Ռուսական գազ. տնտեսություն և քաղաքականություն

2005-ի վերջի ամենաուշագրավ իրադարձություններից էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի սակագների շուրջ ծագած վեճը։ Կասկած չի հարուցում, որ սլավոնական այդ երկու հանրապետությունների հակամարտությունը, չնայած թվացյալ հանգուցալուծմանը, դեռ նոր զարգացումներ է ապրելու. մասնավորապես, դրա մասին է վկայում Բարձրագույն Ռադայի` կառավարությունը պաշտոնանկ անելու որոշումը, ինչն իրավաբանական խառնաշփոթ առաջացրեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Կասկած չի հարուցում, որ էներգակրի շուրջ ընթացող գործընթացները բազմապլան են և պարունակում են միմյանց հետ փոխկապակցված տնտեսական ու քաղաքական բաղադրիչներ։
Տնտեսական գործոնը
Այսօր բնական գազը ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն հումքերից է։ Այն նաև հիմնական էներգակիրներից մեկն է. Էլեկտրականության 20%-ն այսօր արտադրվում է գազի միջոցով, իսկ 2020թ. այդ ցուցանիշը կհասնի 30%-ի։ Միևնույն ժամանակ, այն կարևոր դերակատարում ունի քիմիական արդյունաբերությունում, որտեղ օգտագործվում է արդյունահանվող գազի մոտ 5%-ը։ Մասնավորապես, բնական գազի բաղադրամասի` էթանի մշակումից ստացվում է պոլիէթիլեն, որից պատրաստվում են ամենազանազան կենցաղային իրեր և խողովակներ։ Նկատենք, որ եթե 1տ էթանի գինը կազմում է $80-90, ապա պոլիէթիլենինը հասնում է մինչև $3700-ի։ Ներկայումս գազի հետախուզված համաշխարհային պաշարները կազմում են մոտ 150 տրիլիոն մ3, իսկ պոտենցիալ պաշարները գնահատվում են 280-300 տրիլիոն մ3։ Տարեկան ընդերքից կորզվում է մոտ 2,5 տրիլիոն մ3 գազ։ Սակայն, չնայած նրան, որ այդ ցուցանիշն աճի միտումներ ունի, փորձագետները գտնում են, որ գազի պաշարները, ի տարբերություն նավթի, բավարարելու են 21-րդ դարում մարդկության պահանջարկը։ Նշենք, որ գազը հասնում է սպառողներին գլխավորապես գազատարների միջոցով, որոնց ընդհանուր երկարությունը հասնում է 1 մլն կմ-ի։
Գազի համաշխարհային պաշարների 33%-ը գտնվում է Ռուսաստանում, որն այդ ցուցանիշով գրավում է աշխարհում առաջին տեղը (երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Իրանը` 15.8%, իսկ հետխորհրդային տարածքում գազի զգալի պաշարների են տիրապետում Թուրքմենստանը՝ 2%, Ուզբեկստանը և Ղազախստանը` մոտ 1.3%)։ Տիրապետելով գազի նման հսկայական պաշարների, ունենալով նաև գազարդյունահանման, տեղափոխման և մատակարարման բավական զարգացած ենթակառուցվածքներ՝ Ռուսաստանը, ինչպես նախկինում ԽՍՀՄ-ը, այդ հումքը վերածել է տնտեսական ռազմավարության կարևոր գործոնի։ Ներկայումս գազի ոլորտի գործառույթներն իրականացնում է հանրահայտ «Գազպրոմ» ընկերությունը, որը տնօրինում է ռուսական գազի պաշարների ավելի քան 60%-ը և որի բաժնետոմսերի 38%-ը պատկանում է պետությանը։ Այդ ընկերության տարեկան շահույթը կազմում է ավելի քան $40 մլրդ (բավական է նշել, որ «Գազպրոմ»-ը միայն Եվրոպա արտահանում է շուրջ 150 մլրդ մ3 գազ, որի միջին գինը 1000 մ3-ի համար կազմում է $250)։
Վերադառնալով ԱՊՀ տարածքում և մասնավորապես՝ Ուկրաինայի հետ գազի շուրջ ընթացող գործընթացներին՝ պետք է նկատել, որ ռուսական կողմն այդ հակամարտությունում գործել է կոշտ, պրագմատիկ և գրագետ։ 2005թ. դեկտեմբերի 31-ին վերջանում էր պայմանագիրը, համաձայն որի՝ Ուկրաինան գնում էր ռուսական գազ $50-ով 1000 մ3-ի համար, իսկ Եվրոպա տեղափոխվող գազի տարանցման համար այդ հանրապետությունը ստանում էր $1.01 գազատարի 100 կմ-ից։ Նոր գնի վերաբերյալ ռուս-ուկրաինական բանակցությունները սկսվել էին դեռ գարնանը, և նախապես խոսքը $160-ի մասին էր 1000 մ3-ի համար։ Ուկրաինական կողմը կտրականապես հրաժարվում էր այդ գնից՝ պնդելով, որ հիմնավորված գինը կազմում է ոչ ավելի, քան $60-65։ Դեկտեմբերին բանակցային գործընթացը մտավ փակուղի, և «Գազպրոմ»-ը հայտարարեց, թե այդուհետ գազը վաճառելու է արդեն $230-ով։ Ընկերությունը սպառնաց փակել Ուկրաինայի «գազի ծորակը», եթե պայմանագիրը չկնքվի մինչև 2006թ. հունվարի 1-ը։ Միաժամանակ, ռուսաստանյան իշխանություններն առաջարկեցին Ուկրաինային զեղչ պայմաններով $3,6 մլրդ վարկ և/կամ 2006-ի առաջին եռամսյակում գները պահել հնի չափով, սակայն պայմանագիրը նախապես ստորագրելուց հետո։ Ուկրաինական «Նավթագազ»-ն այս առաջարկությունները մերժեց։
Ս.թ. հունվարի 1-ին «Գազպրոմ»-ը դադարեցրեց գազի մատակարարումը, որին «Նավթագազ»-ը պատասխանեց գազի շորթումներով, ինչը, իր հերթին, հանգեցրեց եվրոպական երկրներին մատակարարվող գազի ծավալի նվազմանը։ Ճիշտ է, «Գազպրոմ»-ը փոխհատուցեց Եվրոպային այդ վնասը, սակայն ակնհայտ էր, որ նման իրավիճակը չէր կարող երկար տևել։ Հետևեցին Բեռլինի և եվրոպական այլ մայրաքաղաքների ճնշումները Կիևի վրա. պարզվեց, որ էներգետիկ խնդիրներն ավելի կարևոր են, քան «նարնջագույն հեղափոխության» գաղափարները։ Զուգահեռ` հաշտեցնող-միջնորդական առաքելություններ էին գործում նաև Մոսկվայում (այս գործում մեծ էր Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերի դերը)։ Ի վերջո, «Նավթագազ»-ի ղեկավար Ալեքսեյ Իվչենկոն հունվարի 4-ին ստորագրեց հնգամյա պայմանագիր։ Դա կարելի է համարել որպես «Գազպրոմ»-ի և ընդհանրապես ռուսաստանյան տնտեսության հաջողություն, քանի որ.
- Նախկինում Ուկրաինային տարեկան շուրջ 17 մլրդ մ3 գազ մատակարարելու դիմաց $800-900 մլն ստանալու փոխարեն «Գազպրոմ»-ի շահույթն այդ ուղղությամբ այսուհետ կկազմի ավելի քան $4,5մլրդ։
- Համաձայն նոր պայմանագրի` հաշվարկները կատարվելու են միայն տարադրամով, ինչն ավելի թափանցիկ կդարձնի ֆինանսական հաշվարկները և, հետևաբար, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։
- Ոչ ուշ, քան մինչև փետրվարի 1-ը պետք է ստեղծվի ռուսական վերահսկողության տակ գտնվող մի նոր ընկերություն, որը զբաղվելու է Ուկրաինայում ռուսական գազի փոխադրման, իրացման և հնարավոր կրկնակի արտահանման (օրինակ` Մոլդովա) հարցերով (նախկինում այդ գործառույթները կատարում էր «ՌուսՈւկրԷներգո» կազմակերպությունը)։ Այդ նոր ընկերության ստեղծման հիմնական նպատակներից է նվազեցնել Ուկրաինայում ռուսական գազի շորթման հնարավորությունները։
- Գազի գների բարձրացումն անխուսափելիորեն իջեցնելու է ուկրաինական արտադրանքի (խոսքը հիմնականում էներգատար մետալուրգիայի և քիմիական արդյունաբերության մասին է) մրցունակությունը ԱՊՀ և միջազգային շուկաներում։ Համապատասխանաբար բարձրանալու է ռուսական արտադրանքի գրավչությունը, քանի որ Ռուսաստանում բնական գազի ներքին գները 1000 մ3-ի համար կազմում են մոտ $40:
Պայմանագիրը ստորագրելուց հետո «Նավթագազ»-ի ղեկավար Իվչենկոն հայտարարեց, թե ուկրաինական կողմը շահել է, քանի որ «Գազպրոմ»-ը վաճառելու է գազը $230-ով վերոհիշյալ «ՌուսՈւկրԷներգո»-ին, իսկ վերջինս մատակարարելու է այն ուկրաինական կողմին $95-ով։ Սակայն դա ընդամենը տեղեկատվական «հնարք» էր։ Խնդիրն այն է, որ Ուկրաինան տարեկան սպառում է մոտ 50 մլրդ մ3 միջինասիական գազ ($55-65-ով) և ընդամենը 17 մլրդ` ռուսական (ներկրվող ծավալի մոտ 1/3-ը)։ Ուկրաինա է մտնում «ռուսական» և «միջինասիական» գազերի խառնուրդը, որի միջինացված գինը կազմում է մոտ $95։ Որոշ մեկնաբաններ ուկրաինական կողմի համար նվաճում են համարում Եվրոպա տեղափոխվող տարանցիկ գազի վճարումների ավելացումը. ներկայումս ռուսական կողմը 100կմ տարանցման համար վճարում է $1.6 (նախկինում` $1.01)։ Սակայն ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ. նախկինում ուկրաինացիներն այդ վճարը ստանում էին տեղափոխվող գազի 10%-ի տեսքով, իսկ ներկայումս նրանք ավելի ստացած գումարով նույնքան գազ չեն կարող գնել:
Քաղաքական համատեքստը
Ինչպես հայտնի է, ս.թ. մարտի վերջին պետք է տեղի ունենան Ուկրաինայի խորհրդարանի` Բարձրագույն Ռադայի ընտրությունները։ Դրանց նշանակությունը լրացուցիչ մեծացել է, քանի որ 2006-ի հունվարի 1-ից սկսել են գործել սահմանադրությունում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց՝ Ուկրաինան վերածվել է կիսանախագահական–կիսապառլամենտական հանրապետության։ Այս ամենի համատեքստում գազի գների շուրջ ընթացող ռուս-ուկրաինական հակամարտությունն անմիջապես քաղաքական բովանդակություն ձեռք բերեց, որից փորձեցին յուրովի օգտվել ուկրաինական քաղաքական դաշտի գրեթե բոլոր դերակատարները։ Ակնհայտ էր նաև, որ Կիևում ընթացող գործընթացների մի մասն ուղղորդվում էր Մոսկվայի կողմից։
Մասնավորապես, պատահական չպետք է համարել, որ 2005-ի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը Յուլիա Տիմոշենկոյի վրայից հանեց բոլոր այն մեղադրանքները, որոնք նախկինում հարուցվել էին կոռուպցիոն բնույթի գործողությունների առիթով։ Պատահական չէր նաև, որ նախագահ Յուշչենկոյի նախկին համախոհն առաջինը սկսեց ապակայունացնել ներկայիս քաղաքական իրավիճակը։ Մասնավորապես՝ Տիմոշենկոն դատական գործ հարուցեց «Նավթագազ»-ի ղեկավար Իվչենկոյի դեմ, իսկ Բարձրագույն Ռադան որոշում ընդունեց պաշտոնանկ անել Յուրի Եխանուրովի գլխավորած կառավարությունը։ Դա մերժվեց նախագահ Յուշչենկոյի կողմից, սակայն հանգեցրեց իրավաբանական ճգնաժամի, քանի որ պարզվեց, որ Ուկրաինայում դեռևս բացակայում է կազմավորված Սահմանադրական դատարանը, որն իրավասու լիներ որոշում ընդունել վիճելի հարցերի վերաբերյալ։ «Գազային պատերազմը» ակտիվացրել է նաև նախկին վարչապետ Յանուկևիչին հարող ուժերին։ Տպավորությունն այնպիսին է, որ ուկրաինական ընտրանիում եղած հակասություններն այսօր ավելի քան սրվել են և պայքարն ընթանում է «բոլորը` բոլորի դեմ» սկզբունքով։ Ստեղծված իրադրությունում քաղաքական զարգացումներն այդ հանրապետությունում դարձել են անկանխատեսելի։ Այդ իրավիճակը շտապեցին արձանագրել օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունները. «Ֆիչ» միջազգային գործակալությունը նկատելիորեն իջեցրել է Ուկրաինայի վարկանիշը՝ դրանից բխող հետևանքներով: Նույն գործակալության փորձագետների կանխատեսմամբ՝ այդ հանրապետությունում 2006թ. սպասվում է ընդամենը 1-2% ՀՆԱ աճ։
Ուկրաինայի քաղաքական համակարգի ապակայունացմանը նպաստում է նաև ռուսաստանյան ԶԼՄ քարոզչությունը, որը Յուշչենկոյին և նրա աջակիցներին ներկայացնում է որպես անլուրջ քաղաքական գործիչներ։ Հարկ է նաև նշել, որ, իր հերթին, ուկրաինական ԶԼՄ-ն փորձ է կատարում Ռուսաստանից կերտել թշնամի կայսրության կերպար։
Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Կիևում սկսված քաոտիկ գործընթացները հենց այն են, ինչին ձգտում է Կրեմլը։ «Խաղաղ պայմաններում» Յուշչենկոյի վարչակազմը հստակորեն «հեռացնում» էր հանրապետությունը Ռուսաստանից։ Ստեղծված խառնաշփոթը գուցե և հնարավորություն տա Մոսկվային` ձևավորել հարևան երկրում այն քաղաքական ուժերը, որոնք սկզբնական փուլում կհավասարակշռեն Յուշչենկոյի «արևմտյան» միտումները, իսկ հետագայում գուցե և փորձեն «ազատվել» ներկայիս արևմտամետ առաջնորդից։
Աշխարհաքաղաքական կողմնորոշումների համատեքստում պետք է նշել, որ «գազային պատերազմում» Ուկրաինային հետևողականորեն աջակցում է միայն ԱՄՆ-ը։ Որոշ ուկրաինական քաղաքական գործիչների և անկախ վերլուծաբանների կարծիքով` Ուկրաինայի սկզբնական անզիջում դիրքորոշումը գազի խնդրում պայմանավորված էր ամերիկյան համապատասխան երաշխիքներով։ Մասնավորապես, տեղեկատվական դաշտում հայտնվեցին նյութեր, որտեղ խոսվում էին Ղրիմում ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Գոոսի և Յուշչենկոյի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Բնորոշ է նաև, որ անգամ գազի վերաբերյալ պայմանագրի կնքումից հետո ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հանդես եկավ Ռուսաստանի դեմ կոշտ հայտարարությամբ։ Սակայն Կրեմլը չընկրկեց և այդ առիթով բողոքի նոտա հղեց ԱՄՆ-ին։ Մոսկվայի նման հաստատուն դիրքորոշումը պայմանավորված է ոչ միայն Ռուսաստանի պետականության մասնակի վերականգնումով և տնտեսական վերելքով. այստեղ պետք է առաջին հերթին կարևորել Ռուսաստանի նոր` ակտիվ և բազմաչափ քաղաքականությունը, որի շնորհիվ սկիզբ դրվեց այդ երկրի` քաղաքական մեկուսացումից դուրս գալու գործընթացին:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]