• am
  • ru
  • en
Версия для печати
03.04.2005

Եդեսիա. ազգային ինքնությանը նախանձախնդիր

   

Արսեն Հակոբյան

ՌԴ Ստավրոպոլի մարզի Եդեսիա հայկական գյուղը ոչ միայն սփյուռքային գոյությամբ հայկական մի բնակավայր է, այլև ինքնության առնձահատուկ դրսևորմամբ, «այլալեզու» հայերի մի ուշագրավ համայնք: Այն, կարծես թե դուրս է մնացել մեր հասարակական և ակադեմիական հետաքրքրությունների տեսադաշտից, մինչդեռ ինքնատիպ դիմագծով հայության այս բեկորն իր մեջ մշակութային և պատմական բազում հետաքրքիր իրողություններ է կրում:

Մոզդոկից մոտ 40 կմ հյուսիս, Կուրա գետի ափին ՌԴ Ստավրոպոլի երկարամասում, մարզի և Հյուսիսային Օսիայի, Չեչնիայի սահմանագծին է գտնվում Եդեսիա հայկական գյուղը, ուր ապրում է շուրջ 6000 հայ բնակիչ: Բացի դրանից, մեծ թվով եդեսիացիներ են բնակվում հարևան Կուրսկայա շրջկենտրոնում, Մոզդոկում և շրջակա այլ գյուղերում:

Եդեսիա գյուղը հիմնվել է 18-րդ դարի վերջին Դաղստանի հարավից և Այսրկովկասի հյուսիս-արևելյան շրջաններից գաղթած հայ բնակչության կողմից, որոնք 1796թ. դեպի Այսրկովկաս Վ. Զուբովի արշավանքից հետո, լքում են իրենց բնակավայրերն ու հեռանում Հյուսիսային Կովկաս` հաստատվելով Ղզլարում և շրջակայքում, Սբ. Խաչ քաղաքում (ներկայիս` Բուդյոնովսկ) և Կուրա կամ Կասաևա - Յամա վայրում: Հայկական այս խումբը դեռևս վաղ միջնադարից` բնակվելով Դերբենտի, Մուշկուրի, Ղուբայի շրջաններում, այլէթնիկ ու այլակրոն միջավայրում` ենթարկվել էր լեզվամշակութային փոփոխությունների, կորցրել էր մայրենի լեզուն, դարձել իրանալեզու, և 18-րդ դարում արդեն իսկ հիշատակվում է որպես թաթախոս խումբ: Թուրքերենը, Արևելյան Այսրկովկասում լինելով որպես ազգամիջյան հաղորդակցության լեզու, տարածված էր նաև հայկական այս բնակչության մոտ:

Հյուսիս-արևելյան Այսրկովկասում և Հարավային Դաղստանում հայկական այս խմբի հաստատվելը կապված էր դեռևս վաղմիջնադարյան իրողությունների հետ, երբ 6-րդ դարում Պարսից Խոսրով Անուշիրվան թագավորը Դերբենտի անցքը պաշտպանելու նպատակով իրանական վերաբնակիչներ է բնակեցնում այդ տարածքներում` նրանց հետ միասին նաև «սիսաջանների», այսինքն` Սյունիքից տեղափոխված հայկական զինվորական բնակչություն:

Մոտ մեկ ու կես հազարամյակ, բնակվելով այդ շրջատարածքում, ենթարկվելով լեզվամշակութային ձուլումների, կրելով տարածաշրջանում տեղի ունեցած զանազան փոփոխությունների առաջ բերած հետևանքներն ու ծանրությունը խումբը պահպանում է հայկական ինքնագիտակցությունը, մշակութային նկարագիրը և դավանանքը:

Ահա այս բնակչության գերակշիռ հատվածը 18-րդ դ. վերջին հաստատվում է Հյուսիսային Կովկասում: Նրանց մի հատվածը բնակության վայր է ընտրում Կուրա գետի ափը, որի անունով էլ սկզբնական շրջանում գյուղը կոչվում է Ղուրա: Այն հայտնի էր նաև Դերբենտ, Հայկական գյուղ, Կասաև -Յամա անուններով:

1852թ. գյուղը «ի պատիվ հին Հայաստանի մայրաքաղաքի» անվանակոչվում է Եդեսիա:

Ներկայումս Եդեսիայի բնակիչները թրքախոս են: Կենցաղում գործածում են թուրքերեն, «դրսի» հետ շփվելիս ռուսերեն: Գիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ խումբը փաստորեն պատմական զարգացումների ընթացքում ենթարկվել է լեզվական ձուլումնների շարունական գործընթացների (իրանալեզվություն, թրքալեզվություն): Հետաքրքրական է, որ եդեսիացիների մոտ այդ լեզուն անվանում չունի, պարզապես կոչվում է «բիզիմչա», այսինքն` «մեր լեզվով», «ըստ մեզ»: Իսկ իրենք իրենց էլ անվանում են «Կուրայլու», այսինքն` «ղուրայեցի», «կուրայեցի»:

Եկեղեցական ու դպրության ավանդույթները եդեսիացիների համար անցյալից եկեղ խորը արմատներ ունեն և չափազանց կարևոր դեր են խաղացել համայնքի կյանքում:

Առաջին վերաբնակիչների նախաձեռնությամբ հենց 1802թ. գյուղում եկեղեցի է կառուցվում: Հետագայում, իհարկե, կապված տեղային տեղաշարժերի հետ հին եկեղեցու փոխարեն 1830թ. կառաւցվում է նորը, որը սակայն երկար չի դիմանում ժամանակի փորձություններին և 1911թ. եդեսիացիները սկսում են նոր եկեղեցու կառուցումը, որի բացումը տեղի է ունենում 1914թ.:

Խորհրդային տարիների բռնաճնշումները իրենց հետքը են թողնում նաև եկեղեցու և նրա ծառայողների ճակատագրի վրա: Վերջին քահանան Վլաս Վլասյանը կամ Տեր Խաչիկը երկու անգամ ձերբակավում է, սակայն չի դավաճանում հոգևոր հովվի իր կոչմանը, այդ իսկ պատճառով 1930-ական թթ. վերջերին աքսորվում է Սիբիր, որտեղ և իր մահկանացուն է կնքում: Չնայած խորհրդային ամբողջատիրության բացասական հետևանքներին` նախնիներից ժառանգած ավանդույթներն ու պատգամները շարունակ եդեսիացիրների ուղեկիցն են եղել: 1988թ. ղարաբաղյան իրադարձությունները հայկական այս ինքնատիպ համայնքի ազգային ոգու պոռթկման առիթ հանդիսացան: Չնայած դժվարություններին` բնակիչների նախաձեռնությամբ վերանորոգվում և բացվում է Սբ. Աստվածածին եկեղեցին: Համայնքի հոգում է նաև սեփական քահանա ունենալու խնդիրը և Հայաստանի համար դժվար տարիներին` ցուրտ, պատերազմ պատանի է ուղարկում Գևորգյան ճեմարան: Վերադարձած ու անվանակոչված Տեր Խաչատուրը ներկայումս հովվություն է անում Եդեսիայում:

Համայնքի կարևոր խնդիրներից եղել ու շարունակում է մնալ հայկական դպրոցի հարցը: Դեռևս 1866թ. գյուղում ծխական դպրոց է բացվում, որը 1908թ. վերածվում է երկսեռ դպրոցի: Համայնքն ու եկեղեցական իշխանությունները, գիտակցելով յուրահատուկ միջավայրի առկայությունը, միջոցներ են ձեռնարկում, որպեսզի ուսուցչական կադրեր պատրաստվեն հենց տեղի երիտասարդներից:

Հայկական դպրոցը գոյատևում է մինչև 1943/44 ուս. տարին, երբ այն վերածվում է ռուսական դպրոցի, իսկ 1952/53թթ. վերացվում է նաև հայերենի ուսուցումը: Միայն 1957թ. համայնքի ջանքերով հաջողվում է վերականգնել հայոց լեզվի դասաժամերը, որը նորից ընդհատվում է 1973թ.: Հայկական դպրոցի շնորհիվ ներկայումս Եդեսիայում հայերեն գիտեն հատուկենտ ծերեր։

1989թ. համայնքի որոշմամբ, չնայած դժվարություններին, կրկին վերականգնվում է հայերենի ուսուցումը, սակայն կադրային խնդիրների պատճառով, այն հաստատուն և կայուն հիմքերի վրա չի դրվում: Համայնքը մտածում է հայոց լեզվի ուսուցիչ ունենալու համար երիտասարդ գործուղել Երևան սովորելու, սակայն մինչ այդ հայոց լեզվի ուսուցման ու ուսուցչի խնդիրը շարունակում է բաց մնալ:

Գյուղի բնակչությունը, ակտիվը նախանձախնդիր են Հայաստանի հետ կապերի հաստատման, հայոց լեզվի ուսուցումը դպրոցում վերականգնելու, կայուն հիմքերի վրա դնելու գործում և նրանց պատրաստակամությունն ու ջանքերը կարիք ունեն ամենայն աջակցության: Հակառակ դեպքում մենք կունենանք հայությունից օտարված մի ստվար բեկոր, որն աստիճանաբար կհեռանա իր ակունքներից ու կձուլվի ռուսաստանյան միջավայրում:

Եդեսիացիները ապրում են «փակ» մշակույթային կյանքով, որում պահպանվել են ավանդական կենցաղին բնութագրական շատ գծեր: Ընդգծված նահապետական նորմեր, հնագույն հավատալիքներ ու ավանդական, անաղարտ պահպանված ծեսեր…

Դա ինքնին հետաքրքիր ու ուսանելի օրինակ է, թե ինչպես ապրելով բազմադարյա սփյուռքային պայմաններում` ենթարկվելով լեզվական ձուլումների շարունակական ընքացքի, խումբն իր ավանադական մշակութային համակարգի «պահածոյացման» միջոցով պահպանում է ազգային դիմագիծը։

Քաշել.pdf ֆայլ քաշել .pdf ֆայլ


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր