ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աշխարհաքաղաքական զարգացումների տեսակետից` ավարտվող 2007-ը ուրույն տարի էր։ Բազմաբեւեռ համակարգի ձեւավորման վերաբերյալ վերլուծաբանական հանրությունում նախկինում ընթացող քննարկումները տեսական հարթությունից տեղափոխվեցին իրական քաղաքականություն։ Կարելի է ամրագրել, որ միաբեւեռից բազմաբեւեռի վերափոխվելու անցումային փուլն ավելի կարճատեւ եղավ, քան կանխատեսվում էր։ Միեւնույն ժամանակ, սկսեցին ի հայտ գալ մի շարք միտումներ, որոնք, գուցեեւ առայժմ անուղղակիորեն, վկայում են այն մասին, որ գծագրվող բազմաբեւեռ աշխարհի քաղաքական ձեւաչափերը կարող են տարբերվել նախկինում ակնհայտ թվացող պատկերացումներից։
Բազմաբեւեռ աշխարհի ձեւավորման հիմնական հայտանիշը Միացյալ Նահանգների նահանջն է իր գլոբալ մենատիրական դիրքերից։ Այդ գործընթացը պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական այլ դերակատարների հզորացմամբ, այնպես էլ ԱՄՆ-ի եւ նրա մերձավոր դաշնակիցների (որոնց շարքում առաջնահերթ դիրքեր ունեն Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը) գաղափարախոսական, քաղաքական եւ տնտեսական համակարգի մասնակի վերասերմամբ։ Այսօր այդ երեւույթները տեսանելի են արդեն շատերին, եւ այս համատեքստում, թերեւս, ամենաուշագրավը պետք է համարել Իրանի հանդեպ ԱՄՆ ռազմավարության վերանայումը եւ վերիմաստավորումը։ Նման մոտեցման նախանշանները 2007-ին բավական շատ էին. կարելի է հիշատակել միայն ԱՄՆ–Իրան բանակցությունները Բաղդադում։ Սակայն որպես պաշտոնական հայեցակարգ այն ազդարարվեց ամերիկյան հետախուզական հանրության ամենահեղինակավոր վերլուծական կառույցի` Ազգային հետախուզության խորհրդի (National Intelligence Council–NIC) հրապարակումով այն մասին, թե Իրանը դադարեցրել է միջուկային զենք մշակելու իր ծրագրերը դեռեւս 2003-ին եւ մոտ ապագայում չի նախատեսում նման զենք ստեղծել։ Սա, անշուշտ, հստակ քաղաքական պատվերի արտահայտություն է։ Բավական է հիշել 2001–2003թթ. Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների զեկույցները շրջափակումներից եւ պատժամիջոցներից հյուծված Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության վերաբերյալ, որոնք ԱՄՆ-ի համար ռազմական ներխուժում կազմակերպելու հիմք հանդիսացան: Ակնհայտ է, որ NIC-ի հրապարակած տվյալներն այսօր հիմք են հանդիսանում Իրանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու հայտնի մտադրությունից, գոնե տեսանելի ապագայում, հրաժարվելու համար։
Ավելորդ չէ հիշել, որ Իրանի հետ հարաբերություններն ամերիկյան ռազմավարության անկյունաքարերից մեկն են, քանի որ վերջին մոտ երեսուն տարիներին այդ երկրի եւ ԱՄՆ հակասությունները ներառում են գաղափարախոսական, քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ողջ ոլորտը։ Վերջին տարիներին վերլուծաբանական հանրության մի ստվար մասը գրեթե չէր կասկածում, որ ԱՄՆ–Իրան ռազմական հակամարտությունն անխուսափելի է. հիմնական տարաձայնությունները վերաբերում էին այդ հակամարտության ծավալման ժամկետներին եւ հնարավոր սցենարներին։ Դատելով զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տարաբնույթ արտահոսքերից` կարելի է ենթադրել, որ Իրանի հանդեպ ամերիկյան ռազմավարության վերիմաստավորումը բավական դժվար է տրվել ԱՄՆ ներկայիս վարչակազմին։ Այն զգալի չափով արտահայտում է 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքում սպասվող փոփոխությունները եւ դրա հետ փոխկապակցված իսրայելական լոբբինգը։ Տպավորությունն այնպիսին է, որ քաղաքական եւ տնտեսական ոլորտներում Միացյալ Նահանգների հետ սերտաճած Իսրայելն այսօր իր համար անհեռանկարային եւ վտանգավոր է գնահատում հնարավոր ուժային զարգացումները տարածաշրջանում։ Եվ դրա վկայություններից է իսրայելցիների` նախկինի համեմատ առավել խաղաղասիրական դիրքորոշումը, որն արտահայտվել է վերջերս Անապոլիսում (ԱՄՆ) կայացած իսրայելա-պաղեստինյան համաժողովում։ Նշենք նաեւ, որ ԱՄՆ քաղաքական նահանջն ընդհանրապես նրա դաշնակիցներին թելադրում է գործել ավելի ինքնուրույն, ինչն առավելագույնս արտահայտվում է Թուրքիայի եւ Իսրայելի դիրքորոշումներում։
Բոլոր դեպքերում մեկ անգամ եւս պետք է փաստել, որ NIC-ի հանրային հնչեղություն ստացած զեկույցը տրամաբանորեն ամրագրեց այն իրողությունը, որ ԱՄՆ գլոբալ քաղաքականությունը թեւակոխում է մի նոր փուլ, որտեղ հիմնական շեշտադրումները կատարվելու են ոչ թե ռազմական, այլ այսպես կոչված «փափուկ ուժի» վրա։ Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները, հրաժարվելով գլոբալ մենատիրությունից, համաձայն միջնադարյան հայտնի բանաձեւի` շարունակում է մնալ «առաջինը հավասարների մեջ»։ Տիրապետելով հսկայական մտավոր եւ նյութական ռեսուրսների` ԱՄՆ-ը մնում է առայժմ միակ տերությունը, որն ի զորու է նախագծել բազմաբեւեռ աշխարհի այն կառուցվածքը, ինչն առավելագույնս համապատասխանում է այդ տերության քաղաքական ընտրանու կողմից ձեւավորված ազգային շահերի վերաբերյալ պատկերացումներին։ Այս առումով Իրանի հետ ընդհանուր եզրեր գտնելու մոտեցումը, չի բացառվում, կարող է հետապնդել հետեւյալ ռազմավարական ծրագիրը։
Ինչպես հայտնի է, աշխարհաքաղաքական իրողությունները բավական մնայուն երեւույթ են, եւ դրանց հետ կապված նախագծերը երկար կյանք ունեն։ Այսօր, ինչպես եւ, մասնավորապես, կես դար առաջ, անգլոսաքսոնյան գերակայության ամենագլխավոր մրցակիցները, հայտնի ձեւափոխումներից հետո, շարունակում են մնալ Ռուսաստանը եւ Չինաստանը։ Այդ առումով, թերեւս, տեղին է հիշել 1955թ. ձեւավորված ՍԵՆՏՕ-ն (ռազմաքաղաքական դաշինքն առավել հայտնի է «Բաղդադյան պակտ» անվամբ), որում Մեծ Բրիտանիայի հովանու տակ ընդգրկված էին Թուրքիան, Իրանը, Իրաքը եւ Պակիստանը։ Հետագայում այդ դաշինքի ռազմական կոմիտեում ընդգրկվեց նաեւ Բրիտանական կայսրության իրավահաջորդը` Միացյալ Նահանգները։ Առաջին սառը պատերազմի տարիներին ՍԵՆՏՕ-ի նպատակն էր արգելափակել հարավից «սովետների» հնարավոր էքսպանսիան։ Այսօր, անշուշտ, իրողություններն այլ են, սակայն քաղաքական տրամաբանությունը, որոշակի էվոլյուցիաներից հետո, շարունակում է մնալ նույնը։ Այդ համատեքստում ԱՄՆ–Իրան, ինչ-որ առումով` ԱՄՆ–Թուրքիա հակասությունները մեղմելու ամերիկյան միտումները գուցեեւ ուղղված են մի նոր տիպի (թերեւս, առանց հավակնոտ եւ պարտավորեցնող անվանման) ՍԵՆՏՕ-ի ստեղծմանը։ Նման առանցքը, որտեղ, իհարկե, ներգրավված կլինի նաեւ Աֆղանստանը, զգալիորեն կհակազդի հզորացող Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությանը եւ կապահովի անգլոսաքսոնյան արժանավայել ներկայությունը բազմաբեւեռ աշխարհում։ Չի կարելի նաեւ բացառել, որ այդ առանցքը կձեւավորվի որպես Իսլամական աշխարհի որոշակի ուժի կենտրոն նոր աշխարհակարգում։
Վերոնշյալ զարգացումների հնարավորության մասին անուղղակիորեն վկայում են Չինաստանի (որի արտաքին քաղաքականության հայեցակարգված եւ համակարգված դրվածքն այսօր չի զիջում ամերիկյանին) ռազմավարությունում ի հայտ եկած նոր միտումները։ Լրատվամիջոցների համաձայն` այդ տերությունը «նշաններ է ցույց տալիս», որ կարող է եւ դեմ չլինել Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ՄԱԿ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների կիրառմանը։ Նման մոտեցման լրացուցիչ վկայությունն է այն, որ Իրանին վարկեր տրամադրելու գործում Չինաստանը սկսել է բարդություններ ստեղծել։ Այսինքն` այդ նոր գերտերությունը որոշակի վտանգներ է զգում հզորացող եւ ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորություններ ունեցող Իրանից։
Թերեւս, նույն տրամաբանության մեջ պիտի դիտարկել նաեւ Իրանի հանդեպ Ռուսաստանի երկիմաստ պահվածքը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]