• am
  • ru
  • en
Версия для печати
04.02.2013

ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱՎԱԼ

EnglishРуский

   




Սոնա Մանուսյան

«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, հ.գ.թ.
Դիանա Գալստյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Սերիալներն այնքան են արմատավորվել հեռուստաընկերությունների գործունեությունում և հեռուստադիտողի կյանքում, որ հեռուստատեսության բովանդակության խնդիրներին անդրադառնալիս դրանց վրա առանձին կանգ առնելն անխուսափելի է դառնում։ Ինչպես եթերածավալում, այնպես էլ այդ եթերի խնդիրների մասնագիտական քննարկումներում սերիալներն առաջնային տեղերից մեկում են։ Քննարկվում են անցանկալի արժեքային և վարքային ազդեցության հարցեր՝ շեշտադրելով մերթ նպատակային, մերթ ոչ պրոֆեսիոնալիզմից բխող «ինքնահոս» գործոններ։ Տեղական (և ոչ տեղական) արտադրության սերիալները մտահոգում են աննպաստ գաղափարներ, բառապաշար և խոսելաոճ տարածելու, ներընտանեկան ու միջանձնային հարաբերությունների վնասակար մոդելներ և հերոսների աղքատիկ կերպարներ մատուցելու, հանրությանը հանցավորին և արատավորին «ընտելացնելու» առումով։ Ըստ հասարակագետ փորձագետներից1 մեկի՝ «Սերիալները չեն կարող չարտացոլել իրականությունը, բայց դա չի նշանակում, թե բոլոր պատգամավորները հանցագործներ են: Իսկ այդ ցուցադրվող հարաբերությունները դառնում են օրենք: Դիմում ես ոչ թե ոստիկանի, այլ հեղինակությանը: Սա է, որ բերում է արժեքների փոփոխությանը»։ Չնայած սերիալների հասցեին հնչող քննադատական կարծիքներին՝ դրանք դարձել են առօրյան անցկացնելու գերիշխող ձև մեծաթիվ լսարանի համար և այդ առումով բարձր վարկանիշ ունեն։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի՝ Հանրային հեռուստառադիոընկերության 2011թ. գործունեության վերաբերյալ հաղորդման մեջ, հիմնվելով «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության վարկանշային տվյալների վրա, նշվում է, որ «2011թ. «Աննա 2» և «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալները հայկական հեռուստաեթերի 10 ամենամեծ լսարան ունեցող հեռուստահաղորդումներից էին... «Աննա 2»-ը 2011 թվականին եղել է հայկական եթերի ամենամեծ հեռուստալսարան ունեցող հաղորդումը»2։ Միևնույն ժամանակ, նույն զեկույցում հաղորդումների ծավալի բաշխվածության մեջ սերիալներն առանձին չեն ներկայացվում՝ միացվելով «Մշակութային հաղորդումներ (այդ թվում` ֆիլմեր)» թեմատիկ ուղղությանը, որն արդյունքում ներկայացված է տպավորիչ՝ 31% եթերածավալով։ Սերիալների բարձր վարկանիշի առավելությունը և, միաժամանակ, դրանց որակի հանրային քննադատությունը բերում են նրան, որ շահեկանորեն ներկայանալու համար հեռուստաընկերությունները կարող են մի դեպքում ընդգծել սերիալների կշիռը, այլ դեպքերում՝ շրջանցել։

Հայկական հեռուստաալիքների միջև սկսվել է հայրենական արտադրության սերիալների «մրցավազք», եթերաժամանակը զբաղեցնում են մի քանի անգամ կրկնվող սերիալները։ Ըստ էության, այսօր դրանց վրա է դրված հեռուստատեսության համահարթեցնող, տիպականացնող, արժեքներ տարածող գործառույթների իրականացման հիմնական «բեռը»։ Ռուսաստանում ևս ծրագրային ցանցի հիմքն են կազմում սեփական արտադրության սերիալները. փրայմ-թայմի 5 ժամից 4-ը (19:00-24:00) տրամադրված է սերիալներին3։ Զարգացած հեռուստաընկերություն ունեցող բոլոր երկրներին այսօր բնորոշ է սերիալների «բում»-ը, և այդ միտումը գլխավորում է Ռուսաստանը4։ Վերջինիս դեպքում հեռուստասերիալի դիտման օրական տևողությունը գնահատված է աննախադեպ 4 ժամ՝ կազմելով օրական հեռուստադիտման մեծ մասը։ Այլ կերպ ասած՝ միտումի իմաստով «մենք մենակ չենք» կամ՝ «մենակ մենք չենք»։ Ինչևէ, արժեքային-գաղափարական ազդեցության տեսակետից ինքնին սերիալների գոյությունը կամ անգամ առատությունը խնդիր չէ. «սերիալ» ասելով կարող ենք պատկերացնել բազմասերիալ ձևաչափով նկարահանված խիստ տարբեր որակի ու տարբեր լսարանների համար նախատեսված արտադրանք՝ սկսած կենցաղային մելոդրամներից մինչև պատմական կամ դետեկտիվ սերիալներ՝ դերասանական հիմք չունեցող էժան խաղակազմով նկարահանված սերիալներից մինչև կինոարվեստի հավակնող որոշ նախագծեր արտերկրում:

2011թ. նոյեմբերի ընթացքում իրականացված հեռուստաալիքների (Հ1, «Շողակաթ», «Երկիր մեդիա», «Կենտրոն») փրայմ-թայմի (18:00-24:00) ծրագրային ցանցի մոնիթորինգը5 թույլ է տալիս տեսնել սերիալների տեսակարար կշիռը և բովանդակությունը: Հեռուստասերիալներին տրամադրված եթերաժամանակով Հ1-ը առաջատարն է (25,8%), ինչը հանրայինի ուղղվածությունը դարձնում է հիմնականում ժամանցային: Նշենք նաև, որ սերիալների առատության ֆոնին հանրայինի եթերն աչքի է ընկնում նաև գեղարվեստական ֆիլմերի սղությամբ (4,1%)։ Ցուցադրվում են հայրենական արտադրության նույնաժանր սերիալներ՝ մարդկային ծանր ճակատագրեր ներկայացնող (սերիալների գլխավոր հերոսներն ապրում են վատ պայմաններում, անընդհատ արժանանում են «հեղինակություն վայելող», լավ ապրուստ ունեցող մարդկանց արհամարհանքին, հաճախ անզոր են ճակատագրի շրջադարձերի առջև։ Այս շարքում են «Քաղցր կյանք», «Աննա 2», «Կյանքի կարուսել», «Հրեշտակների դպրոց» սերիալները։ «Շողակաթ»-ը փրայմ-թրայմի ընթացքում սերիալների ցուցադրմամբ երկրորդ տեղում է (16,4%), որտեղ, սակայն, սերիալների ժանրը և ուղղվածությունը կտրուկ տարբերվում է։ Դրանք ոչ հայրենական արտադրության սերիալներ են՝ «Դոկտոր Ժիվագոն», «Ոդիսևսը», «Կոմիսար Մեգրեն» և «Հռոմի հանելուկները»: «Կենտրոնն» այս ընթացքում ցուցադրել է «Դոկտոր Տիռսա» ռուսական սերիալը (6,1% փրայմ-թայմից): Երկիր-մեդիայի փրայմ-թայմում սերիալի («Երկաթե կայսրուհին») ցուցադրումը կազմել է 10,3%։ Հենց հեռուստաալիքի ներկայացուցչի պնդմամբ՝ սերիալների ընտրության հարցում իրենք առաջնորդվում են ազնիվ մարդկային հարաբերություններ ու վարքի նմուշներ մատուցելու գաղափարական նպատակով՝ տարբերվելով մյուս հեռուստաալիքներից։ Կարելի է, իհարկե, նկատել որոշակի տարբերություն հեռուստաալիքների միջև՝ ցուցադրվող սերիալների գաղափարախոսական «պրոֆիլի», ուղղվածության առումով: Սակայն ոչ այնքան, որքան, օրինակ, Ռուսաստանի դեպքում: Այսպես, «Россия»-ն մասնագիտանում է հայրենասիրականներում, «СТС»-ը՝ կատակերգականներում և այդպես շարունակ։ Ընդ որում, ընկերություններն այնտեղ վարկանիշը և գովազդատուներին չկորցնելու վախից խուսափում են դուրս գալ իրենց գաղափարախոսության շրջանակներից6։

Այսօր էլ Հայաստանում, մեծ հաշվով, գերիշխող են մնում միատիպ, տեղական արտադրության՝ «ընթացքում ձևավորվող», անհետևողական սցենարով «դժբախտ» սերիալները։ Իրենց հերոսների սոցիալական տիպով համապատասխանելով մեր հեռուստահանրության միայն մի մասին՝ դրանք, այնուհանդերձ, պարտադրվում են ողջ լսարանին: Մեդիա-փորձագետներից մեկի արտահայտությամբ՝ «...եթե Աննայի երկու տարվա դժբախտ ընտանեկան պատմությունը առկա է հայաստանյան ընտանիքների 2 տոկոսում կամ 10 տոկոսում, նրանք իրավունք չունեն դա քարոզելու բոլոր ընտանիքներին»: Այս առումով խորամանկություն կա հեռուստաընկերությունների ներկայացուցիչների այն փաստարկում, թե իրենք հիմնվում են լսարանի պահանջի վրա: Ավելի ճշգրիտ կլինի ասել, որ նրանք չեն ցանկանում լսել այլ պահանջ:

Ի հակադրություն տեղական պատկերի, արտերկրյա փորձը թույլ է տալիս տեսնել, որ որակյալ հեռուստասերիալը կարող է հետաքրքիր լինել նաև առաջադեմ և կիրթ հեռուստադիտողին և լիովին մրցել լիամետրաժ ֆիլմերի հետ կատարման բոլոր հատկանիշներով՝ ռեժիսորական, օպերատորական, սյուժետային և դերասանական։ Այնպիսի հեռուստասերիալներ, ինչպիսիք են «Բժիշկ Հաուսը», «Խելագարները», հաջողված կերպով առաջ են քաշում մտորման նոր թեմաներ ու նոր հերոսներ: Ավելին, նույնականացվելով ֆիլմի հերոսի հետ՝ երիտասարդները բժշկի մասնագիտություն են ընտրում։ «Այդ հերոսը հակասական է՝ ոչ տիպականորեն դրական և ոչ տիպականորեն բացասական, ինչպես և պետք է լինի հերոսը մեր ժամանակներում, երբ շատ սովորական արժեքներ վիճարկված են»,- նշում է Ա.Ակոպովը7։

Այստեղ է, որ իմաստ ունի կասկածել քննադատության այն տարածված գծին, համաձայն որի՝ սերիալներով ներմուծվում են մեզ խորթ, օտարածին արժեքներ և վարքաձևեր: Ավելի շատ կարող ենք ցավով նշել, որ այսօրվա հեռուստաարտադրանքը վատ իմաստով «փակ» է ու անընկալունակ աշխարհի հանդեպ, չի կարողանում «դրսից ներմուծել» այնպիսի մոտեցումներ, որոնք կնպաստեին հասարակության զարգացմանը: Սերիալները խնդիր են առաջին հերթին ժամանակավրեպ վարքաձևեր ու թեմաներ (ինչպես նաև առանց թեմայի սյուժեներ) շրջանառելու պատճառով։ Դրանք ոչ այնքան այսօրն են արտացոլում, որքան երեկը, և այն բերում այսօր՝ նոր սերնդի առջև կրկին խաղարկելու միջոցով: Օրինակ, թեև այսօր արդեն «արագ հարստացածների», «գողականների», «հեղինակությունների» սոցիալական տիպերը նույնքան արդիական չեն, ինչպես մոտ տասը տարի առաջ, այսօր սերիալների «լավ ապրող» «լավ տղաներն» արհեստականորեն հետ են վերադարձնում այդ ժամանակաշրջան և ստիպում ցուցադրվածը դեռ ընկալել որպես գերիշխող պատկեր: Այս առումով մեր իրավիճակը նման է ռուսական շատ սերիալների մոդելին, որտեղ մնացորդային խորհրդային ֆենոմենները չափազանցված կերպով են արտացոլվում, և ցույց են տրվում դեռևս քսան տարի առաջ «կոնսերվացված» կերպարներ։ Ըստ կինոքննադատ Դ.Դոնդուրեյի՝ ռուսական սերալների «գրեթե բոլոր հերոսները հանգամանքների զոհ են՝ պասիվ իրենց ճակատագրի ընտրության հարցում»8, ինչը բնորոշ է նաև հայկական սերիալներին։ Սցենարը մեզ մոտ թույլ չի տալիս բարձրացնել նոր հարցեր, ստեղծել նոր մարտահրավերների հետ գործ ունեցող դինամիկ (ոչ միայն այսօրվա, այլև վաղվա) կերպարներ:

Իհարկե, կապ ունի նաև լսարանն իր մշակույթով: Այսօր ինտերնետի ու արբանյակային ալիքների միջոցով կա որակյալ սերիալների այլընտրանք, սակայն հայ հեռուստադիտողի համար ավելի ազդեցիկ է մնում հայրենականը։ Ի տարբերություն արտասահմանյան սերիալների, տեղականներում հերոսներն ապրում են այն նույն քաղաքում, որտեղ իրենք, խոսում են նույն լեզվով, հագնում նմանատիպ հագուստ, հայտնվում այն իրավիճակներում, որտեղ կարող է հայտնվել շարքային հեռուստադիտողը, տեսարանները նկարահանվում են հեռուստադիտողին ծանոթ վայրերում։ Այդ պատճառով հեռուստադիտողն ավելի հեշտ է նույնականացվում այդ սերիալի հերոսների հետ՝ իրեն պատկերացնելով այդ իրականության «մի մասնիկ», հերոսների վիճակը՝ որպես «իր սրտից»: Սերիալների հերոսների առաջարկած լուծումները հատկապես պատանիների կողմից ընկալվում են որպես սեփական խնդիրներից ազատվելու միջոց։ Ի լրումն, ամեն ալիք իր սերիալներում նկարահանվող դերասաններից ստեղծում է հանրային կերպարներ, որոնց շուրջ կառուցվում է տվյալ հեռուստաալիքի եթերը. օրինակ՝ այդ դերասաններից ոմանք հանդես են գալիս որպես հաղորդավարներ, մյուսները նրանց հյուրերի կարգավիճակում են, ակտիվորեն լուսաբանվում է այդ դերասանների հետ կապված ցանկացած նորություն՝ ծննդյան տարեդարձ, հարսանիք և այլն։

Սերիալները, պարզ ասած, չեն կարող չլինել։ Աշխարհում դրանք գրեթե համատարած դարձել են հեռուստաընկերությունների շահույթի հիմնական աղբյուրը, ինչից զրկվելը կարող է հեռուստաընկերության ընդհանուր զարգացման, այլ ձևաչափի հեռուստահաղոդումների պատրաստման խոչընդոտ դառնալ։ Բացի այդ, մարդիկ կախվածության աստիճան սովոր են այդ ձևաչափին, մասամբ այն պատճառով, որ կինո դիտող լսարանը կինոթատրոնից տեղափոխվել է տներ՝ լայն, հարթ էկրանների դիմաց։ Հաշվի առնելով սերիալների կարևորությունը և՛ լսարանի, և՛ արտադրողի համար, տեղին է խոսել ոչ թե սերիալները հանելու (ինչպես կլսենք ծայրահեղ քննադատություններում), այլ որակական փոփոխության մասին՝ պրոֆեսիոնալիզմի, ժանրային բազմազանության բարելավման, ինչպես նաև տարբեր լսարանների պահանջին ավելի ընկալունակ լինելու առումներով:

Ըստ որոշ տեսակետների՝ սերիալների որակի բարձրացման հնարավորությունն ուղիղ համեմատական է դրա արտադրման գներին ու ստացվող շահույթներին, այսինքն՝ որոշիչ է տնտեսական գործոնը: Վ.Ռյաշինի պնդմամբ, «Երբ մեր գները կմոտենան Արևմուտքի գներին, այդժամ և կոնտենտը կդառնա որակապես այլ»9։ Այլ տեսակետների համաձայն՝ խանգարող հանգամանքը ոչ թե փողի պակասն է, այլ առաջին հերթին գաղափարական ճգնաժամը։ Արդեն Ռուսաստանն էլ, Արևմուտքի նմանությամբ, սկսել է հաշվի նստել հեռուստադիտողի հետ՝ փորձելով ներդրումներ, հետազոտություններ անել նրա նախընտրություններն իմանալու, պատրաստվելիք սերիալն ավելի հասցեական և բովանդակային դարձնելու համար։ Մեզանում սա դեռ չի էլ քննարկվում, հեռուստաարտադրանքն ու հեռուստադիտողը սկզբից ևեթ համարվում են միմյանց արժանի, սերիալների ցածր որակը բացատրվում է դիտողի մակարդակով կամ պարզապես պահանջարկով: «Սերիալները մեծ պահանջարկ ունեն: Զանգերով ենք կարծիք կազմում, իսկ զանգերը բավականին շատ են»,- նշում է Հանրային հեռուստաընկերության կինոծրագրերի բաժնի վարիչ Ռ.Ավետիսյանը10: Մեր կողմից հարցված փորձագետներից մեկի կարծիքով՝ «Հեռուստաալիքները առաջնորդվում են կարծրատիպային մոտեցումներով, վաղուց հայտնի սխեմաներով։ Էժան գներով նկարահանում են սերիալներ ու մատուցում հասարակությանը՝ կարծելով, որ դա ապահովում է վարկանիշ: Հիմա կան հետազոտական կառույցներ, որոնք որոշում են սերիալների, տարբեր հաղորդումների վարկանիշները, բայց այստեղ, իմ կարծիքով, կա որոշակի անազնվություն: Բնականաբար, եթե դիտվող ժամերին ինչ-որ հաղորդում ես դնում, մարդիկ դա՛ շատ կնայեն: Սերիալի իրական վարկանիշն իմանալու համար պետք է այդ ժամերը չզբաղեցնել և դնել այլ ժամերի ու տեսնել՝ մարդիկ նայո՞ւմ են, թե՞ ոչ:»

Այսպիսով, հեռուստասերիալի ցուցադրման քաղաքականությունը և թիրախային լսարան ընտրելու որոշումը վերջին հաշվով ալիքից են կախված։

1 Հոդվածում օգտագործվել են նաև «ՀՀ տեղեկատվական տարածքի իդեոլոգեմների ուսումնասիրությունը» գիտական հետազոտական ծրագրի շրջանակներում անցկացված փորձագիտական հարցման արդյունքներ (ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհի շրջանակներում)։

2 http://www.1tv.am/userfiles/file/News/22_10_12/Gortsuneutyan veraberyal.doc, էջ 21։

3 Москаленко Л., «Рейтинги вместо смысла» // «Эксперт», # 38(820), 2012.

4 Նույն տեղում։

5 Մեր կողմից դիտարկվել և թեմատիկ խմբավորվել են 2011թ. նոյեմբեր ամսվա 4 հեռուստաալիքների հաղորդումները փրայմ-թայմ ժամանակահատվածում (18։00-24։00)։ Մոնիթորինգն իրականացվել է «ՀՀ տեղեկատվական տարածքի իդեոլոգեմների ուսումնասիրությունը» գիտական հետազոտական ծրագրի շրջանակներում։

6 Москаленко Л., «Рейтинги вместо смысла» // «Эксперт», # 38(820), 2012.

7 Նույն տեղում, էջ 20։

8 Նույն տեղում, էջ 21։

9 Նույն տեղում, էջ 23։

10 http://95.140.203.201/h1/pages/viewhistory/page/copyrightfilms


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 1, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր