• am
  • ru
  • en
Версия для печати
17.11.2016

ԻՐԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Руский

   

Ռոման Կարապետյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս

Իսլամական հանրապետության ներքաղաքական կյանքում աստիճանաբար օրակարգ է մտնում երկրում նախագահական ընտրությունների հարցը: Ընդ որում, դատելով դրանց նախապատրաստական աշխատանքներից՝ այս անգամ ևս բավական լարված պայքար է սպասվում նախագահական աթոռի համար:

Նախագահական ընտրություններ: Դեռ նոր են հստակեցվել 2017թ. Իրանում անցկացվելիք նախագահական ընտրությունների ժամկետները (դրանք նախատեսվում են 2017թ. մայիսի 19-ին), սակայն արդեն սկսվել է հավանական թեկնածուների միջև հեռակա պայքարը: Գործող նախագահ Հասան Ռոհանին ակտիվացրել է հանդիպումները երկրի տարբեր շրջանների բնակչության հետ: Ռոհանիի ելույթներում հստակորեն երևում է քարոզարշավի գիծը. դրանցում նա շեշտադրում է, որ երկրի առջև բացվել են նոր հնարավորություններ, ակտիվացել են օտարերկրյա ներդրումներն Իրանում՝ փաստացիորեն ընդգծելով նաև իր դերը միջուկային համաձայնագրերի ձեռքբերման և Իրանի տնտեսության վրա դրանց դրական հետևանքների հարցում: Արակա քաղաքում Ռոհանին խոսել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում Իրանի հաջողությունների և հետագա անելիքների մասին՝ շեշտադրելով այն, որ այս հարցում պետք է ինտեգրվել միջազգային գործարար կապերին: Ավելի ուշ՝ հոկտեմբերի 26-ին, Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին պաշտոնապես հայտարարել է, որ Ռոհանին երկրորդ անգամ կպայքարի երկրի նախագահ դառնալու համար: Կարծում ենք, որ Ռոհանին ունի վերընտրվելու բոլոր հնարավորությունները: 2013թ. հուլիսին նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո Իրանում վերագործարկվել է նախկինում գործունեությունը դադարեցրած ավելի քան 2400 ընկերություն՝ 46 հազար աշխատատեղով: Այս ընթացքում գործարկվել է 7142 նոր արտադրություն՝ 115 հազար աշխատատեղով: Կարծում ենք՝ սրանք շատ խոսուն թվեր են, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրանն այս ընթացքում հիմնականում գտնվել է միջազգային խստացված պատժամիջոցների ներքո: Իհարկե, նման առաջընթացի գործում մեծ ազդեցություն է ունեցել Արևմուտքի հետ երկխոսությունը, որտեղ նույնպես Ռոհանիի դերակատարությունը նկատելի է:

Ինչ վերաբերում է նախագահի աթոռի համար պայքարող մյուս թեկնածուներին՝ նրանց շարքը բավական երկար է: Հոկտեմբերին վերջնականապես հերքվեց Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և գրեթե բացառվեց հայտնի ռազմական գործիչ, Սիրիայում, Եմենում և Իրաքում Իրանի ռազմական գործողությունները համակարգող Քասեմ Սուլեյմանիի թեկնածությունը: Ահմադինեժադի հնարավոր թեկնածության չեղարկման հարցում վճռորոշ եղավ երկրի հոգևոր առաջնորդի կարծիքը: Վերջինս իր ելույթներում մեղադրել էր նախկին նախագահին արտաքին անհետևողական քաղաքականության համար, ինչի հետևանքով երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցները հասել էին ամենախիստ մակարդակի: Փաստորեն, ստացվում է, որ Ալի Խամենեին ուղղակի ստիպեց Ահմադինեժադին հրաժարվել ավելի վաղ հայտարարած մտադրությունից: Ահմադինեժադն ու Սուլեյմանին համարվում էին Ռոհանիի հիմնական հնարավոր մրցակիցները, և նրանց թեկնածությունները չներկայացնելու պայմաններում Ռոհանին վերընտրվելու ավելի մեծ հնարավորություն է ստանում:

Հոկտեմբերի 15-ին հոգևոր առաջնորդը հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ նշված են 2017թ. նախագահական ընտրությունների հիմնական սկզբունքները: Դրանք 18-ն են: Փաստաթղթի հիմնական շեշտադրումները հետևյալներն են. բոլոր թեկնածուները պետք է ունենան քարոզչության մեջ հավասար հնարավորություններ, պետք է բացառվի թեկնածուների օտարերկրյա հովանավորչությունը: Այս փաստաթղթում, կարծում ենք, ամենակարևոր կետն այն է, որ պետք է բացառվի զինվորականների միջամտությունն ընտրությունների գործընթացին: Նշենք, որ նախկինում Իրանում անցկացված ընտրություններում սա ամենացավոտ կետն է եղել: Հաճախ զինվորական ղեկավարության նախընտրությունները տարածվում են ժողովրդի կարծիքի վրա՝ վճռորոշ նշանակություն ունենալով ընտրություններում: Նշենք, որ Իրանում զինվորական գործիչները կարող են մասնակցել ընտրական գործընթացներին, սակայն մինչ այդ պետք է լքեն իրենց զբաղեցրած պաշտոնը:

Տնտեսություն: Իրանի կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկրում տնտեսական աճը կազմել է 5,4%: Մինչդեռ այս ցուցանիշը չի կարող գոհացուցիչ լինել, քանի որ երկրում գործազրկության և ինֆլյացիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է, որ այն ունենա առնվազն 8 տոկոսանոց տնտեսական աճ: Նշենք, որ Համաշխարհային բանկը 2016 և 2017թթ. համար կանխատեսել է համապատասխանաբար 4,2 և 4,6 տոկոսանոց տնտեսական աճ Իրանում: Երկրի տնտեսական զարգացման գլխավոր շեշտադրումը կատարվում է արտահանվող ապրանքների, մասնավորապես՝ ոչ նավթային ապրանքների ծավալների մեծացման վրա:

Իրանի տնտեսությունը թվերով: Ընթացիկ տարվա վեց ամիսների ընթացքում Իրանն արտահանել է 221 հազ. 764 տոննա միրգ, ինչը 71,5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ոչ նավթային ապրանքների արտահանման ծավալը իրանական տոմարով 1395թ. (այն հաշվվում է մարտի 20-ից) անցած 7 ամիսների ընթացքում կազմել է $24,65 մլրդ, որը 4,4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հարկ է նշել, որ այստեղ 16,5%-ը կազմում է գազի չափաբաժինը: Ներմուծման ծավալը կազմել է $24,5 մլրդ, ինչը 0,1%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում բացվեց հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես, որի ընթացքում 4 օր շարունակ ներկայացվեց հայկական 91 ընկերություն: Այստեղ ժամանած Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ասել է, որ ընթացիկ տարում իրանական ապրանքների՝ Հայաստան արտահանման ծավալները նախատեսվում է հասցնել $280 մլն-ի:

Իրանում պետական մակարդակով մեծ ջանքեր են գործադրվում երկրում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ: 2015թ. Իրանն ընդունել է 5,2 մլն զբոսաշրջիկ, մինչդեռ 2009թ. նրանց թիվն ընդամենը 2,2 մլն էր: Զբոսաշրջիկների թվի ավելացման հետ մեկտեղ, ոլորտը հայտնվում է մեկ այլ խնդրի առջև. Իրանում զարգացած չեն զբոսաշրջային ենթակառուցվածքները, մասնավորապես՝ հյուրանոցային բիզնեսը: Այս խնդիրը լուծելու համար նախատեսվում է առաջիկա 5 տարիներին Իրանում կառուցել 300 հյուրանոց: Հյուրանոցային ոլորտն օտարերկրյա ներդրումների համար գրավիչ դարձնելու նպատակով մշակվել է նոր ծրագիր, որի համաձայն՝ ոլորտում ներդրումներ կատարող օտարերկրյա ընկերությունները 5-13 տարով ամբողջությամբ կազատվեն հարկերից:

Նավթի արդյունահանման և արտահանման տեմպերը բավական բարձր են: Իրանական արտահանվող նավթի շուրջ 70%-ի գնորդներն ասիական պետություններն են, իսկ դրանց մեջ խոշորագույններն են Չինաստանը, Հնդկաստանը, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան: Ներկայում Մերձավոր Արևելքից արտահանվող նավթի 13,5%-ը բաժին է հասնում Իրանին: Վերջինս օրական 4 մլն բարելով գրեթե հասնում է մինչպատժամիջոցային արտահանման ծավալներին: Զարգացման բավական տպավորիչ տեմպեր է գրանցում նաև ավտոարտադրության ոլորտը: Ընթացիկ տարում ոլորտում աճը կազմել է 53%:

Ներքին անվտանգություն: Երկրում անվտանգության ապահովման հարցն Իրանի ներքին քաղաքականության օրակարգի հիմնական ուղղություններից է: Գտնվելով աշխարհում ամենապայթյունավտանգ տարածաշրջանում՝ անվտանգության մարտահրավերները գալիս են հիմնականում հարևան երկրներից, դրանք բավական բազմազան են: Դրանց մեջ առաջնային նշանակություն ունի ահաբեկչության վտանգը: Հոկտեմբերի 5-ին Իրաքի հետ սահմանային հատվածում ոչնչացվել է 12 քուրդ գրոհայիններից կազմված խումբ, որոնք, իրենց հետ ունենալով մեծ քանակի զենք ու զինամթերք՝ ցանկացել են ներխուժել Իրանի տարածք: Հոկտեմբերի 13-ին Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարել է, որ ավելի վաղ Ֆարս նահանգում վնասազերծվել և ձերբակալվել է ահաբեկիչների խումբ, որոնք նախատեսում էին այդ օրն ահաբեկչական գործողություններ իրականացնել Իրանի տարբեր քաղաքներում: Ըստ իրանցի պաշտոնյայի՝ խմբի մոտ հայտնաբերվել է ավելի քան 100 կգ պայթուցիկ նյութ:

Ներքին անվտանգության մակարդակի բարձրացման և օտարերկրյա հետախուզության դեմ պայքարելու նպատակով Իրանում զբաղեցրած պաշտոններից զանգվածաբար հեռացվում են նրանք, ովքեր ունեն երկքաղաքացիություն կամ շահել են ԱՄՆ Գրին քարտ: Զբաղեցրած պաշտոններից հեռացվել է այդպիսի 39 պաշտոնյա:

Մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Միջազգային կառույցները չեն դադարում բարձրաձայնել Իրանում մարդու իրավունքներին վերաբերող հարցերը: Դրանք ընկած են նաև Իրան-Արևմուտք երկխոսության հիմքում: ՄԱԿ քարտուղար Պան Գի Մունը մարդու իրավունքների հարցերով ամենամյա զեկույցում նշել է, որ Իրանում կան մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, և դրանք խորանալու միտում ունեն: Իրանի վերաբերյալ 19 էջանոց զեկույցում ասվում է, որ երկրում 2015թ. առնվազն 966 մարդ է մահապատժի ենթարկվել: Իրանը մեղադրվում է նաև Աֆղանստանից եկած փախստականներին Սիրիայում կռվել ուղարկելու մեջ: Այս զեկույցին պաշտոնական Թեհրանը բավական կոշտ է արձագանքել՝ նշելով, որ այն ունի առավելապես քաղաքական երանգներ, որով արևմտյան պետությունները ցանկանում են լրացուցիչ ճնշումներ գործադրել Իրանի վրա: Սակայն ակնհայտ է, որ Իրանն այս հարցում խնդիրներ ունի, ինչը ժամանակի ընթացքում երկրին կանգնեցրել է նոր վտանգի առջև: Խնդիրն այն է, որ Իրանի տարածքը տարեկան լքում է 300 հազար քաղաքացի, որոնցից 150 հազարը՝ բարձրագույն կրթություն ունեցողներ, իսկ 150-180 հազարը՝ մասնագետներ: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականի՝ այս թիվը համահավասար է $50 մլրդ կապիտալի: Արտասահման մեկնողների զգալի հատվածը գնում է կրթություն ստանալու, սակայն ուսումն ավարտելուց հետո այդպես էլ չի վերադառնում երկիր: Այս խնդիրը հատկապես սրվեց 2009թ., երբ նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ կիրառվեցին զանգվածային ձերբակալություններ և բռնություններ: Փաստորեն, Իրանի տարածքը լքող քաղաքացիների մեծ մասի դժգոհության հիմնական պատճառը երկրում առկա մարդու իրավունքների հիմնահարցերն են և ազատության սահմանափակումները:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր