• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ՍԿՍՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԻՈՎԻՆ ԶՐԿԵԼՈՒ ՓՈՒԼԸ 18.09.2025

ՍԿՍՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԻՈՎԻՆ ԶՐԿԵԼՈՒ ՓՈՒԼԸ

Այս օրերին նիկոլյան քարոզչամեքենան ու Նիկոլն անձամբ ամենաբարձր ձայնով միացրել են քարոզչամեքենան` փորձելով առաջ տանել մի շարք հիմնական թեզեր: Սկսած նրանից, թե ինչու Արարատ սարի նկարը չպետք է լինի հայաստանյան փաստաթղթերի վրա, վերջացրած, որ Պրագայից սկսած՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականություն» ճանաչելը լավագույն քայլ էր, որն այսօր Հայաստանի անվտանգության մակարդակը հասցրել է աննախադեպ ճախրանքների:

ՀԵՐԹԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՀԵՂԵՂԸ

Օրինակ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան կոչված անձնավորությունը փորձում է այսպես արդարացնել Արաարտը փաստաթղթերից հանելու հարցը՝ Հայաստանը առաջնորդվում է իր պետական խորհրդանիշներով և ՀՀ անձնագրերում տեղադրվող դրոշմանիշը պետք է արտահայտի Հայաստանին և նրա պետականությանը վերաբերող խորհրդանիշեր: Տեսնես սույն անձնավորությունը գիտակցո՞ւմ է, որ անգամ օրենսդրորեն է Արարատ լեռը եղել եւ մնում Հայաստանի առանցքային խորհրդանիշերից մեկը՝ սկսած սովետական ժամանակներից մինչեւ հիմա այն, օրինակ, Հայաստանի զինանշանի ամենաառանցքային դետալն է: Ու քանի դեռ ՔՊ-ածինները չեն հանդգնել նաեւ գերբից հանել Արարատը, այն պաշտոնապես է պետական խորհրդանիշ, իսկ դրանից հրաժարվելը՝ պատժելի արարք:

Նույն ոճի մեջ է բրիտանական հետախուզության սիրասուն այցելու, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, թե՝ երբ բնակարան ես կառուցում, պետք չէ պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը կարող է հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել։ Տեսնես սեփական պապերի գերեզմանները թուրքին թողած սույն անձնավորությունը գիտակցո՞ւմ է, որ պետական զինանշանը տան պատից կախված նկարի հետ համեմատելն ու մի բան էլ՝ հարեւանների էմոցիաներից դողալն իրականում ինչ է: Եթե ոչ, ապա ժամանակը կգա, երեւի տեղը-տեղին կհասկանա:

Միայն թե, եթբ հարեւանների էմոցիաներից անգամ այսքան դողում են, ապա դա զրոյացնում է հենց Նիկոլի քարոզները, ով դեմքի ամենալուրջ արտահայտությամբ նախօրեին քարոզում էր, թե՝ «Հայաստանը երբեք ավելի անվտանգություն չի ունեցել, քան ունի այսօր»: Ու փորձում է «բացատրել», թե գիտե՞ք. «Եթե գարնանը ես ասում էի, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի ու Ադբեջանի միջև այլևս խաղաղություն է»: Այսինքն, եթե թշնամին այս պահին չի հարձակվում կամ դրա հնարավորությունն ինչ-ինչ պատճառով չունի, համ էլ՝ մի թեթեւ մատները ճթթացրեց, ուզածը տալիս են, ու միաժամանակ նստած դողում են «հարեւանների էմոցիաներից», դա սրանց համար անվտանգության ամենաբարձր մակարդակն է դարձել: Բնական է, որ սրանից հետո Նիկոլն արդեն չգիտես էլ որերորդ անգամ է փորձում համոզել, թե Պրագայում ոչ թե պարտադրել են, այլ սեփական «համոզմունքներից» ելնելով է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել, ու եթե այսպես գնա, երեւի նաեւ սկսի 44-օրյայում պարտությունը գովերգել, թե բա գնացել, մտել էինք ազերիների տարածք, լավ եղավ, որ պարտվեցինք:

Թե ինչու են այս քարոզչական հեղեղը նորից միացրել՝ նորից ու նորից փորձելով համոզել, որ ամենասովորական դավաճանությունը չեն գործել երկրի հանդեպ, կարելի է հասկանալ: Հիմա պետք է հանրությանը ներկայանալ «խաղաղություն բերողի» կերպարով, որ կարողանան նորից պաշտոններին մնալ՝ բանտ գնալու փոխարեն: Ու, բնական է, ամեն մի հիշեցում, թե մինչ իրենց գալն էլ խաղաղությունն ունեինք եւ պատերազմում հայտնվեցինք հենց իրենց ապաշնորհության, եթե ոչ՝ դավաճանության պատճառով, խանգարելու է այդ քարոզներին:

Ասենք, կարելի էր նաեւ ուշադրություն չդարձնել այս հերթական շոուին, որը տարբեր ձեւերով ու բառապաշարով արդեն որերորդ անգամն է, որ կրկնվում է, ու ամեն անգամ հաջորդում է նիկոլյան խունտայի վարկանիշային հերթական անկումը: Ընդ որում, արդեն հասել է այն մակարդակին, որ անգամ նիկոլական թիմում են խոսում, որ առանց «ժերտվաների» բանի հասնել չի լինի: Էլ չասած, որ այս քարոզների հետեւանքները Նիկոլի համար կարող է նաեւ բումերանգի էֆեկտն ունենալ: Հիմնական քարոզչությունը, ինչպես եւ ենթադրվում էր, դրել են «խաղաղության ենք հասել» թեզի վրա, միայն թե «խաղաղության պայմանագիր» կոչվածն այդպես էլ չկա ու չկա: Ալիեւի պահանջն էլ, հիշեցնենք, մնում է նույնը՝ փոխեք Սահմանադրությունը, ու լավ հասկանում են, որ դա գոնե այս պահին հնարավոր չէ: Հնարավոր էլ լիներ, համոզված ենք, մի նոր պայման կմոգոնեն: Նույնն է նաեւ Թուրքիայի դիրքը. մարդ ուղարկեցին Հայաստան, գեղեցիկ բաներից խոսեցին: Բայց անմիջապես էլ Շուշիում Ալիեւի հետ հանդիպեց Թուրքիայի ԳՇ պետ Սելջուկ Բայրաքթարօղլուն, որի ժամանակ նորից հայտարարվեց՝ երկու երկրների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, «հատկապես` ռազմական ոլորտում»: Ալիեւն էլ իր պաշտպանական բյուջեն գալիք տարի պահում է 5 միլիարդ դոլարի սահմաններում, եւ այս ամենը, իհարկե, մի տեսակ համահունչ չէ «տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել» քարոզներին:

Վերջապես փաստը, որ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հայտարարում է, թե լավագույն դեպքում հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիր» կոչվածի ստորագրումը սպասում է գալիք տարվա առաջին կեսին, իր հերթին է նշանակում, թեր թուրք-ազերիական տանդեմը շարունակում է Նիկոլին պահել «կարթի վրա»: Այսինքն, նա մնում է կախված թուրք-ազերիական քմահաճույքներից՝ ընտրությունների կգնա՞ այդ թուղթը ձեռքին, թե՝ ոչ: Ու եթե ոչ, անգամ ձեռքին այդ քիչ արժեք ներկայացնող թղթի կտորը չլինի, դժվար կլինի նաեւ մարդկանց համոզելը, որ ինքը «Նիկոլ խաղաղաբերն» է: Իսկ դա կարող է ակնկալածի ճիշտ հակառակ նախընտրական էֆեկտը տալ:

ԻՍԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՈՒԺԵՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Բայց որքան էլ, որ «խաղաղության» թեման այս պահին առաջ մղելը, այսպես ասենք, դեռ անորոշ նախընտրական հեռանկարներ է խոստանում, սակայն այդ քարոզարշավը, ավելի ճիշտ՝ այդ դերի մեջ Նիկոլի մտնելն արդեն իսկ կարող է հերթական կործանարար հարվածը հասցնել երկրին: Այդ թվում, այն «տրյուկը», թե պատրաստվում է բանակային ծառայության ժամկետը կրճատել: Որպեսզի դա իր քարոզչական էֆեկտն ունենա, այն է՝ գալիք ամառվանից մտնի կիրառման մեջ, պետք է արդեն նախընտրական ժամանակաշրջանում իրականացնել-ավարտել համապատասխան օրենսդրական փոփոխությունները: Մի կողմից այն, որ դա Ալիեւի երազանքների գագաթնակետերից մեկն է, դա դժվար չէ հասկանալ: Այն է՝ եթե անգամ Նիկոլը ստիպված լինի հեռանալ, ապա իր հետեւից թողնի այն կարգի ավերված բանակ, որ խելքի բերելը երկար տարիների համառ աշխատանք պահանջի: Մյուս կողմից, եթե այդ ամբոխահաճո օրենսդրական փոփոխությունը Նիկոլը չանի, ապա դա կդառնա շատ լուրջ նախընտրական հարված: Այսինքն, մեծ հավանականությամբ, այդ քայլը կարվի: Ու չնայած այն մեծ հարցին, որ եթե այդքան զորք ունեք, որ կարելի է կրճատել ու վնասներ չլինեն, ապա ին-չո՞ւ են հետեւողականորեն սրում, այսպես ասած, «ուսումնական հավաքների» ռեժիմը՝ քաղաքացիներին բան ու գործից կտրելով՝ ուղարկելով սահման պահելու: Բացատրությունը, թե պայմանագրային ուժերի միջոցով բանակի կազմի անկման նման նվազեցումը կփոխարինեն, ծիծաղելի է. եթե կան համապատասխան թվով պայմանագրայիններ, նորից նույն հարցն է՝ ինչո՞ւ են, հակասելով մոբիլիզացիոն օրենքներին, մարդկանց ուսումնական նպատակներով զորակոչում եւ ուղարկում սահման, այն է՝ մարտական ծառայության:

Այն, որ դա դառնալու է Հայաստանի անվտանգությանն ուղղված հերթական հզոր հարվածը, երեւում է թեկուզեւ նրանից, որ Նիկոլը հիմա փորձում է քարոզել, թե անվտանգության երաշխավորների մեջ բանակն ամենեւին էլ առաջնային չէ: Ու սա չափազանց նման է Լեւոն Տեր-Պետրոսյանի երբեմնի թեզին, թե՝ մեր անվտանգությունը պետք է մեր թուլության մեջ լինի: Թեզ, որի կործանարար բնույթը շատ արագ հենց Լեւոնը հասկացավ՝ հրաժարվելով դրանից: Հիմա էլ ակնհայտորեն փորձում են երկիրը նույն գետը տանել:

Ընդ որում` ամենավատ պահին: Այն իրողությունները, որոնք ծավալվում են մեր երկրի շուրջ, մեկ բան են հուշում. որեւէ խաղաղություն, որեւէ թուլություն հաշվի առնող չկա: Բերենք թեկուզ Կատարի օրինակը. Իրենց համար ապրում են, ու հանկարծ մայրաքաղաքին հրթիռներ են հարվածում: Ու սա ամենեւին էլ միայն բացառիկ օրինակ չէ: Ավելի կոնկրետ, ներկա աշխարհում ակնհայտորեն գերիշխող է դառնում ուժեղի իրավունքը. կարող ես ինչ-որ մեկից ուզածդ վերցնել, գնա ու վերցրու: Ոչ մի թուղթ, միջազգային օրենք ու նման բան այստեղ խոչնդոտ չէ. անպաշտպան ես, ցանկացած պահին կարող ես ծանր հարված ստանալ: Ու Նիկոլը, երբ խոսում է հարյուրամյա խաղաղություններից ու նման բաներից, դրանով ընդամենը ապացուցում է՝ կա՛մ դա դիտավորություն է կա՛մ ամենասովորական մանիպուլյացիան՝ թքած ունենալով ամեն մի հնարավոր հետեւանքի վրա:

www.iravunk.com


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре