• am
  • ru
  • en
Версия для печати
05.06.2018

ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Руский

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

2018թ. ապրիլի 18-ին Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ քննարկումներից հետո հայտարարեց ընթացիկ տարվա հունիսի 24-ին արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ նշանակելու մասին1։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընտրություններն անցկացվելու են 2019թ. նոյեմբերի 3-ին (2002թ. նոյեմբերի 3-ի վաղաժամ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ հաղթանակից ուղիղ 17 տարի հետո), ինչից հետո Թուրքիան պետք է անցում կատարի կառավարման նախագահական համակարգի. վերացվելու է վարչապետի պաշտոնը, իսկ նախագահը ստանալու է աննախադեպ լայն լիազորություններ։ Սահմանադրական համապատասխան բարեփոխումները հաստատվել են 2017թ. ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով։ Ի դեպ, ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ն դաշինք էին կազմել հանրաքվեից առաջ, ինչի հիմքում ընկած են մի շարք գործոններ.

ա) ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ն շատ հարցերում (օրինակ՝ քրդերի) ունեն նման դիրքորոշումներ, և շատերը դժվարանում են ասել, թե այժմ նրանցից որն ունի առավել ազգայնամոլական կեցվածք (2018թ. մարտի 10-ին Էրդողանը Մերսինում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ցույց տվեց «գորշ գայլերի» (ԱՇԿ) հայտնի նշանը)2։

բ) Դ.Բահչելին, որը մինչև 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը (ՌՀՓ) շարունակ աչքի էր ընկնում Էրդողանին սուր քննադատելով, վերջին շրջանում չի զբաղվում նման գործունեությամբ։ Պատճառներից մեկն առաջին կետն է (Էրդողանի դիրքորոշման կոշտացումը ներքաղաքական և արտաքին քաղաքական մի շարք խնդիրների հանդեպ), սակայն կա նաև երկրորդ կետը. ՌՀՓ-ից հետո Թուրքիայում գրանցված զանգվածային բռնությունները վախեցրել են նաև Բահչելիին։

գ) ԱԶԿ-ն ապրիլյան հանրաքվեից առաջ որոշեց չհատել Բահչելիի (ԱՇԿ) սահմանած «կարմիր գիծը». չփոփոխել Սահմանադրության առաջին 4 հոդվածները, որոնք առնչվում են պետության հանրապետական կառուցվածքին, դեմոկրատական, աշխարհիկ, իրավական և սոցիալական բնույթին, տարածքային ամբողջականությանը, պետական դրոշին, լեզվին, մայրաքաղաքին, օրհներգին։

դ) Բահչելին քաջ գիտակցում է, որ իր կուսակցությունը պառակտված է, որ նրա շարքերը սկսել են լքել հազարավոր մարդիկ (4.5 ամսում՝ 2017թ. հոկտեմբերի սկզբից մինչև 2018թ. փետրվարի վերջը, ԱՇԿ շարքերը լքել է 14.341 անդամ3), և նման պայմաններում, եթե ԱՇԿ-ն ընտրական դաշինք չձևավորեր ԱԶԿ-ի հետ, ապա առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ըստ ամենայնի, չէր կարողանա հաղթահարել 10%-անոց ընտրաշեմն ու հայտնվել խորհրդարանում։ Թուրքիայում հասարակական կարծիքն ուսումնասիրող Konda ընկերության գլխավոր տնօրեն Բեքիր Ագիրդիրը 2018թ. հունվարին հայտարարեց, որ խորհրդարանում ներկայացված երեք առանցքային կուսակցություն՝ ԱՇԿ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն (ԺԴԿ), «Լավ» կուսակցություն, ռիսկի են դիմում՝ խորհրդարանական ընտրություններում չհաղթահարել ընտրաշեմը4։

ԱԶԿ և ԱՇԿ ձևավորած Ժողովրդական դաշինքից երկրի նախագահի թեկնածու դարձել է Ռ.Էրդողանը5։ Ավելի վաղ Դ.Բահչելին հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում չի առաջադրվելու և պաշտպանելու է Էրդողանի թեկնածությունը6։ Ընդդիմադիր հիմնական ուժերն էլ ձևավորել են Ազգային դաշինքը, որի մեջ մտել են Ժողովրդա-հանրապետական, «Լավ», «Երջանկություն», Դեմոկրատական կուսակցությունները (ընդդիմադիր քառյակ)։ Չնայած դրան՝ նրանք նախագահական ընտրություններին մասնակցելու են իրենց թեկնածուներով. ԺՀԿ-ից երկրի նախագահի թեկնածու է դարձել Մուհարեմ Ինջեն, «Լավ» կուսակցությունից՝ Մերալ Աքշեները, իսկ «Երջանկություն» կուսակցությունից՝ Թեմել Քարամոլաօղլուն։

Այս ամենը վկայում է, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարները հստակեցրել են իրենց ընտրական մարտավարությունը և չեն նախընտրել իրենց դաշինքներում ներառել քրդամետ ԺԴԿ-ին (քրդերին)։ Ի դեպ, կարելի է հարցին նայել նաև հակառակ կողմից՝ ասելով, որ ԺԴԿ-ն նույնպես չի ցանկացել ընդգրկվել իշխանական և ընդդիմադիր ճամբարներում։ Ինչո՞ւ։

Իշխանական ճամբարի դեպքում առկա են հետևյալ հիմնական գործոնները.

1) Էրդողանը վերջին տարիներին բավական կոշտացրել է «քրդական հարցի» հանդեպ իր դիրքորոշումը։ Նա ոչ մի կերպ չկարողացավ ներել ԺԴԿ-ին՝ 2015թ. խորհրդարանական ընտրություններում ընտրաշեմը հաղթահարելու համար (2015թ. հունիսյան և նոյեմբերյան ընտրություններում ԺԴԿ-ն հավաքել է քվեների 13.12%-ը և 10.76%-ը)։ Ընդ որում՝ դա աննախադեպ էր Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) պատմության մեջ՝ քրդամետ (քրդական) կուսակցության կտրվածքով։ Էրդողանը 2015թ. հունիսի 7-ի ընտրություններից առաջ, թերևս, թերագնահատել էր ԺԴԿ-ին, ինչի արդյունքը եղավ այն, որ ԺԴԿ-ն 550 հոգանոց խորհրդարանում ստացավ միանգամից 80 մանդատ։ Դա զգալիորեն նվազեցրեց ԱԶԿ մանդատների թիվը խորհրդարանում, քանի որ այդ կուսակցությունը սովորաբար մեծ թվով քվեներ էր ստանում քրդաբնակ նահանգներում (նախկինում քրդերին առնչվող որոշ բարեփոխումներ անելու, քրդերի շրջանում իսլամական գործոնը խաղարկելու, տնտեսական ցուցանիշների և այլ պատճառներով)։ Արդյունքում՝ 2015թ. հունիսին ԱԶԿ-ն պատմության մեջ առաջին անգամ ստացավ 276-ից պակաս մանդատ (258) և չկարողացավ ձևավորել միակուսակցական կառավարություն։ Թեև դրանից հետո ԺԴԿ-ն արդեն հայտնվեց Էրդողանի թիրախում, երկրում վերսկսվեցին Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ ռազմական գործողությունները, սակայն ԺԴԿ-ին, թեկուզև որոշակի կորուստներով, նոյեմբերի 1-ի կրկնական ընտրություններում վերստին հաջողվեց հաղթահարել ընտրաշեմը՝ ստանալով արդեն 59 մանդատ։ Այժմ ԺԴԿ-ն Թուրքիայի խորհրդարանում ունի 48 մանդատ. պատգամավորների մի մասին զրկել են անձեռնմխելիությունից և բանտարկել։ Նրանց թվում են հայտնվել նաև ԺԴԿ արդեն նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը։ Էրդողանն այդպիսով փորձում է գլխատել ԺԴԿ-ն, թույլ չտալ, որ այս անգամ էլ հաղթահարի ընտրաշեմն ու հայտնվի խորհրդարանում, քանի որ դա զգալիորեն կմեծացնի խորհրդարանում ԱԶԿ մանդատների թիվը (քրդաբնակ նահանգների հաշվին)։ Էրդողանն այս անգամ խաղադրույք է կատարել ազգայնամոլների հետ դաշինքի վրա, և քրդերը, բնականաբար, որևէ ձևով չէին կարող տեղավորվել այդ համատեքստում։

2) Դ.Բահչելին հայտնի է իր հայատյաց ու քրդատյաց հայացքներով և, բնականաբար, անհնար էր պատկերացնել, որ քրդերն ու ազգայնամոլները կարող էին տեղ զբաղեցնել մեկ դաշինքում։ Արդեն նշվեց, որ Էրդողանը քրդերի հարցում սկսել է հետ չմնալ Բահչելիից, իսկ որոշ դեպքերում անգամ գերազանցել է նրան. 2015թ. ամռանը՝ Թուրքիայում PKK-ի դեմ ռազմական գործողությունների վերսկսումից հետո, թուրքական մամուլը գրեց, որ ԱՇԿ-ն միայն քննադատում է քրդերին, մինչդեռ ԱԶԿ-ն հարվածում է։ Այդպիսով, Էրդողանի և Բահչելիի այդօրինակ դիրքորոշումները վաղօրոք կանխորոշել էին Ժողովրդական դաշինքում ԺԴԿ բացառումը և նաև ԺԴԿ դիրքորոշումն այդ դաշինքի հանդեպ։

Այժմ ներկայացնենք ընդդիմադիր ճամբարին առնչվող հիմնական գործոնները.

1) Ընդդիմադիր ճամբարի կարկառուն ներկայացուցիչներից մեկը դարձել է Թուրքիայի առաջին կին ՆԳՆ նախարար, հայտնի հայատյաց և քրդատյաց, «Լավ» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Մ.Աքշեները, որն իր ազգայնամոլական կեցվածքով գերազանցում է անգամ Էրդողանին ու Բահչելիին։ Տրամաբանության համաձայն՝ Աքշեներն այդ պատճառով չի կարող հույսեր կապել քրդական ընտրազանգվածի քվեները ստանալու հետ։ Ընդդիմադիր ճամբարում (Ազգային դաշինք) նրա ներկայությունն ինքնին բացառում, իմաստազրկում է ԺԴԿ ներկայությունը նրանում։

2) Թեև ԺՀԿ առաջնորդները ներկայում ԺԴԿ-ի (քրդերի) հանդեպ ունեն շատ ավելի մեղմ դիրքորոշում, սակայն դժվար է ասել, թե իշխանության գալու դեպքում ինչպիսին կլինի ԺՀԿ դիրքորոշումը։ Նկատենք, որ ԺԴԿ-ն դժգոհ է նրանից, որ ԺՀԿ-ն հանդիպումներ չի ունենում Թուրքիայի ձախ կուսակցությունների, ալևիական բազմաթիվ միությունների հետ, իրեն հեռու է պահում նրանցից։ Բացի այդ, այստեղ առկա է պատմական խնդիր. ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած ԺՀԿ կառավարման տարիներին (1923-1950թթ.) քրդերը ենթարկվել են բազում հալածանքների ու ճնշումների։ Թեպետ այդ ամենից անցել է մի քանի տասնամյակ, սակայն այդ ամենը խոր հետք է թողել քրդերի հիշողության մեջ։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններում ԺԴԿ-ն մնացել է միայնակ։ Ինչպես հայտարարել է քուրդ հանրահայտ քաղաքական գործիչ Ահմեթ Թուրքը, քրդերը մնացել են իշխանական և ընդդիմադիր ճամբարների մեջտեղում, և իրականում դժգոհ են թե՛ ԱԶԿ ճնշումներից, թե՛ ԺՀԿ-ի՝ իրեն հեռու պահելու պահվածքից. «Ընդդիմադիր ուժերը նախ ասում էին, որ պետք է ձևավորվի Ժողովրդավարական ճակատ, սակայն փոխարենը ձևավորում են Ազգային ճակատ՝ մի քանի ազգայնամոլի պատճառով դուրս թողնելով քրդերին։ Հասարակական հարցումները վկայում են, որ եթե քրդերը ներկայացված լինեին դաշինքում, ապա այն ընտրություններում կստանար քվեների 53%-ը։ Մենք կհաղթահարենք 10%-անոց ընտրաշեմը։ Քրդերը պատրաստ են աջակցել ժողովրդավարական Թուրքիա կառուցել պատրաստվող ուժի։ Թուրքիայի ժողովրդավարացումը չի կարող տեղի ունենալ առանց քրդերին, ինչպես նաև Թուրքիայի մյուս ժողովուրդներին հաշվի առնելու»7։

ԺԴԿ համանախագահ Փերվին Բուլդանն էլ ընդգծել է, որ իր կուսակցությունը չի վախենում արտահերթ ընտրություններից. «Եթե դուք որոշում եք ընդունել արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, ապա մենք՝ ԺԴԿ-ն, կասենք՝ «Եկե՛ք»։ Մենք պատրաստ ենք ընտրություններին։ Եկել է ԱԶԿ-ն հուղարկավորելու և նրա կառավարմանը վերջ դնելու ժամանակը։ Ընտրությունները հիանալի հնարավորություն են դրա համար»8։ ԺԴԿ մյուս համանախագահ Սեզաի Թեմելին իր հերթին հայտարարել է. «Մենք խուճապի մեջ չենք։ Ինչպես և նախկինում, այսուհետ նույնպես պայքարելու ենք ժողովրդավարության համար։ 2018թ. ռազմավարական տարի է։ Թուրքիան ներկայում գտնվում է խոր ճգնաժամի մեջ, և ոչ միայն տնտեսական։ Երկիրը գլորվում է դեպի քաղաքական, տնտեսական և իրավական ճգնաժամ, որը մենք բոլորս դիտարկում ենք արդեն ոչ մեկ տարի»9։

Չնայած ԺԴԿ ղեկավարության նման հայտարարություններին և ապրիլի 20-ին ընտրական մոբիլիզացիա հայտարարելուն10՝ ակնհայտ է, որ կուսակցությունն ընտրություններին մոտենում է ոչ լավ վիճակում։ Արդեն նշվեց, որ ԺԴԿ մոտ մեկ տասնյակ պատգամավորներ, ներառյալ կուսակցության առաջնորդները, զրկվել են անձեռնմխելիությունից և բանտարկվել (ընդ որում՝ այդ թիվն աճելու միտում ունի. պատգամավորական անձեռնմխելիությունից կարող է զրկվել նաև Գարո Փայլանը)։ Բացի այդ, պաշտոնանկ են արվել ԺԴԿ-ն ներկայացնող մի շարք քաղաքապետեր։ Այս ամենին հավելենք նաև այն, որ իշխանություններն ընդամենը երկու ամիս առաջ են հայտարարել արտահերթ ընտրությունների մասին, և ԺԴԿ-ին կարճ ժամանակ է մնացել դրանց պատշաճ մոտենալու համար։ Կարևոր գործոն է նաև այն, որ ընտրություններն անցկացվելու են արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։ Շատերի պնդմամբ, անհնար է նման պայմաններում արդար ընտրություններ անցկացնելը։ Բնականաբար, Էրդողանն ամեն ինչ անելու է, որպեսզի հունիսի 24-ի ընտրություններում ԺԴԿ-ն չհաղթահարի ընտրաշեմը, ինչը կմեծացնի ԱԶԿ մանդատների քանակը։ Թուրքական մամուլը գրել է, որ եթե ԱԶԿ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստանա 300-ից պակաս մանդատ, ապա Էրդողանը գնալու է նոր ընտրությունների անցկացմանը (ինչպես արեց 2015թ.)11։

Ակնհայտ է, որ ԺԴԿ-ն չունի արտահերթ ընտրություններում հաղթելու որևէ հնարավորություն։ Ամեն դեպքում, ԺԴԿ ներկայացուցիչները վստահ են, որ կուսակցությանն այս անգամ էլ կհաջողվի հաղթահարել ընտրաշեմն ու ընդգրկվել խորհրդարանում։ Չենք բացառում, որ ԺԴԿ-ն վերստին կհայտնվի խորհրդարանում։ Այդ հարցում ԺԴԿ-ին կարող է օգնության գալ նույն ԱԶԿ-ԱՇԿ դաշինքը, ինչը տրամաբանորեն պետք է խստապես մտահոգի Թուրքիայի քրդերին։ ԱԶԿ-ն, որը սովորաբար մեծ թվով քվեներ էր հավաքում արևելյան և հարավարևելյան քրդաբնակ նահանգներում, ԱՇԿ-ի հետ դաշինք կազմելու պատճառով ռիսկի է դիմում կորցնել այդ քվեները։ Իսկ դա հնարավորություն կդառնա ԺԴԿ-ի համար, որպեսզի նա ստանա այդ քվեներն ու հաղթահարի ընտրաշեմը։ Ավելին, ԺԴԿ-ի կողմից ընտրաշեմը հաղթահարելը (ԱԶԿ մանդատների նվազելը) ձեռնտու կլինի նաև ընդդիմադիր քառյակին։ Թեև քրդերի զգալի մասը նախկինում իր քվեն տվել է Էրդողանին ու ԱԶԿ-ին, սակայն այս անգամ իրավիճակն այլ է. ա) Էրդողանը վաղուց ձախողել է «քրդական բարեփոխումների» հարցը, որոնք այլևս օրակարգում չեն (Էրդողանն անգամ չի ընդունում, որ Թուրքիայում գոյություն ունի «քրդական հարց»), բ) 2015թ. ամռանն Էրդողանը, առաջնորդվելով ընտրական դրդապատճառներով, վերսկսել է PKK-ի դեմ պատերազմը, գ) ԹՀ պատմության մեջ առաջին անգամ (2015թ.) ԹԱՄԺ անցած քրդամետ կուսակցությունը՝ ԺԴԿ-ն, հայտնվել է Էրդողանի թիրախում, դ) Էրդողանը դաշինքի մեջ է մտել Բահչելիի հետ, որը մշտապես խստապես քննադատել է քրդերին, ե) Էրդողանն իր ուրույն դերն է ունեցել 2017թ. Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեի արդյունքների գործարկման խափանման հարցում, զ) վերջին շրջանում Էրդողանը պատժիչ գործողություններ է սկսել Սիրիայի քրդերի դեմ, որոնցից վերջինը «Ձիթենու ճյուղ» գործողությունն էր, է) Էրդողանը շարունակում է երկրի քրդաբնակ նահանգների ժողովրդագրական պատկերը փոխելու իր քաղաքականությունը, ը) Էրդողանը շարունակում է քրդաբնակ նահանգներում կենսամակարդակի կտրուկ բարձրացմանը միտված լուրջ ներդրումներ չանելու իր քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա ԺԴԿ-ից երկրի նախագահի թեկնածու վերստին դարձել է Ս.Դեմիրթաշը, որը 2016թ. նոյեմբերից գտնվում է կալանքի տակ (նրա նկատմամբ հարուցվել են մի շարք քրեական գործեր՝ «ահաբեկչությանն աջակցելու», «Թուրքիայի կառավարությանը վիրավորելու» համար)12։ Դրա հետ կապված՝ մայիսի 5-ին Մ.Ինջեն Էրդողանին կոչ արեց Դեմիրթաշին չպահել բանտում և ընտրություններում մրցել տղամարդավարի13։ Ամեն դեպքում, մեծ ակնկալիքներ չկան, որ Դեմիրթաշը կկարողանա մոտ ժամանակներս դուրս գալ բանտից։ Հիշեցնենք, որ 2014թ. նախագահական ընտրություններում ԺԴԿ թեկնածու Ս.Դեմիրթաշը հավաքել է քվեների 9.76%-ը։ Այդ պատճառով Էրդողանը մոտ էր նախագահական ընտրությունների առաջին փուլում չհաղթելուն (նա ստացավ քվեների 51,7%-ը)։ Այժմ իրավիճակը կարող է կրկնվել. Դեմիրթաշի հեղինակությունը բավական բարձր է քրդերի շրջանում, հենց նրա առաջնորդությամբ է ԺԴԿ-ն 2015թ. երկու անգամ հաղթահարել ընտրաշեմը՝ առաջին դեպքում ավելի քան 13% ցուցանիշով, ինչն աննախադեպ արդյունք է։ Ա.Թուրքի խոսքերով՝ Դեմիրթաշը նախագահական այս ընտրություններում կարող է ստանալ քվեների մոտ 15%-ը14։ Դա նշանակում է, որ Դեմիրթաշի թեկնածության առաջադրումը կարող է լրջորեն խոչընդոտել, որպեսզի Էրդողանը չկարողանա հաղթել նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Եթե նշանակվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ապա քրդերի քվեները նույնպես կլինեն բավական կարևոր. եթե նրանք նախընտրեն բոյկոտել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, ապա դա ձեռնտու կլինի միայն Էրդողանին։ Այդ պատճառով էլ ընդդիմադիր քառյակը պետք է փորձի եթե ոչ այս, ապա գոնե այդ փուլում իր կողմը գրավել քրդերին։ Բնականաբար, Մ.Ինջեի հնարավորություններն այդ համատեքստում շատ ավելի մեծ են, քան, ասենք, Մ.Աքշեներինը։ Ի դեպ, Մ.Ինջեն Էդիրնեի բանտում արդեն տեսակցել է Դեմիրթաշին15։

Այսպիսով, 2018-ը Թուրքիայի համար լինելու է վճռական տարի. հունիսի 24-ի արտահերթ ընտրությունների արդյունքները կկանխորոշեն, թե Թուրքիայի համար ինչպիսին կլինի 2018-ը՝ բռնապետությա՞ն, թե՞ ժողովրդավարության տարի։ Նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններում քուրդ ընտրազանգվածի ձայնը կարող է լինել վճռորոշ։ Ընդ որում՝ այն կարող է վճռորոշ լինել թե՛ հենց իր՝ ԺԴԿ-ի, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարների համար։ Այս համատեքստում ԺԴԿ ղեկավարությանը լուրջ աշխատանք է սպասվում առաջիկայում, որպեսզի փորձի հնարավորինս համախմբել քրդական ընտրազանգվածը։ Թեպետ դա բավական բարդ գործընթաց է, ամեն դեպքում իրենց կեցվածքով դրա համար պարարտ հող են ստեղծել իշխանական ու ընդդիմադիր ճամբարները՝ նախընտրելով (գոնե այս փուլում) քրդերին դուրս թողնել իրենց շարքերից։ Ինչպես հայտարարել է Ա.Թուրքը, քրդերն իրենք պետք է ապահովագրեն իրենց և նպաստեն նրան, որ ԺԴԿ-ն վերստին հաղթահարի 10%-անոց ընտրաշեմը և ներկայացված լինի Թուրքիայի խորհրդարանում։

1 Cumhurbaşkanı Erdoğan: 24 Haziran’da erken seçim kararı aldık, Sözcü, 18.04.2018.

2 Cumhurbaşkanı Erdoğan Bozkurt işareti yaptı, Ensonhaber, 10.03.2018.

3 MHP’nin üye sayısında 4.5 ayda 14 bin 341 düşüş, T24, 24.02.2018.

4 Հայկ Գաբրիելյան, Արտահերթ ընտրությունների նշանակումը Թուրքիայում, ՄԱՀՀԻ, 26.04.2018.

5 Cumhur İttifakı'nın ortak adayı Cumhurbaşkanı Erdoğan, Anadolu Ajansı, 04.05.2018.

6 Bahçeli: MHP, Cumhurbaşkanlığı adayı göstermeyecektir, NTV, 08.01.2018.

7 Ahmet Türk seçim sürecini değerlendirdi, Demokrat Haber, 09.05.2018.

8 HDP Eş Genel Başkanı Buldan’dan erken seçim yanıtı, Evrensel.net, 17.04.2018.

9 HDP: Erken değil panik seçim, Sputnik Türkiye, 18.04.2018.

10 Buldan: 24 Haziran için bugünden itibaren seferberlik ilan ediyoruz, Gazete Karınca, 20.04.2018.

11 Erdoğan kazanana kadar seçimler yenilenecek, Odatv.com, 02.05.2018.

12 HDP'nin Cumhurbaşkanı adayı Selahattin Demirtaş oldu, TRT Haber, 04.05.2018.

13 İnce’den Erdoğan’a çağrı: Demirtaş’ı hapiste tutma, gel erkekçe yarışalım, Diken, 05.05.2018.

14 Ahmet Türk Selahattin Demirtaş'ın oy oranını açıkladı!, Internet Haber, 08.05.2018.

15 CHP's candidate İnce will visit jailed HDP candidate Demirtaş, Ahval, 06.05.2018.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր