• am
  • ru
  • en
Версия для печати
07.09.2009

ՆՈՐ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ «ԽԱՂԱՂ ԱՏՈՄԻ» ՇՈՒՐՋ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ»

Руский

   

Միխայիլ Աղաջանյան

Mikhail Aghadjanyan (medium)«Համաշխարհային ատոմացման» միջազգային գործընթացի համոզիչ առաջընթացի շուրջ վերջին իրադարձություններն ի հայտ բերեցին այդ գործընթացի հետաքրքիր դինամիկա և ուղղվածություն: Ատոմային էներգիայի քաղաքացիական օգտագործման տեխնոլոգիաների խոշոր պրոդուցենտ երկրները սկսել են, եթե կարելի է այդպես արտահայտվել, խաչաձևվող փոխպայմանավորվածություններ հաստատել երկկողմանի հարաբերությունների զարգացման այս ոլորտում: «Խաղաղ ատոմի» ոլորտում իրենց աշխարհաքաղաքական շահերի տեսակետից թվում է թե անհամատեղելի այնպիսի խոշոր դերակատարներ, ինչպիսիք են, օրինակ, Ռուսաստանը և Ճապոնիան, ռազմավարական պայմանավորվածություններ են կնքում:

2009թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի վարչապետ Վ.Պուտինի այցի ժամանակ, ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին:

Ռուսաստանը և Ճապոնիան, որոնք մինչ օրս խաղաղ պայմանագիր չեն կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր և որոնց հարաբերություններն այդ պատճառով որոշակի «քաղաքական անհարմարավետություն» են պարունակում, գնացին համաձայնության այնպիսի առանձնահատուկ ոլորտում, որն անմիջականորեն առնչվում է երկու երկրների ազգային անվտանգության շահերի և արտաքին քաղաքական գերակայությունների հետ: Հարավային Կուրիլների շուրջ Ռուսաստանի և Ճապոնիայի միջև չլուծված տարածքային վեճը գայթաքար չդարձավ երկու հարևանների միջև` երկու պետությունների համար ընդունելի գործընկերային երկխոսություն սկսելու համար:

Համաձայնագիրն ընդգրկում է համագործակցության հնարավոր ուղղությունների լայն շրջանակ. ուրանի հանքավայրերի հետախուզում և արդյունահանում, թեթև ջրի ռեակտորների նախագծում, կառուցում և գործարկում, ռադիոակտիվ մնացուկների վերամշակում, միջուկային անվտանգություն` ներառյալ ճառագայթային պաշտպանությունը և շրջակա միջավայրի նկատմամբ վերահսկողության սահմանումը:

Ճապոնիան վստահորեն զարգացնում է միջուկային էներգետիկայի ներքին շուկան` նախատեսելով ավելացնել իր ԱԷԿ-ների արտադրած էլեկտրաէներգիան` ներկայիս 30-ից հասցնելով 40%-ի: Երկու երկրների ամենակարևոր ձեռքբերումներից մեկն, ըստ համաձայնագրի, դարձավ այն, որ ռուսական «Ռոսատոմը» և ճապոնական «Toshiba Corporation»-ը ցանկություն են հայտնել Ճապոնիայի տարածքում կառուցել համապատասխան հզորությունների չհարստացված ուրանի վերամշակման համար, որը մատակարարվելու է Ռուսաստանից: Մինչև համաձայնագրի ստորագրումը Մոսկվայում ընդգծում էին, որ իրենք նախատեսում են ավելացնել Ռուսաստանի բաժինը Ճապոնիայի ատոմային հումքի շուկայում` ներկայիս 15%-ից այն հասցնելով 25%-ի1:

Մինչև համաձայնության կնքումը երկու երկրները հանդես էին գալիս ավելի շուտ որպես ավանդական մրցակիցներ միջուկային էներգետիկայի շուկայի` երրորդ երկրներում ուրանի հանքավայրերի մշակման հատվածում: Ռուսաստանի և Ճապոնիայի այդ մրցակցությանը կարելի է ականատես լինել Ղազախստանի ուրանի հանքերում, թեև հարկ է նշել, որ այստեղ մրցակցության հիմնական վեկտորը ծավալվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև:

Փորձագետները նշում են, որ բնական ուրանի սեփական պաշարների բացակայության պատճառով Տոկիոն խիստ հետաքրքրված է այդ հումքը Ղազախստանից ստանալու հարցում: Հենց դրա համար էլ 2006թ. օգոստոսին, Ճապոնիայի այն ժամանակվա վարչապետ Դ.Կոիձումիի Աստանա կատարած այցելության ժամանակ ստորագրվեց ատոմային էներգիայի կիրառման ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Այժմ Ճապոնիայի կողմից ներմուծվող ուրանի արտադրանքի ղազախական բաժինը կազմում է մոտ 1%, բայց ապագայում այն կարող է հասնել մինչև 30%-ի: Այս պլանների իրագործման համար 2007թ. ապրիլին Աստանայում ստորագրվեց ղազախա-ճապոնական փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ, որը, ճապոնական կողմի կարծիքով, թույլ կտա 2-3 անգամ ավելացնել Ղազախստանում արտադրվող ուրանի արտադրանքի ավելացված արժեքը: Ուրանի ղազախական շուկայում առավել մեծ ակտիվություն են ցուցաբերում ճապոնական «Sumitomo Corporation», «Kansai Electric Power Corporation», «Itochu Corporation», «Marubeni Corporation» և «NGK Insulators Inc.» ընկերությունները: 2007թ. հոկտեմբերի 1-ին ճապոնական «Toshiba Corporation» ընկերությունը ղազախական «Ղազատոմարդ»-ին վաճառեց ԱՄՆ-ում միջուկային ռեակտորների հիմնական արտադրող «Westinghouse Electric Company» հոլդինգային ընկերության (որը միաժամանակ նաև ռուսական «Տեխսնաբէքսպորտ»-ի գլխավոր մրցակիցներից է) բաժնետոմսերի 10%-ը: Նման գործողությունների նպատակն այն է, որ 2014-ից լրիվ դադարեցվի ուրանի արտահանումը և անցում կատարվի հիմնականում ամերիկյան արտադրության ջերմարձակող պատրաստի սարքերի մատակարարմանն արտերկիր: Իհարկե, նման գործունեությունը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանի ղեկավարությանը2:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Վ.Պուտինի Տոկիո կատարած վերջին այցը և «խաղաղ ատոմի» շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, միջկառավարական այլ համաձայնագրերի հետ մեկտեղ, զգալիորեն փոխում են շեշտադրումը ռուս-ճապոնական երկկողմ հարաբերություններում` մրցակցությունը վերածելով փոխշահավետ համագործակցության, ինչն այնքան կարևոր է Ռուսաստանի և Ճապոնիայի համար` որպես Ասիայում ավանդական աշխարհաքաղաքական մրցակիցներ և, միաժամանակ, G-8-ի գծով գործընկերներ համաշխարհային տնտեսական անկման պայմաններում:

Ռուսաստանի համար այս և մյուս համաձայնագրերը կարևոր են նաև այն բանի հաշվառմամբ, որ 2012թ. Վլադիվոստոկում տեղի է ունենալու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովը:

«Խաղաղ ատոմի» տեխնոլոգիաների մյուս հիմնական պրոդուցենտները նույնպես ձեռքները ծալած չեն նստել: Դեռ անցյալ տարի ԱՄՆ-ը միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համապատասխան համաձայնագիր է ստորագրել Հնդկաստանի հետ, իսկ Ֆրանսիան շատ մոտ է այն բանին, որ որպես առաջատար մտնի Սաուդյան Արաբիայի ձևավորվող միջուկային էներգետիկայի շուկա: Այս առնչությամբ ֆրանսիական կողմի համար խոստումնալից էր Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի այցելությունը Էր Ռիադ այս տարվա մայիսի 9-ին: Սաուդցիների հետ հնարավոր համաձայնագրի մանրամասներում չխորանալով` ֆրանսիացի նախարարը լավատեսություն հայտնեց, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև 2009թ. ավարտը:

Հատկանշական է, որ վերը նշված օրինակներն ընդգրկում են Ասիա աշխարհամասն իր ողջ տարածքային արեալով. Սաուդյան Արաբիայից մինչև աշխարհամասի արևմուտք, միջին գծով` Հնդկաստանով մինչև արևելքի ծայրագույն կետը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը` հանձին Ճապոնիայի: 2008թ. սկզբին փորձագիտական եզրակացություններ և կանխատեսումներ էին արվում այն մասին, որ միջուկային արտադրահզորությունների առավել մեծ աճ ներկայում և ըստ կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումների` նկատվում է Ասիայում: Կառուցվող 34 ռեակտորներից 19-ը գտնվում են Ասիայում, 39 նոր` ցանցին միացված ռեակտորներից 28-ը գտնվում են Ասիայում: Աշխարհամասը ռեկորդակիր է նաև միջուկային էներգետիկայի շուկայում այնպիսի կարևոր չափանիշի գծով, ինչպիսին է ԱԷԿ նոր բլոկների շինարարության տևողությունը: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տվյալներով` Ասիայում ԱԷԿ բլոկի կառուցման միջին տևողությունը հասել է 62 ամսվա: 2001թ. դեկտեմբերից մինչև 2007թ. մայիս ընկած ժամանակահատվածում ցանցին միացված 18 բլոկներից 3-ը կառուցվել են 48 ամսում կամ նույնիսկ ավելի արագ3:

Վերջին ժամանակներս հետաքրքիր է նաև այն, որ խոշոր երկրները ոչ միայն հաճույքով են գնում այլ պետությունների հետ հարաբերությունների սուր անկյունները հարթելուն, այլև միանգամայն համարժեք են ընկալում իրենց գործընկերների ցանկացած նախաձեռնություն այն պետությունների հետ կապերի զարգացման ուղղությամբ, որոնց հետ սկզբունքային արտաքին քաղաքական տարաձայնություններ ունեն: Ռուս-ճապոնական հարաբերություններում ներկա փուլում որպես ասվածի վկայություն կարելի է բերել Ճապոնիայի արձագանքը Հարավային Օսիայի շուրջ անցած տարվա իրադարձություններին և Ռուսաստանի տրամադրվածությունը` հաստատել փոխշահավետ կապեր միջազգային ասպարեզում սահմանափակ ճանաչում ստացած այնպիսի պետական կազմավորման հետ, ինչպիսին Թայվանն է4: Ի դեպ, վերջինը վճռականորեն է տրամադրված իր տարածքում «խաղաղ ատոմի» ոլորտը զարգացնելու հարցում5:

Միջուկային էներգետիկայի ոլորտում պետությունների համագործակցությունը ներկա փուլում դիտարկվում է որպես հարմար հարթակ` հանելու երկկողմ հարաբերությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմանափակիչները: Աշխարհի խոշոր երկրները միանգամից չէ, որ հանգեցին այս տեսակետին. այն ապագա երկխոսության որոնմանն ուղղված փոխշահավետ հիմքեր գտնելու երկարատև և հաճախ` տառապալի գործընթաց էր: Ավելի փոքր երկրները, որոնց հարաբերությունները բարդացվում են փոխադարձ կասկածների բեռով, հաճախ էլ` շարունակական հակամարտություններով, դեռ չեն եկել նման իրավիճակներում միակ ճիշտ որոշմանը. ժողովրդավարական երկրների միջև ցանկացած հակամարտության լուծման համար անհրաժեշտ է նրանց հասարակությունների վստահությունը միմյանց նկատմամբ, իսկ նման վստահության ձեռքբերումն անիմաստ է առանց տնտեսական կապերի և սոցիալական առնչությունների հաստատման և աստիճանական զարգացման պետության և քաղաքացիական հասարակության մակարդակներով: Այս համատեքստում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես ասում են` զրոյից ռուս-ճապոնական հարաբերությունների սկսման փորձը խիստ հատկանշական է և օգտակար հիմնավորումներ է պարունակում նման իրավիճակում գտնվող այլ երկրների համար: Այսպես, Ռուսաստանի վարչապետի` ճապոնացի գործընկերոջ հետ համատեղ ամփոփիչ մամուլի ասուլիսին, ճապոնական տեղեկատվական գործակալության թղթակցի հարցին` «Վերջին ժամանակներս խոսում են ոչ թե չորս, այլ երեքուկես կղզիների վերադարձի մասին... Ճապոնիայի հանրային կարծիքում մտավախություն կա, որ տարածքային խնդիրների շուրջ կոնկրետ առաջխաղացում չկա, այլ միայն տնտեսական համագործակցությունն է զարգանում: Դա կարող է հանգեցնել այն բանին, որ տարածքային խնդիրները կարող են երկար ժամանակով հետաձգվել: Ի՞նչ կպատասխանեիք այս մտավախությանը», Ռուսաստանի կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Մենք բանակցություններ ենք վարում խաղաղ պայմանագիր կնքելու ոչ նրա համար, որ տնտեսական համագործակցության պայմաններ ստեղծենք: Մենք զարգացնում ենք տնտեսական համագործակցությունն այն բանի համար, որ խաղաղ պայմանագիր ստորագրելու պայմաններ ստեղծենք»:

Թերևս, նման շեշտադրումը համապատասխանում է, օրինակ, Ղարաբաղյան կարգավորման շուրջ տիրող իրավիճակին: Վերջինին խառն են ազդեցության բազմաթիվ տարածաշրջանային համատեքստեր, և առկա են բազմաթիվ, ինչպես նպաստող, այնպես էլ կարգավորմանը խանգարող գործոններ: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ առանց կողմերի հաշտեցման, առաջին հերթին իրենց հասարակությունների մակարդակով, արդյունավետ կարգավորման մասին խոսելն իմաստ չունի: Հասարակությունը պետք է հասկանա, զգա, որ կարգավորումն իր համար շահավետ է և անհրաժեշտ է թվում առավել ամրապնդվող տնտեսական կապերի և սոցիալական առնչությունների լույսի ներքո: Այստեղ կարող է և պետք է իր դերակատարումն ունենա հակամարտության բոլոր կողմերի և տարածաշրջանի այլ շահագրգիռ երկրների միջև երկարատև պոտենցիալ համագործակցության այնպիսի ոլորտը, ինչպիսին է միջուկային էներգետիկան:

Այս ֆոնին ապակառուցողական են թվում որոշ փորձագետների առաջարկությունները Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, ովքեր վերջին ժամանակներս անդրադարձել են «խաղաղության պարտադրման» թեմային: Ամեն նոր բան, ինչպես հայտնի է, լավ մոռացված հինն է: Բայց «խաղաղության պարտադրանքը» թարմ պատում է Բալկաններում խաղաղարարության մասին, որը ցույց է տալիս իր սահմանափակությունն ու վնասակարությունը գերբարդ, էթնիկ, պատմական, սոցիոմշակութային և քաղաքական գործոններով միահյուսված տարածաշրջաններում: «Խաղաղության պարտադրանքի» գործիքին դիմելն անխուսափելիորեն պահանջում է գործի դնել հակամարտության կողմերին ճնշելու ռազմական մեթոդները: Այն, ինչ փորձարկվեց նախկին Հարավսլավիայում, էլ ավելի մեծ ապակայունացնող դեր կունենա Ղարաբաղի շուրջ: «Խաղաղություն կարող են պարտադրել» միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամները: Նրանցից ո՞վ կանի դա, օրինակ, Երևանի կամ Ստեփանակերտի հանդեպ: Ռուսաստա՞նը, որը ռազմավարական հարաբերություններ ունի հայոց պետականության հետ Հարավային Կովկասում, թե՞ ԱՄՆ-ը` իր շատ պատկառելի հայ սփյուռքով, գուցե Ֆրանսիա՞ն, որը ոչ պակաս ազդեցիկ հայ սփյուռք ունի և ոչ պակաս սերտ կապեր Հայության հետ:

Եթե խոսենք էլ ինչ-որ պարտադրման մասին Ղարաբաղյան կարգավորման հարցում, ապա դա կարող է լինել միայն «համագործակցության պարտադրանք» հակամարտության բոլոր կողմերին: ՄԱԿ ԱԽ մշտական անդամները, նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները (գումարած Մեծ Բրիտանիան և Չինաստանը), նույն իրենք` աշխարհի խոշորագույն տնտեսությունները և միջուկային տեխնոլոգիաների խոշորագույն պրոդուցենտ երկրները կարող են համագործակցություն «պարտադրել» Հարավային Կովկասի բոլոր հանրապետություններին, ինչպես նաև Կովկասի տարածաշրջանային բոլոր տերություններին, օրինակ` այնպիսի փոխկապակցող ընդհանուր պարտավորություններով ու պատասխանատվությամբ ոլորտում, ինչպիսին է միջուկային էներգետիկան:

Նման «պարտադրանքից» կշահեն բոլորը, և երկարատև հեռանկարի համար պարտվողներ պարզապես չեն լինի:

1Russia, Japan agree nuclear energy pact, www.nuclearpowerdaily.com, 12.05.2009.

2Владимир Евсеев, Проблемы российско-казахстанского сотрудничества в ядерной сфере под углом евразийской интеграции www.ia-centr.ru/expert/4649/, 15.05.2009.

3Nuclear Energy Outlook 2008. OECD. November 2008. p. 4.

42009թ. մարտի 10-ին Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Խ.Նակասոնեն հայտարարեց, թե իր երկիրը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության միակողմանի հռչակումը: Ավելի վաղ, 2008թ. հոկտեմբերին, Տոկիոն Թբիլիսիին վարկ էր տրամադրել $200 մլն-ի չափով` Հարավային Օսիայում հակամարտության ժամանակ ավերված ենթակառուցվածքի վերականգնման համար: Ճապոնիայի ԱԳՆ հայտարարությամբ Տոկիոն ակտիվ աջակցություն ցուցադրեց Վրաստանի ժողովրդավարական և շուկայական գործընթացներին և իր ավանդը ներդրեց Կովկասում իրադրության կայունացման գործում:

Ռուսաստանի մայրաքաղաքում գործում է տնտեսական և մշակութային համագործակցության Թայբեյ-մոսկովյան համակարգող հանձնաժողովը: Այդ հանձնաժողովի ղեկավար Ս.Գուբարևը Թայվանի միջազգային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է Թայվանի նեղուցի կողմերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը: «Ռուսաստանն այն դիրքորոշմանն է, ըստ որի` անհրաժեշտ է իրավիճակի կարգավորում տարածաշրջանում: Եվ, որ ամենակարևորն է, կարգավորումը պետք է իրականանա խաղաղ եղանակներով: Մենք սկզբունքորեն դեմ ենք պատերազմին»,- հայտարարել է Ս.Գուբարևը: Նա նաև նշել է, որ Թայվանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի հետագա զարգացման մեծ հնարավորություն կա. «Ամեն տարի Ռուսաստան այցելող թայվանցի զբոսաշրջիկների թիվը կազմում է 15 հազար մարդ: Երկկողմանի առևտրի ծավալը հավասար է $4 մլրդ-ի: Ավելի քան 200 ռուսաստանցի ուսանողներ ուսում են ստանում թայվանյան բուհերում, ընդ որում` նրանք ուսումնասիրում են ոչ միայն չինարեն, այլև քաղաքականություն, մշակույթ: Իսկ ռուսաստանյան բուհերում ուսանում են մոտ 300 թայվանցի ուսանողներ» (Тайвань: новости политики, экономики, культуры (февраль 2009), www.taiwanembassy.org).

52007թ. վերջի դրությամբ Թայվանն ուներ երեք ԱԷԿ. «Chinshan» (2 ռեակտոր`յուրաքանչյուրը 604 մվտ հզորությամբ), «Kuosheng» (2 ռեակտոր` յուրաքանչյուրը 948 մվտ հզորությամբ) և «Maanshan» (2 ռեակտոր` յուրաքանչյուրը 890 մվտ հզորությամբ) (Мировая ядерная энергетика в 2007 году, www.proatom.ru, 05.02.2008).


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր