Մերձավոր և Միջին Արևելքի նոր զարգացումների շուրջ


ԱՄՆ ռազմավարությունը. Մերձավոր և Միջին Արևելքում (ՄՄԱ) տիրող ներկայիս իրավիճակը պայմանավորված է 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ծայր առած «հակաահաբեկչական պատերազմով» և որպես դրա հետևանք` Աֆղանստանի և Իրաքի հանդեպ իրականացված գործողություններով։ Համաձայն ԱՄՆ ներկա քաղաքականությունն իրականացնող նեոկոնսերվատորների տեսլականի, ամերիկյան էքսպանսիան պետք է վերափոխեր ՄՄԱ-ի և Կենտրոնական Ասիայի գաղափարախոսական, ռազմաքաղաքական և տնտեսական բովանդակությունը, հանգեցներ նոր էթնիկական-պետական միավորների առաջացմանը։ Նման ծրագրերը, մասնավորապես ՄՄԱ-ում, հետապնդում էին հետևյալ նպատակները.
- Նվաճել ԱՄՆ-ի համար շահեկան դիրքեր Եվրասիայում և այդպիսով աշխարհաքաղաքական առավելության հասնել Չինաստանի և Ռուսաստանի հանդեպ (Իրանի վարչակարգի փոփոխումը ենթադրվում էր լուծել ընթացքից, գործողությունների առաջին փուլում, ռազմական ներխուժման համար որպես պլացդարմ օգտագործելով Իրաքը)։
- ՄՄԱ-ի Էներգետիկ ռեսուրսների վրա ուժային վերահսկողություն սահմանելով` ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունը և աշխարհատնտեսական լծակներ ձեռք բերել էներգառեսուրսներով ոչ հարուստ Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև Եվրոպայի և Ճապոնիայի հանդեպ։
- Ապահովել Իսրայելի անվտանգությունը, վերահսկողության տակ առնել տարածաշրջանի ռազմաքաղաքական արժեք ներկայացնող երկրները` Իրաքը, Իրանը, Սիրիան, Լիբիան, իսկ ապագայում նաև Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը։
- Փոխելով ՄՄԱ երկրների վարչակարգերը` տարածաշրջանում ներդնել ամերիկյան պատկերացումներին համապատասխան ժողովրդավարական համակարգ, որը կապահովեր ձեռքբերումների հարատևությունը։
Պետք է ընդունել, որ ԱՄՆ-ը կարողացավ լուծել ՄՄԱ-ում իր առջև դրված խնդիրների մի մասը. Իրաքը փաստացի բաժանվել է մասերի1, Լիբիայի ղեկավարությունը, խուսափելով հնարավոր զարգացումներից, գերադասեց փոխել կողմնորոշումները և ըստ էության դուրս եկավ արմատական իսլամի երկրների շարքից, Սիրիան ստիպված էր լքել դիրքերը Լիբանանում։ Միևնույն ժամանակ, կարելի է արձանագրել, որ ԱՄՆ գործող ռազմավարական ծրագրերն ինչ-որ չափով թերի են և դրանցում ճշգրիտ չեն հաշվարկվել, մասնավորապես, հետևյալ գործոնները.
- Գլոբալ հարթությունում ԱՄՆ գործողություններն ընկալվեցին որպես բացարձակ միաբևեռ աշխարհակարգի հաստատման ձգտում։ Դա առաջացրեց մնացյալ աշխարհի դիմադրությունը և արտահայտվեց Չինաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի որոշ երկրների` ԱՄՆ մենատիրական հավակնությունների դեմ ուղղված քայլերով. նախնական փուլում այդ երկրների գործողություններն անկանոն էին, սակայն հետզհետե ընդունեցին ավելի համակարգված բնույթ։
- Իրանի էվոլյուցիան ռազմաքաղաքական, տնտեսական և տեղեկատվական ոլորտներում փոխեց ուժերի հարաբերակցությունը և, հետևաբար, իրավիճակը ՄՄԱ տարածաշրջանում։ Ներկայումս Իրանն էական դերակատարում է ձեռք բերել ՄՄԱ երկրների (հատկապես Իրաքի, Սիրիայի և Լիբանանի) քաղաքական անցուդարձում և այսօր, որպես տարածաշրջանի առաջատար, խորհրդանշում է իսլամական աշխարհի դիմադրությունը ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ Հատկանշական է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող զարգացումները հանգեցրին ոչ թե այդ երկրի մեկուսացմանը (ինչպես դա ենթադրվում էր), այլ որոշակիորեն նպաստեցին Ռուսաստանի, Չինաստանի և մասամբ Ֆրանսիայի ու Գերմանիայի համախմբմանը։
Վերոհիշյալ հանգամանքների արդյունքում ՄՄԱ-ում ձևավորվել է մի իրադրություն, երբ ԱՄՆ և Իսրայելի համատեղ ծրագրերն անավարտ են մնացել, իսկ նրանց դիրքերը գլոբալ և տարածաշրջանային հարթություններում թուլացման միտում ունեն։ Նման իրավիճակում որոշ վերլուծաբաններ կանխատեսում էին տարածաշրջանում պատերազմական գործողություններ` նկատի ունենալով ԱՄՆ-Իրան առճակատումը։ Սակայն ներկա փուլում Միացյալ Նահանգները չդիմեց Իրանի դեմ ուղղակի ռազմական գործողությունների, այլ նպատակահարմար գտավ Իսրայելի միջոցով ձեռնարկել «հաղթական փոքր պատերազմ»։ Դա թույլ կտար ԱՄՆ-ին կասեցնել իր համար բացասական տարածաշրջանային միտումները, բարելավել «գերտերության» երերացող իմիջը միջազգային հանրությունում, ինչպես նաև բարձրացնել հանրապետական վարչակազմի վարկը ներքին քաղաքական դաշտում։
Կարճատև ռազմական գործողությունը, սակայն, փաստորեն վերածվեց լայնամասշտաբ պատերազմի, որին լիիրավ մասնակցություն ունեցան Իսրայելը, ԱՄՆ-ը և ի դեմս «Հիզբալլահի»` Իրանն ու մասամբ Սիրիան։
Պատերազմը և ԱՄՆ-ը. Մի շարք աղբյուրներ վկայում են, որ պատերազմական գործողությունները հրահրել էր ԱՄՆ-ը։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր լրագրող Սեյմուր Հերշի` հարձակումը Լիբանանի վրա պլանավորվել էր մինչև հուլիսի 12-ը, երբ «Հիզբալլահը» գերեվարեց իսրայելական երկու զինվորների։ Լիբանանի վրա հարձակումը և «Հիզբալլահի» հենակետերն ու ռազմական ենթակառուցվածքը օդային-հրթիռային հարվածներով ոչնչացնելը, ըստ Ս. Հերշի, Իրանի դեմ մշակված ընդհանուր պլանի մի մասն էին։ Ենթադրվում էր նաև, որ պատերազմական գործողությունները պետք է ավարտվեին ոչ ավելի, քան 7 օրում, այսինքն` ամերիկյան պատկերացումներով դա, իրոք, պետք է լիներ «հաղթական փոքր պատերազմ»։
Միևնույն ժամանակ, համաձայն «Հիզբալլահի» ղեկավարներից Նաիմ Քասսեմի հայտնած տեղեկության` Իսրայելը պատրաստվում էր հարվածել սեպտեմբերին, սակայն ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո ՑԱԽԱԼ-ը ակտիվ գործողություններ սկսեց 2 ամիս շուտ։ Այդ տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ պատերազմի սկիզբը, թերևս, համընկեցվել էր հուլիսի 15-17-ը Սանկտ Պետերբուրգում կայացած «ութնյակի» գագաթաժողովի հետ։ Նման վարկածի օգտին է խոսում նաև այն, որ գագաթաժողովների ընթացքում ահաբեկչական սպառնալիքի շեշտումը և այդպիսով ԱՄՆ ներկայիս վարչակազմի հակաահաբեկչական ռազմավարության հիմնավորումն ու լեգիտիմացումը դարձել են յուրօրինակ ավանդույթ. հիշենք, որ նախորդ տարի Էդինբուրգում կայացած գագաթաժողովի ժամանակ կատարվեց ահաբեկչությունների շարք Լոնդոնում, ինչը նույնպես կարելի է մեկնաբանել դիվանագիտական-տեղեկատվական գործողությունների համատեքստում։ Նկատենք նաև, որ արդեն պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ձեռնարկեցին երկրորդ լայնածավալ «տեղեկատվական» գործողությունը` բացահայտելով պակիստանցի «օդային ահաբեկիչների ցանցը»։
Ելնելով վերոհիշյալից` ամերիկյան մոտեցումները ՄՄԱ զարգացումներին կարելի է ընդհանրացնել հետևյալ կերպ.
- Գլոբալ հարթությունում հաղթական պատերազմը ԱՄՆ-ին անհրաժեշտ էր, որպեսզի վերականգնի իր երերացող քաղաքական դիրքերը համաշխարհային հանրությունում և մասնավորապես` «մեծ ութնյակի» ձևաչափում։ Տեղեկատվական հարթությունում այդ պատերազմը նախագծվել էր որպես «հաղթական և կարճատև»։
- ՄՄԱ տարածաշրջանում այդ «հաղթական և կարճատև» պատերազմը բխում էր ԱՄՆ–Իրան աշխարհաքաղաքական և աշխարհագաղափարախոսական հակամարտության տրամաբանությունից։ Իսրայել–«Հիզբալլահ» այս հակամարտությունն անհրաժեշտ էր ԱՄՆ զինված ուժերի ղեկավարությանը` որպես մարտական փորձ Իրանի դեմ հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների համատեքստում։
- «Հաղթական պատերազմը» հրատապ նշանակություն ուներ Վաշինգտոնի հանրապետական վարչակազմի համար` հաշվի առնելով նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրությունները և այդ համատեքստում նախագահ Բուշի ցածր վարկանիշը։
Պատերազմի հետևանքները ԱՄՆ-ի համար. Կարելի է արձանագրել, որ պատերազմի հետ կապված ամերիկյան ծրագրերն իրականացվեցին միայն մասամբ. ռազմական գործողությունները տևեցին ամսից ավելի, և դրանք դժվար է որակել որպես «հաղթական»։ Արդյունքում` ԱՄՆ դիրքերը տուժեցին ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ գլոբալ հարթություններում։ Մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի խնդրում Իրանը կարծրացրեց դիրքորոշումը, իսկ ԱՄՆ-ի, Եվրոպայի մոտեցումները մեղմվեցին և դարձան ավելի ճկուն, լրացուցիչ հիմնավորումներ ստացան Ռուսաստանը և Չինաստանը։ Հնարավոր է, որ հետևելով Իրանի օրինակին` սեփական միջուկային ծրագրերի վերաբերյալ սկսեցին ավելի ակտիվ արտահայտվել Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Արգենտինան։
Զգալիորեն տուժեց նաև հանրապետական վարչակազմի իմիջը. համաձայն American reasearch Group-ի` սեպտեմբերին Բուշի վարկանիշը հասել է պատմական նվազագույնի. ԱՄՆ քաղաքացիների ընդամենը 35%-ն է համարում, որ Բուշը կարողանում է կատարել իր պարտականությունները։ Վարչակազմի ընդդիմադիրները ստացան լրացուցիչ հիմնավորումներ` քննադատելու համար ընթացիկ քաղաքականությունը, ինչը կարող է նպաստել ապագա ընտրություններում հանրապետականների անհաջողությանը։
Որպես դրական արդյունք ԱՄՆ-ի համար պետք է գրանցել այն մարտական փորձը, որը ձեռք բերվեց «Հիզբալլահի» հետ հակամարտությու-նում. ներկայումս ամերիկյան ռազմական փորձագետները վերլուծում են ՑԱԽԱԼ-ի ռազմական գործողությունների արդյունավետությունը, ինչն ապագայում թույլ կտա խուսափել կատարված սխալներից։
Իսրայել. Այս երկրի մարտավարական խնդիրն էր Պաղեստինում իշխանության եկած «Համասի» կազմալուծումը և «Հիզբալլահի» ռազմական ենթակառուցվածքի` հատկապես հրթիռային կրակակետերի ոչնչացումը։ Տեղեկատվական-հոգեբանական հարթությունում ենթադրվում էր կարճատև «հաղթական պատերազմ», որը պետք է ամրապնդեր Իսրայելի տարածաշրջանային «գերտերության» իմիջը և բարելավեր վարչապետ Օլմերտի դիրքերը ներքին քաղաքական դաշտում։ Միաժամանակ, Իսրայելի իշխանությունները նախատեսում էին այս գործողություններով առավելագույնս պառակտել Լիբանանի շիա և սուննի համայնքները։
«Համասի» դեմ գործողությունները կրում էին պատժիչ բնույթ, և իսրայելցիներին հաջողվեց հասնել իրենց նպատակներին։ Սակայն «Հիզբալլահի» պարագայում նրանք լուրջ դիմադրության հանդիպեցին և միայն մասամբ լուծեցին խնդիրները. բավական է նշել, որ Իսրայելը հրթիռակոծվում էր մինչ զինադադարի վերջին օրը, իսկ նրա մոտ 1 միլիոն քաղաքացիներ ստիպված լքել էին իրենց բնակության վայրերը կամ օրերով թաքնվում էին ռմբապաստարաններում։ Իսրայելի տնտեսությունն ընդհանուր առմամբ կրեց $2.6մլրդ-ի վնաս։ Չլուծվեց նաև պատերազմի ռազմավարական խնդիրը. արդյունքում` սուննի–շիա հարաբերությունները ոչ թե սրվեցին, այլ լիբանանցիները համախմբվեցին «Հիզբալլահի» շուրջ։ Բնորոշ է, որ ընդհանուր առմամբ նկատելիորեն նվազեցին նաև արաբական աշխարհում իշխող հակասությունները։ Պատերազմի հետևանքով զգալիորեն խաթարվեցին Իսրայելի դիրքերը միջազգային հանրությունում. բավական է նշել, որ Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան արգելել են EI AI ավիաընկերությանը, որը ԱՄՆ-ից բեռներ է տեղափոխում ՑԱԽԱԼ-ի համար, լցակայման նպատակով օգտագործել իրենց օդանավակայանները։
Ռազմական հարաբերական անհաջողությունների արդյունքում Իսրայելի հանրությունում ծայր առավ ներքաղաքական ճգնաժամ, որի հետևանքով մեծապես տուժել է Իսրայել պետության իմիջը. կարելի է փաստել, որ տեղեկատվական-հոգեբանական ոլորտում Իսրայելի կրած պարտությունն ավելին է, քան ռազմական անհաջողությունները։
Միևնույն ժամանակ, պատերազմի քաղաքական-դիվանագիտական արդյունքներն իսրայելցիների համար դժվար է անբարենպաստ համարել. խաղաղապահ ուժերի տեղակայումը սահմանափակում է «Հիզբալլահի» հնարավորությունները և համապատասխանաբար բարձրացնում Իսրայելի անվտանգության աստիճանը։
Իրան. Ինչպես նշեցինք վերևում, ԱՄՆ-ի և Իսրայելի համար պատերազմի հիմնական թիրախը Իրանն էր` իր հարաճող հավակնություններով։ Հատկանշական է, որ ընդհանուր լրահոսից ձևավորվում է տպավորություն, թե պատերազմական գործողությունների ծավալումը նպաստավոր էր նաև Իրանի համար։ Հաշվի առնելով միջուկային ծրագրի շուրջ ընթացող զարգացումները և ամերիկյան հայտնի հարձակողական պլանները, հնարավոր զարգացումների էպիկենտրոնի տեղափոխումը Իրանից Լիբանան և Պաղեստին ձեռնտու պետք է լիներ Իրանին։ Այսինքն` այդ տերությունը, Հարավային Լիբանանում ձևավորելով «Հիզբալլահի» լավ նախապատրաստված ցանցային, ճյուղավորված կառույցը և կուտակելով այնտեղ զգալի ռազմական ռեսուրսներ, պետք է ձգտեր «տեղափոխել» հնարավոր իրադարձություններն իր սահմաններից հեռու և ապակայունացնել իրավիճակն այլ տարածքում։ Այս առումով, Իրանը նվազագույնը դեմ չէր և պատրաստ էր, որպեսզի պատերազմական գործողություններ սկսվեն (գուցե և ոչ այն ծավալով, որ տեղի ունեցան)։ Միևնույն ժամանակ, ռազմական հաջողությունը հոգեբանական-տեղեկատվական հարթությունում նույնքան անհրաժեշտ էր Իրանին, որքան ԱՄՆ-ին և Իսրայելին։
Պետք է ամրագրել, որ համատեղելով «Հիզբալլահի» ռազմաքաղաքական ներուժը, դիվանագիտական խուսանավումները և սպառնալիքները (նոր զինատեսակների ցուցադրություններով ընթացող զինավարժություններ, ի պատասխան ՄԱԿ-ի հնարավոր պատժամիջոցներին` նավթի արտահանումը դադարեցնելու և այդպիսով բարելի գինը մինչև $100-150-ի հասցնելու խոստումներ), Իրանը հասավ տպավորիչ արդյունքների։ Կարելի է պնդել, որ միջնաժամկետ հեռանկարում պատերազմի ամենաշահող կողմն այդ երկիրն է։ Բավական է նշել, որ արդյունքում Իրանին հաջողվեց ինչ-որ չափով լեգիտիմացնել իր միջուկային ծրագիրը (միջազգային հանրությունը զգալիորեն մեղմացրել է դիրքորոշումները այդ ծրագրի նկատմամբ)։ Կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ պատերազմի արդյունքներն էապես զսպեցին ԱՄՆ-ի և Իրանի միջև հակասությունները ռազմական միջոցներով լուծելու մտադրությունները։ Ամրապնդվեցին Իրանի առաջատար դիրքերը նաև ՄՄԱ-ում և ողջ իսլամական աշխարհում։ Բարելավվեցին Ահմադինեժադի դիրքերը ներքին քաղաքական դաշտում, որտեղ նրա դեմ լուրջ ընդդիմություն էր ձևավորվում։ Այդ գործչի վարկանիշը բարձրացավ նաև քաղաքական-վերլուծաբանական հանրությունում. օրինակ` Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին Ահմադինեժադին բնորոշեց «որպես սառնասիրտ և տաղանդավոր գործիչ»։
Պատերազմի հետևանքները և Հայաստանը. Հայտնի է, որ ՀՀ-ն և հայությունը հստակ արտահայտված ազգային շահեր ունեն ՄՄԱ տարածաշրջանում։ Լիբանանի և ընդհանրապես ՄՄԱ-ի հայկական համայնքները մշտապես տուժում են շարունակաբար ընթացող ռազմական գործողություններից, և այդ առումով վերջին պատերազմը բացառություն չի կազմում: Ակնհայտ է, որ Լիբանանի ենթակառուցվածքների փլուզումը նպաստում է, որպեսզի հայերը լքեն տարածաշրջանը։ Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ Երուսաղեմում, բացի հայկական համայնքից, տեղակայված է հայության ազգային հարստության մի զգալի մասը, և այդ առումով մոտեցումները ՄՄԱ զարգացումներին պետք է կրեն հավասարակշռված բնույթ։
Այսօր ՀՀ հանրությունում լսվում են առաջարկներ Լիբանան խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ։ Նկատենք, որ դրանք զուրկ չեն հիմնավորումից. բոլոր պարագաներում նման քայլը պակաս արդարացված չէ, քան Իրաք զորամիավորում ուղարկելը։ Միևնույն ժամանակ, հայտնի է, որ նման խնդիրները լուծվում են մեծ տերությունների որոշումների համատեքստում։ Այդ առումով անհամեմատ ավելի հրատապ են ՄՄԱ-ում ՀՀ քաղաքական, տեղեկատվական ներկայության խնդիրները, որոնք առայժմ բավարար լուծումներ չեն ստացել։
ՄՄԱ զարգացումներն անուղղակիորեն կապված են նաև ԼՂՀ հիմնախնդրի հետ։ Այդ համատեքստում պատերազմի արդյունքները, թերևս, պետք է դրական գնահատել։ Նման մոտեցումը հիմնավորվում է հետևյալ նկատառումներով.
- Կարճաժամկետ հեռանկարում ԱՄՆ` Իրանի դեմ ռազմական գործողություններ կատարելու հավանականությունը նվազել է, ինչն իր հերթին նվազեցնում է Իրանի հետ սահմանամերձ ԼՂՀ ազատագրված տարածքները միջազգային ուժերի վերահսկողության տակ դնելու հրատապությունը։
- Պատերազմի արդյունքում Ռուսաստանի և Իրանի դիրքերի ամրապնդումը նպաստելու է այդ երկրների և ԱՄՆ-ի միջև ԼՂՀ խնդրում ուժերի հարաբերական հավասարակշռության հաստատմանը. նման իրավիճակը մեծացնում է ՀՀ դիվանագիտական խուսանավման հնարավորությունները։
1Նկատենք, որ Իրաքում ստեղծված քաոսային իրավիճակը կարելի է երկակի գնահատել։ Այդ երկրի տարածքը, իրոք, չի վերահսկվում ամերիկյան զինուժի կողմից, ինչը ԱՄՆ ռազմաքաղաքական անհաջողության վերաբերյալ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Սակայն եթե իրադրությունը դիտարկենք Իրաքի մասնատման եւ ստեղծված անկայունությունը տարածաշրջանի այլ երկրներ տեղափոխելու տեսանկյունից (ինչը կարող է հող նախապատրաստել, որպեսզի դրանք նույնպես դրվեն ամերիկյան վերահսկողության տակ), ապա չի կարելի բացառել, թե ամերիկացիները` ելնելով այսպես կոչված ղեկավարելի քաոսի հայեցակարգի տրամաբանությունից, նման եղանակով փորձում են լուծել իրենց առջեւ դրված խնդիրները։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]