Ահաբեկչության դեմ պայքարի հայեցակարգը գաղափարական փակուղում


Միջազգային ահաբեկչության դեմ պատերազմը, որ հայտարարվեց Միացյալ Նահանգների կողմից 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո, դարձել է բազում հիմնահարցերի աղբյուր: Ողջ աշխարհով մեկ հասարակական կարծիքը քննադատության կրակի տակ է առել այս պատերազմի իմաստի, գաղափարական հիմնավորման, վարման ձևի, նպատակի և դրանց հետ կապված խնդիրները: Այդ տեսակետներին երկրորդում են փորձագետների և վերլուծաբանների գնահատականները:
Ըստ ամենայնի, նման քննադատական վերաբերմունք է ձևավորվում նաև ամերիկյան վարչակազմի ներսում: Համենայն դեպս, վերջին շրջանում շատ են այս թեմային նվիրված տարբեր պաշտոնատար անձանց կողմից հրապարակվող հոդվածները, հարցազրույցները և ելույթները: Վերջերս կատարվել են նաև բազմաթիվ տեղաշարժեր և փոփոխություններ ահաբեկչության դեմ գործող հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար կազմում: Մասնավորապես, բոլորովին վերջերս նախագահ Ջ.Բուշը ռազմական հետախուզության գեներալ-գնդապետ Մայքլ Հեյդենին, որը 2005 թվականից զբաղեցնում էր ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջոն Նեգրոպոնտեի տեղակալի պաշտոնը, նշանակեց Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն: Նա փոխարինեց այդ պաշտոնում Փորթեր Գոսին, որին «խնդրել» էին ազատել այն:
Գեներալ-գնդապետ Մ.Հեյդենը 1999թ.` մինչև նշանակվելն աշխատում էր որպես Ազգային անվտանգության գործակալության տնօրեն, իսկ մինչ այդ ռազմական հետախուզության համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, որոնք կապված են եղել հիմնական եվրոպական երկրներում այս համակարգի գործունեության հետ:
Հատկանշական են այն դրույթները, որոնցով հանդես է եկել Մ.Հեյդենը` պատրաստվելով ԱՄՆ Սենատում իր թեկնածության քննարկմանը: Նրա կարծիքով` «արմատական ջիհադականներին հակազդելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ, համաձայնեցված և բազմաբնույթ ու բազմանպատակ ջանքեր, որոնք պետք է շատ ավելի լայն բնույթ ունենան, քան այն, ինչ արվում է ներկայումս, օրինակ` ահաբեկիչների առաջնորդների ձերբակալմանն ու ոչնչացմանն ուղղված գործողությունները:
Թվում է, թե այս միտքը դառնում է հիմնականը ոչ միայն հետախուզական և ռազմական գործողությունների ծրագրման ոլորտում: Իրենց առաջադրած համաշխարհային նպատակներին հասնելու համար ամերիկյան իշխանությունները փորձում են նոր գաղափարական հիմքեր գտնել, որոնցից ելնելով` վերակազմակերպել գործող հզոր քարոզչական համակարգը:
Բանն այն է, որ, ըստ ամերիկյան մասնագետների գնահատականների, հենց այս` քարոզչական ոլորտում են ամերիկացիները կրում իրենց համար շատ անսպասելի պարտություններ, որոնց ուղղակի հետևանքն են ամբողջ աշխարհում արագորեն աճող և բուռն կերպով արտահայտվող հակաամերիկյան տրամադրությունները:
Հարկ է նշել, որ հակաամերիկանիզմն այսօր առկա է ոչ միայն իսլամական աշխարհում, այլև Միացյալ Նահանգների դաշնակից երկրներում և նույնիսկ` «նոր Եվրոպայում»: Այն արտահայտվում է ոչ միայն ահաբեկչական գործողությունների տեսքով, այլ նաև տարբեր պետությունների քաղաքներում տեղի ունեցող բազմաթիվ բողոքի ցույցերով, ԱՄՆ նախագահին ուղղված միլիոնավոր մարդկանց կողմից ստորագրված «բաց նամակներով», Միացյալ Նահանգներում արտադրված ապրանքների բոյկոտով և նման այլ միջոցներով: Իրավիճակն ավելի է բարդացնում այն, որ ահաբեկչական գործողություններ իրականացվեցին նաև ԱՄՆ եվրոպական մի քանի դաշնակից երկրներում` Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, իսկ մի շարք պետություններում տեղի ունեցան մուսուլմանական երիտասարդության զանգվածային անկարգություններ, որոնց համար հասարակական կարծիքը մեղադրում է հիմնականում ամերիկյան քաղաքականությանը, որի հետևանքով շիկացել են միջէթնիկական և միջկրոնական հարաբերությունները:
Հատկանշական է այս առումով ԱՄՆ արդարադատության նախարար Ալբերտո Գոնսալեսի ելույթ-դիմումը, որն ուղղված էր իր եվրոպական գործընկերներին` մայիսի սկզբին Ավստրիայի մայրաքաղաքում կայացած Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:
Ա.Գոնսալեսն ասաց. «Մենք դիմում ենք այսօր Եվրոպական Միությանը և այստեղ հավաքված երկրներին` օգնություն և օժանդակություն ստանալու համար: Մենք դիմում ենք ձեր փորձին, ուսումնասիրում ենք այն, ինչ անում եք դուք, քանի որ ձեր քաղաքացիներն ահաբեկչությունից տառապում են շատ ավելի վաղուց, քան Միացյալ Նահանգները»:
Ըստ նրա` եվրոպական դատական համակարգն ավելի մեծ հնարավորություններ է տալիս ահաբեկիչների դեմ պայքարելու համար (եվրոպացիները շարունակում են դիտարկել ահաբեկչությունը որպես քրեական բնույթ ունեցող հիմնահարց, այլ ոչ թե ռազմական, ինչպես անում է Միացյալ Նահանգները սեպտեմբերի 11-ից հետո), և կիրառվող բազմաթիվ միջոցներ, որոնք Եվրոպայում վաղուց ի վեր ընդունված են, ամերիկյան հասարակության կողմից գնահատվում են որպես ազատության և մարդու իրավունքների սահմանափակում:
Հասկանալի է, որ ամերիկյան նախարարի նման ելույթը երկու նպատակ էր հետապնդում.
ա) մեղմել ամերիկյան հետախուզական ինքնաթիռների չարտոնված թռիչքներից և մի շարք եվրոպական երկրներում գաղտնի բանտեր ունենալու մասին տեղեկություններից ստեղծված ծայրահեղ բացասական տպավորությունը,
բ) համոզել եվրոպական դաշնակիցներին ավելի սերտորեն համագործակցել ԱՄՆ համապատասխան հիմնարկությունների հետ` նույնիսկ, եթե ահաբեկչության իրավական ըմբռնումն ամբողջովին հակառակ է ամերիկյանին:
Փաստորեն, Ա.Գոնսալեսն ընդունում է, որ Եվրոպայի խիստ բացասական արձագանքը ԱՄՆ-ի կողմից ռազմական միջոցների կիրառման վերաբերյալ` արդարացի է, սակայն, չնայած դրան, ըստ նրա` ընդհանուր նպատակին հասնելու համար անհրաժեշտ է միասնական դիրքորոշումներ ձևավորել ահաբեկչության դեմ պայքարի հարցում:
Ամերիկյան վերլուծաբանները համարում են, որ այս ամենի հիմնական պատճառն այն է, որ Միացյալ Նահանգներն իր շահերի հետապնդման սխալ գաղափարական հիմնավորումներ է ընտրել, որոնց անմիջական արդյունքն է «Արևելք–Արևմուտք» հակադրությունը, որը վեր է աճում հակամարտության` առաջ բերելով համատարած հակաամերիկյան տրամադրություններ:
Սակայն նույնիսկ այս սխալ գաղափարական հիմքերի քարոզչական ներկայացման ձևերը պարզունակ են և ուղղված են սխալ նշանակետերի, ինչը պատճառ է դարձել այդ քարոզչության` սպասվածին հակառակ արդյունքներ ստանալուն:
Ներկայումս, համաձայն որոշ մասնագետների` ամերիկյան քարոզչական մեքենայի հիմնական խնդիրը պետք է լինի ամբողջ ներուժը և հնարավորություններն ուղղել մուսուլմանների գիտակցության մեջ ահաբեկչությունն իրենց հավատից և կրոնից բաժանելուն. միայն ադ ճանապարհով հնարավոր կլինի կանխել «Մուսուլմանական աշխարհ– Միացյալ Նահանգներ» բախումը: Հարկ է նշել, որ այս երկու ուժերի միջև հակասությունների սրումն արդեն իսկ խարխլել է ամերիկյան «միաբևեռականությունը», որի հետևանքով վերջին շրջանում հետազոտողները սկսել են գնահատել ձևավորվող միջազգային համակարգը` որպես «բազմաբևեռ», ինչը նշանակում է ԱՄՆ միանձնյա գերազանցության ավարտը:
Հարկ է նշել, որ ամերիկյան քարոզչությունը մինչև այդ էլ փորձում էր անջատել «լավ իսլամը», «հարյուր միլիոն մարդկանց կրոնը» ահաբեկիչներից ու ծայրահեղականներից, սակայն դա նրան բացարձակապես չի հաջողվել, քանի որ այդ քարոզչությունը ձևավորվել է PR-ի և գովազդային տեխնոլոգիաների մասնագետների կողմից, որոնք պատկերացում անգամ չեն ունեցել, թե ինչ բան է իսլամը, կա, արդյոք, «մուսուլմանական աշխարհ», ովքեր են մուջահիդները կամ իսլամի բազմաթիվ ճյուղերը ինչ հակասություններ և ինչ նմանություններ ունեն: Չհասկանալով, թե ինչ իմաստ է պարունակում «ջիհադ» հասկացությունը, նրանք հորինել են մի նոր եզր` «գլոբալ ջիհադ», որը հավատացյալ մուսուլմանի համար անհեթեթություն է: Այս և նման բազմաթիվ սխալները, ինչպես նաև ճիշտ հասցեատեր չգտնելն ավելի են մեծացնում առանց այդ էլ հսկայական անվստահությունը ամերիկացիների նկատմամբ:
Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ում ներկայումս սկսել է ակտիվորեն ծավալվել քարոզչական համակարգի ինտելեկտուալացմանն ուղղված դժվարին աշխատանքը: Թվում է, թե այս ուղղությունը, Միացյալ Նահանգների շահերի տեսանկյունից, ճիշտ է ընտրվել, սակայն արդյո՞ք այն չի ուշացել:
Մեր կարծիքով` այս ոլորտի ինտելեկտուալացումը հակասում է նաև ամերիկյան վարչակազմի հիմնական սատարող ուժերի` ռազմարդյունաբերական և էներգետիկ համալիրներ, Պենտագոն, շահերին, ուստի նրանք կաշխատեն խոչընդոտել դրան:
Մյուս կողմից` մոտենում են Կոնգրեսի ընտրությունները և նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչության տարին, և հանրապետականներին անհրաժեշտ են շոշափելի արդյունքներ, ուստի ահաբեկչության դեմ պայքարի քաղաքականության փոփոխությունները կարող են օժանդակություն ստանալ:
Ամերիկյան հասարակագիտական և փիլիսոփայական միտքը մտահոգ է ամերիկյան հասարակության մեջ առկա մի քանի, իրենց տեսակետից, վտանգավոր միտումներով, որոնք նույնպես նպաստում են հակաամերիկանիզմի արմատականացմանը: Դրանցից մեկն այն է, որ շարքային ամերիկացիները կորցնում են իրենց հասարակական ակտիվությունը և չափազանց հոռետեսորեն են տրամադրված իրենց` պետության քաղաքականության վրա ազդելու հնարավորությունների նկատմամբ: Այս առումով, որպես ծայրահեղ վտանգավոր է գնահատվում վերջին շրջանում հաճախ վկայակոչվող այն փաստը, որ թեև 1960թ. ԱՄՆ բնակչությունը 100 միլիոնով պակաս էր, քան 2000թ., սակայն 1960-ին ԱՄՆ նախագահի թեկնածուների հեռուստատեսային բանավեճը դիտել է թվով ավելի շատ մարդ, քան 2000-ին:
Նման հասարակական պասիվությունը հանգեցնում է բազմաթիվ բացասական հետևանքների, որոնցից, հավանաբար, ամենավտանգավորն այն է, որ ռազմարդյունաբերական և էներգետիկ համալիրները, միավորվելով զինվորականության հետ, այժմ շատ ավելի հեշտ են հասնում իրենց նպատակների իրականացմանը, քան նախկինում:
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգների վարչակազմի խիստ ուշացած ջանքերը` իր վարած արտաքին քաղաքականության, մասնավորապես` գլոբալ ահաբեկչության դեմ պայքարի նկատմամբ միջազգային օժանդակության հասնելու համար, դժվար թե պսակվեն հաջողությամբ: Միաժամանակ, հակաամերիկանիզմի աճն ամբողջ աշխարհում շարունակվելու է, ինչը կարող է էլ ավելի շիկացնել իրավիճակն առկա կոնֆլիկտային գոտիներում և ստեղծել հակամարտությունների նոր օջախներ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՇԽԱՐՀ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ[10.03.2008]
- 2007-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[11.02.2008]
- ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[10.01.2008]
- ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ[26.11.2007]
- ԱՄՆ–ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ[12.11.2007]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ[27.09.2007]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ[03.09.2007]
- «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[02.07.2007]
- ԱՄՆ միջինարևելյան քաղաքականության նոր երանգներ[31.05.2007]
- «Երեք ծովերի համակարգ» նախագծի շուրջ[26.04.2007]
- Հարավային Կովկասի ինտեգրման հեռանկարների շուրջ[22.03.2007]