաշինգտոնի համար:

Իրանը ներկայումս օգտագործում է «ծաղրանկարային պատերազմը»` իսլամական պետությունների կոնսոլիդացման, սուննի ու շիա մուսուլմանների միջև հակասությունները մեղմելու համար: Բացի այդ, ներկայումս` Իրանի միջուկային ծրագրերի քննարկման նախօրեին, իսլամական աշխարհն ավելի հստակ է կողմնորոշվել իսլամական հանրապետության օգտին:

Իր հերթին, Միացյալ Նահանգները, հստակորեն գիտակցելով, որ Իրանի հետ չի կարելի վարվել նույն կերպ, ինչպես հնարավոր եղավ վարվել Իրաքի հետ (այս պետությունը շատ ավելի հզոր է և կուռ ու, բացի այդ, ցանկացած ամերիկյան հարվածին անմիջապես հետևելու է իրանական հակահարվածը, որն ուղղվելու է ԱՄՆ ռազմավարական դաշնակից Իսրայելի դեմ), ձգտում է ապահովել Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների աջակցությունը: Որպես առաջին քայլ` Իրանի դեմ պետք է կիրառել պատժամիջոցներ և երկիրը վերցնել տնտեսական ու ենթակառուցվածքային շրջափակման մեջ: Այդ ամենի համար, առաջին հերթին, պետք է հասնել ԵՄ աջակցությանը, ինչը մինչև վերջերս անհնար էր թվում, քանի որ եվրոպական երկրների անմիջական շահերից է բխում Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելը` վերջինիս նավթային և գազային պաշարներից օգտվելու համար, ինչը թույլ է տալիս քիչ թե շատ վստահորեն պլանավորել եվրոպական տնտեսության զարգացման դինամիկան և չափից դուրս մեծ կախվածության մեջ չընկնել Ռուսաստանից: Այսպիսով` պարզ է դառնում ԱՄՆ շահը, որն այն կարող է քաղել «ծաղրանկարային պատերազմից»` խորացնելով Եվրոպայի և իսլամական աշխարհի միջև առկա առճակատումը:

Մի քանի այլ երկրներ (Թուրքիան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և այլն) նույնպես փորձում են շահառուներ դառնալ այս իրավիճակում: Օրինակ` Թուրքիան առաջարկել է իր միջնորդությունը Եվրոպայի և իսլամական աշխարհի միջև` առաջ քաշելով մի քանի պայմաններ. ԵՄ և Թուրքիայի բանակցությունների սեղանից պետք է վերցվեն Կիպրոսի, փոքրամասնությունների և Ցեղասպանության հիմնահարցերը:

Մի խոսքով, վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները առիթ են տալիս հիշելու Բեռնարդ Շոուի արտահայտությունը. «Ով գլխարկը թռցրել է, նա էլ մորաքրոջը վերացրեց»:

Տուժողների անունները հայտնի են: Դրանք եվրոպական երկրներն են, այդ երկրներում բնակվող մուսուլմանական համայնքները, Միջին Արևելքի ժողովուրդները: Եթե իրադարձությունների զարգացումը չհաջողվի հսկողության տակ վերցնել, ապա, ի վերջո, կհայտնվի մի նոր` 21-րդ դարի Գավրիիլ Պրինցիպ (Ֆրանց Ֆերդինանդին սպանողը), որից հետո տուժող կլինեն բոլորը:

1Հիշեցնենք, որ «Քաղաքակրթությունների բախման» տեսությունը ակտուալացվեց 1990-ականներին` սառը պատերազմի ավարտից հետո, երբ ամերիկյան հասարակությունը որոշակի պրոբլեմների առջեւ կանգնեց իր հետագա զարգացման եւ ապագայի պատկերացումների որոշման հարցում: «Քաղաքակրթությունների բախման» տեսությունը դարձավ այն գաղափարախոսությունը, որը պետք է ապահովեր ամերիկյան հասարակության ներքին միասնությունը` իր արտաքին խնդիրների լուծման համար: 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունները դրդեցին ԱՄՆ նախագահ Ջ.Բուշին հայտարարել նոր խաչակրաց արշավանքի մասին, որից հետո իրական բախումը, սակայն, ոչ թե քաղաքակրթությունների միջեւ էր, այլ Միացյալ Նահանգների եւ այն ուժերի, որոնք կարող են մրցակցության մեջ մտնել համաշխարհային կառավարման համակարգը հսկելու հարցում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր