• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ՄԻՍՏՐ ԹՐԱՄՓ. ԱՄՆ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱ՞Հ 07.10.2015

ՄԻՍՏՐ ԹՐԱՄՓ. ԱՄՆ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱ՞Հ

Արմեն Հովհաննիսյան
«Международная жизнь» ամսագրի գլխավոր խմբագիր

«Ամերիկյան երազանքը մահացած է, բայց ես այն կվերադարձնեմ ձեզ». այսպիսի կարգախոսով է բառիս բուն իմաստով ընտրարշավ նետվել Դոնալդ Թրամփսը։ Միլիարդատերը, որն իր հարստությունը կերտել է շինարարության և անշարժ գույքի վրա, կարգին վախեցրել է ինչպես դեմոկրատների ճամբարին, այնպես էլ իր կուսակից հանրապետականներին։ Որքան էլ փորձում են մարգինալացնել Թրամփին, նա վստահաբար կողմնակիցներ է հավաքում և ձևավորում իր ընտրազանգվածը։ Թեկնածուի գլխավոր հաղթաղթերից մեկը նրա ֆինանսական անկախությունն է, որը նա անընդհատ ընդգծում է։ Դիմելով ընտրողներին՝ նա ասում է, որ Բուշերի-Քլինթոնների հին էլիտան՝ ծանրաբեռնված հաճախորդներով, «Ամերիկան երբեք մեծ չի դարձնի, նա դրա և ոչ մի հնարավորություն չունի»։ Ամերիկացիները, որոնք վարժվել են, որ յուրաքանչյուր նախագահի թիկունքում լոբբիստական խմբեր են կանգնած, որոնք ֆինանսավորում են թեկնածուներին և շատ բանով կանխորոշում նրանց քաղաքականությունը, հաճելիորեն զարմացած են Թրամփի անկաշկանդ հռետորաբանությունից, որն, այնուամենայնիվ, պնդում է, որ իրեն ոչ թե «հռետորաբանություն, այլ աշխատանք» է պետք։

Ամերիկայի բարգավաճման վերաբերյալ Թրամփի մոտեցման յուրատեսակությունն այն է, որ նրա բարօրության աղբյուրներից մեկը նա համարում է նոր արտաքին քաղաքականությունը՝ հիմնված «շահավետ գործարք» հասկացության վրա։ Դա նրա արտաքին քաղաքական դոկտրինի դրական կողմն է։ Բացասականն այն է, որ այդ գործարքները պետք է անցկացվեն կոշտ, վճռական ձևով և բացառապես հօգուտ ԱՄՆ-ի։ ԱՄՆ նախագահի թեկնածուի իր ծրագրային ելույթում Թրամփը հարձակվել էր Չինաստանի վրա, որը, նրա խոսքերով՝ տառացիորեն «խժռում է ամերիկյան տնտեսությունը»՝ արժեզրկելով նրա արժույթն ու խլելով հասարակ ամերիկացիների աշխատատեղերը։ Չինաստանը Թրամփը հիշատակում է մի քանի անգամ, և չնայած այն հավաստիացումներին, թե «սիրում է չինացիներին», այդ երկիրը նրա աչքին «թիվ մեկ» թշնամի է երևում։ «Թիվ երկու» թշնամին անսպասելիորեն Մեքսիկան է դառնում, որտեղից դեպի Ամերիկա, ինչպես պնդում է թեկնածուն, արտահանվում են էժան աշխատուժ և քրեական տարրեր։ Թրամփը հայտարարել է, թե պատ կկառուցի Մեքսիկայի հետ սահմանին և կստիպի նրան վճարել ծախսերը։

Թրամփը մահակ ունի պահած նաև ԱՄՆ խոշոր բիզների ներկայացուցիչների համար, որոնք իրենց արտադրությունը դուրս են տանում երկրից՝ էժան աշխատուժ փնտրելով։ Նա սպառնում է նրանց մինչև արտադրանքի (որը նրանք դուրս կտանեն ամերիկյան սահմաններից) արժեքի 30% բարձրացնել մաքսատուրքերը։

Հանրապետական թեկնածուն համոզված է, որ գործազրկության թվերն ԱՄՆ-ում իջեցված են առնվազն երկու անգամ, և իրեն հայտարարել է «աշխատատեղերի ապագա նախագահ»։ Նրա կարծիքով՝ ամերիկացիներին հարկավոր են ոչ այնքան արտոնություններ և սոցիալական ողորմություններ, որքան վստահություն վաղվա օրվա հանդեպ, հուսալի աշխատանք՝ ամերիկացուն պատշաճ աշխատավարձով։ Եվ նորից Թրամփը, տառացիորեն թեմայից թեմա թռչելով, վերադառնում է արտաքին քաղաքականությանը և «ուժի դիրքերից գործարք կնքելու» գաղափարախոսությանը։ Սաուդյան Արաբիան, օրինակ, պետք է վարձ վճարի այն բանի համար, որ ԱՄՆ-ը երաշխավորում է նրա անվտանգությունը։ Կասկածելի թեզ է, չէ՞ որ այդ երկիրը տարածաշրջանային տերություն է դարձել, որն ինքն է գլխավորապես լուծում պատերազմի և խաղաղության հարցերը Մերձավոր Արևելքում։

«Քանի անգամ են մեզ համոզել, թե չի կարելի դրդել Ռուսաստանին և Չինաստանին, և հենց դա էլ արեց Օբաման»։ Հիշելով իր ուղևորությունը Ռուսաստան՝ նա համոզված հայտարարում է, թե ընդհանուր լեզու կգտներ Պուտինի և ռուսների հետ։ Թրամփը, ըստ երևույթին, միտումնավոր չի շոշափում Ուկրաինայի թեման և միանգամայն ակնհայտորեն միավորներ է հավաքում հակառուսական հռետորաբանությունից վախեցած ամերիկացիների աչքում, հռետորաբանություն, որում ավելի ու ավելի հաճախ են հնչում ռազմաշունչ նոտաներ։

Գլոբալ մասշտաբով Թրամփը նորից դիմում է հօգուտ ԱՄՆ-ի վարձի գաղափարին՝ որպես փոխհատուցում աշխարհում նրա առաջնորդող դերի, և դա վերաբերում է ինչպես պոտենցիալ հակառակորդներին, այնպես էլ դաշնակիցներին։ Թրամփը դեմ է հանդես եկել Իրաքում ռազմական գործողությանը և մարդկային ու ֆինանսական այն զոհերին, որոնք ԱՄՆ-ը կրել է այդ պատերազմում։ Առաջնորդությունն, ըստ Թրամփի, միշտ չէ, որ մասնակցություն է նշանակում։ Առաջնորդությունը նշանակում է կարողանալ դրանից կոնկրետ տնտեսական, և որ գլխավորն է՝ ֆինանսական շահ կորզել՝ կոշտ բանակցություններ վարելով և արդյունավետ գործարքներ կնքելով։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ գործող քաղաքական դասը չունի մարդիկ, որոնք ի վիճակի են նման բանակցություններ վարել և նման գործարքներ կնքել, իսկ ամերիկյան վերնախավի անզորությունն Ամերիկան վերածում է թուլացող գերտերության։

Բնական հարց է ծագում. ինչպիսի՞ն են ԱՄՆ նախագահ դառնալու Թրամփի շանսերը։ Կշռելով այնպիսի հսկաների քաղաքական քաշը, ինչպիսին են Բուշերի և Քլինթոնների ընտանեկան կլանները, շատերը փորձում են Թրամփին ներկայացնել որպես նախապես անհաջողության մատնված մեկի։ Բայց ընտրազանգվածի հոգնածությունը չափից ավելի ծանոթ դեմքերից, որոնք ծանոթ խոսքեր են ասում և անցած-գնացած քաղաքական շտամպներ դնում, կարող է հօգուտ «անկառավարելի Թրամփի» ծառայություն մատուցել։ Հրապուրում են նրա դատողությունների անկախությունը և նրա մոտեցումների թեկուզ ոչ անվիճելի, բայց ակնհայտ նորությունը։

Թրամփի քննադատները խոսում են այն մասին, թե նրա արտաքին քաղաքական հայացքները կարող են միայն վախեցնել ընտրազանգվածին։ «Հնարավոր է և այդպես,- կարծում է Ջերեմի Շապիրոն (Բրուքինգի ինստիտուտ),- բայց գուցե այդ քննադատները, ի տարբերություն միստր Թրամփի, վատ են հասկանում ամերիկացի ժողովրդին։ Նա ջուր է խմել ժողովրդական ցասման «ջրհորից», որը կիսում է հանրապետականների զգալի մասը։ Մարդիկ հոգնել են հին վերնախավերից, նրանց մանր ու ձանձրալի որոշումներից, այն դեպքում, երբ աշխատավոր դասը տառապում է տնտեսական կորուստներից և մշակութային դեգրադացիայից։ Նրանք այլևս չեն ուզում, որ ինչ-որ մեկն այդ ցասումն արտահայտի քաղաքական կոռեկտության լեզվով»։

Եվ այնուամենայնիվ, Թրամփը ստիպված է հաղթահարել օտարացման գիծն իր հանրահայտ մրցակիցների կողմից, և դրա համար հաշվեհամարներին մի քանի միլիարդ դոլար ունենալը բավական չէ։ Թրամփի դեմ կարող է միավորվել ինչպես հանրապետականների կուսակցության վերնախավը, այնպես էլ, հասկանալի է՝ դեմոկրատներինը։ Բայց թե՛ Բուշը, թե՛ Քլինթոնն իրենց մրցակիցներն ունեն կուսակցությունների ներսում, և նրանցից որևէ մեկի հետ Թրամփը նախընտրական քարոզարշավի մի որոշակի փուլում կարող է գալ իր սրտին այնքան սիրելի գործարքի։

Ինչ վերաբերում է նրա արտաքին քաղաքական մոտեցումներին, ապա դրանց կասկածելի պրագմատիզմից և կարծրությունից ելնելով՝ այդ մոտեցումներում հնչում է ավելի շուտ պայմանավորվելու, քան թե մնացյալ աշխարհին ամերիկյան գնահատականներն ու ամերիկյան արժեքները պարտադրելու ցանկություն։

Վերջին վարկանիշները վկայում են, որ Թրամփը վստահաբար առաջ է անցնում հանրապետականների մյուս թեկնածուներից, ներառյալ նաև Ջեբ Բուշից։

«Международная жизнь», օգոստոս, 2015


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре