• am
  • ru
  • en
Версия для печати
17.03.2011

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԻՆՖՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

EnglishРуский

   

Աննա Ժամակոչյան, Դիանա Գալստյան

Ա.Ժամակոչյան` «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ։
Դ.Գալստյան` «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ։

Ադրբեջանական քարոզչությունը 2009թ. հոկտեմբերից գործարկեց նոր մեխանիզմ՝ բացելով քառալեզու (ռուսերեն, հայերեն, պարսկերեն և անգլերեն) լրատվություն տրամադրող ATV International1 (ATV-INT) արբանյակային հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի եթերում հայերեն մեկ լրատվական բլոկ է ներկայացվում, և մեր ուսումնասիրության հիմնական օբյեկտն այդ հայերեն թողարկումն է։ Ներկայացնենք ATV-INT 2010.02.23-2010.02.26 ժամանակահատվածի հայալեզու թողարկումների մոնիթորինգի2 միջոցով դիտարկված որակական և քանակական որոշ բնութագրիչներ։ Նշված օրերն ընդգրկում են Ադրբեջանում Խոջալուի ողբերգության հիշատակի օրը՝ փետրվարի 26-ը և դրան նախորդող 3 օրերը՝ նպատակ ունենալով դիտարկել ադրբեջանական քարոզչության բնույթն ու եղանակները Խոջալուի շուրջ ստեղծված ինֆոլոգեմի3՝ որպես առավել տիպական դեպքի, համատեքստում։ Ստորև ներկայացվող քանակական տվյալները ստացվել են դեպքի ուսումնասիրության (case study)4 եղանակով, հետևաբար դրանք չեն կարող տարածվել հեռուստատեսության այլ թողարկումների վրա և ներկայացուցչական են միայն տվյալ ժամանակահատվածի հայալեզու լրատվական թողարկումների համար (Աղյուսակ Ա-ում ներկայացված են դիտարկված նորությունների քանակը և տևողությունն ըստ օրերի)։ Սակայն այդ քանակական տվյալներից բխող որակական դիտարկումները բնութագրում են ATV-INT ընդհանուր տեղեկատվական քաղաքականությունը։

Աղյուսակ Ա
Ուսումնասիրված նորությունների ծավալն ըստ օրերի

1. Լրատվության ժամանակային տիրույթը

Դիտարկելով լրատվության ժամանակային տիրույթը՝ նկատում ենք, որ չհաշված օպերատիվ շրջանը (թողարկման օրվանից մինչև մեկ շաբաթ առաջ) լուրերը հիմնականում՝ 47,5%-ով, ընդգրկում են «1988-ից 1994 թվականները» (ժամանակային տիրույթը լուրերում ներկայացված է Աղյուսակ 1-ում)։ Այս տվյալն արդեն իսկ նախանշում է, որ հեռուստաալիքի տեղեկատվական բովանդակությունում մեծ նշանակություն է տրվել Ադրբեջան-ԼՂՀ պատերազմի ժամանակաշրջանի իրադարձություններին։

Աղյուսակ 1
Ինչ ժամանակային տիրույթի են վերաբերում լուրերը

2. Լրատվության թեման, հիմնական ուղերձը

Թեմաներն առանձնացվել են յուրաքանչյուր նորությունում հիմնական ուղերձի դուրսբերման միջոցով, այսինքն՝ ձևակերպելով այն գլխավոր ասելիքը, ինչ հաղորդել է ամեն առանձին նորությունը։ Դրանց խմբավորման միջոցով կազմվել են 10 հիմնական թեմաներ, որոնք ներկայացված են Աղյուսակ 2-ում։ Նկատելի է, որ դրանցից 8-ը անմիջականորեն առնչվում են ՀՀ-ին, ԼՂՀ-ին և ողջ Հայությանը, ինչպես նաև մեծապես պարունակում են հակահայկական բովանդակություն։

Յուրաքանչյուր թեմայի հաճախությունը, ինչպես նաև տևողությունը ցույց է տալիս տվյալ թեմային ATV-INT-ի կողմից տրվող կարևորությունը։ Ուսումնասիրված օրերին, ինչպես և ակնկալվում էր, միանշանակ կարևորվող թեման հանդիսացել է «Խոջալուի և այլ դեպքերում հայերի մեղքի» ներկայացումը։ Այս թեման կազմել է բոլոր լուրերի 35%-ը և քառօրյա լրատվության ողջ տևողության՝ 41,1%-ը (միջինը ամեն 5 րոպեից ավելի քան 2 րոպեն վերաբերել է նշված թեմային, տե՛ս Աղյուսակ 2)։ Այն ադրբեջանական հակահայ քարոզչության գլխավոր և ամենատարածվող թեմաներից է ոչ միայն դիտարկված օրերին, այլև առհասարակ հակահայկական քարոզչական քաղաքականության մեջ։

Աղյուսակ 2
Ինչ հիմնական մեկ թեմայի շուրջ է նորությունը

Հատկանշական է, որ «Խոջալուի» դեպքն իբրև «ողբերգություն» կամ «ցեղասպանություն» և դրանում «հայերի մեղքը» ներկայացնող թեման առանձնանում է հաստատական և անքննելի դիսկուրսով։ Այսպես, օրինակ. «Այդ արյունալի դեպքերի ընթացքում, որը հայտնի է որպես «Խոջալուի ցեղասպանություն», ոչնչացվել կամ գերի են վերցվել հազարավոր ադրբեջանցիներ, Խոջալու քաղաքն էլ ջնջվել է երկրի երեսից...», «Բաքվում կայացել է ամերիկացի ռեպ կատարող Թոնի Բլեքմանի և ադրբեջանական Դայրման խմբի համատեղ «Արդարություն Խոջալուին» տեսահոլովակի շնորհանդեսը, որը նվիրված է հայերի կողմից Խոջալուում իրականացված ցեղասպանությանը...»։

Հաճախ կիրառվում է կորուստների մանրամասն թվարկումը, որը դրանց ուռճացման հստակ միտում ունի, ինչը նույնիսկ բացահայտ նշվում է։ Օրինակ. «Այդ ցեղասպանության արդյունքում սպանվեց 613 մարդ, այդ թվում՝ 63 երեխա, 106 կին և 70 ծերունի, ամբողջությամբ ոչնչացվեց 8 ընտանիք, 25 երեխա կորցրեց ծնողներից 2-ին էլ, իսկ 130-ը՝ ծնողներից 1-ին, վիրավորվեց 487 մարդ, որոնցից 76-ը երեխաներ էին, անհայտ կորավ 150 մարդ։ Նույնիսկ այն, որ այս ցուցակում հրազենից սպանվածներից բացի ընդգրկվել են նաև ցրտի հետևանքով զոհվածները, սա մեծ թիվ է...»։ Ուռճացման և չափազանցման, ինչպես նաև կեղծիքների տարածման միջոցով քարոզչական թեզի հիմնավորման ձգտումն արտացոլում է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը, քանի որ հայ ուսումնասիրողների կողմից հայտնաբերվել են նման բազմաթիվ այլ փաստեր5։ Կարևոր է նաև այն, որ «Խոջալուի» թեման դիսկրետ չի ներկայացվում, գրեթե միշտ առկա է նաև Ղարաբաղյան պատերազմի համատեքստը, որի ընթացքում Ադրբեջանի կորուստների շարքում տեղ է գտել «Խոջալուի ողբերգությունը»։ Այն ըստ էության ծառայում ԼՂՀ խնդրում Հայաստանն իբրև ագրեսոր և զավթիչ ներկայացնելու գործոն և ադրբեջանական շահերի պաշտպանության փաստարկ։ Այս դրույթը հիմնավորվում է նաև Ադրբեջանում Խոջալուի հիշատակի օրվա՝ փետրվարի 26-ի լրատվական թողարկումով, որը վերջանում է լիրիկական ռեպորտաժով։ Դրանում ԼՂՀ-ն է, հիմնականում՝ Բերձոր և Շուշի քաղաքները, խորհրդային և պատերազմական ժամանակներ պատկերող տեսաշարի ֆոնին մանկական ձայնով հնչում է հայրենասիրական երգ, որն ավարտվում է «We'll be back!» խոստում-սպառնալիք արտահայտող տեքստով։

Հաջորդ կարևորվող թեման է «ԼՂ-ն Ադրբեջանի մասն է, աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», որը գրավել է եթերի տևողության 10,3%-ը։ Այս թեման հիմնականում արտաքին քաղաքական և միջազգային հարաբերությունների համատեքստում է շոշափվում։ Թեմայի շրջանակներում դիսկուրսն ընթանում է «կանխահաստատող» դիրքերից, այսինքն՝ չի վիճարկվում «ԼՂ պատկանելությունն Ադրբեջանին» և բանակցություններում «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն» աշխարհի աջակցությունը. «Այսօր միջազգային հանրությունը, մասնավորապես եռանախագահներն առաջարկում են խնդիրը լուծել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»։ Այդպիսով խնդիրը հանգեցվում է միայն մեկ հարցի՝ «Հայաստանի կողմից իրականության ընկալմանը»։ «ԼՂ-ն Ադրբեջանի մասը» համարող պնդումներում աչքի է ընկնում «Երբեք ադրբեջանական հողում չի ստեղծվի երկրորդ հայկական պետություն» պաշտոնական թեզը, որը հագեցած քարոզչական իմաստ ունի ոչ միայն ԼՂՀ-ի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման առումով։ Այն նախևառաջ կանխահաստատում է «ՀՀ–ն՝ որպես Ադրբեջանի տարածքում ստեղծված պետություն», ինչով էլ հիմնավորում է «այդ տարածքում երկրորդ հայկական պետությունը թույլ չտալու» անզիջում կեցվածքը։ ՀՀ ուղղությամբ այսպիսի էքսպլիցիտ (նախահաստատ, անթաքույց) մեղադրականը նաև ՀՀ ներկայիս տարածքի նկատմամբ հավակնությունների հնարավորություն է ցուցադրում6։

ATV-INT-ը անդրադառնում է նաև Հայաստանում ընդդիմադիր գործիչների կողմից տնտեսական խնդիրների բարձրաձայնմանը կամ իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականության նկատմամբ խորհրդարանում կամ լրատվամիջոցներում հնչած քննադատություններին (տե՛ս Աղյուսակ 2, տող 6)։ Իսկ Ադրբեջանի տնտեսական հարցերի քննարկումը որպես առանձին թեմա հանդես չի եկել։ Սակայն հատկանշական է, որ այլ օրերին հաճախ են հանդիպում Ադրբեջանի աճող և հզորացող տնտեսության, նավթարդյունաբերության, զարգացող արտադրության մասին լուրերը, որոնց զուգահեռ շարունակվում են լուսաբանվել հայաստանյան տնտեսության չլուծված խնդիրները։ Ընդ որում, Հայաստանի խնդիրները սովորաբար ընդգծվում են Ադրբեջանի հաջողությունների մասին նորությանն անմիջապես հաջորդող կամ նախորդող լուրի համատեքստում, երբեմն էլ նույն նորության շրջանակներում։ «Կոնտրաստային ընդգծման» տեխնիկան ամենատարածվածներից է քարոզչության ոլորտում։ Այսպես, օրինակ, 2009.10.26-ի լրատվականում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ֆինանսական ապահովման դժվարությունների մասին ռեպորտաժում նշվում է. «Հիշեցնենք, որ մինչ Իրան-Հայաստան երկաթուղային նախագիծը խոսակցությունների մակարդակի է, օրերս Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները հերթական հանդիպումն են ունեցել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղային նախագիծը կյանքի կոչելու համար»։ «Հայաստանի տնտեսական թուլությունն ի հակադրություն Ադրբեջանի տնտեսական աճող հզորության» դրույթը ադրբեջանական քարոզչության դասական դարձած թեմաներից է7։ Այս քաչոզչական թեզը հիմնավորելու նպատակով ներկայացվում է Հայաստանի ներքին տեղեկատվական հոսքից ընտրողաբար վերցված՝ միայն բացասական կամ իրենց թեզը հիմնավորող տեղեկատվությունը և, որ պակաս կարևոր չէ, հայկական աղբյուրների՝ «Հայաստանի ընդդիմադիր գործիչների» խոսքերով։ Վերոնշյալ դրույթն ամրապնդելու համար օգտագործվում են նաև 7-10-ամյա վաղեմության տեսաշարերի միջոցով ազդեցություն գործելու մեխանիզմները, որոնցով ձևավորվում է անցյալում կանգ առած, զարգացման շանսեր չունեցող Հայաստանի պատկերը։ Այս առումով, սակայն, ATV-INT-ն միշտ չէ, որ հետևողական է, և քանի որ հաճախ օգտվում է Հ1-ից վերցված տեսաշարերից, կադրում ժամանակավրեպ տեսարաններին զուգահեռ երբեմն հայտնվում են ժամանակակից պատկերներ։ Այդ կերպ որոշ օրերի լուրերում դիտարկվել են նաև ՀՀ-ն և ԼՂԻՄ-ը հարակից երկրներից առանձին ներկայացնող քարտեզի պատկերներ։ Տեսաշարում Հ1-ի լոգոն հիմնականում քողարկվում է։

«Ադրբեջանական մշակույթի հայկական բանագողությունը և յուրացումը» ևս քարոզչական տարածված դրույթ է և կրկին նպատակ ունի սպասարկել ԼՂՀ հարցի շրջանակներում Ադրբեջանի շահերի առաջմղմանը։ Այսպես, օրինակ, «Սարի գյելին» երգի «ադրբեջանական ծագման», դրա շուրջ «Հայաստանի ու Ադրբեջանի մշակութային գործիչների բանավեճի» և «Արամ Խաչատրյանի կողմից Ուզեիր Հաջիբեկովի ստեղծագործությունների հիմնական թեմաների կրկնօրինակման մասին «բացահայտ խոստովանության» մասին ռեպորտաժի եզրակացությունը հետևյալն է. «Հայաստանը ձգտում է յուրացնել ադրբեջանական պարերը, երգերը, օպերաները և նույնիսկ հողերը, որոնցով հպարտանում է Ադրբեջանի ամեն մի քաղաքացի»։

3. Թեմատիկ լուրի նախաձեռնողները

Դիտարկված օրերին նորությունների հիմքում ընկած են հիմնականում ադրբեջանական պաշտոնական մարմինների նախաձեռնած լրատվական իրադարձությունները։ Նրանց նախաձեռնությամբ լրատվական իրադարձությունների 58,3%-ը վերաբերել է «Խոջալուի և այլ դեպքերում հայերի մեղքի» մասին լրատվությանը, 25%-ը՝ «ադրբեջանամետ տեղեկատվական-քաղաքական ակցիաներին և Հայաստանի վրա ճնշում գործադրելու կոչերին»։ Հետևաբար, ադրբեջանական պաշտոնական մարմինները, որպես լրատվության նախաձեռնող, դեպքերի 83,3%-ում հանդես են եկել հակահայկական թեմաների շուրջ (տե՛ս Աղյուսակ 3

4. Ազդեցություն տեսաշարի միջոցով

Լուրերի ներկայացման 32.5% դեպքերում օգտագործվել են դիակների կամ վիրավորների տեսարաններ, որոնք դեպքերի 12,5%-ում հանդիսացել են տվյալ նորության գերակա (ամենաերկար) տեսաշարը (տե՛ս Աղյուսակ 4.1 և Աղյուսակ 4.2)։ Դրանք գրեթե ամբողջությամբ տեղ են գտել «Խոջալուի և այլ դեպքերում հայերի մեղքը» ներկայացնող նորություններում և մի դեպքում էլ «ԼՂ հակամարտություն և կարգավորում» թեմայում։ Հեռուստաընկերությունը չի խուսափել նույն տեսաշարի անընդհատ կրկնողությունից նույնիսկ իրար հաջորդող նորություններում։ Այսպես, օրինակ, խոշտանգված դիակների և վիրավորների միևնույն տեսաշարից 2010.02.26 լուրերում հատվածներ են ցուցադրվել 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ նորություններում։ Այս տվյալները մատնանշում են ATV-INT-ի կողմից տվյալ թեմայի շրջանակներում լսարանի վրա հոգեբանական ազդեցության ձգտումները։

Աղյուսակ 3
Հիմնական թեմաները լրատվական իրադարձությունների համատեքստում

ATV-INT-ի կողմից տեսաշարային միջոցներով մանիպուլյացիոն պրակտիկայի ևս մեկ դեպք դիտարկվել է ԵԱՀԿ վերջին գագաթաժողովի զարգացումների համատեքստում։ Դեկտեմբերի 2-ի եթերում Հայաստանը որպես խաղաղ բանակցությունների շուրջ «ապակառուցողական» և «օկուպանտ» երկիր ներկայացնելու տեքստը զուգադրվեց գագաթաժողովը պատկերող տեսաշարերում ՀՀ ԱԺ–ում 1999թ. հոկտեմբերի 27-ին կատարված ահաբեկչության պատկերներով, որտեղ հանցագործները կրակում են ավտոմատներից. «Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ նա այլևս չի կարող հանդուրժել նման իրավիճակ, երբ ադրբեջանական տարածքները գտնվում են օկուպացման տակ»։ Այս հնարքը կիրառողները դրանով ձգտում են Հայաստանին հանցագործի կերպար վերագրել։ Հոկտեմբերի 27-ի տեսարանները կարող են հուզական իմաստով ազդեցիկ լինել հայաստանյան հասարակության համար, սակայն չեն կարող ազդել հայկական ինքնընկալման վրա, քանի որ Հայաստանում հանցագործների հերոսացում տեղի չի ունեցել, այլ ճիշտ հակառակը։

Աղյուսակ 4.1
Լրատվության մեջ բռնության տեսարանների, դիակների, վիրավորների առկայություն

Աղյուսակ 4.2
Լրատվությանն ուղեկցող պատկերների և/կամ տեսաշարերի գերակա թեման

Վերոնշյալ տվյալները ցույց են տալիս ադրբեջանական ATV-INT հեռուստաալիքի քարոզչական քաղաքականության որոշ նրբություններ։ Տարբեր փոփոխականների միջոցով լրատվության ուսումնասիրությունը հիմնավորում է, որ ադրբեջանական ինֆոքաղաքականությունն «անթաքույց հակահայկական» է, ինչը նախաձեռնվել և իրականացվել է մեծ մասամբ Ադրբեջանի պաշտոնական դերակատարների կողմից։ Այս նախնական տվյալներն ազդանշան են ոչ միայն հետագա ուսումնասիրությունների, այլև ՀՀ և ԼՂՀ բնակչության տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված հետագա քայլեր մշակելու և ձեռնարկելու համար։

1ATV international արբանյակային ալիքը ձևավորվել է Azad Azerbaijan TV հեռուստաալիքի հիմքի վրա։ Այն նախատեսված էր 6 լեզուներով (ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն և հայերեն) լրատվությամբ Ադրբեջանի քարոզչության նպատակների ծառայեցման համար (http://news.day.az/hitech/149378.html), սակայն առայժմ լրատվական լեզուները 4-ն են։

2Մոնիթորինգի և վերլուծության միավորն է հանդիսացել մեկ առանձին նորությունը կամ լրատվական ռեպորտաժը։

3Ինֆոլոգեմն ինֆորմացիոն միֆոլոգեմի համադրությունն արտահայտող հասկացություն է և նշանակում է իրական փաստերն արտամղող կեղծ տեղեկատվություն (մանրամասն տե՛ս «Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը», «Նորավանք», 2009, էջ 39)։

4Դեպքի ուսումնասիրությունը հետազոտական ռազմավարություն է, որն ուղղված է սոցիալական երևույթի խորքային, ամբողջական և համակողմանի վերլուծությանն առանձին էմպիրիկ օբյեկտի (դեպքի) օրինակով, http://socioline.ru/pages/irina-kozina-case-study-nekotorye-metodicheskie-problemy։

5Խոջալուի բնակիչների շրջանում զոհերի ցուցակների հայաստանյան ուսումնասիրողները նշում են, որ ադրբեջանական կողմի պաշտոնական և այլ ցուցակներում ներկայացված են տարբերվող՝ 508, 530, 601 հոգու անձնանուններ, որոնք բազմաթիվ անճշտություններ ունեն (http://xocali.net/RU/List/text.html)։ Թեմայի շուրջ այլ փաստագրական կեղծիքների կարելի է ծանոթանալ xocali.net կայքի մյուս էջերում։

6Այս թեզի հայկական պատասխանը կարող է ձևավորվել հետևյալ հիմնական գաղափարի շուրջ. «Վերջին հարյուրամյակում հայ ժողովուրդը շատ ցավ է տեսել։ Մենք չէինք կարող և չենք կարող թույլ տալ մեր ժողովրդին հերթական կոտորածի վտանգի տակ մնալ և չենք կարող թույլ տալ մեր հայրենիքի ևս մի հատվածի կորուստը միայն այն պատճառով, որ այն նվիրաբերվել էր Ադրբեջանին»։

7Մանրամասն տե՛ս «Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը», «Նորավանք», էջ 57, 2009։

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 1, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր