• am
  • ru
  • en
Версия для печати
12.05.2014

ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է, ԿԱՄ՝ ԿՈՐԵԱԿԱՆ ԹՆՋՈՒԿ

   

Մհեր Սահակյան
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ, ՉԺՀ

Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության (ԿԺԺՀ)՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու մասին հայտարարությունը նոր իրավիճակ ստեղծեց միջազգային հարաբերություններում: Սա պատճառ կարող է հանդիսանալ, որ նրա օրինակին հետևեն Հեռավոր Արևելքի այլ երկրներ: Այսպիսով, ԿԺԺՀ-ԿՀ (Կորեայի Հանրապետություն) հավասարակշռությունը խախտված է հօգուտ առաջինի: Կցանկանա՞ արդյոք ԿՀ-ն մնալ իր դաշնակցի՝ ԱՄՆ հույսին, թե՞ կփորձի ստեղծել սեփական միջուկային զենքը՝ կախված է բանակցությունների արդյունքից: Եթե հաշվի առնենք Ճապոնիայի հայտարարությունը1, թե ԿԺԺՀ միջուկային զինանոցը սպառնում է Ծագող արևի երկրին, ապա կարելի է եզրակացնել, որ Ճապոնիան էլ կշարունակի միջուկային տեխնոլոգիաների ուսումնասիրությունները: Եվ այսպես, հասունացող իրավիճակը պայթյունավտանգ է դարձնում արևմուտքից արևելք տեղափոխված աշխարհի տնտեսական շարժիչ ուժի՝ Հեռավոր Արևելքի անվտանգությունը: Հեռավորարևելյան երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, ԿՀ-ն, դարձել են տնտեսական առաջատարներ: Աննախադեպ զարգացում է ապրում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի տնտեսությունը: Չինաստանը տնտեսական ցուցանիշներով դարձել է երկրորդը. եթե հավատանք արևմտյան որոշ վերլուծաբանների, ապա 50 տարուց Չինաստանը կդառնա առաջինը: Այսպիսի զարգացումներում հայտնվում է տնտեսական ծանր վիճակում գտնվող ԿԺԺՀ-ն ու միջուկային սպառնալիք ներկայացնում...

Հետաքրքիր է, որ հրթիռային համակարգերի և միջուկային փորձարկումներից հետո ԿԺԺՀ-ն կարծես դուրս է եկել Պեկինի ազդեցության գոտուց, փորձում է սեփական խաղի կանոնները թելադրել: ԿԺԺՀ-ն չի ենթարկվում ՄԱԿ ԱԽ բանաձևերին2, հայտարարում է, որ դուրս է եկել ՄԶՉՊ-ից, մերժում է միջազգային նորմերը, կասկածի տակ դնում ՄԱԿ արդյունավետությունն ու հեղինակությունը: Կորեական պատերազմից հետո ԱՄՆ-ը նոր հնարավորություն է ստացել տնտեսական պատժամիջոցներով ծնկի բերել կոմունիզմի հերթական «մոհիկանին»: Չինաստանը կանգնած է դժվար ընտրության առաջ՝ կամ պետք է մասնակցի «չարաճճի պիոների» պատժման գործընթացին, կամ դեմ գնա միջազգային հասարակությանը:

Չինաստանին ձեռնտու է ԿԺԺՀ կայուն իրավիճակը, քանի որ ռեժիմի փոփոխությունը, պատերազմական իրավիճակը պատճառ կդառնան ԿԺԺՀ-ից դեպի Չինաստան բազմաթիվ գաղթականների արտահոսքի, որը լարված իրավիճակ կստեղծի Չինաստանի արևելքում: Չինաստանը ԿԺԺՀ-ի միջոցով հեռու է պահում ԱՄՆ ցամաքային զորքերն իր արևելյան սահմաններից: Չինաստանը տնտեսապես օժանդակելով ԿԺԺՀ-ին՝ պահպանում էր կոմունիստական վարչակարգն ու հույսը, որ «Արևելք-Արևմուտք» հնարավոր հակամարտությունում կօգտագործի ԿԺԺՀ ահռելի բանակը, բայց ԿԺԺՀ անկանխատեսելի խաղը սկզբում տարակուսանք, իսկ հետո զայրույթ առաջացրեց Պեկինում: Չինաստանը նաև չի ցանկանում ԿԺԺՀ պատճառով հարաբերությունները սրել կարևոր տնտեսական գործընկերների՝ ԱՄՆ-ի, ԿՀ-ի, Ճապոնիայի, ԵՄ-ի հետ, որոնք կողմնակից են կոշտ պատժամիջոցների՝ ընդհուպ մինչև ռազմական գործողություններ: Չինաստանը սկզբնական շրջանում փորձում էր ՄԱԿ ԱԽ-ում մեղմել ԿԺԺՀ-ի դեմ ուղղված պատժամիջոցները, սակայն, երբ վերջինս դուրս եկավ Չինաստանի նախաձեռնությամբ ընթացող վեցակողմ բանակցություններից, ատոմային փորձարկումներ կատարեց, Չինաստանի համբերության բաժակը լցվեց: Արդյունքում՝ ՄԱԿ ԱԽ-ն ընդունեց բանաձևեր, որոնցով ծանր պատժամիջոցներ են կիրառվում ԿԺԺՀ ռազմական արդյունաբերության, տնտեսության, ֆինանսական համակարգի նկատմամբ:

Ռուսաստանն, իր հերթին, փորձում է ՄԱԿ ԱԽ շրջանակներում իր գործողությունները համաձայնեցնել Չինաստանի հետ, իսկ հետո մյուս գործընկերների հետ դուրս գալ բանակցությունների:

Հայացք Փհենյանից

Իսկ ի՞նչ են ցանկանում Փհենյանում, ի՞նչ իմաստ ունի էլ ավելի խճճել հանգույցը, ի՞նչ են ուզում ապացուցել: Կարծում եմ՝ Փհենյանում սեփական ատոմային ծրագիրը վերջնական փուլին հասցնելուն դրդեցին Ծոցի պատերազմի արդյունքները:

Կհարվածե՞ր արդյոք ԱՄՆ-ը Իրաքին, եթե վերջինս ատոմային մարտագլխիկներ ունենար… Կարծես՝ այս հարցում Փհենյանում համակարծիք են հնդկական բանակի գեներալ Սանդարջիի այն մտքին, թե Ծոցի պատերազմի հիմնական դասն այն էր, որ որևիցե երկիր, եթե ցանկանում է վիճել ԱՄՆ-ի հետ, ապա դա հնարավոր է միայն միջուկային զենքի առկայության դեպքում3։ Եթե հաշվի առնենք ԱՄՆ ագրեսիվ քաղաքականությունն ընդդեմ «ոչ բարեկամ երկրների», ապա ԿԺԺՀ ղեկավարության հաշվարկները ճշգրիտ են թվում: Այլ հարց է՝ արդյո՞ք արևմուտքից եկող վտանգը զսպելու լավագույն միջոցը միջուկային զենքն է: Չէ՞ որ միջուկային զենքի փորձարկման արդյունքում «ստացած» տնտեսական պատժամիջոցների պատճառով ԿԺԺՀ տնտեսությունը կարող է փլուզվել, ու միջուկային զինանոցն այս դեպքում չի օգնի նրան, ինչպես ժամանակին չօգնեց Խորհրդային Միությանը: Հրթիռների, տիեզերանավերի, միջուկային զենքի փորձարկումներով ԿԺԺՀ ղեկավարությունը ցանկանում է դիվիդենդներ շահել նաև ներքին լսարանում՝ ցուցադրելով, որ երկիրը զարգանում է և արդիականացվում:

Այս համայնապատկերում 2013թ. ԿԺԺՀ-ի կողմից պաշտոնապես հայտարարված նոր գիծը՝ byungjin-ը, կարծես անիրագործելի է, քանի որ այն նպատակ ունի արդիականացնել միջուկային զինանոցն ու կառուցել մրցունակ տնտեսություն: Սակայն տնտեսության զարգացումը, թերևս, անհնար է ներկայիս պատժամիջոցների պայմաններում, որոնք ԿԺԺՀ տնտեսությունը փաստացիորեն շրջափակման են ենթարկել:

Միջուկային զենքը նորաձև՞ է դառնում

Թվում էր՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված Ռազմավարական հարձակողական զենքերի կրճատման պայմանագրերը նոր խթան կհանդիսանան միջուկային զինանոցների կրճատման գործում, բայց ԿԺԺՀ միջուկային զենքի փորձարկումները կարող են միջուկային սպառազինությունների մրցավազքի պատճառ հանդիսանալ, ինչը կսպառնա աշխարհի անվտանգությանը:

21-րդ դարում ահաբեկիչները բազմիցս ապացուցել են, որ կարող են ձեռք բերել և օգտագործել ցանկացած տեսակի զինատեսակ… Սիրիայի իրադարձությունները ցույց տվեցին, որ պետությունները երբեմն ի վիճակի չեն հեղափոխությունների կամ անկայուն իրավիճակների դեպքում վերահսկել սեփական զինանոցը: Մի պահ պատկերացնենք, թե ինչ կործանարար հետևանքներ կլինեն, եթե x երկրի միջուկային զենքը հայտնվի ահաբեկիչների ձեռքում, ինչպես, օրինակ, քիմիական զենքը հայտնվեց ահաբեկիչների ձեռքում…

Նման հնարավոր զարգացումներից խույս տալու համար միջազգային հանրության հիմնական խնդիրը պետք է լինի՝ հորդորել բոլոր պետություններին հետևել Ռուսաստանի և ԱՄՆ օրինակին՝ կրճատել միջուկային զենքի պաշարները, բանակցությունների միջոցով միջուկազերծել Կորեական թերակղզին՝ սանձելով Հեռավոր Արևելքում հնարավոր միջուկային մրցավազքը: Այս միջոցառումների շնորհիվ աշխարհում վերջ կդրվի միջուկային սպառազինությունների մրցավազքին, տարածաշրջանի պետությունները միջուկային զենքի շնորհիվ սեփական անվտանգությունն ապահովելու խնդիր չեն ունենա:

1 UN SC 6141th meeting, S/PV .6141 Saturday, 12 July 2009, New York.

2 UN SC resolutions 1718 (2006), 1874 (2009), 2087 (2013) and 2094 (2013), 1874 (2009), 2087 (2013) and 2094 (2013). Available at: http://www.un.org/sc/committees/1718/

3 John Baylis and Mark Smith, The control of Weapons Mass Destruction, Strategy in the contemporary world, Edited by John Baylis, J.J. Wirtz, C.S Gray, Oxford 4th edition, February 2013, page 235.

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 4, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր