
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Հարավկովկասյան տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող գործընթացների դինամիկան վկայում է այն մասին, որ ԽՍՀՄ փլուզման հետևանքով առաջ եկած հետխորհրդային շրջանը վստահաբար և վերջնականորեն ավարտված է: Ձևավորվում է նոր իրողություն, և Հարավկովկասյան տարածաշրջանի ստատուս քվոն սկսում է փոխվել` ներկայացնելով ուժերի ձևավորվող նոր հավասարակշռությունը: Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության առկա համակարգը գնահատելու և այն նոր իրողություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը մարտահրավեր է դառնում, որի արձագանքը կձևավորվի` անկախ փոփոխություններին այս կամ այն երկրի և դաշինքի պատրաստ լինելուց:
Հայ-թուրքական երկխոսության ակտիվացումը գնահատելու փորձերը պահանջում են հաշվի առնել նկատվող գլոբալ դինամիկան և բարդ տարածաշրջանային համատեքստը, որոնց ընդհանուր գծերը ներկայացնում ենք ստորև: 21-րդ դարասկզբին Իրանը և Թուրքիան կարողացան ապացուցել տարածաշրջանային գերտերությունների կարգավիճակի վերադառնալու հայտերը, գերտերություններ, որոնք սեփական բազմադարյա շահերի պաշտպանությանն ուղղված ինքնուրույն քաղաքականություն վարելու պոտենցիալ և նկրտումներ ունեն: Այսօրինակ պահվածքը հանդիպում է ուժի գլոբալ կենտրոնների հակազդեցությանը: Սակայն ինչպես հենց տարածաշրջանում, այնպես էլ ուժի գլոբալ կենտրոններում կասկած չի հարուցում այն, որ այսօր Հարավային Կովկասում անհնար է որևէ նախաձեռնություն իրականացնել` առանց Իրանի և Թուրքիայի շահերի հաշվառման:
Հայաստանի Հանրապետությունը ներքաշվել է Ադրբեջանի հրահրած սպառազինությունների մրցավազքում: Վերջինս բացահայտորեն հայտարարում է 1991-94թթ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի արդյունքում ձևավորված ստատուս քվոյի վերանայմանը ռազմական ճանապարհով հասնելու իր մտադրությունների մասին: Ընդ որում` երկու երկրներն էլ հարկադրված էին այս կամ այն չափով զոհաբերել սոցիալ-տնտեսական զարգացման, իրենց հասարակությունների կայացման և ամրապնդման հնարավորությունները:
Վրաստանը, երկրի քաղաքական ղեկավարության անշրջահայացության և անհեռատեսության, ռազմական ռևանշի փորձերի պատճառով, ներքաշվեց ագրեսիվ պատերազմի մեջ` իր համար աղետալի հետևանքներով: Ներկայում Վրաստանը փորձում է հաղթահարել այս քայլի գոնե մի քանի հետևանքները:
Հարավային Օսիան և Աբխազիան ներկայում գնահատում են իրենց նոր կարգավիճակի բոլոր հետևանքները, որը նրանց ոչ միայն առավելություններ, այլ նաև նոր ու անծանոթ մարտահրավերներ և սպառնալիքներ է բերել, երբ մի քանի երկրի և ուժի գլոբալ կենտրոններից մեկի` Ռուսաստանի կողմից ճանաչումն անգամ ամենևին էլ ինքնիշխանության և անկախության վերջնական երաշխիք չի նշանակում:
Վերջին 20 տարիներին ԼՂՀ-ն կարողացել է լուծել ռազմական ժամանակների կառավարման ավտորիտար, կոշտ համակարգից քաղաքացիական, ժողովրդավարական հասարակության անցման խնդիրը: Անցած ճանապարհը թույլ է տալիս փաստել, որ Արցախը, տարածաշրջանի մյուս բոլոր պետություններից ավելի շատ է մոտեցել իր պետականության զարգացման մակարդակում որակական թռիչք կատարելու իրականացման հնարավորությանը: ԼՂՀ-ն, փաստորեն, տարածաշրջանի միակ նոր երկրներից է, որը կարողացել է առանց ցնցումների, իրավական ընթացակարգերի շրջանակներում, իրականացնել երկրի արդեն երրորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Նույնը կարելի է ասել նաև 2006թ. հանրաքվեով ԼՂՀ Սահմանադրության ընդունման մասին: Զուգահեռաբար Արցախը լուծում էր նաև Ադրբեջանի ագրեսիվ մտադրություններին դիմակայելու ունակ պաշտպանության էշելոնացված համակարգի հետագա զարգացման և ամրապնդման խնդիրը:
Այսպիսով, անգամ հպանցիկ հայացքը թույլ է տալիս փաստել, որ Հարավային Կովկասը բաց բարդ համակարգ է: Ավելին, տարածաշրջանի առանձնահատկությունը թույլ չի տալիս խոսել փակ համակարգի մասին, և այնտեղ առկա են ուժի համաշխարհային կենտրոնների մրցակցող, երբեմն նաև միմյանց հակադիր շահերը: Բարդ բաց համակարգերի էությունը վկայում է, որ դերակատարների ձեռնարկած քայլերը` դիվանագիտական, տեղեկատվական, ռազմական, տնտեսական, հանգեցնում են հետևանքների և արդյունքների կասկադի, որոնք ծավալվում են նաև այլ ասպարեզներում: Դիվանագիտական ասպարեզում քայլեր ձեռնարկելիս անհրաժեշտ է պատրաստ լինել արձագանքի և հակազդեցության նաև տնտեսական, ռազմական և այլ ասպարեզներում, մասշտաբի փոփոխության, երբ երկկողմանի նախաձեռնությունները ձեռք են բերում տարածաշրջանային և անգամ գլոբալ նշանակություն: Այս պայմաններում անհնար է խոսել ուժի այս կամ այն կենտրոնի (տարածաշրջանային, թե գլոբալ, առանձին երկրի, թե դաշինքի)` ձեռնարկվող քայլերի բոլոր հետևանքները հաշվարկելու կարողության մասին:
Այս պայմաններում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի հայտարարությունն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու պատրաստակամության մասին անսպասելի էր և չկանխատեսված: Համարձակ քայլ, որի բոլոր հետևանքներն անհնար է կանխատեսել, բայց որը թույլ կտա, կողմերի կարծիքով, տարածաշրջանը դուրս բերել կայունության նոր աստիճանի: Նախաձեռնությունն արժանացավ ուժի գրեթե բոլոր գլոբալ կենտրոնների հավանությանը, և տպավորություն է ստեղծվել, թե տարածաշրջանն իրոք կանգնած է անսպասելի բեկման շեմին:
Այն, որ կողմերի համար տարբեր է այն ճանապարհը, որի օգնությամբ պետք է իրականացվի այդ բեկումը, ինչպես և ինչ սկզբունքներով է ձեռք բերվելու կայունությունը, հայկական կողմն այնքան էլ հստակ չէր պատկերացնում: Կողմերին առաջ մղող մտադրությունների մինչև վերջ չհասկացվածությունը, տարածաշրջանի բարդությունը, ինչպես նաև այլ գործոններ հանգեցրին «բլիցկրիգի» ձախողման, «փոթորկի ու բուռն ճնշման» հայ-թուրքական հարաբերություններում: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է վերլուծել այն պատճառները, որոնք թույլ կտան հասկանալ, թե ինչու հայ-թուրքական գործընթացը որոշ սցենարների պարագայում կարող է փակուղի մտնել: Այս տեսակետից հետաքրքրություն են ներկայացնում բանակցային գործընթացի հիմքերը, այն սկզբունքները, որոնցով էլ ենթադրվում էր իրականացնել բեկումը:
ՀՀ և Թուրքիայի ղեկավարները ելնում էին այն բանից, որ ի վիճակի են համաձայնության գալ փակ բանակցությունների շրջանակում և հետո մյուս դերակատարներին, իրենց հանրություններին կանգնեցնել ձեռք բերված համաձայնությունների փաստի առջև: Ուժի գլոբալ մի շարք կենտրոնների աջակցությունը բավականաչափ երաշխիք էր համարվում դիվանագիտական հարաբերությունների հաստատումը իրականություն դարձնելու համար: Բանակցությունների մեջ մտնելով և մտադիր լինելով տարածաշրջանային նոր իրողություն ձևավորել` Թուրքիան և ՀՀ-ն ելնում էին առկա իրողությունները, տարածաշրջանի և իրենց հասարակությունների ներսում գոյություն ունեցող դիմադրությունը հաղթահարելու իրենց կարողությունն անտեսելու հնարավորությունից: Սակայն Հարավային Կովկասը, Մեծ Մերձավոր Արևելքն ընդհանրապես այն միջավայրը չեն, որտեղ կարելի է բազմադարյան կաղապարներին հակասող որոշումներ իրականացնել:
Երկրորդ պահը կապված է «առանց նախապայմանների» արտահայտության կիրառման հետ: Դա ենթադրում է կողմերի հրաժարում «նախապատմությունից», հանել պատմությունը բանակցությունների ընդհանուր համատեքստից: Սակայն Հարավային Կովկասում, որն այնքան հենված է պատմությանը, մշակութային, հոգևոր հարազատության կամ հակառակության վրա հիմնված կապերին, դա բավական կասկածելի է թվում: Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող մեկնաբանվել որպես մեկուսի, փակ համակարգ, որում միջավայրի, պատմական և այլ համատեքստերի ազդեցությունը հնարավոր կլինի անտեսել: Տարածաշրջանի և երկկողմ հարաբերությունների նկատմամբ նման մոտեցումն իրականություն դառնալու քիչ հնարավորություններ ունի` անգամ ցնցումների և տարածաշրջանի ապակայունացման գնով: Բավական է նայել տարածաշրջանի վերջին մի քանի դարերի քաղաքական պատմությանը` դրանում համոզվելու համար:
Նոր բանակցություններ վարելով և երկկողմանի ձևաչափով քննարկելով պետությունների հարաբերությունները` անհրաժեշտ է հասկանալ, որ ձեռք բերված համաձայնությունների իրականացումը հնարավոր է միայն Հարավային Կովկասի անվտանգության հավաքական համակարգի շրջանակներում: Խոսքը պետք է վերաբերի երկկողմ հարաբերություններին և բանակցություններին Հարավային Կովկասի հավաքական անվտանգության համակարգի ընդհանուր համատեքստում: Այդ համակարգի կառուցմանն ուղղված առաջին քայլն անելիս անհրաժեշտ է առավելագույնս հեռանալ պատմական համատեքստից` ընդունելով այն իրողությունը, որն արդեն ստեղծվել է 2010թ., հստակ ըմբռնելով, որ այս պարագայում յուրաքանչյուր կողմն ունենում է ինչպես կորուստներ, այնպես էլ ձեռքերումներ և փոխզիջման գնալով` կայունության և անվտանգության հնարավորություն է ստանում:
Սա, իր հերթին, անհրաժեշտ է դարձնում Հարավային Կովկասի հավաքական անվտանգության համակարգի ընդհանուր գծերի դիտարկումը: Այսօրվա դրությամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հավաքական համակարգի քննարկվող նախագծերը տարածաշրջանը «տեսնում» են գծային պարադիգմի շրջանակում: Ավելին, կարելի է խոսել այն մասին, որ փորձեր են արվում պատկերն ավելի պարզեցնելու ուղղությամբ, երբ անտեսվում են տարածաշրջանում ձևավորված իրողություններն ու առանձին տարրերը: Պարզեցված պատկերը հանգեցվում է այն բանին, որ առանձնացվում են ուժի մի քանի բևեռներ, որոնք դիտարկվում են որպես ներքին կառուցվածք և քաղաքականություն չունեցող միասեռ «երկրաչափական կետեր»: Կետերը միանում են մի ինչ-որ ստատիկ կառույցում, որի հիման վրա էլ կառուցվում է անվտանգության տարածաշրջանային համակարգը: Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հավաքական համակարգի հիմքում պարզեցված գծային մոդելն է դրվում, որի նկարագրման համար կիրառելի է դառնում ոչ միայն «երկրաչափությունը», այլև անգամ «թվաբանությունը»:
Բավական է հիշել վերջին ժամանակների նախաձեռնությունները, որոնք հանգում էին «տարածաշրջանային թվաբանության».
Թուրքիայի նախաձեռնությունը և ռուս-թուրքական պլատֆորմը [3+2] – հարավկովկասյան երեք պետություն` գումարած Թուրքիան և Ռուսաստանը,
Իրանի նախաձեռնությունը [3+3] – հարավկովկասյան երեք պետություն` գումարած հարևան երկրները (Իրան, Թուրքիա և Ռուսաստան),
Կրկին Իրանի նախաձեռնությունը [3+3+1] – հարավկովկասյան երեք պետություն` գումարած հարևան երկրները (Իրան, Թուրքիա և Ռուսաստան) և ԵՄ-ը:
Լավագույն դեպքում առաջարկվող նախագծերում արտացոլվում է ոչ միայն թվաբանությունը, այլ նաև դերակատարների ներքին և արտաքին քաղաքականությունում տարբեր ուղղություններ ունեցող վեկտորները, երբ կարելի է խոսել «տարածաշրջանային հանրահաշվի», հավասարումների համակարգի կամ մատրիցայի մասին, որը կոչված է տարածաշրջանն այս կամ այն մոդելի շրջանակում վերցնելու, պատկերելու և մեկնաբանելու համար:
Սակայն «տարածաշրջանային հանրահաշվի» փոխաբերությունը նույնպես չի դիմանում իրականության փորձությանը, քանի որ ի վիճակի չէ համարժեք արտացոլել իրավիճակը տարածաշրջանում, որը երբեմն անվանում են «Եվրասիայի Բալկաններ»: Սույն պարագայում մենք պարտավոր ենք խոսել և դատել ոչ թե ստատիկ կառույցների, ճարտարապետության, այլ բարդ ոչգծային համակարգի և տուրբուլենտ միջավայրի դինամիկ պատկերի ու գործընթացների եզրերով: Տարածաշրջանը դիտարկելով ոչգծայնության և բարդ ադապտիվ համակարգերի փոխաբերության միջով` կարելի կլինի ավելի հստակ ձևակերպել անվտանգության տարածաշրջանային համակարգի նախագծմանը ներկայացվող պահանջները: Առաջին հերթին, պարզ է դառնում, որ մենք պետք է կողմնորոշվենք համակարգի սահմանների, կառուցվածքային և գործառնական տարրերի հարցում: Ընդ որում` այս կամ այն տարրը կամ գործառույթը պարզեցնելու կամ նույնիսկ բացառելու փորձերն անթույլատրելի են:
Կարելի է խոսել Հարավային Կովկասի անվտանգության համակարգ մտնող հետևյալ դերակատարների մասին.
{[(3+2+1)+3]+2+1(?)},
Այստեղ՝
(3+2+1) – Հարավային Կովկասի երեք ճանաչված պետություններն են, Հարավային Օսիան և Աբխազիան, որոնք խառը կարգավիճակ ունեն, և միջազգային հանրության կողմից չճանաչված ԼՂՀ-ն;
+3 երեք հարևան պետությունները – Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան;
+2 ԵՄ-ը և ԱՄՆ-ը:
+1(?) – Չինաստանը: Կենտրոնական Ասիայում վերջին նախաձեռնություններից հետո անհրաժեշտ է խորհել Չինաստանի դերի մասին:
Ստացվող պատկերը, որի շրջանակներում պետք է կառուցվի Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հավաքական համակարգը, հնարավոր է, չափազանց բարդ է թվում: Բայց տարածաշրջանի առանձնահատկությունն այնպիսին է, որ այն բավական արագ կարող է մոտենալ ինքնակազմակերպված կրիտիկականության կետին, երբ անխոհեմ մի շարժումը կամ քաղաքական քայլը կարող է հանգեցնել հեղեղանման գործընթացների, որոնք կարող են դուրս գալ վերահսկողությունից: Անհրաժեշտ է համակերպվել այն բանի հետ, որ Կովկասում հեշտ ու պարզ լուծումներ չկան: Հարավային Կովկասը եղել և մնում է այն տարածաշրջանը, որի համար արդարացի է ստրատեգիստների` յուրաքանչյուր բարդ խնդիր ունի հեշտ, պարզ և ոչ ճիշտ լուծում թեզը: Այսօր քաղաքական գործիչների, տարածաշրջանի փորձագիտական հանրության առջև ծառացած խնդիրը պետք է ելնի «մի վնասիր» կանխադրույթից` ջանալով, առաջին հերթին, բացառել կարճ, հասարակ լուծումները, որոնցով տարածաշրջանը դրվում է քաոսի և աղետալի սցենարների եզրաշերտում:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՆ[22.07.2013]
- ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԵՂԻ ՄԱՍԻՆ[19.06.2012]
- ԿՈՎԿԱՍԸ ԳԼՈԲԱԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[29.05.2012]
- Զ.ԲԺԵԶԻՆՍԿԻ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ[11.01.2012]
- ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ [12.02.2009]
- Պատերազմի ոչգծային բնույթը[29.06.2005]