• am
  • ru
  • en
Версия для печати
07.09.2011

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

   

Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ԶՈւ կապիտան

Ադրբեջանն Արցախյան հիմնախնդիրը լուծելու գործընթացում հստակորեն ընտրել է ռազմականացման ճանապարհը: Մեծ տեմպերով ավելացնում է սպառազինությունը և ռազմական բյուջեն: 2004-2007թթ. Ադրբեջանը միայն Ուկրաինայից ներկրել է 80 հազ. միավոր զենք1: 2003-2008թթ. Ադրբեջանի հիմնական մատակարարները եղել են Ուկրաինան ($364 մլն), Ռուսաստանը (128 մլն) և Վրաստանը (108 մլն)2: Վերջին տվյալներով՝ Ադրբեջանն ամենաշատ զենք գնում է Ուկրաինայից3: Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ 1998-2007թթ. ադրբեջանական ռազմական ընդհանուր ծախսերն ավելացել են շուրջ 554%-ով: 2011թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն հաստատվել է 2 մլրդ 511 մլն մանաթ, որը հավասար է մոտ $2.8-3 մլրդ-ի: Ադրբեջանական ռազմական բյուջեի ավելացումն ունի կոնկրետ հասցեականություն: Ստեղծվել է ռազմական արդյունաբերության նախարարություն: Տարբեր երկրների հետ կնքվում են ռազմական համագործակցության տասնյակ պայմանագրեր: Ադրբեջանը թուրքական, իսրայելական և այլ երկրների ռազմարդյունաբերական ընկերությունների հետ կնքում է սպառազինությունների գնման, արդիականացման, համատեղ արտադրության պայմանագրեր4:

Ադրբեջանական բանակի սպառազինության արդիականացման հարցում հետաքրքրական են տարատեսակ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ձեռքբերումները: Ադրբեջանը ցանկանում էր նաև արտադրել սովորական ու անգամ մարտական ԱԹՍ-ներ իսրայելական ընկերությունների հետ համատեղ: Գործարանն արդեն բացված է, և կարելի է սպասել, որ շուտով ԱԹՍ-ների քանակն ադրբեջանական բանակում կհասնի մի քանի հարյուրի: Բացի այդ, նման սարքերի ձեռքբերման համար պայմանագիր է կնքվել թուրքական TAI (Turkish Aerospace Industries, Inc.) ընկերության հետ: Ծրագրվում է այդ նույն ավիագործարանում արտադրել ավստրիական “Diamond DA-42” փոքր ինքնաթիռ, ինչը, բնականաբար, հետաքրքիր է նաև ավիաարդյունաբերության զարգացման տեսանկյունից:

Ըստ ադրբեջանական տեղեկատվության` երկրի ռազմարդյունաբերության նախարարությունը բանակի համար արտադրում է ավելի քան 400 անուն ռազմատեխնիկական նշանակության արտադրատեսակ5՝ զրահամեքենաներ, հրաձգային զենքեր, հանդերձանքի տարատեսակ պարագաներ և այլն: Չնայած ադրբեջանական կողմի ներկայացրած տվյալներին ու հավակնություններին` նշենք, որ առաջիկայում ադրբեջանական ռազմարդյունաբերությունը չի կարող գրանցել լուրջ հաջողություններ, ինչը կապված է գիտատեխնիկական, արտադրական մի շարք գործոնների հետ, որոնք Ադրբեջանում բացակայում են: Հետագայում փոքրիշատե հաջողություններն այդ ոլորտում կպայմանավորվեն այն հանգամանքով, որ մի քանի երկրներ` Թուրքիա, Իսրայել, Պակիստան և այլն, կարող են մի շարք ռազմատեխնիկական նախագծերում ցուցաբերել աջակցություն, իրականացնել համատեղ արտադրություն: Ադրբեջանը դեռ երկար ժամանակ ի վիճակի չի լինի իրականացնել ժամանակակից զենքերի ստեղծման ինքնուրույն ծրագրեր և կախված է լինելու այդ երկրներից:

Դիպուկահար հրացան. Ադրբեջանը զենքերի ցուցահանդեսներին ակտիվորեն գովազդում է իր արտադրած զենքերը: Անդրադառնանք ադրբեջանական ռազմարդյունաբերության արտադրանքի մի քանի նմուշների: Նախ՝ վերջին ժամանակներս բավական գովազդվող ադրբեջանական “İstiqlal (İST-14,5 Anti-Material Rifle)” դիպուկահար հրացանի մասին:

Հրացանը պատկանում է մեծ տրամաչափի համանման զենքերի դասին: Այն կիրառում է խորհրդային ռուսական 14,5×114 մմ փամփուշտներ: Ըստ ադրբեջանական տվյալների՝ նրանց դիպուկահար հրացանն ունի հետևյալ մարտավարատեխնիկական բնութագիրը6.

զենքի երկարությունը` 2015 մմ
փողի երկարությունը` 1220 մմ
քաշը` մոտ 20-29 կգ, վերջինը լրակազմով
կրակի արդյունավետ հեռավորությունը` 3000 մ
զենքը կիսաավտոմատ է, ինքնալիցքավորվող
պահեստատուփը 3 կամ 10 փամփուշտի համար
ունի 8 անգամ մոտեցնող օպտիկական նշանոց։

Առաջին հայացքից, իհարկե, վատ տվյալներ չեն, սակայն փորձենք վերլուծել դրանք: Աշխարհում ներկայումս շատ են տարածված մեծ տրամաչափի դիպուկահար հրացանները: 14,5 մմ-ոց փամփուշտները, ճիշտ է, շատ հզոր են և այդ առումով զրահապատ տեխնիկայի դեմ կիրառելու համար բավական հարմար, սակայն դրանք չունեն հատուկ դիպուկահարների համար նախատեսված գնդակներ կամ արկեր: Այսինքն՝ այս փամփուշտների միակ առավելությունը հզորությունն է: Մոտ 60 գրամանոց արկը, փողից դուրս գալով մոտ 1000 մ/վ արագությամբ, ունի մոտ 30 հազ. ջոուլ էներգիա7: Համեմատության համար նշենք, որ 12,7×108 մմ-ոց խորհրդային փամփուշտներն ունեն մոտ 50 գրամանոց արկ և մոտ 16 հազ. ջոուլ էներգիա8: Խնդիրը հենց այն է, որ հզոր փամփուշտը նաև նշանակում է, որ դրանով կրակելը շատ դժվար է, իսկ որոշակի տարածությունից այն կողմ այդ արկերի ցրումն այնքան է մեծանում, որ դիպուկ կրակի մասին խոսելն ավելորդ է: Զենքի տվյալների մեջ գրված է, որ այն նախատեսված է նաև զրահապատ տեխնիկայի և այլ նշանակետերի խոցման համար: Բնական է, որ նման հեռավորության վրա զրահապատ մեքենան չափերով մեծ է և դիպչելու հավանականությունն էլ մեծանում է: Սակայն նման տրամաչափի փամփուշտներով նման նշանակետ խոցելու համար բավական են նաև գնդացիրները, որոնք անգամ ավելի մեծ հավանականությամբ կարող են խոցել այդ նույն մեքենաներին՝ ելնելով իրենց արագաձգությունից և այլ հատկանիշներից: Այստեղ հարց կարող է առաջանալ, որ այդ գնդացիրներն ավելի մեծ և ծանր են, բայց այդպես չէ: КПВ գնդացիրը՝ առանց մեծ մարտապաշարի, չունի մեծ քաշ:

Ահա նաև այն պատճառները, թե ինչու նման տրամաչափի դիպուկահարները մեծ տարածում չունեն: Կան նաև այլ պատճառներ: Առաջին մեծ տրամաչափի դիպուկահարների կիրառությունը ցույց տվեց, որ դրանց արդյունավետությունն այնքան մեծ չէ սովորական արկերով: Ճիշտ է՝ շատ երկրներ Ադրբեջանի նման շարունակում են սովորական գնդացիրների համար նախատեսված արկերի-փամփուշտների համար դիպուկահարներ ստեղծել, անգամ կան էկզոտիկ 20 մմ-ոց մի քանի նմուշներ: Դրանք բոլորն էլ հզոր են, սակայն դրանց առավելությունն ընդամենը սա է։ Մեծ մասամբ Արևմուտքում ստեղծված հզոր դիպուկահարների համար պատրաստվում են հատուկ փամփուշտներ: Դրանք կարող են լինել ավանդական տրամաչափի փամփուշտների հատուկ տեսակներ կամ բացառիկ տրամաչափի փամփուշտներ, որոնք թանկ արժեն, սակայն իրենց գործում անփոխարինելի են: 1000-1500 մ հեռավորության վրա նույնքան հաջողությամբ կիրառվում են ավելի փոքր և հարմար 12,7 մմ-ոց ռուսական կամ ամերիկյան փամփուշտները, հենց այդ պատճառով էլ կարիք չկա ստեղծել ավելի հզոր դիպուկահարներ:

Ինչպես նշեցինք, այս ադրբեջանական զենքն ունի 20-29 կգ քաշ, որը նման զենքերի համար չափազանց մեծ է: Աշխարհի ամենատարածված “М82”, “McMillan TAC-50” և այլ դիպուկահարների քաշը չի հասնում անգամ 15 կգ-ի9:

Նույն տրամաչափի այլ դիպուկահար հրացաններից է մոդուլային կառուցվածք ունեցող հարավաֆրիկյան “Mechem NTW-14,5”-ը, որը կարող է նաև կիրառել 20 մմ-ոց փամփուշտներ: Կարելի է վստահորեն պնդել, որ ադրբեջանական դիպուկահարը կառուցվածքով և աշխատանքի հիմնական սկզբունքով խորհրդային գնդացրի և հարավաֆրիկյան այս համանման զենքի պատճենն է: КПВ-ի երկարությունը 2000 մմ է, իսկ փողի երկարությունը՝ 1346 մմ10: “Mechem NTW-14,5”-ի քաշը, երկարությունը և փողի երկարությունը կազմում են նույնքան, որքան ադրբեջանական զենքինն է:

Մենք չնշեցինք այն մասին, որ ադրբեջանական ներկայացված տվյալները կեղծիք են, նման զենքով 3000 մ հեռավորության վրա դիպուկ կրակ վարել հնարավոր չէ: Համեմատության համար նշենք, որ նույն տրամաչափի առաջին դիպուկահարը՝ հունգարական “Gepard”-ը, ունենալով ավելի երկար փող` 1630 մմ, ունի 1000-1500 մ արդյունավետ կրակի հեռահարություն11: Զենքի հեռահարության առաջին գործոններից է երկար փողը, որն ապահովում է արկի մեծ արագություն, հետևաբար նաև հեռահարություն և դիպուկություն: “Gepard”-ի 400 մմ-ով ավելի երկար փողն ապահովում է կրկնակի պակաս հեռահարություն։ Սա ուղղակի աբսուրդ է, բացատրությունը պարզ է՝ ադրբեջանական տվյալները կեղծ են: Անգամ “Mechem NTW-14,5”-ի (որից պատճենված է ադրբեջանական հրացանը) տվյալներում նշված չէ 3000 մ:

Վերը նշված հունգարական, հարավաֆրիկյան, խորվաթական և այլ դիպուկահարները ևս նույն պատճառներով մեծ տարածում չեն գտնում: Այնպես որ՝ ադրբեջանական դիպուկահարը դեռ շատ հեռու է լավը լինելուց և նմանը դառնալու հնարավորություններ գրեթե չունի:

Զրահապատ մեքենաներ. 2010թ. հաստատվեցին տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական նորաստեղծ ռազմարդյունաբերության նախարարությունը հարավաֆրիկյան “Paramount Group” ընկերության հետ 2007-ից աշխատանքներ է տանում երկու տեսակի զրահամեքենաների արտադրության ուղղությամբ: Այդ երկու մեքնաներն էին “Marauder APC”-ը և “Matador”-ը: Վերջինս ստեղծվել էր հարավաֆրիկյան ընկերության և հորդանանյան “Middle East Defence Systems (MDS)” ընկերության հետ համատեղ12: Այս մեքենաների արտադրությունն Ադրբեջանում կազմակերպելը բխում էր երկկողմանի շահերից: Երկու մեքենաները շատ ընդհանրություններ ունեն. նրանց շարժիչները նույնն են, ընթացային մասում ևս կան նույն հիմքը կազմող մասեր: Մեքենաների արտադրության և մատակարարման մասին տարբեր տեղեկություններ կան: Մի փոքր քանակություն առաքվել էր, որի հիմքի վրա էլ, հավանաբար, կատարվել են ուսումնասիրությունները և սկսվել է արտադրությունը: 2009թ. “Paramount Group”-ը առաքել էր 10 միավոր “Marauder”: Նույն տարում Հարավաֆրիկյան Հանրապետությունից ընդհանուր ռազմական մատակարարումներն անցնում էին $22 մլն-ը13: Այս դրությամբ արտադրված մեքենաների քանակի մասին տեղեկությունները սահմանափակ են, հայտնի է միայն, որ դրանց արտահանման հնարավորություններն այնքան էլ մեծ չեն: Ադրբեջանական բանակում կան նաև թուրքական արտադրության “Otokar Cobra” զրահամեքենաներ, որոնք բավական տարածված են աշխարհում14: Դրանց քանակը ևս ստույգ հայտնի չէ:

Հարավաֆրիկյան նշված ընկերությունը բավական հայտնի է սպառազինությունների արտադրության ոլորտում: Թվարկված մեքենաներն էլ, չնայած տարածված չեն, սակայն կրում են գերմանական շարժիչներ և օժտված են հակաականային հատկանիշներով: Բարձր հեղինակություն ունի 1997-ից արտադրվող թուրքական մեքենան, որը մասնակցել է նաև 2008թ. ռուս-վրացական պատերազմին: Սակայն ներկայումս աշխարհում նման մեքենաների արտադրությունը և տեսականին բավական մեծացել են, ստեղծվում են նոր տեսակի զրահամեքենաներ, որոնք ունեն մոդուլային կառուցվածք, արագ կարող են ձևափոխվել և սպառազինվել տարբեր զենքերով և այլն: Եվ շատ երկրներ չեն շտապում ձեռք բերել նոր զրահամեքենաներ, քանի որ դեռ շատ անհայտ հարցեր կան: Այդ երկրները չեն վերցնում նաև հին մեքենաները, քանի որ դրանք արդեն անցած փուլ են համարվում:

Հրթիռներ. Դեռ 2009թ. թուրքական “Roketsan” և ադրբեջանական "Iqlim” ընկերությունների միջև համագործակցության պայմանագիր է կնքվել, որով նախատեսվում է համազարկային կայանների 107 և 122 մմ-ոց հրթիռների համատեղ արտադրություն15:

Թուրքական ընկերությունը վաղուց մասնագիտացել է արևմտյան և խորհրդային այս տրամաչափերի չղեկավարվող հրթիռների գործում16: Այն ստեղծվել է 1988թ. և հիմնականում հրթիռների գործում համագործակցում է 140 արտասահմանյան ընկերությունների հետ: Ըստ այս պայմանագրի՝ հրթիռների որոշ մասեր արդեն պատրաստի կառաքվեն Թուրքիայից, մնացածը կարտադրվի տեղում, համատեղ: Ըստ հայտնի տվյալների՝ ընկերությունն ավելացրել է նշված հրթիռների հեռահարությունը: “TR-107” և “TRB-107” հրթիռների հեռահարությունը հասցվել է 11 կմ-ի, իսկ “TRB-122” հրթիռներն ունեն 40 կմ հեռահարություն, կան նաև պակաս հեռահարության հրթիռներ: 107 և 122 մմ-ոց հրթիռների համար կարտադրվեն նաև համապատասխան արձակման կայաններ, այդ մասին պայմանագիրը կնքվել է 2011թ.17:

Թուրքական ընկերությունը վաղուց խորհրդային “БМ-21” մեքենայի բազում կլոնավորումներից մեկի հիման վրա ստեղծել էր “T-122 Sakarya” համազարկային կրակի համակարգը: 107 մմ-ոց առանձին համալիր Թուրքիայում չի ստեղծվել, սա Արևմուտքում 1950-ականներից լավ տարածված տրամաչափ է, որի համար ստեղծվել էին բազում արձակման կայաններ: Ժամանակի ընթացքում Արևմուտքում այս և անգամ մինչև 150-200 մմ-ոց տրամաչափերը համարվեցին փոքր ու հնացած: Ներկայումս եվրոպական բանակներից շատերում տվյալ տրամաչափի հրթիռներ չեն կիրառվում: Նման հրթիռներ կիրառող համալիրներ ներկայումս կան չինական բանակում: Լայն տարածում են գտել "63" և "81" անունները կրող համալիրները:

Դեռ 1980-ականներին աշխարհում ողջ սրությամբ դրվեց մինչև 150-200 մմ-ոց չղեկավարվող հրթիռների կիրառության արդյունավետության հարցը: Փոքր տրամաչափի հրթիռների ցրումը չափազանց մեծ է: Դրանց հեռահարության ավելացումը ոչ այնքան դրական, որքան բացասական արդյունք է տալիս, քանի որ հեռահարության ավելացման հետ մեկտեղ ավելանում է նաև դրանց շեղումը նշանակետից: Այդ քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում շատ երկրներ հրաժարվեցին մինչև 160 մմ-ոց հրթիռներից, իսկ մեծ տրամաչափերի հրթիռները հիմնականում դարձնում են ղեկավարվող: ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին հանրապետությունների և հատկապես ՌԴ սպառազինության մեջ մնացել էին մեծ քանակությամբ 122 մմ-ոց “БМ-21” կայաններ ու հատկապես դրանց համար հրթիռներ: Դրանք մեծ քանակով կիրառվեցին նաև 1990-ականների տեղային պատերազմներում: Ներկայումս նկատվում է դրանցից հրաժարվելու միտում: Կա նաև նման հրթիռների ռազմական կիրառության համար ոչ արդյունավետ, բայց ոմանց համար շատ կարևոր ոլորտ: Նման հրթիռներով մասսայական կրակ է բացվում մեծ բնակավայրերի վրա, քանի որ շեղումներն այստեղ արդեն էական չեն:

Այլ նախագծեր. Ադրբեջանական ռազմարդյունաբերական համալիրը, նախաձեռնելով այնպիսի բացառիկ նախագծեր, ինչպիսիք են հրթիռները, զրահամեքենաները և դիպուկահարները, բնականաբար, չէր կարող անտեսել սովորական ատրճանակները, ինքնաձիգները, հրասայլերը և այլն: Մամուլում կան հիմնականում աղոտ տեղեկություններ այն մասին, որ ադրբեջանական ինժեներների կողմից ստեղծվել և գործարաններում արտադրվում են «Շիշմեկ» գրոհային հրացանը, «Խազրի» ինքնաձիգը, «Զաֆար» և «Ինամ» ատրճանակը18: Ի դեպ, գրոհային հրացանը և ավտոմատը նույնն են, ուղղակի տարբեր կերպ են կոչվում Արևմուտքում և Արևելքում:

Հիմնականում թուրքական ընկերություններն ադրբեջանական ռազմարդյունաբերական համալիրը ներքաշում են ավելի մեծ նախագծերի մեջ: Դա բնական է, մեծ եղբայրը պետք է օգնի փոքր եղբորը: Թուրքական կողմն առաջարկել է միանալ այնպիսի նախագծերի, ինչպիսիք են թուրքական “Altay” հրասայլը, ուղղաթիռների և այլ սարքավորումների արտադրությունը19:

Ամփոփելով նշենք, որ աշխարհում օրեցօր ավելանում են արևելյան այն երկրները, որոնք զարգացնում են ռազմարդյունաբերական համալիրը, արտադրում որոշակի զինատեսակներ, որոնք հաջողությամբ վաճառում են տարբեր երկրների: Առայժմ հիմնականում թուրքական ռազմարդյունաբերական համալիրն իր հետևից տանում է նորաստեղծ ադրբեջանական գերատեսչությունը: Թուրքական ռազմարդյունաբերական համալիրը ներկայումս նախանձելի արդյունքներ է գրանցում արտադրության տարեկան աճի ծավալներով: 2010թ. թուրքական ընկերությունները բավարարել են թուրքական բանակի պահանջների 52%-ը20: Սակայն սա դեռ ամբողջը չէ. այդ ընկերությունները միասին ընդհանուր արտահանել են $630 մլն-ի սպառազինություն և ռազմական սարքավորումներ: 2011թ. վերջին նախատեսվում է կրկնապատկել արտահանման ծավալները` հասցնելով $1.5 մլրդ-ի21:

Ներկայումս թուրքական ու հատկապես ադրբեջանական ընկերությունները հիմնականում զբաղված են հնացած զինատեսակների կլոնավորմամբ, սակայն այս ոլորտում հետևողական աշխատանքը կարող է որոշակի հաջողություններ ապահովել փոքր ոլորտներում: Դրանցից կարող են համարվել հրաձգային զենքերի որոշ տեսակներ, որոշ սարքավորումներ և հանդերձանքի պարագաներ:

1 Holtom P., Ukraininian Exports of Small Arms and Light Weapons, 2004-2007, SIPRI Background Paper, October 2008, p. 2.

2 SIPRI Trend Indicator Values of arms imports to Armenia, Azerbaijan, Georgia, 1991-2008, Generated: 21 February 2010 - http://www.sipri.org/contents/armstrad/output_types_TIV.html

3 http://news.am/arm/news/58336.html

4 Լ.Հովսեփյան, Թուրքիայի զինված ուժերի արդիականացումն ու ռազմարդյունաբերությունը, Եր. 2010, էջ 144-150:

5 Д.Мамедов, Что сулит двухмиллиардный военный бюджет?// Зеркало, 26.04.2008.

6 http://az.apa.az/xeber_Azerbaycanin_%E2%80%9CIstiqlal%E2%80%9D_snayperinin_yeni__165572.html; http://www.milaz.info/news.php?id=5009

7 Секулич М., Снайперская стрельба, М., 2003, с. 181.

8 Նույն տեղում, с. 180.

9 http://mcmfamily.com/mcmillan-rifles-tactical-tac-50.php; http://weapon.at.ua/load/242-1-0-386

10 Федосеев С., Самый мощный серийный пулемёт, № 44 (360) за 10 ноября 2010.

9 http://mcmfamily.com/mcmillan-rifles-tactical-tac-50.php; http://weapon.at.ua/load/242-1-0-386

12 http://www.deagel.com/

13 http://news.am/arm/news/57162.html

14 http://www.vesti.az/news.php?id=70553

15 http://www.aze.az/news_azerbayjan_i_turciya_44651.html

16 Տե՛ս Հովսեփյան Լ., Թուրքիայի զինված ուժերի արդիականացումն ու ռազմարդյունաբերությունը, Եր., 2010, էջ 82-90:

17 http://vesti.az/news.php?id=69818

18 http://news.life.az/2009/12/16/javer_dzhamalov_v_jetom_godu_azerbajjdzhan_nachal_serijjnyjj_vypusk_neskolkikh_obrazcov_oruzhija.html

19 http://ru.apa.az/print.php?id=123131

20 Savunma sanayinde hedefler aşıldı, http://ekonomi.milliyet.com.tr/savunma-sanayinde-hedefler-asildi/ekonomi/ekonomidetay/26.04.2011/1382547/default.htm

21 Turkish defense industry grows by 19 percent in 2010, http://www.hurriyetdailynews.com/n.php?n=turkish-defense-industry-grows-by-19-percent-in-2010-2011-05-03

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 4, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր