• am
  • ru
  • en
Версия для печати
13.07.2006

Աշխարհաքաղաքական վերադասավորումներ. կողմնորոշումների հստակեցում

EnglishРуский

   

Գագիկ Տեր-Հարությունյան

Այսօր աշխարհում ձևավորել է մի իրավիճակ, երբ աշխարհաքաղաքական խոշոր դերակատարները սկսել են հետխորհրդային պետություններից պահանջել` որոշակիություն մտցնել իրենց արտաքին կողմնորոշումներում, ինչի արդյունքում այդ երկրները հայտնվում են բարդ ընտրության առաջ. մինչ այդ նրանք ձեռք են բերել բազմակողմանի պայմանավորվածություններ, որոնցից հրաժարվելը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։

Այդպիսի իրավիճակում է հայտնվել նաև ՀՀ-ն, որտեղ վերջին ժամանակահատվածում կտրուկ աճել է Ռուսաստանի ազդեցությունը։ Արտաքին քաղաքականությունում դա, մասնավորապես, արտահայտվում է Ղարաբաղի խնդրում Հայաստանի ավելի կոշտ կեցվածքով, ինչը, թերևս, պետք է պայմանավորել ռուսաստանյան կողմի տված ինչ-ինչ երաշխիքներով (վերջինիս մասին է անուղղակիորեն վկայում Սերգեյ Իվանովի հայտարարությունը Բաքվում, որտեղ նա շեշտեց «դրսի ճնշումների անթույլատրելիությունը» ԼՂՀ խնդրում և չժխտեց ռուս խաղաղապահների հնարավոր մուտքը հակամարտության գոտի)։ Ներկա պահին Ռուսաստանի դիրքորոշումը կարծես թե համընկնում է մեր շահերին, սակայն պետք է հաշվի առնել, որ ՀՀ-ի նման պահվածքը կարող է հանգեցնել հակասությունների ԱՄՆ-ի հետ. այս տերությունը դեռ չի զիջել գլոբալ առաջատարի իր դիրքերը և տիրապետում է բազմաթիվ լծակների միջազգային կյանքի ամենատարբեր ոլորտներում։

ՀՀ ներքին խնդիրներում նույնպես արձանագրվում է ռուսաստանյան ազդեցության աճ։ Կարելի է ենթադրել, որ ՕԵԿ-ի հետ կապված վերջին զարգացումներն ինչ-որ չափով պայմանավորված էին ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումներում տեղի ունեցող փոփոխություններով։ Տպավորությունն այնպիսին է, թե այսօրվա նորաթուխ քաղաքական միավորումները նույնպես այս կամ այն չափով գտնվում են ռուսաստանյան ազդեցության ներքո։ Այդ գործընթացները ևս կարող են խնդիրներ առաջացնել Արևմուտքի հետ հարաբերություններում։

Վերոհիշյալ խնդիրների համախմբում ավելի հստակ կողմնորոշվելու համար, թերևս, նպատակահարմար է համառոտ դիտարկել ռազմաքաղաքական իրադրությունը Եվրասիական տարածքում և դրա հիման վրա փորձել կանխատեսել ապագա հնարավոր զարգացումները։

Գործընթացներ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ձևաչափում

Հունիսի 15-ին Շանհայում տեղի ունեցավ ՇՀԿ հոբելյանական (լրացավ կազմակերպության 5-ամյակը) գագաթաժողովը։ Հանդիպման ընթացքում ստորագրվեցին մոտ 10 փաստաթուղթ` ԵվրԱզԵՍ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Ասիական-Խաղաղօվկիանոսյան համագործակցության քարտուղարության և այլ միջազգային կազմակերպությունների հետ։ Մտցվեց նաև ՇՀԿ Գլխավոր քարտուղարի պաշտոն, որն ամենայն հավանականությամբ կգրավի Ղազախստանի ներկայացուցիչը։

Գագաթաժողովի օրակարգում դրված էր նաև ՇՀԿ անդամակցության հետ կապված խնդիրը։ Այսօր ՇՀԿ դիտորդի կարգավիճակ են հայցում Աֆղանստանը, Բելառուսը և Շրի Լանկան, իսկ Իրանը և Պակիստանը հայտ են ներկայացրել, որպեսզի դիտորդից վերածվեն կազմակերպության լիիրավ անդամի։ Նկատենք, որ ՇՀԿ-ում գոյություն չունի որևէ նորմատիվ փաստաթուղթ, համաձայն որի` կատարվում է այս կամ այն երկրի անդամագրումը, և նման հարցերը լուծվում են կողմերի կոնսենսուսի հիման վրա։ Այդ համատեքստում բնորոշ է, որ դեռևս մայիսին ՇՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ նշվել է, թե վտանգավոր է արհեստականորեն ընդլայնել լիիրավ անդամների ցանկը, քանի որ դա կարող է փոխել կազմակերպության նպատակաուղղվածությունը։ Փորձագետներն այս կապակցությամբ նկատում են, որ, օրինակ, ԱՄՆ-ը նույն Պակիստանի միջոցով (եթե վերջինս դառնա լիիրավ անդամ) կփորձի «շեղել» ՇՀԿ գործունեությունը։

Այդ առումով, թվում է, թե ՇՀԿ լիիրավ անդամ դառնալու ավելի շատ հնարավորություններ ուներ Իրանը, որն այժմ ունի դիտորդի կարգավիճակ և որի աշխարհաքաղաքական ուղղվածությունը կասկածներ չի առաջացնում։ Սակայն ներկա փուլում ՇՀԿ-ն զգուշացավ այդ երկիրն իր շարքերն ընդունելուց. նման քայլով ՇՀԿ-ն կվերածվեր ակնհայտ հակաամերիկյան «բլոկի», ինչից առայժմ խուսափում են ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, Իրանի համագործակցությունը ՇՀԿ երկրների հետ ամրապնդվում է. Շանհայում Իրանի նախագահ Ահմադինեժադը էներգետիկայի, մասնավորապես` գազի գների համատեղ կարգավորման ոլորտում, կարևոր համաձայնությունների եկավ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։

Հարկ է նշել այն հանգամանքը, որ ՇՀԿ ձևաչափն առանձնապես շահավետ է Ռուսաստանին, որը դրա շնորհիվ լրացուցիչ լծակներ է ձեռք բերել միջինասիական հանրապետություններում։ Հայտնի է, որ Կենտրոնական Ասիայում մինչև վերջերս ՇՀԿ տեսանկյունից որպես «թույլ օղակ» ընկալվում էր Կիրգիզիան։ Սակայն այսօր կարելի է փաստել, որ այդ հանրապետությունը սկսել է ընդունել ռուսական խաղի կանոնները։ Արտաքին ոլորտում դա արտահայտվում է այն հետևողական դժգոհություններով և պահանջներով, որոնք կիրգիզները ներկայացնում են ԱՄՆ-ին` կապված վերջինիս օդային ռազմակայանի տեղակայման վարձի հետ։ Բնորոշ է նաև, որ ներքին դաշտում տեղի են ունենում հետևողական կադրային փոփոխություններ, որոնց հետևանքով իշխանության բարձրագույն օղակներում (այդ թվում` նախագահ Բաքիևի աշխատակազմում) հայտնվում են ռուսաստանյան կողմնորոշում ունեցող գործիչներ։

Պետք է ամրագրել, որ ՇՀԿ-ն արդեն իսկ կայացել է որպես ուժի նոր կենտրոն, որը տարբերվում է համանման կառույցներից, առաջին հերթին, իր գաղափարախոսական մոտեցումներով։ Այսօր տեղեկատվական դաշտում շրջանառության մեջ է դրվել, այսպես կոչված, «Շանհայի ոգի» հասկացությունը, որը ենթադրում է կազմակերպության երկրների միջև քաղաքակրթական-մշակութային հարցերում հարգալից վերաբերմունք և չի ընդունում, այսպես կոչված, «ժողովրդավարության» և այլ «ունիվերսալ» արժեքների վրա հիմնված արևմտյան հրամայական մոտեցումները։ Այս առումով, ՇՀԿ-ն կարող է խիստ գրավիչ դառնալ ասիական այլ երկրների համար։

ԱՄՆ նոր նախաձեռնությունները

Վերջին ժամանակահատվածում ԱՄՆ-ը զգալիորեն մեծացրել է ջանքերն ասիական ուղղությամբ։ Դիվանագիտական ոլորտում դա իր արտահայտությունն է գտել անգամ քանակական տեսքով. 2006թ. ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է, ի հաշիվ Արևմտյան Եվրոպայի երկրներում իր դիվանագետների թվի կրճատման, զգալիորեն ավելացնել դիվանագիտական հաստիքներն ասիական երկրներում։ Պետդեպարտամենտի մարտավարության նման փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գլոբալ քաղաքականության և տնտեսության «ծանրության կենտրոնն» աստիճանաբար տեղաշարժվում է դեպի Ասիա, և ամերիկյան կառավարությունը փորձում է համապատասխան ձևով արձագանքել այդ իրողությանը։

Դրա մասին է վկայում նաև ԱՄՆ հանրապետական սենատոր Սեմ Բրաունբեկի (որը դիտարկվում է որպես նախագահի հնարավոր թեկնածու 2007-ի ընտրություններում) ներկայացրած օրինագիծը, համաձայն որի` պետք է էապես մեծացնել Կենտրոնական Ասիային և Հարավային Կովկասին տրամադրվող ամերիկյան օգնության չափը։ Որպես հիմնավորում նշվում է, թե այդ տարածաշրջաններում պետք է ամրապնդել ԱՄՆ ռազմավարական շահերը, սահմանափակել Ռուսաստանի աշխարհաքաղաքական նկրտումները և չեզոքացնել Իրանի ազդեցությունը։ Հարավային Կովկասի համատեքստում` Բրաունբեկը հիմնականում անդրադարձել է Ադրբեջանին ու Վրաստանին (ՀՀ-ն գրեթե չի հիշատակվում) և ընդգծել է «սառեցված» հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությունը։

ԱՄՆ մյուս նախաձեռնությունները կապված են արևելաեվրոպական երկրների հետ։ Մասնավորապես, վերջերս Կիևում տեղի ունեցավ ՎՈՒԱՄ-ի (Վրաստան–Ուկրաինա–Ադրբեջան–Մոլդովա) գագաթաժողովը, որի ընթացքում ընդունվեցին հետևյալ որոշումները.

  • ՎՈՒԱՄ անդամ երկրներից ձևավորել ազատ տնտեսական գոտի:
  • Հիմնել, այսպես կոչված, «էներգետիկ խորհուրդ», որը պետք է ապահովի կազմակերպության անդամ երկրների էներգետիկ անվտանգությունը:
  • Վերանվանել ՎՈՒԱՄ-ը «Հանուն ժողովրդավարության և զարգացման» միջազգային կազմակերպության, որի հիմնադիրներ լինելու ցանկություն են հայտնել նաև Ռումինիան, Լեհաստանը և Բուլղարիան։

ՎՈՒԱՄ-ի հակառուսաստանյան ուղղվածությունն ակնհայտ է։ Ավելացնենք նաև, որ արդեն որոշում է կայացվել Բուլղարիայում ամերիկյան խոշոր ռազմակայան տեղակայելու մասին, իսկ օրերս ԱՄՆ-ը հայտարարել է, թե Լեհաստանի տարածքում, ամենայն հավանականությամբ, պետք է տեղադրվեն հակահրթիռային համակարգեր, որոնց խնդիրն իրանական հրթիռներից արևելաեվրոպական տարածքը պաշտպանելն է։ Իրանական հրթիռները, որոնց հեռահարությունը 1300կմ է, տեխնիկապես չեն կարող հասնել Եվրոպա, և պարզ է, որ համալիրները նպատակ ունեն սահմանափակել Ռուսաստանի` հրթիռային հարված հասցնելու հնարավորությունները1: Այդ կապակցությամբ, Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Բալուևսկին արդեն իսկ կատարել է համապատասխան հայտարարություն և նշել, թե ներկայումս մշակվում են անհամաչափ (ասիմետրիկ) մեթոդներ` ամերիկյան համակարգերը շրջանցելու նպատակով։

Որոշ հետևություններ

Սկսած 2001 թվականից` մրցակցությունը ԱՄՆ-ի և Ռուսաստան– Չինաստան գործընկերության միջև սաստկանում է։ Այսօր արդեն կարելի է ամրագրել այն հաջողությունները և անհաջողությունները, որոնք կողմերն ունեցել են վերջին տարիներին:

ԱՄՆ ռազմավարական ձեռքբերումներն են.

  • Իր ազդեցության էական մեծացումը հետխորհրդային տարածքում` Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում,
  • ԱՄՆ-ին հաջողվել է իր ազդեցության ոլորտում ներառել արևելաեվրոպական երկրներին` Լեհաստանին, Ռումինիային և Բուլղարիային, նրանց քաղաքականությանը հաղորդելով պրոատլանտյան, հակաեվրոպակենտրոն ուղղվածություն և այդպիսով պառակտել Եվրոպան։

Ներկայումս վերոհիշյալ երկրներին «Հանուն ժողովրդավարության և զարգացման» ձևաչափում միավորելու և նրանց քաղաքականությանը հստակ հակառուսական ուղղվածություն հաղորդելու աշխատանք է տարվում։ Հատկանշական է, որ այդ շրջանակներում ընդգրկված Ադրբեջանը գաղափարապես շատ հեռու է «Հանուն ժողովրդավարության» կարգախոսից և ունի այլ աշխարհաքաղաքական նախասիրություններ, սակայն «զետեղվելով» որոշակի ձևաչափում` Ադրբեջանի ղեկավարությունը գոնե մասամբ ստիպված կլինի իրագործել իր վրա դրված «հակառուսական» պարտավորությունները։

Որպես ԱՄՆ ռազմավարական կորուստ պետք է համարել նրա անհաջողություններն Իրաքում և ազդեցության զգալի նվազումը Կենտրոնական Ասիայում, առաջին հերթին` Ուզբեկստանում և Կիրգիզիայում։

Ռուսաստան–Չինաստան գործընկերության ռազմավարական ձեռքբերումներն են`

  • ՇՀԿ ձևաչափի կայացումը և Ուզբեկստանը, Կիրգիզիան, Տաջիկստանն ու մասամբ Ղազախստանն իրենց ազդեցության ոլորտում ներառելը, ինչպես նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության մեծացումը:
  • Եվրոպակենտրոն տերությունների` Գերմանիայի և Ֆրանսիայի հետ տնտեսական և քաղաքական համագործակցության հաստատումը (այս համատեքստում պետք ընկալել Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելի այցերը Ռուսաստան և Չինաստան)։

Տպավորությունն այնպիսին է, թե կողմերի միջև ստեղծվել է ուժերի որոշակի հավասարակշռություն։ Այդ իրավիճակի պահպանումը կամ խախտումը գլխավորապես կախված է.

  • ԱՄՆ–Իրան հակամարտության արդյունքներից։ Եթե ԱՄՆ-ին հաջողվի առանց խոշոր հետևանքների «խաղաղ» կամ պատերազմական մեթոդներով տապալել Իրանի վարչակարգը, ապա պետք է սպասել, որ այդ գերտերությունը կշարունակի իր հարձակողական ռազմավարությունը և մասնավորապես մեր տարածաշրջանում կհաստատի իր գերակայությունը2:
  • ԱՄՆ նախագահական ընտրություններից: Դեմոկրատների իշխանության գալու դեպքում կարելի է սպասել, որ ԱՄՆ-ում սկսեն գերակայել ինքնամեկուսացման («իզոլյացիոնիստական») միտումները։ Այդ պարագայում չպետք է բացառել, որ Իրաքից զորքերը դուրս կբերվեն և ԱՄՆ-ը կփոքրացնի իր ներկայությունը տարածաշրջանում։

ՇՀԿ-ն առայժմ զարգանում է համաչափ, և մեծ փոփոխությունների պատճառներ Ռուսաստանի և Չինաստանի քաղաքականությունում առայժմ տեսանելի չեն։

Վերոհիշյալ հանգամանքները վկայում են այն մասին, որ մոտակա 1-2 տարում ՀՀ-ն պետք է չշտապի հստակեցնել իր աշխարհաքաղաքական կոմնորոշումները և պետք է փորձի նախկինի պես վարել համակողմանի քաղաքականություն։

1 Համաձայն ամերիկյան հակահրթիռային մարտավարության` հակառակորդի հրթիռների ոչնչացումը դյուրին է կատարել, երբ վերջիններս դեռ նոր են բարձրություն հավաքում։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հակահրթիռները հնարավորինս մոտ գտնվեն հակառակորդի հրթիռային տեղակայաններին, որպեսզի «հասցնեն» խոցել հրթիռները մեկնարկի ժամանակ։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը ձգտում է հակահրթիռային համակարգեր տեղակայել Ռուսաստանի և Չինաստանի սահմաններին մոտ։

2 Նկատենք, որ որոշ փորձագետներ գտնում են, թե ԱՄՆ–Իրան ռազմական բախումը կարող է և ձեռնտու լինել Չինաստանին, քանի որ այդպիսով ԱՄՆ-ը «կխրվի» Իրանում և կպարտվի այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Վիետնամում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր