Հայության ներկայիս դրությունը Հյուսիսային Օսիայում

2002թ. մարդահամարի տվյալներով՝ Հյուսիսային Օսիայում բնակվում են 17147 հայ, որոնց գերակշռող մասը բնակվում է Վլադիկավկազում և Մոզդոկում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ հայերը օսերից, ռուսներից և ինգուշներից հետո թվաքանակով չորրորդն են։ Իսկ, ընդհանուր առմամբ, ըստ 2002թ. մարդահամարի` հանրապետությունն ունի 710275 բնակիչ, որից 445310-ը` օսեր, 164734-ը` ռուսներ, 21442-ը՝ ինգուշներ են։
Ակնհայտ է, որ ներկա իրողությունների, ՀՀ-ից արտագաղթի մեծ ծավալների, ոչ պաշտոնական միգրացիայի պայմաններում` հայկական բնակչության իրական թիվն, ըստ էության, ավելին է, քան վավերացված է մարդահամարում։ Հնարավոր է, որ հայերը նույնիսկ երրորդ տեղը զբաղեցնեն:
Հյուսիսային Օսիայում հայկական բնակչության առկայությունը կապված է միգրացիոն մի քանի հոսքերի հետ։ Արդեն 18-րդ դարում այստեղ հաստատվում են հայկական առաջին խմբերը (Մոզդոկ, Վլադիկավկազ), երբ Ռուսական կայսրությունն իր դիրքերը Հյուսիսային Կովկասում ամրապնդելու համար նպատակաուղղված քաղաքականություն էր վարում այստեղ հիմնվող բնակավայրերը իրեն հավատարիմ բնակչությամբ, այդ թվում և հայերով, բնակեցնելու ուղղությամբ։
Հետագայում պատմաքաղաքական զանազան գործոնների ազդեցությամբ եղան նաև այլ միգրացիոն հոսքեր։ Վերջինը կապված էր ղարաբաղյան դեպքերի կապակցությամբ Ադրբեջանի փախստականների հոսքի և ՀՀ-ից արտագաղթի հետ։
Նկատենք, որ այդ եղանակով Հյուսիսային Օսիայիում միայն հայերի և օսերի (ի հաշիվ Վրաստանից և Հարավային Օսիայից օս փախստականների) թվաքանակն է վերջին տարիներին աճել։ Հանրապետությունում բնակվող մյուս բոլոր ազգությունների թվաքանակը նվազել է։
Օս-ինգուշական հակամարտությունը, չեչենական պատերազմը և այլ գործոններ իրենց հետևանքներն են թողել հանրապետության էթնոքաղաքական իրավիճակի վրա և կոնֆլիկտածին միտումների ռեալ վտանգ առաջ բերել։ Ակնհայտ է, որ լարվածությունն ավելի է աճել բեսլանյան իրադարձություններից հետո, և այդ համատեքստում ռուսաստանյան ԶԼՄ-ում բավական հաճախակի են դարձել օսերի շրջանում հակաինգուշական տրամադրությունների աճի մասին հրապարակումները։ 2004թ. աշնանը հանրապետությունն ապրում էր, ըստ էության, ռազմական դրության պայմաններում, և իշխանական ողջ ռեսուրսը կենտրոնացված էր «վրեժի» գործողությունների կանխմանը։ Իսկ 2004թ. աշնանը Վերին Լարսի «փակման» պայմաններում Հյուսիսային Օսիայում էին կենտրոնացել ՀՀ եկող հիմնական ավտոշարասյուները։
Այս ամենն ակնհայտ է դարձնում տարածաշրջանի և տեղի հայության խնդիրների նկատմամբ ՀՀ ուշադրության և քաղաքականության անհրաժեշտությունը։
Ինչպես ցույց են տալիս դեռևս 2001թ. հետազոտությունները, Հյուսիսային Օսիայի հայության մոտ դրսևորվում են տագնապներ ընդհանուր լարվածության և առկա միտումների շուրջ, թեև բազմամյա գոյության ընթացքում բարիդրացիական հարաբերությունների հարուստ ավանդույթներ են ձևավորվել տեղի հայերի և տեղական բնակչության միջև։
Վլադիկավկազում առ այսօր հիշատակվում է Հայկական թաղամասը, կա Հայկական փողոց, գործում է Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Հայկական թաղամասը, փողոցը, եկեղեցին գտնվում են քաղաքի կենտրոնում։ Ուշագրավ է, որ ստալինյան տարիներին Կենտրոնի կառուցապատման ժամանակ խնդիր էր դրվել քանդել եկեղեցին, բայց դա այդպես էլ չի իրականացել։ Եկեղեցին գործել է նույնիսկ խորհրդային տարիներին։
Դեռևս ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին, երբ ուրվագծվում էր ապագա անորոշությունը և ի հայտ էին գալիս առաջին ազգամիջյան հակամարտությունները, Հյուսիսային Օսիայի հայերը ինքնակազմակերպման միջոցներ ձեռնարկեցին՝ դրանում ինքնության պահպանման ու հետագա գոյատևման հնարավություններ տեսնելով։
1989թ. կազմակերպվում է Վլադիկավկազի հայերի «Նաիրի» ազգային ակումբը` լեզվի, պատմության, մշակույթի խնդիրներով մտահոգ ու նախանձախնդիր անհատների կողմից։ Շուտով այն վերակազմավորվում է «Էրեբունի» ազգային-մշակութային կենտրոնի, որը զբաղվում է Օսիայի տարածքում բնակվող հայերի խնդիրներով։ Կենտրոնը մտնում է ազգային այլ համայնքները միավորող «Մեր Օսիա» շարժման մեջ, որի միջոցով ակտիվ գործունեություն է ծավալվել ռեգիոնում և հանրապետությունում ծայրահեղական դրսևորումների կանխման ուղղությամբ։
Կենտրոնը եռանդուն մշակութային գործունեություն է իրականացնում` կազմակերպելով տարբեր միջոցառումներ։ Գրասենյակում գործում է հայոց պատմության և լեզվի դասընթաց, կա գրադարան` մոտ 3000 կտոր գրականությամբ։ Գրականություն ստանում են նաև ՀՀ ԿԳ նախարարությունից։
«Էրեբունին», որ այժմ գլխավորում է երիտասարդ և եռանդուն Ալբերտ Շամիլյանցը, ակտիվ աշխատում է նաև ՌԴ այլ հայկական համայնքների հետ կապեր հաստատելու ուղղությամբ։
Բացի համայնքային խնդիրներից, ըստ էության «Էրեբունի» ազգային կենտրոնը վերածվել է Վլադիկավկազում Հայաստանի ոչ պաշտոնական ներկայացուցչության, քանի որ բազմաբնույթ խնդիրներ է լուծում և աջակցություն ցուցաբերում Հյուսիսային Օսիայում հայտնված ՀՀ քաղաքացիների համար (փաստաթղթերի թարգմանություն, դրամական, ոստիկանության, իշխանությունների հետ կապված խնդիրներ…)։
Համայնքում ընդգծում են ՀՀ պետական տարբեր օղակների և Հյուսիսային Օսիայի ղեկավարության հետ անմիջական կապերի հաստատման կարևորությունը` հաշվի առնելով թե՛ ՀՀ, թե՛ համայնքի խնդիրները, համարելով, որ դա ընդհանուր դրական ազդեցություն, հետևանքներ կունենա թե Հայաստանի, թե´ տեղական հայության համար։
Հյուսիսային Օսիայի մեկ այլ խոշոր քաղաքում Մոզդոկում նույնպես մի քանի հազար հայ է բնակվում: Այստեղ ևս կան հնաբնակներ, և ՀՀ-ից, ԼՂ-ից, Ադրբեջանից արտագաղթած մեր հայրենակիցներ: Հայերն այստեղ տնտեսական ու պետական ծառայության ոլորտում լուրջ դիրքեր ունեն: Գործում է Ռուսաստանի հայերի միություն տեղական մասնաճյուղը, որը ձևավորվել է նախկինում գործող «Արարատ» կազմակերպության հիման վրա: Համայնքային գործունեության քայլեր են ձեռնարկվում` կիրակնօրյա դպրոց և այլն…:
Ըստ էության ՀՀ համար Հյուսիսային Օսիայի հայկական համայնքի հետ աշխատանքների բավական լայն դաշտ կա` լուծման սպասող բազում խնդիրներով:
Օրինակ` Վլադիկավկազում, Մոզդոկում չի գործում հայկական դպրոց։ Հայերենը չի դասավանդվում նույնիսկ որպես ֆակուլտատիվ առարկա։ Համեմատության համար նշենք, որ թեև հայերից անհամեմատ քիչ վրացիներ են ապրում Վլադիկավկազում, սակայն գործում է վրացական դպրոց։
Հյուսիսային Օսիայի հայկական համայնքի խնդիրները ՀՀ համար ձեռք են բերում առանձհատուկ նշանակություն, եթե հաշվի առնենք, որ Վլադիկավկազն ու Մոզդոկը գտնվում կոմունիկացիոն կարևոր հանգույցներում: Խնդիրներն, ըստ էության, դուրս են գալիս «հայկական սփյուռքի» շրջանակից` վերածվելով ընդհանրապես տարածաշրջանի նկատմամբ Հայաստանի վարելիք քաղաքականության անհրաժեշտության։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- Լեզգիական գործոն[28.07.2005]
- Թալիշական ազգային շարժման հեռանկարները[20.06.2005]
- Եդեսիա. ազգային ինքնությանը նախանձախնդիր[03.04.2005]