• am
  • ru
  • en
Версия для печати
19.04.2017

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

   

Մհեր Սահակյան
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ

21-րդ դարի առաջին տասնամյակից հետո Ռուսաստանին հաջողվեց դուրս գալ տնտեսական ճգնաժամից, վերականգնել ռազմական հզորությունն ու բռնել ինքնուրույն քաղաքական բևեռ դառնալու ճանապարհը: Դժվարին արտաքին մարտահրավերների նկատմամբ Ռուսաստանի արձագանքը հասկանալու, ինչպես նաև հետագա հնարավոր քայլերը վերլուծելու համար կարևոր է ուսումնասիրել Ռուսաստանի որդեգրած արտաքին քաղաքական ռազմավարությունը:

2016թ. նոյեմբերի 30-ին Կրեմլը հրապարակեց «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգ» փաստաթուղթը, որը ստորագրվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Հետագայում ռուսական դիվանագիտությունը հենց այս իրավական փաստաթուղթը հիմք վերցնելով կշարունակի գործունեությունը:

Այս փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը նպատակ ունի ապահովել երկրի անվտանգությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, այն պետք է նպաստի ժողովրդավարական ու իրավական երկրի ստեղծմանը, ինչպես նաև խթանի մրցունակ տնտեսության զարգացմանը [1, с. 1-2]։

Հատկանշական է, որ հայեցակարգում ասվում է, որ ռուսական արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը Ռուսաստանն արդի աշխարհի ազդեցիկ կենտրոններից մեկը դարձնելն է [1, с. 2]։

Այս կետը խոսում է այն մասին, որ ապագայում Ռուսաստանն ավելի ակտիվ է ներգրավվելու համաշխարհային քաղաքականությունում, փորձելու է ստեղծել նոր ազդեցության գոտիներ, գտնել նոր դաշնակիցներ ու համակիրներ, որոնց միջոցով առաջ է տանելու իր ազգային շահը, միջազգային տարաբնույթ զարգացումներից փորձելու է քաղել սեփական օգուտները:

Ինչ խոսք, Ռուսաստանն այս ամենն իրագործելու համար հզոր լծակներ ունի, կարելի է նշել հետևյալ հանգամանքները.

1. Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) 5 մշտական անդամներից է: Այս հանգամանքը Մոսկվային հնարավորություն է ընձեռում իր ձայնը լսելի դարձնել համաշխարհային օրենսդրության ստեղծման այս բարձր հարթակում: Մշտական անդամակցությունը Ռուսաստանին տալիս է նաև վետոյի իրավունք, այսինքն՝ առանց նրա վերջնական համաձայնության ՄԱԿ ԱԽ մյուս գործընկերները չեն կարող բանաձևեր ընդունել, ինչը Ռուսաստանին հնարավորություն է տալիս պահպանել իր տեղը համաշխարհային կարևոր խաղացողների ցանկում: Հենց սա է պատճառը, որ արտաքին քաղաքականությանը վերաբերող նոր հայեցակարգում նշված է, որ Ռուսաստանը հետամուտ է լինելու ՄԱԿ դերի բարձրացմանն ու ամրապնդմանը:

2. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) փլուզումից հետո էլ Ռուսաստանը շարունակում է տիրապետել աշխարհի՝ հզորությամբ երկրորդ ռազմական զինանոցին, որում առկա է նաև արդիականացված միջուկային սպառազինություն: Մոսկվան ռազմական ցուցանիշներով զիջում է միայն Վաշինգտոնին: Սեփական զինուժը հզորացնելու և արդիականացնելու համար Մոսկվան մինչև 2020թ. մտադիր է ներդնել $700 մլրդ [2, p. 24]։

3. Ռուսաստանը տիրապետում է նավթի ու գազի, բնական հանածոների հսկայական պաշարների, որոնք նրան նույնպես զարգանալու մեծ հնարավորություններ են ընձեռում: Վերջին տարիներին նավթի գների1 կտրուկ անկման պայմաններում էլ այս գործոնը դեռևս շարունակում է կարևոր դեր խաղալ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում, քանի որ էներգակիրների մատակարարումների շնորհիվ Ռուսաստանը որոշակի տնտեսական և քաղաքական ազդեցություն է ստանում:

4. Աշխարհագրական դիրքը ևս մեծ դեր է խաղում, քանի որ ռուսական ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերը մանևրելու մեծ հնարավորություններ են ստանում: Արևելքից արևմուտք ձգվող սահմանները Ռուսաստանին ընձեռում են նաև տնտեսական լայն հնարավորություններ, այն Եվրոպան Ասիային կապող կամուրջ է:

Անդրադառնանք հայեցակարգի հիմնական որոշ դրույթների, ներկայացնենք, թե որ ուղղություններով է շարժվելու «ռուսական արջը», որ լծակներն են Մոսկվայի կողմից օգտագործվելու արտաքին քաղաքականությունում, ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ Ռուսաստանի՝ համաշխարհային ակտիվ քաղաքականություն վերադառնալու պայմաններում:

Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)

Հայեցակարգում Ռուսաստանի արտաքին քաղաքականության տարածաշրջանային առաջնահերթությունների վերաբերյալ բաժնում նշված է, որ Ռուսաստանի հիմնական նպատակն է զարգացնել բազմակողմ և երկկողմ հարաբերություններ ԱՊՀ երկրների հետ, նպաստել Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն ծրագրերի իրագործմանը [1, с. 22-23]։

Հայեցակարգի 51-րդ կետում կարևորվում են Եվրասիական տնտեսական միության2 (ԵԱՏՄ) շրջանակներում Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համատեղ ծրագրերի իրագործումը [1, с. 23]։

Այս հավակնոտ ծրագիրը նպատակ ունի մեկ քաղաքական ու տնտեսական միավորի մեջ համախմբել նաև նախկին ԽՍՀՄ մյուս անդամներին, որոնք դեռևս չեն ինտեգրվել: Խոսքն առաջին հերթին այն երկրների մասին է, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո, ցավոք, հետընթաց ապրեցին և այդպես էլ չկարողացան ադապտացվել ներկա բարդ համաշխարհային գործընթացներին, ի վիճակի չեղան գտնել իրենց այն քաղաքական ու տնտեսական տեղն ու դերը, որը նրանց հետաքրքիր կդարձներ այլ խաղացողների համար. արդյունքում՝ գտնվում են քաղաքական ու տնտեսական խոր ճգնաժամի մեջ, որին ավելանում է նաև սեփական անվտանգության հետ կապված հարցերը ինքնուրույն լուծելու անկարողությունը:

Ինչպես 2005թ. նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԽՍՀՄ քաղաքական դաշտից անհետացումն իսկական «մեծ աշխարհաքաղաքական աղետ» էր [5, pp. 30-38]։ Աղետ էր հատկապես ԽՍՀՄ-ի և նրա հիմնական դաշնակիցը հանդիսացող երկրների համար: Ընդամենը մի գիշերվա մեջ աշխարհի հզորագույն երկրի քաղաքացիները հայտնվեցին սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում, իսկ ԽՍՀՄ անդամ որոշ երկրներում սկսվեցին ազգամիջյան բախումներ:

Թվում էր, թե հետխորհրդային տարածքում գտնվող երկրները նույնպես պետք է հետաքրքրված լինեին ԵԱՏՄ-ին3 անդամակցելու տեսլականով, բայց իրավիճակը բարդացնում են ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած բազմաթիվ հակամարտությունները, որոնք խանգարում են ինտեգրացիոն գործընթացներին: Այս ծրագրի երկրորդ խանգարիչ հանգամանքն է նաև Արևմուտքի դիրքորոշումը, որն ամեն գնով փորձում է խանգարել ԽՍՀՄ հնարավոր «վերակենդանացման» աշխատանքներին, թեև հասկանալի է, որ երկրորդ ԽՍՀՄ նույնիսկ տեսականորեն այլևս հնարավոր չէ ստեղծել:

Երկրորդ հիպոթեզի լավագույն ապացույցը կարող է հանդիսանալ Արևմուտքի օգնությամբ Ուկրաինայում իրականացված հեղափոխությունը, որի հետևանքով Ուկրաինան կտրվեց Ռուսաստանից, ուստի չանդամակցեց ԵԱՏՄ-ին, իսկ Ուկրաինայի Արևելքում տեղի ռուսների և ուկրաինական ուժերի միջև ռազմական բախումները խոչընդոտներ են առաջացնում այս երկու սլավոնական ազգերի միջև, որոնք կապված էին պատմական ու մշակութային բազմաբնույթ հարաբերություններով: Ռուսաստանի համար իրավիճակը բարդացավ նաև Արևմուտքի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև նավթի գնի անկման պատճառներով: Համենայնդեպս, նույնիսկ այս դժվար իրավիճակում Ռուսաստանին հաջողվեց որոշակի հաջողություն արձանագրել Սիրիայում, որտեղ նրա օդուժի անմիջական օժանդակությամբ Բաշար ալ-Ասադը կարողացավ դուրս գալ անելանելի իրավիճակից ու անցնել հակահարձակման, իսկ Ուկրաինայի արևելքում ռուսամետ ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը:

Ռուսական արջը փորձում է փրկել Մերձավոր Արևելքի վառվող փեթակները

Ռուսաստանը սիրիական հիմնախնդրի կարգավորումը տեսնում է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմամբ [1, с. 33]։ Ի դեպ, ռուսներին հաջողվեց Արևելյան Հալեպն ընդդիմադիրներից և ահաբեկիչներից «մաքրելու» հարցում համաձայնություն ձեռք բերել Թուրքիայի և Իրանի հետ:4 Հետաքրքիր է, որ Հալեպն Ասադին վերադարձնելու հարցում այս յուրահատուկ և միմյանցից խիստ տարբեր անդամերից բաղկացած եռյակին հաջողվեց շրջանցել ԱՄՆ-ը:

Ինչպես նշում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «ԱՄՆ-ի հետ ձեռք բերված նախկին համաձայնությունները ձախողվեցին ամերիկացիների մեղքով, քանի որ Վաշինգտոնում ի վիճակի չգտնվեցին կամ չցանկացան ապահովել ամենագլխավորը, այն է՝ տարբերակում մտցնել այսպես կոչված «չափավոր ընդդիմության» ջոկատների և «Իսլամական պետության», «Ան-Նուսրայի» և այլ ծայրահեղական կազմակերպությունների ահաբեկիչների միջև: Հետագայում էլ կշարունակենք համագործակցությունն Անկարայի, Թեհրանի և տարածաշրջանի մյուս ուժերի հետ»5։

Ռուսաստանի՝ Սիրիայի հակամարտությունում բռնած կոշտ դիրքորոշումն ու իսլամական ծայրահեղական գաղափարներն ահաբեկչության նպատակներով տարածողներին մինչև վերջ ոչնչացնելու վճռականությունը գալիս է նաև նրանից, որ Ռուսաստանում6 բնակվում են միլիոնավոր մուսուլմաններ, և այս քայլով Ռուսաստանը փորձում է կասեցնել «Իսլամական պետության գաղափարախոսություն» կոչված հիվանդության տարածումը սեփական երկրում և ազդեցության գոտիներում:

Լինելով ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից մեկը՝ Ռուսաստանը կարևոր դեր է խաղում նաև իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման գործում: Իրանական դիվանագիտական «ճակատում» միջազգային հանրությունը կարողացավ հաջողություն գրանցել նաև Ռուսաստանի վարած կառուցողական քաղաքականության շնորհիվ: Կարևոր է նշել, որ Ռուսաստանը մշտապես դեմ է հանդես եկել Իրանում միջուկայնացման դեմ պայքարի քողի տակ հնարավոր հեղաշրջում կազմակերպելու Արևմտուտքի ծրագրերին [7]։ Ռուսաստանը նաև դեմ է արտահայտվել հարցը ռազմական ուղով լուծելուն, ինչպես նաև միակողմանի պատժամիջոցների միջոցով, որոնք հաստատված չեն ՄԱԿ ԱԽ կողմից, Թեհրանին ծնկի բերելուն: Խաղալով կառուցողական դեր՝ Ռուսաստանն առաջարկեց հարցի փուլային լուծման տարբերակը, որն էլ հետագայում հիմք հանդիսացավ Իրանի հետ բազմակողմ հարաբերություններում հաջողություն արձանագրելու գործում [8, p. 20]։

Վայրիվերումների շարան. այսպես կարելի է բնութագրել ռուս-թուրքական հարաբերությունները, սակայն փաստ է, որ այս փուլում երկու կողմերն էլ կարևորում են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարաբերությունները: Վերոնշյալի վառ ապացույցն է այն, որ ռուսական ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչը թուրքերի կողմից խոցվելուց հետո երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամը կարճ տևեց: Սակայն Մերձավոր Արևելքում առկա նոր իրավիճակը, երբ ԱՄՆ-ը փորձում է հեռանալ կամ ցույց է տալիս, որ մտադիր է հեռանալ, հնարավոր է՝ այս կարևոր տարածաշրջանն ազդեցության ոլորտների բաժանման ռուս-թուրքական նոր դիմակայության հետևանք դառնա, որից, իհարկե, անմասն չի մնա նաև Իրանը:

Հեռավորարևելյան ուղղության ռուսական տեսլականը, կամ՝ ռուսական արջը նայում է դեպի Պեկին

Արտաքին քաղաքականության հայեցակարգում նշված է, որ նկատվում է, որ համաշխարհային պոտենցիալը կուտակվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այդ պատճառով Արևմուտքը հետզհետե կորցնում է իր քաղաքական ու տնտեսական առաջատարի պատմական դերը [1, с. 3]։

Այս համատեքստում կարևոր է արձանագրել Հեռավոր Արևելքում սեփական ձեռագրով պատասխանատու ուժի՝ Չինաստանի ի հայտ գալը, որն իր «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու (ՄՃՏԳ), «Ծովային մետաքսի ճանապարհ» (ԾՄՃ) ծրագրերի միջոցով փորձում է էլ ավելի մեծացնել իր ազդեցությունը [9, էջ 43]։ Հետաքրքրական է, որ Ռուսաստանի նախագահը չինական այս խոշոր տնտեսական ծրագրում վտանգ չի տեսնում, ընդհակառակը, գտնում է, որ ԵԱՏՄ-ն պետք է համակցել ՄՃՏԳ-ին7։

Պարզ է, որ Արևմուտքի հետ հարաբերությունների սրման պայմաններում Ռուսաստանը պետք է խորացնի հարաբերությունները Չինաստանի հետ: Սա նշված է նաև հայեցակարգի 84-րդ կետում, ըստ որի՝ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում Չինաստանի հետ զարգացնել համագործակցությունը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բնագավառներում [1, с. 31]։ Կարևոր է նաև նշել, որ միայն Չինաստանը չի կարող փակել ռուսական տնտեսությունում առաջացած այն բացը, որն ի հայտ եկավ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումից հետո: Ինչպես նշում է Սթենֆորդ համալսարանի պրոֆեսոր Ստեպան Կոտկինը. «Իրականում Չինաստանի հետ սկսված «աղմկոտ» «ռազմավարական գործընկերությունը» շատ քիչ ներդրումներ և ֆինանսներ բերեց Ռուսաստանին, և դրանք ի վիճակի չեն փակել այն վնասները, որոնք առաջացել են արևմտյան պատժամիջոցների պատճառով» [4, с. 7]։

Ի տարբերություն տնտեսական դաշտում համագործակցության դանդաղ զարգացման՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև ձևավորվել է քաղաքական սերտ համագործակցություն: Այս համագործակցության արդյունքներից հատկանշական է իրանական և կորեական միջուկային հիմնախնդիրների, Չինական ծովի, սիրիական ճգնաժամի շուրջ տարվող բանակցություններում տեսակետների ու դիրքորոշումների համապատասխանեցումը: Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ նաև Ռուսաստանի և Չինաստանի8 արտահայտած կոշտ դիրքորոշմանն ընդդեմ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ձեռք բերած համաձայնության, ըստ որի՝ վերջիններս ցանկանում են Հյուսիային Կորեայի սահմանի մոտ տեղակայել ԱՄՆ THAAD (Terminal High Altitude Area Defense) հակաօդային պաշտպանության կայանները, որոնք ի վիճակի են չեզոքացնել նաև Ռուսաստանի ու Չինաստանի տարածքից արձակված հրթիռները:

Ինչպես Իրանի միջուկայնացման հիմնախնդրի պարագայում, այնպես էլ Հյուսիսային Կորեային դեպքում Ռուսաստանը դեմ է հանդես գալիս Կորեական թերակղզում միջուկային սպառազինությունների տարածմանը: Հյուսիսային Կորեայի միջուկային հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն բազմակողմ բանակցությունների միջոցով [1, c. 32]։ Եթե ՄԱԿ ԱԽ-ում իրանական միջուկային հիմնահարցի լուծման շուրջ տարվող բանակցություններում Ռուսաստանն էր առաջին համարի տակ խաղում՝ ստանալով Չինաստանի աջակցությունը, ապա Հյուսիսային Կորեայի հիմնահարցում Մոսկվան փորձում է փոխլրացնել Պեկինին:

Արևմտյան ուղղության փակվող, բայց դեռևս չփակված դռները

Թեև հայեցակարգում նշվում է, որ Ռուսաստանը հետևողական է 2010թ. ապրիլի 8-ին ԱՄՆ-ի հետ ձեռք բերված ռազմավարական նշանակություն ունեցող հարձակողական սպառազինությունների կրճատմանը վերաբերող համաձայնությունների հարցում [1, с. 11], բայց պետք է նաև արձանագրել այն փաստը, որ ներկա լարված հարաբերությունները բարդացնում են սպառազինությունների կրճատման շուրջ հնարավոր նոր համաձայնությունների ձեռքբերումը: Առավել ևս, նման իրավիճակում մեծանում է վտանգը, որ կողմերը հնարավոր է նաև հրաժարվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունից ու սպառազինությունների նոր մրցավազք սկսեն, ինչպիսին առկա էր Սառը պատերազմի տարիներին:

Հայեցակարգում քննադատության է արժանացվում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և Եվրոպական միության (ԵՄ)՝ Եվրատլանտյան տարածաշրջանում վարած քաղաքականությունը: Այս երկու արևմտյան միավորների քաղաքականությունը Ռուսաստանը որակում է որպես «էքսպանսիա»: Նշվում է, որ եվրոպական ընդհանուր անվտանգության դաշտ ստեղծելու գաղափարն այդպես էլ մնացել է թղթի վրա, իսկ Ռուսաստանին զսպելու ԱՄՆ և նրա արևմտյան գործընկերների քաղաքականությունը պատճառ է հանդիսացել հարաբերությունների վատթարացման [1, с. 25]։

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Վարշավայի պակտի նախկին անդամները սկսեցին անդամագրվել ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը ևս փորձեց հասկանալ, թե որքանով է այս գործընթացը նպաստում կամ հակասում Ռուսաստանի ազգային շահերին: Հատկանշական է, որ 1988-1994թթ. ընկած ժամանակահատվածում Ռուսաստանը սեփական բանակի անձնակազմի թիվը 5 մլն-ից կրճատեց և հասցրեց 1 մլն-ի [10, с. 98]։

«Դեռևս 1991թ. դեկտեմբերին, երբ ԽՍՀՄ-ը ֆորմալ առումով դեռևս գոյություն ուներ, Ռուսաստանի նախագահ Բ.Ելցինը պատրաստակամություն հայտնեց ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը դարձնել արտաքին քաղաքականության բնագավառում Ռուսաստանի հեռահար նպատակներից մեկը» [10, с. 87]։ Տարիներ անց Բ.Ելցինը հիշեցման կարգով ավելացրեց, որ Մոսկվան դեմ է առանց Ռուաստանի ՆԱՏՕ ընդլայնմանը [10]։

Ավելի ուշ, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնեց Եվգենի Պրիմակովը, ռուսները, զգալով ՆԱՏՕ ընդլայնման արդյունքում միայնակ մնալու և ՆԱՏՕ-ական երկրների կողմից «բնական» շրջապատման մեջ ընկնելու վտանգը, հստակեցրին իրենց արտաքին քաղաքականությունը և դեմ արտահայտվեցին ՆԱՏՕ կազմի հետագա ընդլայնմանը: Եվգենի Պրիմակովն իր գրքում, խոսելով ՆԱՏՕ ընդարձակման շուրջ իր վարած բանակցությունների մասին, նշում է. «1996թ. հուլիսի 30-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ռիֆկինդի հետ հանդիպման ժամանակ ես նշեցի, որ ՆԱՏՕ ընդարձակման հարցում գոյություն ունեն երկու «կարմիր գծեր», որոնք ռուսները չեն անցնի: Ուղղահայացը, որ ՆԱՏՕ ենթակառուցվածքները նոր անդամների շնորհիվ մոտենան Ռուսաստանի սահմաններին, իսկ հորիզոնական գիծն այն է, որ Մոսկվան երբեք չի հաշտվի Բալթյան և նախկին ԽՍՀՄ մյուս անդամ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փաստի հետ» [11, с. 226]։ Վերոնշյալ մտքերը մինչև այսօր էլ շարունակում են մնալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչները: Այս համատեքստում պետք է փորձել հասկանալ նաև Ռուսաստանի անհամաձայնությունն ու կտրուկ արձագանքն ի պատասխան Վրաստանի և Ուկրաինայի ղեկավարության ցանկությանն՝ անդամակցել ՆԱՏՕ-ին:

ՆԱՏՕ ընդգծված հակառուսական ուղղվածությունը Մոսկվայում քաջ գիտակցում են, սա է փաստում նաև Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում. «Որոշ գործընկերների (նկատի ունի ԱՄՆ-ը) մոտ դեռևս պահպանվում են «Սառը պատերազմի» ժամանակաշրջանին հատուկ «ճամբարային» մտածելակերպը և աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող նոր տարածքների իրացմամբ զբաղվելը: Սկզբնական շրջանում նրանք շարունակեցին ՆԱՏՕ ընդլայնման քաղաքականությունը, հարց է առաջանում՝ ինչո՞ւ, եթե Վարշավայի պակտը դադարեցրեց իր գործունեությունը, իսկ ԽՍՀՄ-ը քանդվեց»9։ Հետևելով դեպքերի ընթացքին՝ կարելի է եզրակացնել, որ ՆԱՏՕ-ն ներկայում օգտագործվում է Ռուսաստանին զսպելու համար, այն հանդիսանում է նաև Արևմուտքի յուրահատուկ «պատժիչ ձեռքը», որի միջոցով ժամանակ առ ժամանակ հեռացնում է իրեն ոչ հարմար քաղաքական ռեժիմները:

Ռուս-ամերիկյան հակամարտությունը տեղափոխվել է նաև կիբեռոլորտ, այստեղ ծավալվել է իսկական պատերազմ: Ըստ ամերիկյան կողմի, հենց ռուս ցանցահենների միջոցով աշխարհը տեղեկացավ Հիլարի Քլինթոնի պաշտոնական գաղտնիք պարունակող էլեկտրոնային նամակագրության հետ կապված խնդիրներին, ինչն էլ նպաստեց այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում թեկնածու Քլինթոնը ձայներ կորցնի: ԱՄՆ որոշ պաշտոնյաներ Ռուսաստանին մեղադրեցին կիբեռհարձակումների միջոցով ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու մեջ: Գործը հասավ նրան, որ Օբամայի վարչախումբը վտարեց ԱՄՆ-ում գտնվող ռուս դիվանագետներին՝ մեղադրելով նրանց ԱՄՆ-ի դեմ իրագործված կիբեռհարձակումների մասնակիցը լինելու մեջ: Վ.Պուտինը չպատասխանեց ԱՄՆ այս քայլին՝ պատճառաբանելով, որ ցանկություն չունի իջնել «խոհանոցային» դիվանագիտության մակարդակին: Արդյունքում՝ նա մասնակիցը չդարձավ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերջին կամուրջը հրկիզելու գործին և ևս մեկ անգամ փաստեց, որ պատրաստ է համագործակցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դ.Թրամփի թիմի հետ ու չի ցանկանում սրել իրավիճակը:

Ռուս-ամերիկյան վերջին բախումների պատճառները կարելի է գտնել նաև «Ռուսաստանը համաշխարհային հարցերում» պարբերականի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Ֆյոդոր Լուկյանովի արտահայտած հետևյալ մտքում. «Երկբևեռ աշխարհի հակամարտությունների ժամանակները վաղուց են անցել, բայց միաբևեռ աշխարհակարգի ժամանակն էլ է անցել, որտեղ 1991-ից գերիշխում էր ԱՄՆ-ը: Ներկայիս բազմաբևեռ աշխարհը միջազգային հարաբերությունների դաշտ բերեց ավելի շատ անվստահություն: Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը ներկայում պայքարում են աշխարհում իրենց ներուժին համապատասխան դիրքեր զբաղեցնելու համար» [5, p. 31]։

Համենայնդեպս, կարևոր է նաև չմոռանալ այն հանգամանքը, որ ռուսական տնտեսությունը հավասար է ԱՄՆ տնտեսության միայն 1/15 մասին [4, p. 3], և թեև Ռուսաստանին 2016թ. ընթացքում հաջողվեց պահպանել հավասարակշռությունը, բայց Արևմուտքի հետ հետագա առճակատումը կարող է վտանգավոր շրջադարձներ ունենալ:

Ղրիմի՝ Ռուսաստանին անցնելուց հետո հարաբերությունները հարթ չեն նաև ԵՄ-ի հետ10։ Ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ ԵՄ-ը մի շարք պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի դեմ:

2016թ. հունիսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին փոխանցեց մի շարք առաջարկություններ, որոնց իրագործման շնորհիվ Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների բարելավման ականատեսը կլինեինք, սակայն ԵՄ ղեկավարությունը ոչ միայն մերժեց դրանք, այլև 2016թ. վերջին երկարաձգեց հակառուսական պատժամիջոցների ժամկետները11։

Թե ինչպես կընթանան ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները, մեծապես կախված է նաև 2017թ. Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրությունների արդյունքից, ինչպես նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դ.Թրամփի արտաքին քաղաքականությունից:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշում է, որ Ռուսաստանը մտադրություն չունի հակամարտել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի հետ: Նա հավելում է, որ Եվրոպական մայրցամաքի բնակիչների շահերի բավարարման լավագույն միջոցը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս ձգվող ընդհանուր տնտեսական և հումանիտար տարածքի ստեղծումն է: Նոր ստեղծված ԵԱՏՄ-ն էլ կարող է Եվրոպան Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջանի հետ ինտեգրող լավագույն կամուրջը դառնալ12։

Ամփոփենք. 2017-ը կարող է շրջադարձային դառնալ միջազգային հարաբերություններում։ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն կարող է հաջորդել նաև Ֆրանսիան, եթե 2017թ. Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տանի «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լը Պենը: Ինչպես նշում է Լը Պենը, դառնալով Ֆրանսիայի նախագահ՝ նա առաջ կքաշի եվրոն շրջանառությունից հանելու ծրագիրը, եթե դա չստացվի, ապա առաջարկությամբ հանդես կգա, որ Ֆրանսիան ԵՄ տարածքից դուրս գա [13]։ Դեպքերի նմանատիպ զարգացումների արդյունքում Ֆրանսիան ավելի անկախ քաղաքականություն կվարի և հնարավոր է, որ բարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սա է փաստում նաև Մարին Լը Պենի այն միտքը, որ ռուս-ֆրանսիական համագործակցությունը խորացնելու գործում ոչ մի իրական խոչընդոտ չկա: Միակ պատճառն այն է, որ ԱՄՆ-ը չի թույլատրում Ֆրանսիային: Նա նաև նշում է, որ ԱՄՆ-ը սխալ է գործում՝ Ռուսաստանի դեմ սկսելով նոր «Սառը պատերազմ», այս քայլով Վաշինգտոնը Մոսկվային մղում է Պեկինի գիրկը, իսկ ռուս-չինական ծայրահեղ հզոր ընկերակցությունը վտանգավոր է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի համար [13, p. 6]։

Ըստ հայեցակարգի 21-րդ և 22-րդ կետերի, Ռուսաստանը գիտակցում է իր պատասխանատվությունն աշխարհի անվտանգության պահպանման գործում, թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային մակարդակներում: Փաստաթղթում նշվում է, որ պատմության ընթացքում Ռուսաստանը խաղում է յուրահատուկ դեր, այն հավասարակշռում է միջազգային հարաբերությունները, ինչպես նաև նպաստում է համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը [1, с. 8]։

Այս մտքին համաձայն չէ ամերիկյան Սթենֆորդ համալսարանի պրոֆեսոր Ստեպան Կոտկինը. «Մինչև Ռուսաստանը չհամապատասխանեցնի իր նկրտումները սեփական հնարավորությունների հետ, այն չի դառնա «նորմալ» երկիր» [4, p. 6]։ Հակադարձելով Կոտկինին՝ պետք է նշել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը բազմիցս փորձեց ինտեգրվել արևմտյան աշխարհին ու դառնալ այդ «նորմալ երկիրը», սակայն հանդիպեց փակ դռների, որից հետո փորձեց շրջվել դեպի Արևելք, բայց այնտեղ էլ շատ դժվար է խաղարկելը, քանի որ Չինաստանն էլ իր սեփական խաղն է խաղում ու դժվար թե դիրքերը զիջի ռուսներին: Սա էր պատճառը, որ Ռուսաստանը հայացքն ուղղեց դեպի հետխորհրդային երկրներն ու սկսեց ինքնուրույն կենտրոնի վերածվելու հավակնոտ գործընթացը:

Արևմուտքի՝ Ռուսաստանը մեկուսացնելու և զսպելու քաղաքականության պատճառով այդ երկիրը, հնարավոր շրջափակումը ճեղքելու, սեփական ազգային շահերը պաշտպանելու նպատակով, սկսեց ագրեսիվ քաղաքականություն վարել և կայծակնային արագությամբ միավորեց թե՛ Ղրիմը, թե՛ Սևաստոպոլը: Ինչպես նշում է ամերիկյան Քարնեգի կենտրոնի մոսկովյան մասնաճյուղի տնօրեն Դմիտրի Տրենինը. «Ղրիմի՝ Ռուսաստանի հետ միավորման հարցը շատ ռուսների համար պատմական արդարության վերականգնում էր» [2, p. 29]։ Նմանատիպ կարծիք է արտահայտում նաև Ֆեոդոր Լուկյանովը. «ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսները Ղրիմի՝ Ռուսաստանի տարածքից դուրս մնալը համարել են տարածքային ամենանվաստատուցիչ կորուստը: Երկար ժամանակ Ղրիմը հանդիսանում էր հետխորհրդային շրջանում Ռուսաստանի՝ իր պատշաճ կարգավիճակի համար չպայքարելու խորհրդանիշը» [5, p. 35]։

Վերցնելով Ղրիմն ու պահպանելով Ասադի վարչակարգը՝ Ռուսաստանը տապալեց Արևմուտքի այն ծրագիրը, ըստ որի՝ նա պետք է դուրս վռնդվեր երկու ծովերից՝ Սև ու Միջերկրական: Պահելով Ասադին՝ Վ.Պուտինը պահպանեց և ընդլայնեց Լաթաքիայում գտնվող ռազմաբազաները, միավորելով Ղրիմն ու Սևաստոպոլը՝ նա պահպանեց ռուսական նավատորմի գերիշխող դիրքը Սև ծովում:

Սիրիական քաոսի և ուկրաինական հակամարտության ընթացքում, ԽՍՀՄ փլուզումից շատ հետո, Ռուսաստանը ցուցադրում է, որ ի վիճակի է պաշտպանել սեփական ազգային շահը ոչ միայն հայտարարությունների կամ բանակցությունների մակարդակում, այլև ռազմական ուժի ակնհայտ կամ քողարկված օգտագործմամբ:

Հետաքրքիր է, որ Ղրիմը Ռուսաստանին միավորելու շնորհիվ, մինչև 2016թ. փետրվարը նախագահ Վ.Պուտինի վարկանիշը շարունակում էր մնալ 80% [14, p. 44]։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ռուսաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունն արժանանում է նաև ազգաբնակչության հավանությանը:

Ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ համաշխարհային ակտիվ քաղաքականություն Ռուսաստանի վերադառնալու պայմաններում:

Ռուսաստանը, միավորելով նախկին ԽՍՀՄ երկրները մեկ տնտեսական ու քաղաքական միավորի մեջ, կարող է ինքնուրույն, հզոր կենտրոն դառնալ, որն այլընտրանք կդառնա Արևմուտքի և Արևելքի (չինական) մոդելներին: Կիրառվող գաղափարախոսությունը՝ Եվրասիականությունը ևս հետաքրքիր է ընտրված, այն հնարավորություն կտա հետագայում ԵԱՏՄ դռները բաց պահել նաև Եվրասիա մայրացամաքի մյուս ժողովուրդների համար, որոնք հետաքրքրված կլինեն համագործակցել կամ ինտեգրվել ԵԱՏՄ-ին: Եթե իսկապես հաջողվի ԵԱՏՄ-ն ու ՄՃՏԳ-ն համակցել, ապա Ռուսաստանն ու Չինաստանը կարող են դառնալ հզոր բևեռ՝ վերջնականապես փոխելով «Սառը պատերազմից» հետո առաջացած, բայց արդեն ճաքեր տված միաբևեռ աշխարհը:

Ռուսաստանի ակտիվացումը նշանակում է, որ հետագայում ամրապնդվելու է նաև ՄԱԿ դերակատարումը, եթե առաջ ԱՄՆ-ը բազմաթիվ անգամներ անտեսում էր ՄԱԿ-ն ու շրջանցում այն, ապա ներկայում ստիպված կլինի նորից վերադառնալ այս ձևաչափին, քանի որ հակառակ դեպքում Ռուսաստանն ու Չինաստանն էլ կարող են նման կերպ վարվել, և միջազգային հարաբերություններում վտանգավոր ու անկառավարելի քաոս կառաջանա: Ուստի, Ռուսաստանի վերադարձը համաշխարհային քաղաքականություն որոշակիորեն կհավասարակշռի իրավիճակը:

ԵԱՏՄ հետագա զարգացումը հնարավորություն կտա զարգացնել նաև ԽՍՀՄ փլուզումից հետո ծանր տնտեսական իրավիճակում գտնվող և հետընթաց գրանցած նախկին խորհրդային երկրները: Միակ վտանգն այն է, որ հնարավոր է, որ արդեն մեկնարկած «Սառը պատերազմը» շարունակի խորանալ, ինչը կարող է բերել նոր քաղաքական ճգնաժամի, սպառազինությունների մրցավազքի, պատերազմների, պարտվողների ու հաղթողների:

1 Կարևոր է նշել, որ 2014-2016թթ. նավթի մեկ բարելի գինը $100-ից իջավ մոտավորապես 30-ի, արդյունքում՝ Ռուսաստանի տնտեսությունը տուժեց, քանի որ բյուջեի կեսը կազմվում է նավթի և գազի վաճառքից գոյացած հարկերի միջոցով [3, p. 19]։

2 Եվրասիականության գաղափարախոսությունը սկիզբ է առել ռուս էմիգրանտների շրջանում դեռևս 1921թ.: Ըստ նրանց պատկերացումների՝ Ռուսաստանը ոչ եվրոպական, ոչ էլ ասիական երկիր է, այլ յուրահատուկ խառնարան [4, p. 3]։

3 Հետխորհրդային տարածաշրջանում Տնտեսական միության ստեղծման վերաբերյալ ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից որոշումն ընդունվել էր դեռևս 1993թ., սակայն այդպես էլ մնացել էր թղթվի վրա [6, с. 175]։

4 Интервью С.В. Лаврова агентству «Интерфакс» 27 декабря 2016, http://www.russia.org.cn/ru/news/intervyu-s-v-lavrova-agentstvu-interfaks/

5 Նույն տեղում:

6 Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում նշվում է, որ միջազգային հանրությունը միասնաբար պետք է պայքարի ահաբեկիչների դեմ և հետագայում բացառի «Իսլամական պետության» նման վտանգավոր կառույցների առաջացումը: Ռուսներն առաջարկում են ստեղծել ահաբեկչության դեմ պայքարող կոալիցիա, որը կգործի հստակեցված, իրավական դաշտի հիման վրա [1, с. 6-7]։

7 Владимир Путин принял участие в пленарном заседании юбилейной, 70-й сессии Генеральной Ассамблеи ООН в Нью-Йорке, 28 сентября 2015 года, http://kremlin.ru/events/president/news/50385

8 Zhang Yunbi, “Beijing Urges Caution as Seoul Considers THAAD Missile System,” China Daily, 13 January 2016, from http://www.chinadaily.com.cn/world/2016-01/13/

9 Владимир Путин принял участие в пленарном заседании юбилейной, 70-й сессии Генеральной Ассамблеи ООН в Нью-Йорке, 28 сентября 2015 года, http://kremlin.ru/events/president/news/50385

10 Հետաքրքրական է նաև, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի վերամիավորման հնարավոր քայլը սպասելի էր Ուկրաինայի քաղաքական վերնախավի կողմից: 2007թ. ամերիկյան հեղինակավոր «Արտաքին հարաբերություններ» (Foreign Affairs) ամսագրում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նշում էր, որ Ռուսաստանին չպետք է թույլատրել, որ Սերբիայից Կոսովոյի անկախացման օրինակն օգտագործի հատկապես Ղրիմի դեպքում՝ պաշտպանելով անջատողական շարժումները, որի արդյունքում Ղրիմը կանցնի Ռուսաստանին [12, p. 28]։

11 Кортунов Андрей, Внешняя политика России 2016. Достижения и неудачи. Российский Совет по международным делам, 31 декабря 2016, http://russiancouncil.ru/inner/?id_4=8543#top-content

12 Лавров Сергей, Историческая перспектива внешней политики России. Россия в глобальной политике, 3 марта 2016 года, http://www.mid.ru/web/guest/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/2124391

Հունվար, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Указ президента об утверждении Концепции внешней политики Российской Федерации, Москва, Кремль, 30 ноября 2016.

2. Trenin Dmitri, “The Revival of the Russian Military,” Foreign Affairs, May/June 2016, pp. 23-30.

3. Guriev Sergei, “Russia’s Constrained Economy,” Foreign Affairs, May/June 2016, pp. 18-23.

4. Kotkin Stephan, “Russia's Perpetual Geopolitics,” Foreign Affairs, May/June 2016, pp. 2-9.

5. Lukyanov Fyodor, “Putin’s Foreign Policy, Foreign Affairs,” May/June 2016.

6. Примаков Евгений, Россия. Надежды и тревоги, Москва, Центрполиграф, 2015.

7. Путин Владимир, Под видом борьбы с распространением ОМУ предпринимаются попытки сменить иранский режим, Индекс Безопасности, #1, том 18, 2012, с. 143-145.

8. Ryabkov Sergey, “Changing Priorities in International Security,” A Russian Journal on International Security: Security Index, Vol. XX, #1, 2014, pp. 17-25.

9. Սահակյան Մհեր, Չինաստանը որպես 21-րդ դարի պատասխանատու ուժ, «21-րդ ԴԱՐ», # 6, 2016, էջ 42-48:

10. Барсенков Александр, Внешняя политика России на начальном этапе становления новой государственности (1991-1993), Вестн. Моск. ун-та, сер. 25, Международные отношения и мировая политика, 2013, #4, с. 75-105.

11. Примаков Евгений, Встречи на перекрестках, Москва, Центрполиграф, 2015.

12. Tymoshenko Yulia, “Containing Russia,” in Gedeon Rose Crisis in Ukraine,” Foreign Affairs, pp. 20-34.

13. “France’s Next Revolution? A Conversation with Marine Le Pen,” Foreign Affairs, November/December 2016, pp. 2-9.

14. Lipman Maria, “How Putin Silences Dissent,” Foreign Affairs, May/June 2016, pp. 38-47.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր