
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2017
Լուսինե Տանաջյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի
կրտսեր գիտաշխատող
Սոնա Ներսիսյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի
կրտսեր գիտաշխատող
Երկրի տնտեսության զարգացման մեջ առանձնահատուկ նշանակություն ունեն ներդրումները: Նշանակալի սոցիալական և հոգևոր ներուժով ու ներդրումային մեծ հնարավորություններով հայկական սփյուռքի առկայությունը, ինչպես նաև Հայաստանի ներգրավվածությունը միջպետական ու միջազգային կազմակերպություններում և հարաբերություններում կարող են ստեղծել նպաստավոր պայմաններ Հայաստանում սփյուռքի գործարար շրջանակների ձեռնարկատիրական գործունեության ծավալման համար:
Հոդվածի նպատակն է էմպիրիկ նյութերի վրա պարզել սփյուռքահայերի ներդրումային գործունեության առանձնահատկությունները Հայաստանում և սփյուռքից գործարարության ձևավորմանը նպաստող պայմանները:
Այս համատեքստում կատարվել է էթնոսոցիոլոգիական հետազոտություն ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի հետազոտությունների բաժնի աշխատակիցների կողմից՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ1:
Ուսումնասիրության մեջ շեշտադրվել են հետևյալ խնդիրները. ձեռներեցությամբ զբաղվելու դրդապատճառները, գործունեության ծավալման խոչընդոտները, ներդրողների ձեռնարկատիրական գործունեության զարգացման հետագա մտադրությունները:
Հետազոտությունն իրականացվել է քվոտային ընտրանքով: Ընտրանքն իրականացվել է ըստ տարբեր երկրներից ներդրողների ներկայացվածության, կազմակերպության չափի, կազմակերպաիրավական տեսակի, գործունեության ձևի: Կիրառվել են ուսումնասիրության որակական հետևյալ մեթոդները. դեպքի ուսումնասիրություն, խորին հարցազրույց, փորձագիտական հարցում, ինֆորմացիայի այլ աղբյուրների, փաստաթղթերի վերլուծություն և այլն:
Տվյալների վերլուծությունն իրականացվել է նկարագրական-վերլուծության մեթոդով:
Առաջնորդվելով կազմակերպությունների աշխատողների քանակով՝ ուսումնասիրվել են փոքր, միջին և մեծ չափի կազմակերպություններ: Ուսումնասիրված կազմակերպությունների մեջ փոքր և միջին ձեռնարկություններն ավելի մեծ թիվ են կազմել: Հետազոտությունում ներառվել են կազմակերպություններ գործունեության հետևյալ երեք ձևերից՝ արտադրություն, ծառայություն, սպասարկում: Դրանք ըստ կազմակերպաիրավական տեսակի ընդգրկել են երկու խումբ՝ ՍՊԸ և ՓԲԸ: Բոլոր կազմակերպություններն ունեցել են առնվազն 2 տարվա փորձ:
Համաձայն հետազոտության տվյալների՝ ներդրողների շրջանում կարելի է շեշտադրել տարիքի և մոտիվացիայի հետ կապը: Ըստ տարիքային առանձնահատկության ներդրողների մոտիվացիաները և նպատակադրումները միմյանցից տարբեր են: Սա կարող ենք նկատել բիզնեսի տևողության պլանավորման, շահույթի ակնկալիքի դեպքում:
Ներդրողների մի մասն ունեցել է նախնական որոշակի պատրաստվածություն, որի շնորհիվ կարողացել է հաղթահարել տեղում ձեռնարկատիրության նրբությունների հետ կապված խնդիրները: Մյուս մասը, լինելով սկսնակ տվյալ ոլորտում, ներդրում անելիս բախվել է ոչ միայն ներդրումային գործընթացի դժվարություններին, այլև տվյալ գործի մեջ առաջացող տարատեսակ խնդիրներին: Վերջինս ազդեցություն է ունենում Հայաստանում բիզնեսի հաստատման և զարգացման գործընթացի վրա:
Ներդրողների հիմնական մասը Հայաստանում հաստատվել է ընտանիքներով, ինչը խոսում է այն մասին, որ գոնե նախնական մտադրությամբ նրանց մնալու և բիզնեսի շարունակման գործընթացը կայուն է:
Չնայած այն հանգամանքին, որ ավելի արդյունավետ կլիներ բիզնես վարել ձեռնարկատիրական միևնույն մշակույթը կրող անձանց հետ և միավորել ռեսուրսները բիզնեսի զարգացման համար, իրականացնել ներդրման փորձի փոխանակություն, այնուամենայնիվ, սփյուռքահայ ներդրողները նախընտրում են առավելապես անձնական բնույթի կապեր հաստատել Հայաստանում, ծագմամբ հայ ներդրողների հետ: Ներդրողները աշխատակից ընտրելիս վերջիններին հիմնականում նախապատվություն չեն տալիս:
Սփյուռքահայ2 լինելու փաստը Հայաստանում ներդրումային գործունեություն իրականացնելու կարևոր գործոն է: Կախված նրանից, թե ինչպես են ընկալում սփյուռքահայ ներդրողին հայաստանյան միջավայրում, ձևավորվում է որոշակի վերաբերմունք նրա վարած բիզնեսի նկատմամբ:
Կախված նրանից, թե ինչ շարժառիթ ունի ներդրողը՝ հնարավոր է դուրս բերել նրա գործունեության առանձնահատուկ կողմը, ուղղվածությունը, բնույթը: Ստացված արդյունքները ցույց տվեցին, որ ներդրողների դրդապատճառները կարելի է բաժանել երկու հիմնական խմբի. առաջինի դեպքում ներդրողը նպատակաուղղված կերպով իրականացրել է ներդրումային գործունեություն ՀՀ-ում: Մյուս դեպքում ներդրողները, տեղափոխվելով Հայաստան, սկսել են որոշակի ներդրումային գործունեություն իրականացնել ածանցյալ ձևով:
Ստացված տվյալների համաձայն՝ ներդրումային գործունեություն ծավալելիս ներդրողները բախվել են մի շարք դժվարությունների, որոնք պայմանականորեն կարող ենք բաժանել երկու տեսակի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ խնդիրների շարքին կարելի է դասել, օրինակ, ՀՀ տնտեսական փոքր շուկան, անկայուն տնտեսական միջավայրը, վարչարարական, ինստիտուցիոնալ խնդիրները: Իսկ սուբյեկտիվ խնդիրների մեջ են մտնում, օրինակ, միջավայրային անհամապատասխանությունը, պակաս տեղեկացվածությունը, սոցիալական կապերի բացակայությունը:
Հատկանշական է, որ ներդրողների մի մասն իր ռազմավարության մեջ հատուկ ուղղվածություն է տալիս բիզնեսին՝ անտեսելով այն հանգամանքը, որ վերջինս կարող է առաջացնել մրցակցության կամ սպառման խնդիր, ի վերջո, հանգեցնել շահույթի նվազեցման: Այստեղ կարևոր է այն, որ ներդրողները, կիրառելով այս մոտեցումն իրենց բիզնեսում, փոփոխություն են բերում ձեռնարկատիրական մշակույթի մեջ:
Ընդհանրացնելով հետազոտության արդյունքները՝ կարելի է եզրակացնել, որ.
• ՀՀ-ում սփյուռքահայերի կողմից ներդրումներ իրականացնելու կարևոր դրդապատճառը էմոցիոնալ վերաբերմունքն է, նաև ընտանիքով ՀՀ տեղափոխված լինելու փաստը։
• ՀՀ-ում սփյուռքահայերի ներդրումային գործունեության հիմնական խոչընդոտը բիզնեսի վարման մշակութային տարբերություններն են։
• Սփյուռքահայ ներդրողները, բախվելով տեղական բիզնեսի վարման մշակույթին, ինտեգրվելով դրան կամ հակառակը, իրենց հերթին ներմուծում են այլ մշակույթ: Դա ընձեռում է ձեռնարկատիրական այլընտրանքային գործունեության հնարավորություն և բազմազանեցնում է ՀՀ բիզնես միջավայրը:
• Երբ սփյուռքահայ ներդրողները մտադիր են զարգացնել իրենց բիզնեսը Հայաստանում, առաջացած խնդիրների լուծման համար ձեռնարկում են հատուկ քայլեր՝ օգտվելով միջազգային փորձից կամ մշակելով սեփական ռազմավարություն:
• ՀՀ-ում սփյուռքահայերի ներդրումները հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել տնտեսական գործունեությունը Հայաստանում, քանի որ նրանք չեն հանդիսանում պետական տնտեսական գործունեության պլանավորման ռազմավարության կրող:
1 «Սփյուռքահայ ձեռներեցները Հայաստանում. նրանց գործունեության փորձը, խնդիրներն ու հեռանկարները» գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ծրագիր, ղեկավար՝ Ռ.Ս. Կարապետյան, 2015-2017թթ.:
2 Հետազոտության մեջ սփյուռքահայ ներդրող է հանդիսանում այն անձը, ով ինքն իրեն համարում է սփյուռքահայ և զբաղվում է ներդրումային գործունեությամբ:
դեպի ետ