• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ 06.03.2020

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Վահե Հայկունի

«Ընտանիքի պլանավորում»

Գաղտնիք չէ, որ, թեև պատերազմ վարելու ժամանակակից շատ մեթոդներ մարդկությանը հայտնի են վաղ ժամանակներից, սակայն ներկայումս դրանք որակապես փոխվել և նոր դրսևորումներ են ստացել: Այսօր պարտություն կրած զորավարները կապիտուլյացիաներ չեն ստորագրում, իսկ նվաճված երկրները ռազմատուգանքներ չեն վճարում և չեն զիջում իրենց տարածքները հաղթողներին: Այս մեթոդները հնացել են, քանի որ դրանք պարտված ժողովուրդների մոտ բնական դիմադրություն են առաջ բերում: Եվ դրանից խուսափելու համար արվում է ամեն ինչ, որպեսզի հաղթված կողմը չզգա պարտության դառնությունը, և ավելին՝ պատրանք ունենա, որ ինքը շահել է: Այդ իսկ պատճառով, ժամանակակից պատերազմները հաճախ ուղեկցվում կամ ավարտվում են «թավշյա հեղափոխությամբ»: Նմանօրինակ վերջաբանի դեպքում պարտվածների ցնծացող ամբոխները լցվում են հրապարակները, գրկախառնվում են և դրոշներ ծածանում:

Իսկ թշնամու զինվորների փոխարեն՝ հաջորդ օրը հանդես են գալիս բազմաթիվ ոչ կառավարական, հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, որոնք կոչված են «օգնելու» այդ ժողովրդին՝ սկսել նոր և ազատ կյանք: Նմանօրինակ կազմակերպությունների միջոցով հաղթողները լուծում են, թերևս, ամենակարևոր՝ նվաճված երկրի կառավարման խնդիրը: Նրանք պարտվածներին թելադրում են այն աշխարհայացքը և հասարակական կացութաձևը, որն առավելագույնս հարմար է հաղթողին: Զուգահեռ՝ լուծվում են նաև ավելի նրբին խնդիրներ: Օրինակ, եթե հաղթողները, ելնելով իրենց չափանիշերից, գտնում են, որ այդ տարածքում բնակչությունը շատ է, ապա ընդունվում է որոշում այն կրճատելու մասին: Ընդ որում՝ չեն դիմում զանգվածային տեղահանումների և գնդակահարությունների: Ժողովրդագրական պատերազմ վարելու այժմյան մեթոդներն ուրիշ են: Շահավետ է, օրինակ, պայմաններ ստեղծել ծնունդների նվազեցման համար, որը շատ երկրներում հայտնի է «ընտանիքի պլանավորում» անվամբ:

* * *

1921 թվին ամերիկյան ֆեմինիստուհի Մարգարետ Սենգերը Սան Ֆրանցիսկոյում հիմնեց «Ծնունդների վերահսկողության ամերիկյան լիգան»: 1925թ. ֆինանսավորում ստանալով Ռոկֆելլերի հիմնադրամից, նա լիգան վերածում է հզոր, ազդեցիկ կազմակերպության: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ի հայտ եկան վտանգավոր նմանություններ Սենգերի քարոզած գաղափարների և նացիստների մտադրությունների միջև (մասնավորապես՝ եվգենիկայի և ռասայական խտրականության առումով): Ուստի, ֆեմինիստուհին իր լիգան վերանվանեց «Ընտանիքի պլանավորման միջազգային ասոցիացիա»: Պատերազմից հետո հիմնվեց »Ընտանիքի պլանավորման միջազգային ֆեդերացիան», որի նախագահ ընտրվեց Սենգերը: Զուգահեռ՝ հիմնվեցին նմանատիպ այլ կազմակերպություններ, որոնք ևս իրականացնում էին Սենգերի գաղափարները: Այդ կազմակերպություններում մշակվում և տարբեր պետությունների կրթական համակարգերի մեջ էին ներդրվում սեռական դաստիարակության համապատասխան ծրագրեր: Այդ ծրագրերով նախատեսվում էր վարկաբեկել ավանդական բարոյական արժեքները, թուլացնել ծնողների հեղինակությունը և նպաստել անչափահասների սեռական ազատությունների խրախուսմանը: Նրանցով քարոզվում էր «սեռական ամոթխածության նախապաշարումներից և արգելքներից երեխաների ազատումը»:

Մարգարետ Սենգերի գաղափարները համաճարակի պես տարածվեցին աշխարհով մեկ: Դրանք հրապուրեցին նաև ԱՄՆ քաղաքական ղեկավարությանը:

1974թ.-ին, պետքարտուղար Հենրի Քիսինջերի նախաձեռնությամբ, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդն ընդունեց NSSM-200 խորագրով գաղտնի որոշումը, որտեղ ներկայացված էր այդ երկրի ժողովրդագրական հայեցակարգը: Իր գաղափարական ուղղվածությամբ՝ հայեցակարգը շատ էր հիշեցնում Սենգերի գաղափարախոսությունը, սակայն կազմված էր մանրակրկիտ կերպով, և նրա հեղինակների աչքից ոչ մի մանրուք չէր վրիպել: Հայեցակարգում մասնավորապես նշվում է, որ «ԱՄՆ-ը գնալով կախվածության մեջ է ընկնում զարգացող երկրներից ներմուծվող օգտակար հանածոներից, և այս միտումը շարունակական է: Հետևաբար, ԱՄՆ-ը շահագրգռված է պահպանել քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունությունը մատակարարող երկրներում»:

Առաջին հայացքից՝ ամեն ինչ ընդունելի է, սակայն սրան հետևում են որոշակի եզրահանգումներ. «Կրճատելով ծնունդները՝ հնարավորություն է ստեղծվում պահպանել վերը նշված կայունությունը… Ժողովրդագրության բնագավառում տարվող քաղաքականությունը մեծ դեր ունի ԱՄՆ տնտեսական շահերի պաշտպանման գործում… Բնակչության արագ աճը զարգացող երկրներում՝ մեծ վնաս է հասցնում դրանց ներքին կայունությանը և դրանով իսկ վտանգում ԱՄՆ ազգային անվտանգությունը… Նմանօրինակ ճգնաժամերն ավելի քիչ են հնարավոր բնակչության բացասական աճի դեպքում»:

Ծնունդների նվազումը նախատեսվում էր կատարել ընտանիքի պլանավորման ծառայությունների տարածման ճանապարհով: Դրանք կզբաղվեն հղիության կանխարգելման «էժան, արդյունավետ, անվտանգ և մատչելի մեթոդների քարոզչությամբ… Դա չափազանց կարևոր մոտեցում է ցանկացած ծրագրի համար, որն ուղղված կլինի վերահսկելու աշխարհի բնակչության աճը»,- խոստովանում էին հուշագրի հեղինակները:

Հուշագիրը գաղտնի էր, ուստի և կազմված էր առանց ավելորդ փարիսեցիության ու հնարավորինս անկեղծ: Օրինակ, հուշում են, թե ինչպես կարելի է խաբել և հիմարացնել իրենց որոգայթներում հայտնված ժողովուրդներին: «Տրամադրելով որոշակի տեսակի օգնություն մորն ու մանկանը, կամրապնդվի ընտանիքի պլանավորման գաղափարների նկատմամբ վստահությունը, քանի որ այդպես կցուցաբերվի մոր և մանկան առողջության նկատմամբ մեր հոգատարությունը և աչքի շատ չի խփի կանանց պտղաբերությամբ պայմանավորված մեր անհանգստությունը… Մենք պետք է հոգանք այն մասին, որ մեր գործունեությունը զարգացող երկրների կողմից չընկալվի՝ որպես զարգացած երկրի հատուկ քաղաքականություն, որն ուղղված է նրանց դեմ…»: Դրա համար փաստաթղթի հեղինակները կոչ են անում հենվել տեղի քաղաքական վերնախավի վրա՝ նրանց պետք է հաճախակի հրավիրել գրավիչ սեմինարների և ամեն կերպ սիրաշահել: Հուշագրի որոշ կետերի կնախանձեր անգամ դոկտոր Յոզեֆ Գեբելսը. «Հնարավոր է առավելագույնս նվազեցնել իմպերիալիստական շահախնդրության մեջ մեզ ուղղված մեղադրանքները, եթե անվերջ կրկնենք, որ մեր մշտական հոգածության առարկաներն են. ա) յուրաքանչյուր մարդու իրավունքը՝ ինքնակամ որոշելու իր երեխաների քանակը, բ) աղքատ երկրների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը…»: Որպես հաջողության երաշխիք՝ խորհուրդ էր տրվում այս կամ այն երկրներին տրվելիք վարկերը կամ մարդասիրական օգնությունը պայմանավորել «ընտանիքի պլանավորման» նկատմամբ այդ երկրի իշխանությունների վերաբերմունքով:

Հուշագրում ներկայացված են ծրագրի հիմնական իրականացնողները: Դրանք են՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի հիմնադրամներն ու զանազան գործակալությունները (UNESCO, UNICEF, ևն) ու վերը հիշատակված «Ընտանիքի պլանավորման միջազգային ֆեդերացիան»:

Միջազգային լայն աջակցություն ստանալու նպատակով, 1992 և 1994 թվականներին, Ռիո-դը-ժանեյրոյում և Կահիրեում կայացան ազգաբնակչության հարցերով մեծ խորհրդաժողովներ, որտեղ աշխարհի վզին փաթաթվեց, այսպես կոչված, «հաստատուն զարգացման» ծրագիրը: Իրականում, այդ ծրագրի շատ դրույթներ կրկնում էին Սենգերի գաղափարները և NSSM-200-ի հրահանգները: Կահիրեի խորհրդաժողովում ընդունված որոշումներում կան շատ գեղեցիկ բառեր առողջության և մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ: Բայց որպես դրանց հասնելու կոնկրետ միջոցներ՝ նախանշվում են նույն սեռական «լուսավորությունը» և հակաբեղմնավորիչների քարոզչությունը: Օրինակ, ծրագրի 11-րդ երաշխավորագրում ասված է. «Այն ժողովրդագրական նպատակները, որ իր առջև է դնում պետությունը, չեն կարող պարտադիր լինել ընտանիքի պլանավորման ծառայությունների աշխատողների համար»: Այլ խոսքերով, պետությանը խորհուրդ չի տրվում հակազդել ծնունդների նվազեցման քաղաքականությանը, այլապես, ինչպես արդեն գիտենք, չեն ստացվի համապատասխան վարկերը և մարդասիրական օգնությունները: Շատ հետաքրքիր է նաև 20-րդ երաշխավորագիրը. «Հատուկ ուշադրություն պետք է դարձվի ուսուցիչների վերապատրաստման մեթոդաբանությանը, ինչը, մասնավորապես, կհանգեցնի կեղծ ամոթխածության զգացումի վերացմանը»:

Հաստատված է, որ նշված մեթոդները ոչ միայն նվազեցնում են բնակչության թիվը, այլև բացասաբար են անդրադառնում հասարակության բարոյական նկարագրի և մտածելակերպի վրա: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն անչափահասները, որոնք դպրոցներում անցել են սեռական դաստիարակության վերոնշյալ դասընթացները, ավելի հակված են հարբեցողության ու թմրամոլության, նրանք ավելի հաճախ են կատարում օրինազանցումներ, նրանց մոտ անհամեմատ բարձր է արհեստական վիժումների և ՍՊԻԴ-ով ու այլ սեռական հիվանդություններով վարակվածների տոկոսը:

168.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре