• am
  • ru
  • en
Версия для печати
26.04.2007

Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի վերաբերյալ

Руский

   

Գագիկ Տեր-Հարությունյան

Ռուսաստանը վերականգնում է իր ռազմաքաղաքական եւ տնտեսական դիրքերը գլոբալ հարթությունում, եւ պետք է ընդունել, որ այդ տերության ռազմավարությունը ներկայումս հայեցակարգային բնույթ է կրում։ Նման իրողությունը պայմանավորված է ոչ միայն տնտեսական վերելքով եւ պետության կայացումով։ Այդ գործընթացներին զուգահեռ համակարգվում է ռուսական քաղաքական միտքը, հստակեցվում են գաղափարախոսական դրույթները («պահպանողականություն», «ինքնիշխան ժողովրդավարություն»), մշակվում է արդիական ռազմական դոկտրին, վերանայվում է ազգամիջյան հարաբերությունների հայեցակարգը եւ այլն։ Պետք է, թերեւս, համաձայնվել փորձագիտական այն գնահատականների հետ, համաձայն որոնց` այսօր տեղի է ունենում ռուսական ազգի ձեւավորման (կամ վերաձեւավորման) մի գործընթաց, երբ նա փորձում է իմաստավորել/վերիմաստավորել իր տեղը եւ առաքելությունն աշխարհում։

Վերոնշյալ իրողությունների վկայությունն է ՌԴ ԱԳՆ-ի կողմից վերջերս կազմված եւ հրապարակված «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության տեսությունը» փաստաթուղթը, որը փաստորեն հանդիսանում է այդ տերության արտաքին քաղաքականության հայեցակարգը։ Հատկանշական է, որ հայեցակարգի մշակման գործընթացին մասնակցել են տասնյակից ավելի հետազոտական հաստատություններ եւ կենտրոններ։ Համաձայն փաստաթղթի հեղինակների, այսօր ՌԴ-ն ներգրավվում է միջազգային կյանքի բոլոր ոլորտները, եւ հայեցակարգի ստեղծման գերխնդիրն է այդ նոր պայմաններին «հոգեբանորեն եւ ինտելեկտուալ առումով պատրաստվելը»։

Ակնհայտ է, որ հանրային բնույթի նման փաստաթղթերը չեն արտացոլում այս կամ այն երկրի ռազմավարության բոլոր նրբությունները։ Սակայն հաշվի առնելով ՀՀ–ՌԴ հարաբերությունների առանձնահատուկ նշանակությունը` կարեւոր է ամրագրել հայեցակարգի ընդհանուր տրամաբանությունը եւ կիրառված տերմինաբանությունը, ինչպես նաեւ համառոտ անդրադառնալ ՀՀ-ի հետ այս կամ այն չափով առնչվող որոշ խնդիրների։

Վերոնշյալի համատեքստում արձանագրենք, որ դիտարկվող փաստաթղթում ՌԴ արտաքին քաղաքականությունում ելակետային են համարվում հետեւյալ հիմնադրույթները.

  • ՌԴ-ն վերականգնել է իր ինքնուրույնությունն արտաքին քաղաքականության ոլորտում։ Այսպիսով անուղղակիորեն փաստվում է, որ հետսառըպատերազմյան` ելցինյան դարաշրջանում Ռուսաստանը փաստորեն կորցրել էր իր ինքնիշխանությունը։
  • Ներկայիս աշխարհաքաղաքական մրցակցությունն ընթանում է քաղաքակրթական հարթությունում։ Այս դրույթն ընդգծում է ազգային/ քաղաքակրթական արժեքային համակարգերի եւ զարգացման ուղիների կարեւորությունը։ Միեւնույն ժամանակ փաստաթղթում, նկատի ունենալով, թերեւս, քաղաքակրթական բախումների վերաբերյալ Հանտինգտոնի դոկտրինը, նշվում են քաղաքակրթական գործոնի դրսեւորման նաեւ բացասական հետեւանքները։
  • Գլոբալացումը հանգեցնում է համաշխարհային ռեսուրսների ավելի հավասարաչափ բաշխման, ինչն իր հերթին «օբյեկտիվ հիմք է ստեղծում բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման համար»։ Հայեցակարգում նշվում է, «որ միաբեւեռության առասպելը վերջնականորեն փլուզվեց Իրաքում»։ Այս դրույթը որոշակիորեն ուղղված է ամերիկյան մոտեցումների դեմ, քանի որ համաձայն ամերիկյան ներկա վարչակազմի պատկերացումների եւ մասնավորապես` Քոնդոլիզա Ռայսի հայտարարությունների, գլոբալացումը պետք է հանգեցնի ազգային պետությունների վերացմանը եւ ուժի մի կենտրոնից ղեկավարվող համակարգի հաստատմանը։

Այս վերջին կետի առիթով նկատենք, որ ընդհանուր առմամբ հայեցակարգի տրամաբանությունն ուղղված է ԱՄՆ-ի գերակայության դեմ։ Մասնավորապես ԱՄՆ-ին վերաբերող ենթաբաժնում նշվում է, որ Միացյալ Նահանգների հետ Ռուսաստանի հարաբերությունների հիմնական բարդությունն այն է, որ ամերիկյան կողմը փորձում է ընդունել «առաջնորդողի» կամ «գործերը վարողի» կեցվածք: Կարելի է կարծել, որ այդ հանգամանքն իրոք առանցքային նշանակություն ունի ՌԴ-ի համար, եւ չպետք է բացառել, որ եթե ԱՄՆ-ի կողմից կատարվեն որոշակի փոխզիջումային քայլեր, ապա դա կարող է հանգեցնել մարտավարական հարթությունում այդ տերությունների հարաբերությունների կարգավորմանը:

ՌԴ ԱԳՆ-ի պատկերացումների համաձայն, բազմաբեւեռ համակարգում աճելու է մեծ տերությունների պատասխանատվությունը գլոբալ գործընթացներում։ Ըստ այդմ, նոր իրավիճակում պետք է ձեւավորվի առաջատար տերությունների մի խումբ, որը եւ պետք է կարգավորի միջազգային հարաբերությունների համալիրը։ Այդ տեսակետը համընկնում է ամերիկյան քաղաքական ընտրանու մի մասի տեսակետների հետ, համաձայն որոնց` ամերիկյան բացարձակ գերակայությունը ժամանակավոր երեւույթ է եւ դրան հետեւելու է ԱՄՆ «նահանջը»։ Սակայն, ըստ ամերիկացիների, դա չի նշանակում, թե իրենք հեռանում են «մեծ քաղաքականությունից», այլ ընդամենը «օպտիմիզացնում» են իրենց ռազմավարությունը եւ «հարմարվում» ստեղծված նոր պայմաններին։ Մասնավորապես, ենթադրվում է առաջատար տերությունների խմբի ձեւավորում (դրա նախադեպը ներկայիս «ութնյակն» է, որին մոտ ապագայում հավանաբար կմիանան Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան), որը պետք է «կառավարի աշխարհը», եւ այդ «ընտրյալ հասարակությունում» ԱՄՆ-ը պետք է պահպանի առաջատարությունը` բայց ոչ բացարձակ գերակայությունը, այսինքն` լինի «առաջինը հավասարների մեջ»։ Կարծես թե ռուսաստանյան փորձագետները համամիտ են նման մոտեցման հետ, որն, ի դեպ, թույլ կտա մեղմել ներկայիս «սառըպատերազմյան» տրամաբանությունը եւ տեղափոխվել «համաշխարհային կոլեկտիվ կառավարման եւ պատասխանատվության» դարաշրջան։

Հայեցակարգում, միջազգային անվտանգության համատեքստում, հատուկ տեղ է հատկացվում սպառազինությունների հետ կապված հետեւյալ հիմնախնդիրներին.

  • ԱՄՆ «Հակահրթիռային պաշտպանության պայմանագրից» դուրս գալուն եւ տիեզերքում սպառազինության տեղակայմանը։
  • «Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ» պայմանագրին1:
  • Միջուկային զենքի չտարածման պայմանագրի խախտումներին։
  • Քիմիական եւ կենսաբանական զենքերի արգելման կոնվենցիաներին (որոնք հրաժարվում է ստորագրել ԱՄՆ-ը)։

Որպես նորույթ կարելի է արձանագրել փաստաթղթում Միջազգային տեղեկատվական անվտանգության խնդրին գլոբալ նշանակության «մարտահրավերի» կարգավիճակ տալը. դա վկայում է, որ այսօր ՌԴ իշխանությունները սկսել են կարեւորել տեղեկատվական ոլորտը։

Հակամարտությունների կարգավորման խնդիրներում (որոնցից առաջնահերթությունը տրվում է Մերձավոր Արեւելքում ընթացող արաբա-իսրայելական եւ ԱՄՆ–Իրան չկարգավորված հարաբերություններին) ՌԴ ԱԳՆ-ի հիմնական թեզերն են հանդիսանում.

  • «Վերջնագրերի» եւ «ուժի կիրառման» քաղաքականության անընդունելիությունը, որը բոլոր կողմերին «տանում է փակուղի»։
  • «Հակամարտողների մեկուսացման» անթույլատրելիությունը, քանի որ կարգավորմանը կարող է նպաստել միայն նրանց ներգրավումը քաղաքական գործընթացին: Այս ենթաբաժնում հիշատակվում են նաեւ անդրկովկասյան հակամարտությունները եւ Կոսովոն, որին անկախություն շնորհելը, համաձայն ՌԴ ԱԳՆ-ի, անընդունելի է եւ «հղի լուրջ բարդություններով Եվրոպայի կայունության համար»։

Իրաքում տիրող իրավիճակի վերաբերյալ հայեցակարգում նշվում է, թե այդ երկրում Ալ-Մալիքիի շիական կառավարությանը Վաշինգտոնի եւ Թեհրանի կողմից զուգահեռ ցուցաբերվող աջակցությունը պետք է ընդունել որպես կառուցողական հանգամանք: Նման` լավատեսական մոտեցումը հայտնի է վերլուծաբանական հանրությունում եւ ընկալվում է որպես հնարավոր ընդհանուր եզր ԱՄՆ–Իրան հարաբերությունների կարգավորման տեսակետից:

Հայեցակարգում հանգամանորեն ներկայացված են առանձին տարածաշրջանների եւ երկրների հանդեպ ՌԴ արտաքին քաղաքականության ուղենիշները։ Ընդգծվում է այն դրույթը, թե ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնային են, իսկ անդրկովկասյան տարածաշրջանը ՌԴ-ի «տարածքային ամբողջականության» եւ անվտանգության տեսակետից առանցքային նշանակություն ունի։ Այդ բաժնում ներկայացված են հայտնի սկզբունքային եւ անզիջում մոտեցումները Վրաստանի վարած քաղաքականության վերաբերյալ, իսկ վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների կապակցությամբ նշվում է, որ դրանք պետք է լուծվեն «բացառապես խաղաղ եղանակով»` հաշվի չառնելով «ժամանակային եւ կարգավիճակային շրջանակները»։

Հատկանշական է, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի կարգավորումը (այն չի անվանվում հակամարտություն) համարվում է ոչ այնքան սուր խնդիր, որը պետք է լուծվի ՀՀ-Ադրբեջան ուղիղ բանակցությունների միջոցով, որոնց ընթացքին պետք է աջակցեն Մոսկվան, Փարիզը եւ Վաշինգտոնը (ԵԱՀԿ շրջանակներում)։ Ի դեպ, փաստաթղթում Ադրբեջանը բնորոշվում է որպես ստրատեգիապես կարեւոր գործընկեր, իսկ Հայաստանը` ստրատեգիական գործընկեր, որի հետ հարաբերությունները կրում են կայուն դաշնակցային բնույթ։

Եզրափակելով նշենք, որ արտաքին քաղաքականության հայեցակարգային դրույթների մշակումը հրատապ է նաեւ ՀՀ-ի համար։ Առավել եւս, որ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը որոշակի հիմք է ծառայում նման աշխատանքների վարման համար։

1Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղադրման առիթով ռուսաստանյան փորձագետները հաճախ են անդրադառնում նշված պայմանագրին այն ենթատեքստում, թե այն միակողմանի բնույթ է կրում եւ ՌԴ շահերը պահանջում են դուրս գալ համաձայնությունների շրջանակներից։ Որպես հիմնավորում նշվում է Ռուսաստանի հարավային հարեւանների մոտ (Չինաստանում, Պակիստանում եւ Իրանում) նման հեռահարության հրթիռների առկայությունը։ Նման հրապարակումներով ՌԴ-ն փորձում է տեղեկատվական ճնշում գործադրել եվրոպական երկրների վրա (որոնք Ռուսաստանում նման տիպի հրթիռների առկայությունից ամենից շատն են վտանգվելու), որպեսզի վերջիններս դիմադրեն ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղադրմանը եւ ԵՄ շրջանակներում ճնշումներ իրագործեն Լեհաստանի ու Չեխիայի վրա։ Ինչպես հայտնի է, վերջիններիս կառավարություններն արդեն ստորագրել են ԱՄՆ-ի հետ համապատասխան երկկողմանի համաձայնագրերը (բնորոշ է, որ զարգացումներն այդ հարթությունում ընթանում են ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս, քանի որ ԱՄՆ ազդեցությունն այդ կազմակերպությունում նվազելու միտում է ցուցաբերում)։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր