• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
«ՈՐԵՎԷ ՃՆՇՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻՆ ՀԵՏ ՊԱՀԵԼ ԻՐ ԲՌՆԱԾ ՈՒՂՈՒՑ». Արմեն Անդրիկյան 12.08.2022

«ՈՐԵՎԷ ՃՆՇՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻՆ ՀԵՏ ՊԱՀԵԼ ԻՐ ԲՌՆԱԾ ՈՒՂՈՒՑ». Արմեն Անդրիկյան

Շարունակվում է «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննությունը։ Դատական այս գործընթացը հայտնվել է հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում: Դատարանի դահլիճում, մամուլի ասուլիսների ու հարցազրույցների ժամանակ Ավ. Չալաբյանի պաշտպանական թիմը փաստական տվյալներ է ներկայացնում, որով ապացուցում է վերջինիս ներկայացված մեղադրանքի և կալանավորման հիմքում ընկած ապօրինությունները, բայց դատարանի դիրքորոշումը հստակ է՝ կալանավորման որոշումները հաջորդում են իրար: Ավ. Չալաբյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Անդրիկյանը նշում է՝պարոն Չալաբյանը քանիցս հայտարարել է, որ քաղաքական բանտարկյալ է՝ իր հասարակական-քաղաքական գործունեության պատճառով: «Կարծում եմ՝ կոնկրետ խնդիր է դրված, որպեսզի պարոն Չալաբյանը գտնվի կալանքի տակ: Մեզ համար հստակ է, որ այդ կալանքը պատիժ է: Պարոն Չալաբյանի նկատմամբ իր քաղաքական ու հասարակական գործունեության արդյունքում նշանակված է պատիժ՝ առանց մեղադրական դատավճռի»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Անդրիկյանը:

Ընդգծում է՝ կալանավորման պայմանն ու հիմքերն իսպառ բացակայում են: «Նշված հոդվածը, որով մեղադրվում է պարոն Չալաբյանը, մեր կարծիքով, հակասահմանադրական է: Քրեական նոր օրենսգրքի փոփոխությունների ժամանակ, երբ օրենքն ընդունվում էր, դեռևս առաջին ընթերցման ժամանակ նշված հանցակազմն ընդհանրապես գոյություն չուներ: Հետո պարոն Չալաբյանին ձերբակալելուց և առաջին անգամ կալանավորելուց մի քանի օր հետո նշված հանցակազմն ավելացվում է Քրեական նոր օրենսգրքում: Այստեղից ենթադրություն ենք անում, որ դա հատուկ ավելացվել է պարոն Չալաբյանի համար: Ուսումնասիրել ենք նաև եվրոպական երկրների փորձը: Եվրոպական երկրների օրենսդրության մեջ իսպառ բացակայում է նյութապես շահագրգռելու եղանակով հավաքների ներգրավվելու հանցակազմը, այսինքն՝ տվյալ դեպքում նշված հանցակազմը եվրոպական երկրներում կարող է դրսևորվել բռնությամբ, շանտաժով, բռնության սպառնալիքով, բայց նյութապես շահագրգռելու գործոնն իսպառ բացակայում է: Այստեղ գործ ունենք հավաքների ազատության իրավունքի իրացման հետ: Եվրոպական երկրները նախատեսում են, որ նյութապես շահագրգռելը, օրինակ՝ ավտոբուսներ կամ ջուր տրամադրելը, որևէ կերպ չի կարող ազդել անձի՝ հավաքներին մասնակցելու իրավունքի իրացման վրա»,-նշում է մեր զրուցակիցը: Իհարկե, կալանավորումը չի կարող չանդրադառնալ անհատի հոգեվիճակի վրա:

Փաստաբանից հետաքրքրվում ենք՝ ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ն է պարոն Չալաբյանի տրամադրվածությունն ու հոգեվիճակը: «Պարոն Չալաբյանը գիտակցում է իր բռնած ուղու ճիշտ լինելը, իր գործի արդարացի և ճիշտ լինելը և վստահ եմ, որ որևէ ճնշում չի կարող իրեն հետ պահել իր բռնած ուղուց»,-եզրափակում է Արմեն Անդրիկյանը:

Լուսինե Առաքելյան
past.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре