• am
  • ru
  • en
Версия для печати
05.11.2009

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

EnglishРуский

   

Աննա Ժամակոչյան

1.security (medium)Հայաստանի հասարակության տեղեկատվական անվտանգությունն ապահովելու գործում անհրաժեշտ գործընթացներ են հակահայկական տեղեկատվական գրոհների ձևերի ուսումնասիրությունը, հետազոտական մեթոդաբանության մշակումը և արդյունքներին հասարակությանն իրազեկելը։ Հատկապես կարևոր է վերջին ժամանակներս բուռն թափ առած ադրբեջանական տեղեկատվական գրոհների մասին պատկերացումների ձևավորումը, ինչը կփորձենք իրականացնել այս հոդվածով:

Չանդրադառնալով հակահայկականության զարգացման դինամիկային՝ դիտարկենք, թե ինչ հիմնական մոտեցումներ են վերջին շրջանում կիրառում հարևան երկրի հակահայկականություն մշակողները։

Ադրբեջանական հակահայկականությունն ուսումնասիրելիս նպատակահարմար ենք համարում այն իրականացնել վերլուծության երկու հարթությունում՝

I. ընդհանուր ինֆոքաղաքականության համակարգի և
II. կոնկրետ տեղեկատվական գործողությունների։

I. Հակահայկականությունը ադրբեջանական ինֆոքաղաքականության հարթությունում

Առաջին հարթությունում նկատում ենք, որ Ադրբեջանի հակահայկական ինֆոքաղաքականությունը պետական քաղաքականության անբաժանելի մասն է և միտված է հայկական սուբյեկտների (ՀՀ, ԼՂՀ և Հայություն) բազմակողմանի վարկաբեկմանը՝ ուղղված տարբեր լսարանների վրա ազդեցությանը: Նման ինֆոքաղաքականությունը միաժամանակ ուղեկցվում է սեփական երկրի և ժողովրդի նպաստավոր կերպարի ձևավորմամբ և վիճելի հարցերի վերաբերյալ ադրբեջանական մեկնաբանությունների տարածմամբ։ Քաղաքականության այդ երկու զուգահեռ գործընթացներն այն աստիճան են սերտաճել, որ Ադրբեջանի ժամանակակից ինքնաներկայացման բաղադրիչ է հանդիսանում Հայաստանին ու Հայությանը հակադրվելը, որը նաև դարձել է ադրբեջանական հասարակության նոր ինքնության մեջ ներդրվող նշանակալի գործոններից: Այսպիսով, հակահայկական ինֆոքաղաքականությունն այսօր Ադրբեջանի քաղաքական ռազմավարության կարևոր ուղեգծերից է, որի գլխավոր սկզբունքներն են.

  • Հայաստանի և Հայության մասին տեղեկատվության լիարժեք հավաքագրումը, ներքին խնդիրների տիրապետումը, հայի սոցիալ-հոգեբանական, մշակութային կերպարի ուսումնասիրությունը:
  • Հակահայկական տեղեկատվական քաղաքականության նպատակադրումը և մշակումը` հիմնված այլ երկրների, հատկապես Թուրքիայի փորձի վրա:
  • Հակահայկական քաղաքականության ուղեկցումը սեփական երկրի նկատմամբ դրական կերպարի ձևավորմամբ և վիճելի հարցերի վերաբերյալ ադրբեջանական տեսակետի տարածմամբ:
  • Հակահայկական քաղաքականության մեջ բազմավեկտոր նախահարձակ դիրքորոշումը, ինչպես նաև հայամետ տեղեկատվական հոսքերի հակազդումը օպերատիվ-մարտավարական և ռազմավարական հարթություններում:
  • Հակահայկական տեղեկատվության տարածումը դիֆերենցված և թիրախային լսարաններին (ադրբեջանական հանրությանը, հայկական հանրությանը, իսլամական աշխարհին, ռուսաստանյան և ԱՊՀ հանրությանը, արևմտյան և միջազգային հանրությանը` որպես թիրախ ընտրելով հատկապես երիտասարդությանը և անգամ երեխաներին, ինչպես նաև աշխարհաքաղաքական իմաստով նշանակալի երկրներում ու միջազգային կառույցներում որոշումներ կայացնողներին):
  • Յուրաքանչյուր լսարանի նկատմամբ ուրույն մոտեցումների և դիսկուրսի կիրառումը` տվյալ լսարանի առանձնահատկություններին համապատասխան:
  • Հակահայկական ինֆոքաղաքականության ինտեգրումը պետական քաղաքականության բոլոր ոլորտներում և դրա ամբողջական համակարգային գործառումը:

Ընդ որում՝ որպես ինֆոքաղաքականության համակարգի բաղադրիչներ և ադրբեջանական տեղեկատվական գործողությունների իրականացման փոխկապակցված հարթակներ հանդես են գալիս հետևյալ բաղադրիչները.

  • Պատմամշակութային բաղադրիչը, որով հանուն ադրբեջանցիների տեղաբնիկության և հայերի եկվորության ապացուցման` կեղծվում և վերաշարադրվում են պատմական իրադարձությունները, Ադրբեջանի տարածքում վերացվում են հայկական մշակութային հետքերը։
  • Իրավական բաղադրիչը, որով ներքին և միջազգային իրավական դրույթների ամրագրմամբ նպատակահարմար հիմք է ձևավորվում Ղարաբաղյան հարցի ադրբեջանամետ հանգուցալուծմանը նպաստելու նպատակով։
  • Ժողովրդական դիվանագիտության բաղադրիչը, որով մի կողմից` Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներուժն է օգտագործվում երրորդ երկրների հասարակություններում քարոզչության նպատակով, մյուս կողմից` ադրբեջանական «սփյուռքի» ձևավորման, կազմակերպման և օգտագործման աշխատանքներ են տարվում։
  • Լոբբինգային բաղադրիչը, որով ոչ միայն դիվանագիտական, այլև արտասահմանում ձևավորված համայնքային կառույցների միջոցով ազդում են երրորդ երկրների քաղաքական դերակատարների որոշումների կայացման վրա։
  • Ներքաղաքական բաղադրիչը, որով հայատյացության և ռևանշիզմի կառավարելի մթնոլորտ է ձևավորվում ադրբեջանական հասարակությունում,
  • Մեդիա բաղադրիչը, որով իշխանության համար կառավարելի են դարձվում ոչ միայն Ադրբեջանի ներքին մեդիառեսուրսները, այլև երրորդ երկրների ԶԼՄ-ի վրա ազդեցության լծակներ են ձեռք բերվում։
  • Տեխնոլոգիական բաղադրիչը, որով ինտերնետը, արբանյակային կապը և այլ տեխնոլոգիական հնարավորություններն ի սպաս են դրվում հակահայկականության և ադրբեջանամետության տարածման համար։

II. Հակահայկականությունը տեղեկատվական գործողությունների հարթությունում

Արդեն կոնկրետ տեղեկատվական գործողությունների հարթությունում ադրբեջանական գրոհները վերլուծելիս, հաշվի առնելով վերջիններիս հաղորդակցական բնույթը, առաջնորդվենք դրանց հետևյալ կառուցվածքային տարրերի դիտարկմամբ`

  1. սոցիալական համատեքստ
  2. տեղեկատվական աղբյուր
  3. հաղորդակցման միջոց
  4. հաղորդագրություն
  5. լսարան
  6. հիմնանպատակ։

Մեթոդաբանական տեսանկյունից այս տարրերից յուրաքանչյուրի առանձին բնութագրիչները, ինչպես նաև դրանց համադրությունները, խիստ կարևոր են տեղեկատվական գործողության հաջողության և ազդեցության առումներով: Հետևաբար, տեսնենք, թե ադրբեջանական նախաձեռնություններում ինչպես են կիրառվում հաղորդակցական համակարգի տարրերը, և հակահայկական տեղեկատվական գործողությունների ինչպիսի մեխանիզմներ ու մեթոդներ են նկատվել դրանցից յուրաքանչյուրում։

1. Սոցիալական համատեքստ. Սա լայն իմաստով այն տարածական և ժամանակագրական միջավայրն է, որտեղ կայանում է հաղորդակցումը կամ տեղեկատվական գործողությունը: Ադրբեջանական կողմը, հաշվի առնելով համատեքստի նշանակությունը հակահայկական տեղեկատվական գործողություններում, փորձում է հօգուտ իրեն օգտագործել բարենպաստ իրավիճակները, իսկ անբարենպաստ գործոնները ձգտում է հավասարակշռել կամ չեզոքացնել օպերատիվ և մարտավարական-ռազմավարական հարթություններում: Այսպես, օրինակ, սոցիալական համատեքստի անբարենպաստ գործոնների հավասարակշռման կամ չեզոքացման մարտավարական-ռազմավարական նպատակով էր պայմանավորված 2004թ. օգոստոսին Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատան բացումը։ Դրա նպատակն էր համակարգել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դատավարության հետ կապված տեղեկատվական և այլ բնույթի գործողությունները1։

Հատկանշական է, որ Հունգարիայում Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանն ուղղված տեղեկատվական գործողությունները շարունակվում են մինչ օրս. 2008թ. նոյեմբերին Բուդապեշտում կայացավ արդեն ավանդական դարձած «Հունգարիա-Ադրբեջան. մշակութային երկխոսություն» 3-րդ միջազգային գիտաժողովը, որի քննարկումները նվիրված էին նաև ժամանակակից հունգարական պատմագրության մեջ Ադրբեջանի պատմության հարցերին2:

Անբարենպաստ գործոնները հավասարակշռվում են նաև օպերատիվ տեղեկատվական գործողությունների միջոցով։ Այսպես, օրինակ, եթե Հայաստանում հարևան Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապա ադրբեջանական տեղեկատվական դաշտում անպայման հայտնվում են 1-2 վրացի պատմաբանների հետ հարցազրույցներ, ովքեր իրենց խոսքում ժխտում են Հայոց ցեղասպանությունը, արժեզրկում հայ-վրացական հարաբերությունները, պիտակավորում և մեղադրանքներ ներկայացնում Հայությանը3:

Ադրբեջանի կողմից սոցիալական համատեքստի նպաստավոր գործոնների օգտագործման առումով հատկանշական է 2008թ. մարտի 1-ից հետո ՀՀ-ում ստեղծված քաղաքական դրության օգտագործումը իրավական, արտաքին քաղաքական, ներքաղաքական և այլ հարթություններում: Այդ համատեքստում էր, որ 2008թ. մարտի 14-ին Ադրբեջանին հաջողվեց ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի օրակարգ ներառել իր կողմից պատրաստված «Իրադրությունը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձևը և հասնել դրա ընդունմանը ՄԱԿ անդամ 192 երկրներից ընդամենը 39-ի «կողմ» քվեարկությամբ:

Այսպիսով, և՛ միջազգային, և՛ հայաստանյան մասշտաբներով սոցիալական համատեքստի մոնիթորինգը և դրանում ցանկացած նոր գործոնների հաշվարկումը նպաստում են ադրբեջանական տեղեկատվական գործողությունների նպատակադրմանը և արդյունավետ կիրառմանը:

Ադրբեջանական կողմը, սակայն, չի բավարարվում սոցիալական համատեքստի օբյեկտիվորեն տրված իրավիճակներով և նախահարձակ գործողություններով ներմուծելով արհեստական գործոններ (օրինակ, հայերին ադրբեջանցիների կոտորածներում մեղադրող օրացուցային սգո օրերի հռչակումը)` փորձում է իրականացնել սոցիալական համատեքստի սուբյեկտիվ ձևավորում։ Դա թույլ է տալիս փոխակերպել հաղորդակցության տրամաբանությունը և հայկական կողմին թողնել պաշտպանության դիրքերը։ Նման մեթոդներով ստեղծված սոցիալական համատեքստը դառնում է նաև որոշակիորեն կայուն միջավայր, որտեղ ադրբեջանական քարոզչությունն իրականացվում է նախապես պատրաստված շաբլոնների կիրառմամբ։ Վերջիններս օգտագործվում են նաև սպասվող օրացուցային իրադարձությունների (ինչպես, օրինակ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է՝ ապրիլի 24-ը) և այլ կանխատեսելի իրավիճակների դեպքերում։

2. Տեղեկատվության աղբյուր. Գլխավոր բնութագրիչներն են դրա նկատմամբ վստահությունը, հեղինակությունը, աղբյուրների բազմազանությունը և աղբյուրի «լեգիտիմությունը»։ Այդ իսկ պատճառով հակահայկական տեղեկատվություն տարածող աղբյուրի ընտրության հարցում ադրբեջանական կողմը նախապատրաստված մոտեցումներ է ցուցաբերում։ Այն նախ փորձում է ադրբեջանական քարոզչական աղբյուրներին հեղինակավորություն հաղորդել և դրանց նկատմամբ բարձր վստահություն ձևավորել՝ դրանք բնութագրելով դրական իմիջավորման պիտակներով։ Այսպես, օրինակ, ադրբեջանական «Ազերթաջ» պաշտոնական լրատվական գործակալության վերլուծաբան Վուգար Սեիդովը ներկայացվում է իբրև «հայտնի քաղաքագետ», որն իր նյութերը ստորագրում է մե՛կ Բուդապեշտից, մե՛կ Բեռլինից՝ թողնելով միջազգային փորձագետի տպավորություն: Համանման սկզբունքով բոլոր հակահայ քարոզչական գործիչները «հայտնի գիտնականներ» և «ճանաչված գործիչներ» են հռչակվում։

Աղբյուրի հարցում երկրորդ մեթոդաբանական մարտավարությունը աղբյուրների դիվերսիֆիկացման պատրանք ձևավորելն է` հակահայկական գործողություններում ոչ միայն տեղական, այլև օտարերկրյա հետազոտող գիտնականների ու լրագրողների ներգրավման միջոցով։ Ընդ որում` կեղծ-չեզոք օտարերկրացիների (ինչպիսիք են օրինակ` Էրիխ Ֆայգլը և Յուրի Պոմպեևը) ընդգրկումն օգտագործվում է նաև իբրև հակահայկական տեղեկատվական գործողությունների լեգիտիմացման միջոց: Խիստ կարևորվում են նաև օտարերկրյա դիվանագետների և քաղաքական գործիչների ադրբեջանամետ հայտարարությունները` դրանք ներկայացվելով իբրև միջազգային հանրության օբյեկտիվ կարծիք։

Ադրբեջանական կողմը սեփական ապատեղեկատվության լեգիտիմացման համար մշտապես փորձում է հղում կատարել հայկական կամ հայկական թվացող աղբյուրների վրա: Այս նպատակով երբեմն քարոզչական տեքստերի տակ հայկական ազգանուններով գոյություն չունեցող անձինք են ստորագրում, հայտնի հայ գործիչներին հորինված նախադասություններ են վերագրվում, կամ էլ նրանց մտքերը ներկայացվում են համատեքստից դուրս՝ իմաստափոխված ձևով։ Հայ գործիչներին հորինված մտքեր վերագրելու բնորոշ օրինակ է հետևյալը։ «Банк-информация» կենտրոնի տնօրեն Ռովշան Նովրուզօղլին 2006թ. հունիսի 2-ին «Зеркало» թերթում «մեջբերումներ» է կատարում «հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված գազանությունների» մասին Զորի Բալայանի «Հարություն» գրքից։ Նշվում է անգամ, որ գիրքը լույս է տեսել 1996թ. Վանաձորում, մինչդեռ ո՛չ Զ.Բալայանի, ո՛չ էլ որևէ այլ հեղինակի կողմից երբևէ համանման գիրք չի հրատարակվել4։ Հատկանշական է, որ Եվրախորհրդի 2009թ. ամառային նստաշրջանում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան (Մեհրիբան Ալիևայի քույրը) իր ելույթում կրկին «մեջբերումներ» է կատարել միֆական գրքից (այս անգամ այն կոչվել է «Մեր ոգու վերակենդանացումը»)՝ թարմացնելով հակահայկական ապատեղեկատվությունը միջազգային հանրության առջև5։

Լեգիտիմացման նպատակին էին ծառայում նաև «am» դոմեյնային տարածության մեջ գրանցված (xronika.am, versiya.am) և իբրև հայկական ներկայացող ադրբեջանական քարոզչական կայքերը։ Դրանցից versiya.am–ը համեմատաբար կարճատև կյանք ունեցավ և առաջին իսկ կեղծ-հայամետ տեղեկատվությունից բացահայտվեց՝ արժանանալով հայկական ինտերնետային հանրության մանրազնին դիտարկմանը6, և արգելափակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի ջանքերով: Առավել երկարակյաց xronika.am-ը փորձեց ներազդել հայ-վրացական հարաբերությունների վրա` 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտության ընթացքում հակավրացական ապատեղեկատվություն տարածելով «Ջավախքի հայրենասերների» անունից7: Այս դոմեյնի գործունեության պայմանագիրը հետագայում հասկանալի պատճառներով չթարմացվեց։

Հատկանշական է, որ ադրբեջանական հակահայկական տեղեկատվական գործողությունները միտված են ոչ միայն սեփական աղբյուրների նկատմամբ վստահությունը բարձրացնելուն, դիվերսիֆիկացնելուն և լեգիտիմացնելուն, այլև նպատակաուղղված են հայամետ կամ հայկական աղբյուրների վարկաբեկմանը և ապալեգիտիմացմանը: Այս նպատակով հեղինակազրկվում են ոչ միայն հայկական աղբյուրները` պիտակավորվելով իբրև քարոզչական, ապատեղեկատվական, հանցավոր, երբեմն էլ ահաբեկչական, այլև բոլոր այն օտարերկրյա աղբյուրները, որոնց տեսակետները բախվում են հակահայկական քարոզչական նպատակներին: Այս հարցում ադրբեջանցիները կիրառում են թուրքական հայտնի մեթոդաբանությունը, որի ամենավառ օրինակն է Ֆրանց Վեր-ֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հայտնի պատմավեպի արժեզրկումը։ Այդ նպատակով թուրքերը դեռևս 1989թ.` Հայոց ցեղասպանության 75-ամյակի նախաշեմին, ստեղծել են ինֆոլոգեմ, համաձայն որի` Վերֆելը կյանքի վերջին տարիներին «բացահայտել է, որ իր ստեղծագործությունը պատմական հիմքեր չունի»: Ընդ որում` թուրքական կողմը, հաշվի առնելով Վերֆելի հրեական ծագումը և, ուրեմն, նրա ստեղծագործության նշանակությունը հրեաների շրջանում, աղբյուրի հավաստիության հավասարակշռման նպատակով այս ինֆոլոգեմի տարածման աղբյուր է ընտրել կրկին հրեական ծագումով ամերիկացի րաբբի Ալբերթ Ամաթեուին (այս առասպելաբանական անձը ներկայացվում է նաև Աբրահամ Սաբար, Աբրահամ Սոն Սևեր անուններով): Ամաթեուն, որը երիտասարդ տարիքում Թուրքիայից ներգաղթել էր ԱՄՆ, այդ բացահայտումը կատարել է 101 տարեկանում` Ֆրանց Վերֆելի մահից շատ ավելի ուշ8: Այս աղբյուրի խոսքերին են հետագայում հղումներ կատարում դասական հակահայ Էրիխ Ֆայգլը և այլ հակահայ քարոզիչները:

3. Հաղորդակցության միջոցներ. Այս հարցում կարևոր բնութագրիչ են միջոցների բազմազանությունը և բազմաքանակությունը, որոնց շնորհիվ ապահովվում են տեղեկատվության սփռվածությունը և հավաստիության պատրանքի ձևավորումը: Ադրբեջանը հաղորդակցական միջոցների բազմազանությանը հասնում է բոլոր հնարավոր ֆորմալ (պետական մարմիններ, ԶԼՄ, դիվանագիտական միջոցներ, GONGO-ներ) և ոչ ֆորմալ (շրջիկ իրազեկիչներ (ինֆորմատորներ), ինտերնետային ռեսուրսներ, սոցիալական ցանցեր) ուղիների ու հաղորդակցական ցանցերի կիրառմամբ` թիրախային լսարաններին ուղղված տեղեկատվությունը հնարավորինս լայն սփռելու և այդպիսով առավել հասանելի դարձնելու նպատակով: Ադրբեջանական կողմը լայնորեն կիրառում է փոխհղումների9 մեխանիզմը, երբ միևնույն տեղեկությունը, միմյանց վրա հղումներ կատարելով, տարածվում է բազմաթիվ աղբյուրների կողմից: Այս մեխանիզմը ոչ միայն բազմապատկում է հաղորդակցական միջոցները և այդպիսով տարբեր լսարանների համար առավելագույն հասանելիություն է ապահովում, այլև նպաստում է բազմաքանակության էֆեկտի ստեղծմանը: Երբ տարբեր հաղոր-դակցական միջոցներով (անձնական կապեր, ԶԼՄ, գրքեր, տեսաֆիլմեր) միևնույն տեղեկատվությունն է հաղորդվում, ընկալման մակարդակում հաղորդակցական միջոցների քանակական բազմապատկման տպավորություն է ստեղծվում, ինչն էլ հավաստիության պատրանք է ձևավորում:

Փոխհղումային եղանակով միևնույն հաղորդագրության արտատպումը նաև լրացուցիչ հնարք է ինտերնետային կայքերի համար` վարկանիշի բարձրացման և որոնման համակարգերում դրանք առաջնահերթ հասանելի դարձնելու առումով:

4. Հաղորդագրություն. Հաղորդակցման ամենաբազմաշերտ բաղադրիչն է, որի բնութագրիչներն են հաղորդագրության բովանդակությունը՝ թեման, օբյեկտը, դիսկուրսը, տեքստային ազդեցության հնարքները, փաստարկումը, հուզական ծանրաբեռնվածությունը, պատկերավորումը` սիմվոլիկան, հաղորդագրության կրկնման հաճախությունը, բազմաժանրությունը:

Հաղորդագրության հաճախակի կրկնությունը առաջին հերթին այն լսարանին հասանելի դարձնելու և դրան ուշադրությունը բևեռելու նպատակ է հետապնդում: Բացի այդ, այն առավել խորքային հետևանք է ունենում. ընկալման և հիշողության մեխանիզմների օրինաչափության շնորհիվ հաճախակի կրկնվող հաղորդագրությունն արդյունավետ ամրագրվում է հանրային գիտակցության մեջ: Եթե նույնիսկ հաղորդագրության բովանդակությունն ընդունելի չի դառնում, ապա առնվազն առօրեական բնույթ է ստանում և սոցիալական իրականության մաս դառնում։ Այս մեխանիզմը ադրբեջանական քա-րոզչությունը նաև հիմնավորված դարձնելու ձև է. նույնիսկ չփաստարկված հաղորդագրությունը հիմնավորված է դառնում նախկին նույնական հաղորդագրություններով։ Ադրբեջանական քարոզչությունը դիմում է նաև միևնույն հաղորդագրության բազմաժանր փաթեթավորմանը (ցանկալի տեղեկատվությունն արտահայտվում է ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, սպորտային և այլ բնույթի տեքստերի միջոցով), տեսողական արտահայտչականությանը կամ վիզուալացմանը (տարածում են գտել խիստ յուրովի մոնտաժված «վավերագրական» ֆիլմերը, կեղծված լուսանկարները, քարտեզները, անիմացիաները և այլն)։ Ուշադրություն է դարձվում տեքստային վերնագրերի գրավչությանը, ինչպես նաև սիմվոլիկ և էմոցիոնալ հագեցվածությանը:

Ադրբեջանական տեղեկատվական տեքստերում քննարկման, իսկ առավել հաճախ` հարձակման օբյեկտ է հանդիսանում Հայության համար արժեքային և սիմվոլիկ ծանրաբեռնվածություն ունեցող ցանկացած սուբյեկտ՝ սկսած սովորական հայ մարդուց, մինչև պատմական հերոսներ, պետական, հասարակական, կրոնական գործիչներ և հայոց քաղաքական պատմություն։ Հակահայկական տեղեկատվական առավել հաճախակի հարձակումների շարքում առանձնանում են մի շարք թեժ թեմաներ, ինչպիսիք են՝

  • Հայկական պետականության ու հայ ժողովրդի պատմությունը, հատկապես Արցախի քաղաքական պատմությունը, հայերի ծագման ու բնիկության հարցերը։
  • Ադրբեջանական պետության կազմավորման, ժողովրդի ծագման և ձևավորման հարցերի նպատակահարմար մեկնությունը և նրանց բնիկության ամրապնդումը։
  • 1915թ. Հայոց ցեղասպանության հերքումն ու հանցանքի պրոյեկտումը,
  • 20-րդ դարի ընթացքում «ադրբեջանցիների ցեղասպանություն» իրականացնելու մեջ հայկական կողմին ուղղված մեղադրանքները.

  • - 1918թ. Բաքվի կոմունայի և մահմեդականների միջև տեղի ունեցած բախումները` իբրև հայերի կողմից «ադրբեջանցիների ցեղասպանության» «հանցագործ պլանի» իրագործում,
    - 1990թ. Բաքվում խորհրդային բանակի գործողությունների արդյունքում զոհված ադրբեջանցիներին իբրև հայկական սադրանքների զոհեր ներկայացնելը,
    - 1992թ. Խոջալուի դեպքերն իբրև հայկական զինվորականության կողմից միտումնավոր սպանություն, և ուրեմն «ցեղասպանություն» ներկայացնելը։
  • Այլ ժողովուրդների դեմ «կատարած հանցանքներում» Հայությանն ուղղված մեղադրանքները, համատարած թուրքատյացության և հակասեմիթիզմի վերագրումը, «միջազգային հայկական սպառնալիքի» ինֆոլոգեմը,
  • հայ ժողովրդի բարոյահոգեբանական նկարագրի և արժեքային համակարգի խեղաթյուրումը։
  • ՀՀ-ում և ԼՂՀ-ում առկա ներքին սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրների շահարկումը և մտացածին խնդիրների վերագրումը։
  • Հայկական բանակի խնդիրների շահարկումը, վարկաբեկող ինֆոլոգեմների տարածումը։

Դիտարկելով վերոնշյալ թեմատիկ հաղորդագրություններում առկա ընդհանրությունները` նկատում ենք, որ ադրբեջանական քարոզչամեքենան հակահայկական տեքստերում կիրառում է հիմնականում 4 մեխանիզմ.

  • Հայ-թուրքական տեղեկատվական հարաբերություններում հայկական կողմի ձեռնարկած և հաջողված տեղեկատվական գործողությունների հայելային արտատպման մեխանիզմը։
  • Թուրք-ադրբեջանական կողմին առնչվող խոցելի կետերի և բացասական տեղեկատվության ուղղակի պրոյեկտման մեխանիզմը։
  • Հակասեմիթականության սխեմաների հակահայկական ուղղվածությամբ կիրառման մեխանիզմը։
  • «Հակառասիստական ռասիզմի» սկզբունքի կիրառման մեխանիզմը։

Հայելային արտատպման ամենավառ օրինակ է ներկայումս լայն շրջանառության մեջ դրված «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը (Արևմտյան Հայաստանի նմանությամբ), որի տակ ենթադրվում են ոչ միայն ԼՂՀ, այլև արդի ՀՀ և որոշ չափով Վրաստանի տարածքները։ Ուղղակի պրոյեկտման արդյունք է ոչ միայն ցեղասպանության վերագրումը հայկական կողմին, այլև Հայ Առաքելական եկեղեցուն իսլամական աշխարհում առկա ծայրահեղական ահաբեկչական հոսանքների նպատակների և գործունեության մեջ մեղադրանքը։ Հայելային արտատպման մեխանիզմով թուրք-ադրբեջանական համատեղ քարոզչությունը սիմետրիկ պատասխան է տալիս Հայոց ցեղասպանության թեմայով բոլոր հայկական տեղեկատվական հոսքերին՝ միաժամանակ ուղղակիորեն պրոյեկտելով թուրք-ադրբեջանական հայտնի խնդիրները և կնճռոտ իրադարձությունները հայկական կողմի վրա։

Հակասեմիթականության սխեմաները կիրառվում են կրկին հիմնականում Ցեղասպանությանն առնչվող թեմաներում, ինչպես նաև Հայության արժեհամակարգի, հայ մարդու բարոյական կերպարի վարկաբեկման հարցերում։ Նույն սկզբունքով, ինչ հակասեմիթները մեղադրում են հրեա ժողովրդին սեփական նպատակներին հասնելու համար Հոլոքոստի «առասպելի» հորինման, դրա հրահրման կամ կազմակերպման մեջ, այնպես էլ ադրբեջանա-թուրքական քարոզիչները հայերին մեղադրում են Ցեղասպանության և այլ կոտորածների «առասպելների» ստեղծման, հրահրման կամ էլ կազմակերպման մեջ։ Լայնորեն կիրառվում են նաև հակասեմիթական պիտակավորման ձևերը («նենգ», «դավաճան», «ագահ», «խաբեբա») հայերի նկատմամբ:

Ինչ վերաբերում է «հակառասիստական ռասիզմի» սկզբունքի կիրառմանը, ապա այն դրսևորվում է Հայությանը հակաթուրքականության և հակասեմիթիզմի մեջ մեղադրանքների հիման վրա հակահայկականության տարածման ձևով։ Այնպես, ինչպես սպիտակամորթների նկատմամբ ռասիզմը հիմնավորվում է վերջիններիս ռասիզմով սևամորթների նկատմամբ, որն ըստ էության նույն ռասիզմն է, այդպես էլ ադրբեջանա-թուրքական հակահայկականությունը փորձում է հիմնավորել սեփական հայատյացությունը Հայու-թյանը համատարած թուրքատյացություն և հակասեմիթիզմ վերագրելով։

Բոլոր վերոնշյալ թեմատիկ հաղորդագրություններում ծանրակշիռ մաս են կազմում պատմական, իրավական, կրոնամշակութային ու առօրեականության դիսկուրսի ձևերը։ Դրանք բոլորը միավորվում են առանցքային՝ հակահայկականության տարածման նպատակի շուրջ։ Ընդհանուր առմամբ, դրանցում առավել հաճախ հանդիպում են տրամաբանական սխալների և սեմանտիկ մանիպուլյացիաների մեթոդների վրա հիմնված տեքստային ազդեցության այնպիսի հնարքներ, ինչպիսիք են`

  • Պարզ ապատեղեկատվության, կեղծիքի, ինֆոլոգեմի պնդումը։
  • Ճշմարտանման ստերի կիրառումը։
  • Չափազանցությունը կամ ծայրահեղացումը։
  • Կես-ճշմարտությունների կամ ընտրովի ինֆորմացիայի մատուցումը։
  • Հակագիտական ինդուկցիան` անհիմն կերպով մասնավորից ընդհանրացումը։
  • Ասիմետրիկ համեմատությունների անցկացումը։
  • Արքետիպային ու կարծրատիպային պիտակների ամրակցումը, ծաղրը, հեգնանքը, բացասական հատկանիշների վերագրումը։
  • «Մութ էջերի բացահայտումը» ։

5. Լսարան. Տեղեկատվական գործողության արդյունավետությունը կախված է լսարանի քաղաքակրթական, կրոնական և մշակութային առանձնահատկություններից: Այս իմաստով ադրբեջանական տեղեկատվա-քարոզչական նախաձեռնությունները հստակ տարանջատում են թիրախային լսարանները և դրանց ուղղված հաղորդագրությունների դիսկուրսը: Այսպիսով, իրագործվում է առանձին լսարաններին համապատասխան դիֆերենցված մոտեցում.

  • Իսլամական հանրությունում Հայաստանը ներկայացվում է իբրև ահաբեկչական քրիստոնեական պետություն կամ համաշխարհային սիոնիզմի ու քրիստոնեական պետությունների կամակատար։
  • Հրեաների շրջանում` իբրև հակասեմիթական երկիր։
  • Արևմտյան երկրներում` իբրև հակաժողովրդավարական տարր և տարածաշրջանային զարգացման արգելակ։
  • Միջազգային կառույցներում Ադրբեջանը սեփական պահանջները բխեցնում է իբր միջազգային իրավական նորմերին դրանց լիարժեք համապատասխանությունից։
  • Իսկ սեփական հանրության ներսում` նաև պատմամշակութային կեղծ հիմնավորումներից և ձևավորվող «թշնամի հայի» կերպարի նկատմամբ ռևանշիստական նկրտումներից։

6. Հիմնանպատակ. Ադրբեջանական տեղեկատվական գործողությունների հիմնանպատակներն են.

  1. Հայաստանին և Հայությանն առնչվող հոգևոր, մշակութային և նյութական արժեքների նսեմացումը, «ոչնչացումը»` ի հակադրություն ադրբեջանականի բարձրացմանը, արժևորմանը և համաշխարհայնացմանը։
  2. Հայության բարոյալքումը, պարտվողականության զգացումի ձևավորումը, թուլացումը՝ ի հակադրություն ընդհանուր թշնամու (հայերի) նկատմամբ ադրբեջանցիների միասնականության և ռևանշիզմի ձգտման ձևավորման։

Առաջինն ավելի լայն ուղղորդում ունի և միտված է բոլոր թիրախային լսարանների, այդ թվում՝ Հայության շրջանում` վարկաբեկման ու անմարդկային հանցանքների մեջ մեղադրանքի մեխանիզմների կիրառմամբ համապատասխան դիրքորոշումների ձևավորմանը: Թեև հայկական լսարանի վրա դրա ազդեցության արդյունավետությունն ավելի քան վիճելի է, այն միտված է Հայության մեջ թերարժեքություն ձևավորելուն, ինչը նաև հիմք է երկրորդ հիմնանպատակի համար:

Երկրորդի ուղղվածությունը կոնկրետ հայկական և ադրբեջանական լսարաններն են: Այս դեպքում կիրառվում են ոչ միայն Հայության նսեմացման ու մեղադրանքի, այլև պատերազմի վերսկսման և շրջափակման միջոցով ՀՀ-ն և ԼՂՀ-ն տնտեսապես «շնչահեղձ» անելու սպառնալիքի, ինչպես նաև Հայության մեջ ծագումնաբանական կամ այլ տարբերակումների ներմուծմամբ` ջլատման-պառակտման մեխանիզմները: Այն, ինչ հայկական լսարաններում աշխատում է իբրև պարտվողականության ձևավորման և բարոյալքման գործոն, ադրբեջանական հանրությունում առաջացնում է հպարտության զգացում և հավատ «Հայության դեմ» հաղթանակի նկատմամբ:

1Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. ձմռանը, երբ մասնակցում էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին, քնած ժամանակ կացնահարել էր նույն ծրագրի մասնակից, ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին։ Դատաքննության ժամանակ Ռ.Սաֆարովն իր արարքը էթնիկ ատելության պատճառաբանություններով էր պայմանավորել, որից դատական լսումների ժամանակ հրաժարվել էր։
http://ru.wikipedia.org

2«Венгерским ученым предложено организовать научные экспедиции в Азербайджан», 2008.11.21, http://www.media-v.eu/index.php?page=news&id=4151&type=politics&set=day

3Грузинский историк: «У армян так заведено: где бы они ни жили, эту местность считают армянской территорией», 2009.06.27, http://1news.az/analytics/20090627044431735.html

4«Армянский тележурналист: в Азербайджане дезинформация превращается в индустрию»,2008.06.17, http://www.regnum.ru/news/1015850.html

52009.06.27, http://www.golos.am/index.php?option=com_content&task=view&id=47435

6«Как стряпаются "дезы". Или - о бедном Вусале замолвите слово…», 2009.02.19, http://karabah88.ru/press2009/02/0219_striapnya.html

7Самвел Мартиросян, «Выводы из последней атаки на армянские сайты со стороны азербайджанских хакеров», «Գլոբուս. տեղեկատվական անվտանգություն», # 3, սեպտեմբեր, 2008թ.:

8«Взгляд с вершины Муса-дага», 2009.02.26, http://www.golos.am/index.php?option=com_content&task=view&id=43129&Itemid=41

9Սուրեն Մովսիսյան, «Ադրբեջանական ԶԼՄ ազդեցության գործոնները տեղեկատվական պատերազմի համատեքստում», «Գլոբուս. տեղեկատվական անվտանգություն», # 2, հունիս, 2008թ.:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր