• am
  • ru
  • en
Версия для печати
11.12.2006

Թիֆլիսահայ համայնք. վերջաբանի փոխարեն

   

Թամարա Վարդանյան

Որպես թիֆլիսահայ համայնքում «Նորավանք» ԳԿՀ իրականացրած հետազոտության վերջաբան ներկայացնում ենք մեր հետևություններն ու առաջարկությունները, ինչը մեր հետազոտությանը կհաղորդի նաև կիրառական բնույթ։


Հետևություններ

Հայաստանի Հանրապետությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա Թբիլիսիում հայկական համայնքը պահպանելու կամ հայրենադարձություն կազմակերպելու ուղղությամբ, հատկապես Ջավախքի հիմնախնդրի օրըստորե սրման միտումները հաշվի առնելով1։ Նշված դիրքորոշումը պետք է բխի մեր ազգային անվտանգության ընդհանուր հայեցակարգից։

Եթե ռազմավարական տեսակետից այդ համայնքն իր դերակատարումն ունի ՀՀ-ի համար, ապա խիստ անհրաժեշտ է մոտեցումներ մշակել համայնքի պահպանման, իսկ այնուհետև նաև զարգացման համար։ Այսօր օրակարգային կարող է լինել միայն համայնքի պահպանման հարցը։ Իսկ զարգացման մասին մոտ ապագայում դեռևս խոսելը վաղ է, քանի որ համայնքը գտնվում է քայքայման եզրին։ Առկա է ներքին ռեսուրսների նկատելի սահմանափակություն, և խոսքը ոչ միայն ֆինանսական, այլ նաև մտավոր և գաղափարական կարողությունների մասին է։

Եթե համայնքի պահպանման համար հստակ քաղաքականություն չմշակվի, ապա մեր հայրենակիցների մի մասը կփոխի հայկական ինքնությունը, իսկ մյուս մասն ուղղակի կարտագաղթի, ընդ որում՝ ոչ դեպի Հայաստան։

Հավանաբար, ներկա փուլում կարելի է մի կողմից՝ իրականացնել որոշակի միջոցառումներ համայնքի պահպանման ուղղությամբ, մյուս կողմից՝ մտածել աստիճանական հայրենադարձության կազմակերպման մասին, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս անցնցում իրականացվի թե՛ ՀՀ-ի, թե՛ թիֆլիսահայության համար։

Ներկայումս թիֆլիսահայ համայնքում որևէ միջոցառում իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել որոշ առանձնահատկություններ, որոնց մի մասն օբյեկտիվ է.

  1. Թիֆլիսահայությունն իրեն որպես համայնք չի ընկալում։ Դեռևս չի մարել հիշողությունն այն մասին, որ իրենք ապրում են իրենց տանը, որ իրենք այս քաղաքի տերն են, այն կառուցվել է հայկական կապիտալի կողմից և հայկական հմուտ վարպետների ձեռքով և այլն։ «Տիրոջ» զգացողությունն է պատճառը, որ ինքնապահպանման մեխանիզմները խոր արմատներ չունեն այստեղ։ Նաև այս զգացողությունն է պատճառը, որ վրացական միջավայրում հայկական տարրն ընկալվում է որպես առաջնային (եթե ոչ ամենաառաջին) խոչընդոտներից մեկը Վրաստանի մայրաքաղաքում վրացական գերիշխանության վերջնական հաստատման ճանապարհին։
  2. Թիֆլիսահայությունն ունի Ջավախքի հիմնախնդիրը։ Սա շատ լուրջ գործոն է և ազդում է թիֆլիսահայության վարքաբանության վրա։ Թիֆլիսահայությունն իրեն պատանդի կարգավիճակում է տեսնում, ինչը խորացնում է բարոյահոգեբանական անջրպետը ջավախահայերի և թիֆլիսահայերի միջև։ Ջավախքի խնդրի միտումնավոր բացասական երանգավորմամբ արծարծումը վրացական ներքաղաքական քարոզչական դաշտում նպաստում է թիֆլիսահայության շրջանակներում քննադատական վերաբերմունքի ձևավորմանը ջավախահայության նկատմամբ։
  3. Թիֆլիսահայ համայնական կյանքի կազմակերպումը ընթանում է տարերայնորեն և չի ղեկավարվում որևէ կենտրոնից։ Լուրջ խնդիր է համայնքում ներքին միասնության բացակայությունը, որը, ըստ մեր կողմից հարցման ենթարկվածների, մի քանի պատճառ ունի։ Դրանք են՝ համայնքի ակտիվ հատվածի անհատական նկրտումները (ամբիցիաները), համայնական կյանքին բնորոշ ինքնապահպանման մեխանիզմների (իմունիտետի) բացակայությունը, անկախացումից ի վեր հայ մտավոր և ֆինանսական ներուժի արտագաղթը երկրից, բոլորի կողմից ընդունելի առաջնորդի բացակայությունը, անգամ վրացական հատուկ ծառայությունների նպատակաուղղված քաղաքականությունը և այլն։
  4. Վրաստանում անկախության տարիներին ձևավորված օլիգարխների շրջանում ազգությամբ հայի գրեթե չենք հանդիպի. եթե կան, ապա տեղի հայությանը (անգամ ակտիվ հատվածին) նրանք ծանոթ չեն։ Այսինքն՝ 20-րդ դ. վերջին - 21-րդ դարի սկզբին, ի տարբերություն 19-րդի վերջի – 20-րդի սկզբի, հայկական հզոր կապիտալ Թիֆլիսում չձևավորվեց։ Հայտնի է, սակայն, որ ազգային փոքրամասնության ֆինանսատնտեսական ակտիվությունը և հզորությունը կարող էր ոչ միայն նպաստել համայնքի ներքին կյանքի աշխուժացմանը, այլև խթանել ազգային վերազարթոնքը։
  5. Ակնհայտ է համայնքի ներսում գաղափարական վակուումը, ինչը փորձ է արվում լրացնել առավելապես սպառողական հասարակություններին բնորոշ արժեհամակարգով։ Անշուշտ, ժամանակակից աշխարհին հարիր սկզբունքների ընդհանուր ուղղվածությունը և գաղափարական հիմքերը (մարդու իրավունքների գերակայությունը, էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և այլն) թույլ են տալիս հայկական համայնքի՝ որպես էթնիկ փոքրամասնության, հիմնախնդիրների եթե ոչ լուծումը, ապա գոնե բարձրաձայնելը։ Թբիլիսիի հայկական ՀԿ-ների շրջանակներում առկա է այն գիտակցությունը, որ նշված սկզբունքների համատեքստում կարելի է արծարծել հայկական հիմնախնդիրները, որ այդ սկզբունքներն անհրաժեշտ է դիտարկել որպես ռեսուրս և փորձել օգտագործել ազգապահպանման խնդրում։ Այստեղ խնդիրն այլ հարթության մեջ է. թե որքանով են Վրաստանի ամենաբարձր ատյանների հռչակած ժողովրդավարական արժեքները գործնականում ընկած իրենց իսկ որոշումների կայացման հիմքում (ինչպես նաև վրաց հասարակության վարքաբանության հիմքում)։ Սա արդեն առանձին հարցադրում է և պահանջում է առանձին քննարկում, քանի որ վերաբերում է Վրաստանի հասարակության զարգացման ընդհանուր միտումներին և տրամաբանությանը։ Բայց եթե հետևենք միայն անկախ փորձագետների գնահատականներին, ապա «վարդերի հեղափոխությունը» էապես թուլացրել է երկրի ոչ միայն քաղաքական կուսակցությունները և քաղաքական մրցակցությունը, այլև քաղաքացիական հասարակության առաջին ծիլերը։ Հզոր (վրացական ծավալներով) հասարակական կազմակերպությունների առավել ակտիվ անդամները մտան կառավարություն. արդյունքում՝ բացահայտվեց այդ ազդեցիկ ՀԿ-ների քաղաքական (ոչ քաղաքացիական- Թ.Վ.) բնույթը»2։ Այսինքն՝ ներկա զարգացումների տրամաբանությունը մեծ հույսեր չի ներշնչում, թե Վրաստանում կձևավորվի քաղաքացիական հասարակություն, որտեղ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները կլինեն լիովին պաշտպանված։

Առաջարկություններ

Անշուշտ, մեր խնդիրն է ոչ միայն ներկայացնել թիֆլիսահայ համայնքի իրավիճակը, վեր հանել անցանկալի զարգացումների պատճառները, այլև մտածել որևէ հակազդող ծրագրերի մշակման և իրականացման մասին։ Այս հարցում ՀՀ-ն իր դերակատարումն ունի, ընդ որում՝ ոչ թե կուսակցությունների միջոցով (ինչն, ի դեպ, բացասական է ընկալվում թե՛ վրացական իշխանությունների, թե՛ տեղի հայության կողմից), այլ հասարակական կառույցների միջոցով։ Անշուշտ, հայեցակարգային դրույթները պետք է մշակվեն պետության աջակցությամբ գործող խնդրին ծանոթ փորձագետների կողմից։ Բայց իրականացումն, այնուամենայնիվ, պետք է դրվի հասարակական կառույցների վրա։

Դրա համար անհրաժեշտ է.

  1. Վերը նշված հիմնահարցերի քննարկման շարունակականության և արդյունավետության ապահովման համար իրականացնել վրացական հասարակության տրամադրությունների անընդհատ մոնիթորինգ, ազգայնական դրսևորումների դինամիկան պատկերացնելու համար։ Ինչո՞ւ է դա անհրաժեշտ։ Խնդիրն այն է, որ այս փուլում վրացական ազգայնականությունն առավելապես (եթե դիտարկենք դեպի ներս ուղղված ազգայնականությունը միայն) ուղղված է հայկականության դեմ։ Դրա մասին են վկայում բազմաթիվ հրապարակումներ վրացական (հիմնականում՝ վրացալեզու) տպագիր մամուլում և ինտերնետում3։ Այսօր որոշ վրացալեզու հրապարակումներում խոսվում է անգամ այն մասին, որ ժամանակն է վերանայել «հայ-վրացական դարավոր բարեկամության» առասպելը։ Այս միտումներն ու դրանց դրսևորումները չեն կարող աննկատ մնալ Թբիլիսիի հայկական համայնքի առավել ակտիվ և տեղեկացված հատվածի համար, ինչն էլ լրացուցիչ տագնապի առիթ է ծառայում և նպաստում է հայկական միջավայրի ներքին կայունության խաթարմանը։
  2. Անընդհատ աշխատանքներ տանել հայկական «կղզյակների» հետ (ՀԿ-ներ, անհատ ձեռներեցներ, պաշտոնյաներ, աշակերտներ, ուսանողներ, ստեղծագործական մտավորականություն և այլն)։ Այս աշխատանքների արդյունավետության համար անհրաժեշտ է խթանել էթնիկ սկզբունքով մասնագիտական միավորումների ստեղծումը (հայ կոշկակարների, վարսահարդարների, մտավորականների…)։ Դրանք կարող են գործել ՀԿ-ների մասին օրենքի շրջանակներում, ինչը լայն հնարավորություններ է ընձեռում արդյունավետ գործունեություն ծավալելու համար, ընդհուպ մինչև օրենսդրական նախաձեռնություններ, շահերի պաշտպանություն, նաև ապահովում է արտերկրից ֆինանսական հոսքերի համեմատական ազատություն և այլն։
  3. Տեղեկատվական դաշտում հայկական տարրի, հայկական թեմատիկայի ներկայության ապահովում, ինչը հնարավոր է միայն տեղեկատվական ոլորտում հայկական ֆինանսական ներդրումների շնորհիվ։ Անհրաժեշտ է հայեցի դաստիարակության խնդրին մոտենալ՝ հաշվի առնելով այն տեղեկատվական հոսքերը, որոնց հորձանուտում է գտնվում այսօրվա թիֆլիսահայը։
  4. Հայապահպանության ավանդական մեխանիզմները պետք է զուգորդել ժամանակակից՝ «մոդայիկ», հրապուրիչ և երիտասարդության լայն շրջանակների համար առավել ընդունելի և ընկալելի մեթոդներով։ Մեր զրուցակիցներից մեկն ասաց. «Չենք հիշում, թե վերջին անգամ երբ է մեզ մոտ Հայաստանից մի երգիչ կամ դերասան եկել»։ Շատ կարևոր են ոչ ֆորմալ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը՝ թեմատիկ մրցույթներ, դասընթացներ, փառատոներ, Հայաստան և Արցախ վիրահայ երիտասարդներից կազմված խմբերի այցելություններ, տեղում առաջնորդների ձևավորմանն ուղղված քայլեր, փոխանակման ծրագրեր, հայալեզու լրագրողների պատրաստում, տարբեր զվարճալի միջոցառումներ և այլն։ Անհրաժեշտ է ձևավորել այն դաշտը, որտեղ հայապահպանության խնդիրներով մտահոգված կլինի ոչ միայն հայ հասարակության գիտակից և կազմակերպված հատվածը, այլև առավել լայն զանգվածները։
  5. Վրաստանի ներքին շուկայում հայկական կապիտալի ֆինանսատնտեսական ներգրավվածության խթանում։ Պետք է գիտակցել, որ դա ոչ միայն ֆինանսական շահույթ պետք է հետապնդի, այլև առաջին հերթին բարոյահոգեբանական լիցքեր հաղորդի հայկական համայնքին։
  6. Հայաստանակենտրոն ռազմավարության մշակում և դրա հիմնական դրույթների վերաբերյալ տեղեկատվության տարածում, այս համատեքստում հայրենադարձության համար կոնկրետ մեխանիզմների մշակում։

1 Տեղին է հիշատակել Արցախի հիմնախնդրի արծարծման սկզբնական փուլում՝ 1988-1991թթ.՝ մինչ ռազմական գործողությունները, Բաքվի և Ադրբեջանի մյուս շրջաններում ապրող հայության ճակատագիրը։

2 Валериан Долидзе, «Политические партии и партийное строительство в Грузии», «Центральная Азия и Кавказ», Центр социально-политических исследований, Швеция, 2 (38), 2005, сс. 52 - 53.

3 Օր.՝ «Абхазская война была «грузино-армянской» войной», «Пускай армянская сторона говорит с нами на равных, или же ничего не достигнет», «В Ахалкалаки требуют объявления армянского языка государственным», «Вице-спикер Парламента Армении категорически требует автономии», «В Москве армяне оскорбили Патриарха Грузии» և այլն, տե՛ս http://www.armenia.ge/georgia/ge_news.php։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր