• am
  • ru
  • en
Версия для печати
29.06.2005

Պատերազմի ոչգծային բնույթը

Руский

   

Հրաչյա Արզումանյան

Մինչև վերջերս արևմտյան աշխարհում գերիշխող պարադիգմ էր համարվում աշխարհի նյուտոնյան կամ գծային ընկալումը։ Պատերազմը, ավելի քան հասարակական կյանքի որևէ այլ ոլորտ, հայտնվել էր գծային պարադիգմի ազդեցության տակ։ Գծայնության սահմանափակումների ընկալումը գիտության այլ ճյուղերում և սոցիալական ոլորտում ծավալվող պարադիգմալ տեղաշարժի համատեքստում հանգեցրեց պատերազմի նոր տեսության մշակման և ոչգծայնության (նշմարվող զարգացումների առավել հավանական հաղթողի) այլաբանության հիմնական հասկացությունների լուրջ դիտարկման անհրաժեշտությանը։ Պատերազմի նկատմամբ ոչգծային մոտեցման զարգացումն Արևմուտքում սերտորեն կապված է Կլաուզևիցի անվան հետ, որը ռազմական ոլորտում ոչգծայնության խորհրդանիշն է համարվում։ Պատերազմը պետք է դասվի բարդ հարմարվող (ադապտիվ) համակարգերի շարքին, որոնց բնութագրիչներն են անկանխատեսելիությունը, ոչգծային զարգացումները և ինչպես համակարգի ներսում, այնպես էլ շրջակա միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին հարմարվելու ունակությունը։

Վերջին տասնամյակներին ռազմական միտքը լուրջ փոփոխությունների է ենթարկվում, և պատերազմի ոչգծայնության ըմբռնումը կարևոր և անհրաժեշտ քայլ է, որի արդյունքում պետք է վերագնահատվեն նոր պայմաններում պատերազմ վարելու սկզբունքները, ռազմավարությունն ու մարտավարությունը։

1. Պարադիգմալ տեղաշարժը և ոչգծայնության այլաբանությունը

Սառը պատերազմի ավարտը, աշխարհի երկբևեռ քաղաքական համակարգի փլուզումը և գլոբալացման գործընթացների բուռն զարգացումը անակնկալ էին արևմտյան աշխարհի փիլիսոփայական և քաղաքական մտքի համար։ Մեր աչքերի առջև ծավալվող նոր դարաշրջանը պահանջում է վերանայել արևմտյան հասարակության հիմքը կազմող հիմնարար գաղափարներն ու դրույթները, հասարակություն, որն իր պատմության մեջ հերթական անգամ կանգնեց նոր պարադիգմ ստեղծելու անհրաժեշտության առջև։

«Պարադիգմ» հասկացությունը խոր արմատներ ունի և արդեն վաղուց հանդիսանում է արևմտյան փիլիսոփայական դպրոցների ուսումնասիրման առարկան։ Դեռևս Պլատոնի համար մարդու կողմից ճանաչվող աշխարհը պարադիգմի ապրոքսիմացիա էր՝ հստակ, միանշանակ նմուշ, օրինակ, որի վերաբերյալ այլ դատողություններ լինել չէին կարող [1, p. 295]։ Այս հասկացության ժամանակակից աշխարհին վերաբերող զարգացմանն անդրադառնում է Թոմաս Կունն (Tomas Kuhn) իր աշխատություններում։ Ըստ Կունի՝ հասարակության զարգացումը, գիտական առաջընթացը օբյեկտիվ իրողություն են, որի իմացությունն ու ընկալումը հենվում են «գերիշխող պարադիգմի» վրա [2]։ Պարադիգմը հիմնարար ենթադրությունների խումբ է, որոնք գիտական շրջանակների համար ձևավորում են աշխարհի պատկերը՝ մոտեցումների ընդհանուր համակարգը, կանոններ սահմանող հիմնակմախքը, որոնց օգնությամբ դիտարկվում է հետազոտության օբյեկտը [3, p. 6]։

Պարադիգմը ապահովում է այն հիմքը, որի վրա կառուցվում են մնացած բոլոր տեսություններն ու եզրակացությունները։ Այն ավելի լայն հասկացություն է, քան հայեցակարգը, այն չի կարելի դասել որոշակի տեսության, մոդելի և այլնի շարքում։ Ինչպես ընդգծում է Կունը, պարադիգմը պատասխաններ չի տալիս և գիտելիք էլ չէ՝ որպես այդպիսին։ Այն տալիս է պատասխանի խոստում, մատնանշում է ուղին, որը միջոցով կարելի է հայտնաբերել գիտելիքը՝ ապահովելով «այն հիմնախնդիրների ընտրության չափանիշները, որոնք, ենթադրվում է, լուծումներ ունեն (չնայած պարադիգմը դրանք ապացուցված է համարում)» [2, p. 37]։ Այսինքն՝ պարադիգմը ձևակերպում է ինչպես հիմնախնդիրների (որոնց մենք բախվում ենք) մեկնաբանությունը, այնպես էլ դրանց լուծումները։

Այսպիսով, պարադիգմի բնույթն իսկ, նկարագրվող իրողության ամբողջական, ոչ հակասական պատկերը տալու ցանկությունը հնարավոր և նույնիսկ անհրաժեշտ են դարձնում այլաբանությունների լեզվի կիրառումը՝ դրա դրույթները ձևակերպելիս։ Այլաբանությունը սովորաբար պարադոքսալ հաստատում է։ Եթե փորձենք բառացի մեկնաբանել այլաբանությունը, ապա ըստ վերացական նպատակահարմարության (աբստրակտ ռացիոնալություն) օրենքների (այսինքն՝ համաձայն մաթեմատիկական տրամաբանության, իսկության աղյուսակների)՝ այն սուտ է, բայց ըստ պատկերավոր ռացիոնալության (այսինքն՝ արվեստի) կանոնների՝ հանդիսանում է ճշմարտություն [4, p. 74]։ Այլաբանություններն արտացոլվում են մեր խոսքային նմուշների միջոցով և վրդովեցնում են այնքան ժամանակ, քանի դեռ նոր են, սակայն ժամանակի ընթացքում դառնում են սովորական, առօրեական և աննկատելի, ինչպես, օրինակ, «շենքի թևերը», «սեփական հնարավորությունների կշռադատումը» և այլն։ Այլաբանության կարևորությունը, այն գործածելու կարողությունը կարևորում էին դեռևս հնում։ Արիստոտելը գրում էր. «Մեծ բան է այլաբանության վարպետ լինելը։ Դա այն երևույթներից մեկն է, որն անհնար է սովորել, և միևնույն ժամանակ հանդիսանում է հանճարեղության նշան»։ Նա պնդում էր, որ այլաբանությունն իշխանության այնպիսի ինդիկատոր է, որ ստրուկների կողմից օգտագործվելու համար հարմար չէ» [5]։

Վերջին մի քանի դարերի ընթացքում սոցիալական, քաղաքական, ռազմական ոլորտներում կիրառվող այլաբանությունների և պարադիգմերի աղբյուր դարձավ գիտությունը, որի դերը, այդուհանդերձ, չէր սահմանափակվում գիտական ճանաչողությամբ։ Օրինակ, նյուտոնյան գիտությունը տալիս է համապարփակ պարադիգմ, որը բնութագրում է ողջ ժամանակակից արևմտյան մշակույթը [6, p. 99]։ Նշանակում է՝ մենք պետք է խիստ զգույշ լինենք նոր այլաբանությունները և պարադիգմերը դիտարկելիս, քանի որ դրանք գտնվում են մեր մտածողության հիմքում, որոշում և ձևավորում են պատերազմի ու աշխարհի մասին մեր ընկալումները։

Կարևոր է ըմբռնել, որ մեր այլաբանությունները, ինչպես նաև մեր նպատակները՝ «մրցության և ջանքերի դաշտը», իրադարձությունները նույնպես ինքնըստինքյան մշտապես փոխվում են՝ որպես մեր ձևակերպված գաղափարների, մեր աշխարհի հետազոտման ու իրադարձությունները վերահսկելու և նպատակներին հասնելու փորձերի արդյունք։ Մենք պետք է պատրաստ լինենք չներդնել մեր գաղափարներն ու «աշխարհի մասին պատկերացումները» աշխարհի հիմքում, քանի որ այն հաճախ աղետալիորեն փխրուն է և դյուրաբեկ կամ շարժուն է և հեղհեղուկ՝ ինչպես լավան [7, p. 48]։

Մյուս կողմից, անհրաժեշտ է հասկանալ, որ անթույլատրելի է նաև հասարակության զարգացման գործընթացների և նոր պարադիգմերի առաջացման արհեստական արգելակումը. «Նա, ով չի կիրառում նոր միջոցներ, պետք է սպասի նոր աղետների. ժամանակը ամենամեծ նորարարն է» [8]։ Այս տեսակետից այլաբանության դերն ու նշանակությունը նաև այն է, որ այն թույլ է տալիս մեզ ավելի իրատեսորեն հասկանալ գործընթացները և շրջանցել պարզության ու վերլուծական որոշակիության որոնման փորձերն այնտեղ, որտեղ դրանք անհասանելի են։

Այսպիսով, Արևմուտքի փիլիսոփայական և պատմական միտքը բավական վաղ է հասկացել արևմտյան հասարակությունում պարբերաբար կատարվող արմատական փոփոխությունների փաստի ըմբռնման անհրաժեշտությունը։ Փիթըր Դրուկերը (Peter Drucker) նշում է. «Յուրաքանչյուր մի քանի հարյուր տարին մեկ արևմտյան պատմությունը կտրուկ փոխակերպությունների է ենթարկվում, (որոնցում) հասարակությունը վերափոխում է իրեն. աշխարհի իր ընկալումը, իր բազիսային արժեքները, իր սոցիալական և քաղաքական կառույցները, արվեստը, հիմնական ինստիտուտները։ Հիսուն տարի առաջ դա նոր աշխարհ էր։ Եվ այն ժամանակ ծնված մարդիկ չէին էլ կարող պատկերացնել այն աշխարհը, որտեղ ապրել են նրանց նախապապերը և որտեղ ծնվել են նրանց սեփական ծնողները [9]։

Թոմաս Կունն առաջարկում է այդ փոփոխությունները նկարագրել գերիշխող պարադիգմերի կայացման և զարգացման եզրերով (տերմիններով)։ Սկզբնական փուլում գոյություն ունեցող պարադիգմը բավարար չափով է նկարագրում երևույթներն ու գործընթացները և զարգացման կամ կատարելագործման կարիք չունի։ Նրա ուժը և հզորությունը բավական են՝ ցույց տալու համար այն ուղիները, որոնցով բացատրություն են ստանում սոցիալական կյանքի, գիտության և այլ ոլորտների դիտարկվող երևույթները։ Այնքան ժամանակ, քանի դեռ սա նրան հաջողվում է, պարադիգմը մնում է անսասան [2]։

Զարգացման, նոր փաստերի, երևույթների առաջացման արդյունքում գերիշխող պարադիգմը սկսում է գերլցվել անոմալիաներով, որոնք ի վիճակի չէ ձուլել (ասիմիլացնել)։ Ուստի, նոր տեսությունների զարգացման անհրաժեշտություն է առաջանում, որոնց շրջանակներում կարելի կլինի բացատրել դիտարկվող երևույթները։ Առաջ է գալիս մի երևույթ, որը Թոմաս Կունն անվանել է «պարադիգմալ տեղաշարժ» [1, p. 296]։ Այս երկու ծայրահեղ վիճակների միջև դիտարկվող երևույթներն իրենց բացատրությունն ստանում են գոյություն ունեցող պարադիգմի շրջանակներում, սակայն դրա համար պահանջվում են նոր տեսությունների զարգացում և արտիկուլյացիա, որոնք թույլ կտան հասկանալ և մեկնաբանել դիտարկվող երևույթները [2, p. 97]։

Որպես վերահաս պարադիգմալ տեղաշարժի հայտանիշ է ծառայում նոր «հեղափոխական գիտությունների» առաջացումը [1, p. 296]։ Հին պարադիգմը «մաշվում» է նոր մտածողության կողմից, գալիս է անցման շրջանը, որի բնորոշ գիծն է դառնում անկայունությունը։ Ի վերջո, նոր պարադիգմը գրավում է իր տեղը՝ ապահովելով աշխարհի նոր ընկալումը (Weltanschaung) և նոր հնարավորություններ ու հորիզոններ հետազոտելու կարողությունը [3]։ Սակայն, ինչպես նշում է Կունը, հին պարադիգմն առանց պայքարի չի զիջում իր դիրքերը, և «... պարադիգմը «անկարող» է հայտարարվում միայն այն ժամանակ, երբ այլընտրանքային հավակնորդն ի վիճակի է դառնում գրավել նրա տեղը» [2, p. 77, 145]։ Սա բավական ցավագին գործընթաց է, հատկապես երբ սոցիալական կառուցվածքը, իշխանության աղբյուրները, ուսուցման և պրոֆեսիոնալ գործունեության ինստիտուտները հիմնված են հին պարադիգմի դրույթների վրա» [1, p. 296]։

Որպես գերիշխող պարադիգմի վերը նշված փոփոխության գործընթացը լուսաբանող օրինակ կարելի է բերել միջնադարյան Եվրոպան, որը ձևավորվում էր աստվածաբանությունը բնական երևույթների և սոցիալական կեցության զանազան ասպեկտների հետ միավորող, հանգամանորեն մշակված հայացքների համակարգով։ Նրա հիմքում ընկած էր պտղոմեոսյան եվրակենտրոն համակարգը՝ ճշգրիտ, մեկնաբանվող և ... ոչ ճիշտ։ Սակայն հարյուրամյակներ շարունակ հենց դա է որոշել եվրոպացու աշխարհը և դրանում նրա տեղը [1, p. 296]։ 16-րդ դ. սկզբին ավելի մեծ թվով աստղագետներ էին ընդունում, որ պտղոմեոսյան համակարգը բավարար չէ։ Խորացող ճգնաժամը հիմք հանդիսացավ, որպեսզի Կոպեռնիկոսը հրաժարվի պտղոմեոսյան պարադիգմից և մշակի նորը [10]։ Գալիլեո Գալիլեյը, իր հանճարի և տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ, հօգուտ արևակենտրոն աշխարհի փաստարկներ գտավ՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով կաթոլիկության հազարամյա դոգմային և անդառնալիորեն փոխելով մարդու, գիտության, կրոնի և բնության միջև հարաբերությունները [11]։

Պարադիգմալ տեղաշարժն ընդգրկեց արևմտյան հասարակության կյանքի բոլոր կողմերը, այդ թվում և, օրինակ, միջազգային հարաբերությունները։ 17-րդ դ. վերջին, երեսնամյա պատերազմի ավարտից հետո, հիերարխիկ, ունիվերսալիստական, միջնադարյան պարադիգմի՝ հարյուրամյակների ընթացքում խորացող ճգնաժամը միջազգային հարաբերություններում հանգեցրեց դինաստիական պետությունների առաջացմանը, որոնք ի ցույց էին դնում ազգային ինքնիշխանության մնացուկները [12]։ Երեսնամյա պատերազմի ապակառուցողական քաոսը հանդես եկավ որպես պարադիգմալ տեղաշարժի կատալիզատոր, ինչպիսին էր 1648թ. Վեստֆալյան խաղաղությունը, որի արդյունքում աշխարհն անցավ միապետական, էտակենտրոն մոդելի՝ գերիշխող մոտեցում մնալով միջազգային հարաբերությունների համակարգում [13]։

Պատերազմի իմաստավորման գործընթացը ենթարկվում է գերիշխող պարադիգմերի և պարադիգմալ տեղաշարժի կայացման նույն օրենքներին։ Իբրև պատերազմի ոլորտում պարադիգմալ տեղաշարժի հանգեցնող անկանոնություններ և անորոշություններ, որպես կանոն, հանդես են գալիս ռազմական պարտությունները՝ փոփոխությունների կատալիզատորները։ Ավելի շատ հենց պարտվող կողմն է ձգտում հասկանալ պարտության պատճառները, յուրացնել նոր տեխնոլոգիաները, ռազմավարությունը, մարտավարությունը՝ նոր իրողություններին հարմարվելու նպատակով [14, p. 305]։

Մինչև վերջերս որպես արևմտյան աշխարհի գերիշխող պարադիգմ հանդես էր գալիս նյուտոնյան կամ գծային պարադիգմը։ Դրա հիմքում աշխարհի մեխանիստական ընկալումն է, մոտեցում, որ խորապես արմատավորված է արևմուտքցու գիտակցության և մտածողության մեջ [15]։ Որպես գծային պարադիգմի այլաբանություն կարող է ծառայել մեխանիկական ժամացույցը՝ խելամտորեն կարգի գցված մի մեխանիզմ, որն աշխատում է համաչափ ու ճշգրիտ, տկտկում է կանխատեսելի, չափելի և հուսալի [6, p. 100]։ Ալեն Բեյերչենը (Alan Beyerchen) գրում է. «Գծայնության կոննոտացիան (հասկացության լրացուցիչ, ուղեկցող իմաստ) դեռևս մեծ դեր է խաղում մեր մտածողության, հատկապես մեխանիկայի մեջ, որի հաջողությունն աներկբայորեն փորձում են պատճենել բազմաթիվ սոցիալական, գիտական ճյուղեր։ Գծայնությունն առաջարկում է կառուցվածքային կայունություն և շեշտը դնում է հավասարակշռության վրա։ Այն լեգիտիմացնում է հայտնի զարգացման արտարկումները (էքստրապոլյացիա), մասշտաբայնացումը և մասերի բաժանումը։ Այն խոստանում է կանխատեսելիություն և, հետևաբար, վերահսկողություն. իրոք, շատ հզոր ձգողականություն... Բյուրոկրատիան սոցիալական ոլորտներում հանդես է գալիս որպես էական գծայնացնող տեխնոլոգիա» [4, p. 73-74]։

Պատերազմի, ավելի քան հասարակական կյանքի որևէ այլ ոլորտի նկատմամբ արևմտյան մոտեցումը գտնվել է գծային պարադիգմի ազդեցության տակ։ Նյուտոնյան պատերազմը դետերմինիստական առումով կանխատեսելի է. եթե տիրապետում եք նախնական պայմանների մասին տեղեկությանը և որոշել եք մարտի ունիվերսալ «օրենքները», ապա ի վիճակի եք գուշակել ամբողջ ծավալով իրադարձությունների զարգացումը և կանխատեսել մարտական գործողությունների արդյունքները։ Այսինքն՝ պատերազմի նյուտոնյան տեսությունը ենթադրում է պատճառի և հետևանքների, ներգործության և արդյունքների միջև ուղղակի և համամասնական կապերի հաստատման հնարավորություն։ Փոքր ներգործությունները փոքր արդյունք են տալիս, զգալի արդյունքներ ստանալը պահանջում է զանգվածային ներգործություններ [6, p. 100]։ Պատերազմը դառնում է ռեդուկցիոնիստական և ընկալվում է դիսկրետ մասերի և դրվագների (բավականաչափ փոքր, որպեսզի հնարավոր լինի հասկանալ ու վերահսկողություն սահմանել) բաժանման միջոցով։ Ընդ որում, ենթադրվում է, որ մասերի ընկալումն ու վերահսկողությունը թույլ են տալիս հասնել ամբողջի ընկալմանն ու կառավարմանը [16, p. 114]։

Պատերազմի մեխանիստական տեսությունը միտում ունի ռազմական գործողությունը դիտարկել որպես դրսից որևէ ազդեցություն բացառող փակ համակարգ, ինչը հանգեցնում է անընդունելի հետևանքների, այն է՝ ներքուստ արդյունավետ գործառող ռազմական մեքենայի։ Եթե ճիշտ կազմակերպվի և գործի դրվի ռազմական մեքենան, ապա, աշխատելով ամենաբարձր արդյունավետությամբ, այն հաղթանակ կերաշխավորի։ Ընդ որում, կարելի է հաշվի չառնել արտաքին գործոնները, և հակառակորդը՝ ամենից քիչ կառավարվող մեծությունը, ամբողջովին դուրս է մնում հավասարումներից։ Պատերազմի նյուտոնյան տեսությունը հանգեցնում է օպտիմալացման հիմնախնդրի վրա կենտրոնանալուն, առաջացող խնդիրների օպտիմալ լուծումներ գտնելուն։ Պատերազմը դիտվում է որպես միակողմանի խնդիր, որը կարող է լուծվել ինժեներական կամ մաթեմատիկական խնդրի նման [6, p. 101]։

Արդյունքում՝ գծայնությունը դառնում է ցանկալի հատկություն, քանի որ գծային համակարգերը կառավարելի են և անկանխատեսելի չեն։ Եթե հայտնի է գծային համակարգի մի փոքր մասը, կարելի է հաշվարկել նաև մնացած հատվածը։ Ողջ անհրաժեշտ տեղեկությունը, որ նկարագրում է որևէ իրավիճակ, տեսականորեն հասանելի է, և հնարավոր է ծրագրել հաղթանակի հասնելու գործողությունները [6, p. 100-101]։ Ընդ որում, գծային մոտեցման մեջ նկատվող բոլոր թերությունները, ներառյալ ի հայտ եկող անկանխատեսելիությունը, կապում են համակարգի կառուցվածքի թերությունների, ծրագրի թերմշակվածության, անբավարար տեղեկության հետ, ինչը, մասնավորապես, հանգեցնում է դրսից ազդեցության և անկանխատեսելիության նկատմամբ զգայուն դառնալուն։ Պատերազմի այս տեսության դրսևորումն է, այսպես կոչված, տեխնոլոգիական մոտեցումը, որը շեշտը դնում է հակառակորդի և գործողությունների դաշտի մասին առավել ճշգրիտ տեղեկությունների հավաքման, զինված ուժերի արմատական վերակառուցման և նոր տեխնոլոգիաների առավելությունների կիրառման վրա [17, p. 13-15, 22-24]։ Այս տեսությունը հանգեցնում է նրան, որ ժամանակակից օպերատիվ նախագծումը զբաղված է գծային մոտեցման բարելավմամբ [18]։

Նյուտոնյան պարադիգմն այնքան պարզ էր, հստակ, տրամաբանական, այնքան անհերքելի, որ արևմտյան աշխարհը չկարողացավ զսպել գծայնություն և կանոնավորություն տեսնելու և պարտադրելու գայթակղությունն այնտեղ, ուր դրանք չկային։ Ծագող խնդիրները լուծելու նպատակով գիտությունն ընթանում էր իրականությունը պարզեցնելու և իդեալականացված աշխարհ կառուցելու ուղիով։ Այն միավորում էր մասնատվածը, գծայնացնում էր ոչգծայնությունը և պարզապես անտեսում էր այն բոլոր անհամար անհամատեղելիությունները, որոնք աշխարհը և պատերազմը դարձնում են այդքան բարդ խնդիր [6, p.103]։ Աշխարհի և պատերազմի մասին ստացվող տեսությունը հզոր էր, տեխնոլոգիական և... նեղ։ Ինչպես նշում է Յան Ստյուարտը (Ian Stewart), այսպիսի արդյունքի համար հարկ է լինում վճարել համապատասխան գին, որ ամփոփվում է դիտարկվող գործընթացների մեր սահմանափակ ընկալմամբ, քանի որ մեր երևակայությունը և մտածողությունը հիմնավորապես գծային էին։ Մենք ի վիճակի ենք ստանալ վերլուծական հավասարումներ, որոնք ապահովում են կանխատեսումը, բայց միայն այն պարտադիր պահանջով, որ համակարգին չի թույլատրվում շատ արագ փոխվել ժամանակի մեջ։ Մենք արհեստականորեն պահանջում ենք, որ մեր համակարգերը լինեն մաքսվելյան իմաստով կայուն, իսկ հետո զարմանում ենք անկայունության այն դիտարկումներից, որոնց բախվում ենք իրական աշխարհում [19]։

Այսպիսով, ինչպես և սոցիալական կյանքի այլ ոլորտներում, նյուտոնյան տեսությունն իր հնարավորություններով սահմանափակ է պատերազմ նկարագրելու համար, և զինված հակամարտությունը բազմաթիվ կողմեր ունի, որոնք չեն կարող համարժեք բացատրություն ստանալ այս պարադիգմի շրջանակներում [16, p. 112]։ Ինչպես վերը նշվեց, գծային պարադիգմը ստեղծում է պարզության պատրանք. դա հարմարավետ ձև է, քանի որ առաջարկում է վերլուծության, ծրագրման և գործողությունների կատարման միջոցով մեթոդական կառավարման պարզ եղանակ և ապագայի կանխատեսման հնարավորության պատրանք է ստեղծում, եթե ի վիճակի եք ապահովել ընթացիկ իրավիճակի մասին բավական ամբողջական տեղեկությունների հավաքումն ու մշակումը։

Սակայն իրական պատերազմը որակապես ավելի բարդ երևույթ է, որը չի տեղավորվում պարզեցված ձևի պրոկրուստյան մահճում։ Գիտության այլ ճյուղերում և սոցիալական ոլորտում ծավալվող պարադիգմալ տեղաշարժի համատեքստում գծայնության վերը նշված սահմանափակումների ըմբռնումը հանգեցրեց նոր պարադիգմի ստեղծման անհրաժեշտության գաղափարին, որը կապահովեր պատերազմի՝ ժամանակակից պատկերացումներին համարժեք ընկալումը [6, p. 102-103]։ Այս տեսակետից առավել մեծ ներուժ ունի ոչգծայնության պարադիգմը։

Ինչպես նշում է Բեյերչենը, «ոչգծայնության կոննոտացիան սպառնալիքի և հնարավորության խառնուրդ է։ Ոչգծայնությունը կարող է առաջ բերել անկայունություն, խզում, սիներգիզմ և անկանխատեսելիություն։ Բայց այն նաև արժանին է հատուցում ճկունությանը, հարմարվողականությանը, դինամիկ փոփոխություններին, նորարարությանն ու օպերատիվությանը։ Ահա թե ինչու լուրջ այլաբանական ներուժ կա նոր գիտություններից բխող կերպարներում և գաղափարներում» [4, p. 74]։

Իսկապես, պատերազմի՝ որպես երկու կամ նույնիսկ բազմաթիվ կոէվոլյուցիոն հակառակորդներով բարդ, ադապտիվ, ոչծային երևույթի, նկատմամբ մոտեցումը արդյունավետ եղավ։ Ավելին, մի շարք դեպքերում միայն տվյալ պարադիգմի պրիզմայի միջոցով տեսաբանները և ստրատեգները կարողացան հասկանալ և նկարագրել ժամանակակից պատերազմի բնույթը։ Այս պարագայում ի՞նչ է պատերազմը, եթե ոչ նյուտոնյան դասական համակարգ։

Պատերազմը հավասարակշռությունից հիմնավորապես հեռու, բաց, տեղաբաշխված, ոչգծային դինամիկ համակարգ է, խիստ զգայուն սկզբնական պայմանների նկատմամբ և բնութագրվում է էնտրոպիայի արտադրությամբ/դիսսիպացիայով ու բարդ, անընդհատ հակադարձ կապերով։ Պատերազմի՝ որպես հավասարակշռված կառույցի մասին մտածելու փոխարեն անհրաժեշտ է մտածել, թե այն մատերիայի, էներգիայի և ինֆորմացիայի անընդմեջ հոսքի կանգուն ալիքի մոդել է։ Պատերազմն ավելի շուտ դինամիկ գործընթաց է և ոչ թե առարկա [6, p.103]։

Հայտնի է, որ ոչգծային պարադիգմը աշխարհի նկատմամբ խոլաստիկ հայացքի կողմնակից է, երբ ուսումնասիրվող և քննվող երևույթները դիտարկվում են իրենց փոխկապվածության և փոխազդեցության մեջ։ Այս մոտեցումը տեղ է գտնում նաև ռազմական ոլորտում, որտեղ նույնպես գոյություն ունեն այնպիսի տարրերի և ենթահամակարգերի փոխգործողություն և փոխազդեցություն, ինչպիսիք են հետախուզությունը, զորքերի հրամանատարությունը և կառավարումը, զինուժի և զորատեսակների փոխգործողությունը և այլն։ Իմանալ և հասկանալ, թե տվյալ դեպքում որ տարրերն են կարևոր, կարողանալ օգտագործել հակառակորդի թույլ կողմերն ու սխալները. սրանք են մարտում հաջողության հասնելու անհրաժեշտ գործոնները։ Կարևոր ոլորտներից մեկում թույլ տրված սխալներն ու բացթողումները կարող են հանգեցնել ամբողջ ռազմական գործողության տապալմանը [20, p. 32]։

Աղյուսակ 1.Գծային և ոչգծային պարադիգմերի այլաբանությունների համեմատական աղյուսակ

ԳԾԱՅԻՆ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՉԳԾԱՅԻՆ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերլուծական Սինթետիկ
Բազիսային տարրերը «քվանտներ» են Բազիսային տարրերը «մոդելներ» են
Վարքագիծը պայմանական է և ճանաչելի Վարքագիծը հանկարծակի է և հաճախ անսպասելի
Գոյություն ունեցող Կայացող
Ժամացույցի մեխանիզմի ճշգրտություն Անսահմանափակ (բաց) ծավալում
Փակ համակարգ Բաց համակարգ
Բարդությունը բարդություն է ծնում Բարդությունը ծնում է պարզություն
Դետերմինիստական Դետերմինիստական քաոսային
Հավասարակշռություն Իրավիճակ, որ հեռու է հավասարակշռությունից/անընդմեջ թարմություն
Անհատական Կոլեկտիվ
Գծային Ոչգծային
Գծային պատճառայնություն Հակադարձ կապ/ցիկլիկ պատճառայնություն
Մեխանիստական դինամիկա Էվոլյուցիոն դինամիկա
Ռազմական «գործողություն» Ռազմական «էվոլյուցիա»
Մարտը՝ իբրև նյուտոնյան «բիլյարդի գնդերի» բախում Մարտը՝ իբրև կենդանի «ֆլյուիդների» ինքնակազմակերպվող էկոլոգիա
Կարգուկանոն Անկապտելի, բնածին անկարգություն
Կանխատեսելի Անկանխատեսելի
Քանակական Որակական
Ռեդուկցիոնիստական Խոլիստիկ
Որոշում Գործընթաց և ադապտացիա
Կայունություն «Քաոսի եզրաշերտ»
Վերևից ներքև Ներքևից վերև և վերևից ներքև

Նախքան ոչգծային պարադիգմի հիմնական դրույթները քննարկելը տեղին է ռազմական ոլորտին վերաբերող գծային և ոչգծային պարադիգմերի հիմնական դրույթների համեմատական վերլուծություն անցկացնել։ Այդ վերլուծությունը հրաշալի է կատարել Էնդրյու Իլիչինսկին (Andrew Ilichinski) ցամաքային մարտի ոչգծային ասպեկտների վերլուծությանը նվիրված իր աշխատությունում, որտեղ բերվում է գծային և ոչգծային պարադիգմերում օգտագործվող այլաբանությունների համեմատական աղյուսակը (տե՛ս Աղյուսակ 1) [21, p. 53]։

Իլիչինսկին բերում է նաև գծային և ոչգծային պարադիգմերի ձևավորման հիմքում ընկած որոշ սկզբունքների համեմատությունը (տե՛ս Աղյուսակ 2) [21, p. 54]։

Աղյուսակ 2.Գծային և ոչգծային պարադիգմերի այլաբանությունների համեմատական աղյուսակ

ՀԱՄԱՏԵՔՍՏ ԳԾԱՅԻՆ ՈՉԳԾԱՅԻՆ
Բարդ վարքագիծ Բարդ վարքագիծը պահանջում է բարդ մոդելներ Պարզ մոդելները հաճախ բավարար են լինում բարդ համակարգերի նկարագրման համար
Վարքագծի մոդելներ Յուրաքանչյուր որակապես տարբեր վարքագծի մոդել պահանջում է տարբեր հավասարում Որակապես տարբեր մոդելները կարող են նկարագրվել հենց նույն հիմնական հավասարումներով
Վարքագծի նկարագրություն Յուրաքանչյուր որակապես տարբեր տեսակ պահանջում է նոր հավասարում կամ բազմաթիվ հավասարումներ Մի հավասարումը վարքագծի որակապես տարբեր մոդելների բազմության հանգրվան (harbors) է հանդիսանում
Փոքր ընդվզումների էֆեկտներ Փոքր ընդվզումը հանգեցնում է փոքր փոփոխությունների Փոքր ընդվզումները կարող են հանգեցնել մեծ հետևանքների
Ինչպես հասկանալ համակարգը Համակարգը կարող է հասկանալի լինել իր պարզ բաղադրիչների և դրանց վերլուծության միջոցով Համակարգը կարող է հասկանալի լինել իր բաղադրիչների միջև փոխգործողության միջոցով. նայիր ամբողջ համակարգը
Անկարգության աղբյուրը Անկարգությունը հիմնականում համակարգից դուրս անկանխատեսելի ուժերի արդյունք է Անկարգությունը կարող է առաջանալ համակարգի ներսում ինքնակազմակերպման միջոցով
Դիտարկվող կարգուկանոնի բնույթը Հաստատված կարգուկանոնը համապարփակ է և ունի ինչպես տեղային, այնպես էլ գլոբալ դրսևորում Համակարգը կարող է դրսևորվել տեղային անկարգությամբ, բայց ունենալ գլոբալ կարգուկանոն
«Նպատակը» Նպատակը «հավասարումների» մշակումն է, որոնք կնկարագրեն վարքագիծը և կորոշվեն ժամանակի մեջ մեկ փոփոխականի մեկուսացված էֆեկտով Նպատակն է ըմբռնել, թե ինչպես համակարգը՝ որպես միասնական ամբողջություն, կարձագանքի տարբեր համատեքստերին, առանց որևէ մի փոփոխականի գերակայության
«Որոշումների» տեսակը Նպատակը «օպտիմալ» որոշման որոնումն է Գոյություն չունի օպտիմալ որոշում, թե ինչպես համակարգն ընդհանուր առմամբ կարձագանքի տարբեր համատեքստերին, առանց որևէ փոփոխականի գերակայության
Կանխատեսելիությունը Ենթադրելով, որ «կոռեկտ» մոդելը կարող է կառուցվել, իսկ նախնական պայմանները ճշգրտորեն որոշված են, ամեն ինչ կարելի է կանխատեսել և վերահսկել Երկարաժամկետ կանխատեսումը կարող է անհասանելի լինել նույնիսկ սկզբունքորեն. վարքագիծը կարող է կանխատեսելի լինել միայն կարճատև ժամանակի համար
Պատճառային հոսքի բնույթը Պատճառայնությունն ընթանում է ներքևից վերև Պատճառայնությունն ընթանում է ինչպես ներքևից վերև, այնպես էլ վերևից ներքև

Պատերազմի ոչգծային ասպեկտները ենթադրում են տարատեսակ հետևանքներ և անսպասելի մարտական գործողություններ, որոնք պարտադիր չէ, որ տեսանելի և կանխատեսելի լինեն նախապատերազմյան շրջանում։ Հաջողության բանալին նմանատիպ պոտենցիալ հնարավորությունները կռահելու և ճիշտ գործադրելու կարողության մեջ է՝ նախքան դրանք ընդդիմադրի ձեռքին գործիք կդառնան [20, p. 31]։ Եթե նախապատերազմյան Եվրոպայի երկրները կռահեին, որ երկաթուղու միջոցով զորքերի մոբիլիզացիան հսկայական ճգնաժամային անկայունություն կառաջացնի, հնարավոր է, որ նրանք կարողանային շրջանցել և կասեցնել ծավալվող գործընթացները (Առաջին համաշխարհային պատերազմ) [22, 23]։ Սակայն այս տեսությունը ենթադրում է քաոսի այլաբանության հետ ծանոթություն և պատերազմի ու քաղաքական գործընթացների ոչգծային մոտեցման կարողություն, այսինքն՝ ոչգծայնության պարադիգմի առկայություն մի հասարակությունում, որի կողմնորոշումը, սակայն, ամբողջովին գծային պարադիգմի կողմն է [7, p. 57]։

Այսպիսով, ծավալվող գործընթացները հանգեցնում են ընդհանուր համաշխարհային համատեքստի փոփոխության, երբ համաշխարհային քաղաքական համակարգը դառնում է առավել քաոսային և փոթորկուն։ Մեր աչքերի առջև մարտական գործողությունների նոր ձև է առաջանում՝ միջազգային ահաբեկչությունը։ Ավելի մեծ թվով տեղային հակամարտություններ, փոքր ինտենսիվության, սառեցված հակամարտություններ, խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններ, մարտական գործողությունների այլ ձևեր են ի հայտ գալիս, որոնք զինվորականներն ավելի շուտ անվանում են «կայունության պահպանմանն ուղղված գործողություններ» (stability and support operations) և ոչ թե զինված հակամարտություն։ «Երրորդ ալիքի» գործընթացների ազդեցությունը, զինվորական անձնակազմի և ստորաբաժանումների աճող մարտական հնարավորությունները հակամարտային իրավիճակը մերձեցնում են քաոսի եզրին, որտեղ իշխում են բարդությունն ու ոչգծայնությունը։ Իբրև հետևանք՝ ժամանակակից զինվորական կազմակերպությունները շատ մեծ դժվարություններ են կրում՝ փորձելով համարժեք արձագանքել մարտական գործողությունների նոր ձևերին և սպառնալիքներին [24, p. 54-65], ինչը հրատապ է դարձնում ոչգծայնության պարադիգմի (մեր օրերում ռազմական ոլորտում ծավալվող պարադիգմալ տեղաշարժի առավել հավանական հաղթողի) հիմնական հասկացությունների ավելի ուշադիր դիտարկման հարցը։

2. Ոչգծայնության պարադիգմը ռազմական ոլորտում.պատերազմը որպես ոչգծային երևույթ

Գծային մտայնության իներցիան 21-րդ դարում շարունակում է շատ բաներով էական մնալ պատերազմի էությունը որոշելու համար, և լուրջ ջանքեր են պահանջվում, որպեսզի Կլաուզևիցի առաջարկած մոտեցումները վերջապես իրենց պատշաճ տեղը գրավեն ժամանակակից պատերազմի ընկալումներում։ Սկզբում նկարագրված լինելով որպես «Տիխե» («Tyche» - պատահականություն, այն, ինչ վիճակվել է, պատահականության անձնավորում (Թուկիդիդես) [27])՝ ոչգծայնությունն այսօր դառնում է պատերազմի նոր պարադիգմ, որի կիրառումը թույլ է տալիս հանել բազմաթիվ տեսական սահմանափակումներ, որոնց բախվում է ռազմագիտությունը նոր ռազմական ուսմունքներ մշակելիս [20, p. 25-26]։

Չնայած Կլաուզևիցի մասին ավելի հաճախ խոսում են իբրև ռազմական տեսաբանի, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ նա նաև ժամանակակից պետության տեսաբան է։ Կլաուզևիցը հասկանում էր, որ հեղափոխությունների և նապոլեոնյան պատերազմների դարաշրջաններում ազատագրված էներգիան մեծաթիվ մարդկանց զինվելու կոչ անելով հնազանդեցնելն այնքան էլ հեշտ չի լինի [28]։ Նա շատ լավ հասկանում էր, որ ռազմական ոլորտի փոխակերպումները, որոնց նա ականատես է եղել իր կյանքի ընթացքում, սոցիալ-քաղաքական բնույթ ունեն։ Իր «Պատերազմի մասին» մենագրության մեջ նա գրում է. «... պատնեշները, որոնք, ըստ էության, արմատավորվում են մարդկանց տգիտության մեջ հնարավորի վերաբերյալ, մի անգամ խորտակվելով, այնքան էլ հեշտ չեն վերականգնվում...» [29, p. 593]։ Իրականություն, որը չցանկացան ընդունել հին կերտվածքի եվրոպական պետությունները։

Վտանգը, որ ներկայացնում էր հեղափոխական Ֆրանսիան հին Եվրոպայի համար, կապված էր ոչ թե սպառազինությունների կամ ռազմական տեխնոլոգիաների առավելության, այլ քաղաքացիական գիտակցությունն արթնացած ժողովրդի ազատություն ստացած էներգիայի հետ [30, p. 18]։ Ճշմարտություն, որ ժամանակին բացահայտեցին Կլաուզևիցը և նրա ուսուցիչ Գերհարդ ֆոն Շարնհորստը (Gerhard Johann David von Scharnhorst, 1755-1813)՝ պրուսական պետության բարեփոխման պահանջները ձևակերպելիս [30, p. 21]։

Անսպասելիորեն պատերազմը կրկին դարձավ ժողովրդի՝ երեսուն միլիոնի (հեղափոխական Ֆրանսիայի պարագայում) գործը, որոնցից յուրաքանչյուրն իրեն քաղաքացի էր համարում։ Ուստի, կառավարություններից և բանակներից բացի, ինչպես նախկինում էր, հենց ժողովուրդը դարձավ պատերազմի մասնակիցը, հաշվեկշռում գործի դրվեց ժողովրդի ամբողջ կշիռը։ Այն պաշարներն ու ջանքերը, որոնք այժմ արդեն հնարավոր էր օգտագործել, գերազանցում էին բոլոր ընդունված սահմանները. ոչինչ չէր կարող խոչընդոտել այն էներգիային, որով կարող էր վարվել պատերազմը, և, որպես հետևանք, ֆրանսիացի ընդդիմադիրները հայտնվեցին լրջագույն վտանգի առջև [29, p. 592]։

Տեղի ունեցավ ժողովրդի՝ որպես սուբյեկտի, վերադարձ քաղաքականություն։ Այն ակտիվ ներգործություն ունի հասարակության սոցիալ-քաղաքական գործընթացների վրա, և 1793-1815թթ. ռազմական հեղափոխությունը սկզբունքորեն տարբերվում է այն գործընթացից, որ 20-րդ դարավերջի ռազմական տեսաբաններն անվանել են հեղափոխություն ռազմական գործում (Revolution in Military Affair)՝ փորձելով կատարվող փոփոխությունները հանգեցնել զուտ տեխնոլոգիական նորարարությունների [30, p. 19-20]։ Այնպես, ինչպես մի քանի դար առաջ, Արևմուտքի ռազմական և քաղաքական որոշակի շրջանակներում չեն ըմբռնում, որ ռազմական ոլորտի գործընթացների ընկալումը ամեն դեպքում պահանջում է ամբողջ սոցիալ-քաղաքական համատեքստի հաշվառում, որի շրջանակներում ծավալվում է ռազմական գործողությունը։

2.2. Քաղաքականության և պատերազմի փոխկապվածությունը և փոխներգործությունը

Պատերազմի արևմտյան ըմբռնման անկյունաքարը հանդիսացող և քաղաքականության ու պատերազմի միջև փոխկապվածությունը բնութագրող ամենահայտնի արտահայտությունը «Պատերազմի մասին» մենագրության հետևյալ մեջբերումն է. «Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով» [31]։ Ընդ որում, գերակայող է այն միտքը, որ պատերազմը քաղաքականության նկատմամբ ենթակա դեր ունի, և միայն քաղաքականությունն է որոշում նպատակները (որոնք հետապնդում է այս կամ այն պատերազմը), պատերազմի, գործադրվող ջանքերի ծավալները և այլն։ Դրանով իսկ հարաբերություններին հաղորդվում է զուտ հիերարխիկ բնույթ, երբ քաղաքականությանը, հիերարխիայի համաձայն, տրվում է կառավարող տարրի առաջատար դեր, որը որոշում և ուղղություն է տալիս մարտական գործողություններին և ռազմական գործողությանն ընդհանրապես [32, p. 5]։ Գծային մոտեցման այլ անախորժ հետևանքներից են քաղաքականության առանձնացումը և դրա դիտարկումը պատերազմից դուրս։ Բացի այդ, գծային պարադիգմը ենթադրում է որոշ կարգավորվածության և հետևողականության գոյություն ժամանակի մեջ, երբ սկզբում ի հայտ է գալիս քաղաքականությունը, որը ձևակերպում է պատերազմի նպատակները, այնուհետև անցկացվում է ռազմական գործողությունը, իսկ հետո կրկին հայտնվում է քաղաքականությունը՝ ամփոփելով անցկացված գործողության արդյունքները և ապահովելով պայմաններ հաջորդող խաղաղության համար։ Սակայն ժամանակի մեջ կարգավորվածությունն ունի բավական պայմանական հարաբերություն իրականության հետ [4, p. 71]։

Ոչգծային պարադիգմը թույլ է տալիս ավելի լայն պատկերացում ունենալ քաղաքականության և պատերազմի բարդ բնույթ ձեռք բերող և գծային դետերմինիզմը բացառող փոխհարաբերությունների մասին։ Ոչգծային մոտեցման համաձայն, քաղաքականությունը և պատերազմը բարդ, ոչգծային երևույթներ են, որոնց փոխհարաբերությունները պետք է բնութագրվեն որպես փոխազդեցություններ, որոնք իրականանում են ոչ միայն հիերարխիկ ձևով, այլ նաև բազմաթիվ հակադարձ կապերի միջոցով։ Ուստի, պատերազմը դառնում է մի երևույթ, որն անմիջականորեն ներգրավված է քաղաքական գործընթացում։

Պատերազմն իր էությամբ քաղաքականության ենթաբազմություն (подмножество) է, և յուրաքանչյուր ռազմական գործողություն քաղաքական հետևանքներ է ունենում, անկախ նրանից՝ ծրագրվում են դրանք հեռանկարի համար, թե անմիջապես են ակնհայտ դառնում։ Մարտի ժամանակ դժվար է հիշել, որ յուրաքանչյուր փլված շենք, յուրաքանչյուր գերի, սպանված զինվոր, քաղաքացիական բնակչության վրա ձեռնարկված յուրաքանչյուր գրոհ, օգտագործվող ճանապարհ, դաշնակցի սովորույթների յուրաքանչյուր ոչ միտումնավոր խախտում անմիջապես քաղաքական նշանակություն է ձեռք բերում [26, p. 59-90]։

Սա նշանակում է, որ այս կամ այն ռազմական գործողության դիտարկման դեպքում անհնար է դառնում վեր կանգնել տվյալ պատերազմի բնութագրի վրա ներգործող քաղաքականությունից և քաղաքական համատեքստից։ Քաղաքական համատեքստի փոփոխությունը կարող է հանգեցնել պատերազմի անցկացման ձևի փոփոխության և, օրինակ, բացահայտ զինված ընդհարումից անցմանը պատերազմից տարբերվող գործողությունների (Operations other than War) կամ հարկադրյալ խաղաղությանն ուղղված գործողություններից (Peace-enforcement Operations) խաղաղության կառուցման գործողությունների (Peace-building Operations) և խաղաղության պահպանման գործողությունների (Peace keeping Operations) անցմանը և այլն [20, p. 38]։ Հենց համատեքստն է որոշում քաղաքական խնդիրների և ռազմական ջանքերի փոխհարաբերությունների ընդգրկման ծավալը։

Իր հերթին, ռազմական գործողության ընթացքն ազդում է ինչպես իր բնույթի, այնպես էլ քաղաքական համատեքստի վրա, որն արձագանքում է իր բնութագրիչների կամ նույնիսկ հետապնդած նպատակների փոփոխման միջոցով։ Քաղաքականության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կրկին ազդեցություն են գործում իրականացվող ռազմական գործողության բնույթի վրա, դրանով իսկ քաղաքականությունը և պատերազմը հանգուցվում են բազմաթիվ հակադարձ կապերով [4, p. 72]։ Մարտական գործողությունների ընթացքն ազդում է ինչպես պատերազմի բարձր մակարդակների (ռազմավարություն), այնպես էլ քաղաքական նպատակների վրա, երբ «(քաղաքական նպատակն) ինքը պետք է հարմարվի հենց իր ընտրած միջոցներին. գործընթաց, որը կարող է արմատապես փոխել այն» [4, p. 87]։

Ընդ որում, խիստ կարևոր են դառնում քաղաքականության և պատերազմի երեք տեսակ փոխհարաբերություններ.

  1. քաղաքական գործիչների և զորահրամանատարների փոխհարաբերությունները,
  2. զորահրամանատարների և զորքերի սպայակույտերի փոխհարաբերությունները,
  3. զորահրամանատարների և ռազմական տեսաբանների փոխհարաբերությունները [33, p. 85]։

Վերոնշյալ ակտորներից յուրաքանչյուրը ստիպված է լուծել տարաբնույթ խնդիրներ, ինչը չի կարող չհանգեցնել մենթալիտետի (հոգեկերտվածքի), որոշումների ընդունման ոճի, վարքագծի տարբերություններին։

Քաղաքական գործիչները փորձում են խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ անհրաժեշտ է որոշումներ ընդունել և կատարել հստակ և ճյուղավորված գործողությունների լայն ծիր ենթադրող ընտրություն՝ նախընտրելով այնպիսի որոշումներ և գործողություններ, որոնք ընդունված որոշումը վերջին պահին փոխելու և այլընտրանքային տարբերակի ընտրության հնարավորություն են թողնում։

Տեսաբանը կարող է իրեն թույլ տալ հանգել եզրակացության, որ զինվորականների առջև դրված նպատակներն ու խնդիրները վատն են, դժվար իրականացվող կամ չիրականացվող, և գնա գրելու հերթական մենագրությունը։

Շտաբականները, հատկապես նրանք, ովքեր իրական գործողությունների փորձ չունեն, նախընտրում են ապրել կարգի գցված և որոշակիացված աշխարհում, որը մարտական գործողությունների արդյունավետության մոդել ունի։ Ավելին, հենց վերջինս էլ ուղղորդում է իրական մարտական գործողությունները։

Բոլոր աստիճանի հրամանատարներն, իրենց հերթին, պարտավոր են լուծել իրենց առջև դրված խնդիրները՝ անկախ տեսական գնահատականներից և հաշվարկներից։ Նրանք աշխատում են մի միջավայրում, որը պահանջում է անհստակությունն ու որևէ մեկնաբանություն բացառող արագ որոշումներ կայացնել, ինչը հանգեցնում է իրադրության (որտեղ իրականացվում է ընտրությունը) պարզեցման և որոշումների ծավալի սահմանափակման անհրաժեշտությանը [33, p. 85]։

Իրավիճակը կարող է դառնալ տագնապալի, եթե պատերազմի կազմակերպման և վարման մասնակից անձինք հայտնվում են այնպիսի դերում, որը չի համապատասխանում նրանց հոգեկերտվածքին և պրոֆեսիոնալ պատրաստվածությանը։ Դասական օրինակ է Էյզենհաուերը՝ փայլուն ռազմական-քաղաքական գործիչ, շտաբական, որը, սակայն, հրամանատար և հատկապես գլխավոր հրամանատար լինելու փորձառություն և ունակություն չուներ [34]։ Հետևանքները կարող են առավել աղետալի լինել, եթե քաղաքական պաշտոններ են զբաղեցնում ռազավարությունն ու ռազմական գիտությունն անտեսել փորձող անձինք։ Կլաուզևիցը գրում էր. կարող է ծնվել «...միտք, որ քաղաքականությունը կարող է պատերազմին ներկայացնել պահանջներ, որոնք իրականացնել նա ի վիճակի չէ, բայց այս վարկածը մարտահրավեր է նետում բնական և անխուսափելի ենթադրությանը, թե քաղաք


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր