• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ. ՊԱՅՔԱՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ 02.02.2010

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ. ՊԱՅՔԱՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Միխայիլ Աղաջանյան

Թուրքիան ներկա փուլում արտաքին քաղաքական ակտիվություն է հանդես բերում: Վերջին ժամանակներս երկիրը հռչակել է «ոչ մի խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական թեզիսը, որը չի համապատասխանում Թուրքիայի իրական նպատակներին: Ավելի ճիշտ կլիներ խոսել Թուրքիայի իրական նպատակներն արտացոլող հետևյալ մոտեցման մասին. «խնդրահարույց ոչ մի հարևան»: Սույն մոտեցումը հիմնվում է այն բանի վրա, որ հարևան պետությունների հետ ամենաբարդ հիմնախնդիրները (առաջին հերթին` նրանք, որոնք շոշափում են անմիջականորեն Թուրքիայի ռազմաքաղաքական և ազգային շահերը` կիպրական և Հայկական հարցը) տեսանելի ապագայում լուծում չունեն, ուստի անհրաժեշտ է մի կողմ վանել ոչ թե հիմնախնդիրները, այլ թուլացնել համապատասխան պետությունների դիրքերը:

Այս համատեքստում հատկանշական է Թուրքիայի արտաքին քաղաքական ակտիվությունը կիպրոսյան ուղղությամբ, որը կարող է հարևան պետությունների հետ բարդ խնդիրների քննարկումներից օգուտ քաղելու Անկարայի գործողությունների օրինակ հանդիսանալ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց` Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաները կիպրոսյան ուղղությամբ ուշադրությունը կենտրոնացնում են հետևյալ «նոր իրողությունների» վրա: Թուրքիայի փոխարտգործնախարար Ս.Կինիկլիօղլուն (Suat Kiniklioglu) անցած տարվա սեպտեմբերին հանդես էր եկել վերլուծական Project Syndicate կայքում զետեղված հոդվածով1, որտեղ ներկայացված է թուրքական կողմի մի քանի մոտեցում, որոնք մեր տեսակետից սկզբունքային բնույթ ունեն: Այսպես, Ս.Կինիկլիօղլուն նշում է, որ Կիպրոսի հունական և թուրքական համայնքների միջև վարվող ընթացիկ բանակցությունները կղզում խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունն են: Ուստի, պարտադիր է, որ տրանսատլանտյան ընկերակցությունն ընդունի, որ այդ բանակցությունները պատմական հնարավորություն են պարունակում: Այնուհետև փոխարտգործնախարարն ընդգծում է, որ կղզին կամ կվերամիավորվի ըստ ՄԱԿ պլանի, որն ընդունվել է երկուսի կողմից էլ, կամ ստատուս-քվոն անհրաժեշտ կլինի փոխարինել ինչ-որ այլ մեթոդներով:

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել վերջին թեզիսի վրա, քանի որ այն կարող է շատ լավ ներկայացնել Թուրքիայի իրական մոտեցումը նաև Ղարաբաղյան հարցին. եթե կողմերը չեն կարող փոխընդունելի լուծման գալ, ապա իրավիճակից դուրս գալու ելք կարող է լինել ստատուս-քվոյի փոխակերպումը, որը չի բացառում, այլ ավելի շուտ ենթադրում է ռազմական գործողությունների վերսկսում հակամարտության գոտում:

Այն, որ Թուրքիան կողմնակից է ստատուս-քվոյի փոփոխմանը Ղարաբաղյան հակամարտության գոտում, որոշակիորեն քողարկված բնույթ է կրում և դրսևորվում է ոչ թե երկրի պաշտոնական անձանց ելույթներում, այլ փորձագետ-քաղաքագետների գնահատականներում, որոնք լսելի են Թուրքիայի արտաքին քաղաքական կառույցներում: Այսպես, անցյալ տարվա սեպտեմբերին Եվրամիության քաղաքական կառույցներին սերտաճած Անվտանգության հետազոտությունների ինստիտուտը (European Union Institute for Security Studies) հրապարակել էր թուրք փորձագետ Բ.Արասի (Bulent Aras) «Նոր դարաշրջան հայ-թուրքական հարաբերություններում» հոդվածը2: Հեղինակը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի ձգտումը պատճառաբանում է մասնավորապես այն բանով, որ անցյալ տարվա օգոստոսին թուրքական կողմի առաջարկած` Հարավային Կովկասի կայունության և համագործակցության պլատֆորմը Թուրքիայի և Հայաստանի համար գործունակ չի լինի, եթե նրանց միջև սահմանները փակ մնան: Բացի այդ, Թուրքիային սկսել էր անհանգստացնել նաև այն, որ հեռու է մնացել ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված իրողությունների վրա ազդեցություն ունենալուց, ընդ որում` Անկարայի արտաքին քաղաքական ակտիվության ֆոնին այնպիսի գլոբալ հակամարտություններում, ինչպիսիք են արաբա-իսրայելական հակամարտությունը, Իրաքի և Աֆղանստանի տարածքներում ընթացող հակամարտությունները: Սա էլ անհրաժեշտություն առաջացրեց որոնելու գործուն տեղ հարավկովկասյան հակամարտություններում, տեղ, որը թույլ կտար, թեկուզև անուղղակի, բայց զգալի չափով ազդել տարածաշրջանի իրական գործընթացների վրա:

Բ.Արասը հանգում է այն եզրակացության, որ Թուրքիայի` Հայաստանի մեկուսացմանը նախորդող քաղաքականությունը (փակ սահման) «հասել է սահմանագծին»: Առավել կարևոր է դարձել, ընդգծում է Բ.Արասը, Հայաստանում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամքի ձևավորումը: Ներկա փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է պայմաններ ստեղծի տարածաշրջանի գործերում, հատկապես Հարավային Կովկասի էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման շուրջ ընթացող իրական գործընթացներում Թուրքիայի ներգրավվելու քաղաքականության համար:

Հոդվածն ամփոփելով` Բ.Արասը եզրակացնում է, որ «տարածաշրջանային ստատուս-քվոն» պետք է փոխվի և պետք է հաստատվի տարածաշրջանային նոր կարգ, որը կհենվի տնտեսական փոխկախյալության, քաղաքական համագործակցության, տարածաշրջանային կայունության և բարգավաճման վրա»:

Վերադառնանք կիպրոսյան կարգավորման թուրքական մեկնաբանմանը: Վերոնշյալ հրապարակման մեջ խոսելով վերջինի մասին` Ս.Կինիկլիօղլուն կիպրոսցի թուրքերի մեկուսացման շարունակման անհնարինությունը փաստարկում է նրանով, որ վերջինները 2004թ. ապրիլի հայտնի հանրաքվեի ժամանակ հավանություն են տվել ՄԱԿ պլանին, այն դեպքում, երբ կղզու հույն բնակիչները դեմ են արտահայտվել դրան: Սրա հիման վրա եզրակացվում է, որ կիպրոսցի թուրքերը գերադասել են միջազգային ընկերակցության որոշումը, այնինչ կիպրոսցի հույները հակառակվել են դրան: Թուրքական կողմի այսօրինակ փաստարկումը կարող է շարունակություն ունենալ նաև ղարաբաղյան կարգավորման դեպքում: Հայկական կողմի ցանկացած շեղում «մադրիդյան-կրակովյան» սկզբունքներից հանրությանը կներկայացվի որպես հայերի ապակառուցողական մոտեցում հակամարտության` միջազգային հանրության առաջարկած լուծմանը:

Ս.Կինիկլիօղլուն հոդվածում հատկապես նշում է ԱՄՆ դերը կիպրոսյան կարգավորման ներկա փուլում: Հատկանշական է նաև, որ թուրքական կողմը ջանում է կիպրոսյան կարգավորման հետ շաղկապել այլ հարցերի մի ամբողջ շարք` համապատասխան խնդիրները լուծելիս իր համար արտաքին քաղաքական նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Բայց ամենակարևորը, ըստ մեզ, այն է, որ Ս.Կինիկլիօղլուն բաց տեքստով նախազգուշացնում է եվրաատլանտյան ակումբների իր գործընկերներին. «ձախողումը (կիպրոսյան կարգավորման հարցում) նույնպես կարող է բացասաբար ազդել Բալկանների, Սև ծովի և Արևելյան Միջերկրածովի անվտանգության վրա, այն բոլոր շրջաններն են, որտեղ ԱՄՆ-ը և ԵՄ-ը կենսականորեն կարևոր շահեր ունեն»:

Այսպիսով, ակնհայտ է թվում, որ ներկա փուլում Թուրքիան ջանում է առավելագուն շահ կորզել իր համար առավել սկզբունքային արտաքին քաղաքական հարցերի կարգավորման շուրջ ստեղծված հնարավորություններից: Հիմնական դրույքն այս քաղաքականության մեջ դրվում է ԱՄՆ արտաքին քաղաքական պոտենցիալի վրա, քանի որ Թուրքիան հստակ պատկերացնում է, որ հենց Վաշինգտոնն է, որ համապատասխան կշիռ ունի 2008թ. օգոստոսից հետո Հարավային Կովկասում ընդհանրապես և հակամարտային կետերում` մասնավորապես, տարիների ընթացքում ստեղծված ստատուս-քվոյի փոխակերպումը շարունակելու համար:

Ընդ որում՝ հայ-թուրքական հարաբերությունների և մասամբ` կիպրոսյան կարգավորման (բանակցություններ կղզու երկու համայնքների միջև) շրջանակներում նախապայմանների բացակայության մասին թեզիսը չի վերաբերում սույն գործընթացների արտաքին քաղաքական լայն համատեքստին: Նման լայն համատեքստի շրջանակներում Թուրքիան ջանում է փոխկապակցել տարբեր հարցեր` հենվելով միջանկյալ և/կամ վերջնական գործարքների հասնելու համար «սակարկություններ վարելու» զուտ քաղաքական մոտեցման վրա:

Մեզ համար այս առումով ևս հատկանշական է կիպրոսյան մոտեցումը: Այսպես, 2006թ. դեկտեմբերին Թուրքիան փորձեց ակտիվացնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «սակարկություններ վարելու» մոտեցումը` տրանսէներգետիկ հարցերից բացի ընդհանուր համատեքստ մտցնելով նաև կիպրոսյան կարգավորման հարցում «բեկման» հասնելու հարցը: Թուրքիան առաջարկեց կոնկրետ գաղափար` բացել Թուրքիայի մեկ ծովային նավահանգիստ և մեկ օդանավակայան Կիպրոսի Հանրապետության նավերի և ինքնաթիռների համար: Ինչից հետո, այդ ժամանակ ԵՄ-ում նախագահող Ֆինլանդիայի ներկայացուցիչների տեղեկատվության համաձայն, Թուրքիան իր առաջարկը կապեց Կիպրոսին և ԵՄ-ին պատասխան պահանջների հետ (Անկարայի գլխավոր պահանջն այն էր, որ ԵՄ-ը չեղյալ հայտարարի Կիպրոսի հյուսիսային (թուրքական) հատվածի մեկուսացումը): Թուրքիայի այս նախաձեռնությունը հետագա զարգացում չունեցավ հիմնականում Ռ.Էրդողանի կառավարության ներքաղաքական դժվարությունների պատճառով3:

Սակայն կիպրոսյան կարգավորման այս արհեստականորեն նախաձեռնված ակտիվացումից հետո Թուրքիան ապագայի համար կարևոր եզրակացություններ արեց, որոնք մարմնավորվեցին արդեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նման եզրակացություններից մեկը, որն առաջին հայացքից տեխնիկական բնույթ է կրում, դարձավ այն, որ Կիպրոսի հարցով թուրքական նախաձեռնության պահին, 2006թ. դեկտեմբերին, քննարկումների օրակարգում չկար որևէ իրատեսական, գրավոր փաստաթուղթ: Թուրքիան եզրակացությունն արել էր և արդեն սկսեց գործել հայկական ուղղությամբ. անհրաժեշտ է գրավոր փաստաթուղթ, որի շուրջ հնարավոր է ինչպես կոնկրետ քննարկում անցկացնել, այնպես էլ առաջ քաշել մոտեցումներ արտաքին քաղաքական լայն համատեքստով:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարի հարցի շուրջ ծավալված վերջին իրադարձությունները շոշափեցին նաև կիպրոսյան հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերի արտաքին քաղաքական ջանքերը: Այսպես, Թուրքիայի վերաբերյալ ԵՄ խորհրդատվական կառույց հանդիսացող Անկախ հանձնաժողովի` 2009թ. սեպտեմբերի 7-ին հրապարակած զեկույցում մի քանի դրույթների շարքում, որոնք, հանձնաժողովի փորձագետների կարծիքով, կարող են դժվարացնել Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, նշված է նաև կիպրոսյան գործոնը: Զեկույցում ասվում է, որ ԵՄ-ին անդամակցության հնարավորությունների հարցում Թուրքիայի հիասթափության հավանական հետևանք կարող է դառնալ այն, որ այդ երկիրը չի խթանի Կիպրոսյան հիմնախնդրի կարգավորման աշխատանքը: Եվրոպացի փորձագետներն իրենց գնահատականներում հիմնականում համերաշխ են Թուրքիայի փոխարտգործնախարարի վերոնշյալ կարծիքի հետ` նշելով, որ կիպրոսյան կարգավորման շուրջ իրավիճակն այժմ այնպես է դասավորվում, որ ստեղծվում է այս հնացած հիմնախնդրի կարգավորման լավագույն և, գուցե, վերջին հնարավորությունը:

Այս ամենից կարելի է անել մի քանի հետևություն, որոնց շարքում կուզենայինք ուշադրություն հրավիրել դրանցից մեկի վրա, որը հանդես է գալիս որպես աշխարհաքաղաքական նորություն և անմիջական առնչություն ունի Հայաստանի շահերի հետ: Դա Ռուսաստանի և Թուրքիայի զգալի մերձեցումն է իրենց արտաքին քաղաքական կողմնորոշիչների հարցում: Մերձեցումը դրսևորվում է ինչպես երկու երկրների` գլոբալ և տարածաշրջանային մի շարք հարցերում ունեցած դիրքերի արտաքին քաղաքական ընդհանուր, այնպես էլ մարտավարական բաղադրիչներում: Ե´վ Ռուսաստանը, և´ Թուրքիան վերջին ժամանակներս առավել հաճախ են խոսում իրենց «արտոնյալ» ազդեցության ոլորտների ճանաչման անհրաժեշտության մասին: Մոսկվան մի ժամանակ խիստ քննադատության էր ենթարկվում այս հարցում, թեև ներկա փուլում անհրաժեշտ է ընդունել, որ քննադատությունն Արևմուտքի կողմից մեղմացել է, երբեմն էլ` նույնիսկ լրիվ վերացել: Թուրքիան դեռ նոր է հայտարարում ազդեցության գոտիների իր հայտի մասին:

Հատկանշական են Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի դատողությունները: Սլովակիա այցելությունից առաջ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ա.Գյուլը, մասնավորապես, ասել է. «Թուրքիայում տեսնում են ծագող աստղը: Ազդեցության ոլորտները դասավորվում են հօգուտ Թուրքիայի: Անկեղծ ասած, այս առիթով նախանձ կա: Մեզ համար կարևոր է հասնել ԵՄ չափորոշիչներին: Երբ մենք հասնենք այդ չափորոշիչներին, գուցե մենք էլ դառնանք ինչպես Նորվեգիան»4:

Մի բան պարզ է: Թուրքիան երբեք Նորվեգիա չի դառնա, ինչպես և Նորվեգիան երբեք իր տարածքում չի իրականացնի ավտոխտոն բնակչության ցեղասպանություն: Բայց հիմա արդեն Թուրքիան հաշտվում է եվրասիական այնպիսի տերությունների գործընկերոջ դերի հետ, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանն է: Կամ եվրոպական այնպիսի տերությունների աշխարհաքաղաքական մրցակցի դերին, ինչպիսին է Ֆրանսիան:

Այս վերջինի առնչությամբ նշենք բավական հատկանշական երևույթ Թուրքիայի արտաքին քաղաքական գծի համար: Ինչպես 2009թ. նոյեմբերի 24-ին գրում էր թուրքական «Yeni Safak» թերթը, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուն, փոքր-ինչ անկեղծանալով, արել էր հետևյալ հայտարարությունը. «Մենք նեոօսմաններ ենք: Մենք հարկադրված ենք զբաղվել հարևան երկրներով: Եվ նույնիսկ Աֆրիկա ենք գնում: Գոյություն ունի Օսմանյան կայսրության թողած ժառանգությունը: Մեզ անվանում են «նեոօսմաններ»: Այո, մենք «նոր օսմաններ» ենք, իսկ հետո ավելացրել է. «Մեծ տերությունները շփոթվածությամբ են հետևում սրան: Նախ Ֆրանսիան է փորձում հասկանալ, թե ինչու ենք մենք աշխատում Աֆրիկայում: Ես արդեն հանձնարարել եմ. աֆրիկյան որ երկիր էլ որ գնա Սարկոզին, հարկավոր է, որ ամեն անգամ, աչքերը բարձրացնելիս, տեսնի թուրքական դեսպանատան շենքը, թուրքական դրոշը: Ես ցուցում եմ տվել վարձակալել դեսպանատներն ամենալավ տեղերում»:

1Suat Kiniklioglu, Now or Never in Cyprus, http://www.project-syndicate.org/commentary/kiniklioglu1, 09.09.2009.

2Bulent Aras, A New Era in Turkish-Armenian Relations, EUISS, September 2009,
http://www.iss.europa.eu/uploads/media/A_new_era_in_Turkish-Armenian_relations.pdf.

3Թուրքիայի բարձրագույն զինվորական հրամանատարությունը կասկած է հայտնել երկրի կառավարության այս նախաձեռնության տեղին լինելու հետ կապված: Թուրքիայի սպայակույտի պետի հնչեցրած գնահատականի համաձայն` կառավարության նախաձեռնությունը «շեղում է թուրքական պետության պաշտոնական գծից»: Տարակուսանք է հայտնվել նաև այն առնչությամբ, որ «այս հարցը հանկարծ դարձել է բանավեճի առարկա» («Hurriyet», 8.12.2006):

4«Hurriyet», 3.11.2009.


Возврат к списку



 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре