• am
  • ru
  • en
Версия для печати
05.12.2016

ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն և վերլուծություն)

Руский

   

Ռոման Կարապետյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս

Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրադրության կտրուկ տեղաշարժերը տարածաշրջանի ուժային կենտրոնների արտաքին քաղաքականության առջև նոր մարտահրավերներ են նետում: Իրանը, համահունչ տարածաշրջանային գործընթացներում ակտիվ ներգրավվածություն ունենալու արտաքին քաղաքական հայեցակարգին, ևս անմասն չի մնում այս տեղաշարժերից:

Իրան-տարածաշրջան: Տարածաշրջանում ակտիվ ռազմական կետերը շարունակում են մնալ Իրանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները: Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ձևավորված արաբական կոալիցիայի զինված ուժերը հոկտեմբերի 9-ին ավիացիոն հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում եղել են 700-ից ավելի զոհ և վիրավոր: Պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ Եմենում արաբական երկրները գործում են միջազգային անտարբեր լռության պայմաններում, և կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել Եմենին՝ պատրաստակամություն հայտնելով միանալու դրան:

Հետաքրքիր իրադարձություններ ծավալվեցին Պարսից ծոցի երկրների արտգործնախարարների հոկտեմբերի 14-ի հանդիպումից հետո: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու հրավիրված Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Իրանը պետք է դադարեցնի բացասական դերակատարությունը տարածաշրջանում: Մասնավորապես, նա քննադատել է Իրաքում, Եմենում և Սիրիայում վարած քաղաքականության համար՝ առաջին հերթին պաշտոնական Թեհրանին մեղադրելով վերջիններիս ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելին, Իրաքի շիաներին ֆինանսավորելու քաղաքականությունը Չավուշօղլուն համեմատել է Իսլամական պետության գործունեության հետ: Եթե հաշվի առնենք նախորդ ամիսներին Իրանի և Թուրքիայի միջև բավական սերտ քաղաքական երկխոսությունը, Սիրիայի հարցում ձեռք բերված որոշակի համաձայնությունները, ապա այս հայտարարությունն առնվազն զարմանալու տեղիք է տալիս: Կարծում ենք, սրանով Թուրքիան շեշտադրում է տարածաշրջանում իր քաղաքական համակրանքը սուննի մահմեդական երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Թուրքիայի այս վարքագիծը նաև ցույց է տալիս, որ նրա համար դաշնակիցներն ունեն միայն դրվագային նշանակություն, և իրեն ցանկալի սցենարով հարցերի կարգավորումից հետո վերջիններիս վրա կարելի է նաև ցեխ շպրտել: Պաշտոնական Թեհրանի՝ Թուրքիային ուղղված առաջին արձագանքը եղավ այն, որ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Ջավադ Զարիֆը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով Թուրքիայից դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: Հոկտեմբերի 21-ին Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Վելայեթին Բաղդադում հանդիպում ունեցավ Իրաքի նախագահ Մուհամադ Ֆուադ Մաասումիի հետ: Հանդիպման ժամանակ Վելայեթին շեշտել է, որ Իրանը շարունակելու է օգնություն ցույց տալ Իրաքին ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանում կայունության հաստատման հարցերում: Կարծում ենք, որ այս հաղորդագրությունն ուղղված էր Թուրքիային ու Սաուդյան Արաբիային՝ ցույց տալու Իրանի վճռականությունն Իրաքի հարցում: Վելայեթին հանդիպումներ է ունեցել նաև Իրաքի հոգևոր առաջնորդի և վարչապետի հետ՝ քննարկելով նաև Մոսուլի շրջանը Իսլամական պետության գրոհայիններից ազատելու հարցը:

Հոկտեմբերի 24-ին Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Կասեմին մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել է Թուրքիային Իրաքի Մոսուլի շրջանում ծավալած ռազմական գործողությունների համար: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Թուրքիան այս շրջանում մեկնարկեց տարածքի ազատագրման շուրջ լայնածավալ ռազմական գործողություններ: Կասեմին նշել է, որ Մոսուլն Իրաքի անբաժանելի մասն է, ուստի այստեղ ծավալվող ցանկացած գործողություն պետք է համաձայնեցվի պաշտոնական Բաղդադի հետ: Կարծում ենք, Իրանն առաջին հերթին զգուշանում է, որ Թուրքիան կարող է վերահսկողություն սահմանել Մոսուլի շրջանի նավթային ենթակառուցվածքների վրա. չէ՞ որ Թուրքիան երբեք էլ չի թաքցրել իր «համակրանքը» նավթով հարուստ այս տարածաշրջանի նկատմամբ:

Իրան-Եվրոպա: Եվրոպայի հետ երկխոսությունում նույնպես կան բազմաթիվ դժվարություններ: Դեռևս սեպտեմբերի 30-ին Գերմանիայի փոխկանցլեր, էներգետիկայի և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը Թեհրան կատարելիք այցին ընդառաջ գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ Գերմանիայի և Իրանի միջև հարաբերությունները կկարգավորվեն և ավելի կզարգանան, եթե Իրանը ճանաչի Իսրայել պետությունը՝ միևնույն ժամանակ խոստանալով ճնշում գործադրել պաշտոնական Թեհրանի վրա այս հարցում: Վերջինս խոսել էր նաև Իրանում մարդու իրավունքների հարցերով առկա խնդիրների մասին: Այս հայտարարությունն Իրանի կողմից շատ կոշտ արձագանքի արժանացավ: Պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ իրենք երբեք չեն ճանաչի Իսրայելի օկուպացիոն ռեժիմը, Իրանի հետ հարաբերությունները Գերմանիան պետք է դիտարկի միայն երկկողմ ձևաչափի մեջ, իսկ առաջադրվող նախապայմանները միանգամայն անընդունելի են: Գերմանիայի փոխկանցլերի՝ Թեհրան ժամանելուց հետո վերջինի հետ հանդիպում ունեցավ միային Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը, իսկ երկրի քաղաքական ղեկավարները հրաժարվեցին ընդունել նրան: Գերմանացի պաշտոնյան Թեհրանում խոսել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը խոչընդոտող հարցերի, մասնավորապես՝ բանկային ոլորտում առկա հարցերի կարգավորման անհրաժեշտության մասին: Կողմերը ստորագրել են ֆինանսական, բանկային, ապահովագրության, նավթագազային, տրանսպորտային և այլ ոլորտներին առնչվող 10 հուշագիր և համաձայնագիր:

Տեղեկանք: Չնայած քաղաքական հարաբերություններում առկա դժվարություններին, Գերմանիայի հետ տնտեսական կապերը բավական արագ զարգանում են: Բեռլինում Իրանի դեսպան Ալի Մաջեդին հայտարարել է, որ գերմանական ընկերությունները պատրաստվում են 3 մլրդ եվրոյի ներդրում կատարել Իրանի տնտեսության մեջ: Իրանական շուկա արտահանողների թվով Գերմանիան ներկայում 5-րդն է՝ զիջելով Չինաստանին, ԱՄԷ-ին, Կորեայի Հանրապետությանը և Թուրքիային: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2015թ. կազմել է 2,2 մլրդ եվրո, նախատեսվում է երկու տարվա ընթացքում այդ ցուցանիշը հասցնել մինչև 6 մլրդ-ի:

Հոկտեմբերի 25-ին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: Բանաձևում նշվում է, որ, հաշվի առնելով Իրանի դերակատարությունը տարածաշրջանում, ինչպես նաև վերջինի դրական ներգրավվածությունն այստեղ խաղաղության և անվտանգության ձևավորման գործընթացում, կոչ է անում ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, կրթական, գիտական և հետազոտական, բնապահպանական հարցերում: Բանաձևում նշվում է նաև, որ Իրանում դեռևս կան խնդիրներ՝ կապված մարդու իրավունքների և հրթիռային փորձարկումների հետ: Որպես առաջին քայլ՝ Եվրախորհրդարանը հանել է իրանական Սադերատ բանկի ունեցվածքի վրա դրված արգելանքը: Պաշտոնական Թեհրանը դրականորեն է արձագանքել այս բանաձևին՝ պատրաստակամություն հայտնելով բանակցությունների մեջ մտնել մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ և ներկայացնել իսլամական պատկերացումները: Ինչ վերաբերում է երկրի հրթիռային պոտենցիալին, ապա ԻԻՀ արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Կասեմին ասել է, որ Իրանում հրթիռային փորձարկումներն արվում են երկրի ազգային անվտանգության համատեքստում, և Իրանի պաշտպանողական պոտենցիալը ոչ մի դեպքում քննարկման առարկա չի կարող դառնալ:

Հոկտեմբերի 27-ին Փարիզ մեկնեց Իրանի մեջլիսի պատվիրակությունը՝ ազգային անվտանգության և արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Ալադին Բորուջերդիի գլխավորությամբ: Ֆրանսիայի Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ քննարկման հիմնական թեման եղել է Մերձավոր Արևելքի իրավիճակը: Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել Սիրիայում, Լիբանանում, Իրաքում և Եմենում առկա հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ: Նույն օրը ԻԻՀ առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում ընդունել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյին: Հանդիպման ժամանակ Խամենեին հիմնականում խոսել է տարածաշրջանում առկա հակամարտությունների և դրանցում միասնական ջանքեր գործադրելու խնդիրների մասին: Ֆինլանդիայի ղեկավարի այցի շրջանակներում երկու երկրների միջև ստորագրվել է 4 պայմանագրեր, որոնք վերաբերում են էներգետիկ, հաղորդակցության և տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի պաշտպանության և ներդրումների ոլորտներին: Նշենք, որ ներկայում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմում է ընդամենը $50 մլն, որը նախատեսվում է մոտ ապագայում հասցնել 500 մլն-ի:

Իրան-Ռուսաստան: Իրանը մոտ ապագայում բավական լուրջ ընտրության առջև կարող է կանգնել: Խնդիրն այն է, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, տնտեսական, քաղաքական և ներդրումների հարցերի հանձնաժողովի ղեկավար Եվգենի Ֆեոդորովը հարցում է ուղարկել Իրանի մեջլիս՝ խնդրելով քննարկել Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մաս ճանաչելու հարցը: Ռուս խորհրդարանականի կարծիքով՝ սրանով Իրանին շանս է տրվում ապացուցելու, որ այն Ռուսաստանի ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական գործընկերն ու ռազմավարական դաշնակիցն է: Ճանաչելու դեպքում Իրանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ արևմտյան երկրների հետ հարաբերություններում, որոնք առանց այդ էլ բավական փխրուն են: Կարծում ենք, այս պահին, երբ Իրանի արտաքին քաղաքականության օրակարգի կարևոր մասերից մեկը Եվրոպայի հետ քաղաքական հարաբերությունների կարգավորումն է, սա տեղին արված հարցում չէր: Պաշտոնական Մոսկվան պետք է գիտակցի դա և չպետք է ճնշում գործադրի Թեհրանի վրա այս հարցում: Հիշեցնենք, որ հարցումից մեկ շաբաթ առաջ Սիրիան Ղրիմը ճանաչել էր ՌԴ անբաժանելի մաս (այն 6-րդն էր Աֆղանստանից, Վենեսուելայից, Կուբայից, Նիկարագուայից, Հյուսիսային Կորեայից հետո):

Իրան-Հայաստան: Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Երևանում էր գտնվում Իրանի պաշտպանության փոխնախարար Նասրոլա Քալանթարին: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ակտիվացնել երկխոսությունը ռազմաքաղաքական ոլորտում, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում: Պաշտոնյաները քննարկել են նաև տարածաշրջանային հակամարտություններին և անվտանգությանն առնչվող հարցեր: Հոկտեմբերի 24-ին Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Հայ պաշտոնյան նշել է, որ երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար անհրաժեշտ է իրականացնել խոշորածավալ ծրագրեր, իսկ որպես առաջին քայլ կարող է լինել Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության ավարտը Հայաստանում, ինչպես նաև էներգետիկ ոլորտում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Արամյանը նշել է նաև երկկողմ ներդրումների ծավալների մեծացման համար բավարար պայմանների ստեղծման կարևորությունը: Նշենք, որ իրանական ներդրումների ծավալը Հայաստանում կազմում է $3 մլն, մինչդեռ հայկական ներդրումներն Իրանում կազմում են $250 մլն:

Իրանի արտաքին քաղաքականության այլ ուղղություններ: Հոկտեմբերի 5-ին Վիետնամ կատարած եռօրյա այցով Իրանի նախագահ Հասան Ռոհանին սկսեց իր շրջայցը Հարավարևելյան Ասիայի երկրներ: Կողմերը ստորագրել են վիզային ռեժիմի վերացման, բանկային ոլորտում համագործակցության հաստատման ու զարգացման մասին պայմանագրեր: Ներկայում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմում է $350 մլն, որը նախատեսվում է հասցնել 2 մլրդ-ի: Ռոհանիի հաջորդ կանգառը եղավ Մալայզիայում: Կուալա Լումպուրում գործընկեր Նեջիպ Թան Աբդուրեզակի հետ հանդիպման ժամանակ նախագահները պայմանավորվել են վերականգնել տնտեսական և քաղաքական հարաբերությունները՝ դրանք հասցնելով մինչպատժամիջոցային մակարդակի: Ռոհանիի այցը տարածաշրջան ավարտվեց Թաիլանդում: Վերջինիս հետ Իրանի առևտրաշրջանառության ծավալները կազմում են $310 մլն, որից շուրջ 217 միլիոնը Թաիլանդից ներկրումն է: Նախագահները պայմանավորվել են զարգացնել տնտեսական հարաբերությունները, իսկ որպես առաջին քայլ՝ առաջիկայում 100 անուն ապրանքների վրայից հանել մաքսային վճարները: Ռոհանին Բանգկոկում անցկացվող Ասիական համագործակցության երկխոսության ֆորումի շրջանակներում հանդիպել է նաև Չինաստանի փոխնախագահ Լի Յուանչաոյի հետ: Ռոհանին կոչ է արել լիարժեք իրագործել նախկինում երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունները, մեծացնել չինական ներդրումներն Իրանում:

Տեղեկանք: Ընթացիկ տարում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները կտրուկ նվազել են: Առաջին երեք եռամսյակում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը նվազել է միջինը 17%-ով՝ կազմելով $22,1 մլրդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26,6 մլրդ-ի դիմաց:

Հոկտեմբերի 24-ին Թեհրան ժամանեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Իրանի առաջնորդ Խամենեիի հետ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական առարկան եղել է նավթի գնի հարցը: Խամենեին մեղադրել է արևմտյան երկրներին նրանում, որ վերջիններս ցանկանում են նավթի գների միջոցով խառնվել նավթ արդյունահանող սուվերեն երկրների ներքին գործերին:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարն էլ ավելի աղոտ տեսք է ստանում: ԱՄՆ-ում քննարկման է դրվել երկրի նոր ռազմավարությունը, որտեղ Իրանը դասվում է սպառնալիք ներկայացնող երկրների շարքին (այստեղ նշվում է, որ ԱՄՆ-ի համար հիմնական սպառնալիքները գալիս են Ռուսաստանից, Չինաստանից, Իրանից և տարբեր ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումներից): Մայրցամաքը ներկայացնող մեկ այլ պետության՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը հայտարարել է, որ Օտտավան քննարկում է Իրանի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, սակայն նշել է նաև, որ իրենց համար կարևոր են ընկերների շահերը և արժեքները: Կարծում ենք՝ սրանով Դիոնը հակացրել է, որ Կանադան չի գնա Իրանի հետ հարաբերությունների ջերմացման, քանի դեռ կան ակնհայտ խնդիրներ վերջինի ու ԱՄՆ-ի միջև փոխհարաբերություններում:

Փաստորեն, եթե դիտարկենք միջուկային համաձայնագրերից հետո Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության դինամիկան, ապա այն ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը չի փոխում դիրքորոշումը վերջինի նկատմամբ: Այս պարագայում Իրանն ունի մի քանի հիմնական ճանապարհ. զարգացնել տնտեսությունը և հիմքեր ստեղծել տարածաշրջանում լիդերության հասնելու համար՝ ստիպելով միջազգային ուժային կենտրոններին հաշվի նստել իր հետ, աշխարհաքաղաքական շահերում զիջումների գնով հասնել Արևմուտքի հետ հարաբերությունների հիմնային կարգավորման, և վերջապես, համալրել ԱՄՆ «ոչ բարեկամ» կամ «մերժված» երկրների շարքը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր