ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գրաքննության առանձնահատկությունները Իրանում.
Հայ տպագիր մամուլ.1
Իրանահայ տեղեկատվական դաշտն ունի իր որոշ առանձնահատկությունները։ Դրանցից ամենահիմնականն այն է, որ Իրանում հայ տպագիր մամուլը վերահսկողության է ենթարկվում Կրոնական փոքրամասնությունների հարցերի գրասենյակի կողմից։ Գրասենյակը, որը գործում է արդեն մոտ 28 տարի, վերահսկում է սահմանադրական օրենքով ճանաչված կրոնական փոքրամասնությունների, այսինքն՝ քրիստոնյաների, զրադաշտականների և հրեաների, գեղարվեստական, մշակութային, քարոզչական, մամուլի և կրոնական աշխատանքները։ Այսպիսով, կրոնական փոքրամասնությունների աշխատանքների մոտ 90%-ը գտնվում են այս գրասենյակի պարտականությունների շրջանակում2։ Գրասենյակի միջոցով է իրականացվում ազգային փոքրամասնությունների կողմից կամ ազգային փոքրամասնությունների մասին գրքերի հրատարակության և ամբողջ մամուլի վերահսկումը, նաև օտարերկրացի քարոզիչների ելումուտը երկիր և այլն։ Հայաստանի պատմության, իրանահայերի պատմության, Իրանի քրիստոնյաների պատմության մասին բոլոր աշխատանքները, անկախ հեղինակի ազգային պատկանելությունից նույնպես քննարկվում են նշված գրասենյակի համապատասխան բաժնում, այնուհետև միայն ստանում տպագրության թույլտվություն։ Համաձայն ներկայացված տվյալների, վերջին 7-8 տարիների ընթացքում տպագրության թույլտվություն չեն ստացել մոտ 4-5 գիրք։ Հատկապես գրաքննության են ենթարկվում այն աշխատանքները, որոնք պատմական կամ քաղաքական բովանդակություն ունեն, նվիրված են հայ կուսակցությունների և խմբակցությունների պատմությանն ու գործունեությանը։ Դրանք վերանայվում են և կարող են տպագրվել միայն համապատասխան ուղղումներ իրականացնելուց հետո կամ դրանց տպագրությունը կարող է արգելվել գրասենյակի կողմից։
Թերթ հրատարակելու համար ազգային և կրոնական փոքրամասնությունները նույնպես դիմում են վերը նշված գրասենյակի մամուլի բաժին և միայն համապատասխան փաստաթղթային ձևակերպումներից հետո ստանում տպագրության թույլտվություն։
Այսինքն՝ հայ տպագիր գրականությունն ու մամուլը գործում են որոշակի կանոնակարգված սկզբունքով և առավել վերահսկելի են, ի տարբերություն ինտերնետային կայքերի։
Ինտերնատային կայքեր. ազատության պատուհան
Այնուամենայնիվ, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ընձեռել նաև իրանահայ մեր հայրենակիցներին և վերջին տարիներին համայնքի տեղեկատվական դաշտում որոշակի աշխուժություն է նկատվում։ Համայնքի ակտիվ հատվածը ներկայումս աստիճանաբար ներգրավվում է տեղեկատվական հոսքերի ոլորտ, մասնավորապես՝ համահայկական տեղեկատվական դաշտ և փորձում է հնարավորինս օգտվել ընձեռված հնարավորություններից։
Ինտերնետային կայքերում տեղակայված նյութերը նախապես գրաքննության ենթարկելը տեխնիկապես գրեթե անհնար է, ուստի այս ոլորտի զարգացումը կարող է մեծապես խթանել համայնքում հասարակական քննարկումների ծավալմանն ու համայնական կյանքի զարգացմանը։ Իհարկե, այստեղ նույնպես հեղինակները կարող են խնդիրներ ունենալ, եթե նշված կայքերում զետեղված նյութերը վտանգ ներկայացնեն Իրանի Իսլամական Հանրապետության պետական և ազգային շահերի տեսանկյունից։ Այնուամենայնիվ, այս ոլորտում առաջընթացն ակնհայտ է։ Իրանահայ իրականության մեջ ինտերնետային կայքերի թիվը վերջին տարիներին բավական աճ է արձանագրել։ Այս գործընթացները կարող են խթանել իրանահայ համայնքի շրջանակներում տեղեկատվական հանրույթի ձևավորմանը և համահայկական ցանցերի մեջ նրանց ակտիվ ներգրավմանը։
Ամենաակնառու նորությունը և փոփոխությունը «Իրանահայեր» անունով (www.iranahayer.com) կայքէջի հրապարակ գալն է՝ 2008թ. հունիսից։ «Իրանահայեր»-ն իր աշխատանքը սկսեց որպես վեբ-բլոգ՝ խոստանալով շատ կարճ ժամանակահատվածում վերածվել լրատվական անկախ կայքէջի՝ իրանահայ համայնքի իրադարձությունների և համայնքին հուզող հարցերի մասին։ Բայց կայքի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն չի սահմանափակվում իրանահայ համայնքի հարցերով միայն։ Այստեղ կարելի է տեսնել նաև նյութեր՝ նվիրված միջազգային և հայաստանյան իրադարձություններին։ Այն այսօր արդեն մեծ թվով ընթերցողներ ունի ոչ միայն համայնքի ներսում, այլև ամբողջ սփյուռքում։
Կայքի խմբագրական կազմը իրեն չի ներկայացնում՝ պատճառաբանելով, որ, որպես կանոն, բացահայտ քննադատողները չեզոքացվում են, հետևաբար, իրենք նախընտրում են գործունեության ոչ թափանցիկ տարբերակը։ Կայքէջի «Մեր մասին» հատվածում կարդում ենք. «Իսկ թէ ինչո՞ւ ենք խուսափում մեզ ներկայացնել այնպէս, որ կանք, դա ուղղակիօրէն վերագրում ենք այն մարմիններին, որոնք քննադատութիւնները բոլորովին չնդունելով, ծանր պատիժների վճիռ են արձակում սրտցաւ քննադատողների համար: Դրանք եթէ լինէին մահապատիժ կամ երկարատեւ բանտարկութիւն շատ աւելի ցանկալի էր, քան այն պատիժները, որոնք գործադրւում են այսօր: Այդ մարմինները, քննադատողներին պատժում են անհիմն որակումներով, հեղինակազերծումներով, ծաղրելով, ազգային մարմիններից ապօրինի կերպով վտարելով, լուսանցքների խորքերում թափառեցնելով ու վէրջապէս մեռած էակների վերածելով: Այս ցաւալի եւ հիւանդագին գործընթացը թափ է ստացել մանաւանդ վերջին 8-9 տարիների ընթացքում, երբ ստալինական բռնատիրութեան համակարգի գործելաոճը դարձաւ տիրական»3: «Իրանահայեր»-ի խմբագիրները նշում են, որ «եթե մեր վառած փոքրիկ մոմի լույսը խանգարում է նրանց, դա ապացուցում է համայնքում տիրող խավարի ու մթության ծավալը»։
Թեպետ «Իրանահայեր»-ի քաղաքական ուղղվածությունը բացահայտ չի նշվում, բայց կայքէջից կարելի է եզրակացնել, որ իրենք դաշնակցական գաղափարախոսության հետևորդներ են։ Կայքէջի խմբագրականում նշվում է. «Քաղաքական ուղղւածութեան ու արեւելումի մասին կը ստենք, եթէ ասենք այդ իմաստով ոչ մի հոսանքի չենք համակրում, քանզի համոզւած ենք՝ այդպիսի մարդիկ ընդհանրապէս ոչինչով էլ հետաքրքրւած չէն, եւ ըստ այնմ չեն էլ կարող որեւէ հարցի նկատմամբ սրտցաւութիւն ցուցաբերել: Այս մասին այսքանը բաւական է շեշտենք, որ եթէ ինչ որ մի օր, ստիպւած պիտի լինենք գործնական դաշտում կողմնորոշում ցուցաբերել, բնական է, որ պիտի կանգնենք աւանդական այն կազմակերպութեան կողքին, որ մանաւանդ մեր վերջին հարիւրամեայ պատմութեան ընթացքում, իր խիզախ ու վճռական քայլերով, իրանահայութեան մշակութային, կրթական, ազգային, հասարակական, եւ… բարգաւաճումն ու կայունութիւնը երաշխաւորելու հետ միասին, յանձնառու կեցւածքով ու որդեգրած քաղաքականութեամբ ապահովել է նաեւ մեր իրաւունքների գործադրումն ու Ֆիզիկական անվտանգութիւնը»4։
Միևնույն ժամանակ խմբագրականում նշվում է, որ իրենք դժգոհ են համայնքում տիրող իրավիճակից և իրենց գործունեությամբ պետք է նպաստեն վերջինիս քաղաքական-գաղափարական, հասարակական, մշակութային, կրթական, կրոնական, մարզական կյանքի զարթոնքին։ Նշվում է նաև, որ իրենք «Իրանի Իսլամական Հանրապետության օրինապահ քաղաքացիներ են, հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայոց Առաքելական, Ժողովրդավար ու Ազգային եկեղեցու զավակներ»։
Չնայած դաշնակցական ուղղվածությանը, կայքի խմբագիրներն առավել ազգայնական են և հաճախ քննադատում են նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, իսկ Թեհրանում հրատարակվող «Յոյս» ամսագրի խոսքերով, նրանք «ագրեսիւ ազգայնամոլ» են։ Այսպես, օրինակ, «Իրանահայեր»-ը քննադատում են նույնիսկ «Ալիք» օրաթերթին ազգային հարցերում զիջողականության և հանդուրժողականության համար։ Մասնավորապես՝ համայնքում տեղի ունեցած մի մշակութային միջոցառման ընթացքում թուրքական երաժշտություն է հնչել, ինչը խիստ քննադատության է արժանացել նշված կայքի խմբագիրների կողմից, միաժամանակ վերջիններս քննադատել են նաև «Ալիք» օրաթերթին, որը հետևողական չէ նման հարցերում։
Այս կայքէջը տեղեկատվական դաշտում իր ակտիվ ներկայությամբ արագորեն որոշակի տեղ զբաղեցրեց, հատկապես իրանահայ համայնքի հարցերով հետաքրքրվողների շրջանակներում։ Թեև նրանք չեն բացահայտում իրենց «ով» լինելը, այնուամենայնիվ, պարզ է, որ վերջիններս համայնքի դժգոհ հատվածն են, որոնք, սակայն, առանց համակարգչային և համացանցային հնարավորությունների առիթ չէին ունենալու իրենց ձայնը լսելի դարձնել։
Կայքէջում գործում է նաև comment–ների հատվածը, որը նույնպես բավական հետաքրքիր է։ Այդտեղ հնարավորություն կա, կիրառելով տարբեր ծածկանուններ և մնալով նորից չբացահայտված, ազատ քննարկումներ անցկացնել համայնքի անդամներին հուզող բազմաթիվ խնդրահարույց թեմաներով։
Փաստորեն, տեղեկատվական ժամանակակից իրողությունները նոր հնարավորություններ են ստեղծում տեղեկատվական վակուումը ճեղքելու համար և փոխելու մշակութային-հասարակական հարաբերությունները նաև իրանահայ համայնքում։
Նշենք նաև, որ կայքէջում առանձին բաժին են ներկայացնում լուրեր Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Տեղեկատվական քարոզչության և պատերազմների տեսակետից կարևոր է նկատել նաև այն փաստը, որ «Արցախ» բաժինը ներկայացված է «Հայաստան» բաժնի մեջ` որպես ենթաբաժին։
Իրանահայ համայնքի մշակութային ոլորտում մեծ դերակատարում ունի «Գրական կամուրջ» (www.lit-bridge.com) կայքէջը։ Այստեղ հրատարակվում են գրական-գեղարվեստական ստեղծագործություններ և գրականության մասին հոդվածներ Հայաստանի և Սփյուռքի հին ու նոր հեղինակներից։ Կայքը երկլեզու է, ունի հայերեն և պարսկերեն բաժիններ։ Կայքի նպատակներից է նախ կամուրջ հանդիսանալ Իրանի հայ գրողների և Հայաստանի գրողների միջև, նաև նպաստել Իրանի հայ և պարսիկ գրողների միջև հարաբերությունների զարգացմանը։ Այստեղ զետեղված են բանաստեղծություններ, պատմվածքներ, որոնք կարող են, անկասկած, նպաստել փոխադարձ ճանաչողությանը։
Նշանակալից է «Ալիք» թերթի կայքէջի (www.alikonline.com) աշխատանքը, որտեղ զետեղվում են միայն տպագիր թերթի նյութերը։ Այժմ կայքէջը նորոգվել և կատարելագործվել է։ Եթե մինչ այդ հնարավոր էր դիտել նյութերն ըստ թերթի համարների հերթականության, ապա այժմ ավելացել է նաև ըստ կատեգորիաների բաժանումը։ «Ալիք» թերթի կայքէջը նույնպես մեծաթիվ այցելուներ ունի, քանի որ այն ներկայումս իրանահայ միակ օրաթերթն է։
Վերջերս է գործարկվել նաև «Արաքս» գրական, մշակութային, հասարակական շաբաթաթերթի կայքէջը (www.arax-online.com)։ Այստեղ տեղադրվում է միայն «Արաքս» շաբաթաթերթի համարները՝ PDF ձևաչափով։ Սակայն ընթերցողն անմիջապես կայքէջի վրա չի կարող տեսնել, թե ինչ նյութեր են տեղ գտել տվյալ համարում, այլ ստիպված է ներբերել համարը, հետո միայն այն ընթերցել։ Այն երկլեզու է՝ հայերեն, պարսկերեն։ Հատկապես վերջին համարներում մեծ տեղ են զբաղեցնում հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող նյութերը։ Պետք է նշել, որ հայաստանյան մամուլից արտատպվում են նաև որոշ նյութեր։ Այդ նյութերի քննությունը ցույց է տալիս, որ հիմնականում զետեղված են այն հեղինակների հոդվածները կամ հարցազրույցները, որոնք որդեգրել են անզիջող ու հակաթուրքական դիրքորոշում նշված հարցերով։ Նշենք, որ «Արաքս» շաբաթաթերթի էջերում գերակշռում է Հայոց մեծ եղեռնին առնչվող նյութերը։
Այժմ Իրանի ռադիո-հեռուստատեսության հայկական ռադիոժամն էլ ունի իր հայերեն կայքը (armenian.irib.ir), ինչը շահավետ է հատկապես այն առումով, որ այնտեղ կարելի է գտնել Իրանի և պաշտոնական լրատվությունը հայերեն լեզվով։
Վեբ-բլոգեր. անհատականության դրսևորում
Իրանահայ տեղեկատվական հանրույթում բոլորովին նոր և ինքնատիպ երևույթ է վեբ-բլոգերի առաջացումը։ Այստեղ նույնպես անհատական կայքէջերի ստեղծման ալիք է բարձրացել, ինչպես վերջին մեկ-երկու տարիներին Հայստանյան իրականությունում։ Անհատական կայքէջերի մշակույթի ձևավորումն, անշուշտ, մեծապես կխթանի իրանահայ համայնքի ընդհանուր տեղեկատվական դաշտի կայացմանը նույնպես։ Բացի այդ, նաև այն կարևոր է իրանահայ իրականությունում մտավոր ներուժ ունեցող անհատների շփման համար ընդհանուր դաշտի կայացման տեսանկյունից։ Այս հանգամանքը խիստ կարևոր է համայնքի ինքնակազմակերպման տեսակետից, քանի որ այն նպաստում է նոր տիպի՝ վիրտուալ հանրույթի ձևավորմանը, որոնք մտահոգված են նույն՝ հայապահպան խնդիրներով։
Բոլորովին վերջերս (մի քանի ամիս) սկսել է հրատարակվել «Յոյս» երկշաբաթաթերթի աշխատակից և գրող Շանթ Բաղրամյանի վեբ-բլոգը, որը կոչվում է Papier de Liberte (Թուղթ ազատության)։ Այն շատ արագ թարմացվող վեբ-բլոգ է, որը կարողացել է միավորել համայնքի արդեն մի քանի տասնյակ ակտիվ անդամների։ Այստեղ հրատարակվում են զանազան բնույթի՝ հասարակական, գրական և փիլիսոփայական նյութեր մի քանի լեզուներով՝ անգլերեն, հայերեն, պարսկերեն, ֆրանսերեն, իսպաներեն։ Հասցեն՝ www.papierdeliberte.blogspot.com։
Մյուս նույնպես բավական ակտիվ վեբ-բլոգը Արթին Առաքելյանինն է։ Վերջինս գրում է նաև քաղաքական թեմաներով (հասցեն՝ www.artinarakelian.blogspot.com)։ Հետաքրքիր է նաև «Ալիք» թերթի լրագրող Վարդան Դավթյանի վեբ-բլոգը (www.vartandavtian.blogspot.com/), որը հետաքրքիր թեմաներ է արծարծում կայքի էջերում՝ սկսած համայնքի ներքին կյանքին առնչվող խնդիրներից մինչև համապետական։
Ընդհանրապես իրանահայ համայնքի ներքին կյանքին առնչվող, թերևս, ամենաքննարկվող և հանրությանը հուզող խնդիրներից է համայնքի թուլացման և համայնքում առկա արտագաղթի խնդիրը, այսինքն՝ համայնքի հեռանկարին առնչվող հարցերը։
Գործում են նաև այլ կայքեր և վեբ-բլոգեր, որոնք, ի տարբերություն վերը նշվածների, այնքան էլ ակտիվ չեն թարմացվում, բայց նույնպես իրենց տեղն ու յուրահատուկ դեմքն ունեն իրանահայ համայնքի ընդհանուր տեղեկատվական դաշտում։ Դրանք են Հայկական հարցի ուսումնասիրության կենտրոնի՝ «Հուսկ» (www.arir.org), Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության (www.araratorg.org), Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի կայքէջերը (www.armprelacy.com), նաև անհատական Գեորգ Վարդանի կայքը (www.gevork-vartanmp.ir) և այլն։
Առանձնահատկություններն ու խնդիրները
Իրանահայ համայնքում գործող վերոնշյալ ինտերնետային ռեսուրսների ուսումնասիրությունը թույլ է տալիս վեր հանել այն խնդիրներն ու ուղղությունները, որոնք գերակայում են համայնքի տեղեկատվական դաշտում։ Բացի այդ, ուսումնասիրությունը հնարավորություն է ստեղծում արձանագրել մի շարք իրողություններ, որոնց մի մասն, անշուշտ, բնորոշ է նաև հայկական մյուս համայնքների տեղեկատվական դաշտերի համար։ Առանձնահատկությունները հետևյալներն են՝
- Նախ անհրաժեշտ է նշել, որ իրանահայ համայնքի ակտիվ և տեղեկացված հատվածն ամբողջովին կլանում է հայաստանյան ինտերնետային մամուլի տեղեկատվությունը և խորությամբ հետաքրքրված է հայաստանյան (ՀՀ, Արցախ, Ջավախք) հատկապես հասարակական-քաղաքական անցուդարձով։ Թեպետ իրանահայ կայքերի քանակը մեծաթիվ չէ, այնուամենայնիվ, դրանք արդեն հետզհետե լրացնում են իրանահայերի տեղեկատվության հանդեպ ունեցած պահանջը։ Այսպես, օրինակ, իրանահայերի կայքը ներկայացնում է պաշտոնական լրատվությունը ՀՀ-ից, Արցախից, Ջավախքից, Սփյուռքից, գրեթե ամբողջությամբ։
- Մյուս առանձնահատկությունն այն է, որն, ի դեպ, բնորոշ է նաև այլ ինտերնետային համայնական կայքէջերին, որ իրանահայ կայքէջերում մեծ տեղ են զբաղեցնում հայոց եկեղեցական տոներին և ծիսակատարություններին նվիրված նյութերը։
- Քաղաքական ուղղվածությամբ վերլուծական նյութեր գրեթե չկան (սա նույնպես բնորոշ երևույթ է ընդհանրապես համայնական կայքէջերի համար)։ Եթե նման նյութեր հանդիպում են, ապա հիմնականում արտատպություն են հայաստանյան ինտերնետային մամուլից։
- Առկա քաղաքական ուղղվածությամբ նյութերում գերակշռում է Հայ դատին նվիրված հոդվածները, իրանահայ համայնքի պարագայում՝ առկա է նաև Հայ դատի Թեհրանի հանձնախմբի գործունեության մասին մշտական տեղեկատվությունը։
- Առանձնակի տեղ են զբաղեցնում Հայոց ցեղասպնությանը նվիրված նյութերը՝ թե՛ պատմագիտական, թե՛ հրապարակախոսական նյութեր գրված հայոց պահանջատիրության ոգով։
- Իրանահայ համայնքի տեղեկատվական դաշտում, դատելով ուսումնասիրված կայքերից, գրեթե բացակայում են փորձագիտական հոդվածները կամ հարցազրույցները։ Այսինքն՝ տեղում հայ փորձագիտական հանրույթի ձևավորումը ապագայում լուծվելիք խնդիր է։
1Հոդվածը պատրաստվել է Թեհրանում հրատարակվող «Յոյս» երկշաբաթաթերթի 2008-2009թթ. համարներում զետեղված նյութերի և հրապարակումների, նաև իրանահայ համայնքում գործող կայքերի մանրամասն ուսումնասիրության հիման վրա։
2Մնացյալ գործառույթները վերապահված են Ներքին գործերի նախարարության քաղաքական վարչությանը, որի ենթաբաժիններից մեկը զբաղվում է կրոնական փոքրամասնությունների հարցերով և հիմնականում վավերացնում է միությունների ու խորհուրդների ծրագրերն ու կանոնագրերը։
3Տե՛ս www.iranahayer.com
4Տե՛ս նույն տեղում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹԻՖԼԻՍԻ ԵՎ ՄԵՐՁԱԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 5-21-ՐԴ ԴԴ. (համառոտ ակնարկ)[24.10.2014]
- ԹԻՖԼԻՍՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[11.06.2012]
- ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ[16.01.2012]
- ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ[09.06.2011]
- ԹԻՖԼԻՍԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[11.04.2011]
- ՎՐԱՍՏԱՆ. ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ[08.11.2010]
- ԵՐԿԼԵԶՈՒ (ԲԻԼԻՆԳՎԱԼ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ[07.10.2010]
- ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱԷԹՆԻԿ ՀԱՆՐՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ[09.06.2010]
- ՎՐԱՑԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ[11.12.2009]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՆ ՈՒ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ[03.11.2009]