• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
«ՆՊԱՏԱԿԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄՆ Է. ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԲԱՆԱԿԻ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՎ ՄԵԿ ՌԻՍԿՆ Է». «Փաստ» 09.06.2022

«ՆՊԱՏԱԿԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄՆ Է. ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԲԱՆԱԿԻ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՎ ՄԵԿ ՌԻՍԿՆ Է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դիլետանտ լինելու լավագույն ցուցիչներից մեկն այն է, երբ անվտանգության ոլորտում պաշտոն զբաղեցնող անձինք խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին: Պրոֆեսիոնալ բանակ, որպես այդպիսին, գոյություն չունի: Կա բանակի 3 տեսակ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին պրոֆեսիոնալ է:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով օրերս ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե պրոֆեսիոնալ բանակին անցումն սկսված է: Թվարկելով բանակի երեք տեսակները՝ նա շեշտեց. «Առաջինը զորակոչում ժամկետային զինծառայողներով համալրվող բանակն է՝ այն, ինչ հիմա մեզ մոտ է: Երկրորդը պայմանագրային հիմունքներով բանակն է, երրորդը՝ վարձու բանակը, երբ երկրի քաղաքացիները չեն ծառայում, և այդ գործառույթներն իրականացնում են այլ երկրների զինվորականները: Իրականում այս իշխանությունը ոչ միայն բանակի, այլև մեր պետականության թիվ մեկ ռիսկն է: Պետականությունը պետական ինստիտուտների գոյությունն է: Այդ ինստիտուտները պետք է համալրված լինեն համապատասխան մասնագիտական կադրերով, տեխնիկական միջոցներով ու այլ երկրների հետ համեմատ ունենան մրցակցային գործունեություն: Այս իշխանություններն իրենց ամբողջ գոյության ընթացքում մեր պետական ինստիտուտները կա՛մ փակել են, կա՛մ աստիճանաբար ոչնչացնում են դրանք: Գալով իշխանության՝ պատերազմող երկրում փակեցին պարենային անվտանգության համար պատասխանատու գյուղատնտեսության նախարարությունը:

Փակվեց մշակույթի նախարարությունն այն դեպքում, երբ մշակույթը մեր հզոր հենքն է. պետականություն չունենալով՝ դարերով կարողացել ենք գոյատևել հենց եկեղեցու ու մշակույթի միջոցով: Փակվեց նաև Սփյուռքի նախարարությունն այն դեպքում, երբ հայության 2/3-ը հայրենիքից դուրս է ապրում: Այդ պահից արդեն կարելի էր եզրակացնել, որ այս իշխանությունների նպատակը պետական ինստիտուտների ոչնչացումն է՝ կա՛մ դրանք փակելով, կա՛մ էլ նշանակելով այնպիսի ղեկավարներ, որոնք գործից ընդհանրապես ոչինչ չեն հասկանում: Ինչպես ԱԱԾ-ում, հետո էկոնոմիկայի, նաև առողջապահության նախարարությունում դիլետանտներ նշանակեցին, հիմա էլ ՊՆ-ում են նույնը անում: Մեծ հաշվով, օրվա իշխանությունները հայոց պետականության գերեզմանափորն են: Հայությունը, քաղաքական ուժերը պետք է քաղաքական կամք դրսևորեն՝ գիտակցելով այս մեծագույն վտանգը: Մենք չպետք է կորցնենք մեր հայրերի, պապերի արյան գնով ձեռք բերվածը: Մենք ինքներս ենք կյանք դրել այդ ամենի մեջ, բայց այսօր այդ արժեքը ևս ուզում են ոչնչացնել»:

Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ այսօր սպառնալիքներն անվտանգային բնույթի են: «Առաջին հերթին՝ արտաքին անվտանգային բնույթ ունեն: Արտաքին սպառնալիքին դիմակայելու ինստիտուտը բանակն է, բայց հիմա բանակի ղեկավարի պաշտոնում անձ է, որը գործից հեռու է, ո՛չ կրթություն, ո՛չ փորձառություն, ո՛չ էլ ցույց տված արդյունք ունի: Միայն իր պատասխաններից մասնագետները շատ արագ գնահատում են այն դատարկությունը, որն առկա է մասնագիտական առումով: Ու, ցավոք, նման ղեկավարների հարցազրույցները միայն Հայաստանում չէ, որ նայում են: Դրանք նայում, գնահատում են նաև թշնամի երկրներում: Մեր խոցելիությունը նաև Պապիկյան Սուրենով է երևում: Ասում է՝ ԳՇ պետ չկա, որովհետև կառուցվածքային փոփոխություններ պետք է արվեն, ինչն ակնհայտ կեղծիք է: Ընդամենն ասում է, որ ԳՇ պետ պետք է ՊՆ առաջին տեղակալը լինի՝ կառավարության մեկ որոշմամբ: Կառուցվածքային նման փոփոխություններն իրականում մեկ-երկու շաբաթում են հրամանագրվում և շատ արագ էլ կյանքի են կոչվում, այն էլ այն պարագայում, երբ երկրում իրավիճակը ֆորսմաժորային է»,-ասաց մեր զրուցակիցը:

Հայկ Նահապետյանը անդրադարձավ նաև Սուրեն Պապիկյանի այն համոզմանը, թե պատերազմի հավանականություն չկա. «Այդ ուժի կարկառուն ներկայացուցիչ Լիլիթ Մակունցն էլ 44-օրյա պատերազմից 4 օր առաջ վստահաբար ասում էր, թե Թուրքիան որևէ ձևով չի միջամտի հնարավոր պատերազմի դեպքում, մինչդեռ պատերազմը կառավարվում էր Թուրքիայի ԶՈւ-ի կողմից: Սա էլ այսօր ասում է՝ վտանգ չկա: Կա՛մ գուշակ են, կա՛մ մեր ժողովրդի ոչ սթափ, ոչ խորքային մտածող հատվածի զգոնությունն են բթացնում: Եթե պատերազմի հավանականություն չկա, այդ դեպքում ինչո՞ւ են Ադրբեջանն ու Թուրքիան ամիսը մի քանի զորավարժություն իրականացնում, կամ ինչո՞ւ է Ադրբեջանն իր ռազմական բյուջեն 50 տոկոսով ավելացրել, ինչո՞ւ են զորավարժությունները հիմնականում լեռնահրաձգային, ինչո՞ւ է Ալիևը պարբերաբար ասում, որ «Երևանն ու ՀՀ այլ բնակավայրեր Ադրբեջանի պատմական հայրենիքն են»»:

Աննա Բադալյան
past.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре