• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՐևՈՒՅԹ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՍՊԱՍԵԼ». «Փաստ» 24.01.2023

«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՐևՈՒՅԹ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՍՊԱՍԵԼ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամին վարում է այն ռազմավարությունը, որն ի սկզբանե դրված էր «Արցախ» օպերացիայի հիմքում, և որն սկսվեց Արցախը հանձնելու գործողությունից: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախի՝ ավելի քան 40 օր շարունակվող շրջափակմանը:

«Իրենք գործում են պատերազմական արվեստի բոլոր կանոններով: Օգտվելով եղած գլոբալ աշխարհաքաղաքական վիճակից, երբ ամեն տեղ գրեթե լարված իրավիճակ է, և խնդիրներ են առաջանում, Ադրբեջանը գործում է՝ ելնելով իր շահերից: Չնայած՝ Ադրբեջանի խորհրդատուները պատահական մարդիկ չէին: Նրանց խորհրդատուն Թուրքիայի և Իսրայելի մասնագետներն են, որոնք կոնկրետ առաջադրանքներ են դնում Ադրբեջանի, ինչու չէ, նաև Հայաստանի իշխանությունների վրա: Այդ ամենն իրականացվում է նաև բրիտանական, ամերիկյան հետախուզության ջանքերով: Բոլոր համատեղ գործողությունների արդյունքում տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք: Իրականում այսօրվա իրավիճակը կանխատեսում էինք շատ ավելի վաղ՝ ասելով, որ հիբրիդային պատերազմի այս ժամանակահատվածում թշնամին նաև այսպես է գործելու»,-ասաց մեր զրուցակիցը:

Գագիկ Հարությունյանը, անդրադառնալով Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու ՀՀ իշխանությունների առաջարկին,նշեց. «Բաքուն այդ դեպքում միայն բացարձակ պարտություն, բացարձակ հնազանդություն է ցանկանալու: Դա Արցախի եթե ողջ ամբողջությամբ, ապա բավականին լուրջ հայաթափմանն է հանգեցնելու, որովհետև նման սցենարի դեպքում ադրբեջանցիները հայերի համար այնտեղ անտանելի պայմաններ են ստեղծելու: Սա ցեղասպանության արդի ձևերից մեկն է, որը նրանք արդեն այսօր կիրառում են: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություն կոչվածներին, ապա նրանք Արցախյան հարցը, կարելի է ասել, թողել են ադրբեջանական դաշտում»: Գագիկ Հարությունյանը խնդրի լուծման հնարավորությունը բացառապես աշխարհաքաղաքական հարթության մեջ է տեսնում:

«Այս տեսանկյունից միակ հուսադրող փոփոխությունը Ռուսաստան-Իրան համագործակցությունն է: Սա շատ հուսադրող գործընթաց է, խոշոր պլաններ են մշակում: Միևնույն ժամանակ, սակայն, պետք է հասկանանք, որ այդ դաշինքը կամրապնդվի միայն ռուսական զենքի հաջողությունից, և Ուկրաինայում առկա գործընթացներն այս առումով հուսադրող են: Ինչո՞ւ եմ սա շեշտում, որովհետև ինչպես նախորդ դարի 20-ականներին, այնպես և այսօր մեր ճակատագիրը որոշվում է գլոբալ զարգացումների կոնտեքստում»,-ասաց նա:

Իսկ թե ինչպես կարող է որևէ իրավիճակ մեզ համար հուսադրող լինել, երբ ՀՀ-ում կա նման իշխանություն, և կան նաև դիվանագիտական լուրջ խնդիրներ, Գ. Հարությունյանն ընդգծեց. «Այս իշխանության պարագայում իրականում ոչ մի հուսադրող երևույթ չենք կարող սպասել: Նման բան չի լինելու այդ առումով: Միակ հուսադրող հանգամանքն այն է, որ թերևս ռուսները, իրանցիները կօգտագործեն փափուկ ուժը և կազատվեն այս իշխանություններից, որովհետև խոսքը միայն Նիկոլ Փաշինյանի մասին չէ: Այս իշխանությունը վարձու լրտեսների մի ամբողջ ոհմակ է»:

Անդրադառնալով Արցախի շրջափակման շուրջ աշխարհից ունեցած ակնկալիքներին՝ նա նշեց, որ Ռուսաստանի և Իրանի նման համագործակցությունն ինչ-որ տեղ վկայությունն է նաև նրա, որ աշխարհ հասկացողությունը պետք է փոխվի: «Ասելով աշխարհ, որպես կանոն, մենք հասկանում էինք արևմտյան հանրություն, որը ՄԱԿ-ում, Եվրախորհրդարանում, այլ կազմակերպություններում տալիս է գնահատականներ: Երբ մատնանշում եմ Ռուսաստանի և Իրանի համագործակցության, հնարավոր հաջողության մասին, նկատի ունեմ նաև այն հանգամանքը, որ այդ երկու պետությունները փոխում են աշխարհը: Աշխարհը փոխվում է, ու Հայաստանի հետ կապված այն ծրագրերը, որոնք կային արևմտյան աշխարհում, բացարձակապես կապված էին Իրանի դեմ գործողությունների հետ: Օրինակ՝ Արցախը, փաստորեն, գրավել են: Այդ գրավումը պայմանավորված էր Արցախի ու Իրանի ունեցած սահմանով: Այդ գրավումը ադրբեջանա-թուրքական կողմին Իրանի դեմ ուժեղացնելու նպատակ ունի»,նշեց մեր զրուցակիցը:

Գագիկ Հարությունյանը Բերձորի միջանցքի բացման հնարավորություններ առայժմ չի տեսնում: «Համենայն դեպս, Ռուսաստանը խիստ սահմանափակված վիճակում է, ինձ համար անգամ զարմանալի է, որ կարողացել են Գորիսից բեռնատար ուղարկել Արցախ: Լուծման տարբերակներից մեկն այդ «էկոակտիվիստներին» ուժի դիրքերից ելնելով այնտեղից քշելն է, բայց առայժմ դրա նախապայմանները ես չեմ տեսնում»,-եզրափակեց Գ. Հարությունյանը:

Աննա Բադալյան
past.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре