• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
«ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱԶՐԿՎԻ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ԲԱՑԵԼ ՀՀ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԴՈՒՌԸ». «Փաստ» 09.02.2023

«ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱԶՐԿՎԻ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ԲԱՑԵԼ ՀՀ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԴՈՒՌԸ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը, որը հազարավոր զոհերի պատճառ է դարձել, մեր հասարակությանը, կարծես, ընկալումների տեսանկյունից երկու մասի է բաժանել: Մի կողմում չեն մոռանում, որ Թուրքիան է ոչ վաղ անցյալում պատերազմ սանձազերծած ու այն շարունակող տանդեմի թշնամի երկրներից մեկը, մյուս կողմում չեն մոռանում երկրաշարժի հետևանքով զոհվածների մասին, որոնց թվում նաև մեր հայրենակիցներն են: Ոչ միանշանակ են ընկալվում հատկապես պաշտոնական մակարդակով արված քայլերն ու հայտարարությունները, ցավակցությունները՝ ուղղված մասնավորապես Թուրքիայի իշխանություններին: Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանը շեշտում է՝ քաղաքականն ու պարզ մարդկայինը պետք է տարանջատել:

«Ես վերապրել եմ 1988-ը, և յուրաքանչյուր նման ողբերգություն ինձ համար սարսափ է: Կա մարդկային կյանքի արժեք: Ցանկացած պարագայում դատողություն անելուց մարդ մնալը, մարդկային լինելը կարևոր է: Այս հարցին չպետք է վերաբերվել հույզերին տրվելով և այդ հույզերի համատեքստում անմարդկային դառնալ: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանն արձագանքել 1988-ի երկրաշարժին: Չպետք է իջնենք այդ նողկալիության աստիճանին: Խոսքը մեր տեսակն ավելի բարձր պահելու մասին է: 1988-ին Թուրքիան քաղաքական նկատառումներով չուզեց հետ մնալ այն աջակցությունից, որը երկրներն ուղղում էին Հայաստանին: Թուրքիան այդ ժամանակ համեստ աջակցություն ցուցաբերեց: Նույն կերպ 1999-ի երկրաշարժի ժամանակ այն ժամանակվա մեր իշխանությունները հայ փրկարարներ ուղարկեցին Ստամբուլ: Այդ նախադեպն իրականում կա, և որևէ արտառոց բան այստեղ չկա»,-ասաց Հ. Դեմոյանը:

Ինչ վերաբերում է ներկա ֆոնին և քաղաքական նշանակությանը, Դեմոյանը նկատեց. «Իհարկե, չպետք է ակնկալել, որ Թուրքիան այդպիսով կսկսի սիրաշահել մեզ, որ Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքը մեղմացնելու ինչ-որ քայլեր կկատարի: Չմոռանանք նաև, որ ՀՀ այս կառավարությունում կան առանցքային պաշտոնյաներ, որոնք Հայաստանի դեմ թշնամական, պատերազմական գործողություն վարող պետությունում ուսումնառություն են անցել, զբաղվել են հաշտության գործընթացներով՝ տարբեր այլանդակ գործարքներով հարվածելով մեր հիշողությանը: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա իրենց միակ փրկարար օղակը զանազան այլանդակ մանիպուլ յացիաները, արհեստական օրակարգերը, նողկանք առաջացնող բարբաջանքներն են մնացել: Նրանք անտրամաբանական, հակազգային բնույթի հայտարարություններով օրը մթնեցնելու սցենարն են կիրառում: Հարց է, թե երբ է իրենց վերջնաժամկետը, որովհետև այն իրենք չեն որոշում, քանի որ դրածոներ են, և իրենց փոխարեն որոշելու են: Հիմա իշխանությունը մեկ-երկու օր ձգելու հոգեբանությամբ է առաջնորդվում, որը շատ վատ վերջաբան կունենա, ինչն ապացուցված է պատմությամբ»:

Անդրադառնալով թշնամական երկրներից եկող ազդակներին, այն հայտարարություններին, թե «խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին», Հայկ Դեմոյանը նշեց, որ սա պարտադրանք է, որն արտաքին լսարանի համար զուտ «բարիդրացիական դիմակով» են փաթեթավորել: «Շուտով Թուրքիայում ընտրություններ են: Այդ երկրաշարժն ինչ-որ առումով բոլոր կողմերի համար հնարավորություններ է բացելու: Գլխավոր «մարտադաշտին» մայիսին ենք ականատես լինելու: Հարցն այն է, թե Արևմուտքը կկարողանա՞ զսպել և վերահսկման տակ առնել Թուրքիային, որն ուղեծրից շեղվել է 2002-ից: Ուղեծրից շեղվելու առաջին քայլերից մեկն այն էր, երբ Թուրքիան թույլ չտվեց, որ միացյալ զորախումբը Իրաք մտնի հյուսիսից, և օպերացիան սկսվեց հարավից: Այդպիսի իրողությունները չեն ներվում դաշնակիցների կողմից: Մայիսյան իրադարձությունները կարևոր են. շատ հարցեր կբացվեն, շատ հարցեր կփակվեն»,-ասաց նա:

Այդ համատեքստում դիտարկելով նաև Արցախյան հարցը՝ նա շեշտեց. «Հայտարարում են, թե «Արցախյան հարցը պատերազմով է լուծվել»: Բայց հնարավոր չէ 30 տարի բանակցել, հետո պատերազմ սանձազերծելով հարցը լուծված համարել: Այդպես չի լինում: Այսուհանդերձ, մեր գլխավոր մարտահրավերն ու վտանգը շարունակում է մնալ արտաքին ուժերի կողմից ներդրված իշխանությունը, ինչը, կարծես, բոլորն են հասկանում, բայց ոչ բոլորն են այդ մասին բարձրաձայնում: Մի մասն էլ հասկանալով ձևացնում է, թե չի հասկանում: Մեր օրակարգը փոքր երկրի կարգավիճակից դուրս գալու, ինքնուրույն դառնալու, սուվերենության պահպանումը պետք է լինի: Ցավոք, այդպիսի օրակարգ ունենալու հեռանկարներ չկան, նման օրակարգ տեսանելի չէ»: Նրա խոսքով, ամեն պահի տարածաշրջանը կարող է «պայթել»:

«Դա կարող է մեկ օջախ լինել, կարող են համաժամանակյա մի քանի օջախներ լինել: Բավականին լուրջ վտանգներով լի է հատկապես Արցախի և Հայաստանի Հանրապետությունների շուրջ իրավիճակը: Մեզ համար գլխավոր, գերագույն հարցը արցախահայության նորմալ կենսագործունեության ապահովումն է իր բնօրրանում. թույլ տալ, որ Արցախը հայազրկվի, նշանակում է՝ բացել Հայաստանի Հանրապետության պետականության ոչնչացման դուռը: Այս փուլում խելահեղ, ապուշության հասնող ձևակերպումներ են հնչում: Արդեն ժամանակն է, որ կարողանանք շատ հստակ տարանջատել, թե որն է դավաճանությունը, որը՝ հայրենասիրությունը»,-եզրափակեց Հայկ Դեմոյանը:

Աննա Բադալյան
past.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре